Անահիտ Ղազարյան |Լեղի

Անահիտ Ղազարյան

Փոքրիկ լողավազանի մեծությամբ հին բաքի մեջ ճպպում է դեղին, սուր հոտով լեղի թվացող հեղուկը: Տարածքի փոքրության մեջ էդ բաքի մեծությունը անհեթեթ է: Բետոնի վրայով գնում-գալիս է Աննան, ճտտացնում էժան ու հնացած չստերը, պարբերաբար թևը մոտեցնում է քթին ու սեղմած պահում մի քանի վայրկյան: Ոտքերը սևացած են, կրունկները մաշված՝ հողագործ պառավի կենսագրությամբ: Հետո ջուր է բերում, չափուձև անում, ու գռռալեն լցնում հեղուկի մեջ: Մաշկի մրմռոցը ու եղունգների տակից ներս թափանցող հեղուկը սրսկոցի պես տհաճ է ու ժամանակավոր: Գործ անելիս անընդհատ չխկչխկում են Աննայի վզից կախ «ցեպն» ու հուլունքները: Հեղուկի թույլ չռռոցը, Աննայի չստերի ճտտոցն ու հուլունքների չխչխկոցը միախառնվում են ու արձագանքում Երևան մայրաքաղաքի էդ հին ու կիսաքանդ գործարանի կիսախարխուլ սենյակում: Աննան ժավել է սարքում: Բուն ժավելին ջուր է ավելացնում: Նրա կտրած ջինսը տեղ-տեղ սպիտակել է` անկանոն պուտավոր, կտրտած շալվար: Ասում եմ՝ Աննա, եղունգներդ կրծո՞ւմ ես: Գլուխը վայրի տարուբերում է. «Չէ հա, ժավելից ա, քանի տարի ա արդեն, էլ չի էլ աճում նորմալ, հա մաշվում ա»: Ու ժպտում է: Ինձ է նայում: Հարցնում եմ՝ «Արդեն երևի վարպե՞տ ես, հա՞, գիտես ինչքանին ինչքան ջուր ավելացնես»: «Հա, հեշտ ա, դու էլ կսովորես»: Ես բան չեմ ասում: Նայում եմ՝ ոնց է աշխատում: Ես այլ աշխատանքի համար եմ եկել, ու համրացել, մնացել եմ էդ գործարանի էդ սենյակում: Հետաքրքրությունս էնքան մեծ է: Չեմ շարժվում: Աննայի հետ եմ խոսում, ուսումնասիրում եմ:
Աննան 25 տարեկան է, ոսկրոտ, բարակիրան, տանջված ու բանող մարդու անճարությամբ: Անան սիրուն աղջիկ է: Չոլերում աճածի սիրունությամբ: Աննան իր վիճակը չի գիտակցում: Հոգսի մեջ լող է տալիս: Ժամանակ չունի: Արագ շշերն է դասավորում, սպիտակ շշեր՝ 50-ից ավել, չեմ հասցնում հաշվել: Սպիտակ զինվորիկների պես բետոնին շարքով կանգնեցրել է: Հանում է փականները ցելոֆանից: Լցնում է, փակում: Լցնում է, լցնում է, լցնում է, լցնում է: Փակում: Հոտն անտանելի է: Ես չեմ ուզում փակել քիթս, Աննան չի փակում: Ասում եմ՝ Աննա, ինչի շնչադիմակ չես հագնում, թոքերդ քայքայում ես, ներսդ վառում ես, ինչի մի կտոր չես դնում քթիդ: Ձեռքը թոթվում է, ծիծաղում: Հետո պիտակներն է կպցնում՝ Ժավել, էսքան լիտր, էսինչ հատկություններով…
Ինձ ամենալավ տեղում է նստեցրել, հյուրի պես պատվել է: Ես շշմած, զզված հոտից, ապշած նստել եմ: Հին մեքենայի էդ երկտեղ նստատեղը մի կերպ է հարմարեցված, տակը քարեր են, ու քարերի կողքին մկներ են խլտրում: Ես տեղից վեր եմ թռնում ու ամաչում իմ փափկասունության համար: Աննան ծիծաղում է, քշում մկներին, հանգստացնում: Խոսում ենք:
-Ո՞ւր ես աշխատել սրանից առաջ:
Ասում եմ, որ ռադիոյում: Աննան ուրախանում է, ուզում է, որ ինչ-որ բաներ պատմեմ ռադիոյից, պատմում եմ: Աննան ժավելի շիշը ձեռքին լսում է: Մատները վառվում են:
-Աննա, ուշադիր եղիր, համ գործ արա, համ լսիր, ինչքան ուզես, այնքան ես կպատմեմ:
Ու էդ պահին ֆիզիկական ցավ եմ զգում:
-Կոֆե կուզե՞ս, կարամ գնամ մառոժնի էլ բերեմ, ես փող ունեմ, ես եմ առնելու, բա ինչի եմ աշխատում:
Հրաժարվում եմ:
Աննայի էդ աշխուժությունը, ծիծաղն ու առողջությունը՝ մարմնի ես չեմ հասկանում: Աննան փայտի պես ամուր է: Ու իր կեցվածքը խղճալու չէ: Ու էդ վիճակից ես ավելի եմ սարսռում: Ներսս ոնց որ ժավել լցնեն: Էդ տարածքում ես ոնց որ ժավել խոսեմ, ժավել շնչեմ, ժավել ծամեմ: Ու մեջս ոնց որ ժավել շնջանառվի:
Պատերին թղթերի վրա գրված բանաստեծություններ են կպցրած: Պատերին Աննան Սևակ է կպցրել:
-Աննա, էդ բանաստեծությունները դո՞ւ ես արտագրել, կպցրել, ինչի՞ ես կպցրել:
-Հա, բա էլ ով, ես, որ պարապ եմ լինում, գիրք ունեմ մի հատ, դրանից եմ արտագրում:
-Ինչի՞դ ա պետք բանաստեծությունը, ի՞նչ ես անում:
-Սիրում եմ: Լավ ա: Համ էլ սիրուն ա:
Ես համաձայնում եմ՝ բանաստեղծությունը սիրուն բան է:
Աննան բանաստեծություն է սիրում, արտագրում է ու ժավել է լուծում:
Ես փլվել եմ: Համ խոսում եմ, համ էլ խոսքիս զուգահեռ ուրիշ բան մտածում:
-Աննա, բա օրը քանի՞ ժամ ես աշխատում:
-Երբ ուզեմ, ինչքան ուզեմ, էդքան էլ կաշխատեմ:
-Իսկ ինչքա՞ն ես ուզում:
-Դե, 9-30-ից 6-30: Առաքիչները գալիս են օրը երկու անգամ, իրանց եմ ընդունում ճանապարհում: Տենց էլի:
-Բա գործից հետո ի՞նչ ես անում:
-Գնում եմ տուն, հանգստանում եմ, հետո գիշերը 4-ին, 4-անց մամայի հետ գնում ենք Բանգլադեշ միրգ ա, բան ա, առնում ենք, բերում ենք, որ ծախենք:
Ես վախենում եմ հարցնել՝ Աննա, իսկ դու երազո՞ւմ ես մեկ-մեկ, իսկ դու ինչի՞ մասին ես երազում, իսկ դու ուզո՞ւմ ես ուրիշ երկիր գնալ, իսկ դու ի՞նչ ես ուզեցել դառնալ: Վախենում եմ, որ ժավելը ամենը քայքայած լինի, ներսը վառած լինի, եղունգի պես մաշած, մեջքը ջարդած լինի:
Ծիծաղում եմ ու փորձում եմ իր նման առողջ լինել, չեմ ուզում իրեն խղճալս ցույց տալ, չեմ ուզում էդ վիճակի առաջ իմ մեղկանալը տեսնի:
Հարցնում եմ իր աշխուժությամբ՝
-Ընկեր, սիրած տղա ունե՞ս:
-Չէ, չունեմ: Ես էդ տղերքին չեմ հավատում, սաղ էլ ուզում են խաբեն, հետդ ֆռռան, թողեն:
Աննան ընթացքում հեռախոսով ռաբիս երաժշտություն էր լսում, ու էդ երգերը սիրո մասին էին:
-Աննա, էդ վզիդ հուլունքները դո՞ւ ես սարքել, չէ՞:
-Հա, ես սիրում եմ սենց բաներ: Սիրո՞ւն են, չէ՞:
Ես արագ պատասխանում եմ, որ սիրուն են, որ չկսակածի, թե ինձ դուր չեն գալիս: Էդ հուլունքները էդ քանդված գործարանում, էդ ժավելի հոտի մեջ ոնց որ տոն լինեին: Իր ամբողջ ստեղծագործականությունը հուլունքներն էին ու պատին կպցրած Սևակի բանաստեղծությունները: Դա էր արարման իր տարածքը:
Ուզում եմ Աննային գրկեմ, տուն բերեմ, լողացնեմ, ուզում եմ քերեմ, քերեմ մաշկը, ցավեցնելու աստիճան քերեմ, որ անցնի ժավելը, որը մաշկից ներս է թափվել, սանրեմ մազերը, ուզում եմ հեքիաթ կարդալ իր համար: Ուզում եմ հարցնել՝ Աննա, դու հայր ունե՞ս, ուզում եմ՝ որ ջղայնանաս ու ռադդ քաշես էդ ժավելանոցից, ուզում եմ, որ լացես քո էդ վիճակի համար: Ուզում եմ ես ջղայնանամ ու լացեմ: Ես ու դու լուռ ենք: Մենք չենք էլ լացում: Լացելը աղի ջրի հոսք է, իսկ ժավելն ավելի ուժեղ է՝ վառում է:

Սկզբնաղբյուրը՝ «Երևան» ամսագրի թիվ 11 (29) 2014 , Նոյեմբեր

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *