ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ |ԳՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԸՍՏ ԿԱՄՍԱՐԻ

Լեռ Կամսար

Պատրաստվում է տպագրության Լեռ Կամսարի օրագրության ևս մեկ մաս, որը կկոչվի «Չապրած օրեր»։ «Գրանիշը» ներկայացնում է անտիպ պատառիկներ այդ օրապատումներից։
Օրագրություն, որը երգիծաբանը սկսել էր 1925թվին` այն ժամանակվանից, երբ հասկացել էր, որ խորհրդային մամուլի դռներն այլեւս փակ են ճշմարտության առջեւ, իսկ ավարտեց, երբ ավարտվեց նրա կյանքը։
Օրագրությունը տարբեր ժամանակահատվածներում ունեցել է տարբեր վերտառություններ։ 1925-35 թթ. կոչվում էր «Խորհրդային քաղաքացու օրագիր», 1936թ.` «Բանտի օրագիր», այնուհետեւ այն ընդհատվում է մինչեւ 1945 թիվը։ Թե ինչքան է տեւել Լեռ Կամսարի հարկադիր լռությունը դժվար է հաշվարկել։ Ձեռագրերը թաքցված էին հողում թաղված կճուճների մեջ, որոնք բավականին ոչնչացել էին 1946 թվականի Երեւանի ջրհեղեղի ժամանակ։
Հավանաբար, 1936-1940թթ. Վորկուտայի տայգաներում որպես գրաստ գերաներ տեղափոխելիս, գրողը հազիվ թե հնարավորություն է ունեցել գրելու, իսկ հայաստանյան տարագրության առաջին հինգ տարիների ձեռագրերը ոչնչացել են վերը նշված հեղեղի ժամանակ։ Համենայն դեպս գրողի տան արխիվում օրագրությունը վերսկսվում է 1945-46 թվերից, որը գրվել է Բասարգեչարի /Վարդենիս/ աքսորավայրում։ Համաներումից հետո օրագիրը վերանվանվում է «Կարմիր ծիծաղ» եւ «Կարմիր օրեր»։
Թվարկվածներից լույս են տեսել «Կարմիր օրերը» 1953-58թթ., («Նաիրի» հրատարակչություն, 2000թ.) , «Խորհրդային քաղաքացու օրագիրը» 1925-35թթ.` վերանվանված «Մահապուրծ օրագիր» («Լուսաբաց հրատարակչատուն» 2008թ.), «Բանտիս օրագիրը» 1935-36թթ․(«Ամարաս» հրատարակչություն, 2010), «Սոցիալիզմի Սահարա» 1959թ․(«Հգմ հրատարակչություն», 2009թ․) և «Հալոցքը» 1960թ․(«Էդիթ Պրինտ» հրատարակչություն,2013թ․)։

Գրական կյանքը Երկրորդ աշխարհամարտից հետո՝ ըստ Լեռ Կամսարի

Ներկա օրագրության անվանումը նույնպես վերափոխված է (բնագրով եղել է «Կարմիր օրեր»)

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՕՐԵՐ

1945թ. (ամիսը չի նշված)
(Սկիզբը չի կարդացվում)
…………………………………………………………………………………………………………………
Մայիս՞՞՞
Երկուշաբթի 27․– Յոթը տարի է աքսորէ վերադարձեր եմ ու դեռ պետությունը չի արտօներ զիս գրելու: «Քիչ մըն ալ պետք է սպասել». կըսէ:
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Ես հույսս <կտրեր> եմ բոլորովին:․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Ճիգ կթափեմ գրող չըլլալ, մեռնել որպէս գրող՝ չեմ կրնար: Ամբողջ 35 տարի գրելուս համար շատ դժվար կուգա։
Ես առաջ կկարծէի, թէ գրող ըլլալն է դժվարը, այժմ կտեսնեմ, որ չգրող ըլլալն ավելի ծանր է , քան գրող:
Ի՜նչ ընեմ… Հնար ըլլար իմ գրական շնորհքս աժան գնով ծախէի մէկի մը, կամ ունակություննիս բեռնակրի մը հետ փոխանակէի:
Երբ աղէտի մը հետևանոք տունդ ձեռքեդ կերթա՝ մէջի ապրանքը կվաճառես՝ ինչ գին ալ վճարելու ըլլան…
Ի՜նչ ըրի, Աստվա՜ծ, ի՞նչ հանցանք գործեցի, որ տասը տարի լռեցնելէ ետքը՝ կառաջարկեն այժմ մեռնել:
Մեռնել այն ժամանակ, երբ իրենք սաստիկ կարիք կզգան ինձ նման երգիծաբանի մը: Այն ժամանակ, երբ խորհրդային մամուլն գուն կգործէ ժպտալ իր էջերում՝ ու չի հաջողեր:
Երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվեց: Սովետական Միությունը հաղթեց Գերմանիային: Կսպասէի, որ մեր հաղթական կառավարությունը թևերը սոթտած լվացարանի տակ լավ մը լվացվէր, գար սեղանի շուրջը նստէր և հրամայէր՝ ինչ անուշ բան կա սեղանին բերել․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ Կարծես պատերազմն դեռ չի վերջացած: Ավելին: Կարծես դեռ նո՜ր պիտի սկսի: Այնքան կնճռոտ է պետության ճակատը, այնքան անժպիտ է իր երեսը…
Հիմա՝ ի՜նչ ընեմ, Աստված, ի՜նչ ընեմ: Ես ինչպէ՞ս մեռնեմ, երբ անգամ հիվանդ չեմ: Ինչպէ՞ս չգրեմ, երբ միտքերը կհորդեն, կլեցվեն ինչպէս հորթատված կովի մը ստինքները ու ծծող չլինելու համար գետին կթափվի պտուկներէն իզուր:
Երեք տարի հեռավոր հյուսիսը տաժանակրության գացի այն պատճառով, որ միշտ պետական ապարատին թերությունը ծաղրեցի ու բնավ չգովեցի, չփափայեցի զիրենք: Բայց մի՞թէ հնար է, որ վիրաբույժը իր ածելիով ու սուր չանգալներով մասսաժ կատարէ: Երգիծաբանն որ սկսէ ներբողել, հապա ո՞վ պիտի երգիծէ: Ըստ դատավորիս մեղադրանքի՝ եթէ ես կհարվածեմ ոչ թէ ուղղելու՝ այլ մեռցնելու համար՝ ինչո՞ւ 15 տարի թույլ տվիք ձեր թերթերում գրելու: Եթէ վատ բժիշկ էի 1921 թվին ինչո՞ւ կանչեցիք ինձի Թավրիզէն, ինչո՞ւ ձեր վերքերը բացիք իմ առջև:
Ես ընդմիշտ Թավրիզ կմնայի, դուք ալ կապրէիք հոս անսխալական…
Այլապէս երգիծանքը տզրուկ է, նա կծծէ կեղտոտ արյունը միայն: Իսկ արյուն տվողները դոննորներ կը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Փողոցին մէջ կպատահի ընթերցողս ու կըսէ.
-Ա՜խ, ե՞րբ վերջապէս անգամ մըն ալ պիտի կարդանք քո ֆելիետոնները, ինչպէս ծարավի ենք գրվածքներիդ:
Ան ատեն դժվարությամբ թարկած ծխողի մը նման նորէն ծխախոտի տուփը կհանեմ ու պապիրոս մը կփաթտեմ «վերջին անգամ մը» ծխելու համար:
Ես որպէս հորդաբուխ ստինքներով կով կապված եմ մի ծառի, իմ ընթերցողները սովահար հորթերու նման՝ մի այլ ծառի ու պատկառելի հեռավորության վրա կմզզանք ու կգալարենք մեր ծառերու շուրջը…

Երկուշաբթի 3.– Պառկածս տեղ նորէն կանդրադառնամ Հայաստանի կառավարությանը ինձի տված պատասխանին: Կըսէ՝ քո աշխատակցության պէտք չունենք, վասնզի երգիծանքդ շատ սուր է: Այս տեսակ առարկություն կըլլա՞: Զարմացեր մնացեր եմ: Այդ նույնն է, թե սափրիչիդ ըսես՝ քուզո՛ւմ, ատ սուր ածելին վար դիր՝ փայտէ ածելիով զիս սափրէ, կվախնամ կո՜ր…
Չէ՛, տարօրինակ է: Ճամբա տվէք անգամ մըն ալ զարմանամ, զարմանամ ու ապշեմ: Այո՛ ապշեմ ու ապուշ ալ մնամ…

Երեքշաբթի 10․– Խորհրդային բանաստեղծներու բերնին մէջ ոտանավորները կեռան, կփրփրեն, կթափեն՝ թուղթ չկա, որ վրան անցունեն։
Ինչո՞ւ չեն հայտարարեր՝ «ով թուղթ ունի՝ բերի ձրի ոտանավոր տանք»։
Միևնույն է, այն ոտանավորները, որոնք բնույթով քաղցր-մեղցր ներբողներ են, մինչև մյուս օրը չեն դիմանար՝ կքացխեն։

Հինգշաբթի 12․- Փաստ է արդէն, որ մուկերը մասսայաբար կթողուն Պետհրատին գրքերու պահեստը։ Խորհրդային գրողներու գիրքերը իրենց ատամներովը կարդալ վերջացնելով՝ նոր գրքերու կսպասեն անձկավ, որը սակայն չկա, թղթի սովին պատճառով։
Ես կենդանաբանությունէն քիչ գաղափար ունեմ և հատկապէս չեմ կրնար ըսել, մուկերը ուտելով այդ գրքերը թղթով կսնվէին, թէ՞ միջի մտքերով։ Եթէ մտքով, հոգ չէ, մտքերն հիմա ալ չեն պակսեր․ իսկ եթէ թղթով, պիտի սպասեն, որ սովետա-ֆիննական առևտրական կապն ամրապնդի քիչ մը։
Անոնք ճիշտ է, հաշտվեցան, բայց տակվին կռնակ կռնակի կպառկեն․․․

Շաբաթ 14․– Որպէսզի ճաշը աղէկ մարսվի, պէտք է ունենալ լրիվ ակռաներ ու մանր ծամել։ Անատամ մարդու կերածը մէկ դուռնով ներս կմտնէ, մյուսովը կելլէ, առանց օգուտ մը տալու օրգանիզմին։
Որպէսզի մի երկիր կարողանա քաղաքակրթական բարիքներէն օգուտ քաղել պէտք է ըլլա հարուստ, խելացի ու առնվազն նորմալ։ Այս բարեմասնությունք չունեցող երկիր մը քաղաքակրթությունը մէկ կողմէն կմտնէ, մյուսէն դուրս կելլէ։
Քաղաքակրթական բարիքներէն մէկը օթոմոբիլն է՝ մեքենայացված այդ տրանսպորտը։
Երբ առտուն Երևանի փողոցը կելլես, հազարավոր ավտոներ, ոչ տաս հազարական ավտոներ հևասպառ վեր ու վայր կսուրան․․․․ զուգահեռ կերթան ու օրական <տասնայկ մարդիկ> կմեռցունեն։
Բայց օրերով եթէ կանգ առնես նայես, չես նկատի գէթ մէկ հատիկ մեքենա, որուն մէջ գէթ քանի մը մսխալ բեռ ըլլա։
Եթէ կտեսնես, որ ավտո մըն ալ հեռվէն կուգա ծանրաբեռնված, գիտցիր, որ մէջը․․․ բանտարկյալ է։
Ահա խորհրդային միակ ապրանքն։
Ասիկա բեռնատար մեքենաներուն կվերաբերէր։
Բայց կան այս թվով և անգամ կրկնակի մարդատար, փայլուն, պատվական արտաքինով, շքեղաշուք ավտոներ։ Ավտոներ, որոց մէջ մեծ երկրի մը դեսպան կամ դիվանագիտական կորպուս նստած կենթադրես, որը կսուրա սկսվող աշխարհավեր պատերազմի սկսումն կանխելու։
Բայց ոչ։ Այդ ավտոներն կուսակցական բարձր խավին առտուն պաշտոնատուն կտանեն, ապա կերթան սովխոզ-կոլխոզ թարմ մթերք բերելու այդ դասի նույն օրվա խոհանոցին, հետո այդ նույն դասի կանանց ու երեխաներուն պտույտի կտանեն քաղաքէն դուրս, հետո ալ, երբ ճաշը պատրաստ է, մեքենավարն կերթա իր տէրը պաշտոնատնէն վերադարձնելու, որն «սոցիալիզմ կառուցելէն» հոգնած, անհամբեր մեքենայի կսպասէ։
Ճաշէն վերջ, այս բարձր խավի կոմունիստն, անգամ մը կկարդա այն աղջիկներու և կնիկներու ցանկը, որոց հետ նույն օրն հեռախոսով տեսակցություն էր նշանակել։
<Իսկ> հետճաշյա մեքենաներու ողջ երթևէկը նվիրված է այս դասու մարդկանց, կանանց ու արբունքի հասած զավակներու սիրային տենչը մարելու՝ մինչև մյուս օր լուսաբաց։
Այս այն ժամանակ, երբ չքավոր ժողովուրդին մեռյալն տախտի վրա կմնա ու մէկ հատիկ ավտո չի տրամադրվեր անտեր մեռելը իր վերջնական հանգիստը փոխադրելու․․․
Քաղաքակրթական երկրորդ բարիքն է հեռխոսը։ Հեռախոսը մեզ մոտ կգործածվի նախ սիրային վիզիտներ կարգի բերելու, իրար անլուր հիշոցներով հայհոյելու (որովհետև մեծ մասամբ վայրի և դեմքերնին կորսնցուցած գյուղացիք են), և մէկ ալ պահեստապետները կապ կպահպանեն իրենց տուներու հետ, որ պատրաստություն տեսնեն գողացված ապրանքն «յուրացնելու»։
Կուլտուրական երրորդ բարիքը թուղթն է։ Թուղթին վրա ժողովուրդ մը կանմահացնէ իր միտքն ու հոգին միժամանակ և ապագա պատմգրեր հենվելով անոնց վրա, կորոշեն տվյալ ազգին խարակտերը։
Խորհրդային կառավարությունն Ֆինլադիայի հետ կբանակցի թուղթ ստանալու։
Բայց ինչո՞ւ համար է թուղթն մի երկրի, ուր միտք գոյություն չունի․․․
Թուղթն մեզ մոտ կգործածվի առաջ ու առաջ Ստալինին ներբող գրելու։ Ներբողներ այնքան կրկնված ու շաբլոն, որ հեշտությամբ Ֆինլանդիան կրնար արդեն տպված, պարաստ արտահանելու այդ ներբողները։
Անկէ վերջ թուղթը կգործածվի օրդեր պարտաստելու։ Օրդեր կոշիկի, վարտիքի․․․․․նավթի,․․․․ կոստյումի, յուղի, պանրի, շաքարի, լոբիի, վերմակի,
դոշակի, քացախի, գինու․․․ և բոլոր «գոյական անուններու», առանց նկատի առնելու այդ առարկան գոյություն ունի, թե՞ոչ։
Հետո թուղթը կգործածվի բանտարկյալներու կողմէ դիմումներ գրելու, որոց ազատության դէպք սակայն, ցայսօր տեսնող չէ եղեր և որոնք կերթան վարչական մարմիններու սադիստական ծարավը մեղմելու իրենց անհույս աղերսներով ու երկրպագումներով։
Թուղթ կգործածվի խորհրդային ապարատներու միջև գրավոր կապ պահպանելու։ Այդ ապարատներ որք ծովու ավազի կնմանեն, իրարմէ պաշտոնապէս բան մը կխնդրեն ու պաշտոնական գրավոր մերժում կստասնան «կից» գրություններով։
Թուղթով կկազմվեն կոլխոզներում «սատկած» անասուններու «ակտերը», բայց այնքանով, որ պակսեր է այդ անասուններու թիվը, այնքանով, բարեբախտաբար, սկսեր է թուղթին խնայողությունը այդ ասպարեզում։
Քիչ թուղթ չերթար խորհրդային դատարաններում մեղադրական ակտեր կազմելու ժամանակ։
Որովհետև այդ ակտերն կազմելու ժամանակ կբացակայեն կոնկրետ մեղադրանքներ, ուստի դատավորը իր խղճին առջև արդար լինելու համար այնտեղ իրար ետևէ կշարէ աշխարհումս գոյություն ունեցող բոլոր հանցանքները, որպէսզի պատահմամբ մէկն գործած ըլլա դատապարտյալն։ Ուրիշ խոսքով դյուրություն կուտան բռնվածին իր ցանկացած հանցանքն ընտրելու։
Այսպիսի արդարություն․․․
Գուցե կարծէք, որ կարելի է նաև դատապարտյալի կողմէ «շնորհակալ եմ» ըսելու ու մեղադրական թերթը ետ հրել։
Բայց խորհրդային քաղաքացին երբէք այդքան անտակտ չէ, նա այդպէս չի դաստիարակված, նա գիտէ, որ պետությանը բանտարկյալ է պէտք․․․
Քաղաքակրթության մէկ ուրիշ բարիքն ալ ռադիոն է։ Մեզ մոտ, սակայն, ռադիոն շատ կնմանի մեռելատունն ինկած խելագարին։ Իրար ետևէ, օրվա 24 ժամ, կխոսի աշխարհիս ամենաանհետաքրքիր բաները ու կերգէ ականջ ծակող կանչվռտոցով։ Անհամություններ, որ եթէ հողին պարարտացմանը գործածէ գյուղացին, հազիվ թէ մէկ տոկոսով ավելի բերք ստանա։
Լսողներու միակ բարեբախտությունն այն է, որ լսափողը միշտ փակ կպահէ և բնավ չի լսեր։ Եթէ փականքը ժողովրդին հանձնված չըլլար՝ բացի խուլերէն, մնացյալ մասը լսողներուն կխելագարվէր ապաքէն։
———-
Այն անհավատներն, որք Արքայությանն ու Դժոխքին գոյությունը կհերքեն՝ չարաչար կսխալեն։ Մեր երկիրը դժոխք է, ու մարդս մեռնելէն վերջ ուր ալ երթա՝ հոն Արքայություն է։

Օգոստոս

Երեքշաբթի 7․– Օրերս բանաստեղծ Ավետիք Իսահակյանի 70-ամյա հոբելյանը կտոնվի։
Մեզ մոտ տոն մը, երբ դեկորատիվ նպատակով կըլլա՝ ներս քաշվիր ու դուռը ամուր կղպէ։
Քամի, անձրև, փոթորիկ ու հեղձուցիչ փոշի։ Կճարճատեն փայտէ հրացաններ, կգոռան թղթէ թնդանոթներ ու բեմերէն կլսվեն մաշված ու կիսամաշ ածականներէ կազմված գալարափող ներբողներ։
Չգիտեմ հոբելյարը որքան կուշտ կերած պիտի ըլլա այս տվայտանքին դիմանալու համար։
Բայց Իսահակյանը երկրորդ օրը հիվանդացավ միզկապությամբ ու ու ծանր պառկեց։
Ու եթէ չքաշվէր հասարակաց կարծիքէն, հավանաբար և մեռնէր։
Պիտի ըսէին այս ու այն կողմէն, թէ հոբելյանի կսպասէր մեռնելու համար։
Մյուս կողմէ դամբանականի նմանող իր մասին եղած ներբողներէ հետո , ապրելն ալ քիչ մը անհարմար կզգա հէգ բանաստեղծն։ Պիտի ըսեն․
-Դամբանականը խոսվեցավ այլևս, ինչո՞ւ կապրես․․․

Շաբաթ 11․- Ինչպէս որ կատվին սատկած մուկերով կերակրելը լավ չէ՝ կծուլանա ու մուկ բռնելու ունակությունը կկորսնցունէ, անանկ ալ գրողին չպետք է պատրաստի թեմաներ տաս, այլ թողնես, որ ինքը փնտռէ ու գտնէ։
Սույն կատվի և մկան օրինակով եթէ բացատրեմ՝ խորհրդային գրողները իրենց օրում մի որս չեն կատարած․ պետությունը սատկած, այսինքն պատրաստի թեմաներ տվեր՝ նրանք երգեր են։
Երկրորդ համաշխարհային պատերազմէն առաջ չեմ հիշեր ինչ կերգէին, միայն երբ Գերմանիա բոլշևիկյան Ռուսաստանի վրա հարձակեցավ, պետությունը իր գրողներուն հրամայեց ատել գերմանացոց, իսկ զինվորներուն՝ սպաննել։ Այո՛ ատել՝ ապա սպաննել, մերթ էլ սպաննել, նոր ատել։ Հաճախ, երբ գրողները չէին հասցներ պահանջված ատելությունը՝ <սպաննել առանց> ատելության, և վերջապէս եղան դէպքեր, երբ գերմանացին միայն ատելությամբ մեռավ, առանց սպաննվելու։
Այսպէս պատվերով կամ հրամանով գրող հեղինակ մը բնական է, որ չզգացվի իր գրվածքով ու միտքէ ու սիրտէ ավելի բառի ու բանի հետ գործ ունենա։
Ինձի գրողն ու պետությունը կպատկերանան հետևյալ կերպ։
Գրողը նստած է պետության առջև այնպէս հլու՝ ինչպէս նկարվող մը լուսանկարչի մը առաջ։
-Ուղիղ նստէ՝ հայացքդ դէպի «կոլխոզ», – կձայնէ պետությունը։
Այնպէս կնստի գրողը։
-Շահագրգռելու համար ընթերցողը՝ քիչ մը «սէր» մտցուր «կոլխոզին» մէջ։ Այդպէ՛ս։ Կոլխոզը թո՛ղ՝ Ստալինը գովէ։ Այդպէս։ Դէպի Շիրակի ջրանցքը դարձէ՛ք։ Այդպէս։ Մէկ ալ Ստալինը գովէք՝ այդպէս, բանվորը՝ այդպէս։
Եվ որովհետև նկարվողը կնայէ միայն նկարչին ցույց տված կողմը ու չի տեսներ, հետևաբար, նաև մեր գրողներն այսօր կնայեն իրենց գրելիք նյութին, բայց չեն տեսներ ու զգար։
Հիմա, երբ խաղաղություն է արդէն, պետությունը Գերմանիա կողոպտելով է զբաղված, իսկ գրողները անհամբեր այս բանաստեղծորեն ․․․․ գրելի գործողության ավարտին կսպասեն, երբ պետությունը գա և իրենց նյութ տա գրելու։
Քաղաքիս բոլոր կոշկակարներու արտելներն ալ նույն վիճակի են, մինչև կաշի չտանես՝ կոշիկ չեն կարեր քեզի։

Երկուշաբթի 13․– Խորհրդային կառավարությունը ապրելու բոլոր դուռները փակեր է վրաս, կուզեմ Էջմիածին անցնել և վարդապետ ձեռնադրվեմ՝ Աստուծո չեմ հավատար։ Ինչ ընելս չիմանալով՝ շվարեր կեցեր եմ։ Արդյոք չի՞ կարելի չակերտավոր քարոզներ խոսել Աստուծո արքայության մասին։ Ավետարանն կըսէ՝ «ապաշխարհեցէք, որ արժանի ըլլաք Աստծո արքայության» ըսեմ ու վանքին մէջ ապրեմ։
Չակերտավոր հավատալը շատ ընթացիկ է մեզ մոտ։ Հազարավոր բոլշևիկներ, որոնք ներքուստ չեն հավատում սոցիալիզմի վարդապետությանը, Լենինի խոսքերը չակերտներում մէջ արտասանելով յուղ ու մեղրով կապրեն։ Անգամ Լենինի խոսքերով գրքեր կը գրեն ու գիտական աստիճաններ ձեռք կբերեն։
Արդէն, եթէ օրէնքով վարվելու ըլլանք, խորհրդային քաղաքացին սեփական ոչինչ չպիտի ունենա, ներառյալ նաև «սեփական կարծիք»՝ ինչու որ հոս համայնավարություն է, որը կդավանէ «բոլորը մէկի համար, մէկը՝ բոլորի» լոզունգը՝ լոզունգ մը որուն առաջին մասը իրագործված է արդեն՝ կմնա երկրորդ կէսը։
Այո՛, հիմա ամբողջ Ռուսաստանը Ստալինի համար է․ օր մըն ալ Ստալինը կըլլա բոլորի համար, թէ ե՞րբ՝ չեմ կրնար ըսել։
Հավանաբար իր մահվանէն ետքը․․․
———-
Խորհրդային Հայաստանի պաշտոնաթերթ «Սովետական Հայաստանի» խմբագիրը տեսնելով, որ իր բոլոր լուրջ հոդվածները կխնդացունեն ընթերցողը, երգիծական բաժին մը բացեր է, որ կարդալով քիչ մը զգաստանան, լրջանան այդ անպատկառները։

Երկուշաբթի 20․– Ամեն անգամ, երբ փողոցին մէջ ինձ հասակակից, կրթված, խելացի, ազնիվ, անկաշառ, ինքնուրույն, սեփական կարծիքի տէր, հարգելի, ճանչցված մէկը կտեսնեմ՝ այն ուրախությունն ու զարմանքն կունենամ, ինչ այգեկութէն ետքը ճռաքաղ մը խաղողի այգում հանկարծ խոշոր ողկույզ մը կնկատէ տերևներու խորքը թագնված։
Ինչպէ՜ս, ինչպէս կրցեր է այս մարդն բոլշևիկներու սրատես աչքէն վրիպել։ Ինչպէ՜ս իր ժամանակին չի քաղվեր ու Չեկա՝ բոլշևիկյան այդ հնձանն չի տարվեր քամվելու։

Չորեքշաբթի 22․- Ներսէսը տեսա այսօր։ Ճղճղված, պատառոտված ու խղճուկ արտաքինով։ Դա Չեկայում նստածս ժամանակ մեր բանտային հսկիչն էր։ Դեռ այն ժամանակ գիտէի, որ իր կյանքին մէջ հաջողություն չի ունենար։ Բարի (համեմատաբար), խղճմիտ մարդ մը։ Պէտքարանում նստելիս չէր շտապեցներ, չէր կատաղեր ու աքացիով չէր զարներ երկար նստողներուն։ Մինչդեռ բանտային այն ծառայողները, որք տասնհինգ րոպէն լրացած աքացիով կը զարնէին և հէգ բանտարկյալին իր կեղտոտության մէջ կթավալցունէին, անոնք հիմա աստիճան առ աստիճան բարձրացած՝ ուսադիրներով կքալեն հիմա՝ լաքած կոշիկներով։
Կհիշեմ Չեկան։ Ցեմենտած հատակով սառն ու մութ խցիկ մը, ուր իրար վրա նստած էինք տասնյոթ հոգի։
Օրական մէկ անգամ, թէ՞ երկու (լավ չեմ հիշեր) տասնհինգ րոպէով դուրս կհանէին բնական կարիքնիս հոգալու։ Կարիք մը, որ բնազդական ըլլալէ ավելի բանական, խոհական բան մըն էր մեզի համար։ Այնքան քիչ կուտէինք, որ շաբաթը մէկ կամ երկու անգամ հազիվ երթալու պէտք ունենայինք։ Պէտք էր մտածել, չափել, կշռել, տրամաբանել, համոզել ինքզինքը, որ այդ բնազդական գործողությունը դառնար հնարավոր։ Գրչահատ չէին տար մեզ եղունգնիս կտրելու համար, ու մենք պատի քարերուն կքսէինք կամ ատամներով կկրծէինք այն։
Այս բոլոր տանջանքները անոր համար, որ միայն բոլշևիկներու պակասությունները չգրէի, անոնց առավելություններն ալ տեսնէի։
Ե՞րբ ցույց տվիք, որ ես չտեսա։
———-
Այսօր բոլշևիկյան կեդրոնական օրգան «Պրավդա» թերթը նկատողություն էր ըրեր մեր «Սովետական Հայաստան» օրաթերթի խմբագիր Մամիկոնյանին, որ պետության բացերով շատ կզբաղվի ու դէպի ապագան հոռետես է։
Խե՜ղճ խմբագիր, վաղն ևեթ կհեռացնեն պաշտոնէն։ Սատանան տանի։ Չես գիտեր ի՞նչ ակնոցով նայես, որ այս դժոխքը՝ դրախտ տեսնես։ Եթէ հնարվէր այնպիսի ակնոց մը, որու ապակիները արտասահմանյան կյանքը ցոլացնէին՝ այնպէս որ Ռուսաստանին նայէր մարդ ու Ամերիկա տեսնէր՝ այն ժամանակ թերևս կարելի ըլլար Ռուսաստանին գովել։ Բայց քանի չկա այդ ապակին, կուզես Չեկա տար բանտարկէ, կուզես Հազկերին պէս խոնջանները կնքէ ու բնավ դուրս մի թողներ, այնուամենայնիվ դու կմնաս չգովվելիք ռեժիմ մը, բոլշևի՛զմ։

Սեպտեմբեր

Կիրակի 3․- «Կոկորդիլոսի արցունքին» հեղինակը՝ ճիշտ է կոկորդիլոսն է եղած, բայց հիմա այդ արցունքով բացառապէս մեր «սոցիալիստական» կառավարությունը կուլա։ Կուլա աշխարհիս բանվորներու վիճակին համար։
Եթէ կոկորդիլոսը բերանացի միայն կուլար՝ մեր կառավարությունը կուլա խոսքով, կուլա մամուլով, կուլա ռադիոյով։ Բայց ըստ իս ատոնք բոլորն ավելորդ արցունքներ են այլևս։ Կոկորդիլոսն կուլա՝ քանի իր որսը չի բռներ․ բռնելով որսը՝ կուլ կուտա ու աչքը սրբելով՝ կժպտա գոհունակ։ Մեր երկրի բանվորությունն կուլ է տրված կառավարության կողմէ, ուրեմն, իչո՞ւ չի դադրեր արտասվելէ։ Ա՜, գուցէ կուզէ արտասահմանյան բանվորությանը պատրել, բայց հազիվ հաջողի։
Խորհրդային Հայաստանի կառավարությանը ցայսօր միայն երկու գրականագէտի հաջողեցավ պատրիլ ու Հայաստան բերել․ դա Շիրվանզադէն ու Ավետիք Իսահակյանն էին, որոց ցուցադրաբար, կատվի պէս գոգը դրած շոյեց տարիներ շարունակ, իսկ վերջիններս ալ երախտագիտական լիզանքով անոր ոճրագործ ձեռները լիզեցին։
Շիրվանզադէն ու Իսահակյանը մեր դատարկ կոոպերատիվ խանութներու ցուցափեղկին դրված փայտէ կամ գաճէ կերտված պանիրները եղան, խանութին ունայնությունը սքողող։ Անոնք թակարդին մէջ դրված խայծերը եղան, որոց նայելով արտասահմանէն Զապէլ Եսայանն ու Երվանդ Թոլոյանը Հայաստան եկան, բռնվեցան ու կուլ գացին մարդակէր կառավարությանը։
Խելացի կոկորդիլոսն ահա այսպէս կըլլա։
Ի ցույց մարդկան շոյիչ երկու գրագետի՝ անդին կուլ տալ տասնյակ գրականագէտի։
Բայց՝ շոյվացքէն ալ հայտնի է պետության հետին նպատակը։ Այսքան անճահ շոյանքը ամենատխմար մարդուն մէջ իսկ կասկած կհարուցէ։
Այսպէս, օրինակ, Իսահակյանին տարեկան երկու անգամ ծննդյան հոբելյան կկատարէ Հայաստանի կառավարությունը, չորս անգամ գրական գործունէության քառասունամյակ, շաբաթվա յոթն օրվա մէջ՝ ութ գրական երեկո կկազմակորպէ ի պատիվ Իսահակյանի, քսանվեց հանդիպում կկազմակերպէ զանազան կոլեկտիվներու հետ և այս բոլորը ոչ մէկ անգամէն ամբողջ երկրին մէջ։ Օր մը Երևան, մյուս օր Լենինական, հաջորդ օր Կիրովական, ապա իրար ետևէն՝ Դիլիջան, Իջևան, Ղանմարլու, Նոր Բայազէտ և այլն։
Բայց եթէ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը չշտապէ բնական մահով մեռնել՝ շուտով ուտվելու հերթը իրեն կհասնի։ Բոլշևիկյան կառավարությունը, երբ տեսնէ, որ այլևս խաբվելիք մարդ չէ մնացեր՝ պիտի ուտէ Իսահակյանը այնպէս՝ ինչպէս քահանան պատարագը վերջանալուն սկիհի նշխարն ու գինին կլափլիզէ։

Երկուշաբթի 4․- Գիշերն ամբողջ չեմ քնացեր։ Շատ կմտածեմ սա մեր Հայաստանի գրողներու միության մասին։ Գրողներու միությունը որոշ զբաղմունք մը չունեցավ ցայսօր, չնայած մյուս բոլոր միությունները գործի անցան։ Օրինակ՝ դերձակներն կոշկակարության մտան, ատաղձագործերն ուսուցչության անցան, տակառագործները հաջող պրոֆեսորներ են հիմա, սափրիչներն պատ կշարեն՝ պատշարողները կսափրեն, հովիվները պետության գլուխ են անցեր, երկու կռնէն կաղերը առաջնորդ են դարձեր ու ժողովրդին առաջն ինկած, թէպէտև կերերցունեն, բայց կտանեն վերջապէս։
Իսկ գրողներու միությունը պարապ կայնած է․ եթէ պետությունը որևէ բան երգելու նարյադ տա՝ կերգէ, չտվավ՝ կնստէ կնայէ։
Համաշխարհային այս պատերազմի սկզբին, երբ Ռուսատանն ու Անգլիան պիտի դաշնակցէին Գերմանիայի դէմ՝ միությունը հրաման ստացավ անգլո-խորհրդային բարեկամությունը երգել և գաղտնի հրահանգ ստացվեց անգլիացոց այլևս «պնդաճակատ» չանվանել, այլ՝ փափուկ ճակատ։
Սակայն, անգլո-խորհրդային դաշնակցության բանակցությունները հաջող ելք չունեցան ու Ռուսաստանն Գերմանիո հետ բարեկամանալով, հրամայեց՝ քնարերգուներուն ատել, երգիծաբաններուն ծաղրել Անգլիա ու սիրել Գերմանիո։
Գրողներու միությունը Անգլիա ատեց՝ Գերմանիա սիրեց։
Հետո պատահեցավ հակառակը։ Ռուսաստանն հանկարծական հարձակում կրեց Գերմանիայէն ու հարեցավ Անգլիո։ Գրողները կատարեցին նույնը։ Հետագային, պատերազմի սաստկության հետ համընթաց՝ հրամայվեց սաստկացնել ատելությունը։ Սաստկացավ։ Ռուսական բանակն երկարափող հրանոթներու անցավ․գրողները 26 ոտնյա ոտանավորներ դուրս բերին ու վերջապէս Գերմանիան պարտվեցավ, չենք գիտեր այդ տարապայման երկարահանգ ոտանավորներո՞ւ, թէ՞ երկարափող թնդանոթներու հետևանոք։
Գրական կյանքի նշանակալից փոփոխություններէն մէկն ալ այն էր, որ մտցվեցավ հայրենասիրական ժանրը, որն իսպառ կհալածվէր մինչև այդ։ Հին գրողներէն Դեմիրճյանը, Իսահակյանն ու Ստեփան Զորյանը, որք ակնապիշ այդ օրվանը կսպսէին՝ գործի անցան։ Դերենիկ Դեմիրճյանը գրեց իր «Վարդանանքը», Ստեփան Զորյանը՝ «Պապ Թագավորը», իսկ Իսահակյանը աչքէ անցուց իր «Սասմա Մհերը»։ Ժողովուրդը վրա պրծավ կարդալու այդ իր սրտին մոտիկ երկերը։ Նոր գրողները ինքզինքնին արհամարհված զգացին և սկսեցին առարկել այդ թեմաներու մասին։ Ինչո՞ւ կըսէին՝ ժամանակակից հերոսներն թողած անցյալին կդիմեն։ Ինչո՞ւ Պապյան Մացակն թողած՝ «Պապ թագավորին» վեր հանել, ինչո՞ւ չերգել Սահակյան Սիմակն ու երգել Սահակ Պարթևը և այլն։ (Անոնք կուզէին ժամանակակից հերոսներ գրել տալ, որ անոնց գրքերն ալ իրենցներու պէս չկարդացվէր)։
Վերջապէս։ Այսօր վեց ամիս է ինչ պատերազմը վերջացած է։ Գրողները հետ կնայեն տեսնելու անգամ մըն ալ, թէ ինչպէս պայքարեցան իրենց ընդհանուր թշնամու դէմը, ինչպէս ատեցին, խոցեցին, մեր կռվողներուն հերոսացուցին ու տուներնին վերադարձուցին, որք անցան խաղաղ աշխատանքի, իսկ իրենք դարձյալ պարապ մնացին՝ աչքը կառավարությանը՝ թէ մեզի նարյադ ղրկէ երգելու։
Կառավարությունն ալ նյութ չունի։ Լոնդոնի արտաքին գործոց մինիստրներու ժողովը ձախողեցավ՝ ինքն ալ չի գիտեր ինչ պիտի ընէ ու քաղաքական վիճակն տարտամ է ու անորոշ։
-Ժամանակ մը սէր երգեցէք, գեղեցիկ աղջիկ, – կհրահանգէ կառավարությունը գրողներուն։
-Զուտ սեռական սէ՞ր, թէ՞ մէջը սոցիալիզմ կամ հայրենասիրություն դնենք։
-Զուտ սեռական։
-Ան ատեն մեր կերակուրը ավելցուցէք քիչ մը․ այս էներգիայով անկարող ենք բուռն սէր արտահայտել, – կըսեն գրողները և իրավունք ունեն։ Բոլոր կոլխոզային բեղմնակայանները ցուլերը արձակելէ առաջ, սպեց կերակուր կուտան։
Չենք գիտեր սա բանակցությունները ինչով պիտի վերջանան։ Միայն հիմակու հիմա թերթերը դատարկ են։ Միայն հիմակու հիմա թերթերը դատարկ են։ Միայն հատ ու կենտ ոտանավորներ լույս կտեսնեն տուն վերադարձող, բայց ճամբին ուշացած զինվորի մասին, որն տուն գալով դուռը կծեծէ ու կըսէ՝ «դուռը բաց, մայրիկ», մանր-մունր հուշեր, կիսատ մնացած հերոսություններ և այլն, որք մամուլի մէջ կերևան այնպէս, ինչպէս օր մը առաջ մսեղէն կերակուր ուտող մը հաջորդ օրն իր ատամները կմաքրէ շյուղով ու կսկսէ ծամել մանրունքը․․․
Չէ, ադպէս չըլլար։ Ասոր հիմնական դարմանն այն է, որ կառավարությունը գրողներու միության ձեռքէն բռնէ ու կոշկակարի մը տանելով աշակերտության տա։ Տղայություն տասը տարի, տասնհինգ տարի։ Մարդս մեծանալով պիտի լուրջ արհեստի մը հետամտի, տուն ու տեղ սարքէ ու ամուսնանալու պատրաստություն տեսնէ։
Մյուս կողմէ գրողները կոշկակար դառնալով հաճույք պիտի զգան, տեսնելով, որ մինչ չկրցին իրենց ընթերցողներու գլխին օգուտ մը բերել, անոնց ոտներուն օգտակար կըլլան։
Իսկ ոտին ու գլխին միջև ոչ մեկ տարբերություն։ Հարավային բևեռը ոչնչով ցած չէ հյուսիսային բևեռէն։ Գիտնականները երկուսին ալ նույն համառությամբ ձգտեր են։
———-
Սա երեք անգամ Հայաստանի ղեկավար Գրիգոր Հարությունյանին նամակով ձայն կուտամ՝ պատասխան չեմ առներ։
Այս համառ լռությունը ես սկիզբները իր գոռոզությամբը բացատրեցի՝ բայց չէ՜, կըսեն՝ շատ համեստ է։ Եթէ այո, ուրեմն, այդ լռությունը պիտի մեկնել որպէս իր դասը չսերտած աշակերտի հանցավոր լռություն։ Որովհետև ես կհարցունեմ՝ թույլ կուտա՞ք ինձ ձեր մամուլում գրեմ՝ իսկ նա չի գիտեր «այո» պատասխանէ, թէ՞ «ոչ»։

1945թ․

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *