Արքմենիկ Նիկողոսյան | Անտիպ Իսահակյանը

Արքմենիկ Նիկողոսյան

Լուսանկարը՝ Նառա Վարդնյանի

(Երկու էական հատկանիշ)

Հարցի դրվածքը, բնականաբար, նախևառաջ տեքստաբանական է և այս ա­ռումով` մեծագույն կարևորություն է ստանում Վարպետի երկերի ակադե­միա­կան հրատարակության վերջերս լույս տեսած երկրորդ հատորը, որն ընդ­գր­կում է նրա անտիպ բանաստեղծությունները: Ընդ որում` ոչ միայն գրա­կա­նա­գետ Ավիկ Իսահակյանի ձևակերպմամբ` «հանճարի ձևավորման» շրջանին վե­րաբերող, այլև Իսահակյանի ամբողջ ստեղծագործական կյանքի վայրի­վե­րում­ներն արտացոլող բանաստեղծություններ:

Ինձ, սակայն, տեքստաբանական հատույթից առավել հետաքրքիր է «ան­­տիպ Իսահակյան» հարցադրման գեղագիտական, հոգեբանական ու այս­պես կոչված` աշխատանոցային կողմը: «Հանճարի ձևավորման» շրջանին հա­ջոր­­դած փուլերում բանաստեղծը կարող էր ինքնաքննադատաբար վերաբերվել սե­­փական նախափորձերին և դրանք չհանձնել տպագրության, իսկ ահա հե­տա­գայում նրա վարքագիծը թերևս այլ կերպ չես բնորոշի, եթե ոչ` «հանճարի քմայք­ները», մանավանդ որ` Իսահակյանը չի ոչնչացրել իր` տպագրության ար­ժանի չհամարված գործերը, այլ պահել է խնամքով:

Ուստի` «անտիպ Իսահակյանը» հարցադրման տիրույթում որոշակի հե­տա­քրքրություն են ներկայացնում նաև Իսահակյանի երկերի ակադեմիական հրա­տարակության 1-ին և 4-րդ հատորները, որոնցում մանրամասնորեն ներ­կա­յացված են Վարպետի բանաստեղծությունների ու պոեմների տար­բե­րակ­ներն ու աշխատանոցային մանրամասները:

Առանձնացված խնդրադրության տեսանկյունից անհրաժեշտ է էական մի զուգահեռ կատարել: Հարցն այն է, որ բազմաթիվ հանգամանքների բերու­մով երբեք չի կարելի նույն հարթության մեջ դիտարկել, ասենք, Եղիշե Չարենցի ան­տիպներն ու Իսահակյանի անտիպները: Վարպետի դեպքում անպայման գոր­ծել է (գուցե չնչին բացառություններով) ընտրություն կատարելու, այն է` տպա­գրության հանձնելու կամ չհանձնելու գործառույթը, ինչը Չարենցի պա­րա­գային, հատկապես 1934-37 թթ. շրջանում, չի գործել: Թերևս այս առումով ու­շ­արժան է այն հանգամանքը, որ Չարենցի՝ մինչ 1934-37 թթ. գրած բա­նաս­տեղ­ծություններից անտիպ են մնացել և հետագայում էլ չեն կորել ու ետմահու հրա­տարակվել են միայն «Հրո երկիր»  գրքից» շարքի բանաստեղծությունները: Այն էլ թերևս այն պատճառով, որ դրանց ինքնագրերն, ըստ ամենայնի, պահ­պան­վել են Գարեգին Լևոնյանի մոտ[1]: Բացառված չէ, որ իր մոտ եղած ինք­նա­գրե­րը Չարենցն ինքն է գիտակցաբար ոչնչացրել, մանավանդ որ՝ «Այրած եր­գեր» բանաստեղծությունն ուղղակիորեն վկայում է, որ նա ուներ այդպիսի սո­վո­րություն:

Այս պատճառով՝ մենք այսօր չգիտենք ու հստակ չենք կարողանալու ա­սել, թե Չարենցի՝ 1934-37 թթ. գրած և հետագայում հայտնաբերված, դեռ չհայտ­նա­բերված, անհետ կորած ստեղծագործություններից որո՞նք էր նա տպա­գրու­թյան հանձնելու, որո՞նք էր ոչնչացնելու կամ որո՞նք էին մաս կազմելու նրա հեր­թական նոր գրքի:

Ուստի` Իսահակյանի անտիպների գեղարվեստական, գեղագիտական, ստեղ­ծաբանական արժեքայնությունը քննելուց առաջ կամ զատ, կարևոր է հաս­կանալ նրա իսկ վերաբերմունքի բնույթը սեփական ստեղծա­գոր­ծութ­յուն­նե­­րին: Ավիկ Իսահակյանն այս կապակցությամբ շեշտում է կարևոր մի հատ­կա­նիշ. «Իսահակյանի համար միշտ չէ, որ առաջնային է եղել իր երկը տպա­գրե­լը, կարևորը այն ստեղծելն էր»[2]: Եվ իսկապես, Վարպետի երկերի ակա­դե­միա­կան հրատարակության երկրորդ հա­տորն ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծում, որ Իսահակյանն այսպես կոչ­ված՝ «այրած երգեր» չունի[3]: Ավելին՝ պահ­պանել է ամեն ինչ, և դա լրացուցիչ դժ­վարություններ է առաջացնում նրա եր­կերի ակադեմիական հատորների տեքս­տերը պատրաստողների ու ծանո­թա­գրողների համար, հատկապես՝ տար­բերակներ ու բնագրային տար­բե­րու­թյուն­ներ որոշարկելու առումով:

Բայց, այնուամենայնիվ, չեմ կարծում, թե Իսահակյանը չի ունեցել ինք­նա­քննադատական վերաբերմունք սեփական գործերի հանդեպ և անտիպներ է թո­­ղել «կարևորը դրանք ստեղծելն է» սկզբունքով: Անկասկած, գործել են մի շարք այլ դրդառիթներ:

Այդ առումով այս հրապարակման պարագծում առայժմ առանձնացնեմ «ան­տիպ Իսահակյանի» երկու էական հատ­կանիշ.

ա) «Անտիպ Իսահակյանը», հատկապես իր ստեղծագործական կյանքի ա­ռաջին շրջանում, օրագրող է՝ բառի ոչ միայն բուն, այլև ժանրային՝ էպիս­տոլ­յար իմաստով, մանավանդ որ՝ չնչին բացառություններով արձանագրել է իր բա­­նաստեղծությունների ստեղծման օրն ու վայրը[4]: Այս առումով խոսուն են մի շարք փաստեր: Նախ՝ հանրահայտ է, որ Իսահակյանի մի շարք բանաս­տեղ­ծու­թյուն­ներ նախնական գրառումների, թե­մատիկ-բովանդակային կենտրո­նա­ցում­ների, առանձին տողերի, պատկեր­նե­րի տեսքով նախ արտացոլվել են նրա «Հի­­շատակարան» անունով հայտնի օ­րա­գրություններում: Այդ առումով ու­շա­գրավ է հատկապես «Ահա նորեն գա­րուն եկավ…» բանաստեղծության օրի­նա­կը՝ գրված ըստ ինքնագրի 1919 թ. հունվարի 29-ին:

Ահա նորեն գարուն եկավ.

Օ՜, կտրեցե՛ք, օ՜, կտրեցե՛ք

Լեզուները թռչունների,

Որ չհանդգնեն երգել անհոգ

Երգերն իրենց տարփանքների՝

Մեր մորթված մանուկների

Ցրիվ եկած նշխարների

Փոշու վրա, որոնց պիտի

Ծածկեն անգութ ծաղիկները՝

Լի՜րբ անզգա…[5]

«Հիշատակարանի» հուլիսի 11, Ժնև թվակիր գրառման մեջ առկա է այս­պի­սի նշագրում՝ «Ուզում եմ թռչունների լեզուները կտրել. իրենց երգով ձանձ­րաց­նում են ինձ: Ես հիվանդ եմ»[6], որն, ըստ ամենայնի, նշված բանաս­տեղ­ծու­թյան հղացման առաջին տեքստային վկայությունն է: Մոտ 6 ամիս անց՝ հուն­վա­րի 23, Ժնև թվակիր գրառման մեջ այդ նախնական մտահղացումն արդեն ըն­դարձակվում է՝ գրեթե բանաստեղծության մակարդակի. «Կտրեցե՛ք, կտ­րե­ցե՛ք թռչունների լեզուները, որոնք հանդգնում են երգել մեր մորթած մանուկ­նե­րի անթաղ, ցիր ու ցան ոսկորների վրա, որոնց ծածկել են անգութ, անզգա, ան­տար­բեր, սինլքոր ծաղիկները…»[7]: Իսկ 6 օր անց՝ վերջնական տեսք է ստանում բա­նաստեղծությունը՝ օրագրային գրառման հետ համեմատած գրեթե աննշան, թե­պետ էական տարբերություններով:

Մյուս կողմից՝ բազմաթիվ են որևէ լուրի, իրադարձության անմիջական ազ­­­դեցությամբ կամ տպավորությամբ գրված բանաստեղծությունների օրի­նակ­նե­­րը, որոնցում կարևորվել է հենց առիթը, դրա առաջ բերած զգացմունքը, խո­հը, մտորումը, ինչը էպիստոլյար ժանրերի պարագծում կարևորագույն գործոն է: Այդպես՝ «Էս ճամփեն ոլոր-մոլոր» բա­նաս­տեղծությունն Իսահակյանը գրել է Շու­շանիկ Մատակյանի ա­մուս­նու­թյան լուրն առնելուն պես, «Ռազմակոչ» բա­նաս­տեղծությունը՝ ֆաշիստական Գեր­մանիայի՝ ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու լուրն առնելուն պես, «Մեծ հաղ­թա­նա­կի օրը» բանաստեղծությունը՝ Երկրորդ հա­մաշխարհային պատերազմի հաղ­թական ավարտի առիթով, և այլն: Եվ ան­կախ այն հանգամանքից, որ դրանք մեծ ընդհանրացումներ կրող գործեր են, այ­նուամենայնիվ, իրենց ներ­քին բնույթով էպիստոլյար են:

Որոշ այդեսակ բանաստեղծությունների սևագիր տարբերակները, նախ­նա­կան մտահղացումները ուսումնասիրելիս այդ միտումն ավելի ընդգծված է ե­րևան գալիս: Այլ հարց է, որ մշակման ընթացքում Իսահակյանը կարողացել է հաս­նել երբեմն իրոք բյուրեղային կատարելության: Այդ առումով՝ ուշագրավ են «Էս ճամփեն ոլոր-մոլոր», «Եղնիկները լուսաբացին…» բանաստեղծությունների նախնական տարբերակները և այն աշխատանոցային մանրամասները, որոնց շնոր­հիվ Իսահակյանն ստացել է դրանց վերջնական տեսքը: Ժամանակին Ի­սա­հակյանը նույնիսկ տպագրել է այդ տարբերակները, սակայն  հետագայում բեռնաթափել է հենց այսպես կոչված՝ օրագրային մանրամասները: Օրինակ՝ «Եղ­նիկները լուսաբացին…» բանաստեղծության մեջ նախապես ընդգրկված է ե­ղել հետևյալ քառատողը.

Ա՜խ, էն տղեն սև-ձիավոր

Գրկեց, տարավ Շուշանիս,

Թոռմեց-թոշնեց գրկում էնոր

Բույր ու համբույր Շուշանիս[8]:

 Վերջապես, չափազանց խոսուն են Իսահակյանի՝ հատկապես ստեղ­ծա­գոր­ծական ա­ռաջին շրջանում գրված անտիպ բանաստեղծությունների վեր­նա­գրե­րում ու են­­թավերնագրերում առկա օրագիր բառի հաճախակի կիրա­ռու­թ­յուն­ները: Ա­կա­­դեմիական հրատարակության երկրորդ հատորում այդպիսի բա­­նաս­­տեղ­ծու­­թյունների թիվը մոտ երկու տասնյակի է հասնում: Հանգամանք, որ շեշտում է նաև Ավիկ Իսահակյանը՝ Վարպետի երկերի ժողովածուի երկ­րորդ հատորում զե­­տեղված վերջաբանում. «Ընդհանրապես օրագրի ժանրը Ի­սա­հակյանի ստեղ­ծա­­գործության համակարգում ուրույն տեղ ունի: …Ուստիև պա­տահական չէ, որ վաղ շրջանի որոշ գործերի Իսահակյանը ենթախորագիր է դրել օրագիր բա­ռը»[9]: Հատկանշական է և այն, որ անտիպների հատորը բաց­վում է «Նվեր Րաֆ­ֆու հիշատակին» բանաստեղծությամբ, որը գրվել է մեծ վի­պա­սանի մահվան առի­թով.

 Նորից գույժ մահվան քեզ, Մա՛յր Հայրենիք,

Մեռավ քո որդի Րաֆֆին վիպասան,

Հիշատակ թողեց անթիվ, անմահ գիրք

Եվ մտավ մութ, ցուրտ, խոնավ դամբարան[10]:

Այսպիսով պարզ է դառնում վերաբերմունքի մեկ էական հատկանիշ, այն է՝ Իսահակյանը չի ոչն­չացրել իր անտիպ բանաստեղծությունները նույնիսկ այն դեպքում, երբ դրանք համարել է տպագրության համար ոչ պիտանի, որով­հետև դրանք թանկ են եղել իր համար որպես օրագրեր կամ ինչ-ինչ դեպքերի, իրա­­դար­ձու­թ­յուն­նե­րի, զգացողությունների ու ապրումների վերաբերյալ հի­շա­տակ­ներ: Այսինքն՝ ճիշտ այն տրամաբանությամբ, որով պահպանել է իր «Հի­շա­տա­կարանը»: Եվ եթե նկատի առնենք այն պարագան, որ Իսահակյանի «Հի­շա­տա­կարանն» իր բնույթով հետագայում գրված կամ այդպես էլ չգրված բա­նաս­տեղ­ծությունների նախնական գրառումների մատյան է ըստ էության, ապա պատ­կերը լիարժեք ու հասկանալի է դառնում:

բ) Իսահակյանն իր աշխատանոցային տեսակով ոչ միայն հատուկ ներ­շն­չանքի, այլև տարբեր ժամանակներում ունեցած ներշնչանքները հետա­գա­յում ի մի բերող բանաստեղծ է: Այսինքն՝ նա իր գրած մի քանի բանաս­տեղ­ծու­թյուն­ներ, որոնք, իր կարծիքով, չեն ստացվել իբրև առանձին ամբողջություն, հե­տագայում առանձին տողերի, պատկերների, երբեմն՝ քառյակների տեսքով միա­տեղել է և ստացել նոր բանաստեղծություն: Այս հանգամանքը նույնպես չի ժխտում Ավիկ Իսահակյանը, գրականագետ, որ թերևս բոլորից լավ է տեղյակ Ի­սահակյանի աշխատանոցային մանրամասներին: Օրինակ՝ Վարպետի 1900-ա­­կան թթ. ստեղծված որոշ անտիպների առիթով նա գրում է, որ դրանցում «կա­րե­­լի է որսալ մոտիվներ, տրամադրություններ, շեշտեր, որոնք արձագանքում են բանաստեղծի շեդևրին»[11] (նկատի ունի «Աբու-Լալա Մահարի» պոեմը – Ա.Ն.): Այնուհետև գրականագետը բերում չափազանց խոսուն օրինակներ[12]:

Այսպիսով՝ հստակվում է վերաբերմունքի ևս մեկ էական հատկանիշ. Իսա­հակյանը չի ոչնչացրել իր անտիպները, որովհետև հավանական է հա­մա­րել, որ հետագայում կարող է այս կամ այն  կերպ օգտագործել դրանք կամ օգտ­վել դրանցից:

Բայց այս պարագայում էլ չափազանց դժվարանում է տեքս­տա­բան­նե­րի գոր­ծը՝ տարբերակներ ու բնագրային տարբերություններ որոշարկելու առու­մով: Հարց է ծագում՝ արդյոք այդտեսակ գործերը պե՞տք է դիտարկել որպես ա­ռան­ձին բանաստեղծություններ, թե՞ պետք է ընդգրկել այսպես ասած՝ մայր գոր­ծի տարբերակների, նախնական մտահղացումների ու բնագրային տարբերությունների բաժ­­նում՝ համապատասխան ծանոթագրություններով: Հակառակ պարագային՝ ստաց­վում են բազմաթիվ իրար շատ նման կամ քիչ նման բանաս­տեղ­ծու­թ­յուն­ներ, ինչը Իսահակյանի ընդհանուր ոճին մի տեսակ կրկնաբանության տար­րեր է հավելում: Անշուշտ, կան դեպքեր, երբ խնդիրը վերաբերում է մո­տիվ­ների նույ­նությանը, ինչը բնական է, սակայն այլ է դառնում պարագան, երբ գործ ու­նենք իսկապես կրկնությունների հետ:

Ավելի առարկայական պատկեր ցույց տալու համար բերեմ որոշ օրի­նակ­ներ:  Իսահակյանի երկերի ակադեմիական հրատարակության երկրորդ հա­տորում իբրև առանձին բանաստեղծություն զետեղված է հետևյալը.

Դարդի սարը սրտիս վրա

Մտել էի մահի քուն:

Ե՛լ, ազիզ ջան, Ալափչայի

Ուռիները ծաղկել են.

Ուռիներից ճյուղ եմ բերել,

Քեզի իրենց մոտ կանչում են[13]:

 Ակնհայտ է, որ սա Իսահակյանի «Ժեռ, սև քարը սրտիս վրա…» հայտ­նի բա­­նաստեղծության անավարտ տարբերակն է: Պատահական չէ, որ բանաս­տեղծն իրեն հատուկ բծա­խնդ­րու­թյամբ չի թվագրել այն: Մյուս կողմից՝ բերված 6 տողերը գրեթե նույնությամբ առկա են  «Ժեռ, սև քարը սրտիս վրա…» բա­նաս­տեղ­­ծության առաջին 3 քառյակներում.

Ժեռ, սև քարը սրտիս վրա

Գերեզմանիս մութ խորքում

Դարդի սարը սրտիս վրա՝

Քնել էի հողի քուն:

Գարունն եկավ, Շուշանս եկավ

Տատրակի հետ ձայն տվավ,

Տատրակս եկավ, քարիս նստավ

Ինձի անուշ ձայն տվավ:

 «Ե՛լ, ազիզ ջան, Արփաչայի

Ուռիները ծաղկել են.

Ուռիներից ճյուղք եմ բերել՝

Քեզի իրենց կանչում են»[14]:

 Ավելորդ չէ նշել, որ առաջին բանաստեղծության «Քեզի իրենց մոտ կան­չում են» տողն ունի տարբերակ՝ «Քեզի իրենց կանչում են[15]», որն արդեն տառա­ցիո­րեն համընկնում է «Ժեռ, սև քարը սրտիս վրա» բանաստեղծության համա­պա­տասխան տողի հետ:

Նույն, բայց առավել առարկայական օրինաչափությունն է դիտվում նաև հե­­­տև­յալ բանաստեղծության պարագային.

Սրտումս խորունկ վշտեր կան.

Մայրիկ, մի՛ քրքրիր նրանց.

Դու քո արցունքով չես կարող բուժել,

Իսկ ջերմ աղոթքդ վաղուց ուժ չունի:

Դու մի՛ հարցրու վշտերիս պատճառը,

Մայրիկ, չես կարող դու նրանց ջնջել,

Մի՞թե կարող ես երկիրը ջնջել,

Երկինքը ջնջել – աշխարհքը ջնջել…[16]

 Այս բանաստեղծությունը նույնպես թվագրված չէ հեղինակի կողմից: Ավիկ Իսահակյանն այն մոտավոր թվագրել է 1890-ական թթ. երկրորդ կես՝ «դա­­տելով բնագրից[17]»: Այնինչ՝ ակնհայտ է, որ այն Իսահակյանի մեկ այլ հան­րա­­հայտ բանաստեղծության՝ «Մայրիկ հիվանդ եմ, սիրտս քրքրված…», որը գր­վել է 1895 թ. մայիսի 13-ին Բեռլինում, սևա­գիր պատառիկն է:

Մայրի՛կ, հիվանդ եմ, սիրտս քրքրված.

Տես, ո՜րքան խորն են հոգուս վերքերը

                                   Արնոտ ու խոցոտ:

Մի՞թե կարող ես վերքերս բուժել,

Որ տիեզերքի հըսկա վերքերի

                                   Կաթիլներիցն են[18]:

 Եվս մեկ օրինակ, որի դեպքում էլ նույն մասնավորությունները առկա են.

Այրվում եմ ես արևի պես,

Հուր ու կրակ եմ անշեջ.

Թող գրկիդ մեջ հոգիս տամ ես,

Սերըս քամեմ հոգուդ մեջ[19]:

 Առանց լրացուցիչ մեկնաբանությունների բերում եմ Իսահակյանի «Հա­սակդ՝ սոս, քայլվածքդ՝ սեգ…» բանաստեղծության վերջին քառյակը (ավելորդ չէ նշել, որ երկուսն էլ թվագրված են 1904).

Այրվում եմ ես արևի պես.

Հուր ու կրակ եմ անշեջ,

Թող գրկիդ մեջ հոգիս տամ ես,

Սերըս քամեմ հոգուդ մեջ…[20]

Ընդ որում՝ տարբեր անտիպ և տպագրված բանաստեղծությունների դեպ­­­քում այստեսակ համընկնումները բավական շատ են: Ստացվում է, որ Ի­սա­­հակյանն իր բանաստեղծությունների նախնական մտահղացումները գրա­ռել է ոչ միայն «Հիշատակարանում», այլև «Հիշատակարանից» դուրս: Ահա այս­տեղ ծագում է տեքստաբանական բարդագույն խնդիր, որը լուծման թերևս եր­կու տարբերակ ունի: Կա՛մ Իսահակյանի այդտեսակ անտիպները պետք է ա­ռանձ­­նաց­նել և հրատարակել որպես յուրօրինակ մի նոր «Հիշատակարան», կա՛մ «Հիշա­տա­կարանում» առկա նմանատիպ հատվածները ևս ներառել Իսա­հակ­յանի ան­տիպ բանաստեղծությունների շարքում:

[1] Այս մասին ավելի հանգամանալից տե՛ս Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու 6 հատորով, հա­տոր 1, Երևան, 1962, էջ 353-354:

[2] Ավիկ Իսահակյան, Ավետիք Իսահակյանի անտիպ բանաստեղծությունները, տե՛ս Ավետիք Իսա­հակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 2, Երևան, 2011, էջ 568:

[3] Բնականաբար, այս ենթադրության տակ չեն մտնում այն գործերը, որոնք կորել են այս կամ այն հանգամանքի բերումով, և որոնց դեպքում չի գործել գիտակցված ոչնչացումի գործոնը:

[4] Այս առումով չափազանց ուշագրավ են նաև այն նշումները, որոնք Իսահակյանը կատարել է ո­րոշ բանաստեղծությունների վերնագրերի դիմաց լուսանցքում: Օրինակ՝ «Օրագիր» («Որպես դժոխք աշխարհավեր…») բանաստեղծության վերնագրի լուսանցքում գրել է Առավոտյան, իսկ ա­հա «Օրագիր…» («Դու ի՞նչ գիտես, թե իմ սրտում…») բանաստեղծության վերնագրի լուս­անց­քում՝ Ճաշին (տե՛ս Ավետիք Իսա­հակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 2, էջ 421):

[5] Ավետիք Իսահակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 1, Երևան, 2003, էջ 429:

[6] Ավետիք Իսահակյան, Հիշատակարան, Երևան, 1977, էջ 336:

[7] Նույն տեղում, էջ 338:

[8] Ավետիք Իսահակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 1, էջ 550: «Էս ճամ­փեն ոլոր-մոլոր…» բանաստեղծության «օրագրային մանրամասները» տե՛ս նույն տեղում, էջ 533-534:

[9] Ավիկ Իսահակյան, Ավետիք Իսահակյանի անտիպ բանաստեղծությունները, տե՛ս Ավետիք Իսա­հակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 2, էջ 553:

[10] Ավետիք Իսահակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 2, էջ 7:

[11] Տե՛ս Ավիկ Իսահակյան, Ավետիք Իսահակյանի անտիպ բանաստեղծությունները, տե՛ս Ավե­տիք Իսա­հակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 2, էջ 572:

[12] Տե՛ս նույն տեղում, էջ 572-575:

[13] Ավետիք Իսա­հակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 2, էջ 169:

[14] Ավետիք Իսա­հակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 1, էջ 248 (ընդ­գծու­մը իմն է – Ա.Ն.):

[15] Տե՛ս Ավետիք Իսա­հակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 2, էջ 424:

[16] Ավետիք Իսա­հակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 2, էջ 197:

[17] Տե՛ս Ավետիք Իսա­հակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 2, էջ 510:

[18] Ավետիք Իսա­հակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 1, էջ 107:

[19] Ավետիք Իսա­հակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 2, էջ 234:

[20] Ավետիք Իսա­հակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 1, էջ 324:

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *