Անահիտ Հայրապետյան | անահիտի մասին

 

Անահիտ Հայրապետյան

[անվերջանալի պոեմ]
անահիտի մասին մաս առաջին

շորերս էստեղ էնտեղ ցրիվ տալով
հասա էն ցեցոտ եսիս
էն որ ֆոտոն միջից հանում ես
տակն անահիտ չի մնում
մի քիչ շատ հեռվում ինչ-որ երկու գիրք
թաբու

ինչ-որ գրողական ձիրք
հիմա երևի կաֆեներում նստած
ազգիս ջահել քննադատներն ասում են
վախտին լավ էլ գրում էր

իսկ հիմա
հիմա ինչ
կողքից հիմա երևի երջանիկ
կողքից երևի հիմա ֆռֆռում եմ ինձ համար
կողքից երևի հիմա արդեն
դե եվրոպա ապրած աղջիկ ա
սիրուն ու խելացի
ընկեր էլ ունի
կողքից երևի
էս ոնց եղավ անահիտն էլ գտավ բանալին ու մի սիրուն օր օդակայանից
պուուուուկ
նույն կանաչ մանիկյուրով համբուրգ-ստամբուլ
ստամբուլ-կարս
կարս-դիարբեքիր-ստամբուլ-երևան
թռա
ոչ մի բան
Երևան-ռիգա-կոպենհագեն
արդեն պիտի
քոսոտ-փակ-տրաքած երկրից
օ, իմ վեհ հայրենիք,
երբ քեզ արդեն պիտի լքեի էլի
հոնքերդ ոլորեցիր վրաս
աշխատողին ասացի` հաճելի ա երբ հայերեն եք խոսում
լաաաաաայն ժպտաց,
թե հայրենիք ես գնում գալիս ռուսներն են քեզ բարլուս հաջող ասում
ոնց որ սովետը դեռ չի վերջացել, իմ հայրենիք
այո,
դու դեռ կարիք ունես ռուս սահմանապահների
ես քեզ գուցե արդեն ձանձրացրել եմ, իմհայրենիք
քեզնից արդեն ձանձրացել եմ, իմհայրենիք
երևի էլ չեմ լսվում իմ դաղերով
դու քեզ համար քո թաղերով
բաղերով
խաղերով
իմ կծու հայրենիք
իմ օպերա
իմ աբովյան փողոց
իմ պոլիտեխնիկ
իմռուբեն, իմխանջյան, իմվահան, իմմամա, իմպապա, իմբոլոր,
իմ հրապարակ ու իմ ալիսայի ճտեր,
սպիտակ աշխույժ, սեվ պուտիկներով
վաճառվում են շտաաաաաաաաապ
առանց միջնորդի…

 

անահիտի մասին մաս երկրորդ

Ու երբ կոպենհագենի բարձր կարուսելն
էլի լեզու թափելով
ձրի մտնաք
ֆռացրինք գլուխներս ու թռանք դուրս
լավ ցուրտ էր
իմանտոնիա
ինչ-որ ախմախ պատմության համար իրար կերանք
որովհետեւ սովորաբար ես ուտում եմ իմ նյարդերը
հասկացա
եվրոպայից ահագին վատ բաներ էլ եմ սովորել իմ քրչոտ հայրենիք
իմ առատաձեռն հայրենիք
իմ սիրտը բաց հայրենիք
կոպեկ կոպեկի հաշվում եմ
ավտոբուսից որոշում եմ պլստալ առանց մուծելու
մի խոսքով
քեզ մեկ ա հետս տանում բերում եմ
լվացք եմ փռում
ճաշ եմ եփում
ֆոտո, գիրք,
կինո
ինչ որ ա է, կապ չունի
սաղ եվրոպայում յութուբին կտացնում ես երգում ա,
տանը
օդեղեն
հողեղեն
գաղափարական հայրենիքում
դայլայլ, ես երգում վերջացնում եմ,
դեռ առաջին նախադասության կեսին ա
ստոպ ու մի երկու վայրկյան
ստոպ ու մի երկու վայրկյան
զզվանքդ քեզնից էլ ա գալիս
ինձնից էլ
սաղից գալիս ա

 

անահիտի մասին մաս երրորդ

ու երբ ամբողջ օրը ավտոբուսում նստած
ինչ-որ հիմար մահվան գաղափարներ են գլխումս պտտվում
մտածում եմ
ինչի հանկարծ ինձ թվաց
չեմ ուզում ապրել
ինչի հանկարծ մտածում եմ
ամեն ինչ արել եմ ու պատրաստ եմ գնալ
ինչ-որ տարօրինակ բաներ
ասես ես չեմ բայց ես եմ ախր իմ չոր գլուխն է մտածում ախր
երբ դիմացիս պառավը
հագնված կապնված
էն որ նենց ժպտում են է
հա հենց տենց
ժպտում է
ու ես իր փոխարեն ծերանում եմ
ավելի կուչ գալիս
պատուհանից դուրս նայում
մեկ է
միեւնույն է

այս անգամ ավտոբուսի համար վճարել եմ
բայց էլի հետաքրքիր է կգան ստուգողները թե չէ
ինչ կլինի
ու աչքս հա էլի զոլավոր շալվարով մարդու է ման գալիս
ինչպես կկարոտեմ
քեզ դանիա
որ ինձ պահեցիր վեց ամիս
որ ինձ տվեցիր պաշտպանված լինելու զգացողություն
որ ամենուր փնտրում էի
որ ինձ տվեցիր մաքուր փողոցներիդ գեղեցկությունը
երբ առաջին անգամ տեսա քեզ
մտածեցի
օ ինչ ձանձրալի ես
գիտես
հենց այդպես էլ եղավ
բայց ինչ եղավ
դու գնալով բացահայտվեցիր
քո խնդիրներով
քո կերպարն ավելի սիրեցի
հիմարիկ գժուկ
թիթիզ
անտարբեր
բաց
փակ այնքան
օ այնքան փակ
մի խոսքով կկարոտեմ
քեզ իմ վերժին տատիկ
կոտորածից մազապուրծ եղած
բուլղարիայից դանիա հասած
ինձ բազմիցս ժպտացած
հիմա հիվանդանոցում կոմայի մեջ
կամ ողջ ես կամ մեռած
չգիտեմ
կեսօրին դեռ ողջ էիր
ու ես ավտոբուսի մջ
քո փոխարեն հաշվարկներ էի անում
չիմանալով
որ պիտի մեռնես
իմ վերժին
դու կլինես հերթականն ում հրաժեշտ չտվեցի
հերթականն ով հեռանում է ինձնից
մնում իմ նկարների մեջ
դու քո խորհուրդներով
ինչպես չհղիանալ
ընդամենը աղի մի հատիկով
ինչպես մնալ հայասեր
ինչպես ժպտալ ու լինել այնքան գեղեցիկ
ինչպես ուզել այն ինչ ուրիշները վախենում են ուզել
ինչպես ուղղակի անել հանուն ուրիշի
ինչպես սիրել որդուն
ինչպես կարել գեղեցիկ զգեստ ու եռանդուն ափսեները լվալ իննսունինը տարեկան հասակում…
վաղը ես հեռանում եմ
հայրենիքը
որի մասին այդքան հարցեր էիր տալիս
հեռանում եմ քեզ տանելով ինձ հետ
եթե միայն օդակայանում իմանային
թե քանի ավել կիլոգրամ եմ ամեն անգամ հետս քարշ տալիս…

 

Երևան Ռուբեն

Փարպեցի
բարով-խերով աշխատում էի, այսինքն ճորտություն
սկզբում 250 հետո 450 դոլարով
ծախում ամիսս
միշտ ունենալով չբավարարվաոության զգացում
ինքս ինձնից դժգոհ
անտրամադիր
անփող
Փարպեցուց Կողբացի
Սի Էմ Այ
Ռուբենի մոտ
Մանգասարյան
վազքով հիմնականում
հոգեւոր սննդիս պակասը լրացնելու համար
հևիհև
միայն ես գժի պես
արագ
թեթև
սրընթաց
Փարպեցուց Կողբացի
Բուզանդի կողքով
պատմիչից պատմիչ
դարերի միջով
տասը րոպեում
շնչասպառ ներս
Ռու-բեն
ա-նա-հիտ
կոֆե դնեմ
Ռուբենը
ֆոտոյիս դասատուն
կյանքիս դասատուն
որ հոժարակամ պապայություն արեց ինձ
ավագ սերնդի ընկերներիցս ամենահասանելին
ջերմագին
ժպիտով`
վազել ես,
հաաաաաաաա,
Ռուբեն, ինչ կա,
ոչինչ, քեզ մոտ,
ու ես արագ
եղած-չեղածս դարսդարսելով
սկսած մասնագիտականից գործից
հետո արդեն նեղանձնական ընտանեկան
խռովքներս
գրականություն ֆոտո
թափում եմ
Ռուբենի
լիքը լուսե ժպիտի մեջ
Ռուբենը հոժարակամ ինձ մեջք կանգնեց
ասաց անահիտը լուսանկարիչ ա, երբ ես դեռ չէի էլ
մինչ էդ Էդուրդ Պալասանյանն ասել էր անահիտը պոետ ա
հետո պոետ լուսանկարիչ անահիտը
դասատու ընկեր պապա ռուբենին
պատմում պատմում պատմում է
Ռուբենը ավարտականիս օրը ձեռքս պինդ սեղմեց
երբեմն կատակով սուրճի բաժակ էինք շրջում
ու ես հիմար ու երջանիկ
երազում էի լուսանկար ֆոտովեպ իրական հերոսներով
դեռ չեմ արել
կանեմ գրենլադիայում
Ռուբեն
Ստամբուլի գիշերները հիշում ես
հյուրանոցի կտուրին
ղարսը բեյրութը
էսօր էրեխեքին պատմում էի
թե ոնց գիշերեցինք շիա արաբի տանը
զեյնաբենց
ռեստորանները
գիշերները
էս անահիտը որտեղ պատահի քնում ա
Ռուբեն օրորոցայինը
ուր մնաց
մեր հարբած երջանիկ օրերը խրատները խորհուրդները
գիտես կարոտել եմ
ախր
Կողբացուց Իսահակյան
կարող էի ոտքով էլ գնալ
բայց ճամփին մի երկու բան խոսում էինք
հիմա
պատուհանիս մոմ է վառվում
ու դեղին ծաղիկներ կան
քեզ համար են
չեմ հիշում
դեղին սիրում ես…

 

անահիտի մասին մաս չորրորդ

հետո էլի
կապ չկա
բայց միեւնույն է փորձում ես անհույս
բայց էն թաքուն հույսով որ կգամ անպայման
մեկ էլ հանկարծ կպնի
ու միանա ջիմեյլը
դու միջից ինձ գրես
գրես սկյուռ բարեւ ուր հասար
ես էլ մի վայրկյանում գռռալեն գրեմ
բարեւ հասա հիմա պրագա
շուտով կթռնեմ երևան
գալիս եմ
էս էս էս եմ հագել
կամ հակառակը
ուֆ
հերթական քո չսիրած քո ուֆը
դեռ մի քանի ժամ էստեղ եմ
չգիտեմ էլ ինչ անեմ
գալիս եմ իմ նույն հնամաշ գաղափարներով
բայց մի րոպե
ստոպ
չէ
հեչ էլ այդպես չի
այդպես չի էլ եղել
ես միշտ տեղից տեղ պոկվելիս տոգորվել եմ այնքան
այնքան ուրախացել
ամեն անգամ գնալուց առաջ հուզվել
սովածացել
հետո կորցրել ուտելու ախորժակս
փորձել հրաժարվել մարիայի պատրաստած համով թխվածքից
հայկական գլազուրով
ես չասացի էլ
որ դա հազիվ թե հայկական լինի
քանի որ ինձ դուր եկավ
գլազուրն հայկականացնելու գաղափարը
ու ես բազմիցս բազում բաներ չեմ ասում
չեմ իմանում ասել թե չասել
հուսամ աչքերս չեն ենթարկվում
իմ հրահանգներին
ու տալիս են սերը
հայացքում
ես ընկերներ եմ ձեռք բերում
փորձում պատմել պատմությունհներ
երբեմն մոռանալով մասնագիտականի մասին
անում եմ բաներ
շալը որ նվեր էի ստացել իմ շատ կարոտելի պայծառ տատից
ով դիարբեքիրրի էն երեք հատիկ հայերից մեկն է
սարգիսի կինը
սարգիսը

ինչպես փորձեց դողդոջուն ձեռքերով գրել հայերեն տառերը
ինչպես որ կտրատում էր հացը
եկեղեցում պատարագի ժամանակ
ու շարում այն ոսկեգույն ափսեի մեջ
փոքրիկ պատառիկներին տալով խաչի տեսք
որը վերջում կերանք
սարգիսը տառերին նայեց զմայլանքով
ասես փորձում էր սովորել
այդ տարիքում
նոթատետրը
որտեղ բազում նշումներ ունի թուրքերենով

չեմ կարող հասկանալ
այսպես իմ շալը
ինձ համար անգնահատելի
բայց հասարակ մի բան
ես նվիրեցի գյուլնարային
գյուլնարան
շատշատշատ խելացի աղջինակ է
ապրում է բագարանում,
հիմա գյուլնարան գիտի պայծառ տատին
հիմա գյուլնարան մի անգամ իր հերթին կպատմի
պայծառ տատի մասին
ահա ֆոտոժուռնալիստիկան
թե չէ մաստեր կլասեր
կապեր
ծանոթություն
առաաաաաաաաջ գնալ
կարիերա
առաջ
քնել սրա նրա հետ
տպվել այստեղ այնտեղ
էհեեե
ես տպում եմ պարզ հայկական հիշողությունում…

 

անահիտի մասին մաս հինգերորդ

հետո գալիս ես ու հայրենի կողպված փողոցներ
նոր կանաչ տռտռիկ ավտոբուսներ ու վտանգի չափն անցած բարձր նստարաններ
հիմա հիմա դուրս կթռչես պատուհանից
հհ վարչապետը կարող ա ասի
դե փոքր նորաստեղծ հայրենիք
դեռ աշխատողներ չկան
ու երևի նախնական հայրենիքին իր տան հասցեով գրանցի մինչեւ
գրասենյակ
աշխատողներ
ունենան
իսկ մինչ այդ տեսակցել ցանկացողները
պետք է զսպեն իրենց ցանկությունները
վերեվից ներքեվ փակ պրոսպեկտ
փակ նախագահի նստավայր
հետո
պատերազմի դաշտ դուրս եկած միլիցիոներներ
արագ արագ
աջ մտի աջ
անասունի ծնունդ ում հետ եմ
արագ
լեզուդ էնտեղ կոխած լուռ ու հնազանդ տանել կարողանաս բոլոր վիրավորանքները
հայրենիք ջան
մինչ նոր հասցե ունենաս ու եթե բախտներս բերի
մի երկու կիրթ աշխատող
աբովյանից երևան իջնելու համար գազել չկա
մենթերը ճամփեքն են փակել
իմ նման խեղճ մահկանացուները կանգառի ստվերում կանգնած երկար կսպասեն
հետո
հիշելով նստվայրը
հիշելով
հրապարակում իր հերթական ճառն ասող իբր ընդդիմադիր տնաքանդին
ու խեղճորեն հեղափոխությանը հավատացող ռոմանտիկներին
երազեցի
երանի դեռ դանիայում լինեի
ավազներին պառկած
ու չնայած երրորդ տեսակի մի ազգ
բայց գոնե մաքուր ավազ
ու ծով

 

անահիտի մասին մաս վեցերորդ

վերջապես հետ եկա
ուղեղս մտքերս հոգիս ու ես
միայն հայաստանինն են
միայն ղարաբաղ աբովյան երեվան
միայն մամա պապա
քույր եղբայր ընկեր բարեկամ
միայն արտերկրում ապրող բարեկամներ
միայն արվեստագետների երբեմն ձանձրույթի աստիճան ոչ պրոֆեսիոնալ անհամ գործեր
միայն
կանաչ լույսի տակով անցնողին քրֆող վարորդ
միայն
միայն անահիտ հայրապետյան
ինքն իր մեջ կռիվ տալով
ախր
մենք էսպես չէինք խաղում
ախր ես բիզնեսից հեռու մարդ
ախր ես էփող թափող
ավլող սրբող դասավորող
ախր ես
ինչպես վեր կենամ գնամ
ախր ուրիշ տեղ ասֆալտի մեջ այսքան կարկատան չկա
ու կարկատանի մեջ այսքան ասֆալտ չկա
մի խոսքով անցնում էի
չգիտես ինչի հենց այդ փողոցով
չգիտես ինչի տեսա նրան
չգիտես ինչի
ամաչեցի
չգիտես ինչի
գրողը տանի
ախր մենք այսպես չէինք խաղում
դու իզուր հեռացար
ես իզուր չհղիացա
ես իզուր գնացի հետ եկա գնացի հետ եկա
սպառնացի վերջին անգամ որ էլ հետ չեմ գա
որ էլ երեսս չես տեսնի
որ ասածս ասած է
ու էլի առաջվա պես գողտրիկ կամացուկ
եկա
վերջապես հետ եկա
ուղեղս մտքերս հոգիս ու ես
միայն հայաստանինն են…

 

անահիտի մասին մաս կարծեմ յոթերորդ կամ տաղ անձնական

ես ներվային
ես մենակ
ես իմ մեջ գլխով ականջներով ոտնաթաթերով
փաթաթված
բաց կանաչ վերմակ ու բարձ
պատուհանի տակ քայլող զույգեր
տղաներ տղաներ տղաներ
քուրո անցիր տեղ մի տեղ սպասիր
գազելի վարորդին դիմելու պես
չգիտեմինչ ակնկալիքներով
սեւ անթրաշ
մամայի դեմքին թռնող հաստատ
երկու կոպեկ չաշխատող կամ չգիտեմ գուցե հարուստ էշի մեկը
քայլում եմ երեւանի փողոցներով
արդեն ուշ ա
էնքան ուշ
որ դեռ փողոցում լիքը անցուդարձ կա
գիշերային շներ
փողոցային ու անտեր
փսփսոցով անուշ են անում մեր կերակրի մնացորդները
քաղաքում միեւնույն է աղմուկ է
էնքան շատ
որ հազիվ լսելի է սրտիս բաբախյունը
հազիվ լսելի են հեռախոսիս զանգերը
իսկ քաղաքում արդեն մութ է
էնքան մութ
շատ մութ
դու մայթին
վաղուց արդեն
դեմքիդ մեղմ լույս է
վաղուց արդեն դու մենակ
դու ներվային
իմ մեջ գլխով ականջներով ոտնաթաթերով
փաթաթված
բաց կանաչ վերմակ ու բարձ
պատուահնի տակ քայլող զույգեր
տղաներ տղաներ տղաներ

 

հատված անահիտի մասին մաս ութերորդից

նա սիրում է իր գեր էգին
օ լյա լյա
լիքը մրգեր սոված էշին
տրա լյա լյա
ամպը սպիտակ գունատ երկնին
դղրդաց
ես մի օր էլ քեզ մոտ կգամ
տրա լյա լյա

 

անահիտի մասին մաս իններորդ

գիրանում եմ
առավոտյան պաղպաղակ
հետո գարեջուր
լուսանկարչական ապարատս փոշու մեջ կորած
հալից ընկած
իմ ախպերն ու մարդը
իմ սիրածն ու կիրքը
հիմա անտեր
ես գրում եմ տեքստեր
ինձ թողնւմ են զանգեր
դրսում
դրսում դե փոշու ամպեր են
դրսում արև
դրսում կարճ շորտերով ես փորձում միզել որձի պես
ինչպես սովորեցրեց անտոնիան
ես
քո հիմարը
ում կարելի է խաբել շոկոլադի մի սալիկով
իմ սիրտը
իմ մազերը
իմ գլուխը
լցված հևոցներով
փակ աչքերս
ագահորեն կրծած շուրթերս
պոկած լեզուս
ուտեմ ինձ
հետո լվամ ափսեներս
հետո դասավորեմ դրանց իրենց տեղերում
հետո հավաքեմ եղած չեղածը
դուրս գամ էս ֆեյսբուուքից
ու մոռանամ որ ես գրում եմ տեքստեր
որ ինձ թողնում են զանգեր

 

անահիտի մասին մաս տասներորդ

հալվում եմ անձրեւից
բայց
շոկոլադ չեմ
թռնում եմ քամուց
բայց
աշնանային ծառին դեղնած տերև չեմ
վառվում եմ
հուզվում եմ
մաշվում եմ
պոլի շոր չեմ
սեղանի սփռոց չեմ
էլի կանգնում փողոցի մեջտեղում մեկին ասում
կանաչ ա դեմդ նայիր
ինքն էլ ինձ տուտուտու
եռահարկ սիրուն
տեղային ու հարեվանախառը լեզվով
էն որ տանը չես ասի
էն որ կնկադ չես ասի
էն որ աղջիկդ լսի ամոթ ա
բայց ես իր աղջիկը չեմ
ես
մեռնում եմ սովից
կարոտում գիրը
ես տրվում եմ անմնացորդ
բայց
ես տրվում եմ անմնացորդ
դու չես հասնի մյուս ափ
նավդ շուռ կգա
սիրտդ կխառնի
մազերդ քամուց կծածանվեն
ներս մտնես տոթից կվատանաս
դու
ձուկ չես
տանը
պատերի արանքում
հատակի ճաքերում
մի կում ջրի համար
մթան միջով
արագ փախած
կուրորեն
դու
խավարասեր
սեւ մեջքով
երկար բեղիկներով
օ այնքան սեքսուալ
բայց ես խավարասեր չեմ
ու քեզ չեմ սիրում
ու ես
ավելով
քյալլիդ
դըդըխկ
հետո սավոկի մեջ
հետո
զուգարան
շըռռռռռ
ջուրն էլ հետեւից

 

մաս հերթական բոլոր պերսոնաժները հորինված են որեւէ մեկին նմանեցնելու դեպքում հեղինակը պատասխանատվություն չի կրում

ուրեմն
հերթական անիրական զառանցանք
որ կարող էի լսել քեզնից իմհայրենիք
մեղադրել մեղադրյալին մեղադրելու համար
զրպարտել զրպարտչին զրպարտելու համար
չսիրել քեզ սիրողին
քո խեղճ որդիներին հասնողներին
լինել ինչպես միշտ արդեն դարեր շարունակ
հաստաոռների
կաշառակերների
էն անտերը տնկվածների կողքին
ախր իմհայրենիք
ախր ինչքան
ախր ինչքան քո թշվառ
մայրական զգացմունքները
տարածես
քո ստոր զավակների
քո լերկ լեռների
քո հոտած բնության վրա
ախր ինչի էսպես պիտի լինի
ախր եվրոպացին անտառներ ունի
ախր քո հպարտ անցյալը քեզ մոտ միայն
հիվանդի
սուր
տձեւ
ապուշ
մի խոսքով
սեվակ ականջդ կանչի
վթարները միշտ մոդայիկ են
ոստիականները միշտ խելացի են
միշտ ճիշտ են ուժեղները
ու թույլերի մոտ անմեղ
հասկանում եմ
գրածս անգամ ոտանավոր չի
ոչ էլ գրական փառատոնին մասնակցելու գործ
ոչ մի բան
բայց քո վիշտը
ինձ են տվել
քո ցավն իմն է
քո դատն իմն է
մենք բոլորս մեղավոր ենք
մենք բոլորս միայնակ
անզոր
մենք բոլորս մեր անտեր երկրի անտեր քաղաքացիներն ենք

 

Մաս հաջորդ

Դանիա,
Ասացի քեզ մնաս բարով
Մնաս բարով ցտեսություն ռեբեկա ու եսթեր
Անուշիկներս
Մնաք բարով
Հետո հերթական ճամպրուկախառը ծանր պայուսակներով
Մի երկու ջինս
Մի քանի մաքուր բլուզ
Մի քանի սեքոնդ հենդ շորեր
Մի քանի գիրք ու էլի մանր մունր բաներ
Հա հորս համար անձրեւային շորեր
Գնացի թռնելու պոետիկ գնացքով
Պու չըկչըկչըկչըկչըկ
Ւմ գնացք իմ պուչըկ
Քեզ մանկուց չէի տեսել
Չէ մի անգամ պիտերում կարինեի հետ
Հետո քեզ մնաս բարով ասացի
Ու հիմա վերջապես
Ես արդեն ոչ մանուկ հանդիպման եմ գնում իմ մանկության հետ
Գնում եմ հանդիպման ինձ հետ
Պոեզիայի հետ
Գնում եմ գնում եմ
Հուզմունքից
Մատներս ուտելով
Մի տարի պահած կարմիր եղունգներս փրթում թափում
Մազերս գլխիս խառնում
Ինքս ինձ դասավորում իմ մեջ հազիվ մի կերպ
Ավելցուկը փորձում խցկել
Ճամպրուկներիս մեջ
փորձում խցկել ջինսերիս գրպանը
Իսկ նրանք
Մյուսները
Քննարկում են
Իմ կյանքը
Ես
Բոլորովին մենակ ու հեռացած
Ես բոլորովին հեռացած ու մենակ
Գրեթե ամբողջովին իմ մեջ
Ֆոտոյից ծեծ կերած շան դեմքով
Գնում եմ պուչըկչըկչըկչըկ
Ռումինիա
Բուխարեստ
Ֆլորին
Ռումինիան ունի ֆլորինի խաղաղ ձայնը
Խառնված կլաուդիայի սիրահարությամբ ու ադելայի ժպիտով
Ռումինիան ունի ինձ համար
Հոսանքալարերի ձեւը
Ռումինիան ինձ համար ազատ ու հսկա
Ու ինքնհաստատ մի բան է
Ռումինիան ինձ համար
Դե շատ բան չհասցրի տեսնել
Համտեսել
Ընթերցում
Պոեմի
Որի թարգմանությունը ինչ որ բանի մասին է
Նման իմին
Բայց հեղինակն այլեւս ես չեմ
Ես չկամ այլեւս
Ու ինձ բան չի մնում անել քան
Ժպտալ
Կամ հուզված ձեվանալ
Կամ յանիմ
Ընդունել պոետի տեսք
Ախր ես դրանից չունեմ
Բուխարեստ…

 

Մաս Սոֆիա

Բուլղարական գարեջուր
Լավն ա
Բուլղարական գումար
Այն փոխել չես կարող հարեւան երկրում
Ռումինականն այստեղ
Բուլղարականը ռումինիայում
Չես կարող
Դու
Բուլղարիայում
Պետեր ինձ գրի
Ես վերջին ժամանակ ամբողջովին ուասպառ հուզասպառ եմ
Բոլորովին
Գրահատ
Ու նամակներ գրելը
Դրանց ֆոտոներ կպցնել ուղարեկելը դրանց պատասխանելը ինձ չի հաջողվում թերևս տեղը տեղին
Բայց ես կարդում եմ
Դու փաստորեն ես երկրներում եղել ես տեսել դրանք դու փաստորեն տեսել ես
Դու փաստորեն
Կույր եմ հա կույր
Աչքս ֆոտոն ա
Միտքս բացակա
Սիրտս ջինսիս գրպանում
Թարսի պես
Չեմ ուզում երբ կարդաս ու եթե հանկարծ բախտս բերի ու որոշես թարգմանել գրածս
Հիասթափվես…

 

Անահիտի մասին մաս Գնացք

Գնացքը գորշ դեղին
Գնացքը մանուշակագույն
Գնացքը կարմիր
Գնացքը ներկված ոտանավորով
Գնացքը ներկված ամեն գույն բացի հենց իր գույնից
Առնում է ինձ իր նստարանների մեջ
Դնում ինձ իր դարակների վրա
Գնացքը ինձ չի թողնում քնել
Կամ քնել կամ քնել
Հարբած
Օյաղ
Առանց ծխախոտի
Գնացքը սիրով լի
Գնացքը կարոտով
Գնացքը բացակայությամբ գնացքի իմ հայրենիքում
Բայց ես գնացքում էի հազար ինը հարյուր ութսունականներին
Երեվան ղարաբաղ
Սիրուն երեխա էի
Ազերիները սիրում էին ինձ
Հորաքույրս բարձր խիստ ազդեցիկ ձայնով
Անահիտ արի ստեղ ում հետ եմ
Վախով անհաստատ երերուն ձայնով մի գնա մնա ինձ մոտ հիմա պիտի քնենք
Ու ինքը նստում հսկիչի պես մեր կողքին
Ինչի գրողը տանի
Ինչի հարցնում եմ
Կռիվ մռիվ չկար
Ու յանիմ սովետ ախպերություն
Ու յանիմ մենք իրար հետ բարիշ ու լավ
Իսկ հորաքույրս ամբողջ գիշեր նստում էր լուռ երերուն անհաստատ
Մենք քնում
Գրողը տանի
Հարցնում եմ գնացքին ինչի գնացք դու չկաս իմ հայրենիքում
Չէ որ հայերն էլ սիրում են պուչըկպուչըկ
Սիրում ենք
Հայաստանում ինչի կան երկաթգծերդ
Ինչ-որ վաճառվեցիր նախապես կարծեմ ռուսներն առան
Երևի գիտեին հայ թուրքական սահման
Բոլորն ամեն ինչ գիտեն բացի մեզնից
Բոլորը տեսնում են ամեն ինչ
Դու գնացք
Դու խեղկատակ ես…

 

Գնացք էլի գնացք էլի էլի էլի

Մի կերպ իրերս քարշ տալով տեղս եմ ման գալիս տեղս չեմ գտնում

Տեղս հա ման եմ գալիս
Քեզ մոտ է
Քեզ մոտ չէ
Ուր գնամ ուր մնամ
Ինչի գնամ ինչի մնամ
Մեկ էլ հանկարծ
Դու դիմացս կանգնած սպասում ես
Սպասում ես
սպասելիս ես եղել
Հուսով թե կգամ հուսով թե ես գոյություն ունեմ
Հուսով որ ես կգամ
Հուսով որ ես ճամպրուկներս չեմ կարող տեղավորել ու դու ինձ կօգնես
Բրիս ինքս ինքնուրույն
Ճակատագիրս ինձ ամրակապված քարշ կտամ իրերիս մեջ
Քարշ կտամ իմ գոյությունը
Քո բացակայությունը
Քո ներկայությամբ կհրճվեմ
Քեզ սիրեմ սիրեմ սիրեմ ինչի
Ինչի չսիրեմ
Միանյակ
Մի ձեռքով ճամպրուկ
Մյուսով պայուսակ
Մյուսով ֆոտոապարատ
Մյուսով մնացած ամեն ինչ
Հազիվ քարշ եմ գալիս
Քարշ եմ տալիս ինքնությունս
Ժամանակ չկա բան հասկանալու
Կանգ առնելու ժամանակ այլեւս չկա
Հասանք Ստամբուլ:

 

Անծանոթ Ստամբուլ

Մինչ այդ բորիսին տեսել էի
Տեսա գնացքում էֆեին
Տեսել էի մինչ այդ սեռռային իմ
Մինչ այդ հասցրել էի սիրել մութլուլուկ ջան քեզ կարոտել քեզ սիրել իսկականից սեռռա ջան
Մինչ այդ
Ինչ-որ բաներ իմանալ տեսնել հասկանալ բայց ես բայց դա սուտ է սուտ է
Ամեն ինչ միհարկանի ու պարզ չէ ամեն ինչ կոտորածի պես խառը ամեն ինչ երազներիս պես անսպասելի ու հանելուկային ամեն ինչ մտացածին բայց ամեն ինչ իրական
մղձավանջ
Մինչ այդ ես տեսել էի իստանբուլը
Ասել մերհաբա
Ասել իյիմ
Ասել
Էրմենի
Էրմենիստան
Ասել գյուզալ
Ստամբուլ
Բոսֆորի նեղուց
Նավ
Ռաքի
Գինի
Մինչ այդ ինձնով հրապուրվել էին ինձ սիրել մինչ այդ ես քոնն էի մինչեւ վերջ
Քոնն էի ամբողջ ժամանակ
Մինչ այդ ես գոյություն չունեի
Ես մինչ այդ քոնը
հետո
Ստամբուլ
Գիշեր
Նեղ վառվռուն լույսերով փողոցում
Նարգիլե ու չայ
Ու մի հայ ծպտված
վանից էր
Ասացի հայ ես
Չէ ասաց մուսլիմ մուսլիմ
Ասացի մուսլիմը մուսլիմ
Բայց դու հայ կապ չունի մուսլիմ քրիստոնյա
փոխեցի միտքը նրա
նստեց երկար խոսեց
Հայաստանը ուզեց իմանալ
Ուրիշ հայերի պատմեցի
Ասացին դրանք կրոնը ուրացած ախր դրանք տաճկացած դրանք ինչ հայ
Ախր մեր ծնողներն էդ ամեն ինչն ապրել են որ մենք հայ մնանք
Ախր մենք նրանցից տարբերվում ենք
Քիչ միչ հայերեն
Ազգանունները փոխած
Կրոնը
Գրողը տանի կրոնը քրիստոնյա
Ստամբուլ
Եկեղեցի
Պատարագ
Ծերերի լացից լացում
Ծերերի լացից մեռնում
Ծերերի լացն ինձ խեղճացնում մանրացնում վերջացնում է
Դու
Ինձ գտար
Դու ինձ գտար քաղաք
Ձեռքերս աչքերս քեզ
Կներես քույրիկ էրմենի
Տատս ախր տատս հայ
Տատս հայ ջիգյար
Ինձ հայաստան տար
Ասացի բարի արի
Ասացի արի գնա
Ամեն ինչ խառը բարեկամ
Ամեն ինչ ծանր ու անմարս
Երիկիրս երկիր նաիրի
Երկիրս դարդերով անմար:

 

18երորդ մաս

Գյուղը հեռվում է ու շատ փոքր
Գյուղից թրքահոտ է գալիս
Գյուղում ապրել է պապս ու պապիս պապը
Գյուղը իմն է
Գյուղը սիրում եմ
Գոմում գառն է մայում
Գոմում ոչխարներ մի քանի
Գոմում տատա կով է կթում
Դե հասկացաք երեւի սովորական առօրյան մի գյուղի
Գյուղը սակայն այնքան էլ մեծ չէ
Ավելի շատ դժբախտ է քան երջանիկ
Գյուղը հայրենականի ժամանակ 74 զոհ 11 վիրավոր ու անհայտ կորածներ ունի
Գյուղը ղարաբաղյան ազատագրական շարժման ժամանակ 7 զոհ Է ունեցել
Գյուղը իմ գյուղն է
Որից թրքահոտ է գալիս
Երբ մնում ես մի qանի ժամ մի քանի րոպե
Սկսում ես հիանալ մաքուր օդով
Անուշ հոտով
Իմ գյուղում
Կան տարեց մարդիկ ու ջահելներ
Կյամըն քինամըն
Լացըն ինում երգըն ասում
Մի խոսքով բոլոր այն բաները
Ինչ օրինակ քաղաքում են անում
Բայց գյուղում կազինո չկա
Ու ժամանակ էլ չկա
Կարուսել չկա բայց ժամանակ էլ չկա
Գյուղում հիվանդանոց չկա բայց ժամանակ էլ չկա
Իմ տունն է
Իմ գյուղը…

© Անահիտ Հայրապետյան, 2009։
Հրապարակված է հեղինակի թույլտվությամբ։ Առանց հեղինակի թույլտվության արտատպումը կամ հրապարակումը արգելվում է։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *