Գեմաֆին Գասպարյան | Ամայի տարածք

ամայի տարածք

առաջնագծում կանգնած ես
ու հարձակվում են,
ուղղակի պաշտպանվում ես,
քո էդ պահի ամենակարևոր գործն ես անում,
չես կարող այլ բան անել,
այլ ելք չունես,
շրջվես՝ ծոծորակից կխփեն,
հանձնվես՝ կմոռթեն,
ու մինչև վերջ կռվում ես
…..
ապրելու հույսով:

***
հերթափոխդ է,
չեֆիր ես խմում,
հաղթահարում ես քունդ,
մի քանի գլանակ նույն ֆիլտրով ծխում եք,
ֆիլտրը պինդ սեղմում ես ատամիդ,
ցավը թեթևանում է
գիշերը մեջք մեջքի կանգնում ես,
ուղղակի մութ է,
հնարավոր չէ կես մետրի վրա տեսնել:
….
– չէ, ես հերոս չեմ:

***
նորից զինվոր է զոհվել,
սովորական, անանուն,
հաջորդ գրառումը չի հիշի դեպքը:

***
մահը մահ է։
վերջ ու սկզբի պահն էլ ըստ ճաշակի։
և այլն և շարունակ:
ապրելու հույսով

 

ապրելու հույսով

դուք մեզ տվեցիք տղաներ,
մենք ձեզ հետ տվեցինք հերոսներ,
դուք մեզ տվեցիք,
մենք ձեզ հետ տվեցինք,
հետ տվեցինք,
մենք ձեզ հետ:

 

պատերազմից հետո

չես տվել ոչինչ, անգամ,
չես տրվել.
դանդաղ, մարմանդ հանգավ,
մարմին է։

չես թողել ոչինչ, անգամ,
չես թողել.
հանդարտ, խախանդ կորավ,
մարմին է։

լցրել ես տեղը, անգամ,
լցվել ես.
չմնաց կորով, ոգի,
մարմին էլ։

 

***
Պետք է էսսե գրեի,
պատերազմի անհրաժեշտությունը հիմնավորեի ու փաստարկեի,
ստացվեց էս քանի տողը,
հանգիստ սենյակում նստած մարդու մասին,
ով ամառվա շոգին,
պաղպաղակով,
սառը սուրճ է խմում
ու գրում է էսսե:

 

***
ինձ դուր է գալիս, երբ խոսում են
համերաշխությունից և խաղաղասիրությունից,
հատկապես,
երբ կուշտ եմ ու ապահով,
երբ սոված եմ և անպաշտպան՝
սփոփվում եմ,
որ կան կուշտ և ապահով տեղում
խաղաղասիրությունից ու համերաշխությունից խոսող
ազնիվ մարդիկ,
որքան հաճելի է,
շատ ականջահաճո:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *