Սուրեն Սարումյան | Աբու Բաքր ալ-Բաղդադին՝ Շամի խալիֆը

Սուրեն Սարումյան

Abu baqr final

Սուրեն Սարումյան.-Եր.։ Անտարես, 2015– 200 էջ։

Սուրեն Սարումյանի վեպը արդի ռազմաքաղաքական հիմնախնդիրների գեղարվեստական արտացոլման օրինակ է, որտեղ բնականորեն միահյուսվել են իրականն ու երևակայականը։ Մերձավոր Արևելքում՝ մարդկության պատմության բախտորոշ իրադարձությունների այդ խառնարանում, ծնունդ է առնում մի շարժում, որն սպառնում է ոտքի տակ տալ մինչ օրս ստեղծված քաղաքակրթությունը։ Շարժման գլուխ է կանգնած յուրօրինակ նոր Աթիլան՝ Աբու Բաքր ալ-Բաղդադին, ով իրեն Շամի խալիֆ է հռչակել։ Աշխարհի ուժային կենտրոնները միջոցներ են ձեռնարկում արհավիրքի առաջն առնելու։ Իսլամական պետության առաջխաղացումը վտանգավոր է նաև մեր տարածաշրջանի և մեր երկրի համար։ Գրոհայինների շոշափուկները հասնում են մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության սահմանագոտի… Ահա այսպիսի՝ գրեթե ամբողջ աշխարհն ընդգրկող իրադարձությունների ֆոնի վրա են ծավալվում վեպի գործողությունները։ Հեղինակը ոչ միայն տիրապետում է թեման և սյուժեի բազմաբարդ ընթացքը, այլև վարպետորեն շարադրում է դեպքերի հաջորդականությունը՝ ընթերցողին մշտապես պահելով հետաքրքիր պատումի հորձանուտում։ Գեղարվեստասեր հանրությունից զատ գիրքը կարող է հետաքրքրել քաղաքագետներին, միջազգային հարցերի վերլուծաբաններին, ուսանողներին:

(հատված)

Հանուն ողորմած և գթառատ Ալլահի

Արդարև, չկա Աստված բացի Ալլահից և Մուհամմադն է մարգարեն նրա: Այն օրը, երբ Ալլահի զորությամբ Իսլամական պետության խալիֆ[1] ուղղահավատ և արդարամիտ Աբու Բաքր ալ-Բաղդադին, թող օրհնվի նրա տոհմը, ամենակալ Ալլահի անունով եղբայրներին առաջնորդեց անհավատ քաֆիրների [2] և անառակ շան զավակ Բաշեր ալ-Ասադիի սատանայական իշխանության տակ տնքացող երկրում ճշմարիտ իսլամի դրոշը պարզելու, ես՝ Ալլահի նվաստ ծառա Իսմայիլ իբն Ահմադ ալ-Թիքրիթիս, ուխտեցի չդառնալ հորս տուն, քանի դեռ վերջին քաֆիրը իր կարմիր արյունով չի ոռոգել խալիֆայության [3] սրբազան հողը: Ինձ հետ նույն սևազգեստ ու զինավառ շարքում քայլող եղբայրները, թող արժանի լինեն նրանց հոգիներն Ալլահի դրախտին, գիտեին, որ մեր սրտերում Ալլահն է, և նրա անունն է մեր շուրթերին, ու նրա զայրույթն է մեզ առաջնորդում մեր քայլքից Տիգրիսի [4] ափին բուսած եղեգների պես դողացող քաֆիրներին խորտակելու: Առաջինն ընկավ Մոսուլը [5], արդարև անապատում անգամ ավազահատիկն իր տեղից չի շարժվում առանց Ալլահի կամքի, Մոսուլում ավելի շատ անհավատների գլուխներ գլորվեցին գետնին, քան քարեր է գլորում Ջաբալ -Սինջարի [6] լեռներից եկեղ գարնանային հեղեղը: Անհավատների դրամն ու զենքը Ալլահի կամոք հալալվեցին մեզ, նրանց կանայք ու աղջիկները անապատում խփված վրաններում ջերմացրեցին եղբայրների միայնակ ու երկար գիշերները, իսկ նրանց զավակները, ինչպես սահմանում է սրբազան Ղուրանը [7], որ մեզ համար մեկնում է իմաստուն աստվածաբան և խորագետ ֆաքիհ [8] շեյխ [9] ալ-Բաղդադին, թող նրանից անպակաս լինի Ալլահի ողորմածությունը, վաճառվեցին ստրկության: Շեյխ Աբու Բաքր ալ-Բաղդադին Ալլահի անունով մարտի գնալուց առաջ մեզ մեկնում էր Ղուրանի ճշմարիտ էությունը, երանի նրա մեկնությունը լսողներին: Մոսուլի մզկիթի դիմաց հավաքված եղբայրների հետ ինչ գեղեցիկ էր խոսում շեյխը… Նրա՝ արաբական գիշերների պես խոր աչքերում վառվում էր Դիյալից [10] մինչև Հալեպ [11] խալիֆայության սրբազան հողը մաքրող հրդեհների կրակը, իսկ քաղցրալուր ու մեղմ ձայնը այդ օրն ամեհի էր ու գոռ՝ քաֆիրների գլխին թափվող արկերի շառաչի նման: Միայն անունով ուղղահավատ, սակայն շայթանից [12] էլ վատ, կեղծ սրտով ու թունավոր լեզվով ուրացողները, որ մեկնում են Ղուրանը Ալլահի ժողովրդին մոլորեցնելու ու ինգլիզի և ֆռանկի ստրուկ սարքելու համար, անիծյալ լինի նրանց անունը, ասում էին, որ շեյխ ալ-Բաղդադին հեռացել է ճշմարիտ հավատից, որ նա հրամայում է կոտորել ախլ-ալ-քիթաբին՝[13] ջհուդներին ու խաչապաշտներին, որ քարոզի ժամանակ նրա դիշդաշի [14] թևքի տակ տեսել են ոսկյա ժամացույց, որ նա նավթ է վաճառում անհավատներին: Արդարև, կույր են և չարամիտ ճշմարիտ իսլամի ու շեյխի թշնամիները, Ալլահն է իր անմեկնելի իմաստնությամբ սահմանել,որ քաֆիրի ամեն ինչը պատկանում է մուջահիդին [15] և սրբազան ջիհադի [16] ճանապարհին ընդունելի է թշնամուն մոլորեցնելը՝ հետո նրա գլխին կրկնակի ուժով Ալլահի զայրույթը թափելու համար: Ով չի հասկանում և ծիծաղում է սրա վրա՝ չի հասկանում և ծիծաղում է Ղուրանի վրա, նա կհայտարարվի հավատուրաց և կմեռնի անհավատ շան մահով, Ինշալլահ: Երբ մեր երկնքում հայտնվեցին Մեծ Սատանայի ռումբերով բեռնված ինքնաթիռները, եղբայրների շարքերում կանգնեցին նաև նրանք, ովքեր երկրպագում են քարին, որ հաճախ անվանում են Քաաբա [17], Ալլահի կամոք հաղթանակից հետո մենք գետնին ենք հավասարեցնելու Քաաբան և նրանք, ովքեր այսօր մեր հետ են, դարձի կգան,կամ իրենց կոկորդին կզգան մեր դանակների շեղբերի մաքրող սառնությունը:
Հիմա, Ալլահի կամոք 1436-րդ տարում, Իսլամական պետության խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադին խոստանում է մեզ նոր հաղթանակներ: Կընկնեն Թուրքիան ու Ազարբայջանը, իզուր գթություն կաղերսի գոռոզ Իրանը, արյամբ կողողվեն անհավատ Էրմանիստանն ու Գյուրջիստանը, խալիֆայության սահմանները կհասնեն ուղղահավատ եղբայր Ումար ալ-Շիշանիի երկրի հպարտ լեռներին ու մեր սև դրոշի առջև կդողան անհավատ ուռուսն ու ֆրանկը, ինգլիզն ու ալեմանը: Մինչ հանուն ողորմած ու գթառատ Ալլահի ճշմարիտ իսլամի դրոշը կփողփողա ամբողջ աշխարհի վրա:

Միջադեպ ալ-Ռակկա քաղաքի անցակետերից մեկում

Նախ ոլորանի հետևից լսվեց բեռնատարի հզոր շարժիչի լարված հռնդյունը, որը, կեսօրվա անտանելի արևից շիկացած ասֆալտի վրայով սողալով, եկավ ու բախվեց ուղեփակոցին ծուլորեն կռթնած սևազգեստ մուջահիդի ականջին: Նա անմիջապես բացեց կիսախուփ աչքերը, դուրս թքեց ատամների արանքի խոտի ցողունը ու սկսեց ուշադիր նայել ոլորանի հետևից ծանր-ծանր դուրս եկող հսկայական բեռնատար «Ռենո»-ի կարմիր խցիկին: Առաջին բեռնատարի հետևից՝ նույն կերպ ծանր-ծանր, կարծես ակամա, երևաց երկրորդը, հետո՝ երրորդը:
– Մուսա,– հրամանատարի ծղրտուն ձայնն էր,– Ստուգիր «Ռենո»-ն, ես…, ու՞ր, անհավատ շան զավակ, կանգնիր,– եռանդագին թափահարելով ձեռքը, արդեն անցակետին մոտեցած «Ռենո»-ի խցիկին բռունցք ցույց տալով՝ զայրացած բղավեց նա:
Վատ նշան էր. Մուսան գիտեր, որ հրամանատարը՝ թմրամոլի մշտապես բացակայող աչքերով հորդանանցի Ալավադը չեչենական պատերազմներից հետո իր բարկությունը սիրում էր հանգցնել ջիհադի ճանապարհին հանդիպած անհավատների արյունով: Կանխազգալով բացարձակ իշխանության գիտակցումից ու իրենց առջև ամոթխած աղջկա պես կարկամած ու դողացող հաղթանդամ տղամարդկանց վախից սնվող վայելքը՝ Մուսան ստուգեց տապարի նման անխափան աշխատող իր «ԱԿ-47»-ի փակաղակը, անշտապ մոտեցավ ճամփեզրին կանգնած «Ռենո»-ին և դանակի կոթով ծեծեց խցիկի՝ գրեթե իր աչքերի բարձրության վրա սկսվող դուռը:
Կապույտ վերնաշապիկով սևաբեղ վարորդը նիհար էր ու անասելիորեն վախեցած: Նրա թուխ դեմքի դիմագծերը վախից կարծես թե գոլորշիացել-անհետացել էին ՝ ձուլվելով խցիկի մարմնագույն երեսպատվածքին: Վարորդի երբեմնի դեմքին՝ հիմա մարդկային մսի այդ տձև զանգվածին մնացել էին միայն վախից լայնացած աչքերի ինքնուրույն ապրող, տարօրինակորեն շարժուն ու մեծ սպիտակուցները:
– Վերցրու փաստաթղթերդ, անջատիր շարժիչն ու իջիր մեքենայից,– շարժուն սպիտակուցներին դիմող Մուսայի ձայնն անտարբեր էր՝ ամեն օր մարդկային անանուն ճակատագրերի հետ գործ ունեցող դատական կատարածուի ձայնի պես:
Սպասելով մինչ փաստաթուղթը դռան ներսի գրպանիկից նյարդայնությունից դողացող մատներով հանել փորձող վարորդը վերջապես իջնի մեքենայից և, երկու քայլ առաջ թողնելով նրան, Մուսան մոտեցավ մյուս մեքենաների վարորդներին խողովակատար «Վոլվո»-ի երկար կցաթափքի ստվերում կանգնեցրած իր ընկերներին:
– Ինչո՞ւ չէիր ուզում կանգնել,–«Ռենո»-ի վարոդի վրա հարձակվեց փրփրած Ալավադը,– դու շիա՞[18] ես, հը, ասա՛, շիա՞ ես,– ավելի ու ավելի գազազելով՝ շարունակեց նա:
– Ես… ես… ուղղահավատ սուննի[19] եմ, Հոմս [20] քաղաքից,– արագ-արագ թարթելով՝ կմկմաց կապույտ վերնաշապիկովը,– ուշ նկատեցի եղբայրներին, Ալլահը զորավիգ ձեր արդար պայքարին…
– Մենք սովորական վարորդներ ենք, ընդամենը ցանկանում ենք վաստակել մեր զավակների ապրուստը, այդ պատճառով ենք այստեղ,– խառնվեց մյուս բեռնատարի հաստափոր, քրտնած վզով վարորդը:
– Դու է՞լ ես սուննի,–շրջվելով դեպի քրտնամխած հաստափորը՝ գրեթե փաղաքուշ հարցրեց Ալավադը:
Մուսան մատը դրեց իր կալաշի ձգանին. գիտեր, որ հրամանատարի խաբուսիկ մեղմությունը հերթական անհավատի՝ Ալլահի ահեղ դատաստանի պես անխուսափելի մահվան նախանշանն է:
– Դուք սիրացինե՞ր եք,–շարունակեց Ալավադը,– սիրիացինե՞ր եք և ուղղահավատ սուննինե՞ր,– և չսպասելով պատասխանին՝ ավելացրեց.
– Իսկ ինչպե՞ս համոզվեմ, որ դուք սուննիներ եք:
– Երդվում ենք Ալլահով և նրա մարգարե Մուհամմադով, Աստված օրհնի նրան և ողջունի, –հուզմունքից խզված ձայնով համարյա միաբերան ասացին վարորդները:
Մուսան, ինքնաձիգի խզակոթով թեթևակի հարվածելով կապույտ վերնաշապիկովի ոտքին, ստիպեց նրան պպզել կցաթափքի անիվների մոտ, հետո գլխի շարժումով հրամայեց պպզել մյուսներին:
– Ի՞նչ են անում Սիրիայում ալևիները [21], մուսուլմանների պատվի հետ են խաղում,– հաստափորի երեսին շաղ տալով թուքը՝ անսպասելի ճչաց Ալավադը,– բռնաբարում են կանանց ու սպանում ուղահավատներին…
– Մենք չգիտենք, մենք սովորական վարորդներ ենք, մենք բանակի հետ գործ չունենք ու չենք ունեցել,–ուղիղ նայելով Ալավադի աչքերին՝ ասաց մինչ այդ լուռ երրորդ վարորդը:
– Անհավատ շներ, ձեր խոսքերից դատելով՝ դուք կռապաշտներ եք,– վարորդների մահվան դատավճիռը հրապարակեց զայրույթից գունատված Ալավադը:
Մուսան գլխի շարժումով վարորդներին հրամայեց կանգնել և, ինքնաձիգի փողով հրելով, նրանց տարավ ճանապարհից դուրս դեպի ուղտափուշի նոսր թփերով ծածկված անապատը: Իրենց երկրային կյանքի վերջին քայլերը մինչ այդ վախեցած վարորդներն անցան զարմանալիորեն հանգիստ ու անտրտունջ: Հանգիստ էին, անասելիորեն հոգնած և տխուր, երբ Մուսան ու նրա սևազգեստ ընկերները մեխած ներբաններով զինվորական ճտքակոշիկներով հարվածելով ոտքի կոճերին՝ բերանքսիվայր պառկեցրեցին նրանց անապատի թանձր փոշու մեջ: Հետո հնչեցին ժլատ մենահատ կրակոցները և հերթական երեք խլված կյանքերը, գնդակներից բարձրացած փոշու քուլաներին միախառնված, ձուլվեցին տոթից հուլացած արաբական երկնքին:
Մուսան փակեց ինքնաձիգի փակաղակը, վարժ շարժումով տապարի պես անխափան իր «ԱԿ-47»-ը գցեց մեջքով ու հանգիստ քայլեց դեպի անցակետը: Չհասած անցակետին՝ կռացավ, պոկեց արևից վառված խոտի ցողունը և, դնելով ատամների արանքը, կռթնեց ուղեփակոցին…

Ջեյմս Ֆոուլիի [22] վերջին գիշերը

Իր դաժան մահապատժին նախորդող գիշերը Ջեյմս Ֆոուլին բոլորովին չէր քնել: Աստծոն ուղղված հուզառատ աղոթքներն ընդմիջվել էին այրող հուսալքության տանջալից րոպեներով: Կեսգիշերից քիչ անց ձևափոխվել էր անգամ ժամանակը, ասես խելագարի հրեշավոր երազներում դառնալով առաձգական, և մշտապես անհասանելի հորիզոնի պես հեռացնելով մահաբեր լուսաբացը: Ջեյմս Ֆոուլին հասկացել էր, որ ժամացույցի ամեն զարկի հետ մատների արանքից թափվող ջրի շիթերի պես անդառնալիորեն՝ իրենից հեռանում է կյանքը, ու որոշել էր վրեժխնդիր լինել մահվան աչքերին ուղիղ նայելով: Նրա երկրային կյանքի վերջին գիշերվա րոպեներն անվերջանալիորեն երկարել էին` թույլ տալով վաթսուն կարճ ակնթարթի ընթացքում հետ պտտել ապրած ամիսներն ու տարիները: Մահապարտի զարհուրելի ուղղամտությամբ խոստովանել էր իրեն, որ չէր ապրել անսահման շռայլությամբ իրեն նվիրված տարիների մեծ մասը: Անխուսափելի մահվան պաղ շունչը զգալով դեմքին` գիտակցել էր` արդեն ոչ իրական իր նախորդ կյանքում լինելով անհունորեն երջանիկ ու հաջողակ` չէր զգացել ամեն օրվա բացվելու հրաշքը և կորստաբեր թեթևամտությամբ թույլ էր տվել, որ իրեն համակեն կասկածներն ու ձանձրույթը: Չէր հասկացել, որ անտարբեր ու պաղ տիեզերքում երջանիկ լինելու համար բավական էր ամեն օր օվկիանոսի թարմ ու աղի բույրով օդը լիաթոք շնչելու իրեն տրված հնարավորությունը: Ունենալով բազմապատիկ ավելին, քան անհրաժեշտ էր երջանկության համար` ողջ կյանքում խելակորույս սլացել էր հաջողության, փառքի ու հարստության ուրվականների հետևից, որոնք իրեն ավելի կայացած ու հաջողակ պիտի դարձնեին հարևանների, գործընկերների ու մտերիմ համարվող օտարների ունայն ու խորթ աշխարհում: Հիշում էր, որ աններելի ինքնավստահությամբ ամենից կարևոր գործերը հետաձգում էր այդպես էլ երբեք չեկող վաղվան, կուրորեն համոզված, թե իր կյանքն ավարտելու է մի անորոշ, հեոու ապագայում, ու ինքը հասցնելու է ավարտին իր բոլոր կիսատ թողած կարևոր գործերը: Հասցնելու է իր դեռ պինդ հայրիկի հետ գնալ եղջերու որսալու, հասցնելու է մայրիկին տանել Ռոշմորի[23] լեռը տեսնելու, հասցնելու է անչափ գեղեցիկ ու բարի Մերիի հետ կատարել «Նյու Յորք Թայմս»[24]-ի այն երկնագույն լողլողի հետ հանդիպելու համար հետաձգված երեկոյան զբոսանքը: Իսկ կյանքն իրականում փխրուն էր ապակու պես, ու եթե հիմա Ջեյմս Ֆոուլին նորից ապրելու լիներ իր կյանքը` այդ փխրուն ապակին առօրյայի ժխորում ստացած անթիվ մանր ու տձև քերծվածքների փոխարեն կպատվեր ցրտաշունչ ձմեռվա գծած նախշերի պես գեղեցիկ, ճախրող պատկերագրերով:
Զղջալու համար Ջեյմս Ֆուուլին ժամանակ չուներ: Զղջալու փոխարեն անչափ հաճելի էր փակ աչքերով մտովի սլանալ հիմա այնքան հեռու հարազատ քաղաքը և վերջին անգամ զբոսնել նրա մաքուր ու խնամված սիզամարգերով փողոցներով, զարմանալի առատաձեռնությամբ մի կլորիկ գումար խոթել զբոսայգու մուտքի մոտ ողորմություն խնդրող վիետնամական պատերազմի վետերանի գրպանը, անսպասելիորեն համբուրել պաղպաղակ վաճառող ժպտերես, պեպենոտ աղջկան ու հիանալ նրա զարմացած շիկնանքով: Ափսոսում էր միայն, որ իր հասկացած վերերկրային ճշմարտությունները չի կարող գոռալով պատմել աշխարհի բոլոր մարդկանց:
Իրեն գերեվարած ահաբեկիչների վերաբերմունքից դժգոհելու պատճառներ Ջեյմս Ֆոուլին չուներ: Կոպիտ էին եղել միայն մարդաշատ ու աղմկոտ արևելյան փողոցից իրեն առևանգելիս: Առևանգման ժամանակ գլխին հագցրած սև պարկը հանելուց հետո չէին ծեծել ու ստորացրել, սիրալիր բառերով և մաքուր անգլերենով խնդրել էին փոխել գերեվարելիս պատառոտված ու կեղտոտված շորերը, կերակրել էին ու փակել կապույտ ներկված պատերով սենյակում: Իրենց դաժանությամբ հռչակված ահաբեկիչների մեղմ վերաբերմունքը Ֆոուլիին մի պահ հույս էր ներշնչել, որ իրեն ազատ են արձակելու: Այնուհետև սոսկալիորեն պարզորոշ գիտակցել էր, որ ահաբեկիչների մեղմ վերաբերմունքն իրականում իր մահվան դատավճիռն է: Այստեղ ծեծում էին նրան, ում պիտի ազատ արձակեն, որպես ջիհադի թագավորությունում գերեվարված լինելու անջնջելի նշան՝ կտրում էին նրա ականջը, ում դիմաց արդեն շռայլ փրկագին էր վճարվել: Իսկ իր նկատմամբ բարեսրտությունն ընդամենը մսագործի քնքշություն էր քիչ հետո սպանդանոց ուղարկվող ցուլի հանդեպ:
Ջեյմս Ֆոուլիի կյանքում առաջին գիշերն էր, երբ մոտալուտ լուսաբացը պիտի դառնար մի հավերժական մայրամուտի սկիզբը: Գիտեր՝ վերջին պահին իրեն չեն փրկելո, ինչպես լինում է ֆիլմերում: Երբ ճաղավանդակավոր պատուհանից հմուտ գողի պես ծածուկ ներս սողոսկած արևի ճառագայթը հասնի դիմացի պատին, աստիճանների վրա լսվելու են ծանր ոտնաձայներ, որոնց իր քունքերում արձագանքելու է հրետանային համազարկի պես ծանր ու արագ սրտխփոցը:
Մի քանի ժամ անց, երբ իր սևազգեստ դահիճի մոտ չոքած Ջեյմս Ֆոուլին հանգիստ սպասում էր մահվան, նրա սրտում չկար վախ ու ատելություն: Հասկանում էր, որ արաբական մի անանուն անապատում, արևի չարաճճի շողերի տակ, քամու թևերի խելահեղ հարվածներին հանձնված մեռնելն ավելի լավ է, քան դեղերի անախորժ հոտով ներծծված մի հիվանդասենյակում՝ ցերեկային լուսավորության լամպերին խամրած աչքերով նայելով: Ջեյմս Ֆոուլին իր երկրային կյանքի վերջին րոպեներին չէր լսում իր դահիճի՝ ականջի տակ ծոր տվող միալար բառերը, որոնք անարգում էին իր վախճանի ողբերգական վեհությունը:
Դահիճի երգեցիկ ձայնը լռեց հանկարծակի, Ջեյմս Ֆոուլին պարանոցին զգաց դաշույնի՝ օձի հարվածի պես արագ հպումին հաջորդած տաքությունն ու սուր ցավը, այնուհետև անապատի բոլոր քամիները դաշույնի շեղբի մահացու սառնության հետ խուժելով կտրված պարանոցից ներս լցրեցին նրա ողջ էությունն ու Ֆոուլիի աչքերը ծակծկող արևի լույսին փոխարինեց անհնարին արագությամբ իր վրա հարձակված նախաստեղծ խավարը….

[1] Կրոնապետության աշխարհիկ և հոգևոր ղեկավար:

[2]  Անհավատ, այլադավան:

[3]  Ժառանգություն՝ կրոնական իսլամական պետություն:

[4] Գետ ներկայիս Թուրքիայի և Իրաքի տարածքում:

[5] Իրաքի՝ մեծությամբ երկորդ քաղաքը:

[6] Լեռնաշղթա Իրաքի հյուսիս-արևմուտքում:

[7] Մահմեդական սուրբ գիրըք:

[8]  Մահմեդական աստվածաբան-իրավագետ:

[9]  Ականավոր աստվածաբանի տրվող պատվանուն:

[10] Իրանին սահմանակից շրջան Իրաքում:

[11] Սիրայի խոշորագույն քաղաքն ու համանուն շրջանի կենտրոնը:

[12]  Չար ոգի, սատանա:

[13] Գրիք մարդիկ՝ քրիստոնյաների և հրեաների ընդհանրական անվանումը իսլամում:

[14] Տղամարդու՝ մինչև ոտքերն իջնող, երկար թևքերով վերնաշապիկ: Որոշ մահմեդական երկրների ազգային տարազը:

[15] Ջանք գործադրող մարդ՝ ջիհադ կատարող մարդու անվանումը իսլամում:

[16] Ջանք՝ իսկամի դավանաբանական եզրույթ, սովորաբար կիրառվում է հանուն իսլամի մղվող զինված պայքարն անվանելու համար:

[17] Խորհարնարդաձև մզկիթ Մեքքայում, մեհմեդականների գլխավոր սրբավայրը:

[18]  Այստեղ՝ իսլամի շիա ուղղության հետևորդ:

[19] Այստեղ՝ իսլամի սունի ուղղության հետևորդ:

[20] Քաղաք Սիրիայում:

[21] Ալևիներ,  ալավիկանության՝ իսլամական շիա ուղղության միստիկ հոսանքներից մեիկի հետևորդներ:

[22] Ամերիկացի լրագրող, ում գլխատել են  Իսլամական պետության գրոհայինները:

[23] ԼեռԱՄՆ-ում, որի վրա քանդակված են այդ երկրի նախագահներից չորսի արձանները:

[24] Ամերիկյան առաջատար թերթերից մեկը:

Share Button

3 Կարծիք

  • Տիգրանուհի Մարգարյան says:

    《Աբու Բաքր Ալ-Բաղդադին ` Շամի խալիֆը 》
    Հինգ պատճառ, թե ինչու է պետք կարդալ այս գիրքը

    Գրքերն այն միջոցն են, որոնց օգնությամբ անցյալն հաղորդակցվում է մեզ : Կարդալով Սուրեն Սարումյանի 《 Աբու Բաքր Ալ-Բաղդադին ` Շամի խալիֆը 》 -ը, պետք է ասեմ, որ հեղինակի գրական մուտքն ազդարարող այս վեպը, որը արդի ռազմաքաղաքական հիմնախնդիրների գեղարվեստական արտացոլման յուրահատուկ օրինակ է , կարծես զուգահեռվում է ոչ միայն անցյալին, այլև ընթացող մեկ այլ իրականությանը, շարունակվող կյանքին :
    Ըստ իս` թե ինչու է պետք կարդալ այս գիրքը .
    1. ՎԵՊԻ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ /ՆՈՐՈՒԹՅՈՒՆԸ
    Վեպը նորություն է ոչ միայն տիրող նոր իրականությանը համապատասխանելու, այլև վեպի ժանրի ներքին սահմաններն ընդարձակելու առումով : Իսկ այն, ինչ ընկալվում է նոր, արդեն իսկ տարբերվում է նախորդ շրջանում եղածից :Վեպի առանցքում աշխարհի ամենաթեժ կետերից մեկում` Մերձավոր Արևելքում սկիզբ առած 《Իսլամական պետություն 》շարժման գործունեությունն է : Աշխարհի ուժային կենտրոնները փորձում են չարիքի դեմն առնել, բայց ինչպես միշտ, ազդեցությունը հավասարազոր է հակազդեցությանը : Կարևորում եմ վեպի նշանակությունը նաև ժանրի ներքին հնարավորություններն ընդարձակելու առումով. քաղաքական վեպի ժանրում արդեն կարելի է առանձնացնել նոր ժանրաձև` ռազմաքաղաքական, մանավանդ որ հեղինակը նաև ռազմական փորձագետ է:
    2. ԳԵՂԵՑԻԿ ԽՈՍԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ
    Դուք սովորում եք խոսել գեղեցիկ, կարդալով հեղինակների, ովքեր լավ են գրում : Դրանում ևս մեկ անգամ կհամոզվեք այս գործը կարդալուց հետո : Այս գիրքը պետք է կարդալ մատիտը կամ գրիչը ձեռքին : Ամեն էջ կարդալուց հետո նշում կամ ընդգծում էի ինձ դուր եկած հատվածը կամ խորիմաստ միտքը : Ինչպես կասեր Անդրե Մորուան, ոչ մի բան այնպես չի ձևավորում ճաշակն ու դատողությունների ճշտությունը, որքան որ դա : Բացի այդ, դուք կլրացնեք ձեր բառաֆոնդը և կընդլայնեք քերականական / լեզվական կարողությունները:
    3. ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ
    Դուք ավելի շատ բան կիմանաք ռազմական իրականության մի շարք հայտնի ու անհայտ կողմերի, փաստերի, ռազմավարական նրբությունների մասին : Գրքում փաստագրական նյութեր կան նաև հայ -ադրբեջանական վերջին և ընթացիկ պատերազմների ընթացքում գործող իրական անձանց և դեպքերի մասին : Այսինքն ` կարելի է ասել, որ հեղինակը, տիրապետելով տվյալների լայն բազայի , շեշտը դրել է ինչպես անելիքը գեղարվեստորեն իմաստավորելու, այնպես էլ կյանքի ռեալիստական նկարագրությունների և վավերագրական (մի փոքր էլ հրապարակախոսական ) տարրերի վրա :
    4. ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ
    Թեև վեպը քաղաքական է, բայց ունի հոգեբանական և հուզական զգայացունց հատվածներ ( Ջեյմս Ֆոուլիի վերջին գիշերը ): Երբ հասկանում ես, որ ասելիքը հիմնված է ոչ միայն փաստերի , այլև այնքա~ն իրական հույզի և, կարծես ապրված ցավի վրա : Զգացմունքներ, որոնք ձեզ չէին պատկանում , բայց որոնք դուք կզգաք ինչպես ձերը : Այս առումով անգլիացի վիպագիր Գրեհեմ Սվիֆտը շատ տիպիկ բնորոշում ունի. 《Գրականության հուզական կողմն ինձ համար առավել կարևոր է : Եթե գրականությունը չի տանում դեպի ճշմարտություն, այն պետք է տանի դեպի կարեկցություն և տառապանք 》:
    5. ԶԱՐԳԱՑՐԵՔ ԵՐևԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
    Գրքում բնականորեն միահյուսված են իրականն ու երևակայականը: Երբ կարդում եք վառ երևակայությամբ վարպետորեն ստեղծված դրվագները , դուք երևակայությամբ ու ստեղծագործականությամբ եք հարստացնում ձեր իսկ ուղեղը, ընդլայնում աշխարհայացքը, մտահորիզոնը: Եվ վերջապես, դուք դադարում եք վախենալ տարօրինակ լինելուց :
    Վեպը հասցեագրված է ընթերցասեր լայն հանրությանը: Հուսով եմ ` այն կգրավի նաև ձեզ:

  • Artur says:

    Vor graxanutum ka girq@??

  • Գրանիշ says:

    Հարգելի Արթուր, հարցրեք Նոյան Տապան և Հայ գիրք-Դարան գրախանութներում(Իսահակյան 16ա)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *