Դավիթ Խաչիյան | Ադոլֆ Բիոյ Կասարեսի վիպակ մասին

Վերջերս (29.11.2016 թ.) «Էնոտեկա» գինեդարանում տեղի ունեցավ 20-րդ դարի իսպանալեզու արձակը ներկայացնող միանգամից երկու հեղինակների թարգմանությունների շնորհանդեսը: Առաջինը Բորխեսի «Բաբելոնյան գրադարան» ժողովածուն է, իսկ երկրորդը Ադոլֆո Բիոյ Կասարեսի «Մորելի գյուտը» վիպակը: Հրաշալի նախաձեռնություն էր` Արգենտինայի դեսպանի, թարգմանչուհի Կառա Չոբանյանի, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի, այլոց մասնակցությամբ և շատ հետաքրքիր խոսք ու զրույցով: Ասեմ, որ գիրքը լույս է ընծայել «Անտարես» գրատունը` «օտարգիր» մատենաշարի ծրագրով:
Շտապեցի գնել «Մորելի գյուտը» վիպակը ու վազեցի տուն: Հիշու՞մ եք Ջեք Լոնդոնի «Մարտին Իդըն» վեպի այն հատվածը, երբ գլխավոր հերոսի ձեռքն է ընկնում իր գրական կուռք Ալջերնոն Չարլզ Սուինբըրնի կենսագրությունը: Մարտինը փակվում է իր սենյակում, մոռանում անգամ սիրած աղջկան` Ռութին, ու ինքնամոռաց թաղվում ընթերցանության մեջ… Մոտավորապես այսպիսի նախազգացողություն ունեի նաև ես: Կասարես, այն էլ` հայերեն… Փակվեցի իմ սենյակում, անջատեցի հեռախոսս ու խանդաղատանքով հոտ քաշեցի գրքից (ես միշտ այդպես եմ անում): Ես մի այլ սովորություն էլ ունեմ` նախ կարդալ վերջին էջը, սակայն այս անգամ մի կերպ զսպեցի ինձ, որ զգացողությունների ողջ բույլը կաթիլ առ կաթիլ լցվի իմ մեջ: Առաջ ընկնելով ասեմ, որ այս ծավալի գրքերը ես «մարսում» եմ մեկ երեկոյի ընթացքում, սակայն այս անգամ դա տևեց ոչ ավել, ոչ պակաս, քան երկու շաբաթ… Վերջում ես այնպիսի զգացողություն ունեի, ասես բութ կացնով տասը դարավոր կաղնի էի գետնել…
Գիրքը սկսում է Խորխե Լուիս Բորխեսի նախաբանով: Մեծ նովելիստը, մասնավորապես, գրում է` «Իսպաներենում այնքան էլ հաճախ չեն հանդիպում և նույնիսկ հազվագյուտ են մտքի երևակայությամբ արարված ստեղծագործությունները»: Իսկ վերջին պարբերության մեջ նշում է` «Հեղինակի հետ ես քննարկել եմ սյուժեի մանրամասները, վերընթերցել եմ այն, չեմ կարծում, որ չափազանցություն կամ անճշտություն կլինի, եթե ես այն կատարյալ որակեմ»: Նպատակահարմար չեմ գտնում այստեղ անգամ համառոտակի շարադրել վիպակի բովանդակությունը: Ցանկացողներին խորհուրդ եմ տալիս պարզապես ընթերցել այն:
Երկու բառ Ադոլֆո Բիոյ Կասարեսի մասին: Ծնվել է 1914 թ. հարուստ բուրժուական ընտանիքում (սա կարևոր հանգամանք է): Տասնմեկ տարեկանում գրում է առաջին պատմվածքը` նվիրված իր զարմուհուն, որին սիրահարված էր: 1932 թ. կայանում է Կասարեսի առաջին հանդիպումը Բորխեսի հետ, որը ճակատագրական նշանակություն է ունենում: Երկու տարի անց Ադոլֆո Բիոյը թողնում է համալսարանը (ևս մեկ կարևոր հանգամանք), որպեսզի տրվի բացառապես գրականությանը: «Մորելի գյուտը» վիպակը լույս է տեսել 1940 թ. և, ըստ էության, համարվում է Կասարեսի լավագույն ստեղծագործությունը և համաշխարհային ֆանտաստիկ գրականության գլուխգործոցների թվին է պատկանում: Բայց փորձենք մի պահ մոռանալ Բորխեսի և այլ մեծերի բնորոշումները և մեր սեփական գնահատականը տանք այս ստեղծագործությանը:
Միգուցե կարծիքս խիստ սուբյեկտիվ է, սակայն հենց առաջին իսկ էջից համակում է գրեթե անհաղթահարելի ձանձրույթը (ճիշտ այնպիսի ձանձյույթ ու տաղտուկ, որպիսին առաջանում նաև Կաֆկայի գործերն ընթերցելիս): Եթե արդեն ծանոթ չլինեի Կառա Չոբանյանի` Բորխեսի հատորյակում տեղ գտած հրաշալի թարգմանություններին, ապա կկարծեի, թե գործ ունենք թարգմանչական անհամապատասխանության և ոչ-պրոֆեսիոնալիզմի հետ, սակայն նման ենթադրությունը շատ արագ հօդս է ցնդում: Ես իսպաներենին չեմ տիրապետում, ուստի բավարարվեցի համացանցում անգլերեն և ռուսերեն մի քանի հատվածներ կարդալով: Համեմատելով պետք է նշեմ, որ Կառա Չոբանյանի թե թարգմանությունը, և թե ծանոթագրությունները կատարված են բարձր մակարդակով: Ամեն դեպքում` հայրերեն կատարված թարգմանություններն ընդհանրապես միայն բարձրացնում են ստեղծագործության որակը:
Վիպակն ամբողջությամբ ընթերցելուց հետո բացահայտվում է ռիթմի անհամաչափությունը` ձանձրույթ, ձանձրույթ, ձանձրույթ, կուլմինացիա-բացատրություն (Մորելի կողմից), ձանձրույթ, անհարկի քաղաքական անդրադարձ, ձանձրույթ` համեմված սեթևեթանքով… Բոլորովին վատ չէ, որ արձակագիրը 25 տարեկանում հանձն է առնում վիպակ գրել: Բայց կարծում եմ, որ թե՛ ավագ ընկեր Բորխեսը, թե՛ բոլոր գրաքննադատները Կասարեսին պարզապես արջի ծառայություն են մատուցել: Վիպակն ակնհայտորեն թույլ է գաղափարի և բովանդակային կառուցվածքի առումով: Հենց այստեղ է Կասարեսի առաջին լուրջ բացթողումը: Քսան տարեկանում ոչ թե պետք էր խաչ քաշել բանասիրական ակադեմիական կրթության վրա, այլ զուգահեռ հմտանալ մի քանի այլ բնագավառների մեջ ևս: Դրանից ցանկացած արձակագիր (էլ չեմ ասում` ֆանտաստիկայի ժանրում ստեղծագործող) միայն շահում է: Եթե Կասարեսը մի քիչ ավելի մոտիկից ծանոթ լիներ տեխնիկական միջոցներին կամ գոնե կիրառական գիտության տարրերին, ապա Մորելի գյուտի նկարագրությունը ավելի արժանահավատ կհնչեր: Հավատացնում եմ, որ տեխնիկական գիտության հետ առնչվող մարդու համար գյուտի նկարագրությունը շատ տաղտկալի և անհավանական է հնչում:
Ես ինքս բազային տեխնիկական կրթություն ունեմ, բայց երեք անգամ վերընթերցելով Մորելի գյուտին առնչվող շարադրանքը, այդպես էլ չհասկացա, թե ինչ նկատի ուներ Մորելը… Ի դեպ, բոլորովին էլ պարտադիր չէ, որ շարքային ընթերցողն ամբողջությամբ ընկալի հեղինակի բոլոր մտքերն ու հատկապես տեխնիկական եզրահանգումները: Չէ՞ որ մենք մեզ չենք ստիպում բացատրել Ստանիսլավ Լեմի «Սոլյարիսում» տեղ գտած գիտա-ֆանտաստիկ հրաշքները… Մենք ենթագիտակցորեն ընկալում ու «ընդունում» ենք այն փաստը, որ մոլորակի դաշտը առարկայացնում է մեր բոլոր երազային ապրումները և կերպարները: Սակայն այսպես չէ Մորելի դեպքում… Գիտական միտքը կայացած չէ… Ակամայից հիշում եմ իմ մանկության ամենասիրելի ֆանտաստ հեղինակներից մեկին` Կարեն Ա. Սիմոնյանին: Նախապես իմանալով, որ ինքը դառնալու է ֆանտաստիկ ժանրի արձակագիր, Կարեն Ա. Սիմոնյանն ընդունվել և ավարտել է Երևանի պոիտեխնիկական ինստիտուտը: Ավաղ, մեզանում թյուր և կարծրատիպային վերաբերմունք կա այլ բնագավառներից պրոֆեսիոնալ գրական ասպարեղ մտած ստեղծագործողների մասին:
Համացանցում տեղ գտած գրաքննադատական հոդվածներում զուգահեռ է անցկացվում Կասարեսի «Մորելի գյուտի» և Ստանիսլավ Լեմի «Սոլյարիսի» միջև` անգամ նշելով, որ Լեմն իր ֆանտաստիկ վեպը գրել է «Մորելի գյուտի» ազդեցությամբ: Կարծում եմ` նման հետևությունն անհիմն է, քանի որ «Սոլյարիսը» (անգամ Տարկովսկու յուրօրինակ կինոմեկնաբանությամբ) միայն հիացմունք է ծնում: Նաև այն կարծիքը կա, թե «Մորելի գյուտը» գրվել է Հերբերտ Ուելսի «Դոկտոր Մորոյի կղզին» ֆանտաստիկ վեպի ազդեցությամբ: Եթե սա ճիշտ է, ապա պետք է նկատեմ, որ առաջին գործն անհամեմատ հետաքրքիր է թե գաղափարի, թե հանգուցալուծման առումով:
Վիպակի ընթացքում հերոսը սիրահարվում է Ֆաուստինա անունով երիտասարդ կնոջը, որին միաժամանակ սիրահետում է նաև Մորելը: Մի քանի աղբյուրներում Կասարեսի հերոսի ապրումները համեմատվում են Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» վիպակի հերոսի ապրումների հետ: Սակայն այս համեմատությունը տեղին չէ: Վերթերի ապրումներն իրական են և փոխանցվում են ընթերցողին: Ի վերջո, ինչպես գիտենք, անպատասխան սիրո անհույս որոգայթներում երիտասարդ Վերթերն իր կյանքին վերջ է տալիս ինքնասպանությամբ: Թող ներվի ինձ, բայց գոնե այսպես վարվեր Կասարեսի հերոսը… Այդ դեպքում ինչ-որ չափով կհիմնավորվեին նրա սիրային ապրումները, որոնք, ըստ էության, անտեղի են և որևէ կապ չունեն վիպակի հիմնական բովանդակության հետ: Մի ակնթարթ միայն տաք մի հորձանք ես ակնկալում ինչպես Մերի Լամբերտի «Սիեստայում», սակայն շուտով պարզ է դառնում, որ Կասարեսի հերոսը դեռ անգամ երիտասարդական էլ չէ, այլ պատանեկան սիրահարության փուլում է ընդամենը… Սրանից շատ է տուժում վիպակի զգացմունքային շերտը: Պատահական չէ, որ այդ սիրային պսևդո-եռանկյունու մեջ շուտով ընթերցողի համակրանքն անցնում է Մորելի կողմը:
Մի ուրիշ ծայրահեղության էլ հանդիպում ենք համացանցում տեղ գտած մեկ այլ հոդվածում, որտեղ Կասարեսի հերոսը համեմատվում է ոչ ավել, ոչ պակաս, քան Ֆաուստի հետ… Գյոթեն իր «Ֆաուստ» ողբերգության վրա աշխատել է շուրջ վաթսուն տարի և, վստահաբար, էլի կհղկեր այդ հիրավի մեծ գործը, եթե չկնքեր իր մահկանացուն: Կարծում եմ` այսօրինակ զուգահեռը պարզապես անհամեստ է…
Վիպակում խնդրի դրվածքը և գրական լուծումը ևս մտացածին է` այս բառի բացասական իմաստով: Եթե համեմատում ենք Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոյի» հետ, ապա պետք է հիշել, որ Դեֆոն իր հանրահայտ գործը հրատարակել է 1719 թ., մինչդեռ դրանից 220 տարի անց ինչ-որ բան պիտի որ փոխված լիներ աշխարհում և գրականության տեսության մեջ… Համենայն դեպս, որևէ պատճառ չկար գլխավոր հերոսին Վենեսուելայից հասցնել Օվկիանիայում ծվարած անմարդաբնակ մի կղզի` այնտեղ սիրահարվելու և Մորելի գլուտը լուսաբանելու համար: Բորխեսի հետ ընկերությունը պիտի որ դրական որևէ արդյունք տար ֆանտազիայի առումով: Եվ անգամ պետք չէր նոր Բաբելոնյան գրադարան մոգոնել: Կարելի էր պարզապես մի որևէ այլ հետաքրքիր լուծում գտնել: Ռոբինզոնի թեման ու հնարքը կարող են նոր բացահայտումներ ստանալ, իհարկե, բայց Կասարեսի դեպքում այդ նույն կղզին կարող էր անգամ Վենեսուելայի լեռներում ծվարած մի գյուղակ կամ ամրոց լինել…
Հավերժական կյանքի մասին Մորելի մտորումներն ու հայտնագործությունը ևս թյուր են… Խասքը բնավ հավերժական կամ գոնե երկարաձգված կյանքի մասին չէ, այլ հոլոգրաֆիկ շարժապատկերների (այլ բառերով` կինոյի), որոնք անձնավորված չեն և որևէ զգայական կապ չունեն պատկերները մարմնավորող անձանց հետ: Ուստի խոսել հեղինակի բացառիկ երևակայության մասին, թերևս, տեղին չէ:
Ինչպես նշեցի վերևում, Կասարեսը սերում է հարուստ բուրժուական ընտանիքից: Կարծում եմ հենց այս հանգամանքն է, որ նրան թույլ չի տվել շարունակ ձգտել ինքնակատարելագործման: Երբ չկա հանապազօրյա հաց վաստակելու պես կարևոր ազդակ` արվեստագետը դատապարտված է մահվան որպես այդպիսին: Եթե Վան Գոգը ևս հարուստ ընտանիքից լիներ, մենք այսօր հաստատ չեինք ունենա այն Վան Գոգին, որին պաշտում ենք: Եթե Կասարեսի առաջին վիպակը ժամանակին ճիշտ գնահատականի արժանանար, և նա շարունակեր աշխատել ինքն իր վրա, ապա թե՛ նա, թե՛ ընթերցողը միայն կշահեին: Պատմությանը հայտնի են հազվագյուտ դեպքեր, երբ հարուստ ընտանիքից հանճարներ են սերում: Սակայն Կասարեսի դեպքը հաստատ սրանցից մեկը չէ: Նրա գործերը, և հատկապես` «Մորելի գյուտը» արհեստականության և հնարովիության տպավորություն են թողնում ու կատարյալի գաղափարի պատրանք ստեղծում: Բորխեսն ասում էր, որ գրականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ` կառավարվող երազ: Միգուցե այս միտքը նա քննարկել է իր գրչակից ընկերոջ հետ, և վերջինիս դուր է եկել այսօրինակ մոտեցումը: Սակայն արդյունքը, հաստատ, բորխեսական չէ…
Չնայած «Մորելի գյուտը» համարվում է ֆանտաստիկ ժանրի ստեղծագործություն, իմ կարծիքով այն ավելի շուտ ֆուտուրիստական է կամ ֆանտասմագորիկ, որում մտքերի խառնաշփոթն ակնհայտ է: Մասնավորապես, ի՞նչ նպատակ է հետապնդում հեղինակը հերոսի սիրային տվայտանքների և ներանձնական մաքառումներից հետո բերել Մորելի գյուտի ինքնաբացահայտմանը, ապա բավականին արագ և տրամաբանորեն չարդարացված հանգուցալուծմանը: Հիրավի, ու՞մ է պետք հայելին, որի մեջ ոչ ոք երբեք չի նայում: Ու՞մ կամ ինչի՞ համար էլ Մորելի գյուտը, եթե կղզում կարող էր ոչ ոք չգտնվել: Գլխավոր հերոսի ներկայությունը պարզապես պատահականություն էր, ընդ որում` ժամանակավոր: Եվ դրանից հետո անցում է կատարվում հերոսի քաղաքական հայացքների վերլուծությանը և լատինամերիկյան իրականության և անհատի բարոյահոգեբանական ընդհարմանը… Ինչի՞ է ձգտում Կասարեսը նման խառնաշփոթ ստեղծելով:
«Մորելի գյուտը» համարվում է Կասարեսի լավագույն ստեղծագործությունը: Ինձ նաև ծանոթ են նրա` Բորխեսի հետ համահեղինակած պատմվածքները: Ես փորձեցի կարդալ դրանք ռուսերեն, սակայն այդպես էլ վերջին չհասա: Կարծում եմ, որ եթե Բորխեսը միայնակ գրեր այդ դեդեկտիվ շարքը, ապա այսօր մենք բորխեսյան մեկ այլ գլուխգործոց կունենայինք: Համահեղինակված այդ երկերը պարզապես անհնար է կարդալ և մեծագույն ճիգ է պահանջում, որն էլ ի չիք է դարձնում ընթերցանության պրոցեսից ստացած հաճույքը:
Երբեմն կողքային հայացքն ավելի է ընկալում, քան դիմահարը: Ես համացանցում գտա և նայեցի Կասարեսի վիպակի թեմայով Էնիդիո Գրեկոյի կողմից 1970 թ. նկարահանված համանուն գեղարվեստական ֆիլմը (L’invenzione di Morel): Միջին կարգի ֆիլմ է: Համենայն դեպս` ավելի հեշտ է նայել գեղանի Աննա Կարինայի մասնակցությունբ ֆիլմը, քանի որ երկու ժամից պակաս է տևում:
Ցանկացած արվեստի գործ, այդ թվում` գրական, պետք է նախ և առաջ հետաքրքիր լինի և հինգ զգայարաններին (կամ գոնե դրանց մի մասին) հաճելի լինի: Ավաղ, ես չեմ կարող սա ասել Կասարեսի «Մորելի գյուտը» վիպակի մասին: Միգուցե երբեմն իրոք պետք է կանգնել ու բարձրաձայն ասել, որ թագավորը մերկ է: Այլապես մի օր թագավորն ինքը կասի, թե ժողովուրդը մերկ է: Այդ դեպքում մեզ կմնա միայն ամոթխած հայացքով թողնել-հեռանալ:

07 հունվարի 2017 թ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *