Սաթենիկ Ավետիսյան | Անխելքության համախտանիշ կամ սեփական առասպելի հետքերով

    Սաթենիկ Ավետիսյան

Երազի մեջ մենք հասկանում ենք   բոլոր լեզուները: Երազը մեր հայրենիքն է Բաբելոնյան աշտարակաշինության ժամանակներից: Երազում մենք բոլորս խոսում ենք մեկ միասնական և մեծ նախալեզվով՝ համընդհանուր բոլորիս՝  ողջերի և մեռյալների համար:

                                                                                  Միլոռադ Պավիչ

   Գրիս մեկնության հիմքում տիպաբանական առնչությունն է երկու հեքիաթի՝ մեծ և փոքր, Հովհաննես Թումանյանի մշակած հայ ժողովրդական հեքիաթ «Անխելք մարդու» և Պաուլո  Կոելյոյի «Ալքիմիկոսի»: Թեև «Ալքիմիկոսը» հեղինակն ու տեսաբանները վեպ են սահմանել, բայց «Անխելք մարդը» հեքիաթի հերոսի աշխարհիմացության մակարդակում դա հեքիաթ է, այն էլ հրաշապատում հեքիաթ: Իսկ ինչպիսի՞ հեքիաթ է  «Անխելք մարդը»՝ հրաշապատո՞ւմ, թե՞ իրապատում: Կոելյոյի ճանաչողության բարձունքից խորդանշականացված իրականությունն է, այսինքն՝ այնքան էլ հեքիաթ չէ: անխելք մարդու կարծիքով (եթե գայլը չուտեր ու թույլ տար կարծիք ունենալ)՝ հեքիաթ է ու հրաշապատում հեքիաթ, Աստված չաներ՝ ուրիշ բան լիներ: Փորձենք որոշարկել հեքիաթի և իրականության սահմանը՝ հենքային համարելով իրականության ընկալման կերպը, ինչն էլ ստեղծում է ժանրի կաղապարը: Աշխարհաճանաչողության  աստիճանը  թելադրում է նյութի իրացման ձևը: Անխելք մարդու կարճամտությունն ու կարճատեսությունը  կարճում են  կեցության ընթացքը և  փակում թեման երեքէջանոց հեքիաթի շրջանակում: Իսկ եթե նա անխելք չլինե՞ր և հասկանա՞ր Աստծո լեզուն, ապա մեր հեքիաթն անպայման կձգվեր, գուցե վեպ դառնար, ինչպես «Ալքիմիկոսը»: Ինչո՞ւ  է մեր հերոսն  անխելք  (ժողովուրդն է նրան այդպես որակել), և ինչո՞ւ նա կործանվեց՝  երազանքի դռանը կանգնած, այս թվացյալ պարզունակ հարցերի պատասխանը կփորձենք գտնել՝ զուգադրելով և հակադրելով վերը հիշատակված հակիրճ ու ընդարձակ հեքիաթների կենսափիլիսոփայությունը:

Ուխտագնացություն

   Անխելք մարդը դժգոհ է իր չարքաշ կյանքից, հոգնել է դառը դատել դատարկ նստելուց, որոշում է փոխել իր կյանքը: Իր ուժերով գործը գլուխ չի գա, աստվածային միջամտություն է պետք: Նա հավատում է Աստծուն, նույնիսկ գիտի նստավայրը, ճամփա է ընկնում, Կոելյոյի բառերով, Սեփական Առասպելի ուղիով:

    «Ալքիմիկոսի»  հերոսը՝ պատանի Սանտյագոն, Աստծուն դեռ չի ճանաչում, բայց  նույն երազը տեսել է արդեն երկու անգամ:  Երազը գանձի  ավետիս է, դարձյալ ուղի է  կանխատեսվում, բայց սեփական աղքատիկ աշխարհաճանաչողությամբ նա անզոր է  մեկնել երազը և գտնել ուղին: Նա  դիմում է երևույթների թաքուն էությունը հասկացող մարդու՝ գնչուհի գուշակին: Գնչուհին  նոր մեկնություն չի ավելացնում եղածին, բայց խորհուրդ է տալիս անպայման գնալ Եգիպտոս ու գտնել երեխայի ցույց տված գանձը, քանի որ «երազներն այն լեզուն են, որով   մեզ հետ խոսում է Տերը»1:

     Միջանկյալ նշենք, որ «Ալքիմիկոսի» հեղինակը նույնպես ուխտի է գնացել Սանտյագո դե Կոմպոստելա  սրբավայրը, երկար ճանապարհն անցել է ոտքով՝ հոգևոր ուսուցչի՝  Պետրուսի ուղեկցությամբ: Այս իրադարձության հենքի վրա գրվել է «Մոգի օրագիրը» ստեղծագործությունը: Այսինքն` հեղինակն ինքը որոնել և գտել է դեպի Աստված տանող ուղին, և «Ալքիմիկոսը» որոշ իմաստով ինքնակենսագրական ատաղձ ունի:

  Սանտյագոն, հիասթափված գնչուհուց, որոշեց շարունակել հոտաղի իր կյանքը, բայց  նրա առասպելի սկզբնակետում Աստված   օգնության հասավ՝ գործուղելով իր պատգամախոսին, որն ստիպված էր մարդկային կերպարանքով ու Սալիմի թագավորի անունով ներկայանալ, որպեսզի դեռ անկատար տեսողությամբ տղան ընդուներ ու լսեր իրեն: Զրույցը փիլիսոփայական էր և ոչ այնքան  հասկանալի պատանուն մինչև այն պահը, երբ թագավոր ներկայացողը պահանջեց հոտի տասը տոկոսը գանձի տեղը հայտնելու համար: Գնչուհին նույնպես պահանջել էր գանձի տասը տոկոսը, տղան կարծեց, թե նա ամուսնուն է ուղարկել՝ խաբեությամբ ինչ-որ բան պոկելու: Բայց երբ պատգամախոսը գծեց տղայի անցած ուղին, նա հասկացավ, որ իր կողքին եթե ծպտված Աստված չէ, ապա նրա փոխանորդն է Երկրի վրա, և նրա սահմանումները աքսիոմատիկ բնույթ ունեն, քանզի ապացույցները վիրտուալ են և հասու միայն նրանց, ովքեր կարող են գնալ Սեփական Առասպելի ուղիով:

Սահմանում 1-ին: Տիեզերքի հոգին սնվում է մարդկային երջանկությամբ (էջ 32):

 Սահմանում 2-րդ: Եթե երբևիցե ինչ-որ բան ցանկանաս, ողջ Տիեզերքը նպաստելու է քո ցանկության կատարմանը, քանի որ այդ ցանկությունը հղացվել է Տիեզերքի հոգում(33):

   Ուրեմն մեր հերոսներից մեկը՝ Սանտյագոն, ունի Ուսուցիչ, որը նրան երջանկության ուխտի կանոններն է սովորեցնում: Նա հայտնվում է այն պահին, երբ մարդը նահանջում է կամ չի տեսնում Սեփական Առասպելի ծիրը: Հայտնությունը տարակերպ է՝ մարմնավոր, նշանային, մտքի և տեսիլքի ձևով: Հայտնության բոլոր դրսևորումները ճանաչելու համար գիտելիք է պետք, ուսուցանող, որի ջանքով աստիճանաբար կսկսի տեսնել ներքին աչքը:

   Անխելք հերոսն Ուսուցիչ չունի, պետք է ապավինի կենսափորձին, գիտելիքի չգոյության մեղադրանքն ուղղված է բացակա կամ կեղծիքի վրա հիմնված կրթական համակարգին: Բայց նրա պարագայում նույնպես գործում են 1-ին և 2-րդ սահմանումները, և Երկնավորի հետ հանդիպումը կայանում է: Մեր հերոսների ուխտագնացությունն ավարտվում է Տիեզերքի արձագանքով, Տիեզերքը համաձայն է նրանց երջանկությանը, և ներկայացնում է նրանց  Առասպելի նախագիծը:

Աստվածային   նախագիծ 1

Աստված լսում է Անխելքի պատմությունը գայլի, ծառի և աղջկա մասին,  մեկնում նրանց անհաջողության պատճառները և լուծման ուղիներ առաջարկում: Նա Անխելքին ասում է.» Դե գնա՛, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր2»: Անխելքին տրված աստվածային նախագիծը վերծանման կարիք ունի, այն  ճիշտ  մեկնելու դեպքում նա կլինի հարուստ ու սիրված, ուրեմն նաև խելացի:

Աստվածային   նախագիծ 2

Սանտյագոյին Աստված և նրա միջնորդները հորդորում են  վաճառել ոչխարները և այդ գումարով հասնել Եգիպտոս՝ բուրգերի մոտ, որտեղ երազում խոստացված գանձն է:

  Երկու դեպքում էլ նախագիծը կենսագործելու համար հոգեմտավոր նոր ռեսուրսներ են պետք. ունեցածը ելքեր չի նախանշում: Սանտյագոյին Ուսուցիչը հուշում է. «Դու ճանապարհը կգտնես այն նշանով, որով Տերը նախանշում է  յուրաքանչյուրի Ուղին այս աշխարհում: Միայն պետք է կարողանաս կարդալ այն, ինչ գրված է քեզ համար» (էջ 39):

  Ահա այս կետում արդեն հիշատակված Ուսուցչի գործոնը ստանում է առավելագույն կարևորություն, նույնիսկ ճակատագրականություն: «Ալքիմիկոսի» հեղինակն ու հերոսն  ունեն  խորհրդատու-մեկնիչ, որը նրանց սովորեցնում է աստվածային նշանների լեզուն կամ Տիեզերքի համընդհանուր լեզուն: Ծերունի իմաստունը, որը նաև Մելքիսեդեկ անունն ունի (զուգահեռվում է Մարկեսի հերոսին՝ Մելկիադեսին, որ նույնպես մոգ էր և ալքիմիկոս) պատանի Սանտյագոյին դժվարին պահերին օգնող մոգական քարեր է տալիս և իմաստուն սահմանումներ՝

1.Մի՛ մոռացիր, որ աշխարհում ամեն ինչ մի ամբողջություն է:

2.Մի՛ մոռացիր նախանշանների լեզուն:

3. Մի լեզու կա, որ կապ չունի բառերի հետ:

4.Մի մոռացի՛ր, որ մինչև վերջ պիտք է գնաս քո առասպելի հետևից:

   Զգայական սևեռումների արդյունքում սկսում է բացվել պատանու ներքին տեսողությունը, նա հասկանում է, որ ողջ Տիեզերքը նպաստում է նրա երազի կատարմանը, և «ոչ ոք կանգնած չէ իր ճանապարհին, բացի իրենից» (էջ 38):

    Եթե  որևէ մեկը ջանք թափեր ու հասկացներ Անխելքին, որ «ոչ ոք կանգնած չէ իր ճանապարհին, բացի իրենից», ապա նա նույնպես կտեսներ-կըմբռներ աստվածային լեզուն ու նշանները: Ցավոք, նրա ներքին աչքը կույր էր գիտելիքի պակասից, Աստծո խոսքը ընկալել էր ուղղակիորեն՝ չկարողանալով գաղտնազերծել նրա թաքուն շերտերը: Ուսուցչի բացակայությունը  սրում է վիճակի դրամատիզմը, նրա փակ տեսողությունը նույնիսկ չի ընկալում եռաչափ գոյաբանական աշխարհը, այսինքն՝ ամենապարզունակ առարկայական կերպարները: Եզրակացությունը մեկն է. Աստծուն ճանաչելու և երջանկության դուռը բացելու համար պետք է սովորել աշխարհի խորհրդանշական լեզուն, որն ինքնին բանալի է ճշմարտության էությունը և կեցության հրաշքը հայտնագործելու ճանապարհին: Աշխարհն իրականում անչափելիորեն հարուստ է, և ֆենոմենները, որոնք բացատրելի չեն ավանդական գիտակարգերով, բացահայտվում են գերիրական աշխարհի և նուրբ էներգիաների մակարդակում: Մտքի մի փոքրիկ վերացարկում՝ «Դե գնա՛, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր», և մարդն արդեն մոլորված է ու դժբախտ, չի տեսնում անգամ գանձ ու գեղեցկություն, սեր ու լիություն: Նրան շատ ավելի հեշտ հասանելի երջանկություն է  պատկերացել՝ առանց հատուկ ջանքերի. չէ՞ որ չնչին դժվարություններ, այնուամենայնիվ, պիտի հաղթահարեր. հողը պիտի փորեր ու գանձը հաներ, պիտի սիրեր ու սիրվեր: Գուցե այս ամենը նրան քի՞չ էր թվացել, չգիտենք, բայց հայտնի է, որ նա մերժեց ծառին ու չհանեց գանձը, մերժեց աղջկան ու չառավ կնության:

  Ճակատագիրը պատանի Սանտյագոյի հանդեպ ավելի քան բարեհաճ էր, ուսուցիչները՝ Մելքիսեդեկը, Անգլիացին, Ալքիմիկոսը,  հաջորդում էին մեկը մյուսին, սովորեցնում չընկրկել, անհրաժեշտ դեպքերում օտարվել նյութից, չվախենալ ունեցածը կորցնելուց և չկառչել կյանքի ընդունված կերպից. չէ՞ որ մարդկանց մեծ մասը սովորույթի գերին է և վախենում է փոփոխությունից ու անհայտությունից: Այս իմաստով հետաքրքիր է բյուրեղապակու վաճառականի կերպարը: Նա ամբողջ  կյանքում երազել էր Մեքքա գնալ ուխտի և երբեք չեր համարձակվել փոխել իր կյանքը՝այդպես էլ տեղավորվելով այն չափումներում, որ համապատասխանում են իր հոգու տարողությանը.«Իմ խանութը հենց այն չափի է, ինչ որ ինձ պետք է: Չեմ ուզում փոխվել, որովհետև չգիտեմ, թե դա ինչպես է արվում: Շատ եմ վարժվել ինքս ինձ» (էջ 63):

   Գուցե սա էր մեր Անխելքի դժբախտության պատճառը. չէր պատկերացնում իրեն միայնակ աղջկա ու ոսկու ընկերակցությամբ, դրանք կփոխեին իր գորշ կեցությունը, և ինքն այլևս ինքը չէր լինի: Ինչպես սովահարին աստճանաբար են վարժեցնում սնունդին, այնպես էլ հոգու քաղցը հագեցնել պետք է հոգին հղկելով, մտքի պարապը պետք է լցնել պարզ կանոններով և  նոր միայն բարձրագույն իմաստասիրություն սովորեցնել: Քննվող երկու գործերն էլ ինքնորոնման, ինքնաճանաչման,  ինքնակատարելագործման և. վերջապես, ինքնարարման խնդիր են դնում: Բարձրյալին հայացքն ուղղելուց առաջ մտահոգվել՝  պատրա՞ստ ես ճանաչել նրան, լսել ու հասկանալ,  նրան ներսում կրել, մերձենալ ու նույնանալ: Անխելքը տապալված էր թվարկված հոգեփոխություններին անհաղորդության պատճառով: Հիմարության փաստը վավերացված էր և վերջնական:

  «Ալքիմիկոսի» հերոսն ապրում է աստիճանական հոգեփոխման ընթացք, ուսուցիչները նրան սովորեցրել էին առաջ գնալ. կեցության նախորդ աստիճաններին միշտ էլ կարելի է վերադառնալ: Առջևում անապատն էր, որը տանում էր դեպի բուրգեր, դեպի գանձը: Սա ուսուցման հաջորդ մակարդակն էր, որ անցնելու էր Անգլիացու հետ, մարդ, որ որոնում էր Իմաստնության քարը և Անմահական ջուրը, ուսումնասիրում ալքիմիայի մասին գրքեր և գնում  գտնելու իսկական Ալքիմիկոսին: Այս փուլում Սանտյագոն ամրապնդում է իր գիտելիքները  Համընդհանուր լեզվի, նախանշանների, ոգու տիեզերական ծավալումների վերաբերյալ: Սովորում է լսել անապատի լռությունը, մեկնել քարավանի խորհուրդը.«Որքան էլ դեգերեն քարավանները, անշեղորեն շարժվում են դեպի իրենց նպատակակետը»(էջ 81):  Տղան ու քարավանը ձուլվում են՝որպես լուռ տառապանքով անապատի անհայտությունից երազանք քամողներ: Տղան սովորել էր երևույթները դիտարկել համատիեզերական անտրոհ փոխներգործությունների շղթայում:

   Ունենք երկու տիպի հերոս՝ Աստծուն դրսում որոնող և  Աստծուն  ներսում արարող, նրանց գործողությունների հետագա ընթացքը որոշարկվելու է նուրբ էներգիաների հաճախականություններին հարաբերակցվելու աստիճանով: Անխելքը հանդիպեց Աստծուն, բայց չընկալեց ու վանեց նրան, որովհետև նրան դրսում էր փնտրում, և այդպես էլ հոգու դռները չբացեց նրա առջև՝ իր մեջ կրելու նրբին կենսաուժերի տեղեկատվական հոսքերը: Զգացական ամլության պատճառով   Անխելքը հայտնվեց անկումների անդնդի եզրին: Բարձրյալը նրան տեսավ այն նույն էներգիաների ամբողջության տիրույթում, որոնք շղթայում էին ծառին, աղջկան և գայլին՝ որպես նույն ամուլ կենսադաշտի դրական և բացասական  էներգակիրներ, որոնք (առաջին երկուսը) լույսի աղբյուր կդառնան միայն Անխելքի գիտակցական հրավառության շնորհիվ, բայց նրա հոգում խավար էր, մտքում՝ դատարկություն: Անլույս ուղին մոլոր հերոսին հրում է դեպի իր էությանը ներդաշնակ բացասական եզրը՝ գայլի երախը: Կատարվում է այն, ինչ բանաձևել էր բյուրեղապակու վաճառականը.» Եթե Տիրոջ օրհնությունը չես ընդունում, անեծքի է վերածվում»(էջ 63):

    Աստծուն նույնանալու գիտելիքին տիրապետելով՝ Ալքիմիկոսի հերոսը սկսում է գաղտնազերծել նրա նշանները, հասկանում սիրո լեզուն՝ հանդիպելով անապատի աղջկան, ով դառնում է նրա առասպելի մի մասը:  Զույգ բազեների թռիչքը տեսիլքի միջոցով մեկնում է որպես թշնամու հարձակման լուր և փրկելով օազիսը՝ բարձրանում Սեփական Առասպելի  հերթական աստիճանին: Դա հանդիպումն էր Ալքիմիկոսի հետ, որը նրան կհամոզի, որ պետք է հաղթահարել անապատի արգելքը և նույնիսկ կերպափոխվել քամու: Սանտյագոն հերթական անգամ ընկրկում է՝ ցանկանալով մնալ օազիսում և վայելել գեղեցիկ Ֆաթիմայի սերը, բայց Ալքիմիկոսի իմաստասիրական զրույցը նրան համոզում է, որ աղջիկն առասպելի մի մասն է միայն, բուրգերի մոտ հասնելով և իր գանձը գտնելով՝ տղան կամբողջացնի Սեփական Առասպելը: Բուրգերի մոտ թալանվելով ու ծեծվելով՝ նա կհասկանա, որ իրեն ոսկու մեկ չորրորդը տվող Ալքիմիկոսը նախապես գիտեր, որ գանձն այնտեղ չէ: Նա կորցնելու է այս ոսկին նույնպես, որպեսզի լսի և հասկանա խորհրդանշական լեզուն մեր Անխելքին շատ նման մի ուրիշ անխելքի բերանից.«Ես քեզ ողջ եմ թողնում. դու պիտի ապրես, որ հասկանաս, թե չի կարելի այդքան հիմար լինել: Հենց այդ տեղը, ուր հիմա կանգնած ես, ես ինքս մի երազ տեսա, որը հետո երկու տարի շարունակ կրկնվում էր: Երազն ասում էր, որ պետք է գնամ Իսպանիա, այնտեղ գտնեմ քանդված եկեղեցին, ուր գիշերում են հովիվներն իրենց ոչխարներով և որտեղ ժանտախոտի թփեր են աճում: Դրանց արմատների տակ գանձ է թաքցված: Բայց ես այնքան հիմար չեմ, որ միայն նրա համար, որ երազ եմ տեսել, կտրեմ անցնեմ անապատը»(էջ160):   Ուրեմն երազը միայն տղայինը չէր, յուրաքանչյուրն ունի իր գանձի ավետիսը, բայց այն գտնելու համար մարդկության մի ստվար հատվածին անխելքության համախտանիշն է խանգարում, քանզի իրական հարստությունը հոգևոր տեսողության անսահմանությունն է, հոգու հանքերը ոսկևորելով միայն կհաղորդակցվես համատիեզերական բանականությանը և կընտրես հոգևոր աճի ուղին.«Տերն  ինչ անսովոր ձևերով է իրեն ցույց տվել գանձի տեղը»(էջ 161): Երազներն հասկանալու և կարևորելու հարցում մարդկության սահմանափակության խնդիրը քննում է նաև հոգեվերլուծաբանը.«Պրիմիտիվ մարդիկ դրսևորում են կատարյալ կենդանական հակազդեցություն չկանխատեսված իրադարձությունների նկատմամբ: Բայց և «քաղաքակիրթ» մարդը արձագանքում է նոր գաղափարներին հաճախ այդպես՝ առաջացնելով հոգեբանական արգելքներ, որպեսզի իրեն պաշտպանի նորի հետ աղերսվելու ցնցումից: Երազը հասկանալու ցանկության դեպքում նրան պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ. անհրաժեշտ է նաև ելնել այն ենթադրությունից, որ երազը կարող է նշանակել հատկապես այն, ինչ ասում է, քանի որ չկան այլ կերպ մտածել թույլատրող նկատելի պատճառներ»3: Հրոսակապետի պարագայում երազն ամենաուղիղ տեքստով էր ներկայանում, բայց նա «պրիմիտիվների» ցուցակում էր՝ ներքնատեսության զրոյական ցուցմունքով:

     Իսկ ինչպե՞ս ընդլայնել հոգու տեսողության սահմանները: Ալքիմիկոս ուսուցիչների կամ առհասարակ հոգևոր դաստիարակների բացակայության պարագայում ո՞վ պետք է կատարի նրանց դերը, գուցե՞ գեղարվեստական գրականությունը: Բայց չէ՞ որ նրանք՝ համաշխարհային գրականության տիտանները, վաղուց ուսել են այդ բեռը:  20-րդ դարի բարձր գրականության մի մեծ  հատվածը, որը   տեսաբանները «մոգական ռեալիզմ» կոչեցին և որը հաղթարշավ է կատարում առ այսօր՝ սպառվելով միլիոնավոր տպաքանակներով, ֆիզիկական աչքով անտեսանելի և ընդունված գիտակարգերով անբացատրելի իրականության թեմաներով է: Այդ հեղինակները հեքիաթի հանդեպ մարդկության մշտագո պահանջմունքն են բավարարո՞ւմ, թե՞ գիտեն ու տեսել են մի ուրիշ իրականություն, որը նույնքան իրական է, ինչքան տեսանելի ֆիզիկական աշխարհը: Գաբրիել Գարսիա  Մարկեսը գրում էր՝ «իմ բոլոր գրածներս գիտեի կամ լսել էի ութ տարեկան դառնալուց առաջ» կամ «իմ վեպերում չկա մի տող, որ իրականության վրա հիմնված չլինի»4:  Սա ուղե՞րձ է տեսաբաններին՝ «մոգական» եզրույթը  չչարաշահելու, թե՞ իրապես հեղինակն իր աշխարհաճանաչողության դիրքերից մերժում է մոգականի բացարձակացումը՝ հօգուտ իրականության բազմաշերտության և հայացքի տարողության:  Այդ բազմաչափ հայացքը իրացվում է  գեղագիտական աներևակայելի հնարանքներով, որովհետև իրականությունն ինքնին անվերջության է ձգտում այդ հայացքի ընդգրկումներում: Կարելի է պնդել, որ սա տենդենցիոզ գրականություն է և առաջադրում է հստակ ծրագիր՝ պեղել երևույթների նախահիմքերը, վերականգնել կորուսյալ գիտելիքները, աշխարհաստեղծման կեղծ միֆերը քանդել ու գաղտնի ձեռագրերն ու նշանները բերել գրական տեքստ՝ մարդկությանը ճանաչելի դարձնելով այն, ինչ մերժում ու ոչնչացնում է պաշտոնական գիտությունը: Միլոռադ Պավիչի զարմանալի վեպը՝ «Խազարական բառարանը» անմիջապես կոչեցին ձեռագիր (manuscript), որում Տիեզերքն է գաղտնագրված: Պարականոն այս վեպն ունի երկու տարբերակ՝ արական ու իգական, և ընթերցողին  թաքնագիտություն է ուսուցնում՝ տանելով հեռավոր դարերում միտումնավոր ոչնչացված գիտելիքի հետքերով: Պավիչն իր վեպերն համեմատում էր բազում ելքեր ու մուտքեր ունեցող տան հետ, որում անպայմանորեն կային կողպված դռներով սենյակներ՝ միայն ընտրյալներին հասու պահոցներով: «Վերջին սերը Կոստանդնուպոլսում» վեպը Տարո կարտերի մասին է, մարդկային ճակատագրերը և վեպի կոմպոզիցիան կառուցված են Տարոյի գիտելիքների հետևողությամբ, գիտելիք, որը քրմական դասի մենաշնորհն էր և որը կապվում էր Կոելյոյի «Ալքիմիկոսում» այնքան արժևորված խորհրդանշական կամ համընդհանուր լեզվին: Այս լեզվին տիրապետելու շնորհիվ Միխայիլ Բուլգակովն իր «Վարպետը և Մարգարիտան» վեպում  իրականությունը հայտնակերպեց պատճառահետևանքային այնպիսի կապերի ու ամենատարբեր մութ ուժերի տիրապետության համադրությամբ, որ ամենաշքեղ երևակայությունն անգամ անզոր է այս հիրավի մետաֆիզկական աշխարհիմացության համեմատությամբ: Թվարկված հեղինակների ճանաչման աստիճանը բոլորիս հայտնի է, նրանք բարձրագույն գրական մրցանակների են արժանացել կամ Նոբելյան մրցանակակիրներ են: Եվ որքան էլ չուգունե համառությամբ մերժենք մեր սահմանափակ տեսողությունից դուրս գոյող չափումները, որքան էլ հեքիաթը բացարձակացնենք ու հոծ գծով սահմանազատենք հեքիաթն ու իրականությունը, միևնույն է՝ մեր երեխաներն ու պատանիները երազելու են սովորել Հարրի Փոթերի կախարդական դպրոցում, երազելու են բացել այն փակ դռները, որոնք թաքցնում են մարդու ամենազորության գաղտնիքը (իրազեկ լեզուներն ասում են, որ բրիտանական ընտրախավն այսօր էլ կրթությունն ստանում է այդպիսի փակ և խիստ գաղտնի դպրոցներում. հավանաբար դրանով է պայմանավորված ժառանգաբար փոխանցվող հայատյացությունը), իսկ մենք  անխելք զարմանքով հաշվելու ենք օտար հեղինակների սպառվող գրքերի քանակը ու իբր չենք հասկանալու պատճառը:

Ծանոթագրություններ

1.Պաուլո Կոելյո, Ալքիմիկոսը, Երևան, 2004, էջ 25: Հետագա հղումները կնշենք տեքստում:

2.Հովհաննես Թումանյան, Երկերի ժողովածու,հ. 3-րդ, Երևան, 1969,  էջ 148:

3.Карл Густав Юнг, Символическая жизнь, Москва, 2013, ст. 209.

4.Գաբրիել Գարսիա Մարկես, Ապրել՝պատմելու համար, Գարուն,

թիվ 1, 2006, էջ 62:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *