Լուսինէ Աւետիսեան | Անրի Վեռնոյի Վէպ-Յուշարձանը

Լուսինե ԱվետիսյանՀամաշխարհային մշակոյթի պատմութեան մէջ խոր ու անջնջելի դրոշմ է թողել ֆրանսահայ ինքնատիպ ռեժիսոր, գրող եւ սցենարիստ Աշոտ Մալաքեանը, ով աւելի յայտնի է որպէս Անրի Վեռնոյ։ Որպէս հայրենիք ու մանկութիւն չունեցող, աւելի ճիշտ, դրանցից զրկուած սերնդի ներկայացուցիչ՝ նա իր էութեամբ տեսաւ, շօշափեց, լսեց ու ապրեց հայերի մի ստուար զանգուածի բաժին ընկած ճակատագրի ողբերգականութիւնը։ Օտար միջավայրում փրկուածների մեծ մասը չդադարեց լսել ու տեսնել ցեղասպանութեան մղձաւանջը, որ դաժանօրէն խլացնում էր ներքին բոլոր ձայները, կուրացնում ներքին աչքերը՝ թոյլ չտալով նշմարել ի վերուստ տրուած առաքելութեան արահետները… Եւ այնուամենայնիւ վերապրեցին նրանք՝ որպէս անթրոց պահպանելով գալիք բոցավառումների կայծեր։ Շատերը, որպէս չարեաց փոքրագոյն ընտրելով անուանափոխութիւնը, հատեցին անհարազատ միջավայրում հալածանքների շղթան՝ այդպիսով վերապրելուց բացի նուաճելով տարբեր բնագավառների բարձունքներ, հարստացնելով ու զարդարելով ուրիշ մշակոյթներ, ու քայլելով իրենց բացած արահետներով։ Եւ եղան հայեր, ովքեր դեսպաններ դարձան բզկտուած հայութեան, ովքեր ահեղահունչ եղջերուափողը եղան մարդկութեան ծանր լսողութեանն ուղղուած…

Թուրքիայի Ռոդոսթո քաղաքում ծնուած, չորսամեայ Աշոտ Մալաքեանի ընտանիքը 1924 թուականին ծովով հասնում է նախ՝ Աթէնք, ապա՝ Ֆրանսիայի Մարսէլ քաղաք։ Նանսէնեան անձնագրով փրկութեան եզերք հասնելով, «անհայրենիք» լինելու-կոչուելու երկաստիճան տառապանքն ու պատահմամբ փրկուածի երջանկութիւնը միաժամանակ սրտում կրելով՝ ծանր ու դժուարին տարիների հորձանուտով դեռ պիտի անցնէր այդ ընտանիքը՝ այս անգամ էլ մարսէլեան իրականութեան պատճառած դառնութիւններին դիմակայելու ուժ գտնելով։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Վեռնոյն աշխատում էր «Մարսելեոզ» թերթում՝ որպէս լրագրող, եւ 1940-ական թուականներին հանդէս է եկել նաեւ Ցեղասպանութեանը նուիրուած մի շարք յօդուածներով: 1980-ականների սկզբին Վեռնոյը հեռուստատեսութեամբ մի հարցազրոյցի ժամանակ պատմել է մօր մասին ջերմ ու անջնջելի յիշողութիւններ։ Հանդիսատեսին ցնցող այդ պատմութիւնները լսելով, նաեւ ծանօթ լինելով Ցեղասպանութեան մասին Վեռնոյի յօդուածներին՝ ֆրանսիացի հռչակաւոր գրող, Վեռնոյի մտերիմ ընկեր Լեւոն Թորոսեանը, ով աւելի յայտնի է Անրի Թրուայա անունով, խորհուրդ է տալիս այդ ամէնը յանձնել թղթին՝ հաւատացնելով, որ այդպիսի գիրքը աւելի մեծ ուշադրութիւն կը սեւեռի իր վրայ, քան ահաբեկիչների ռումբերը։ Եւ եղաւ այդպէս։

Մօր մահից 5 տարի անց՝ 1985 թուականի մայիսի 7-ին, Վեռնոյն աւարտեց «Մայրիկ» ժողովածուն, որ ըստ էութեան՝ բովանդակային ու կառուցուածքային կուռ ամբողջութեան մէջ ներդասաւորուած յուզիչ ու ցնցող պատմութիւնների մի գեղեցիկ շղթայ է։ Վէպը տպագրուեց նոյն թուականին, շուտով թարգմանուեց տասնեակ լեզուներով եւ հարիւրհազարաւոր օրինակներով տարածուեց աշխարհով մէկ՝ դառնալով ամենապահանջուած գրքերից մէկը։ Վէպի հայերէն թարգմանութիւնը լոյս տեսաւ 1988-ին։ Լինելով կինոռեժիսոր, ով նաեւ իր ֆիլմերի մեծ մասի սցենարի հեղինակն է, Անրի Վեռնոյը անշուշտ պիտի նպատակադրուէր այդ անկրկնելի գրքի հիման վրա ֆիլմ ստեղծել։ 1984-ից լռած արուեստագէտը, մինչեւ 1991 թուականը ոչինչ չնկարահանելով, լիովին կենտրոնացել էր իր ստեղծելիք գլուխգործոցի վրայ։ Վերջապէս սցենարի 47 տարբերակներից մէկի հիման վրայ ծնուեց համաշխարհային կինոարուեստի գլուխգործոցներից մէկը՝ երկու հրաշալի ֆիլմերի տեսքով՝ 1991-ին «Մայրիկ» և 1992-ին «Պարադի փողոց՝ թիւ 588» (Մարսել քաղաքի այն հասցէն է, ուր ապրում էր Մալաքեանների ընտանիքը)։ Համաշխարհային կինոյի լաւագոյն ֆիլմերի շարքում դասուած եւ բազմաթիւ մրցանակների արժանացած նրա ստեղծագործութիւնները պսակուեցին երկուորեակ այս ծնունդով, որից յետոյ, ասես այլեւս ոչինչ չստեղծելու երդումով, ընդմիշտ լռեց արարելու համար դեռ տասը տարի իր առջեւ ունեցող արուեստագէտը։ Թերեւս ծնուել էր այն, ինչի ստեղծման համար ֆրանսիական անհարազատ իրականութեան մէջ իրենց մինուճար զաւակին անհոգ մանկութեան, երազող պատանութեան միջով դէպի իրականութիւնն իր մկրատումով վերաձեւող երիտասարդութիւն բարձրացնելու առաքելութեամբ ինքնազոհաբերման անվերջանալի ծէսն էին կատարել հայրը, մայրը, մօրաքոյրները։

Կեանքը  որպէս դրամատիկ ստեղծագործութիւն ապրելու, ներզգալու եւ բնական բխումով ու անճիգ վերապատմելու հազուագիւտ ձիրքը հետահայեաց օրագրութեան տեսքով էջ առ էջ պարզում է ֆրանսիական գրականութեան խօսուն մի հատորիկ։ Այո, ֆրանսիական, քանի որ գրականութեան պատկանելութիւնը որոշւում է նախ այն լեզուով, որով գրուած է։ Մինչդեռ սրտի լեզուով արտաբերուած գիրքը «անհայրենիք» իրականութեան մէջ վերակերտուած փոքրիկ մի Հայաստան է, որտեղ ապրում են ազնիւ, անձնազոհ, արժանապատիւ, սեփական բնութեանը չդաւաճանող, տառապանքից չդառնացած, դաստիարակութեան չգրուած դասագիրքը սրտում՝ անպատկերացնելի մարդիկ։ Եւ պատահական չէր ու անհրաժեշտ էր, որ այդ փոքրիկ Հայաստանը անուանուէր «Մայրիկ»։ Իրականութիւնն ու խորհրդանշանը վէպում եկել-համադրուել են՝ ներկայացնելու Մօր յաւիտենական կերպարը, որ իր հարատեւ սպառումով կեանք էր բաշխում։ Բուն իմաստով՝ կեանքի աղբիւրը թաքնուած էր Մօր կոճակներում, եւ Մայրը նախ ֆիզիկական գոյատեւութեան, «վերապրելու ունակութեան» գրաւականն էր։

Վէպի մասին գրելիքը բազմաշերտ է ու բազմաբովանդակ, ինչը թողնելով ուրիշ առիթների՝ ուզում եմ շարունակել ամենացաւոտ նիւթի շուրջ։

Այս գրքի լոյս ընծայումը եւ ապա՝ կինոնկարի ստեղծումը հզօր ազդակներ են դարձել Ցեղասպանութեան ճանաչման հարցում,  հզօր ու ճշմարիտ արուեստի գործը թիրախին հասնելու կարճ ճանապարհ է։ Ցեղասպանութիւնը ճանաչած առաջին երկու պետութիւններից՝ Ուրուգւայից (1965 թ.) ու Կիպրոսից (1982 թ.) բացի, բոլոր միւս պետութիւնների ճանաչումը յաջորդել է արուեստի այդ գլուխգործոցների ծնունդին։ Եւ լաւ է, որ Վեռնոյն ապրեց այնքան, մինչեւ իր երկրորդ հայրենիքը ճանաչեց Հայոց ցեղասպանութիւնը (2001 թ.)։

Անձնական եղանակով մի խաղաղ ժողովրդի դաժան ճակատագրի մասին պատմող այս վէպում բացայայտ կամ ենթատեքստով մշտապէս ներկայ է Ցեղասպանութեան ուրուականը։ Եւ Անրի Վեռնոյի անդրադարձը այս հարցին ոչ թէ մղձաւանջի յիշատակութիւն է կամ հրէշաւոր ոճրագործութեան զգայացունց տեսարանների նկարագրութիւն, այլ հեղինակի յստակ ընդգծուած դիրքորոշումը հայկական հարցի եւ նրա հանդէպ մարդկութեան վերաբերմունքի նկատմամբ։

Նրա մանկական խուճապը «վերջ» բառից հեռուից էր գալիս եւ հաւասարազօր էր մահուան սոսկումին, այդ բառի մէջ էր ամփոփուած Թալեաթ փաշայի ձեռքով ստորագրուած հրամանը, եւ այդ բառից էր սկսւում մարդու ամենասարսափելի որսը, ամենավայրագ հալածանքը։ Վեռնոյը վէպում ընդգծում է, որ Ցեղասպանութիւնը յստակ ծրագրուած էր, պատմում է, թէ ինչպէս, ինչ հերթական քայլերով այն իրագործուեց՝ նախորդ սպանդներում փորձարկուած պլանով։ Ըստ խնամքով նախապատրաստած մի անուանացանկի՝ առաջին զոհերն ու վտարանդիները մտաւորականները եղան, որպէսզի չկարողանային իրենց ձայնը բարձրացնել արտաքին աշխարհում։ Ապա 18-40 տարեկան տղամարդիկ կանչուեցին թուրքական բանակ եւ զինաթափ արուելով՝ մեկուսացուեցին աշխատանքային ճամբարներում, եւ յետոյ գնդակահարուեցին (Այստեղ թերեւս փոքրիկ ճշգրտում պէտք է կատարել՝ նշելով, որ նախ՝ տղամարդկանց են զինուորագրել ու զինաթափել, ապա մտաւորականներին վայրագօրէն սպանել ու աքսորել)։ Իսկ երբ մնացել էին ծերերը, կանայք ու երեխաներ, դէպի Միջագետք բնակչութեան տեղահանման մասին դեկրետ հռչակուեց «փրկութեան նպատակով»։ «Այդ անդարձ ճամփորդութեան ժամանակ,-գրում է Վեռնոյը,-խստագոյն հրամանով, ողջ մնացածներին տանում են Հալեպով, որպէսզի քողարկեն սարսափելի ճշմարտութիւնը եւ հարց բարձրացնող հիւպատոսների միջոցով ապացուցեն աշխարհին, թէ այդ տարագիրները ահա ողջ են, պարզապէս ենթարկւում են տեղափոխութեան»[1]։

Աշոտ Մալաքեանը ցեղասպանութեան սկիզբ է համարում 300000 հայերի սրի քաշած Աբդուլ Համիդի արիւնոտ գործը, ով յիշւում է «կարմիր սուլթան» մականունով՝ ի յիշատակ արեան, որ ժամանակ չունեցաւ չորացնել ձեռքերին։ Ապա խօսում է աղէտի յաջորդ ալիքի մասին, երբ Համիդին գահընկեց անողները խոստացան մի նոր, ուրիշ Թուրքիա՝ եղբայրական ու խաղաղասէր, բայց գարնանային մի խաղաղ առաւօտ «Թուրքիան միայն թուրքերին» ճիչերով Կիլիկիայում մորթեցին 30000 հայերի։ Եւ, ըստ Վեռնոյի, 1915 թուականին ընդամէնը աւարտւում է հայերի բնաջնջման հիմնական գործողութիւնը՝ 1500000 հայերի ոչնչացումով։ Նշանակում է՝ «բնաջնջման հիմնական գործողութիւն» արտայայտութեան ենթատեքստում կան աղէտի յետցնցումները մինչեւ 1923 թուականը ձգուող, որոնք ընդգրկում են նաեւ Արեւելեան Հայաստանը։ 1918 թուականին Բաքւում կազմակերպելով 30000 (որոշ տուեալներով՝ 15000-20000) հայերի կոտորածը՝ թուրքերը ստեղծում են իրենց երկրորդ պետութիւնը[2], ապա՝ 1920-ին Շուշիում կոտորում են 20000 հայերի։ Նոյն 1920 թուականին տեղի են ունենում Զմիւռնիայի ջարդերն ու ավերը։ Ու թէեւ վէպը գրելիս Սումգայիթի ու Բաքուի վերջին ցեղասպանութիւնները դեռ տեղի չէին ունեցել, դրանք եւս անկասկած ծրագրուած ու չդատապարտուած ցեղասպանութիւնների շղթայի հերթական օղակներն են։ Իսկ այդ ամէնի մասին լռում էին դասագրքերը, ու դա, ինչպէս Վեռնոյն է գրում, «լռութեան ամօթալի դաւադրութիւն»[3] էր՝ ի յարգանս ոճրագործների։ Այդ գրքերը «ձեւացնում էին, թէ տեղեակ չեն, որ բնաջնջուել է մի ժողովուրդ»[4]։

Վէպը նաեւ շառաչուն ապտակ է բոլոր այն մեծ տէրութիւններին, որոնք Ցեղասպանութիւնից հրաշքով փրկուածներին եւ պատահմամբ ողջ մնացածներին ընդունեցին։ Նա մատնանշում է այդ բարեգործութեան հիմնական նպատակը. նախ՝ անհրաժեշտ էր լրացնել ակնյայտ այն բացը, որ Համաշխարհային պատերազմից յետոյ առաջացել էր աշխատանքային ուժը վաճառող բանուոր դասակարգի շրջանում։ Իսկ պատահմամբ փրկուածները նոր միջավայրում եւս հալածւում էին ուրիշ, տարբեր լինելու համար։ Վեռնոյը փաստում է. «Նոյն դարի երկրորդ եղեռնի սարսափը միայն արթնացրեց անտարբերներին՝ պաշտպանելու տարբեր լինելու իրաւունքը»[5]։ Այո, միայն 1948 թուականին Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրով սահմանուեց բոլոր մարդկանց հաւասարութիւնը։

Վեռնոյը չէր կարող չնկատել, որ փրկուածներին ընդունելը նաեւ քողարկող մի քայլ էր, որ միաժամանակ կարող էր մոռացնել բարեգործի կեցուածքով հանդէս եկողի արհամարհած խոստումները, ծաղրած դաշնագրերը, ուրացած պարտաւորութիւնները, փոքրոգութիւնները՝ յանուն պետական շահերի։ Այո, չնայած Ռուսաստանը, Բրիտանիան եւ Ֆրանսիան հենց 1915 թուականի մայիսի 24-ին համատեղ հռչակագրով հայութեան հետ տեղի ունեցածը կոչեցին մարդկութեան դէմ իրականացուած հանցագործութիւն, այնու ամենայնիւ բութ անտարբերութեամբ մերժեցին Ազգերի լիգա ընդունուելու Հայաստանի դիմումը, որ պիտի պաշտպանէր նրան Թուրքիայի յետագայ ոտնձգութիւններից, անտեսեցին Սեւրի դաշնագիրը, փոխարինեցին այն Լոզանի համաձայնագրով, որով էլ հաստատուեցին Թուրքիայի այժմեան սահմանները…

Այս հպանցիկ անդրադարձս ամփոփեմ եզրակացութեամբ, որ Անրի Վեռնոյն իր վէպով ոչ միայն մօր, այլեւ իր սրտում ապրող յոշոտուած ազգի յաւերժող յոշակոթողը հաստատեց աշխարհում՝ միաժամանակ որպէս ահեղահունչ եղջերուափող պարզեց այն մարդկութեան ծանր ու բութ լսողութեանը… Վէպը խորհել է տալիս, թէ մարդկութեան կեանքում պիտի լինի հաշտութիւն, ինքնահաշտութիւն։ Իսկ դա ենթադրում է զոհաբերութիւն, ինքնազոհաբերութիւն։ Մինչ օրս աշխարհի համար դժուար է եղել զոհաբերութեան գնալ՝ յանուն արդարութեան, իսկ այսօր առաւել դժուար է առանց դրա… Որովհետեւ աշխարհի առջեւ կանգնած է նա, ում ոչնչացնելը օրուայ խնդիր էր 100 տարի առաջ եւ ում փրկութիւնը յաճախ գրչի մէկ հարուածից էր կախուած…

[1] Անրի Վեռնոյ, Մայրիկ, Երեւան, 1989, էջ 50։

[2] «Турки, взяв Баку (15/IX 1918), учинили там грандиозную трехдневную резню армян (погибло ок. 15.000―20.000 чел.), после чего утвердили в А. муссаватское правительство». Большая советская энциклопедия, Москва, 1926, т. 1, стр. 663.

[3] Անրի ՎեռնոյՄայրիկԵրեւան, 1989, էջ 188։

[4] Նոյն տեղում։

[5] Նոյն տեղում՝ էջ 90։  

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *