ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | Երթուղային Մանրանվագներ

(հիմնականում երջանիկ ավարտով – happy end)

Երգը
Ավետիսն իր քրքրված, մաշված երթուղայինի մեջ բուրավետ, թարմացնող օծանելիք փչեց, նայեց վերջին նստարանի պատռված պաստառին, որոշեց հետաձգել սրա կարկատելը, փոխարենը դինամիկներ առնել, տեղադրել մեքենայի մեջ, որ, հաջողությունը գիտի, Աշուղ Նաիրայի էս երգի դիսկը ճարելուց հետո լսեն իր բոլոր ուղևորները, որոնց բոլորի էլ ցավը տանի. լավն են:
Սրտից եկողի հար և նման է երգում Աշուղ Նաիրան… Եթե տղամարդ չլինի, հենց էս դարդոտ կնոջ համար կլացի, արցունք չի խնայի… «Սերը՜ս տարար քեզ հետ, առանց սիրո էլ չեմ ապրի՜…»: Բայց տղամարդ ես, պիտի այլ բաների վերագրես երգի հնչյունների հետ փորիդ մեջ վերուվարող նժնժոցը…«Մե՛րս, մերի՛կս, ողջ լինեիր, կճարեի, քեզ կնվիրեի էս երգը… կլսեիր, իմ դարդոտ մերիկ, իմ տեղն էլ կլացեիր իմ հոր, քո սրտի միակ սեր ամուսնուդ համար, որ կորավ ռուսաստանների տափաստաններում, անգերեզման»:
«Մառուսիս կնվիրեմ,-որոշեց,- ես նրա դարդոտ ներվերին մեռնեմ»: «Հա՛, իհարկե Մառուսիս: Տուն չեմ տանի,- վայրկյանի տակ գիտակցեց,- էրեխեքս գլխի կընկնեն, որ հերը դարդոտ է և մի քիչ ցնդած … Հիմա չեն հասկանում, բայց մեծանան, իրենք իրենց հարց կտան՝ «Կարո՞ղ է մեր հերը սիրած-միրած ուներ, թե չէ ինչի՞ էր տխուր ուտում իր իրիկնահացը…Ինչի՞ էր ստիպում էդ դարդոտ երգը լսել…Ինչի՞ էր րոպեն մեկ Աստծուն խնդրում իր մեղքերը մեղք չհամարել, քանի որ դրանք գործելու պատճառներ ուներ երևի, թեև պատճառները ի՞նչ… Մեղք գործելը ե՞րբ է առանց պատճառի լինում… Բայց էս պատճառն ուրիշ է, Տե՜ր Աստված… Դու գիտես, որ սա սեր է… Մառուսիս սիրո՜ւմ եմ… Համաձայն չե՞ս, Տերս, Քո պարգևը չի՞… Երկու սիրտ իրար չեն փնտրել, բայց գտել են… Կսիրեի՞ Մառուսիս, եթե էդքան սիրուն, սպիտակ, փափուկ չլիներ, ու եթե էդ մարմինը ոչ թե ուրիշին, գուցե ինձնից շա՜տ արժանավորին, այլ ինձ է տրվում, կամավոր: Ի՞նչ անեմ: Դու շա՞հ ես համարում, Տե՜ր, որ օրը մեջ մտնում եմ տունը, մի քիչ ուտելու բան-ման եմ տանում, մտնում եմ ծոցը, հետո…. հետո անո՜ւշ զրույց ենք անում՝ մինչև զարթուցիչն ազդարարի, որ իմ ձեռքի ուտելիքով տոպրակին սպասող տունուտեղ էլ ունեմ… Շատ չհամարես, Տե՜րս»: Չէ՛, էրեխեք ջա՛ն, դուք ուրախ դիսկո, ջա’զ լսեք… Ձեր հերը նախ ձեզ համար է աշխատում, հալալ քրտինք թափում, հետո ձեր մոր, հետո Մառուսի: Չգիտեմ, երևի էս վերջին կետի վերաբերյալ գոնե ինքս ինձ ճիշտը խոստովանեմ. ձեզնից հետո առաջին տեղը, ի՞նչ մեղքս պահեմ, մեկ Մառուսինս է, մեկ ձեր մայրիկինը»:

Շուբերտ, Ավետիս և Նվարդ
Նույն պահին, երբ Ավետիսն անջատեց ընդունիչի կոճակը, այսինքն՝ երթուղայինից արգահատանքով դուրս շպրտեց Շուբերտի Barkarola-ն և մինչև ռեյս մտնելը փորձարկելու համար միացրեց Աշուղ Նաիրայի սրտառուչ երգը, Նվարդն իր տան հյուրասենյակում միացրեց ընդունիչը: Barkarola-ն իր ամբողջ շուքով խուժեց հյուրասենյակ, ասես ոչ թե վռնդված էր Ավետիսի քրքրված երթուղայինից, այլ ճամփա էր կտրել վայրի հեռուներից, որտեղ լուրեր կան պահված վաղնջական մաքրության առավոտների մասին, գալիս էր, որ կանգ առնի եթե ոչ իրեն, ապա գոնե իր նման ինչ-որ բանի սպասող Նվարդի հյուրընկալ տանը, միասին հաշտվեն կյանքի դրած խնդիրների հետ, գուցե նաև կտրեն երեխայի ամենօրյա առավոտյան անխուսափելի լացը:
Չի կարողանալու կենտրոնանալ, թե ինչը ինչից հետո անի… Վաղը արդեն համերգն է: Չկարողացավ, էլի չկարողացավ պետք եղածի չափ պարապել: Էլի չհասցրեց երեխայի բլուզը հարթուկել… Barkarola-ի և տան ձայնարկիչից անվերջ հոսող մեղեդիների դեմ ոչինչ չունի երեխան, երկա՜ր լսում է, հաճախ խաղաղ քուն է մտնում դրանց հնչյունների տակ. ընդվզում է միայն մամայի՝ կրկնվող, հաղթահարվելու, անվերջ ողորկվելու կարիք ունեցող ակորդների դեմ: Թքած ջութակի և Բրամսի, Շուբերտի և մյուսների վրա.. Կամ ջութակը կամ երեխան…Հե՜յ, Էս ինչե՞ր ես խոսում. քո այս ջութակը քանի՜ անգամ է փրկել, կիսամեռիդ դուրս գցել ափ…
«Գոնե փորձից չուշանայի»… Ընդունիչը չանջատեց. ափսոսանքով փակեց դուռը Շուբերտի վրա…. Մի ձեռքով երեխայի թաթիկը, մյուսով՝ ջութակն իր պատյանով բռնած, սլանում է փողոցով…երեխան կարծես սկսում է համոզվել՝ մանկապարտեզում բոլորը սիրում, անհամբեր իր նման հրաշք բալիկին են սպասում… Ինտերնետային հոգեբանական ցուցումները միանգամից յուրացրեց ջրի պես, ինչպես լինում է էքստրեմալ վիճակներում,… արդյունքն ակներև է… Երեխան լացելու փոխարեն լսում է, թե ինչից հետո ինչ է անելու ինքը մանկապարտեզում, թե մայրիկը որտեղ է լինելու, ինչ է լինելու, երբ ինքը, արդեն ճակատագրի հետ հաշտված, խաղալիս կլինի երեխաների հետ… Ասվում է՝ երեխայի տագնապները ոչ միայն իր, այլև մոր համար են… Անորոշ վախ մոր համար, ում հետ դեռ պահպանվում է պորտալարի կապը… Մաման խոսում է, մեկընդմեջ երգում է իր մեջ հնչող Barkarolan… Երեխան հանգիստ է. մինչև կանգառ մամայի ձայնը ոչ մի րոպե չկտրվեց… մեկ երգում է, մեկ խոսում… մեկ կռանում, համբուրում է պուճուրիկ թաթիկը…Փա՜ռք Աստծո, արդեն երեք օր է՝ երեխան ջերմություն չունի…

Շուբերտի, Աշուղ Նաիրայի ու Նվարդի կռիվը
Ավետիսն իր կիսաքանդ երթուղայինն արդեն մաքրել, ցողել է ջրով, արդեն անուշաբույրով օծել է օդը, անգամ նստարանների տակ… Երբ տրամադրությունդ բարձր է, մանր-մունր խնայողությունների մասին չես մտածում… Արդեն ստուգել է դինամիկները… Հեռվից ճանաչել է Նվարդին իր լացկան երեխայի հետ… Սպասեց՝ գան, նստեն, մյուսներն արդեն գրավել են իրենց մշտական տեղերը. շարժվելու պահին հանդիսավորապես կոկորդը մաքրեց…Իր հայտնաբերած երգի համար բոլոր հարմարությունները տեղը տեղին են արդեն… Միացրեց ձայնարկիչի կոճակը՝ որպես բարի լույսի նվեր իր թանկագին ուղևորներին: Դրեց մուգ ակնոցը, որ եթե Աշուղ Նաիրայի՝ մեքենայով մեկ տարածված երգին , բան է, հանկարծ չդիմանա, ոչ ոք չնկատի արցունքները…
Նվարդին թվաց, թե խելագարի մեկն աննկատ անցել է թիկունքի կողմը, գազազած քաշքշում է մազերը, բայց բանի տեղ դնելու ժամանակ չունեցավ… Barkarola-ի պահպանված հնչյունները սրտապատառ դուրս թռան բաց լուսամուտից… գնացին գտնելու, հասնելու, միանալու բերկրանքի, տխրության, ապահովության իրենց ալիքներին… Անհայտ չարագործի մամային պատճառած ցավից երեխան ճչաց…Տղան սեղմվել է կրծքին, իսկ դինամիկից ուղիղ լսելիքի մեջ է լցվում Ավետիսի՝ սիրո բոլոր փակ դռները խորտակած, կրնկի վրա բացած սրտառուչ երգը…
Իմ սիրածին ոչ մեկին չեմ տա,
Թե վերևից Աստված էլ գա…
Չե՜եեմ տա՜…
Նվարդը եղունգները մտցրեց ափի մեջ, որ ձայն չհանի, դիմանա երեք կանգառ… Նևրասթենիկ կնոջ դողդողացող, գլգլացող ձայնը…Անհասկանալի էակների տալ-չտալուց, ում տալու, ումից ստանալու խճողված այս պատմությունից ելքի դուռ չի երևում… չի կարողանում պաշտպանվել հանկարծ հայտնված ուժերի հարձակումից… Մարմնի բոլոր կողմերից դուրս մղված ձայնը շփոթեցրեց Ավետիսին նաև՝ երթուղայինում իրենց մտքերով ընկած ուղևորներին…Միայն երեխան հասկացավ, որ մամայի ձայնի մեջ դեռ բավարար չէր սպառնալիքը, հերթն իրենն է. տղամարդու պես հոխորտալով կրկնեց մամայի խոսքերը.
– Ո՞ւմ են ասում, դանդալո՛շ, անջատի՛ր… քո աղմուկը:
Ավետիսը կանգնեցրեց մեքենան, իջավ, որ իմանա՝ ի՞նչ իրարանցում է… Հարբած ուղևո՞ր է հայտնվել իր երթուղայինում առավոտ կանուխ…
– Ի՞նչ պատահեց քուրիկս, քեզ ի՞նչ եղավ, բալես…
Ավետիսը անջատեց ձայնարկիչը, առանց հասկանալու, թե ոնց կարողացավ զգացմունքային բարձրակետին չհասած ընդհատել իր հոգու կանչով գտնված երգը: Շատ խղճաց իր ուղևորներին: Իհարկե ջութակահար, ինտելիգենտ կնոջ ու երեխայի անսպասելի պոռթկումը ուղևորների համար հանելուկ մնաց, բայց միահամուռ գնահատեցին վարորդի ըմբռնողությունը…

Հրեշտակները կարծես թե անուն չեն ունենում
«Հաստատ էս վարորդի զոքանչն էր երգողը»,- իր մշտական տագնապալից մտքերը ցրել փորձող Կարինեին ասաց կողքին նստած հին նավաստու թրծված դեմքով ուրախ ծերունին: Կարինեն վաղուց չէր ժպտացել: ժպտաց… Մտքերով եկեղեցու իր քույրերի հետ էր, որ օր ու գիշեր աղոթել էին իր հրեշտակի ու իր համար… Սվետա քրոջ փեսան ձեռ է առնում զոքանչին.«Ամբողջ գիշեր չոքած աղոթում է, ծնկահոդերը մաշելու է՝ կրակն ընկնենք, հետո Տիրոջն ենք կանչելու, որ Պետրոսի զոքանչի պես իմ զոքանչին էլ ոտքի հանի»: «Ինչ անեմ, -ասում, ծիծաղում է Սվետա քույրը,- միևնույնն է՝ քուն չունեմ, իսկ գիշերվա լռության մեջ Տերը ավելի հանգիստ է լսում մեզ»: Ուզեց ծիծաղել հին նավաստու բեղերովի կատակի վրա… Տերը բժշկեց Պետրոսի զոքանչին, երբ սա ջերմի մեջ էր… Երգչուհին, որ ինչպես արդեն գիտենք, Աշուղ Նաիրան էր, միանգամից վերածվեց Պետրոսի զոքանչին, որ բժշկվեց, սկսեց ծառայել հյուրերին, գուցեև երգեց Տիրոջ սիրած երգը՝ Նրան ուրախացնելու համար:
Ժպտում, դուրս է նայում Կարինեն պատուհանից, նայում է Զանգվի ափամերձ ժայռերին, կարծեց արդեն խոսակից է գտել՝ հին նավաստու բեղերովին է հաղորդում իր նվիրական մտքերը: Մինչդեռ մրմնջում է իր համար… Ուղեկիցը մտածում է՝«Հեռախոսով ընկերուհու հետ է խոսում երևի»: Ժպտում է Կարինեն ու մրմնջում.«Նա, որ հիմա այնտեղ է, արդեն անուն չունի, և այնտեղն էլ թող անուն չունենա… Այն, ինչով սնել եմ արդեն անուն չունեցող հրեշտակիս, այլևս գորով, սեր, գութ, մայրական կաթ չի կոչվում…Անվանում ունեն մայրամուտը. լուսաբացը, երբ արդեն չկան, բայց իրենց գեղեցկությունը չի ավերվել մինչև չքանալը… Այլ լուծվել է օրվա նախորդ ու հաջորդ պահերին… աննկատ…Աղճատվել կարող են մայրամուտի, լուսաբացի, գարնան, աշնան պատկերները, եթե թղթի վրա են, թեկուզև մեծ նկարչի կտավի վրա… Պիղծ ուժերը մի շա՜տ չար ժամի շա՜տ մեծ բանի վրա հարձակվելու հրաման ստացած՝ այդ շա՜տ կարևորը կործանելու ելքը գտնում են… «Ների՜իր, Տեր կարծում էի՝ ես եմ ստեղծել իմ հրեշտակին…Ասում ես Քո՞ արարածն է… Ասում ես նա մի ուրիշ տիեզերքո՞ւմ է… Թող քո կամքը լինի, Տեր… Իմ տանջանքը ոչինչ, գիտես, որ միայն նրա ցավն է, որ հանգիստ չի տալիս ինձ… Ասում ես՝ սա իմ պատիժն է, ոչ թե նրանը… Դիմանալու ո՛ւժ տուր, Տե՚ր…. Մարդկային ձեռքի գործերը ցավոք ամայի բնության մեջ տեղ գտած ծերպերի նման անմահ չեն. սրանց մեջ հազարամյակներով ճամփա են հարթում մասրենին, ջուրը, մանրէները: Ո՞վ կարող է վրդովել ամպի այս հսկայական քուլայի անդորրը, ճանապարհ ցույց տալ նրան, ով տարածություն անցնելու համար ճանապարհի կարիք չունի…Ասում ես՝ իմ հրեշտա՞կն էլ կարիք չունի…Միայն թե գլուխը չխփի հիվանդանոցի օտար պատերին, թող ոչ մի պատի չխփի, Տե՛ր»…
«Երբ դեռ երեխաս երեխայի էր նման, ոչ թե հրեշտակի, անուն ուներ…,-ժպտաց հին նավաստու բեղերովին,- Հիմա խաթարված են թե՛ հրեշտակը, թե՛ անվանումը… Ուզում եմ գրկիս մեջ առնել… ինչպես այն ժամանակներում, երբ դեռ կարողանում էր անքուն գիշերներից, երկա՜ր լացից հետո հանգիստ առնել կրծքիս վրա… Բայց գլխի մեջ ուժգնացան ցավերը, աղմուկները… չդիմացավ, սկսեց գլուխը խփել մահճակալի ճաղերին, հետո՝ տան պատերին… Ուզում էր միամիտ այս միջոցով դուրս բերել իր փոքրիկ գլխի մեջ սողոսկած դաժան ոգիներին… հրեշտակի իր սիրուն գլուխը ջախջախելու գնով»…
«Մխիթարելու եկողներն ուզում էին րոպե առաջ դուրս թռչել իմ տնից, թեև մեկ-մեկ, երկու-երկու գալիս էին հին, լավ օրերի պես կիսվելու ինձ հետ, կիսելու իմ ցավը… Փակում էի հրեշտակիս սենյակի դուռը, նստում, սպասում էի մինչև մխիթարելու եկածը փորձեր գտնել անհրաժեշտ բառերը: Գիտեի՝ չի գտնելու: Հրեշտակի սենյակից եկող աղեկտուր ճիչերին մի քանի րոպե չարձագանքելու ընթացքում պատասխանում էի բոլորի գլխում պտտվող նույն հարցին.«Ինչո՞ւ հենց քեզ»…
«Ինչո՞ւ ոչ ինձ… Չէի ուզի, որ իմ փոխարեն մի ուրիշը լիներ»:
Աչքերը շողում են ուրախությունից… Ուզում է անծանոթ, նավաստու բեղերով ծեր ուղեկցին պատմել կիսաձայն, բայց խոսում է ինքն իրեն… «Արդեն երեք օր է, լեզու ենք գտել հոգեբուժական կենտրոնի տնօրենի հետ…Անտարբեր խոսում էր. «Ոչ մի բուժքույր չի համաձայնում լսել գլուխն անվերջ պատերին խփող ձեր երեխայի ողբուկոծը»… Բայց տնօրենն ինքն էլ ուրախացավ, երբ վերջապես ճարվեց մյուսներից ավելի գութ ու գորով ունեցող բուժքույրը. դեմքին ժպիտ երևաց, ուրեմն անտարբեր չէ տնօրենը. օտար մի կին հիմա հրեշտակի համար անում է այն, ինչ հոգեբան մայրը չկարողացավ անել… Անվերջ լսելու է ուրիշի երեխայի ողբուկոծը… մինչև անհայտ հանգստացուցիչների անհայտ ազդեցությունը անհայտ մի օր… «Վարձատրել եմ, էլի կվարձատրեմ, ինչքան ուզի…,-շրջվեց, ժպտաց նավաստու բեղերովին,-Մի քիչ հետո ստանալու եմ մանկական նևրոզներին նվիրված կապույտ, փոքրիկ գրքիս հեղինակային օրինակները… Մի օրինակ անպայման բուժքրոջն եմ նվիրելու… Չմոռանամ զգուշացնել՝ մեջը ծրարով փող կա»…

Անսպասելի շրջադարձ Աշուղ Նաիրայի, Նվարդի, հրեշտակի մայր Կարինեի և մյուսների համար
Ավետիսը մի պահ կանգնեցրեց երթուղայինը Հաղթանակի կամրջի վրա՝ մինչև լույսը փոխվի: Արդեն ուզում էր միացնել վաղուց խախուտ շարժիչը, մեկ էլ ուղևորների սարսափած հայացքի առաջ դուրս թռավ մեքենայից… ակնթարթորեն հասավ, բռնեց, ետ քաշեց ճաղերից գլխիվայր դեպի ցած կախված խարտյաշ գանգուրներով տղային, որ մի ակնթարթ հետո հազիվ քսանը բոլորած կյանքն ավարտելու էր ձորում:
Ծեր, նավաստու բեղերովի հետ ուժով քարշ տվեց թալկացած, գրեթե չդիմադրող տղային, տեղավորեցին երթուղայինում, շարժվեցին……
Նվարդը երեխային ավելի պինդ սեղմեց գրկի մեջ…
«Միացրո՛ւ, ախպերի՛կս,- ասաց Ավետիսի հին, դարդոտ ուղևորուհիներից մեկը,- էս դաժան դարում ո՜նց էլ ապրում են առանց երգի»: Ավետիսը անձայն շրջվեց, աչքերով ցույց տվեց Նվարդին, նայեց նվաղած խարտյաշ տղային:
«Չմիացնե՛ս»,-լսվեց ջութակահար մոր գրկում ծվարած երեխայի ծղրտոց-հոխորտանքը:
Կարինեն շողշողում է, որ փրկվեց տղան… հիացմունքի, զարմանքի է արժանի վարորդի արագ ռեակցիան… ո՜նց հասավ, ո՜նց բռնեց, ետ քաշեց տղային ճաղերից, գրկել է խարտյաշ տղայի ուսերը, մի օր իր հրեշտակն էլ այսպես կհանգչի՞ իր գրկում:
Գրկել է խարտյաշ տղայի ուսերը, որպես հոգեբան հասկանում է, որ տղայից որևէ խոսք կորզելն այս պահին անիմաստ է, բայց նրա հետ խոսել է պետք: Դեռ չի գտնում անհրաժեշտ բառերը:
Հրեշտակը այս րոպեին ապահով ձեռքերում է… Այնտեղ չեն թողնի, որ սիրուն գլուխը պատերին խփելով ջախջախի…Խարտյաշ տղային աշխարհում թևածող ուրախությանը հաղորդակից կդարձնի իր շողացող էներգիայով: Կհասցնի նրան խոսեցնել, կիմանա վիշտը, եթե անտուն է, կտանի իր տունը, եթե անպատասխան սիրո զոհ է, կբացատրի, թե ինչքան անհեթեթ է ինքնասպան լինելը, երբ աղջիկը ապուշ է՝ էսպիսի չքնաղ տղային հասկանալու չափ խելք չունի: Եթե տանն են նեղացրել, եթե հարբեցող, կռվարար, ծեծող ջարդող հայր ունի… Նվարդը երեխայի հետ իջնելուց առաջ հասցրեց Կարինեին համենայն դեպս վաղվա համերգի երկու տոմս փոխանցել… Կարինեն ժպտաց… Ի՜նչ լավ բան է ժպտալը, երբ հավատում ես, թե շուրջդ ամեն ինչ դեպի լավը գնալու նշաններ է ցույց տալիս:

Ավետիսը, Սերը, Մառուսը, այն ամենը, ինչ լավ է
Երեկոյան գործից հետո դիսկն առած՝ մտավ Մառուսի տուն: Դրեցին, լսեցին, Մառուսի սրտի հետ իրենն էլ փուլ եկավ: Իրար գրկած՝ լացեցին: «Լա՜վն ես,- շոյեց Մառուսը,- անթրաշ ավելի ես դուրըս գալիս»: «Ուրեմն ճիշտ արեցի, որ մեքենայիս պաստառը փոխելուց առաջ դինամիկներս առա,- հոգին զեղեց Ավետիսը:- Կարևորը արվե՞ստն է, թե՞ պաստառը: Իմ ուղևորները լավն են, միանշանակ կասեն՝ «Էսպիսի երգի համար արժի քո քրքրված երթուղայինը նստել»: Ավետիսը մտքին դրած որոշումը ավելի ամրագրեց՝ բարձրաձայնելով.«Մի հատ էլ ուրախ երգ պետք է ճարեմ, նույն էս դարդոտ քուրիկի կատարմամբ: Ուղևորներիս մեջ կարող է էն քուրիկի՝ էն լացկան երեխու հիստերիկ մամայի պես էլի մարդիկ պատահեն, թաղման գնացողներ էլ կլինեն, ուրախության սիրտ ունեցողներ էլ, ինքնասպանության մտագարներ»….Ի՜նչ լավ էր տղային ճաղերից հետ քաշեց, բերեց, նստեցրեց իր երթուղայինը, ի՜նչ լավ էր էն ջահել կինը, որ տղայի ուսերը գրկել էր մոր պես, իր հետ իջեցրեց, տարավ: Թող լսեն ուրախ ու դարդոտ երեգերը, մտածեն՝ կյանքում վիշտն ու ուրախությունը կողք-կողքի են, ամեն ինչ մարդու համար է:
Մառուսի՝ հատուկ իրենց այսօրվա հանդիպման համար գնած սառը գարեջուրը, իր բերած տաք-տաք գրիլը և Աշուղ Նաիրա քուրիկի սրտառուչ երգը… Հետո… Ամեն ինչ այնքան լավ էր, որ այս անգամ «հետոն» չլիներ էլ, ոչինչ… բայց եղա՜վ, ու լա՜վ էր: Փա՜ռք Աստծո… Գիշերը օրինական կինը չփորձեց օտար բույրեր փնտրել իր մարմնի վրա, շատ էր կարոտել երևի… Ամեն ինչ լա՜վ էր:
Հաջորդ առավոտ
Ավելով թրջեց իր քրքրված երթուղայինի ծակ հատակը, մաքրեց, պսպղացրեց մեքենայի մի կերպ դեռ փայլը պահպանած հատվածները, փորձարկեց դինամիկները: Մի քիչ տխրեց, որ ջութակահար կինը, Աշուղ Նաիրան ու ինքը իրար լավ չհասկացան: Ռեյս մտավ: Ափսոսաց, որ գուցե ջութակահար կինն իր բալիկի հետ էլ իր երթուղայինը չնստի… Տեսնես ի՞նչ է նվագում նա իր ջութակով…Դժվար թե Աշուղ Նաիրայի երգի նման սրտաշահ մի բան…
Բրամս
Համերգասրահը լեփ-լեցուն է… Նվագախումբը տեղավորվեց բեմում… Երաժիշտներից ոմանք վերջին անգամ ստուգում են գործիքների հնչողությունը…
Երեխան նստել է հայրիկի գրկում, նայում է, որ ջութակահարների մեջ գտնի մամային… Գտավ…Խմբավարը մտավ բեմ, խոնարհվեց, շրջվեց դեպի նվագախումբը, բարձրացրեց փայտիկը:
«Դե, սկսե՛ք, ո՞ւմ եք սպասում»,-ծղրտաց երեխան հոր գրկում, և Բրամսի 3-րդ սիմֆոնիան հոսեց…
Ինքնասպանության ձորից փրկված տղան պինդ բռնել է Կարինեի ձեռքը…. Հոգեորդի դարձած տղային Կարինեն տանում է մի վիթխարի, հազարմյա անտառով, որի ծառերն աճել, միահյուսվել, երբեմն մեռել էին՝ տեղ ազատելով նոր ծիլերի համար, որ հազար տարի անց վեհաշուք վիթխարիների վերածվեն… Allegro-ի առաջին իսկ երկու ակորդները գործունեության մեծ պոռթկումի են մղում աշխարհի երդվյալ ամոքիչներին… Վստահորեն բացվում են հսկա դարպասները դեպի լուսավոր բացատ, որտեղ վեհաշուք ծես է նախապատրաստվում՝ հաղթական՝ հազարավոր շեփորների ազնիվ աշխատանքով՝ տառապյալների նոր օծումի համար… Կառուցվում է ապրումի մեծ ալիքը՝ հստակ, մտքային ու զարկերակային տարուբերումներով, հավասարաչափ բաշխվում բոլոր էակների ու անէականների մեջ…Կոկոնի ու սերմի, հարյուրամյա ծառաբնի ու հազիվ երեք շաբաթական ընձյուղի, բզեզի ու եղջերուի, կաթիլի ու հորդահոս անձրևի, հրճվանքից երգող մարդու… Բացատի լույսն այնքան ուժեղ է, որ կուրացնելու է մոտենալու դեպքում, բայց չպետք է վախենալ կուրանալուց, քանի որ մի նոր տեսողություն է իջնելու այնտեղ… միայն թե ամուր լինես և դիմանաս քո մեջ և ամենուրեք թևածող հակադրամիասնությունների փոթորկին… Երեխան ջութակների ու մյուս բազմաթիվ գործիքների անտառում կորցրեց մամային, բայց ոչնչից չվախեցավ…
Իսկ երբ սկսվեց երրորդ մասը՝ Poco allegro-ն, ոչնչացման ձորից հզոր թափ առած վեր խոյացող տղայի դեմքով սահեց, անցավ թախիծը, որ անցավ թավջութակների՝ վայլսի նմանվող ճկուն, անկաշկանդ՝ ջութակներին, ապա ֆլեյտաներին ու հոբոյներին… որ տարան դեպի տխուր ժպիտը, և տղան փորձեց հասկանալ Բրամսի կատակը իրեն վերաբերող չափաբաժնով… Հիմա տղան ալիքի կատարին է և մենամարտի է բռնվելու փոթորկի հետ… Բայց փոթորիկը հաշտ է տղայի հետ, նրան պարգևում է իր վեհանիստ շառաչը… մենամարտի ելքը որոշված է՝ հօգուտ մարտնչողի… Դիմացը թշնամանք չկա… Զուր է տղան մերկացրել սուրը… ծիածանն է անտառի վրա…Ահա ծիածանի տակ հայտնվեց բոլորին անհայտ և իրեն էլ անհայտ աղջիկը, վերցրեց իրեն, բռնվեցին ծիածանից, ճոճվեցին, լողացին…Ծառերի մեջ շարժվող, անզուսպ իր բարձրակետին ձգտող հառաչն արդեն երգ էր դառնում…Ծիածանին համընթաց չքացել էին բոլոր ուժերը, որոնց դեմ հարկ էր մաքառել…Ճակատագիրն իր ճակատագրի հետ հաշտված ընկրկում էր՝ առանց ետ նայելու, հալածված կենդանու պես: Բացատում գետինը լուսարձակում էր /շողեր էր արձակում…
Ավետիսը տուն է գնում
Կեսգիշերին մոտ կանգնեցրեց երթուղայինը, ոտքով մի երկու անգամ խփեց անվադողերին…Ձեռքով օդի մեջ անվադողերի, օր օրի քանդվող մեքենայի հասցեին տարակուսանքի շարժում ձևավորեց, ձեռքերը մտցրեց գրպանը, երանի տվեց Ժորային, որ իր ավտոյից հազար անգամ նոր ու հազար անգամ վայելուչ ավտո ուներ, ծախեց, գնաց Ավստրալիա՝ քրոջ մոտ… Ու իսկույն էլ մոռացավ Ժորային, քանի որ դուռը բացվեց իր առաջ. իր տան դուռը բացվեց. նախ շունը, հետո երեխաները արդեն լսել էին իր քայլերի ձայնը:

8.9.11թ-13.11.11թ.

Share Button

4 Կարծիք

  • Հասմիկ Իսոյան says:

    Ձեզ տեսա <>,փնտրեցի,գտա,կարդացի:Հետաքրքիր Էր,կփորձեմ Էլի գտնել ձեր գործերից

  • Խիստ մերօրյա, շատ արդիական, բայց միաժամանակ անմահ ստեղծագործություն… Ուշագրավ է, որ արծարծվող խնդիրները թե մեր ժամանակակից կյանքի արտացոլանքն են և թե համամարդկային, շնորհակալություն, սիրելի Ալիս Հովհաննիսյան:

  • Անի Փաշայան says:

    Հաջողված գործ է… Այսօրվա իրականությունն է` գրողի խորագետ քննությամբ:

  • Կարինե Մարտիրոսյան says:

    Հարգարժա՛ն Ալիս Հովհաննիսյան, կարդալ այս գործը եւ չարձագանքել, նշանակում է խիստ անտարբեր գտնվել այն կյանքի ու իրականության նկատմամբ, որում ապրում ենք: Ասում են՝ կյանքում բաներ կան, որոնք պարտադիր չէ բարձրաձայնելը. իսկական հասցեատերը երբեւիցե դա կհասկանա: Հնդկական մի խոսքում ասվում է. «Ճշմարտությունն առանց քողի միշտ անհետաքրքիր է մարդկային բանականությանը»: Ուրեմն, եկեք հավատանք, որ քողով թե առանց քողի Ձեր վեր հանած ճշմարտությունները օրերից մի օր պիտի ճանաչելի լինեն: Դուք դրան հավատում եք, արդեն մենք էլ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *