Մարգարիտա Եսայան | Ագռավների մոլորակ

Մարգարիտա ԵսայանԿըռռ հա կըռռ, կըռռ-կըռռ, էլի՝ կըռռ, կըռռռռռռռռռռ, նորից` կըռռկըռռ, էլի ու էլի:
Կռռոցն անընդմեջ է, չի դադարում, հազարավոր ագռավներ հավաքվել են երկնքի երեսին ու կռռում են, կռռում են միաձայն, միանման եւ միալար…
Կռռոցը պատել է երկինքը, երկինքը կռռոցից աչք չի բացում, ագռավները պատել են երկինքը եւ այնքան կիպ կպած են իրար ու երկնքին, որ ծածկել են երկնքի երեսը, կապույտի ոչ մի նշույլ, երկինքը սեւ է, ագռավային սեւ, կռռոց ու սեւ, սեւ կռռոց:
Ագռավները գրավել են երկնքի կապույտը, ագռավները երկնքի կապույտի տերն են դարձել:
Երկինքը կորցրել է իր դեմքը եւ դարձել է ագռավների մոլորակի անբաժանելի մասը:
Վերջին օրերին ագռավներն ավելի են շատացել, այնքան են ակտիվացել, որ մարդիկ խուսափում են փողոց դուրս գալ, փողոցում զբոսնողների թիվը կտրուկ պակասել է, մարդիկ հատուկենտ են երեւում, դուրս են գալիս խիստ անհրաժեշտության դեպքում միայն:
Ագռավները բավականին ցածր են թռչում, մարդաբոյ, երբեմն՝ ավելի ցածր, մարդկանց գլուխներին դիպչելով:
Ագռավների թեւերի թափահարումից օդի մեջ անթիվ-անհամար սեւ փետուրներ են պտտվում, ագռավներն ամեն րոպե կարող են ծրտել ձեր գլխին, ու դուք անզոր եք այդ ծերտի դեմ բողոքելու. ո՞ւմ բողոքեք, ում որ հարկն է բողոքելն ու արդար վճիռ ակնկալելը իմաստ չունի, նա, ում պետք է բողոքեք ի պաշտոնե, ինքն էլ մի լավ օրի չէ, նրա գլուխը եւս վտանգի մեջ է:
Ագռավները շատացել են:
Ամեն քայլափոխի ծրտում են, թռչում, փետուրները թափում մարդկանց գլուխներին ու կռռում, ոնց են կռռում, ահավոր բարձր ձայնով, աննախադեպ համարձակ եւ ինքնավստահ:
… Երկնքի թագավորությունում շատ կարեւոր մի բան է փոխվել, երկինքն այլեւս առաջվա պես անվտանգ չէ, երկնքում անգամ ինքնաթիռներ չեն երեւում, քանի որ անպատժելի ագռավները իրենց քիթը խոթում են նաեւ ինքնաթիռների շարժիչների մեջ, եւ ինքնաթիռներն օդում կանգ են առնում:
… Շենքից դեպի էլեկտրական սյուն երկու-երեք մետր է, ագռավները այս ուղին անգիր գիտեն, քանի որ սա իրենց ամենօրյա երթուղին է՝ շենք-էլեկտրական սյուն, սյուն-շենք, ու էս ճանապարհին՝ ագռավներ՝ սեւ, շատ սեւ, մարդիկ չեն կարողանում անփորձանք անցնել իրենց ճանապարհը, ագռավները կամ ծրտում են նրանց գլխին, կամ իջնում են՝ առանց անհարմար զգալու:
Օրերս փողոցում կրկին դեպք պատահեց:
Մի մարդ էր անցնում… ագռավներին դա դուր չեկավ, դուր չեկավ այդ անցորդի համարձակ, իրենց հաշվի չառնող պահվածքը: Ագռավների մոլորակում դավադրությունների համար հարկ չկա նախապես պայմանավորվել կամ պլանավորել, դավադրություններն այստեղ ստացվում են ինքնըստինքյան:
Ու այդ առավոտ ագռավները անձայն, առանց կռկռոցի, կամաց-կամաց մոտեցան անցորդին եւ մեկ հրամանով իրենց սուր կտուցներով եւ ահագին թեւերը թափահարելով՝ հարձակվեցին մարդու վրա:
Կռռոցը լսվեց այնքան ուժեղ եւ այնպես սահմռկեցուցիչ, որ դիմացի տան պատուհաններից նայողները սարսափահար հեռացան պատուհաններից եւ թաքնվեցին պահարանների եւ բազմոցների ետեւում: Կռռոցը ահագնացավ, փողոցում միմիայն կռռոց էր լսվում, ահավոր ձայն էր, երկինքն ավելի սեւացավ, ավելի ու ավելի շատ փետուրներ հայտնվեցին օդում:
Մարդը պաշտպանվում էր ձեռքերով, փորձում էր փրկել գլուխը, աչքերը, մարդը իրականում չէր էլ երեւում, այդ նրանց՝ իրենց տների պատերի ետեւից նայողներին էր թվում, թե մարդը պաշտպանվում է: Իրականում մարդը չկար, մարդու սիրտը սառել էր, բզկտված մարմինը ընկած էր գետնին, իսկ ագռավները շարունակում էին իրենց խրախճանքը: Սա երկար կշարունակվեր, բայց…
.… Մեկ էլ օդի մեջ կռկռոցից ավելի ուժեղ մի ձայն տարածվեց՝ բում-բում, բում-բում, ինչ-որ մեկը համարձակվեց կրակել, հանեց իր որսորդական հրացանը նկուղում դրված թախտի միջից, լիցքավորեց, բացեց փոքրիկ պատուհանը, փողը դուրս արեց ու՝ բում-բում, կրակեց ուղիղ ագռավների ամբոխի վրա:
Ագռավները չհասկացան՝ էս ով համարձակվեց իրենց կռկռոցից ավելի բարձր ձայն հանել, մի պահ միայն քարացան եւ ապա նույն էնտուզիազմով շարունակեցին իրենց գործը:
Մարդը նորից կրակեց, այս անգամ գրեթե անընդմեջ, բում-բում, բում-բում, կրակեց երկար եւ համառ:
Ագռավները թռան տարբեր կողմեր, թռան խիստ գրգռված՝ փետուրները թափելով երկնքի եւ փողոցի երեսին:
Բզկտված մարդը ելավ ու ոտքերը հազիվ քարշ տալով հեռացավ:
… Այս դեպքից հետո բավական երկար ժամանակ անցավ, շատ երկար… Փողոցում ամեն առավոտ եւ իրիկուն հայտնվում է մի մարդ՝ ոտքից-գլուխ զրահավորված, սաղավարտով, ամբողջ մարմինը փակ, անգամ աչքերը չեն երեւում, այդ մարդը ամեն առավոտ գալիս-կանգնում է փողոցի ամենաագռավաշատ տեղում եւ երգում. «Խրտվիլակն եմ, խրտվիլակը, այն տխրահռչակ մենակը, ում կերան ագռավները հենց այստեղ, հենց այստեղ»:
Մարդիկ սարսափում էին այս խրտվիլակից, երեխաները հենց որ չարություն էին անում, մայրիկները սաստում էին. «Հիմա խրտվիլակին կկանչեմ»:
Այդ օրվանից ագռավների մոլորակում տեղի ունեցավ երկպառակում՝ բոլոր բնակիչները բաժանվեցին երկու խմբի՝ ագռավների եւ խրտվիլակների, իսկ մարդիկ վերածվեցին ստվերների:
Հետո տարիներ անցան, եւ այդ ժամանակներից այլեւս ոչ ոք գրեթե ոչինչ չի հիշում, չի հիշում անգամ, թե ինչպես եղավ, որ ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ խախտեց խաղի կանոնները եւ կրակեց:
Կրակողին այդպես էլ չգտան:
Այդ օրերից ի վեր խրտվիլակները մտնում էին մարդկանց տները եւ վախեցնում երեխաներին, իսկ ագռավներն արդեն այնպես էին վարժվել խրտվիլակների ներկայությանը, որ երբեմն նաեւ մոռանում էին իրենց բուն զբաղմունքը եւ խրտվիլակների գլուխներին կանգնած՝ նայում էին այն արձանին, որի գլխին տարիների ընթացքում այնքան էին ծրտել, որ չէր երեւում՝ այդ արձանը արդյոք կնո՞ջ, թե՞ տղամարդու արձան է, ի՞նչ քարից է կամ՝ ի՞նչ չափեր ունի:
Կային մարդիկ, ովքեր աղոտ հիշում էին, որ դա բավականին հայտնի մի մարդու արձան է, ով ստեղծել էր առաջին հրացանը: Սակայն այդ մասին ոչ ոք բարձրաձայն չէր խոսում, ագռավների մոլորակում ամեն ինչ այլ էր՝ կռկռոցից բացի, մնացած ամեն խոսք համարվում էր զազրախոսություն, անգամ օրենքներում հատուկ փոփոխություններ արվեցին՝ զազրախոսության համար դատապարտում էին ցմահ կտցահարման:
Դրա համար արդեն հատուկ տարածքներ էին առանձնացրել, եւ վայ նրան, ով կընկներ այդտեղ:
Այս փոփոխությունները տվեցին դրական արդյունք, այլեւս ոչ ոք չէր զազրախոսում, մոլորակում լսվում էր միայն կռկռոցը, եւ ժամանակ առ ժամանակ հնչում էր կրակոց, եւ ինչպես առաջներում, արդի ժամանակներում եւս անհայտ էր մնում, թե ով էր կրակողը:
Հա, արձանի մասին պատմությունը շարունակելով՝ ասենք, որ կար ժամանակ, երբ այդ արձանը կոչվում էր Գյուտարարի արձան:
Ագռավների մոլորակի օրերում այդ արձանը դարձավ Ծերտածածկ արձան:
Դա հենց այն տեղն էր, որտեղ մարդիկ զբոսանքի էին հանում իրենց զրահապատ երեխաներին, կանայք նստում էին արձանի տակ դրված երկար նստարանին եւ զմայլվում էին ագռավների թռիչքով, փետուրների թափահարումով, կռկռոցով, եւ եթե բախտները բերում էր, ականատես էին լինում նաեւ ագռավների խրախճանքներին:
Լինում էր, այո, երբ մեկն ու մեկն անզգուշաբար կամ ինքն իր կյանքից ու իրենից զզված՝ միտումնավոր անցնում էր ագռավների մոլորակով… ագռավները նույն եռանդով հարձակվում էին այդ մեկնումեկի վրա եւ հոշոտում էին:
Սակայն չկար այլեւս նախկին էնտուզիազմը, հիմա ագռավները իրենք էլ էին ձանձրացել իրենց անշնորհակալ զբաղմունքից եւ այդ բանն անում էին պարզապես իրենց կերպարը փրկելու համար, ուրիշներին հիշեցնելու, որ իրենք դեռ կան, որ իրենք դեռ ուժեղ են եւ ագռավային մտածողությունը դեռ երկար է թագավորելու հանուն ագռավային մտքի ու կռռոցի հավերժության:

Share Button

1 Կարծիք

  • G. Peram says:

    Ագռավների Մոլորակը շատ հաճույքով կարդացի, գողտրիկ պատմվացք է։ Մարգարիտան սահուն և գունավոր կերպով նկարագրել էր։ճիշտ կարծես թէ մի ֆիլմ եմ նայել,հրաշալի էր տպավորված եմ։ Հաջողություն եմ մաղթում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *