ԳՐԱՆԻՇ [3] Խուժանական

 

Գրանիշ ԽուժանականԼույս է տեսել Գրանիշ գրական հանդեսի նոր համարը՝ «Գրանիշ խուժանական» խորագրով: Ահա համարի բնաբանը՝

Վաճառքը 16 տարին չբոլորած անչափահասներին արգելվում է, 30 տարին բոլորած անչափահասներին` խրախուսվում

«Խուժանական» բնորոշումը հայաստանյան արդի բանավոր լեզվում դարձել է էրոտիկի հոմանիշ փոքր-ինչ զվարթ-ամոթխած երանգով` առանձնացնելով այն սովորական «խուժան» և «խուժանություն» հասկացություններից, որոնք մեկնաբանվում են որպես միանշանակ բացասական բնորոշումներ: Այս փոքրիկ հնարանքով խուսափելով զուտ «էրոտիկ հայ գրականության զտման և քննության» տափակ փաթեթավորումից, մենք ստանձնում ենք գրականության՝ որպես «Այդ մասին» անսեթևեթ խոսացող բերանի, և հասարակության՝ որպես «Այդ մասին» գործնական լռության սովոր ականջի միավորմանը մեկ դիմագծի մեջ:
Ինչո՞վ կարող է հետաքրքիր լինել այս ձեռնարկը: Եթե գրականության ներքին ընթացքի համատեքստում թեմաների ու բառաշերտերի հարցը համարվում է հաղթահարված (սպառված)՝ փառահեղ իրացումների ու կայացած հաղթահարումների շնորհիվ, ապա հասարակություններն առլեցուն են ներքին դիմադրություններով` ներշնչված պատմական, կրոնական, քաղաքական, սոցիալական, բարոյական և այլ նախընթացից:
Տեքստի ու իր ժամանակի հետ հարաբերության մեջ ծնվում է նրա երկրորդ էությունը, որը սպառման խթան կամ խոչընդոտ ստեղծելուց զատ դառնում է տեքստի գեղագիտական ընկալումը լծորդող կաղապար-հատկանիշ` արգելված, սրբապիղծ, քաղաքական, հավաստի, խուժանական:
Այսպիսով, հասարակության հոգենյութական լարվածության վեկտորը և գրական ստեղծագործությունը հանդիպում են` կանխամտածված կամ անպատեհ հանգամանքներում և սկսվում է փոխադարձ կլանման դժվար գործընթացը:
Այսպիսով, եթե սահմանելու լինենք մեր կողմից պարագծված խուժանական գրականության ընկալումը, ապա պետք է նշենք, որ այն հասարակության ներքին խոռոչների ու գրական իրացումների փոխշփման արդիական համապատկերի արդյունքն է նախևառաջ, ու հենց այդ համատեքստում էլ հետաքրքիր է մեզ` ճանաչելու ոչ միայն գրական երկերի ինքնությունը, այլ նաև դրա փոխազդեցության նշանակետում հայտնված հասարակության խառնվածքը:
Որքան էլ գրականությունն ու գրական արդյունքը այստեղի և հիմայի հասարակական զարգացումներից բարձրազատելը նրա գեղագիտական երկարակեցությունը (հավաստիությունը) ճշտելու գործիք կարող է ներկայացվել, մյուս կողմից՝ այն իրավիճակը, որում գրականությունն այլևս փոխազդեցության ոչ մի ելուստ չունի ընթացիկի հետ առնչվելու համար` նրա իրական վերջակետն է: Ուրեմն բարձր գրականությունը, այն է՝ երկարաժամկետ հեռանկարում կենսունակ գրականությունը, կենսունակ է նաև և հատկապես իր կրած էրոտիկ-կենսական էներգիայով:
Գրականությունն արդյոք դնո՞ւմ է իր առջև «Այդ մասին» լինելու հարց, թե՞ ոչ, գրականությունը նախատրամադրվա՞ծ է հասարակության վարք ու բարքին, թե՞ միամիտ է և ինքնաբուխ, գրականութունը հասարակության խնդիրների՞ց է ելնում` դրանք բարձրաձայնելով և ձևակերպելով, թե՞ ակամա դառնում է նրա վատ երազը, գրականությունը դաստիարակում ու բարեկրթո՞ւմ է, թե՞ այլասերում և նյարդայնացնում:
Ահա այս հարցերի շուրջ էլ կծավալվի «Գրանիշի» խուժանական համարի թեմատիկ միջուկը:

ԳՐԱՆԻՇ

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *