ՄԻՍԱԿ ԽՈՍՏԻԿՅԱՆ | Արվեստը շանս է և ոչ թե փաստ

Ճարտարապետ (նաեւ փիլիսոփայական էսսեների հեղինակ, արվեստի գիտակ) Միսակ Խոստիկյանի հետ զրուցելը շատ շնորհակալ գործ է: Նա այն հազվագյուտ մարդկանցից է, ովքեր կարողանում են առանց որեւէ հավակնության խոսել խորքային պրոցեսների մասին: Ուզում ես` լսիր, ուզում ես` ոչ: Ուզում ես` ընկալիր, ուզում ես` ոչ այնքան: Սակայն Մ.Խոստիկյանի հետ շփումից միայն շահում ես, քանի որ ընդունված (Միսակի ասած` քրեստոմատիկ) մտքերը վերանայելու, դիտարկումների նրբերանգները զգալու հնարավորություն ես ստանում:

Իսկ այս հարցազրույցն իրականում էքսպրոմտ է: «Դու հարցրեցիր, ես ասացի»,- շեշտում է նա: Հարցրեցի` ի՞նչ կա: Նա էլ ասաց, որ վերջերս իրեն շատ են մտահոգում «ճշմարտություն» կոչվածի գեղարվեստական եւ իրավական հարաբերությունները, որոնք մեր կյանքում տարօրինակ ֆորմա են ձեռք բերել:

– Ուզում եմ ոչ թե գրքերից տարբեր մեջբերումներ անել (շատ բան չեմ էլ հիշում), այլ կոնկրետ մեր` տարբեր խոսակցություններից բխող իրավիճակի մասին խոսել: Ինձ հետաքրքրում է հարցի հետեւյալ կողմը. ինչպե՞ս է քաղաքական, իրավական դիսկուրսն իր կատեգորիաները պարտադրում այլ ոլորտներին։ Իհարկե, կարելի է ասել, որ արվեստը եւ ընդհանրապես ցանկացած գործունեությունը որոշ իմաստով նույնպես քաղաքականություն է։ Սակայն հիմա քաղաքական դիսկուրսն իր շատ սպեցիֆիկ հարաբերություններն է ստեղծել արվեստի, արվեստաբանության հետ։ Մենք անտեսում ենք այն փաստը, որ արվեստի ճշմարտությունը մի բան է, իսկ քաղաքական ու իրավաբանական ճշմարտությունը` բոլորովին այլ։ Եվ այդ հասկացությունների տարբերակման կորուստն ինձ շատ է հետաքրքրում։ Մենք նկատում ենք, որ ազդեցությունը հիմնականում իրավական ու քաղաքական ոլորտներից է տարածվում գեղարվեստական ոլորտի վրա։ Եթե արվեստի ու քաղաքական-իրավական ոլորտները նույն հարթության վրա դնենք ու փորձենք երկուսի դեպքում էլ կիրառել նույն բառերը, կստացվի, որ իրավաբանական ճշմարտության հիմքում փաստն է, իսկ արվեստի հիմքում` շանսը: Իրավական ճշմարտությունը (փաստը) կարելի է ստուգել, քանի որ այն իրեն հատուկ ինստանցիայով վավերացված, օրինականացված է, իսկ արվեստում բոլորովին այդպես չէ (շանսը չի կարող վավերացվել): Արվեստն իր ամենաբարձր դրսեւորումներում ռեպրեզենտատիվ չէ: Եթե, ասենք, մարշալ Բաղրամյանի քանդակն ես արել, դա չի նշանակում, որ հենց Բաղրամյանին ես պրեզենտացիա (այդ բառը ես թարգմանում եմ որպես ներընծայում) անում:

– Այսինքն` արվեստի փաթեթավորման խնդիր կա՞:

– Արվեստի գործը որքան էլ ինչ-որ բանի մասին եւ ինչ-որ բանի շուրջ լինի, որքան էլ «փաթեթավորվի» տարբեր պրեզենտացիոն փաթեթների մեջ, միեւնույն է` կայանում է սկզբունքորեն այլ բաների շնորհիվ: Երաժշտությունն, օրինակ, կայանում է հենց այն պահին, երբ դու այն լսում ես: Իսկ եթե որպես իրադարձություն այն չի կայանում, ուրեմն կամ երաժշտությունն է վատը, կամ վատ է կատարվում: Նույնն էլ պոեզիան է: Պոեզիան չի կարելի պատմել, եւ այս կամ այն պոեմի ինչի՞ մասին լինելով չի պայմանավորված նրա կայացումը: Արվեստը տեղի ունեցող իրադարձություն է, այլ ոչ թե փաստ, որը հղում է քեզ ինչ-որ տեղ դիմել` դրա իսկությունը ստուգելու համար: Չէ՞ որ կարող ես կլանված որեւէ գիրք կարդալ, իսկ ավարտից հետո դժվարանաս ասել, թե այն ինչի՞ մասին էր: Արվեստն անվերապատմելի է: Այն կամ կայանում է, կամ ոչ: Իսկ հիմա մեզ մոտ արվեստին ներկայացվում են պահանջներ (եւ սարսափելին այն է, որ հենց արվեստագետների կողմից), որոնք վերաբերում են ոչ արվեստի ոլորտին: Օրինակ, առաջ են քաշվում իրավական, հոգեվերլուծության պահանջները: Այդ բնագավառների ռեպրեզենտատիվ ճշմարտությունը չի կարող արվեստում կիրառվել, քանի որ արվեստը գործ ունի գեղարվեստական ճշմարտության հետ: Իհարկե, ես հիմա շատ պարզ բաների մասին եմ խոսում, բայց այսօր դրանք անընդհատ լղոզվում են:

– Սոցիալական ցանցերում, օրինակ, մարդիկ (հիմնականում` արվեստի մարդիկ) հստակ ընդգծում են, որ տարբեր քաղաքական ուժերի են հարում ու իրար պարտադրում են նույնքան որոշակի դիրքորոշում ունենալ:

– Դերիդան ասում էր, որ դիրքորոշում, դիրքավորում չեք կարող պարտադրել, քանի որ փիլիսոփայության եւ արվեստի մեջ դիրք լինել չի կարող։ Դիրքն առաջանում է հենց արվեստի շնորհիվ, կամ էլ` արվեստի պատճառով։ Երբ դու դիրք ունես, ուրեմն գտնվում ես իդեոլոգիայի, այլ ոչ թե մտածողության ոլորտում։ Մտածողությունն իրականում շատ խոցելի է, այն բաց է։ Իսկ երբ մտնում ես քաղաքական վիճաբանության ասպարեզ, դու ակամայից դիրքավորվում ու «խրամատավորվում» ես։ Իսկ խրամատում գտնվող մարդուն, ինչպես գիտենք՝ կրակում են։ Իհարկե, դա չի նշանակում, որ փիլիսոփայական մտքի ոլորտում ավելի մեղմ միջավայր է, եւ դու կարող ես քեզ լրիվ թուլացած՝ փափուկ բարձերի վրա պառկած զգալ։ Մտքի դաշտում էլ են «խփում» ու «կրակում», բայց դա անում են հենց մտքի համար եւ մտքի դաշտում, այլ ոչ թե նրա համար, թե արդյոք քո կեցվածքն այս կամ այն դիրքին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Քաղաքականության ոլորտում «խփում» են հենց միայն պիտակի համար, նայած, թե դու ո՞վ ես (ասենք` բադիկի՞, հավի՞, թե՞ սագի ճուտիկ) կամ էլ` ո՞ր հոտից ես։ Իսկ մտքի ոլորտում «խփում» են այն պահին, երբ մտքի արտահայտման մեջ ես սայթաքում անում։ Վիճող փիլիսոփաներ ընդհանրապես շատ քիչ կան, դրանք գտնվում են փիլիսոփայության շատ սպեցիֆիկ մասում։ Փիլիսոփաները վեճի մեջ չեն մտնում (դա փափուկ բարձեր փնտրելու հարց չէ), պարզապես նրանք այլ տեսակի դիսկուրս են վարում: Մտքի դաշտում բարեգթության (charity) սկզբունք կա: Ինչը նշանակում է, որ եթե մտածողության դաշտում ես վիճարկում որեւէ մեկի դրույթը, ապա դա անում ես ոչ թե այդ թեզի թուլության հիմքի վրա, այլ` ուժեղացված տարբերակի դեմ: Այսինքն` եթե վիճաբանում ես, ապա հիմք ես ընդունում ամենաուժեղ կետը: Դա է փիլիսոփայական վեճի սկզբունքը:

– Քաղաքական վեճերում այդպես չէ՞:

– Քաղաքական վեճերում իռացիոնալ տարր կա (որն, ի դեպ` շատ հետաքրքիր է ուսումնասիրության համար), եւ հետեւաբար` հարց ու պատասխանի շղթան այլ է: Քաղաքական վեճերում կարելի է տալ այնպիսի պատասխան, որը բոլորովին կապ չունի հարցի հետ, բայց քաղաքական որոշակի նպատակներ է հետապնդում: Դա լրիվ այլ տիպի խոսակցություն է, քանի որ հաշվի է առնվում հարվածի արտահայտիչ լինելը: Իսկ փիլիսոփայական վեճերում այդպես չէ, խոսքը միշտ ասվում է` բուն նյութից չհեռանալով ու նյութի մեջ եղած նուրբ (ավելի ու ավելի նուրբ), չնկատված տարբերությունները ցույց տալու հիման վրա: Տեսեք, հիմա, օրինակ, շատ է տարածված «միանշանակ» բառը, որը բոլորը սկսել են օգտագործել` ուսանողները, տաքսու վարորդները, մինիստրները: Ոչ ոք էլ չի ասում` ստույգ, հաստատ, անպայման: Հիշում եմ, որ «միանշանակը» սկսեց օգտագործվել խորհրդարանի նիստերում (ասում էին` բազմանշանակ, միանշանակ), եւ հիմա այդ բառը կլանեց մնացածներին: Ասածս այն է, որ կարեւոր մարդկանց կամ հաստատություններում հնչելու աուրան ունենալով` այդ բառերը շարքից հանում են այն իմաստները, որոնք կարող են կրել հոմանիշները:

– Կարելի՞ է ասել, որ արվեստը փոքր տարածքներում է խմորվում, եւ այդ պատճառով էլ` հաճախ գերադասում է քաղաքականության սպասարկողը դառնալ:

– Արտասահմանում, օրինակ, երբ որեւէ մասնագիտության հետ առնչվող նոր գիրք է տպագրվում կամ հետաքրքիր ելույթ ու դասախոսություն է տեղի ունենում, ապա անպայման հետեւում է այդ ոլորտի «պահապանների» ռեակցիան: Հենց այդ ռեակցիայի ու դրա հակազդեցության միջոցով էլ կայանում է արվեստի դիսկուրսը: Ցավոք, մեզ մոտ «պահապանների» դերը կատարում են հենց արվեստի գործերի հեղինակները, ովքեր ստիպված են իրենց ճշմարտությունը պաշտպանել այլ ոլորտների օրինակով: Ու շատ հաճախ արվեստը կամ մշակութաբանության, կամ էլ` հումանիտար եւ գիտական հետազոտության է վերածվում: Այսինքն` արվեստը դառնում է ամեն ինչ, բացի արվեստ լինելուց: Դրան հակադրվում է այլ տեսակետ, ըստ որի` արվեստը պարզապես ինքնարտահայտություն է: Ինչը հանգեցնում է մեկ այլ ծայրահեղության. հեղինակներն ասում են` այդպես եմ ուզում, այդպես եմ անում: Այսինքն` ամբողջովին հիմնվում են ֆալիկ հիմքի վրա: Իսկ էքսպրեսիվ ինքնարտահայտման մեջ ճշմարտություն լինել չի կարող: Արվեստն, իհարկե, արտահայտում է, բայց ոչ թե ինքնություն հանդիսացող տվյալ հեղինակին, այլ չեղած բանը: Արտահայտելով այն, ինչը չկա, դու փոխվում ես, քանի որ սկսում ես հաղորդակցվել նոր ի հայտ եկողի հետ, որը, թեեւ քո միջով է գալիս, բայց այն քո արտահայտությունը չէ: Դա արտահայտություն է նոր մի բանի, որի հետ դու ինքդ դեռ նոր ես ծանոթանում: Շատերը կարող են ասել, որ քրեստոմատիկ միտք եմ ասում, բայց հաճախ դրա խախտումներն եմ տեսնում, այդ պատճառով էլ` խոսում եմ:

– Միգուցե խախտում-լղոզումներ են տեղի ունենում արվեստաբանության պակասի՞ պատճառով:

– Ցավոք, բոլորին չէ, որ հաջողվում է դուրս գալ մեր համընդհանուր միջին մտավորական դժբախտությունից: Ասում ենք, չէ՞` համ հնձում, համ լողացնում, համ արածացնում ենք: Ֆուկոն, օրինակ, ասում էր, որ ազատությունը մի գործունեության ոլորտից դեպի մյուսը կատարելու հնարավորությունն է: Այն հասարակություններում, որտեղ խորը մասնագիտական նիշաներ եւ հստակ գծված սահմաններ կան, այդ անցումն անելը հնարավոր է: Եթե կարողանում ես այդ անցումն անել, ուրեմն ազատության տեղ կա: Մեզ մոտ, թերեւս, այդ ազատությունը չկա նաեւ այն պատճառով, որ մասնագիտական սահմանները շատ մոտավոր են, եւ բոլորս էլ շարունակում ենք մասնագիտական արանքներում մնալ: Իսկ դա ոչ թե ազատության, այլ սահմանների բացակայության նշան է: Եվ երբ ինձ, օրինակ, հարցնում են` թե որպես ի՞նչ եմ ներկայանում, պատասխանում եմ` էնդոկրինոլոգ: Հիշելով «Միմինո» ֆիլմը, որտեղ ասում են` ես օդաչու չեմ, բայց մի քիչ թռչում եմ: Երբ ոլորտները հստակ չեն, նրանց կոնցեպտները հեշտությամբ մի ոլորտից մյուսն են սահում: Բոլոր հասարակություններում է այդպես, բայց մեզ մոտ դա ավելի տեսանելի է:

– Իրավիճակներ էլ կան, որոնք օրինակելի են դառնում արվեստում: Օրինակ, պայքարը…

– Եթե խոսենք արվեստի հեղաշրջիչ նորությունների ու «պայքար» հասկացությունների տարբերության մասին, կտեսնենք, որ «պայքար» բառը նույնպես այլ ոլորտից է եկել ու արվեստին կպել: Ոմանց թվում է, որ արվեստի արարած հեղաշրջիչ փոփոխող ազդեցությունն ավելի թույլ է, քան պայքարը: Պայքարը մտնում է արվեստի մեջ, թեեւ անկասկած ավելի ազդեցիկ ու գործնական ձեւերի է տիրապետում: Գերմանացի գրողներից մեկը շատ հետաքրքիր բան է ասել: Նա համոզված է, որ իշխանությունները (ինչպեսեւ ցանկացած ուժային կառույց) շատ ավելի հեշտ են հանդուրժում կոնկրետ հասցե ունեցող քննադատությունը, անգամ` վարկաբեկումը, բայց դժվար են «մարսում» ոչ մեկին չհասցեագրված, ոչ մի կոնկրետ բան չասող մտքերը, որոնք, սակայն, հարցականի տակ են դնում հենց իշխանության տրամաբանությունը: Շատ ավելի արդյունավետ է, երբ «թիրախը» ոչ թե իշխանություններն են, այլ իշխանություն կրողների տրամաբանության հետ խաղալու պրոցեսը: Ինչի արդյունքում էլ այդ տրամաբանությունը սկսում է նյարդայնանալ: Ճիշտ հասկացեք, հարկ չկա իմ ասածը ուղղակի ընդունել, ես բոլորովին այլ կոնտեքստում եմ խոսում: Պարզապես հիշենք, որ քաղաքականությունը թիմային բեւեռացում է պարտադրում: Չէ՞ որ, եթե «մերոնց» ու «ձերոնց» բաժանում չկա, ուրեմն մենք քաղաքական ոլորտում չենք: Եվ եթե երկու կողմ կա, եւ երկու կողմերից էլ «խփում» են, ուրեմն երկու կողմերը մի բեւեռ են կազմում, որին էլ հակադրվում է մտածողության, նրբությունների բեւեռը:

Վերցնենք դասական մարքսիզմը, որը մարդկությունը բաժանում է ունեւորների եւ ունեզրկվածների: Արդյունքում` ի հայտ է գալիս ունեցվածքին տիրանալու պայքարը: Եթե կիսելու բան կա, ուրեմն պայքարողներ էլ կլինեն: Ես այդ մասին չեմ խոսում, իրականում այդ երկուսն էլ մեկ կողմ են կազմում: Իսկ մյուս կողմում չեղածի կապիտալիզացիան է, այսինքն` այն բեւեռը, որն իր խաղադրույքը դնում է չեղածի վրա: Եվ դա սկզբունքային տարբերություն է, եթե դու հիմք ես ընդունում չեղածը, ուրեմն նոր իրականություն ստեղծելու հավակնություն ունես: Այդ իրականությունը ունեցվածքի ձեւ չունի:

– Ունեցվածքը արվե՞ստն է:

– Խոսքը արվեստի եւ քաղաքականության ջրբաժանի մասին չէ, այլ` արվեստի ու արվեստի: Կա արվեստ, որը պսեւդոքաղաքական է, քանի որ քաղաքական ռեպերտուար է օգտագործում: Եվ կա արվեստ, որն այդ ռեպերտուարը չի օգտագործում, բայց քաղաքական է` հենց որպես արվեստ: Դա չի նշանակում` ինչ-որ պաստորալ, կյանքից կտրված իրավիճակ է ստեղծվում: Դա նշանակում է` նրբություն, մտքի խաղ (ոչ քաղաքական): Արվեստը վերջիվերջո «recycling» է, այսինքն` եղած գաղափարների շրջանառություն: Իդեաները, կոնցեպտները գալիս են փիլիսոփայությունից, մուտք են գործում քաղաքականություն ու մի քանի պտույտ կատարելուց հետո` նորից մտնում են արտադրության ոլորտ: Օրինակ, արվեստ:

– Եթե փորձենք այսուամենայնիվ ձեւակերպել արվեստի պատասխանատվության միտքը, ի՞նչ կստացվի:

– Արվեստի պատասխանատվությունը հենց իրավական ու քաղաքական պատասխանատվությանը չենթարկվելու մեջ է: Եթե արվեստը որեւէ կերպով ուզում է «պատասխանատվություն» բառն ընդգրկել իր բառապաշարի մեջ, ապա դա պիտի նշանակի հենց այն անպատասխանատվությունը, որը նախատեսված է իրավական ու քաղաքական ոլորտների համար: Բայց դրա համար արվեստը պահանջ ունի, որ հենց նշված ոլորտներում պատասխանատվություն լինի, որպեսզի արվեստն էլ` իր հերթին, հարցի տակ դնի այդ պատասխանատվությունը:

– Կարելի՞ է ասել, որ արվեստից քաղաքական, իրավական պատասխանատվություն պահանջելով` մենք իրականում արդարացնում ենք, որ այդ ոլորտներում պատասխանատվություն չկա:

– Կարելի է այդպես էլ մտածել: Եթե իրավական, քաղաքական կոնտեքստում մենք պատասխանատվություն չենք տեսնում, դա սկսում ենք պահանջել արվեստից: Իսկ արվեստը «խեղճանում» է, երբ նրանից ուրիշ դաշտի ֆունկցիաներ են պահանջում: Արվեստը հարց է տալիս` արդյոք այս ժամանակի ու տարածության մեջ պատասխանատվության նման ֆորմա ունենալը ճի՞շտ է, թե՞ սխալ: Եթե արվեստն այդ հարցը չդնի, այդ ֆորման այդպես էլ կարծրացած կմնա:

Զրուցեց` Նունե Հախվերդյանը

Արտատպված է 168.am կայքից

Share Button

8 Կարծիք

  • Թոնդրակ says:

    Պոեզիան չի կարելի պատմել, եւ այս կամ այն պոեմի ինչի՞ մասին լինելով չի պայմանավորված նրա կայացումը: Արվեստը տեղի ունեցող իրադարձություն է, այլ ոչ թե փաստ, որը հղում է քեզ ինչ-որ տեղ դիմել` դրա իսկությունը ստուգելու համար: Չէ՞ որ կարող ես կլանված որեւէ գիրք կարդալ, իսկ ավարտից հետո դժվարանաս ասել, թե այն ինչի՞ մասին էր: Արվեստն անվերապատմելի է: Այն կամ կայանում է, կամ ոչ:

  • Թոնդրակ says:

    Շատ լավ հարցազրույց էր !!!!!!!! Շնորհակալություն և’ հարցազրույցը վարողին , և’ Միսակին !!!!! Բազմաթիվ հատվածներ կարելի էր հղումներ անել, այնքան հետաքրքիր ու իմաստալից է !!! Կրկին շնորհակալություն !!!

  • Վանեցի says:

    Իրականում իսկապե՞ս
    Իսկանան է իրեղեն
    Իրականությունը. իրո՞ք
    Իրողություն է ինչը որ ի ցույց է
    Ի ծնե ինքնիրեն
    Ինքնատիպ ինքնազոր
    Ինքնեղ ինքնօրինակ
    Ինքնաբերաբար իբրև
    Ինքնըստինքյան իրավ
    Ինքնաբուխ ինքնամփոփ
    Ինքնածին ինքնագոյ
    Իսկության իսկապատում …
    Ինքնահատուկ ինքնակացություն
    Ինքնահնար ինքնաստեղծ
    Ինքնավերահսկող ինքնավստահ
    Ինքնաբավ իմաստալից
    Ինքնամփոփ իրավիճակ թե՞
    Իրականում ինչ- որ իմաստազուրկ
    Ինքնախաբեության իրարանցում է
    Ինքն- իրեն ինքնամոլոր…
    Ինքս՝ ինչու ինչպես իմանամ…, իսկ
    Իմացատենչ իրազեկ
    Իմաստասեր իմաստաբան
    Իմացող իմաստունները
    Իսկապես իմացա՞ն թե
    Ինչն-ինչոց է ու
    Ի՞նչպես է ու ի՞նչքան՝ թե՞
    Իցե՝ իմաստազուրկ ու
    Իզուր է՝ իքս ու իգրեկ է՝ իմանալը՝
    Ինչ իմանաս…
    Իմանաս ին՛չ Է… Ի…

  • Արթուր Մենք says:

    փիլիսոփայության եւ արվեստի մեջ դիրք լինել չի կարող։ Դիրքն առաջանում է հենց արվեստի շնորհիվ, կամ էլ` արվեստի պատճառով։ Երբ դու դիրք ունես, ուրեմն գտնվում ես իդեոլոգիայի, այլ ոչ թե մտածողության ոլորտում։ Մտածողությունն իրականում շատ խոցելի է, այն բաց է։ Իսկ երբ մտնում ես քաղաքական վիճաբանության ասպարեզ, դու ակամայից դիրքավորվում ու «խրամատավորվում» ես։

    Այնքան խիտ միտք է որ ինչքան ջուր ավելացնես գույնը չի փոխի

  • Խնդրում եմ լուսավորեք, ինչ կապ ունի էս տեքստը հիմնակնա հրապարակման տեքստի հետ?

  • Վանեցի says:

    ՞ հետ տեքստի հրապարակման հիմնական տեքստը ԷՍ ունի կապը ի՞ն չ լուսավորենք ու ու՞մ ես խնդրում

  • Էմմա Ալեքսանդրյան says:

    Եվ եթե երկու կողմ կա, եւ երկու կողմերից էլ «խփում» են, ուրեմն երկու կողմերը մի բեւեռ են կազմում, որին էլ հակադրվում է մտածողության, նրբությունների բեւեռը:

  • ՀԱՅԳ says:

    Պատասխանատվությունը այնտեղ է, որտեղ կա պահանջ… պոեզիան կամ երաժշտությունը պահանջ ունեն լսվելու և ընթերցվելու:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *