Անուշ Քոչարյան | Բանաստեղծություններ

Անուշ Քոչարյան

 

Ոչնչի կամ ֆռֆռալու մասին

նատյուրմորտ

Մարդասպանի պես կարելի է շրջել
եւ ներսումդ սպանել հարյուրավորներին,
հետո համոզվել`ինչպես նրանք
սպանել են ինձ, քեզ, քաղաքը, մեր երազանքը
ժամեր անց:
Դու կիսաքուն ինձ համոզես,
որ գուցե պատկերն այս անընդհատ ես հորինում եմ,
որ թաց չմնան քաղաքի մայթերը,
եւ ես լիզեմ, որքան հնարավոր է,
եւ որքան անհնար է նրանց համար:
Եվ քաղաքն այդ պահին
բարուրվում է աչքիս առաջ,
ու մայր հայաստանի կիսամեռ սուրը
ցած է գլորվում՝ անզգամ, անզգույշ:

Հեշտափոխություն

Ինձ ինձնով բանտարկելը սարսափելի է,
երբ կիսաբաց պատուհանից կախվում է պարանը`
առանց որոնման:
Եվ այդ պահերին է,
որ նկատելի է դադարս
իմ եւ իմ միջեւ,
ժլատությունս ինձ խնայելու
եւ խնամվելու անսպառ կենդանությունս…

Սենտիմենտ

Եվ փնտրման ճանապարհին
կոր մեջքով մի կատու
հավասարեցնում է ինձ իրեն,
եւ մենք երկուսով ձգված ու ազնիվ
մի պար ենք պարում,
ինչպես ժամանակի մեջ
չորոշված ու չկանխորոշված բոլոր քուրմերը,
որ զոհ գնացին չհավատացողներին
մոլոր թողնելու համար:

P.S.
Մատուցողը մոտենում է կարմիր նարնջի հյութով,
իրար աչքով ենք տալիս,
ու ջազային աղմուկի մեջ երկուսս էլ եռում ենք
կիսաքնած քաղաքի ծոցում,
ես ինձ թողնում եմ գիշերվա կեսին
պատի ու փայտե ոտնակի արանքում,
վերցնում նոր գլխարկս ու մռմռում փարիզյան մի մեղեդի.
Օ՜, Աստված իմ, ի՜նչ հեռու ենք մենք իրարից:

***
Լցվելուց հետո դատարկություն է.
ես հարյուր անգամ
փորձել եմ ինձնից դուրս մեռնել
եւ հետո իմ առաջ տեսել եմ կաղ
ու տկլոր, սիրահար մի կայսրուհու,
օրիորդի, անբավարար կնոջ,
գլխարկով տիկնոջ, կնկա` սեւ տաբատով,
կարմիր ժապավենով մի աղջնակի,
եւ բղավել եմ, որ իրենք գոնե դուրս թռչեն
վառվող ինքնաթիռից
ու այդպես մեռնեն…
Թմրադեղ է պետք դիմանալու թանաքոտ իրականությանը,
թքոտ պատերին ամեն րոպե նկարվող անպտուղ լռությանը,
եւ սարսափից գլուխը կորցրած որձին, որ խուլ է ձեւանում:
Պարո’ն, դուրս տուր մաղձդ,
մատդ մտցրու աչքդ ու փորիր, որքան հնարավոր է.
ես այնտեղ` խորքում, նստած եմ` ոտքս ոտքիս գցած,
քաղաքի անտակտ բարդության մեջ…
Կամ գուցե, պարոնա՞յք,
դուք էլ ուրիշ չեք,
որքան էլ կրում եք փոքրիկ մետաղական հուշամեդալներ,
որ ոչինչ են տկարության դեմ
եւ չեն կարող քանդել մեռելային անտարբերությունը
եւ դնեն տարբերություն ձեր եւ նրա միջեւ:
Մոցարտը մեռել է:
Եվ երբ սահման եք գծում դողացող մատներով,
որոնք կպել են ամեն տեղ
եւ բոզերին,
աչքներդ սրբելու ժամանակ
գլուխ մի թեքեք.
դրանք ձեր մատներն են եւ ձեր աչքերը:

***
Շպրտում եմ զուգագուլպաս,
որ զգաք օրս եւ մաշվելուս պատճառները,
որ կիսեք ինձ հետ մարմնիս կպածը
ու երգ հորինեք դրա մասին:

***
Գլուխս բռնեց.
մեռնելու ցավ է:
Բերանս բաց ազդարարում եմ,
որ փակ ժամանակ ավելի ճիշտ է գործողությունս:
Սրանից ուժեղ էլ ի՞նչ կարող եմ,
երբ մատս ներսում, բառերը` էջին,
ինքս ինձանով կամաց ստացվում եմ:
Սիրունիկս, հիմա ի՞նչ անենք.
դու սեղմիր ծունկդ,
ես ծառ նկարեմ,
հետո կդիտենք նույն մայրամուտը:
(մեր դիրքը նրան նույնականացման վրա է դրել)
Ես շարունակե՞մ միտքս կտրտված,
որովհետեւ էդ ամենի արանքում էնքան
մաքուր եւ կեղտոտ բառեր դեռ կային.
կեսը կուլ գնաց, կեսը չի մարսվում,
ու թքած ունեն վարսավիրանոցում կանգնած ականջները:

***
Ցուրտ է:
ես ու մահս տկլոր նստել ենք անկողնուն.
ասում է՝ անունդ ինչ է,
ասում եմ՝ էսքան տարի ինձ գիտես,
անու՞նս ես հարցնում,
ասում է՝ մրսում եմ:
Մենք գրկում ենք իրար:
Մին հին տոպրակ,
որով Թուրքիայից շորեր էին բերում,
փաթաթում եմ ոտքերիս,
ու կիսատ մնացած ջեմը
քսում պռոշներիս.
ոչինչ սարսափելի չէ,
երբ երկուսով՝ դու ու մահդ, կարող եք չմրսել:

***
Սիրտ իմ, դուրս թող քեզ,
այս օրերին չի պատահի ոչինչ.
ամբոխը վազում է ճերմակ հետույքի հետեւից,
որ չի տարբերում որպես էգի կամ որձի:
Ես հետեւում եմ քեզ,
հանգիստ դու վազիր,
իմ եւ քո միչեւ ձանձրույթ է միայն
եւ ոչ մի Չարենց, եւ ոչ մի քացի:
Այլ մի տափաստան ես դեռ չեմ տեսել:
Ուր էլ մտել է ոտքս,
ազատություն են ճակատիս խփել:
Ես քեզ չեմ կարող պատմել անպտուղ
այդ ազատության մասին,
դու ինձ տեսնում ես
միայն տարածության մեջ,
որտեղ խաղում եմ
անազատության մի նոր սինդրոմ,
որ վարակի պես հասնում է մինչ քեզ,
պոկում քեզ տեղից:
Սիրտ իմ, ազատ զգա քեզ.
ես չունեմ միջոց քեզ հագեցնելու,
եւ նրանք չունեն ասելու մի բան:
Բաբելոնի ավերակներից ծնված մի հրեշ
այստեղ ու այնտեղ կրակում է մի նոր ազատություն,
որ ոչինչ, ոչինչ չի կարող տալ քեզ
եւ ինձ էլ միայն ստով է սնում:
Սիրտ իմ, ազատ ֆռֆռա այս գորշության մեջ:

***

ես չգիտեմ՝ ձեզ ինչ է եղել,
բայց այն, ինչ ապրում եմ ձեզ հետ միասին,
ինձ սպանում է:
Պարոնայք, փորձե՞լ եք ձվից անցք անել
ու ներս լցնել հեղուկը…
2013

Share Button

Նշանաբառ՝

3 Կարծիք

  • Ararat GYULBANGYAN says:

    Anushi gorcer@ misht el aranc shpari en-nranc energetikan aynqan bacahayt ev tesaneli e vor karox es dranov licqavorel orva cankacac jamanakahatvac-

  • sev says:

  • gevorg says:

    Հիմա ընդունված է որևէ տողատված գրություն բանաստեղծություն համարել…: Պատահական չէ,որ Սևակի, Էմինի, Կապուտիկյանի, Սահյանի սերնդից հետո մարդիկ բանաստեղծություն համարյա չեն կարդում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *