Ղեյասար Ամինփուր | Անխուսափելի օր

Անխուսափելի օր

Անցնող այս օրերում
Ամեն օր
Զգում եմ
Ինչ-որ մեկը
Հառաչում է քամու մեջ

Զգում եմ
Որ Ճամփաների մշուշապատ խորքից
Մի հեռավոր ծանոթ
Ձայնում է ինձ
Նրա ձայնի ծանոթ հնչյունը
Անցումի պես լույսի
Անցումի պես Նորուզի**
Ձայնի պես է
Օրվա գալու
Այն գալիք օրը անխուսափելի

Մի օր երբ կքած անցորդները
Կունենան մի պահ
Որ հպարտ
Բարձրագլուխ լինեն
ԵՎ տեսնեն երկնքում
Արևին

Մի օր երբ գնացքն այս հին
Կրկնության զուգահեռ անկողնում
Անառիթ կկանգնի մի պահ
Որպեսզի քնաթաթախ աչքերը հոգնած
Լուսամուտի ետևից
Տեսնեն ամպերի պատկերը
Շրջանակում
ԵՎ ջրի մեջ
Անտառի գծագիրը գլխիվայր

Այդ օրը
Կսկսի
Մտերմիկ ձեռքերի թռիչքը
Ընկերոջ որոնման
Մի օր երբ նոր օրվա թռիչքն է
Մի օր երբ բաց են նամակները
Մի օր երբ նամակի
Նամակամիշի ու կնիքի փոխարեն
Ստորագրենք թևը աղավնու

ԵՎ առաքենք նամակի նման

Փոստային արկղերը
Այդ օրը կդառնան բույնը
Աղավնիների

Մի օր երբ կարճ կլինի ձեռքը խնդրանքի
Մի օր երբ պաղատանքը մեղանչել է
ԵՎ բնույթը Աստծո
Մայթով անցնող անցորդի ոտքի տակ
Չի քնի
Լրագրի վրա
ԵՎ չի տեսնի երազը թարմ հացի

Մի օր երբ դռների վրա
Կգրեն պարզ ձեռագրով
«Մուտքն արգելվում է միայն
Վիզը ծռած մարդկանց»
ԵՎ հպարտ հոգնած ծնկերը
Բացի սիրո ոտքի առաջ
Չի ծանոթանա հողի հետ

ԵՎ այսօրվա հեքիաթները իրական
Երազ կլինեն ու պատրանք
ԵՎ հեքիաթների նման հին
Բարի ավարտ կունենան

Օր հորդաբուխ ժպիտի
Շռայլաշուք ժպիտի
Ժպիտ առանց աչքերի խնայման
Այդ օրը
Առանց ժպիտի ակնկալիքի
Օրենքն է բարության
Մի օր երբ բանաստեղծները
Ստիպված չեն լինի
Հանգերի նեղ խցերում
Իրենց ժպիտը վաճառել
Մի օր երբ զգացումի արժեքը
Չեն սակարկի
Ինչպես արժեքը շորի
Այդ օրը
բանաստեղծության գրքի էջերի միջից
Կթռչեն թիթեռները չորացած
ԵՎ քունը կհորանջի գնդացիրի բերանում
ԵՎ զինվորական մաշված կոշիկները
Հին թանգարանների անկյունում
Կքարկապվեն սարդոստայններին

Մի օր երբ թնդանոթները
Երեխաների ձեռքերում
Կլիցքավորվեն քամիով

Մի օր երբ կանաչը դեղին չի լինի
Ծաղիկները իրավունք կունենան
Ծլարձակել ուր որ ցանկանան
Սրտերը իրավունք կունենան
Փշրվել
Որտեղ պահանջ կունենան

Հայելին իրավունք չունենա
Սուտ խոսել աչքերով
Պատը իրավունք չունենա
Աճելու
Առանց լուսամուտների

Այդ օրը
Կարճ կլինեն այգու և դպրոցի պատերը
Միայն մտային մի ցանկապատ
Կցանկապատի եզրագիծը
Հեռու հեռավոր այգու
Որի վրայից կարելի է թռչել
Շատ հեշտորեն

Դպրոցական երեխաների գրպանից
Արևի ծագման օրը
Մի օր երբ այբուբենի կանաչ այգին
Մի օր երբ ջրի արտագրությունը
Հանրային կլինի
ԵՎ ծովն ու արևը
Չի լինի ոչ մի աչքի արտոնությունը

Մի օր երբ երկինքը
Աստղի կարոտ չի լինի
Մի օր երբ նման օրվա երազանքը
Կարիք չի ունենա փոխաբերության

Ով լավ օրեր որ ճամփին եք
Ով ճամփաներ մշուշում կորած
Ով շարունակական ծանր օրեր
Դուրս եկեք պահերի ետևից

Ով արևոտ օր
Ով Աստծո աչքերի պես կապույտ
Ով գալիք օր
Ով օր նման օրվա
Գալուստդ լուսավոր

Անցնող այս օրերում ամեն օր
Սպասում եմ քո գալստին
Սակայն
Ասա ինձ արդյոք ես ևս
կամ
Քո գալստյան օրվա մեջ

* Բանստեղծությունը գրված է առանց կետադրականնշանների:
** Իրանական նոր տարի:

 

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ուզում էի
Բանաստեղծություն գրել
պատերազմի վերաբերյալ,
Տեսա
Գրիչն այլևս սրտիս լեզուն չէ…
Ասացի`
Պետք է վայր դնել գրիչները
Այլևս գործ անող չէ սառը զենքը խոսքի
Հարկավոր է պատերազմի վերաբերյալ
Խոսեմ փողից հրացանի`
Գնդակի հանգով…

Ուզում էի
Բանաստեղծություն գրել
պատերազմի վերաբերյալ,
Մի բանաստեղծություն իմ Դեզֆուլ քաղաքի,
Տեսա` պետք է
Անհաճո բառը օգտագործեմ «Մուշաքի»

Սակայն հրթիռը
Նվազեցնում էր գեղեցկությունն իմ խոսքի,
Ասացի` բանաստեղծությանս թերի բեյթը
Հո ավելին չէ, քան տները քաղաքի.
Թող որ իմ երգն էլ
Մարդկանց հողաշեն տների նման ավերված լինի ու արյունոտ…
Պետք է հողոտ ու արյունոտ
Երգեր գրել,
Պետք է բանաստեղծություն գրել զայրույթի,
Հառաչի, պերճախոս բանաստեղծություն`
Թող որ անավարտ…

Ասացի`
Մեր քաղաքում
Դարձյալ պատերը լի են
Լուսանկարներով կակաչների:
Այստեղ
Դրությունը վտանգի անցողիկ չէ,
Տագնապի ազդանշանը կարմիր, որ հառաչում է
Գիշերվա լռության մեջ միայն`
Դիակների անավարտ քնում…
Թշնամու վայարագ չղջիկները
Նույնիսկ խորշում են ցերեկվա լույսից,
Պետք է բոլոր լուսամուտները
Ծածկել վարագույրներով անթափանց:

Այստեղ
Պատն անգամ
Ապավեն չէ ոչ մեկի թիկունքին,
Քանզի սա մի այլ գերեզման է, որ
Սպասում է գիշերվան:

Այլևս,
Նույնիսկ,
Աստղերին չկա վստահություն,
Գուցե աստղերը
Գիշերահսկիչները լինեն մեր թշնամու

Այստեղ,
Նույնիսկ,
Չեն ապշում լուսնի պայթյունից:

Այստեղ
Միայն աստղերը
Տարածություններն են դիտարկում աշտարակներից,
Թե գիշերը որքան նողկալի ժամանակ է,
Սակայն, եթե աստղը լեզու ունենար,
Ի՜նչ երգեր կասեր գիշերվա վատից,
Ավելի խոսուն, քան իմ լեզուն անորոշ…

Այո,
Գիշերը վատ ժամանակ է.
Ամեն գիշեր մենք բոլորս
Ակնապիշ տեսնում ենք
Մահվան հրեշին,
Քաղաքի մանուկների
Գիշերվա ծանոթ մղձավանջը
Ամեն գիշեր իրական զգեստ է հագնում:

Այստեղ
Ամեն երեկո լուռ ասել ենք ինքներս մեզ.
«Այս գիշեր
Քնքոտ հողաշեն տներում
Ո՞ր արթուն մոր ճիչն է չորանում`
Կոկորդ չհասած…»:
Այստեղ
Մերթ գլխատված մի մարդու գլուխը
Պետք է միայնակ
Հեռու տանիքից բերենք
Ու թաղենք գերեզմանոցում,
Կամ քարն ու հողը և երկաթը արյունոտ,
Երբ քանդում ենք մեր եղունգներով
Ցեխ դարձաց հողի տակ, տեսնում ենք
Փոքրիկ կարի մեքենայի վրա կնոջը հանգչած:

Այստեղ ամեն առավոտ
Փողոց մաքրողը
Իր հետ տանում է ինչ-որ մեկի
Սիրելի մոխիրը…

Այստեղ մնալու համար
Նույնիսկ օդը քիչ է…

Այստեղ մշտապես լուրերի առատություն է,
Լուրեր, քար ու հողի
Փոքրիկ սրտերի վրա`
Նեղ գերեզմաններում…

Սակայն
Ես տեղյակ եմ կրծքի ներսից,
Արյունոտ տներից,
Արյունաթաթախ տիկնիկի հեքիաթից,
Փոքրիկ գլխի ուղեղի պայթյունից
Այն բարձին, որ լի է երազներով,
Մանկան քաղցր երազով…

Այն սև գիշերից,
Այն գիշերից, երբ փոշու մեջ
Մի մարդ, կռացած
Փողոցի առվի եզրին,
Տագնապահար ու կարմիր աչքերով
Փնտրում էր իր ձեռքը մյուս…

Հավատացե’ք,
Ես իմ ապշած զույգ աչքերով եմ տեսել,

Երբ մի մանուկ
Սարսափից վտանգի,
Փախչում էր արագ
Բայց գլուխ չուներ.
Քիչ անց գետնին տապալվեց,
Եվ մի ժամ անց
Շտապող մի մարդ, կորամեջք
Գլուխը հեծանվի թափքին դրած,
Տանում էր գերեզմանին իր երեխայի…

Ինչ-որ բան քիչ էր նրա կրծքում…

Սակայն
Փոշեծածկ այս ուսերը
Որքան պարզ ու համբերատար,
Դողում են աղետի պահին,
Նրանց,
Թեև
Ջարդվել են ծնկներն ու մեջքներն,
Կանգնել են հաղթանակած ու անվեհեր,
Առանց տուն ու տեղի,
Ականջների մեջ պատգամն է Իմամի`
Դիմակայելու և նահատակվելու որոշումով,
Ուսերին դրոշն է ապստամբության:

Այո,
Սրտիս խոսքերը այս տաք
Պատն անգամ իզորու չեղավ լսել,
Արդյոք դու կարո՞ղ ես լսել…

Պատ,
Թափառող սառն ու քարե պատ,
Արդյոք վայե՞լ է, որ մեռած մնաս`
Ողջ մնալուն գերեվարված
Ոչ,
Պետք է մեր մայրիկի կոկորդը այրենք
Ողբակականից ռուդ* * ,ռուդի,
Եվ քանի դեռ չի չորացել
Ողբաձայնը ռուդ, ռուդի
Պետք է ավելի սուր սայր զենք վերցնել
Պետք է զոհվել…

*Հրթիռ:
* * Ձագուկս, բալես: Իրանի հարավի որոշ շրջաններումմայրերը այդպես են անվանում իրենց երեխաններին:

 

ՆԱԽԱԳԻԾ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հողին ընկած նահատակվողը
Մատը սեփական արյան մեջ թաթախելով
Մի քանի բառ էր գրում քարին

«Իսկական հաղթանակի հույսով
Ոչ թե պատերազմում
Այլ պատերազմին»

 

ՆԱԽԱԳԻԾ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հոողին ընկած նահատակվողը
Խորհում էր

«Եթե սա է հաղթանակ
Որ թշնամին պարտվեց
Ինչու դեռևս կա թշնամություն»

 

ՆԱԽԱԳԻԾ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Երեխան
Իր կատուների հետ խաղում է տան բակում

Մայրը կարի մեքենայի կողքին
Խաղաղ խորասուզվել է ասեղի թելում

Տան մեջ տարածվել է
Նոր թեյի գոլորշու բույրը

Դռան թակոց
«Գուցե հայրիկն է»

ԻՄ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՍՈՎՈՐԱԿԱՆ Է

Իմ վերաբերմունքը սովորական է
Սակայն չգիտեմ ինչու
Այս օրերում
Ընկեր ծանոթներից
Ով տեսնում է ինձ
Հեռվից ասում է.
Այս օերում կարծես
Այլ է հոգևիճակդ

Սակայն
Ես ամնօրվա պես եմ
Այն պարզ նշաններով
Եվ նուն ստորագրությամբ նուն անունով
Եվ նույն սովորականվերաբերմունքով
Լուռ ու հանգիստ ինչպես միշտ

Այս օրերում միայն
Զգում եմ որ մի քիչ քչախոս եմ
Երբեմն մի քիչ մտացիր եմ
Զգում եմ
Նախկին օրերի համեմատ ավելի շատ
Սիրում եմ այս օրերը
Երբեմն
( քեզնից ինչ թաքցնեմ)
Երգում եմ քարերի հետ
Եվ որոշ պահերի արժեքը լավ եմ հասկանում

Այս օրերում երբեմն
Օրացույցից օր ու ամսից և տարվանից
Եվ թերթերից անտեղյակ եմ

Զգում եմ որ երբեմն մի քիչ քիչ

Երբեմն խիստ առավել եմ
Նունիսկ եթե հնարավոր լիներ ասել
Այս օրերում երբեմն Աստծուն էլ
Մի այլ ձևով եմ պաշտում

Երեկ գիշեր էլ օրինակ
Անխիղճ գիշերներից մի այլ գիշեր էր
Ես ամբողջովին ազատ էի
Նախ նստեցի լավ
Գուլպաներս հարթուկեցի
Միայն շուրջ յոթ կիլոմետր սենյակիս մեջ քայլեցի
Կոշիկներիս հետ զրուցեցի
Դրանից հետո էլ
Գնացի բոլոր նամակները տակնուվրա արեցի
Եվ նամակները էջ առ էջ
Փնտրեցի այն վերացական հեքիաթը
Փնտրեցի այն առեղծվածը
Ոչինչ չգտա
Միայն նամակներիցս մեկը
Անորոշ և օտար բույր ուներ
Ասես
Նամակի ծալծլված թղթի արանքներից
Զգացվում էր
Երկնքի բոլոր հասմիկների բույրը

Երեկ գիշեր դարձյալ
Անհամբեր ճոճվեցի ծառերի արանքում
Ամպերի ելարանով գնացի մինչև երկինք
Շրջեցի երկնքում
Եվ գրպաններս
Լցրի ամպաքուլաներով
Ձեր տեղը դատարկ
Մի պատառ փխրուն սպիտակ ամպի ծավալից
Մի կտոր լուսնից կերա

Երեկ գիշեր երեսուն տարի անց հասկացա
Որ աչքերիս գույնը մի քիչ շագանակագույն է
Եվ ի տարբերություն նախկին տարիների
Ծիրանագույնն ու մանուշակագույնը
Առավել եմ սիրում քան կապտավունը

Երեկ գիշեր առաջին անգամվա համար
Զգացի որ անունս այլևս
Այնքան էլ մեծ ու պատկառազդու չէ

Այս օրերում այլևս
Չգիտեմ ճերմակ մազերիս քանակը
Երբեմն փոքրիկ մի պահի հիշատակին
Մի ամբողջ օր տոնում եմ
Երբեմն
Մի օրում մեռնում եմ հարյուր անգամ
Նույնիսկ
Գիշերվա սիրեցյալներից մի ճյուղ
Մի ճյուղ բողբոջած մարիամածաղիկն էլ
Բավ է մեռնելուս համար

Երբեմն հայացքս ամբողջ օրվա ընթացքում
Քաղաքի անծանոթ անցորդներին
մշուշոտ ծանոթություն է զգում
Երբեմն գլխիկոր անճարակ սիրտս
Ցնծվում ու սավառնում է
Թախծոտ մի երաժշտության հնչյուններից

Սակայն
Բացի այս զգացողություններից որ ասացի
Եվ բացի այս սովորական վերաբերմունքից
Եվ բացի այս պարզ ու սովորական հոգևիճակից
Սրտիս մեջ չունեմ
Այլ հոգևիճակ

Իմ վերաբերմունքը սովորական

 

ՊԱՏԱՀԱՐ

Ընկավ
Այնպես ինչպես տերևը
Այդ դեղին պատահարն է
Պատահում

Ընկավ
Այնպես ինչպես մահը
Այդ սառը պատահարն է
Պատահում

Սակայն
Նա կանաչ ու տաք էր երբ
Ընկավ

 

ԽԵՆԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ

Որոշ ժամանակ է զգում եմ ասես
Ավելի մոխրավուն եմ քան երկու տարի առաջ
Զգում եմ որ մի քիչ ուշ է
Այլևս չեմ կարող
Երբ ցանկանում եմ
Ծնվեմ քսան տարեկանում

Ասես
Պատեհ ժամանակը պատահարի
Ձեռքից թողնվել է
Մեզանից անցել է ինչոր բան անել
Ինչոր բան որ ուրիշները չեն կարող անել

Ժամանակը շատ է խոսքի համար
Սակայն
Սակայն եթե արտասվել ես
Ահ
Մեռնելը որքան տրամադրություն է պահանջում
Առանց ամբողջ կյանքիդ ընթացքում
Մի օր մի շունչ
Ապրած լինես առանց մահվան գայությամբ

Ասես
Անցնող տարիներին
Ինչպես հարկն է
Խենթ չեմ
Զգում եմ որ մահից հետո
Վերջապես
Մի օր
Կխենթանամ

Գուցե պատահարի համար պետք է
Երբեմն մի քիչ սրանից ավելի շատ
Տարօրինակ լինել

Այսքան շատ տարբերություններով
Զգում եմ որ մի քիչ անտարբերությունը
Վատ չէ

Զգում եմ որ ասես
Մի քիչ ծուռ է անունս
Եվ ազգանունս նույնպես
Հոգնած է
Այս արճճե օդից

Իմ նոր ստորագրությունը
Այլևս
Դպրոցական օրերի ստորագրությունը չէ
Երանի
Այն անունը վերագտնեմ վերստին

Երանի
Վերստին տեսնեմ այն փողոցը
Այնտեղ ուր հանկարծ ձեռքիցս ընկավ
Անունս
Եվ կորավ հուշերի արանքներում
Այնտեղ ուր
Մի մանուկ օտարական
Նստել է իմ մանկության աչքերով
Հեռվից
Նրա ժպիտը որքան նման է ինձ
Ահ ով հեռավոր նմանություն
Ով հպարտ աչքեր
Այս օրերում երբ քիչ է
Խենթանալու համարձակությունը
Թող վերստին դեպի քեզ վերադառնամ
Թող առնվազն
Երբեմն քեզ երազում տեսնեմ
Թող քո մասին խորհեմ
Թող
Թողնենք

Այս օրերում
Սիրտս շատ է կարոտել լացելու համար

 

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԵՐԳ

Անձրև անձրև նորից անձրև անձրև
Անձրև անձրև աստղային անձրև անձրև
Երանի բոլոր բանաստեղծությունների
խոսքերը քոնը լինեին
Անձրև անձրև գարուն անձրև անձրև

 

ԺԽՏՈՒՄ

Սիրո բոլոր գաղտնիքներից ու առեղծվածներից
Բացի այս երեք տառից
Բացի այս սնամեջ հասարակ երեք տառից
Ուրիշ ոչինչ գլուխս չի մտնում

Իմ գլուխը չի մտնում
Բայց

Իսկապես
Սիրտս
Մտնում է

 

ՍԱԿԱՅՆ ՄՇՏԱՊԵՍ

Երբեք
Սիրտս չի կամեցել ասել
Երբեք

Մահը ծնում է
Երբեքի արձագանքից

Սակայն մշտապեսը
Գալիս է մշտապեսի արմատից

Գնալ
Մշտապես գնալ
Նույնիսկ մշտապես չհասնելով
Գնալ

 

ՄԻ ԱՅԼ ՄԻՋԱԴԵՊ

Ծառից ընկնող խնձորը
Դարձյալ ճյուղ կվերադառնա

Սակայն
Այլևս մեկմեկու
Չեն ճանաչի

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Ով ծանոթ ծառ,
Քո ճյուղերը
Հանկարծ
Որտեղ թողեցիր

Կամ ինչպես քույրս Ֆորուղը[1] կասեր
Ձեռքերդ
Որ սիրահարված
Պարտեզում ես ցանել2

Այս պայմանագիրը
Մեր միջև մինչև հավետ
Թող կանգուն մնա

Իմ աչքերը քո ձեռքերի փոխարեն

Ես կջրեմ քո ձեռքերը
Դու իմ աչքերին պատիվ տուր

Ես անհամբեր քո աչքերին
Խոստանում եմ
Մեր արմատները ջրին
Մեր ճյուղերը արևին կհասնեն

Մենք նորից կկանաչենք

1.Պարսկուհի վաղամեռիկ բանաստեղծ ՖորուղՖարրոխզադ:
2. Ակնարկ Ֆ.Ֆ. ՙՄի այլ ծնունդ ՚ բանաստեղծությանը ուրկան այսպիսի տողեր. ՙՁեռքերս կցանեմ պարտեզում,կկանաչեմ , գիտեմ, գիտեմ…՚:

 

ՍԵՎ ՕՐ

Երբ որ դու չկաս
Ոչ մեր եղած-ներն են այնպես
Ինչպես որ պետք են
Ոչ պետք է-ները

Ամեն անգամվա պես խոսքիս վերջը
Եվ վերջին խոսքս
Կուլ եմ տալիս լացի անզուսպ ցանկությամբ

Մի ամբողջ կյանք
Լղարիկ ժպիտներս
Կուտակում եմ սրտիս մեջ
Թող մնա սև օրվա համար

Սակայն
Օրացույցի թերթիկներում
Օր չկա սև օրվա անվամբ

Այդ օրը ինչ էլ լինի
Երեկվա օրվա նման
Վաղվա օրվա նման
Մի օր է ճիշտ մեր այս օրերի նման
Սակայն ով գիտի
Գուցե
Այսօր նույնպես սև օր լինի

Երբ որ դու չկաս
Ոչ մեր եղած-ներն են այնպես
Ինչպես որ պետք են
Ոչ պետք է-ները

Ամեն օր առանց քեզ
Սև օր է

 

ՉԳՐՎԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Չէ
Էլ գործ չունեմ սիրո հետ
Ես ոչինչ և ոչ մեկին
Այլևս
Չեմ սիրում մեր օրերում

Ասես
Այս կյանքը աչք չունի ինձ ու քեզ
Մի օր
Ուրախ ու անհոգ տեսնելու

Քանզի
Ինչ-որ բան և ինչ-որ մեկին
Որ առավել սիրես
Նույնիսկ ծխախոտի մի գլանակ
կամ օձի թույն
Կխնայի քեզանից

Ուրեմն
Ես իմ ողջ էությամբ
Ինձ մեռած եմ ձևացնում
Որ կյանքը այլևս
Գործ չունենա ինձ հետ

Այս նոր բանաստեղծությունն էլ
Թողնում եմ անավարտ
Որ կյանքը հոտը չառնի

Դե ասացի
Էլ գործ չունեմ սիրո հետ

 

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քմահաճ քամին
Օդապարուկը
Մանկան ձեռքի օդապարուկը
Քշում էր քմահաճորեն

Մանկությունս
Բարակ թելով քամու ձեռքին
Առկախ

 

ԿԱՅԱՐԱՆԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Գնացքը մեկնում է
Դու մեկնում ես
Ամբողջ կայարանն է մեկնում
Եվ ես որքան միամիտ եմ
Որ երկար տարիներ
Քեզ սպասելով
Կանգնել եմ
Այս մեկնած գնացքի կողքին
Եվ դեռևս
Հենված մնացել եմ
Այս մեկնած կայարանի
Բազրիքին

Թարգմանությունը պարսկերենից՝ Էդուրադ Հախվերդյանի

Մահամմեդ Ռեզա Աբդոլմալքեյանի  «Հիմա երբ հեռացել ես» հայտնի բանաստեղծությունը նվիրված է Ղեյսար Ամինփուրի հիշատակին

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *