Ալբեր Կամյու| Օրագրություններ

Ալբեր Կամյու

Albert CAMUS, CAHIER I
(Հատվածներ)

Մայիս, 35

Ահա թե ինչ եմ ուզում ես ասել.
Ի՞նչ կարող ենք զգալ (առանց ռոմանտիզմի)՝ կորսված աղքատության կարոտախտ: Խեղճության մեջ ապրված բովանդակ տարիներն իսկ բավական են՝ (դյուրա)զգացությունը  ստեղծելու համար: Տվյալ դեպքում առանձնահատուկ է իր ողջ (դյուրա)զգացությունը սահմանող այն արտառոց զգացմունքը, որը որդին տածում է մոր նկատմամբ [1]: (Դյուրա)զգացության այդ դրսևորումներն ամենաայլազան տիրույթներում բավարար չափով բացատրվում են նրա մանկության մասին քողարկված, նյութական հիշողություններով  (խեժ, որ կառչում է հոգուց):
Այստեղից` (նրա համար, ով նկատում է) երախտագիտությունը, հետևաբար՝ անմաքուր խիղճը: Այստեղից էլ, համեմատության համար, եթե փոխենք միջավայրը, կորսված հարստությունների զգացումը: Հարուստ մարդկանց համար երկինքը՝ տրված ի հավելումն, թվում է բնական պարգև: Աղքատ մարդկանց համար նրա անսահման գթասիրտ բնույթը վերադարձվում է իրեն:
Անմաքուր խղճի մեջ խոստովանությունն անհրաժեշտ է: Գործը խոստովանություն է. ես պետք է վկայեմ: Ես միայն մեկ բան ունեմ ասելու, լավ տեսնելու: Հենց այդ աղքատ կյանքում, այդ խոնարհ կամ սնափառ մարդկանց միջև եմ ես ավելի վստահորեն շոշափել այն, ինչն ինձ թվում է կյանքի ճշմարիտ իմաստը: Արվեստի գործերն անդ երբեք բավարար չեն լինի: Արվեստն ամեն ինչ չէ ինձ համար: Թող, ծայրահեղ դեպքում, այն լինի միջոց:
Հարկ է նկատի ունենալ նաև անազնիվ  ամոթը, մի փոքր եկրչոտությունը, անգիտակից հարգանքը, որ հաշտեցվում են ուրիշ աշխարհում (փողի): Ես կարծում եմ, որ աղքատների աշխարհը հազվադեպներից մեկն է, եթե ոչ միակը, որն ամփոփված է ինքն իր մեջ, որը կղզի է հասարակության մեջ: Առանց մեծ ծախսերի այնտեղ կարող են Ռոբինզոն խաղալ: Ով էլ լինի այնտեղ սուզվողը, նրան պետք է ասել «այնտեղ», երբ խոսքը բժշկի բնակարանի մասին է, որը երկու քայլի վրա է:
Հարկ է այդ ամենն արտահայտել մոր և որդու միջոցով:
Սա՝ ընդհանուր գծերով:
Ճշգրտելով ամեն ինչ բարդանում է.
1) Տեսարանը: Թաղամասը և նրա բնակիչները:
2) Մայրը և նրա գործողությունները:
3) Որդու հարաբերությունները մոր հետ:
Ինչպիսի լուծում: Մա՞յրը: Վերջին գլխում խորհրդանշական արժեքն իրականացվում է որդու կարոտախտով:

[1] Այս տեքստը, որտեղ ի հայտ է գալիս մոր թեման (Օտարականը, Թյուրիմացությունը, Ժանտախտը), անկասկած, «Աստառ և երես»-ի մեջ «Այո-ի և ոչ-ի միջև» էսսեի առաջին բանաձևումն է:
*
Գրանիե [2]. մենք միշտ թերագնահատում ենք իքներս մեզ: Բայց [գալիս են] աղքատությունը, հիվանդությունը, մենակությունը, [և այդժամ] գիտակցում ենք մեր անմահությունը: «Հնարավոր է, որ մեզ մղեն [դեպի] մեր վերջին պատնեշը»:
Այդպես է, որ կա, ոչ ավել, ոչ պակաս:

[2] Ժան Գրանիեն, որ Կամյուի փիլիսոփայության պրոֆեսորն էր, նրա վրա խորը ազդեցություն է թողել (բացի բարեկամությունից, որը երկուսի համար էլ միշտ հասանելի էր), ինչի մասին վկայում են «Աստառ և երես»-ի և «Անապատ»-ի («Ամուսնություններ») ընծայականները, ինչպես նաև «Ժան Գրանիեի կղզին»-ի վերջին հրատարակությունը:

*
Ընդունայն է «փորձառություն» բառը: Փորձառությունը փորձնական  չէ: Այն չեն հրահրում: Այն հանկարծական է: Ավելի շուտ համբերություն, քան փորձառություն: Մենք համբերում ենք. ավելի շուտ գոյությունն ենք քարշ տալիս :
Ամենայն պրակտիկա. փորձառությունից դուրս գալը իմաստուն չի դարձնում: Իսկ ի՞նչ:

*
Երկու ընկերուհիներ. երկուսն էլ շատ հիվանդ: Բայց մեկի մոտ նյարդերն են. առողջացումը  միշտ էլ հնարավոր է: Մյուսը թոքախտ է՝ վերջին փուլում: Ոչ մի հույս:
Մի անգամ՝ կեսօրին: Թոքախտավորն ընկերուհու սնարի մոտ: Նա.
– Տեսնո՞ւմ ես, մինչ օրս անգամ իմ ամենավատ նոպաների ժամանակ ինչ-որ բան իմ մեջ մնում էր: Կյանքի հույսը չափազանց կառչուն  է: Այսօր ինձ թվում է, որ այլևս պետք չէ ոչինչ հուսալ: Ես այնքան հոգնած եմ, որ թվում է՝ երբեք վեր չեմ կենա:
Այդժամ մյուսը, վայրի, հրճվալից փայլատակումն աչեքրում, վերցնում է նրա ձեռքը. «Օ՜: Մենք մեծ ճամփորդության կմեկնենք միասին»:
Նրանք՝ թոքախտից մեռնողը և մյուսը՝ գրեթե բուժված: Նա ճամփորդություն է իրականացրել Ֆրանսիայում՝ բուժման նոր մեթոդ փորձելու համար:
Եվ [մեռնողը] մեղադրում է նրան դրա համար: Նա նրան մեղադրում է , ըստ երևույթին, իրեն լքելու համար: Իրականում նա տառապում է նրանից, որ [ընկերուհուն] համարում է բուժված: Նա խելագար մի հույս էր փայփայում, որ միայնակ չի մեռնելու, որ իր հետ կտանի և իր թանկագին ընկերուհուն: [Եվ արդ] պետք է մեռնի միայնակ: Եվ այդ իմանալով՝ իր ընկերությունը սնուցանում է սարսափելի ատելությամբ:
*
Փոթորկալից երկինք օգոստոսին: Հրկիզող քամիներ: Սև ամպեր: Արևելքում, սակայն, կապույտ, նուրբ, թափանցիկ մի շերտ: Անհնար է դրան նայել: Նրա ներկայությունը տառապանք է աչքերի և հոգու համար: Բանն այն է, որ գեղեցկությունն անտանելի է: Այն մեզ հուսահատեցնում է, մեկ րոպեի հավերժություն, որը մենք, սակայն, ցանկանում ենք ձգել-երկարեցնել ժամանակի ողջ երկայնքով:
*
Նրա բերկրանքն անկեղծության մեջ է: Շատ հազվադեպ:

*
Կարևոր է նաև կատակերգության  թեման: Այն, ինչ մեզ փրկում է մեր առավել վատ ցավերից, լքվածության և միայնակ լինելու զգացումն է, բայց ոչ այնքան միայնակ, որ «ուրիշները» մեզ «չնկատեն» մեր դժբախտության մեջ: Հենց այդ իմաստի մեջ են երբեմն մեր երջանկության ակնթարթները, որտեղ մեր լքումի զգացումը մեզ փքում և բարձրացնում է անվերջ թախծի մեջ: Այդ իմաստով էլ երջանկությունը հաճախ այլ բան չէ, քան մեր դժբախտության հանդեպ կարեկցանքի զգացումը:
Ապշեցուցիչը աղքատների մոտ. Աստված ինքնահիացումը դրել է հուսահատության կողքին՝ իբրև դարման ցավի կողքին:
*
Երիտասարդ տարիներին ես մարդկանցից ավելին էի հայցում, քան նրանք կարող էին տալ. շարունակական ընկերություն, տևական հուզում:
Այժմ ես կարող եմ նրանցից հայցել ավելի քիչ, քան նրանք կարող են տալ. ընկերակցություն առանց խոսքերի: Եվ նրանց հուզումները, նրանց ընկերությունը, նրանց ազնիվ վարմունքներն իմ աչքերում պահպանում են հրաշքի իրենց բովանդակ արժեքը. գթասրտության բովանդակ արդյունքը:
*
… Նրանք արդեն չափից շատ էին խմել և ուզում էին ուտել: Բայց դա Սուրբ Ծննդյան գիշերվա ընթրիք էր, և տեղ չկար: Քաղաքավարությամբ հրաժարվելով՝ նրանք պնդեցին: Նրանց դուրս հանեցին դռնից: Այդժամ նրանք ոտքով հարվածեցին տանտիրուհուն, որը հղի էր: Եվ տանտերը՝ մի թուլակազմ, խարտյաշ երիտասարդ, խլեց զենքն ու կրակեց: Փափուշտը խրվեց մարդու աջակողմյան քունքի մեջ: Հենց վերքի վրա գլուխը թեքվեց, և այդժամ հանգստացավ: Ալկոհոլից և վախից հարբած նրա ընկերը սկսեց պարել դիակի շուրջ:
Հասարակ արկած էր և վաղը կավարտվեր թերթի մեջ մի հոդվածով: Բայց առայժմ թաղամասի այդ հեռավոր անկյունում՝ ոչ վաղուցվա անձրևներից լպրծուն սալաքարի վրա, հազվադեպ լույսը, թաց ավտոմեքենաների երկար սահքերը, դեպքից դեպք պատահող հնչեղ և լուսավորյալ տրամվայների ժամանումը անհանգստացնող ծավալայնություն  են հաղորդում ուրիշ աշխարհի այդ տեսարանին.  այդ թաղամասի քաղցր և թախանձող պատկերը, երբ օրվա ավարտին իր փողոցներում ստվերներ է բնակեցնում, երբ, ավելի շուտ, մեն-միայնակ ստվերը՝ անանուն, խուլ դոփյունով և ձայնի խառնաշփոթ աղմուկով ազդարարվող, երբեմն ի հայտ է գալիս արյունահեղ փառքի հեղեղումով դեղատան լուսամփոփի կարմիր լույսի մեջ:

© Թարգմանությունը ֆրանսերենից՝ ԹՈՆԴՐԱԿԻ

 

Շարունակությունը՝ Այստեղ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *