Իրվին Շոու | Ամառային զգեստներով աղջիկները

Հինգերորդ պողոտան շողշողում էր արևի տակ, երբ նրանք դուրս եկան Բրեվուրթից և քայլերն ուղղեցին դեպի Վաշինգտոնի հրապարակ: Թեև նոյեմբեր էր, արևը ջերմ էր, և ամեն ինչ հիշեցնում էր ամառային առավոտ. ավտոբուսները, լավ հագնված մարդիկ, որ անշտապ զբոսնում էին զույգերով, փակ պատուհաններով հանդարտ տները:
Մայքլն ամուր բռնել էր Ֆրենսիսի ձեռքը, երբ նրանք արևի լույսի տակ քայլում էին քաղաքի կենտրոնով: Նրանք քայլում էին թեթև, գրեթե ժպտալով, քանի որ երկար քնել էին ու մի լավ նախաճաշել, օրն էլ կիրակի էր: Մայքլն արձակել էր բաճկոնի կոճակները, և այն մեղմ քամուց տատանվում էր նրա շուրջը: Նրանք լուռ քայլում էին երիտասարդ ու գեղեցկադեմ մարդկանց միջև, որոնք, թվում էր, կազմում էին Նյու-Յորքի այդ հատվածի բնակչության մեծամասնությունը:
_ Զգույշ, – ասաց Ֆրենսիսը, երբ անցնում էին Ութերորդ փողոցը, – վիզդ կջարդես:
Մայքլը ծիծաղեց, իսկ Ֆրենսիսը հետևեց նրա օրինակին:
_ Ամեն դեպքում նա այնքան էլ գեղեցիկ չէ, – ասաց Ֆրենսիսը, – համենայն դեպս, ոչ այնքան գեղեցիկ, որ նրան նայելու համար վիզդ կոտրես:
Մայքլը կրկին ծիծաղեց: Այս անգամ՝ ավելի բարձր, թեև ոչ այնքան վստահ:
_ Տգեղ չէր: Նա դեմքի գեղեցիկ գույն ուներ: Գյուղական աղջկա դեմքի գույն: Ինչպե՞ս իմացար, որ նայում էի նրան:
Ֆրենսիսը գլուխը կողքի թեքեց և ժպտաց ամուսնուն թեք գլխարկի տակից:
_ Մա՜յք, սիրելիս…, – ասաց նա:
Այս անգամ Մայքլը թեթևակի ծիծաղեց:
_ Լավ, – ասաց նա, – ապացույցներն անհերքելի են: Կներես: Նրա դեմքի գույնն էր մեղավոր: Նյու-Յորքում դեմքի այդպիսի գույն հաճախ չես տեսնի: Կներես:
Ֆրենսիսը թեթևակի շոյեց նրա ձեռքը և արագացրեց քայլերը դեպի Վաշինգտոնի հրապարակ:
_ Գեղեցիկ առավոտ է, – ասաց նա, – հիանալի առավոտ: Երբ միասին ենք նախաճաշում, ամբողջ օրվա լավ տրամադրությունս ապահովված է:
_ Տոնիկ, առավոտյան մարմնամարզություն, բլիթներ և սուրճ՝ Մայքի հետ, և կայտառությունը երաշխավորվում է, – ասաց Մայքլը:
_ Ճիշտ այդպես: Բացի այդ, ամբողջ գիշեր քնել եմ պարանի պես քեզ փաթաթված:
_ Շաբաթ գիշերը, – ասաց նա, – այդպիսի ճոխություն կարելի է թույլ տալ միայն այն ժամանակ, երբ շաբաթվա աշխատանքն արված է:
_ Իսկ դու գիրանում ես, – ասաց Ֆրենսիսը:
_ Իսկապե՞ս: Օհայոյից գալիս ես չինար բարդի էի:
_ Իսկ ինձ դուր է գալիս, հինգ ֆունտ ավել ամուսին:
_ Ինձ էլ, – լուրջ տոնով ասաց Մայքլը:
_ Գլխումս մի միտք ծագեց, – ասաց Ֆրենսիսը:
_ Հրաշալի՜ է: Իմ կնոջ գլխում միտք է ծագել:
_ Արի այսօր ոչ ոքի չհանդիպենք, – ասաց Ֆրենսիսը: – Արի պարզապես միասին անցկացնենք օրը: Ես և դու: Մենք միշտ մարդկանցով ենք շրջապատված, խմում ենք նրանց սքոչը կամ մեր սքոչը, իսկ իրար տեսնում ենք միայն անկողնում….
_ Հանդիպումների հարգարժան վայրում, – ասաց Մայքլը: – Բավական է մի քիչ երկար մնալ անկողնում, և բոլորն, ում ճանաչում ես, կհայտնվեն այնտեղ:
_ Ինչպիսի՜ իմաստուն տղա, – ասաց Ֆրենսիսը: – Ես լուրջ եմ ասում:
_ Լավ: Ուշադիր լսում եմ:
_ Ուզում եմ ամբողջ օրն ամուսնուս հետ անցկացնել: Ուզում եմ, որ նա միայն ինձ հետ խոսի և միայն ինձ լսի:
_ Իսկ ի՞նչն է մեզ խանգարում, – հարցրեց Մայքլը: – Ո՞վ կարող է խանգարել ինձ ողջ կիրակի օրը կնոջս հետ անցկացնել: Ո՞վ:
_ Սթիվենսոնները: Նրանք մեզ ժամը մեկին հրավիրել են իրենց տուն, իսկ հետո պատրաստվում են մեզ քաղաքից դուրս տանել:
_ Ա՜խ այդ Սթիվենսոնները, – ասաց Մայքը: – Խնդիր չկա: Նրանք չեն նեղանա: Նրանք մենակ էլ կարող են քաղաքից դուրս գնալ: Ես ու իմ կինը ցանկանում ենք Նյու-Յորքում մնալ և դեմ առ դեմ անցկացնել այս օրը:
_ Սա ժամադրությու՞ն է:
_ Այո-այո:
Ֆրենսիսը մոտեցավ նրան և համբուրեց նրա ականջի ծայրը:
_ Սիրելիս, – ասաց Մայքլը, – մենք Հինգերորդ պողոտայում ենք:
_ Թույլ տուր ծրագիր կազմել, – ասաց Ֆրենսիսը, – կիրակնօրյա ծրագիր երիտասարդ զույգի համար, որ ցանկանում է Նյու-Յորքում անխնա փողեր ծախսել:
_ Միայն թե չափի մեջ:
_ Սկզբում ֆուտբոլ կնայենք: Պրոֆեսիոնալ ֆուտբոլային խաղ, – ասաց Ֆրենսիսը. նա գիտեր, որ Մայքլը սիրում է ֆուտբոլ: – Այսօր «Հսկաներն» են խաղում: Այսպիսի օրը պետք է դրսում անցկացնել, ապա քաղցած գնալ Քավանա, դարբնի գոգնոցի չափի հսկայական բիֆշտեքս ուտել, մի շիշ գինի ըմպել, իսկ այդտեղից գնալ Ֆիլմարթ, որտեղ նոր ֆրանսիական ֆիլմ են ցուցադրում: Բոլորն ասում են, որ… Է՛յ, լսու՞մ ես ինձ:
_ Իհա՛րկե, – ասաց Մայքլը՝ հայացքը հեռացնելով մի թխահեր աղջկանից, որի կարճ սանրվածքը սաղավարտի պես ծածկել էր նրա անգլխարկ գլուխը: Աղջիկն անցավ պարուհուն հատուկ հպարտությամբ ու նրբագեղությամբ: Նա առանց վերարկուի էր, ամուր ու ուժեղ տեսք ուներ, որովայնը տափակ էր, ինչպես տղաների մոտ, կիսաշրջազգեստի տակ համարձակորեն շարժում էր կոնքերը, քանզի պարուհի էր և, բացի այդ, գիտեր, որ Մայլքն իրեն էր նայում: Անցնելիս աղջիկն ինքն իրեն թեթևակի ժպտաց: Մայքլի աչքից չվրիպեցին այս բոլոր փոքրիկ բաները, մինչ կհասցներ շրջվել դեպի իր կինը:
_ Իհարկե, մենք կգնանք «Հսկաների» խաղին, կուտենք սթեյք և կդիտենք ֆրանսիական ֆիլմ: Համաձա՞յն ես:
_ Իհարկե, – ասաց Ֆրենսիսը չոր տոնով, – ահա և օրվա ծրագիրը: Իսկ, գուցե, կնախըտրես պարզապես վեր ու վա՞ր անել Հինգերորդ պողոտայում:
_ Ոչ, – զգուշորեն ասաց Մայքլը, – ամենևին:
_ Դու միշտ նայում ես այլ կանանց, – ասաց Ֆրենսիսը, – Նյու-Յորքի յուրաքանչյուր գրողի տարած կնոջ:
_ Դե՛, վերջ տուր, – փորձեց կատակել Մայքլը, – միայն գեղեցկուհիներին: Եվ, ի վերջո, քանի՞ գեղեցիկ կին կա Նյու-Յորքում: Տասնյո՞թ:
_ Ավելի շատ: Համենայն դեպս, դու այդպես ես կարծում: Դու նրանց ամեն տեղ էլ գտնում ես:
_ Ճիշտ չէ: Երբեմն, միգուցե, ես նայում եմ անցնող այս կամ այն կնոջը: Փողոցում: Ընդունում եմ, որ փողոցում, գուցե, ժամանակ առ ժամանակ նայում եմ որևէ կնոջ…
_ Ամենուր, – ասաց Ֆրենսիսը, – ամեն անիծյալ տեղ: Ռեստորաններում, անցումներում, թատրոններում, դասախոսությունների, համերգների ժամանակ:
_ Դե լավ, սիրելիս, – ասաց Մայքլը: – Ես ամեն ինչի եմ նայում: Աստված ինձ աչքեր է տվել. ես նայում եմ կանանց և տղամարդկանց, գետնանցումների գծերին, կինոթատրոնների էկրաններին, դաշտերի ծաղիկներին: Ես ամեն օր բացահայտում եմ տիեզերքը:
_ Դու պետք է քո աչքերի փայլը տեսնես, երբ ամեն օր բացահայտում ես տիեզերքը Հինգերորդ պողոտայում:
_ Ամուսնական կյանքում ես երջանիկ եմ, – Մայքլը քնքշորեն սեղմեց նրա արմունկը` իմանալով իր անելիքը: – Մենք իսկական օրինակ ենք ողջ քսաներորդ դարի համար` պարոն և տիկին Լումիսներ:
_ Իսկապե՞ս այդպես ես կարծում:
_ Ֆրենսիս, փոքրիկս…
_ Դու իսկապե՞ս երջանիկ ես:
_ Իհարկե, – ասաց Մայքլը` զգալով, թե ինչպես է առավոտը ծանր կապարի պես ծանրանում սրտի վրա: – Գրողը տանի, ինչո՞ւ ես այդպես խոսում:
_ Պարզապես ուզում էի իմանալ, – այժմ Ֆրենսիսն արագացրեց քայլերը: Նրա դեմքի արտահայտությունը ոչինչ չէր ասում: Նա միշտ այդպես էր անում, երբ վիճում էր կամ վատ զգում:
_ Ես իսկապես երջանիկ եմ ամուսնական կյանքում, – համբերատարությամբ ասաց Մայքլը: – Ինձ նախանձում են Նյու-Յորքի 15-50 տարեկան բոլոր տղամարդիկ:
_ Վերջ տուր կատակներիդ, – ասաց Ֆրենսիսը:
_ Ես հիանալի տուն ունեմ, – ասաց Մայքլը, – հիանալի գրքեր, ձայնագրիչ ու լավ ընկերներ ունեմ: Ապրում եմ այն քաղաքում, որ ինձ դուր է գալիս, և այնպես, ինչպես ինձ դուր է գալիս: Անում եմ այն աշխատանքը, որ ինձ դուր է գալիս, և ապրում եմ այն կնոջ հետ, ում սիրում եմ: Երբ ինչ-որ լավ բան է պատահում, ո՞ւմ մոտ եմ վազում: Քո՛: Երբ վատ բան է պատահում, քո՞ ուսի վրա չեմ լալիս:
_ Այո, – ասաց Ֆրենսիսը: – Եվ նայում ես անցնող ցանկացած կնոջ:
_ Դու չափազանցնում ես:
_ Ցանկացա՛ծ կնոջ, – ասաց Ֆրենսիսը` ազատելով ձեռքը Մայքլի ձեռքից: – Եթե նա գեղեցիկ չէ, դու միանգամից հեռացնում ես հայացքդ: Իսկ եթե գոնե փոքր-ինչ գեղեցիկ է, յոթ քայլ շարունակ հետևում ես նրան…
_ Աստվա՛ծ իմ, Ֆրե՛նսիս:
_ Իսկ եթե իսկապես գեղեցիկ է, դու պարզապես կարող ես վիզդ կոտրել…
_ Լսիր, արի ինչ-որ բան խմենք, – ասաց Մայքլը` կանգ առնելով:
_ Մենք հենց նոր ենք նախաճաշել:
_ Իսկ հիմա լսիր, սիրելիս, – ասաց Մայքը` զգուշորեն ընտրելով բառերը, – այսօր հրաշալի օր է, մենք մեզ լավ ենք զգում, և այս ամենը փչացնելու պատճառ չկա: Արի վայելենք այս կիրակին:
_ Ես կարող եմ վայելել այն, եթե քեզ այնպես չպահես, ասես պատրաստ ես վազել Հինգերորդ պողոտայի յուրաքանչյուր կիսաշրջազգեստի հետևից:
_ Արի մի բան խմենք, – ասաց Մայքլը:
_ Ես խմելու ցանկություն չունեմ:
_ Իսկ ինչի՞ ցանկություն ունես, կռվելո՞ւ:
_ Չէ, – Ֆրենսիսն այնքան դժբախտ տեսք ուներ, որ Մայքլը խղճահարությամբ լցվեց նրա նկատմամբ, – ես կռվելու ցանկություն չունեմ: Չգիտեմ` ինչու սկսեցի: Արի մոռանանք ու փորձենք լավ ժամանակ անցկացնել:
Նրանք գիտակցաբար կրկին թևանցուկ արեցին և սկսեցին լուռ քայլել Վաշինգտոնի հրապարակի այգում մանկասայլակների, կիրակնօրյա հագուստով իտալացի ծերունիների և երիտասարդ կանանց միջով:
_ Հուսով եմ` այսօրվա խաղը հետաքրքիր կլինի, – որոշ ժամանակ անց ասաց Ֆրենսիսը` փորձելով կրկնօրինակել այն ուրախ տոնը, որ ուներ նախաճաշից հետո և զբոսանքի սկզբում: – Սիրում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլը: Նրանք այնպես են իրար հարվածում, ասես բետոնից լինեն: Իսկ ինչպե՜ս են հարձակվում միմյանց ուղղությամբ, – ասաց նա` փորձելով զվարճացնել Մայքլին: – Իսկապես ցնցող է:
_ Ուզում եմ քեզ մի բան ասել, – ասաց Մայքլը լուրջ ձայնով: – Ես երբեք այլ կնոջ չեմ դիպել: Ոչ մի անգամ: Այս բոլոր հինգ տարիների ընթացքում:
_ Լավ, – ասաց Ֆրենսիսը:
_ Հավատում ես ինձ, չէ՞:
_ Իհարկե:
Նրանք անցան մարդաշատ նստարանների արանքով` քաղաքի այգիների գաճաճ ծառերի տակով:
_ Ես փորձում եմ չնկատել այդ ամենը, – ասաց Ֆրենսիսն այնպես, ասես ինքն իր հետ էր խոսում: – Փորձում եմ ստիպել ինձ հավատալ, որ դա ոչինչ չի նշանակում: Ինքս ինձ կրկնում եմ, որ որոշ տղամարդիկ այդպիսին են. նրանք ցանկանում են գոնե տեսնել այն, ինչ չեն կարող ստանալ:
_ Որոշ կանանց դա նույնպես դուր է գալիս, – ասաց Մայքլը: – Ժամանակին ինքս եմ ճանաչել այդպիսի կանանց:
_ Քեզ հետ երկրորդ ժամադրությունից հետո ես երբեք նույնիսկ չեմ նայել այլ տղամարդու, – ասաց Ֆրենսիսը` ուղիղ առաջ քայլելով:
_ Այդպիսի օրենք չկա, – նկատեց Մայքլը:
_ Իմ ներսում ամեն ինչ տակնուվրա է լինում ամեն անգամ, երբ անցնում ենք որևէ կնոջ կողքով, և քո աչքերում նկատում եմ այն հայացքը, որ ունեիր մեր առաջին հանդիպման ժամանակ Էլիս Մասքվելի տանը: Դու կանգնած էիր հյուրասենյակում` ռադիոյի մոտ, կանաչ գլխարկով, այդ բոլոր մարդկանց մեջ…
_ Հիշում եմ գլխարկը:
_ Այդ նույն հայացքն է, – ասաց Ֆրենսիսը: – Դա ինձ ստիպում է վատ զգալ: Ես ինձ սարսափելի եմ զգում:
_ Լռիր, սիրելիս, խնդրում եմ, վերջ տուր…
_ Կարծում եմ` հիմա կարելի է խմել, – ասաց Ֆրենսիսը:
Նրանք լուռ քայլերն ուղղեցին դեպի Ութերորդ փողոցում գտնվող բարը: Մայքլը մեխանիկորեն օգնում էր նրան անցնել եզրաքարերի վրայով և մեքենաների առջևով: Նա քայլում էր` կոճկելով վերարկուի կոճակները և մտախոհ նայելով իր` խնամքով փայլեցված շագանակագույն կոշիկներին: Բարում նրանք նստեցին պատուհանի մոտ: Արևը ներս էր հորդում, իսկ բուխարու մեջ կենսուրախ բոցկլտում էր կրակը: Մոտեցավ փոքրամարմին ճապոնացի մատուցողը, մի քանի ոլորաբլիթ դրեց սեղանին և ուրախ ժպտաց նրանց:
_ Ի՞նչ կարելի է պատվիրել նախաճաշից հետո, – հարցրեց Մայքլը:
_ Ենթադրում եմ` կոնյակ, – ասաց Ֆրենսիսը:
_ Կուրվուազյե, – ասաց Մայքլը մատուցողին, – երկու կուրվուազյե:
Մատուցողը բերեց գավաթները: Նրանք, արևի լույսի տակ նստած, խմում էին կոնյակը: Մայքլը կիսով չափ դատարկեց կոնյակի գավաթը, ապա մի քիչ ջուր խմեց:
_ Ես նայում եմ կանանց, – ասաց նա, – ճիշտ է: Ես չեմ ասում` դա ճիշտ է, թե սխալ: Եթե փողոցում անտարբեր անցնեմ նրանց կողքով, ուրեմն ես հիմարեցնում եմ քեզ, հիմարեցնում եմ ինձ:
_ Դու այնպես ես նայում նրանց, ասես ցանկանում ես նրանց, – ասաց Ֆրենսիսը` գավաթի հետ խաղալով, – նրանցից յուրաքանչյուրին:
_ Ինչ-որ տեղ` այո, – մեղմորեն ասաց Մայքլը. նրա խոսքերը կնոջը չէին ուղղված, – մասամբ այդպես է:
_ Գիտեմ: Դրա համար էլ վատ եմ զգում:
_ Եվս մեկ կոնյակ, – բացականչեց Մայքլը, – մատուցո՛ղ, ևս երկու կոնյակ:
_ Ինչու՞ ես ցավ պատճառում ինձ, – հարցրեց Ֆրենսիսը, – ի՞նչ ես անում:
Մայքլը հոգոց հանեց, փակեց աչքերն ու մատների ծայրերով նրբորեն տրորեց կոպերը:
_ Ինձ դուր է գալիս կանանց տեսքը: Նյու-Յորքում ես ամենաշատը հենց կանանց գումարտակներն եմ սիրում: Երբ առաջին անգամ Օհայոյից եկա Նյու-Յորք, առաջին բանը, որ նկատեցի, միլիոնավոր գեղեցիկ կանայք էին, ամբողջ քաղաքով մեկ: Ես սրտի բաբախյունով էի քայլում նրանց միջով:
_ Երեխա՛, – ասաց Ֆրենսիսը: – Ընդամենը մանկական զգացում:
_ Վստահ չեմ, – ասաց Մայքլը, – վստահ չեմ: Ես արդեն հասուն մարդ եմ, արդեն մոտենում եմ միջին տարիքի ու սկսել եմ գիրանալ, բայց դեռ սիրում եմ ուղիղ ժամը երեքին զբոսնել Հինգերորդ պողոտայի արևելյան կողմով՝ Հիսուներորդ ու Հիսունհինգերորդ փողոցների միջև: Այդ ժամին նրանք բոլորն այնտեղ են՝ հավատացնելով, որ դուրս են եկել գնումների՝ իրենց մորթիներով ու գժական գլխարկներով՝ աշխարհի տարբեր անկյուններից կուտակված այդ ութ թաղամասերում: Լավագույն մորթիները, լավագույն հագուստը, գեղեցկագույն կանայք, որ դուրս են եկել՝ գումար ծախսելու և հաճույք են ստանում դրանից, իսկ քեզ նայում են սառը հայացքով՝ ստիպելով կարծել, որ անցնելիս չեն էլ նկատում քեզ:
Ճապոնացի մատուցողը խմիչքները դրեց սեղանին՝ ժպտալով մեծագույն երջանկությամբ լի ժպիտով:
_ Ամեն ինչ կարգի՞ն է, – հարցրեց նա:
_ Ամեն ինչ հիանալի է, – պատասխանեց Մայքլը:
_ Եթե խնդիրը պարզապես մի քանի մորթյա մուշտակի մեջ է, – ասաց Ֆրենսիսը, – և քառասունհինգ դոլլարանոց գլխարկների…
_ Բանը ո՛չ մուշտակների, ո՛չ էլ գլխարկների մեջ է: Այլ այն հատուկ տեսարանի, որ ստեղծում է տվյալ տեսակի կինը: Հասկանում եմ, – ասաց նա, – դու պարտավոր չես լսել այս ամենը:
_ Ուզում եմ լսել:
_ Ինձ դուր են գալիս գրասենյակների աղջիկները՝ ակնոցներով, կոկիկ, խելացի, գործնական, ամեն ինչից տեղյակ, միշտ պատրաստ հոգ տանելու իրենք իրենց մասին, – նա հայացքը չէր հեռացնում պատուհանի կողքով դանդաղ անցնող մարդկանցից: – Ինձ դուր են գալիս այն աղջիկները, որոնց կարելի է տեսնել ճաշի ժամին Քառասունչորսերորդ փողոցում՝ առանց որևէ հատուկ պատճառի պճնված դերասանուհիներ, որ զրուցում են գեղեցկադեմ տղաների հետ, ցուցադրում իրենց երիտասարդությունն ու գեղեցկությունը «Սարդիի» մոտ՝ սպասումով, որ որևէ պրոդյուսեր կնկատի իրենց: Ինձ դուր են գալիս «Մեյսիսի» վաճառողուհիները, որ առաջին հերթին քեզ են ուշադրություն դարձնում միայն նրա համար, որ տղամարդ ես, իսկ կին գնորդներին ստիպում են սպասել, մինչ իրենք սեթևեթում են քեզ հետ գուլպաների, գրքերի ու ձայնարկիչների ասեղների շարքերի վրայից: Այս ամենը տաս տարի շարունակ կուտակվել է իմ ներսում, իսկ հիմա ահա՛ քեզ ամենը՝ քո իսկ խնդրանքով:
_ Շարունակիր, – ասաց Ֆրենսիսը:
_ Երբ մտածում եմ Նյու-Յորքի մասին, մտքիս են գալիս բոլոր աղջիկները՝ հրեա, իտալացի, իռլանդացի, լեհ, չինացի, գերմանացի, սևամորթ, իսպանացի, ռուս. բոլորն ասես քաղաքում շքերթի դուրս եկած լինեն: Չգիտեմ՝ ինձ հե՞տ է ինչ-որ հատուկ բան տեղի ունենում, թե՞ քաղաքի բոլոր տղամարդիկ են այդ նույն զգացումը սրտում զբոսնում, բայց ինձ մոտ այնպիսի զգացողություն է, ասես պիկնիկի եմ դուրս եկել քաղաքում: Ինձ դուր է գալիս թատրոններում նստել կանանց կողքին՝ ճանաչված գեղեցկուհիների, որոնցից հինգ ժամ է պահանջվել պատրաստվելու ու նման տեսք ունենալու համար: Իսկ երիտասարդ կարմրաթուշ աղջիկները, որոնց կարելի է տեսնել ֆուտբոլային խաղերի ժամանակ, իսկ երբ եղանակը տաքանում է, ամառային զգեստներով աղջիկները… – նա դատարկեց խմիչքի բաժակը: – Ահա ողջ պատմությունը: Մի մոռացիր՝ դու ինքդ ստիպեցիր: Ես պարզապես չեմ կարող չնայել նրանց: Ես պարզապես չեմ կարող չցանկանալ նրանց:
_ Ցանկանում ես նրանց, – կրկնեց Ֆրենսիսը՝ էմոցիաներից զուրկ ձայնով: – Դու ինքդ ասացիր:
_ Ճիշտ է, – ասաց Մայքլը՝ արդեն դաժան ու անտարբեր, քանզի Ֆրենսիսը ստիպել էր նրան բացահայտել ինքն իրեն: – Դու ինքդ առաջ քաշեցիր այս թեման, ուրեմն արի մի լավ քննարկենք այն:
Ֆրենսիսը խմեց կոնյակը, ապա մեկ-երկու հավելյալ կում արեց:
_ Ասում ես՝ սիրո՞ւմ ես ինձ:
_ Ես սիրում եմ քեզ, բայց, միևնույն ժամանակ, ցանկանում եմ նրանց: Այսքան բան:
_ Ես էլ եմ գեղեցիկ, – ասաց Ֆրենսիսը, – նույնքան գեղեցիկ, որքան նրանք:
_ Դու չքնաղ ես, – ասաց Մայքլը՝ առանց կեղծելու:
_ Ես միշտ լավ եմ վերաբերվել քեզ, – ասաց Ֆրենսիսն աղերսագին ձայնով: – Ես լավ կին եմ եղել, լավ տնային տնտեսուհի, լավ ընկեր: Հանուն քեզ ես պատրաստ եմ ամեն ինչի:
_ Գիտեմ, – ասաց Մայքլը: Նա պարզեց ձեռքը՝ փորձելով բռնել Ֆրենսիսի ձեռքը:
_ Դու կուզեիր ազատ լինել, որ… – ասաց Ֆրենսիսը:
_ Շը՜շշ:
_ Ճիշտն ասա, – Ֆրենսիսը հեռացրեց ձեռքը:
Մայքլը մատով խփեց ակնոցի ծայրին:
_ Լավ, – ասաց նա մեղմորեն: – Երբեմն զգում եմ, որ ուզում եմ ազատ լինել:
_ Պարզ է, – ասաց Ֆրենսիսն արհամարհանքով՝ թփթփացնելով սեղանին, – երբ կցանկանաս…
_ Վերջ տուր հիմարություններիդ, – Մայքլը նրան մոտեցրեց իր աթոռը և շոյեց նրա ազդրը:
Ֆրենսիսը սկսեց արտասվել. լուռ, թաշկինակի մեջ, կռացած այնպես, որ բոլորից աննկատ մնա:
_ Կգա մի օր, երբ դու կհեռանաս ինձնից, – ասաց նա արտասվելով:
Մայքլը լուռ էր: Նա նայում էր բարմենին, որ անշտապ լիմոն էր կճպում:
_ Այդպես չէ՞, – հարցրեց Ֆրենսիսը խիստ ձայնով: – Պատասխանի՛ր, ասա՛: Խոսի՛ր: Այդպես չէ՞:
_ Գուցե, – ասաց Մայքլը: Նա հետ քաշեց իր աթոռը: – Ի՞նչ իմանամ, գրողը տանի:
_ Գիտե՛ս, – պնդեց Ֆրենսիսը: – Այդպես չէ՞:
_ Այո, – ասաց Մայքլը որոշ ժամանակ անց: – Գիտեմ:
Ֆրենսիսը դադարեց արտասվել: Մեկ-երկու անգամ թաշկինակի մեջ հեծկլտալուց հետո նա մի կողմ դրեց այն, իսկ դեմքի վրա նրան մատնող և ոչ մի հետք չմնաց:
_ Բարի եղիր մի լավություն անել ինձ, – ասաց նա:
_ Իհարկե:
_ Այլևս մի խոսիր այն մասին, թե որքան գեղեցիկ է այս կամ այն կինը: Գեղեցիկ աչքեր, գեղեցիկ կուրծք, գեղեցիկ կազմվածք, գրավիչ ձայն, – ասաց նա՝ նմանակելով Մայլքլի ձայնը: – Քո մեջ պահիր ամեն ինչ: Ինձ հետաքրքիր չէ:
_ Կներես, – Մայքլը ձեռքով արեց մատուցողին: – Այլևս չեմ խոսի:
Ֆրենսիսը աչքի տակով նայեց նրան:
_ Կոնյա՛կ, – ասաց նա մատուցողին:
_ Երկուսը, – ավելացրեց Մայքլը:
_ Այո, տիկին, այո, պարոն, – ասաց մատուցողը՝ հետ քաշվելով:
Ֆրենսիսը սառը հայացքով նայում էր Մայլքլին, որ նստած էր սեղանի հակառակ կողմում:
_ Ուզու՞մ ես զանգեմ Սթիվենսոններին, – հարցրեց նա: – Լավ ժամանակ կանցկացնենք քաղաքից դուրս:
_ Իհարկե, – ասաց Մայքլը, – զանգիր:
Ֆրենսիսը ոտքի ելավ ու սենյակի միջով քայլեց դեպի հեռախոսը: Եվ մինչ նա քայլում էր, Մայքլը նայում էր նրան ու մտածում՝ ինչպիսի՜ գեղեցիկ աղջիկ, ինչպիսի՜ գեղեցիկ ոտքեր…

Թարգմանությունը անգլերենից` Լիլիթ Հովհաննիսյանի

Share Button

1 Կարծիք

  • Զաքար Զոհրաբյան says:

    Ամեն անգամ հիանում եմ թարգմանչի կողմից հեղինակների ու ստեղծագործությունների ընտրությամբ: Հրաշալի են բոլոր թարգմանությունները՝ նուրբ, սահուն, առանց ավելորդությունների, գեղեցիկ հայերենով: Անսպառ էներգիա եմ մաղթում թարգմանչին՝ նորանոր աշխատանքներով մեզ ուրախացնելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *