ԱՐԱ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ | Չոպյան օրագրություն, 1991

Արա Նազարեթյան

Ծ. ն.

Ոսկեվարս, թախծոտ, և հասկացող և սաստող աչքերով, ճերմակ, գրեթե թափանցիկ մաշկով հունգարուհի Մոնիկա Ուռը, այն գեղեցկուհիներից, որ գետնի վրա են ման գալիս. առաջին իսկ հայացքից երևում է` տաք – ամուր ընտանիք կստեղծի, կանգնել է ճաշարանի սեղանների միջև` համբերատար, առողջ, պինդ ոտքերով, ինքը կարմիր շորերի մեջ ու հագի կարմիրն այտերի հետ ներդաշնակ է:
Հայաստանից ժամանած վարորդները խումբ-խումբ ցրվել են ճաշարանով մեկ: Հայտնի չէ սպասվող մեքենաները սահմանի մյուս կողմից երբ կժամանեն, այսպես ասած, յուրացնում են տեղական միջավայրը:
Կայարանի համայնապատկերի վրա իշխում է կաթոլիկ եկեղեցին` կոստյոլը, որ գարեջրատան ու 1944–ին Չոպը գրավելիս ընկած խորհրդային մարտիկների կարմիրաստղավոր, միատեսակ շիրմաքարերի միջև սեղմված ընձուղտի պես վիզը ձգել է, հայացքը չգիտես գալիք հազարամյակի՞ն, թե սահմանից այն կողմ. կայարանամերձ հրապարակի Լենինի արձանից Չոպի կենտրոնական փողոցով մինչև սահման, մինչև հանրահայտ “երկաթե վարագույրը” չորս կիլոմետր է և այդ վարագույրն սկսել է փեշերը շարժել:
– Ի՞նչ եք կամենում ուտել, – Մոնիկա Ուռն է:
– Երկրորդ ի՞նչ կա:
– Ինչու՞ առաջին չեք ուտում…
– Որ մնաց` թափելու՞ եք:
Նա հեռանալու ցասկոտ շարժում է անում:
– Երկուսից ել բերեք,- հապաղես` հաստատ կգնա:- Գեղեցկուհիներին ո՞նց մերժեմ…- ու մի նուռ հայտնվում է սեղանին:
Թբիլիսիում նուռը երեք անգամ էժան էր: Դրանցից մեկն ահա շողշողալով նայում է մատուցողուհուն:
Մոնիկա Ուռը գլխով է անում և պարզ չէ իմաստը. գո՞հ է, որ իրեն չմերժեցին, նռան համար շնորհակա՞լ է, թե՞ ուզում է ասել պատվերն ընդունված է:
– Մոսկվա – Բելգրադ գնացքը ժամանում է երկրորդ գիծ…
Կայարանի բազմությանը դա քիչ է հուզում. գնացողները գնացքում են, եկողներին Չոպում դիմավորելու սովորություն չկա. կայարանում մեծ մասամբ տարբեր պատճառներով նախորդ գնացքներից իջեցվածներն են, որոնց միակ հոգսն այժմ քիչ վնասով տուն վերադառնալն է, ու այստեղ այնտեղ առևտրի կարճ բռնկումներ են ստեպ – ստեպ բացվում – մարում:
Հունգարական գնչուների աղմկոտ խումբ է լցվում ճաշարան, զբաղեցնելով բոլոր ազատ սեղանները: Հացը վերջացել է. ճաշ տակավին կա, բայց հացը վերջացել է: Գնչուները ինչպես եկել էին, նույն աղմուկով ել լքում են ճաշարանի սրահը:
Նուռը տակավին իր տեղում է:
Դատարկ ափսեն դունչը լպստող կատվի պես ինքնագոհ, դավաճանաբար փայլում է կլոր ու դատարկ ժպիտով:
– Ճաշը համե՞ղ էր, – Մոնիկա Ուռի համար դա շատ կարևոր է:
– Ինչքա՞ն եմ վճարելու…
Հայտնի է ինչքան:
– Մանրը պետք չէ…
Մոնիկան նկատելի մթնում է: Տատանվում է: Երևի ասելիք ունի, որ գուցե դիմացինը չընդունի: Չի ասում: Ափսոսանքի թեթև ստվեր է անցնում անբիծ հստակ դեմքով: Տեսնես ինչն է ափսոսում: Այդ հայի՞ն, որ խելք երևի չունի: Կամ` իրոք, կարող է չունի: Կամ կարող է ունի, բայց ու՞մ է պետք էդ տեսակ խելքը: Կամ գուցե իրե՞ն, որ խելք, ինչ խոսք, ունի, բայց այսպիսիներն այնքան էլ հաճախ չեն հանդիպում…
Նուռն, այնուամենայնիվ, տանում է:

#

– Մելիք, էդ կանանց հետույքներին քիչ նայիր, աչքերիցդ հոտ կգա…
Վարորդների ծիծաղն ու աղմուկը ճաշարանը կայարանի ժխորից առանձնացրել են:
– Մեզանում…- ուզում ես ասածդ այնպես հնչի, Մոնիկա Ուռի անվրդով աչքերի մեջ արձագանք տա:- Մեզանում մի սովորություն կա,- Մոնիկան հետաքրքրությամբ, ուշադիր, ոտքը կախ է գցել,- սեղանը գցելուց առաջ նախ մաքրում են:
Ասվածն այնքան խորիմաստ չէ, ինչ լրջությամբ ընդունվում է:
– Մեզ մոտ էլ կա այդ սովորությունը,- գլխով հավանություն է տալիս Մոնիկան:- Մի ուրիշ սովորություն էլ կա մեզանում. դեռ չցատկած` հոպ չեն ասում: Ձեզնից առաջ սպասողներ կան:
Եվ մոտենում է կողքի սեղանին:
Երկու ոչ գեր, բայց պարարտ ուկրաինուհիներ ճաշասրահ են մտնում աշխույժ, գործնական ինչոր քննարկելով: Երևի նոր ժամանած Բրատիսլավա-Մոսկվա գնացքից են. մինչև գնացքի եվրոպական նեղ անիվները տեղական լայնի կփոխեն, բավական ժամանակ կանցնի:
Ազատ սեղան չկա, գրավում են սեղանի չզբաղեցված աթոռներն ու սեղանակցի կամքն իրենց ամենևին չի հուզում:
Մեկը Դոնեցկի տուրիստական խմբի ղեկավարն է: Առևտրից գոհ է, տարերքի մեջ է մտել, դուրս չի գալիս:
Առանց նախաբանի դիմում է,
– Ձերոնցից օղի վաճառող չկա՞:
– Մերոնք էդտեսակ բաները չեն ծախում:
– Սենյակում գուցե ունեցող լինի հատուկ դեպքերի համար…
– Դուք հատուկ դեպք եք ուրեմն…
– Էս ինչի՞ մեզ չեն սպասարկում,- տարակուսում է մյուսը:
Մատուցողուհու ուշադրությունը սեղանի կողմը ստեպ-ստեպ նետվող հայացքներից այն կողմ առայժմ չի անցնում:
– Գեղեցիկ աղջիկ է, չէ՞:
– Նա՞,- անակնկալի է գալիս գործնական ուկրաինուհին:- Ոչինչ, կարելի է ասել հաճելի է: Գեղեցիկը ես եմ:
– Դե չէ… Տեսեք ինչ նազելի արհամարհանքով է մեր կողմը նայում. ոնց է սազում աչքերի կապույտի հետ…
– Կրծքերը փորի վրա են,- ուկրաինուհին մեջքը շտկում է:
Մոնիկա Ուռը վերջապես գալիս, սրբում է սեղանի երեսը:
Սեղանի ծայրը հատուկ կարևոր է:
– Խնդրում եմ այդ տեղը մեկ անգամ էլ…
Ծո~վ համբերությամբ, Մոնիկա Ուռն այդ տեղը մի անգամ էլ է մաքրում:
Ձեռքը չքաշած, մի խոշոր, կարմրասև նուռ հայտնվում է ճիշտ այդ մատնացույց տեղում: Անակնկալից ուկրաինուհիներն իրար են նայում: Մոնիկան աչքերի կապտամշուշից կարճ մի ժպիտ է փախցնում, ապա հայացքն ուղղում է նստածների գլխի վրայով պատուհանից դուրս:
Նռան հատը շուկայում ութ ռուբլի է:
Չի շտապում վերցնել. առանց այդ ամենօրյա նռների էլ մինչև հիմա քսանմեկ տարի ապրել է այս աշխարհում:
Հետո կվերցնի:
Անշտապ հարցնում է.
– Ի՞նչ եք պատվիրելու:

#

Բուֆետը ջրալի գարեջուր է ստացել: Որտեղից որտեղ, ինչպես ճանճը մեղրին, անմիջապես հայտնվել է տեղական մասշտաբի գարեջրամոլ, իր ոչնչությունը չընդունող կաղ Շոնին: Ուրիշներն էլ կան, հերթ է: Շոնին ամեն իր հերթը հասնելիս տաս – տասնհինգ գավաթ վերցնում, նոր եկողներին հյուրասիրում է, ապա դիմացը դրամ է պահանջում: Երբեմն ավել, երբեմն մի տաս կոպեկ պակաս, ասել կուզի մի բանով զբաղված է:Նաև թող համարեն լավություն է անում` հերթի իրենք չեն կանգնում. դեր ունի իր այս կյանքում Շոնին:
– Դե, պետք չի, Շոնի, հանգիստ մնա,- ասում է իր գործն իմացող, արագախոս ու ամենքի բերնին հասնող բուֆետապանուհի Էրժիկան,- քեզ, ախր, ճանաչում են, բոլորը գիտեն քո քաշն ու արժողությունը, Շոնի…
– Դավայ – դավա~յ,- ծառս է լինում Շոնին:
– Դու հո վրացի չես, Շոնի` դավայ – դավայ. ինչ՞ը դավայ…
– Ես հայից էլ վատ եմ,- հանկարծ հայտարարում է Շոնին:
Այստեղ Մելիքն է ծառս լինում` հայերն ինչո՞վ են վատ, մեր տղա…
– Նրանց էն բանը կտրած է, չունեն,- ինքնագոհ ծիծաղում է Շոնին, կոտրած ատամի խոռոչը ցուցադրելով:
– Իսկ դու ձեր աղջիկներից հարցրու,- ասում է Մելիքը, մուշտակից իրեն դանդաղ ազատելով,- նրանք ավելի լավ գիտեն…
Բայց Մոնիկա Ուռը կասեցնում է.
– Կմրսեք, մուշտակն ինչու՞ եք հանում… – և օգնելով ստիպում է վերահագնել:
Ապա դառնում է չոպեցիների խտացող օղակին, այնպես, որ Մելիքը ոչինչ չհասկացավ: Մի բան սակայն պարզ էր, որ երևի այս սրահում այսօր իրեն չեն ծեծի:
#

Մելիքը ճիշտ էր, ինչ արեցին` դրսում արեցին ու ոչ թե ծեծեցին, այլ.
– Էնքան տվին` հոգնեցին. էլ իրենց աղջիկների պատվի համար, էլ աֆղանական սահմանափակ պատերազմի պատճառով, էլ Բաքվի հայկական ջարդերի դիմաց, էլ Ղարաբաղում զոհված անդրկարպատցիների հիշատակին, էլ նրա համար, որ Ղրիմն իրենցն է, էլ Չեռնոբիլի համար, էլ նրա համար, որ Հունգարիայի հետ սահմանը դեռ փակ է, էլ` որ խանութում ապրանք չկա, էլ` որ շուկայում մանդարինը 30 ռուբլի է, օղու լիտրը 100… Մինչև հոգնեցին,- ասում է Մելիքը առանց թշնամանքի:- Կոպեկը գրպանումս ծռվել էր… Մի բան լավ էր` մենակ էի: Հետս մարդ լիներ` պատիվը պահելու էի ու էն ժամանակ կարող է սպանեին…

#

– Մոնիկա,- օրվա նուռը դեռ հետո պիտի տրվի,- ձեր տունը մասնավո՞ր է, թե պետական շենքում եք ապրում:
– Մասնավոր է,- շտապ զեկուցում է Մոնիկա Ուռը չափազանցված լրջությամբ:- Մեծ պատժգամբով, ջերմոցով, հավանոցով:
– Ասում եմ` բենզին ենք գնել, հյուրանոցում պահել չի կարելի, մեքենաներն էլ ուշանում են…
– Իսկ խնամախոս գալ չե՞ք ցանկանում,- սիրալիր տեղեկանում է Մոնիկա Ուռը: Ապա ծաղրով.- Տես է,- ասում է,- ջահելի միտքն ուր է ճախրում…
Ժպտալն էլ դրությունից ելք է – այլ հարց է` տեղին՞, թե բռնազբոսիկ:
Իսկ ուշացումով հայտնված նուռը Մոնիկան վերցնում է դեռ սեղանին չդրված, խլելու պես, որպես հասանելիք մի բան, որն, իհարկե, պիտի տային:

#

Խնամախոս գնալն էլ, իսկապես, զբաղմունք է: Տղաները դիմել են խմբի ամենատարեցին, տնտեսվար Մուկուչյանին, որպես ծանր խնամի` էդտեսակ մի գործով: Մուկուչյանը համաձայնել է, պայմանով` կգնա միայն փեսայի դերում:
Առավոտից սափրվում է: Հյուրանոցի կարգադրիչ Ելենա Պավլովնան ասել է` կորիր էստեղից…
Ապա ավելացրել է.
– Ծակում է ախր, գոնե սափրվեիք:

– Յոլ նապոտ,- հունգարերեն նշանակում է բարի առավոտ:
Սեղանի երեսը մաքրելով, Մոնիկան անհաղորդ հայացք է նետում.
– Մեկ է,- ասում է ուշացումով:- Հայրիկս ասում է այդ հայերից հեռու մնա…
Մոնիկան այդպիսին, անկանխատեսելի է:
– Ազատ օր չե՞ք ունենում… Ողջ շաբաթն աշխատու՞մ եք:
– Վաղն ազատ եմ,- պատրաստակամ ասում է Մոնիկան լուրջ, կենտրոնացած:- Օր եմ վերցրել, նշանածիս հետ գնալու ենք Ուժգորոդ առևտուրի…
– Նշանածդ պատահաբար հո կովկասցի չէ՞…
– Չէ,- ծիծաղում է Մոնիկան:- Բայց շատ խանդոտ է:
Եվ նուռը թողնում է սեղանի ծայրին: Վերջում է վերցնելու:
– Գուցե մի կիլոգրամ վաճառեիք, – խնդրում է բուֆետապանուհի Էրժիկան:- Մեկ է, բոլորը քոռ ու փուչ եք անելու: Տղաս նուռ շատ է սիրում:
– Հաճույքով կտայի, բայց այդքան չկա:
– Ամեն օր, ախր, բերում եք:
– Մի հատ կտամ:
– Դե դա Մոնիկայի բաժինն է…
– Նրանն առանձին է:
Էրժիկան ներող – անհասկացող, ձեռքը թափ է տալիս.
– Ընկերուհիս փոստում է աշխատում: Ասում է` երեկ ձերոնցից մեկը տուն, երևի կնոջը, հեռագիր է ուղարկել`

Թրպ ւՏՐՏՔՏ, տՐպՍՐՈրվՈÿ ՎՈՐՍՌջՈ
Լ տՌՉՏ պրՑՖ Ռ վպՑ ՑՉՏՌւ ՍՈտՐՌջՏՉ…
– Ո՞վ է էդտեսակ հեռագիր տալիս…- Էրժիկայի դեմքին մի բան գլխի ընկնելու պահին նախորդող տարակուսանքն է խաղում:
– Երևի Արան է, տնեցոնց ուրեմն կարոտել է արդեն:
– Արան անու՞ն է, թե՞ դիմելու ձև:
– Երկուսն էլ: Արքայական անուն է` Արա Գեղեցիկ: Վրացերեն էլ նշանակում է` ոչ:
– Ահ, մեկ է, ձեր կովկասյան ազգին ես չեմ հասկանում:
– Էդ տեսակ ազգություն չկա` կովկասցի:
– Իհարկե չկա,- ձեռքն անհույս թափ տալով, վեր է կենում Էրժիկան:- Շուկայում էլ երևի չուկչաներն են նռան հատը տասը ռուբլով հուպ տալիս:

#

Ուկրաինայի անկախության հանրաքվեի ու հանրապետության նախագահի ընտրության օրն է: Խանութում գները, պարզվում է, բարձրացել են:
Մոնիկան այսօր ընտրական տեղամասում է սպասարկում:
Խմբի ընդհանուր հավանությամբ Մուկուչյանը, Սմբատը, Արան, Սամվելը շուկա են արել, գնացել են մասնակցելու, որպես օտարերկյա դիտորդներ: Ինտերնացիոնալն ապահովելու նպատակով Արան հետը վերցրել է նաև հյուրանոցի իր հարևան, մոսկվացի Վոլոդյային, սակայն վերջում պարզվեց սա էլ է ուկրաինացի: Ինչևէ, պատվիրակությունը ժամանել է, բայց քանզի առ այդ իրադարձությունը պաշտոնական գրություն մոտները չի եղել, որպես դիտորդ չեն գրանցել, բայց նայել թույլատրել են:
Տղաներն էլ կուշտ նայելուց հետո գնած նուռ – մանդարինը բաժանել են ներկա հասարակությանը, բակում հանդիսավոր երգել են ’’Մեր հայրենիքը’’ և գոհ վերադարձել են հյուրանոց:
Ասում են` ժողովուրդը լուրջ, հանդիսավոր ընտրում էր միամիտ ոգևորությամբ, ինչպես Հայաստանում երկու տարի առաջ:
Մելիքին հետները չեն տարել:

#

Վալիկոն, Մաքսիմը, Սաքոն Մելիքի սադրանքով գիշերը հյուրանոցի տանիքի աղավնիներից մի տասը հատ բռնել, խորովել կերել են:
Տարբեր պատճառներով չեն մասնակցել Սուրիկն ու Արան:
– Արան` որովհետև սկզբունքորեն դեմ է աղավնի ուտելուն: Սուրիկը` որովհետև յուրաքանչյուր մասնակից մի շիշ օղի պիտի վերցներ հետը,- արձանագրում է Մելիքը ու, երևում է, նման անմիաբանությունն իրեն ամենևին չի հուզում:
Օրերն անցնում են, մեքենաներից տակավին լուր չկա:
Խոսք է գնում, թե հյուրանոցից վարորդներին հանելու են, որովհետև հայերը, հասկանում էս, կարող է սկսեն պատժգամբներն ապակեպատել:
Կայացել է Մուկուչյանի ու Սմբատի առաջին հանդիպումը տեղական առևտրավաշխառուական հասարակության կարկառուն գործիչ Յուրա Կառլովիչի հետ: Կողմերն իրենց վերաբերմունքն են դրսևորել դոլարի ընթացիկ կուրսի, ոսկու համաշխարհային շուկայի և Հարավսլավիայի դրության մասին: Մանրամասն անդրադարձել են Ուկրաինայում անցկացված անկախության հանրաքվեի հնարավոր հետևանքներին: Կարծիքները լիովին համընկել են Բալթյան հանրապետությունների անկախացման հարցում: Յուրա Կառլովիչը նոր ասպեկտով է մոտեցել ղարաբաղյան հիմնահարցին, գտնելով, որ եթե առայժմ միացումը հնարավոր չէ, ապա դրանում ոչմի վատ բան չկա` մասնատվածությունը կարող է նպաստել առևտրի զարգացմանը, որովհետև հայերը և ղարաբաղցիները, որպես տարբեր պետություններ, կարող են առևտրով զբաղվել, թե չէ եթե միասին լինեին, հո մի երկիրը ինքն իր հետ առևտուր չէր անելու:
Մուկուչյանն այստեղ դիվանագիտորեն ընդունել է Յուրա Կառլովիչի մտքի թարմությունը, բայց և անմիջապես հայտարարել, որ այդ հարցի մասին հայկական կողմը հատուկ կարծիք ունի: Յուրա Կառլովիչը հարգել է բարձր բանակցող կողմի այդ իրավունքը և ղարաբաղյան հարցին նրբանկատորեն այլևս չի անդրադարձել:
Վերջում, ինչպես և սպսվում էր, կատարվել է առաջին բարտերային գործնական քայլը. Սմբատն ու Մուկուչյանը Սմբատի երկու կեղծ ‘’Ախթամար’’ կոնյակը փոխանակել են Յուրա Կառլովիչի բենզինի երեք ժանգոտ կանիստրների հետ:
Սույն գործարքը համապատասխան ձևով չի ‘’թրջվել’’ միայն այն պատճառով, որ Մուկուչյանն ու Սմբատն էդտեսակ կոնյակ չեն խմում, մյուս կողմից էլ սեղան գցող չկար, որովհետև Յուրա Կառլովիչի կինը բաժանված է և բնակվում է Բուդապեշտում. մի հանգամանք, որը շատ նպաստում է միջազգային առևտրի զարգացմանը` ապրանքափոխանակության միջոցով և կարող է դրականորեն անդրադառնալ ուկրաինա – հունգարական հարաբերությունների վրա:
Այդ օրը ֆինանսատնտեսական գործունեության տեսակետից բեղմնավոր է եղել նաև այն առումով, որ Մելիքը տեղական շուկայում բավականին քանակությամբ հակաբեղմնավորիչ պահպանակներ է ձեռք բերել, քանզի բոլոր վաճառողներն աղջիկներ են եղել, որոնց կողքից անտարբեր անցնել Մելիքը դե չէր կարող:
Օրվա ընթացքում խնայվել է մեկ նուռ, որովհետև Մոնիկա Ուռը չէր աշխատում:

#

– ՄցՑՍՌռ տՏպջՊ ԾՏրՍՉՈ – կՐՈչՈ` Մոսկվա – Պրագա ճեպընթացը…
Ճաշարանում քիչ մարդ կա:
Պարապությունից սեղանի մոտ Էրժիկան ու Մոնիկա Ուռը արևածաղկի սերմ են չրթում:
– ‘’Տասներկու աթոռ’’ կինոնկարը տեսե՞լ եք` որ ֆրանսերեն խնդրում է ուտելու բան տալ…
– Թեկուզ անգլերեն խնդրեք,- անտարբեր ասում է Մոնիկա Ուռը:
– Իսկ եթե հայերե՞ն…
Հարկ չի համարում պատասխանել. միևնույն է, ճաշերը տակավին պատրաստ չեն:
– Գուցե տղին մի ժպիտ պարգևեիր,- ցածրաձայն ասում է Էրժիկան,- թե չէ շատ ես խիստ, խեղճը հալումաշ է լինում:
– Այդ հայերին ես չեմ վստահում,- նույնպես ցածրաձայն, ասում է Մոնիկա Ուռը ափսեի վրա թեքված, մատի ծայրով արևածաղկի սերմն ընտրելով:- Այսօր կժպտաս, իսկ վաղը, մեկ էլ տեսար…
Վարորդների խմբի Չոպում գտնվող մշտական ներկայացուցիչ Արամ Մկրտչյանը արդեն քանի օր է Մոսկվա է թռել հարցեր պարզելու: Մելիքի կարծիքով` խարակ գործ է, պարզապես ծլկել է. կսպասի էնքան, մինչև իրենք ձանձրանան գնան, ապա կվերադառնա:
– Բայց,- Մելիքը մատը տնկում է:- Ուզում է Մոսկվա թռչի, ուզում է Լոնդոն, դրա վերջնական վայրէջքը ես գիտեմ որտեղ է…
Վարորդներից երկուսը երեկ գնացք նստեցին` տուն վերադառնալու:
Առավոտից գետինը սահուն – լպրծուն է:

#

Տղաները հետախուզում են ձեռնարկել դեպի Զագորոդնայա փողոց, գծերից դենը` Մուկուչյանի համար հարմար պառավ գտնելու և գինի ձեռք բերելու կրկնակի առաքելությամբ: Ինչպես նաև, հաջողության դեպքում, արդեն հայթայթված պատկառելի քանակության բենզինի ու կանիստրների համար ժամանակավոր բազա ստեղծելու ստրատեգիական նպատակով: Այս կետերի իրականացման շղթայում վճռական դեր էր հատկացված Մուկուչյանի անձին: Հաջողությունը մասնակի է եղել. պառավ գտել են, բայց քիչ հետո գործողության վայր է ներկայացել նաև ծերուկը, որը խմված մաճառի յուրաքանչյուր լիտրի դիմաց գանձել է 10 ռուբլի` խորհրդային վալյուտայով: Մուկուչյանի նորափեսայական նկրտումները, ինչ խոսք, ի դերև են եղել: Փոխարենը ծերուկը դեմ չէ բենզինի ժամանակավոր պահեստավորմանը, պայմանով, որ վարձը տրվի ոչ թե միանգամից զբաղեցվող խորդանոցի համար, այլ բենզինի յուրաքանչյուր լիտրի դիմաց` առանձին հաշվարկով: Ընդ որում վճարումը պետք է կատարվի ֆորինտով, դոլարով կամ մարկով: Կողմերը փոխադարձ զիջման են գնացել, կանգ առնելով յուրաքանչյուր կանիստրի դիմաց վճարելու սկզբունքի վրա: Վալյուտայի հարցը մնացել է բաց, հետագայում ճշտելու պայմանով, որովհետև կուրսն ամեն օր փոխվում է:
Ապա կոնտրակտը ամրապնդվել է ծերուկի հնացրած գինիով (լիտրը 15 ռուբլի), որից տղաների միանշանակ հաստատունությունը այս քաղաքի գետնի վրա փոքր ինչ խախտվել է:
Մեջների միակ ինժեներատեխնիկական աշխատող լինելն էլ մի բան չէ, վստահել են 50 ռուբլով ծերուկի զիջած երեք լիտր գինու (5 ռուբլին տարողության համար, առանց խուփի արժեքի, որը զիջվեց ապրանքը մեծ քանակով ձեռք բերելու դիմաց) հյուրանոց տեղափոխման գործողությունը:
Ահա այդ շքախմբի երթին հանդիպեց Մոնիկա Ուռը տուն վերադառնալու կես ճանապարհին, կամուրջի վրա:
– Արդեն ասե՞լ եմ,- գինու տարողություն գրկելն ամենահարմար զբաղմունքը չէ, համառորեն վար է սահում:- Կարմիր գույնը ձեզ շատ է վայելում…
– Տակավին չեք ասել,- ափսոսանքով նկատել է տալիս Մոնիկա Ուռը ու ակամա, ինքը ևս կրծքին է սեղմում դատարկ երեքլիտրանոցը, որ գրկին ուներ, երևի ճաշարանից էր բերում:
– Իսկ իմ երեքլիտրանոցը լիքն է, ինչպես նաև սիրտս…- թեթև գինովությունն այնուամենայնիվ իրենն անում է:
-…Ինչպես նաև ստամոքսդ,- կապույտ աչքերի մշուշոտ արհամարհանքով դիտել է տալիս Մոնիկան:
Այո, Մոնիկա Ուռը մշուշների մեջ, բայց գետնին քայլող տեսակն է:
– Էհ, ինչ արած… ճիշտն, իհարկե, Դուք եք Մոնիկա… Թեև ես, աստված է վկա, ուզում էի ձեզ համար հեքիաթ ստեղծել… Այնինչ հասարակացրեցիք, գունաթափեցիք, առօրեականացրեցիք… Ապրեք ինչպես ապրել եք… Երևի գնալուս ժամանակն է: Գնում եմ սիրտս կրկնակի կոտրված…
– Մեքենայի պատճառով…- հեգնում է: Իսկ աչքերում անհասկանալի լարվածություն կա:
– Մեքենան երկրորդ պատճառն է:
Ասվածում վիրավորական բան կարծես չկար, այնինչ Մոնիկան այնպես է նայում, ասես փշաքաղված կատու:
Շրջվում, արագ հեռանում է:

#

Եղանակը վատացել է: Թոն է:
Մկրտչյանը հեռախոսով հայտնել է Մոսկվայում տարվող բանակցությունների մասին, բայց գալու թեմայով ոչ մի խոսք:
– Թող թռչի~… թող թռչի~,- վստահ ասում է Մելիքը,- բենզինը որ հատավ` աէրոդրոմը էստեղ է…- ասում ու կոնկրետ ցույց է տալիս որտեղ:
Անհույս գործ է:
Դատարկ վերադառնալու հեռանկարից բոլորի տրամադրությունն ընկել է:
Երեկ Ուժգորոդ – Խարկով գնացքը տարավ Սմբատին, Մաքսիմին, Սուրիկին:

#

Երկու օր էր ճաշարանում հացը շուտ էր վերջանում:
– Սրանք էլ անկախացան…- կասի Մուկուչյանը:
Միայն ինքն ու Մելիքն են մնացել. կարծել են սպասված քսանից երկու մեքենա ոնց էլ լինի կստացվի:

Մելիքի խոսքում եթե հնարանք չկա, ուրեմն դա Մելիքը չի ասել:
Ասում է` ճաշի ժամն էր, մատուցողուհին ինչ որ չէր երևում:
– Էս ինչի՞ Մոնիկան չկա…
Էրժիկան գլխով խոհանոցի կողմն է ցույց տվել.
– Իրեն հարցրեք…
– Ինչու՞, Մոնիկա…
Մոնիկա Ուռը նստել է փայտե աթոռին ուղիղ, հպարտ, աչքերը կարմիր, կարմիր թշերն ուռած: Դեմքը շրջել է:
– Խնայիր, Մոնիկա, սոված կսպանես ախր…
Իսկ նա մեկեն.
– Հա՞… Իսկ դուք խնայու՞մ եք… Խնայում եք, հա՞… Վերջ: Այլևս չեմ սպասարկելու… Ոչ մի հայի չեմ սպասարկելու:
– Բա՞ն է պատահել, Մոնիկա:
– Շատ կուզենայիք պատահեր…- լացակումած դեմքը շրջում է:- Իսկապես գնացել է…
– Հա – ա~ … Ախր մի ժպիտն ինչ էր, տղին մի ժպիտն էլ խնայում էիր…
– Հետո՞ ինչ,- Մոնիկան արցունքոտ աչքերն այլևս չի թաքցնում:- Ամեն մի պատահածին ժպտալու՞ էի… Ինքն ի՞նչ կմտածեր…
– Բայց նա որտեղի՞ց գիտենար դու ինչ ես մտածում:
Մոնիկան անկոտրում է ու ինքն իրեն հավատարիմ:
– Թող խոսքի տերը լիներ… Հեքիաթ էր խոստանում, արքայազն էր, սպիտակ ձին հեծած, կարմիր առագաստանավով եկել էր… Պարզվում է խաբեց… Այդպես էլ գիտեի, խաբեց:
Եվ փարթամ, կարմրաթուշ գեղեցկուհի Մոնիկա Ուռը զոռում է ծնկները կիպ, ոտքերը չռած ու կոշիկի թայն էլ ոտքից ընկել է… Իսկը սիրելի խաղալիքը կորցրած երեխա:
(Շուկայում, մեկնելուց առաջ, արդեն տոնածառի խաղալիքներ էին վաճառում…)

Մելիքն ասում է.
– Տեսա՞ր: Ես ինձ պատերովն եմ տալիս, գործ չի կպչում, մարդ կա սուսուփուս… Ուզածին հասնում է ու տեղյակ էլ չի:
Մելիքն իր ուզածը միշտ գիտի:
Իրենք մեկնել են Ուժգորոդի երեկոյան գնացքով:

Այսպես գուցե եղել է, գուցե և ոչ. Մելիքի խոսքում, այո, եթե հնարանք չկա…

#

Իսկ կոստյոլն անսասան կա: Այսօր էլ երևի հպարտ կանգնած է գարեջրատան, կայարանի, Լենինի արձանի, կարմիրաստղավոր միանման շիրմաքարերի մեջ ու Չոպի համայնապատկերից վեր, որպես ամեն ինչի անմասնակից վկա` մի մոմ ավել վառվի – մի մոմ պակաս…
Օրեր էին, անդարձ անցան, ինչպես անցյալ գարնան ծաղիկները, որ քաղել ես կամ չես քաղել:
Եվ այս պատմվածքն էլ թող համարվի ուկրաինա – հունգարական սահմանամերձ Չոպ կայարանում թրթռած մոմ, որ վառել ես կամ չես վառել… Թեպետ դրանով աշխարհը դժվար եկեղեցի դառնա ու մարդիկ մոմեր, որ չգիտես ով է վառում այս երկնագմբեթի տակ:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *