գևորգ կաաս | Ամենալավ տողերը

Գէորգ Կաաս1.
ամենալավ տողերը 

Ա.
ամենալավ տողերը ամենակեղտոտ տողերն են
ամենավատ տողերը, ամենալավ տողերն են անգին.
տողերը կազմված են բառերից որ ունեն խորհուրդ
բառերը տառերից փոքրիկ բծավոր
և մտքերից որ ժայթքում են դուրս
ծիսակատարության ավարտին, մաստուրբացիայի վերջում
սպերմայի նման թափանցիկ սպիտակ ու թքած…

սերը ծածկում է մերկությունը հոգու
և հոգին սնում է ողբերգությունը մենության
և աղոթքները հասու չեն ալյևս նրանց
և գիշերներով տղերքն են թափառում գինովցած ու խենթ
և փողոցները գալարվում են իրար մեջ հանկարծ
խենթ պոետների բանաստեղծություններից ծանրակիր …

բոլոր տաք ու խոնավ մարմինները որսում են
փողոցի անցորդների արձակած ջերմությունը
և կերակրվում ամեն հպումից անցորդների այդ
և մենությունը տոգորվում է հանկարծ անսպասելիորեն
երբ մենության կռվից քո ներսի դու
փաթաթվում էս ամեն անցորդի, գինովցած ու խենթ
ու ապտակվում էս ու նորից փաթաթվում ամուր
այնքան ամուր որ անցորդի հետ վերածվում էս մի էության
ու ջերմացնում նրա դալուկ մարմինն և սիրտը մեռնող.

գինովցած ու խենթ կոնծաբանի մարմինը
փնտրում է ավելին քան անցորդներն են այդ
ըմբոստացած պոետների դեմ
և ողբացած սեփական գորշությունից…

գինովցած տղերքն փողոցներում թափառող ելել են որսի
սիրո ջերմության և խորաթափանց քնքշանքի
մարմնի մերկության և հպումների տաք…ելել են որսի…

***
սևազգեստ աղջիկ. ընկած մայթին փողոցի սողում էր
արյան իզերը հետևից գծելով սլացիկ ու նուրբ
ճամփա նշմարելով անցորդ կոնծաբան խենթերի համար…

ամենալավ տողերը պոետները խեղդում են լուռ
խառնակ ու թանձր ցեխի մեջ կատարյալ և օրինավոր
այն կածաններում կիսաձայն
խորհրդավոր ճամփորդների ոտնատեղերի մեջ ..

ամենքս ունենք մեր անմշակ ողբերգությունը
և տողերը որոնք քամվում են համվերժական
մենության մարմից այն որ ոչ մեկին պետք չէ
որովհետև այն միշտ եղել է ոչնչության տարրա
անհոգի ու խենթ, հավերժի ճամփին հետքերով քարշ …

 

Բ.
պոետ էր կարծես
կոնծաբաններից մեկը խենթ և գինովցած ու գոռում էր նա –

հե՜յ գորշ հոգիներ
ես գրում եմ տառապանքից
մի խառնվեք արժեքավոր բան չկա…
ես գրում եմ որովհետև կատարսիզի ու
էմոցիոնալ օրգազմի կարիք կա աշխարհում…
և բոլոր ճանապարները բեկանելի են
նրանն էլ…եթե կա, եթե տակավին չի փախել իր տեղից
բեկեք ձեր ճանապարհները կյանքը խաբել է բոլորիս.
ես գրում եմ որովհետև գիշերը ցերեկ է
քուն չկա ցավ ու սով ցավ ու սով միայն
և հոգիների քաղց ու մերկություն համատարած…
ես գրում եմ որովհետև հոգիս ուզում է ճչալ
ես գրում եմ որովհետև գիտեմ
շնչառության ամբողջ տարածությունը, ես շնչում եմ
ես գրում եմ գեղեցիկի մասին սապատավորների մեջ.
ես գրում եմ բանաստեղծություններ
որովհետև ուզում եմ լինել առանց ոչ մեկի
խոր մենության մեջ
ու իջնել շատ ներքև խորանալ և սուզվել
մենության անդունդներում մշտնջենական.
ես գրում եմ, որովհետև լսել եմ ու ասել.
ես գրում եմ որովհետև ես պռոտեստ եմ
դու էլ…բաց սիրտդ խելահեղ ալիքների առջև
ես գրում եմ որովհետև դու տենչում էս ճշմարտության
սակայն դու կլինես ատելի
ու այդ ատելությունը կլինի մաքրամաքուր և անթերի.

ես գրում եմ որովհետև ես արթուն եմ
ա ր թ ն ա ց ե ք
ես գրում եմ որովհետև գոյությունը
էս տխմար ու սուտ գոյությունը
հակված է հավիտենական ինքնաոչնչացման ի ծնե
իսկ ես անքուն եմ.
կուրանում եմ ցավից անողոք տեսիլքների…
ա ր թ ն ա ց ե ք…

 

***
խենթ էր պոետն այդ
որ գոռաց ամենն այս
նա տեսնում էր իրեն
նա տեսնում էր իրեն ներսից, ներսից այլ ոչ դրսից
նա խարիսխ էր ծովի հատակին այլ ոչ առագաստ
նա ինչ-որ մի կարևոր բանի արժեքավոր դետալն էր գին չունեցող
նա չգիտեր ինչպես, բայց նա ուզում էր շատ. հեղաշրջում

էդ խենթ ու հավերժ գինովցած հանճարեղ կոնծաբանը
թևեր առավ ու բարձրացավ վեր, փողոցից այդ
արնալերդ գորշերի, սևազգստների և խենթ պոետների ննջեցյալ…

***
խենթ էր պոետն այդ
որ գոռաց ամենն այս
նա տեսնում էր իրեն
նա տեսնում էր իրեն ներսից, ներսից այլ ոչ դրսից
նա խարիսխ էր ծովի հատակին այլ ոչ առագաստ
նա ինչ-որ մի կարևոր բանի արժեքավոր դետալն էր գին չունեցող
նա չգիտեր ինչպես, բայց նա ուզում էր շատ. հեղաշրջում

էդ խենթ ու հավերժ գինովցած հանճարեղ կոնծաբանը
թևեր առավ ու բարձրացավ վեր, փողոցից այդ
արնալերդ գորշերի, սևազգստների և խենթ պոետների ննջեցյալ…

 

2.

տռագոս’ օդա

արթնացա ժամը 04.15:
անքնությունն արդեն սենյակում բութ
նիրհել էր վաղուց հազար անքուն գիշերներիս հետ
խմորվելով այն մտքից որ արևը ուր որ է կծագի
և ճառագայթներից տաք կոչնչանա այն միտքն անքնության

որ մի ժամանակ ես մենակ չէի այստեղ
իսկ հիմա արդեն մեկնում եմ քաղաքից

արդեն 04.22ին ագռավը ընկավ ներս իր բնով
պատուհանների ապակիները փշրվեցին

ապակիները բաժանվեցին բյուր մասերի ու հորդեցին վրես

ու մարմնիցս պատարագի ժամանակ
նվիրաբերված գինին էր հորդում անընդհատ | չընդմիջվելով
անհասկանալի արտադրության նմանվելով
հոսում դեպի գետնանցումները մթին
անձրևի և ցեխաջրի հետ
գարշ ապականված գետնանցումների գոզոտ
բետոնե գետինների կեղտերը մաքրել սրբել տանելով
և իմ մի մասին իր հետ տեղափոխելով դեպի անհայտություն

ես մնացի քամված և
հոգեվարքի մեջ ննջարանում

ու անցա իմ աննյութ անձը քննելուն…

***

– ուշադրություն ուշադրություն ուշադրություն ձեր մերը.

ինչ-որ մեկը գոռում էր սենյակիս պատերից
հատակներից ու առաստաղներից այն կողմ
աջից ու ձախից դեմից ու հետևից վերից ու վարից…

– ուշադրություն ուշադրություն ուշադրություն

պոռնո չնայելով չեն սրբանում
(ուղղված էր հարևան մարդակեր/բոլոր իմաստներով/ կույս աղջիկներին)
մաստուրբացիան կփրկի աշխարհը խելագարությունից
երբ ձեր հորմոնները գլխներիդ կտան օնան կանչելով…

 

***

մենք իրոք չգիտենք թե ինչ կարող է պատահել
և ինչ չի կարող պատահել…
վայելեք քանի չի վերջացել

ինքներդ ձեզ հաղթարահելու ուտոպիստական խնդիրը և
հարրի հալլերականությամբ գալարվող ներքին լիրբենի մոնոլոգները
աղճատում են ձեզ ձեր գրողի տարած տաղտուկ կյանքից…

***
ձայնը այսքանը ճչալուց հետո հանգեց ու կորավ հավիտյանս

հե ՜յ ուրվական ուրվակա ՜ ն
գոռում էի ես

սակայն ձայն չկար էլ…սակայն պետք է որ լիներ…շատ էր պետք

սիգարետի թավ ծխի ու կիսախավար կանթեղների սենյակում

մենք ջազ ենք լսում
հյուր ընկած ագռավի հետ
ծխում ու կռռում
ինքան սև սրտներս ուզի
ինչքան աննյութ մարմինները մեր
կկարողանան դիմանալ

ծխահարվելուն
սեփական ծխից:

 

3.

*փողոցը

նոյեմբերին:
մենք նորից
փնտրում ենք
փողոցը որը գոյություն չունի…

էդ գրողի տարած փողոցը
որտեղ ամեն մի քայլդ նման է անտրամաբանական սավառնանքի
դեպի ներքին կայսրությունդ

ուր դարձյալ սկսում էս խորհել
շոկոլադի և էն կարմիր ու տաք շուրթերի մասին
սրտերի խելահեղ ~ մոլեգին ճիչերի մասին

ձմռանը մայթին անտեսված մահամեձ կարմիր վարդի մասին
անտոնինոնիի և բերգմանի մասին

վաղվա մասին
մյուս, է ՜ն մյուս տարվա մասին
մահվան մասին
քո մասին
փողերի մասին
էն հրեշավոր, այլանդակ ցուցահանդեսի մասին
նախքան լուսաբացը մերկ ճյուղերից էս ու էն կողմ թռչող
փոքրիկ թռչունների առեղծվածային երգի մասին

անհեթեթ մանկության մասին
քամիների մասին
պատուհանների լղոզված ապակիներից այն կողմ

***
տիեզերքի մասին
լվացքի մեքենան քացուտակ գցելու մասին
(կյանքիս աղմուկները կրկնապատկելու համար)
թոշնած ձեռքերի աչքերի աղոթքների ու
տրագիկ խաղաղ ներս փլվող պատերի մասին…
առաստաղից անվերջ կաթող
մտքերի

***
վերածվող
ամայացնող
աստերոիդների
անձրևի

***
դրանից
պաշտպանվելու մասին ..

***

ճախրելով հազարավոր չքնաղ դղյակների
գոյություն չունեցող քաղաքի
կաթնային գույների հանճարեղ երկնքում
իջնելով քիչ ներքև թռչկոտելով և անցնելով
գոյություն չունեցող անթարգման տանիքները
տարատեսակ ու բազմերանգ կտուրները
ժամացույցավոր հեքիաթային աշտարակները
սիրունիկ ծուռ ու մուռ ծխնելույզները

***

մենք փնտրում ենք փողոցը
որը գոյություն չունի.
մենք
հեռանում
ենք
իրարից

իրար
փնտրելու…

 

4.

կաֆկա

էնքան սխալ էր ամեն ինչ…
կճաքարերը փողոցի
գրադարանի ճանապարհը
գրադարանը
գրադարանի աշխատողները
գրքերը
էդ աշխատողների ձեռքերում
և միգուցե ես
որ տեսնում էի էդ սխալը
բայց ունեի մի հատիկ կյանք
ու սխալ էի որ
մոռանում էի մեկ – մեկ
էդ մի հատիկ նեռվային կյանքիս մասին.

էնքան սխալ էր ամեն ինչ…

անգամ անձրևն էր սխալ
որ չեր թափվում ցած

ներդաշնակ կաթիլ- կաթիլ
այլ կարծես փուլ էր գալիս
եկինքից

դեպի
գրադարանից
կճաքարերի հիմար փողոցով
կաֆկա ,,տանող,, մարդուկների գլխին ..

կաֆկա օծող անձրևից հետո
ամեն ինչ պետք է որ այլ հունով գնար

ու մոլորվածները էլ ավելի մոլորվեին.
բայց

ամեն ինչ էնքան սխալ էր…

ամենաշատը կճաքարերով հիմար փողոցը ու
էդտեղ պար եկող հիմար մադրիկ
գրադարանից  «անասուն թարգմանությամբ»
կաֆկա տանող
լափող
բան
չջոկող:

նեռվային կյանքս փուլ եկող անձրևի հետ դարձավ ցեխոտ և պղտոր անձրևաջուր. որ անդուլ հոսում էր քաղաքի քարքարոտ լքված ճանապարհներով…
«հոսելուս» պրոցեսին
Կաֆական ուղեկից էր

նա բոլոր ճանապարհներին էր
ամեն մի քարը ճանապարհի
Նա էր

այն քարերը որոնց
կպչում ու ծեփվում էի /գետի ափին լվացք անող կնգա ձեռի քռչի պես/
բայց ցավ չկար ….

տիղմի վերածվելուց հետո
էլի
հիշվեց իմ մի հատիկ նեռվային կյանքի մասին
բայց գրողը տանի
ամեն
ինչ
էնքան
սխալ էր…

 

5.

*թմրանյութ

իմ տողերը նման են խշրվող ապակիների
իսկ դու սիրում էիր այնպես, ինչպես կարող էիր.

մենք սիրում էինք իրար
և մենք իրար հետ էինք
ու դա նման էր
թմրանյութի.

իսկ հիմա
հորինիր երազանքներ

որովհետև

մենք սիրում էինք իրար թմրացած
բայց դա արդեն բավական չէ. բավական չէ.

կան մարդիկ, որոնք մինչև կյանքիդ վերջը կմնան քոնը.

ինչքան հեռու էլ որ նրանք լինեն. դու հեռու ես

հեռու ես.

դու էնքան գեղեցիկ էս
իսկ ես պարզապես սիրահարված հիմար եմ.

իսկական կամ սուտ
ճիչերով լացով ցնցումներով
ու անզուսպ ծիծաղով
արտահայտվող խանգար մոլեգին հիմարություն.

***
կյանքի իմաստը պատրաստվելն է երկար մեռած լինելուն
ասում էր ֆոլքները

իսկ մենք ուղղակի զզվելի ենք
որովհետև չափազանց երկար ենք մնացել մեռած

մեր գլուխները լցված է կեղտով
սիրտս խառնում է
դու չես տեսնում էդ ամենը
մենք կոյուղիներից ենք սերված.
մի օր անձրևը կգա
ու կմաքրի այս ամբողջ
ապականությունը.

***

ժամը քանիսն է հիմա քո աշխարհում
գիտես չէ որ մեզ մոտ ժամ չկա
պետք էլ չի
որովհետև բոլորը նեռվային են / ու սպանել են ժամանակը
խեղդելով / տանջամահ անելով նրան
եռացող ձեթի մեջ. ու նա մեռել է հավիտյանս հավիտենից

***
մեր երկիրը նեռվային է.նեռվային
էս երկրի քաղաքները
վերջանում են

վերջանում են կրքերի կործանումով
հերոսներ թաղելով
էս երկրի քաղաքները դարբնոցներ են
հոգու դարբնոցներ
դժոխային դարբնոցներ որոնցում
հղկվում են հոգիները
մինչև խելագարության հրեշավոր ծնունդ
մինչև մաշվել / քրքրվելու աստիճան

***

էս երկրի քաղաքները
հոգեշեղվածների ծակվողների
հավերժ դեպրեսիաների մեջ մնացողների
պատսպարաններ են
իսկ դու փախար էստեղից.

փախար « մեծ քաղաք»
չճանաչելով ողբերգությունը
ողբերգությունն նրանում է երբ մեծ քաղաքը
կուլ է տալիս փոքր մարդկանց
իրենց երազանքներով…

հ ե յ դ ու
էս անձրևոտ երեկոյին քեզ եմ հիշել
սիրուն է
գրողը տանի
իսկական կինո է
ապշեցուցիչ ու մոգական
բայց
սուտ
է
դու մեռել էս գուցե քո մեծ քաղաքում,
դա էլ է սուտ
սև ագռավների անգութ սուտը
սպիտակների համար հորինված.

***

թևեր եմ որոնում

էս երկրից հառնելու համար
թևեր եմ որոնում
որ հասնեմ օ վ կ ի ա ն ո ս
դրանից իմ մեջ էլ կա
բայց ցամաքում է

 

6.

*նրա մասին

նրա մասին
սիրո մասին
ուրիշ ոչինչ

ուրիշ ոչինչ

պոեզիայի մասին
սիրո մասին նորից
գեղեցիկ մազերի մասին
իմ մասին
միլիոնավոր աստեղրի
սպանող հանճարեղ գեղեցկության մասին
գիշերային լույսի տակ ապրող մարդկանց մասին…

գրողը տանի
ինձ հետ
ամեն ինչ
պարզ է:

դժողք չկա դրախտ էլ
կա միայն շշյունը
հեռու ~ հեռավոր մոլորակներից
մեզ հասնող
ուրիշ ոչինչ…

չեմ ուզում բուրժուա մարալիստի
տպավորություն թողնել գրողը տանի
բայց եթե քեզ տային գիրք,
որի մեջ քո կյանքի պատմությունն է
դու վերջը կկարդայիր…

ես հիմա գիտեմ
որ դու գիտես
որ ես գիտեմ
ուրիշ ոչինչ…

նրանց բոլորի մոտ կա մի թերություն
նրանք դու չես
որովհետև
բոլոր կերպարները
հորինված են
հենց այդ պատճառով
բացում եմ աչքերս
որ քեզ էլ չտեսնեմ.
մեզ հավերժն էր կապում
սակայն
դու հոգու քաղցկեղ ունես…
ես բաղկացած եմ անձրևներից
այն անձրևներից որոնք կորցրել եմ

կհիշես երեևի փողոցներում
մենք փնտրում էինք երջանկություն

բայց գտանք
գինի

կհիշես երևի չէ…
ասում են ամեն երեկույթից հետո
խոհանոցում մնում են երկուսը
որոնք ամբողջ գիշեր նստած
ծխում և խոսում են կյանքի մասին
մենք բոլոր ~ խոհանոցների
էդ երկուսն էինք

հիշում էս ..

մտածել թախծել հետո ժպտալ
գոռալ ժպիտով անցորդների վրա
էստեղ էմոցիաները իրենք իրենց են գալիս իներցիայով
էս վայրն անվանում եմ
մելանխոլիկների ավերված հրապարակ
որից հարյուր կիլոմետր այն կողմ օվկիանոսն է
~ օ վ կ ի ա ն ո ս ը

էս վայրն իմ մեջ է

ուրիշ ոչինչ:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *