Արամ Ալավերդյան | Երթուդարձ

kachagahkaberd

-Բաբո, պատմի՛ր: Պատմիր, թե չէ չեմ քնելու:

-Եկա՜վ, եկավ, Լենկ Թեմուր չար սատանան, արնախում թաղվածը՝ եկա՜վ: Առանը կտրեց, քամի կուլ տալով, զորք խփեց Շահբուլաղի դոշին,- կեսգիշերին դերասան դառավ, ճաղը թել կցանեց մեծ տատը:

– Էէէ՜, որսի տեղից պատմիր, դա անց ես կացել,- վերմակի մեջ փաթաթվեց, մեն մի կլորիկ երես թողեց, աչքերը ճպճպացրեց առաջին դասարանցի Հովիկը:

-…Աղմուկ-աղաղա՜կ, ձիան խրխինջ, մորթ-խաղսխարա. արնակոլոլ ծյանին եկա՜վ, զորքը կապեց մեր սահմանը: Խաչենագետից ջուր ծրծունքեց, գազանի քրտինքը սրբեց, յոթ ցերեկ-գիշեր քուն մտավ , հետո զինքը թափ տվեց, թուր-թվանք շիտակ արեց, որ մեր ձորը կտրի- անցնի Թախտասարի արոտը: Հա՛: Մսացու էր հարկավոր, քե՛ մատաղ, դուշմանի զորքը Քարվաճառի ալարկոտ նախիրը պիտի մորթեր, որ լափ ունենար: Գանձասարի իմաստուն մելիք Հասան Ջալալեանը միտք արեց,- էն մեր բժիշկը գիտե՜ս, քոռանամ ես, էն բժշկի երկար բոյով կնոջ հրոխպերն ա էս Հասան Ջալալեանը՝ մեր թագավորը, – լրջացավ մեծ տատը,- միտք արեց՝ դուշմանի թիկունքը կտրի: Խալխ հավաքեց, Վանք-Ըռչածյոր-Կիռնաքար-Քուլատակ, Սուլուքարից մի՜նչև Հակոբավանքի անտառը, գետի լենքը որ փակի: Լենկ Թեմուր արնակոլոլի զորքը գնալու տեղ չուներ: Էդպես էլ, թագավորը ապրա՜ծ կենա, խալխը գետի վրա կրաքար վառում, պատուպարիսպ ա շարում: Աղդիվարը, մատա՛ղ քեզ, հենց հիմա էլ Զաքունց Արտաշի որդին, որ քարհատ զավոդ ունի, էդ զավոդից մի քիչ ներքև, գետի բերանին ա, – մեծ տատը մեկ-մեկ ակամա հեքիաթին ցավի, եղերերգի էր ասում, դնդնացնում: Միտն էին գալիս այն օրերը, որ քաշել է կռվի տարիներին:

– Է՜՜էէ, դե որսի տեղից պատմիր, էլի, այ բաբո: Տես, չեմ քնելու,- սուտ չարացավ ծոռը:

– Այտա՛, դե երեկ պատմեցի, էլի, ամեն օր ո՞րս կլինի …

Ձվաձև լուսինը երերուն, աստղազարդ երկնքից ծորում է իր մեղեդին: Գիշերվա խոժոռ կապույտը դժվար է տարբերել, երբ արծաթե հորիզոնից վճիտ հով է բարձրանում: Խորհրդավոր բան կա գիշերվա շենի իրական, նախշուն հեքիաթի մեջ:

Մայքլ Բաֆֆերի հանդուգն, բամբ, երկրացունց ձայնը դուրս է հորդում տանիքագործ Գեներալ Օզիկի կիսախուփ պատշգամբից: Խեղճիդ՝ բազմոցին քունը հաղթել է: Կեսգիշերն անց հեռուստացույցը բռնցքամարտ պիտի տար. ինքը՝ պաղատ գոմշերինջի ետևից, սարն ի վեր ծունկ թակել, հասել է Ճռռանահարթ: Խաչերը դես թողել, կեռ տվել դեպի Բաբի աղբյուր, հասել Քաշկածակ: Հետո, Միրումի ձորի սեռով, հասել Կաղնախաչի ծմակ: Անասուն չի գտել: Կաղնախաչ, Չլդրանա շենի իրիկնալույսերը երևացել՝ հա՜ իրեն նետել, ոտք է գցել՝ ետ հասնելու տուն: Շուտ ծմակը դուրս գա քերծաճակատ՝ մթան, գայլի բաժին չդառնա:

Ճոթեր թաղի լույսերը գիշերվա մեջ՝ մի ոչ այնքան հեռվից ծիկրակում են: Լույսը՝ ծիկրակում է, հեռու մեկնումից հոգնատանջ տուն դարձած վարորդ Սամիկը, յոթերորդցի որդուն իր իմացածով բացատրում է, որ «…էդ ծիկրակելը հենց էն՝ «հիսու՜ն հերց-հիսուն հերց», հենց է՛ն ա: Չգիտեմ, ձեր ֆիզիկայի պրոֆեսոր դասատուն ոնց ա բացատրել, բայց ինձ Շեկյանը Արամը սովորեցրել է, ողորմի իրեն, էդ ծիկրակելուն հենց լույսի հաճախականություն են ասում: Կամ՝լույսը մի վայրկյանում հիսուն անգամ ետուառաջ ա անում, բալաս: Է՛ս ա…»:

Ո՜վ կիմանար, թե հարևան, բաքվի փախստական, սուսիկ-փուսիկ, նոր թոշակառու ձևակերպված Սեդան այսքան լեզվանիկ կլինի: Գիշերվա կեսին՝ քուն չկա: Փառաշ լոբու առաջնեկ բերքը նստած մաքրում, կճպում են: Սեդան, շենի տանը, չորս պատի հետ մնացել է մենակ.

-Ինչ դնում եմ սեղան, առաջս՝ լեղի ա: Կերածս իմը չի,- լոբու թեփը ամանի մեջ խառնշտորում, դարդոտում է նա,- «…բերածս էն կոպեկներից մի հազարը տուր, գնում եմ էն թաղը…»: Մեկն ասի՝ էն թաղում կոպեկն ինչիդ ա, ա՛յ մարդ: «Աղճի՛, գուցե մեկը դանակ է դեմ անում՝ չհանեմ-փրկվե՞մ…»,- ասում ա,- Եկանք էս կրակն ընկած շենը՝ ինձ թողեց, ինքը փախավ Երևան: Օպերայում էլ, աստված մեծ էր, ժամանակին զոդող ընդունեցին: Զանգել ա. «Հա՛: Օպերայի գործը պրծնեմ՝ գալիս եմ, «ժեկ»-ի հետ վերջացնեմ՝ գալիս եմ: Տան հարցը բարդ ա, թղթերը ետ են տվել, զբաղվեմ՝ գալիս եմ…»,-պատմում է պարկեշտ կին Սեդան:- Ասացի՝ չգա՛ս, գալդ մոխրե՛մ: Չգա՛ս: Էս ա զանգում եմ Մուրադիս, գնամ երեխայիս մոտ՝ Ռուսաստան: Կգա՛ս տանդ տերություն անես: Մենակ նայիր հաա,՜ Չոփուռանց Հաբուդի նման դռները չընկնես: «Արի,՛ հա արի..»: Ասում ա՝ «աղջի՛, էնպես ես զահլես տանում, ե՛կ-եկ, ասես ջահել աղջիկ ես, գալու են քեզ տանեն»,- մի սրա խոսքին նայիր:

-Սեդա, աշխատավոր մարդ ա քոնը, արի ճիշտ խոսենք,- զրույցին լիցք տվեց, թեյ լցրեց հարևան վլվլիկ Արևը:

-Մերս թե՝ բալա՛ս, արի՛, իմ ու քո թոշակը իրար տանք, մի էշ առնենք, գուցե կարանք էդ տափդրիքին Երևանից տուն բերենք, աշխատի: Այ կնիկ, ասացի, որ ինձ վրա չի գալիս՝ էշի վրա ա գալու,- ցավի միջից ժպտաց Սեդան:

-Մերը ածած-գցած չի, այ Սեդա, հերիք ա տանջվես,- դամը պահեց Արևիկը:

-Վայ, վայ, վա՜յ,- հարևանաբար զարմացավ Սեդան,- քոնը՝ ծանր, ծանրումեծ մարդ ա, ախճի՛, ինչից ես խոսում: Մեկ էլ, որ տեղն ա ընկնում՝ «…Սեդա, ղալաթ եմ արել, մի բան էր, էլի՛»: Այ մարդ, տղամարդը խոսքի տակուգլխին կասի ղալա՞թ եմ արել: Դա տղամարդու բնավորւթյու՞ն ա: Հիմա էլ ասում ա՝ «Ամերիկա եմ գնում, որ քեզ չտեսնեմ»: Պաա՜հ, ալիմենտ եմ պահանջելու, տունը կիսելու եմ, երեխեքը ոտքերս ընկած են: Հրեե՜ն երեքը միասին կանչում են, արի՛ ու արի: Գնա՛: Գնա՝ հույսս կտրի՛: Քառասուն օր լիներ գնալու՛դ… Որ շատ զահլեն տարել եմ, էս վերջին անգամ, Արև, էս մաշիկներն առել, երեսին արել, բերել ա: Տակերը չգիտեմ ինչից ա, ախճի-ախճի՜, որ քայլ եմ անում, սոթ եմ տալիս, թե կոտրատվեմ…

Արև, ասում ես մի ասա,- թեյի բաժակը երկու ափով գրկեց, ձայնն իջեցրեց, արցունքոտվեց Սեդան,- գալիս, իրիկունը պատի տակ հարևաններով նստում ենք, էստեղից-էնտեղից, որ բան իմանանք, օր անցնի. Գըրիշը կնկան վերցնում՝ տուն ա գնում, Հոսանն իրենն ա կռնբռնուկ անում՝ բարի գիշեր ասում, ես էլ չորս պատի արանքում ղուղու եմ կանչում: Ասում ես ուշունց մի տուր: Որ գալիս ա, մի ամիս-երկու ամիս, իրար ուտում ենք: Գնալու պահը գալիս ա, մի շաբաթ մնացած էնպես լեզու կբանեցնի, աղճի, էնպես կխոսի՜… իմ ձեռքով չամոդանն էլ կկապեմ, մեջքիս, տընք հա՜ տընք հասցնեմ ավտոբուսի թափքը: Աղվե՜ս, աղվես, Արև, չես հավատա: Խո՜ր խորտակվի՛ էդ օպերա՛դ էլ, էդ ժե՛կդ էլ, դու՛ էլ: Պայման եմ դրել. մեկ էլ, որ եկավ, թե գնում եմ՝ լաթերս կապելու եմ, գնամ Մուրադիս մոտ: Էդ դու՛, էդ էլ քո պապական խարապա՜ն….

***

Հուլիս ամսվա ամառը՝ աստծո տուրք է: Նա խնիների խոսք կա. տարին թե բերրի է- գլխակեր է, պատերազմի նշան: Գետնին ընկած սերմը, թե հազար դառավ՝ կռիվ սպասիր, աշխարհներն իրար կբախվեն: Գլխակեր տարի…

Քսան տարեկանը ծխելիք ունենա, թունդից քիչ-միչ մեղմանուշ, դամբուլի կապույտ արաղ՝ օրը պարծանք կդառնա: Տարին գարուն է շուռ տալիս, տապ ու կիզիչ հուլիսը գալիս՝ գետաջուրը բարակում է, Կամուրջհողի աղբյուրը պատսպարվում շեկ հեղեղատի դոշին: Միսը քաղցրանում է: Մատաղացու թողլու խորովածը բույր է փռում Խաչենի հովիտ:

– Անջելո Դեվիս պատկերքդ կտրվի՛, Արփե՛ն, է՞դ էիր ուզում: Աչքդ դուրս պրծնի. էնքան գնացիր-եկա՜ր, թե քոնը փարթամ է, մուգ է… Արփե՜ն, ցեխեմ բոշա գլուխդ,- Վարունգի խուզուկը աչքի ընկել՝ Անուշ տատը ձենը գցել է Գզիրի ձորը…

-Ախորժակս քանի օր ա մեղր ա ուզում, չեք կհավատա: Մեկն ու մեկդ ասի տղամարդն ուր, մեղրն ու՜ր: Աչքս բացել եմ՝ մեր դռանը մեղու: Շաղինքս կուլ տալիս, տունը տակնուվրա անում, թե մի պորտքսի բան գտնեմ՝ չի՛ եղել, մենք չե՛նք ունեցել,- Մատոն հացին զրույց համեմեց, կրտսերի հոգսով մեծոտ շիշը, թը՛նգ, հին թերթից խոնավ, ոլոր խցանը հանեց, քըլ- քըլ, պռնկեպռունկ արաղ լցրեց մամռոտ կրաքարի վրա շարված բաժակները:

-Մատո, պատճառեվոր կինն ա քիմքից թուլանում, ասելը լավ բան չի, – լուրջ դեմքով կատակեց Ափոն: Բոլորը քրքռացին,- Հուու՛, անուշ լինի՛, կյանքը քաղցր բան է, իրարից անպակաս լինե՛նք:

Մատոն տան հինգ երեխաների կրտսերն է: Ավագները նրա ծնունդը հիշում են: Քույր-եղբայր՝ արդեն շահացած երեխաներ էին, ամոթով են դպրոց գնացել: Հաշվապահ Դուդրուխ Ալեքսանի ավագը՝ Կարենը, արդեն հոր անտես իմացությամբ ծխում էր: Դաստակին արծաթե հաստ ապարանջան էր կրում, Ղափան շինարարականը հեռակայում: Աղջիկներից հեզաթույր Նունիկը, ավարտական դասարան էր սովորում: Թուխ աչքերից ջահելները հմայվում, կարկամում էին: Մյուս քույրը՝ Իրիկը, քչախոս, ամոթխածներից է, որոնք հենց կրտսեր տարիքից, իրենց երկար սաթե վարսերով տատի ձեռքը կրակն են ընկնում: Ամեն աստծո առավոտ, նախաճաշից առաջ, տատիկը, մոր գորովանքով, պիտի սանրեր թոռնուհու մազերը, մանրամասն ձիգ ծամ հյուսեր: Աշխարհն էլ փուլ գար, լույսը բացվեց, արթնացան՝ տատին պիտի Իրիկի ծամը գործեր, հետո դպրոց ուղարկեր:

-Մեղրը՝ մեղր, վիճակը լավ չի, խաբա՞ր եք: Երեկ եկել են Վանք,- փայտը կացնահարեց, երեսը փարեց արեգակին, ծույլ նստեց, սիգարեթ վառեց Մատոն:

Արեգակը քմահաճ մի բնավորություն ունի, մանավանդ հուլիսին, երբ ճառագում է Ճոթերից. բնազանց, պաղ հոսք բերում Սալկոտի իջվածքի երկայնքով, կես ժամ կոշտ մի ցուրտ համակում է Փոլի ձորը, հետո վառ արևալույսը սարալանջն առնում է ափի մեջ, քարշ գալով իջնում Գառնաքարի փեշերը, ուր թաք կացած, մոշաթև անող եղնիկի սիրտը վախվորում, տապտապում է հեռվից փչող որսկանի թութուն ծխաբույրից:

Հուլիսի համեղ, գիժ տապին մեղր են ուզում: Ամսվա առաջին օրերին է միայն, նոր-նոր, լորենու ծաղիկը պայթում: Մեղուն սպասում է փթթելուն, տամուկ օրվա բերկրալի երթուդարձին, երբ նեկտարի վրա անձրևը զգուշավոր կաթիլ է դնում..

Օրվա ուզածը գլուխ եկավ: Որոշեցին, համարձկություն գտնել, իջնել Աղվես Ռուբենի մոտ: Հերվա մեղր մնացած լինի այս ձորում՝ Ռուբենը կունենա նետքնահարկում պահած: Հարյուր տարվա կինոմեխանիկ է, հանգիստ, ծով մարդ: Գերմանացու կռվից հետո, շենը կինոապարատ են բերել: Երբեմնի կալվածատեր Քյոխանց Աբիդոնի հուժկու ապարանքի վերնահարկի մի մասը, դեպի քերծատակ, դուռ են բացել, սարքել ակումբ: Հակառակ արևոտ կողմը դարձել է գյուղսովետի գրասենյակ: Քյարթի ձորին նայող արևկա խուցը ճակատային Ռուբենին պահ են տվել՝ կինո ցույց տա ժողովրդին: Կինոն եկավ շենի ինքնագործ խմբերին փոխարինեց: Հնդկական կինոն թատրոնի աշխույժ պահանջարկին խիստ վնաս հասցրեց, բայց մի ուրիշ հետաքրքիր առօրյա բացեց:

Ռուբենը՝ քչախոս, համբերատար, կռվի հաշմանդամ էր: Թունդ պահին, երբ հնդիկ աղջիկը դնչուկը մոտեցրել է Ռաջային՝ ժապավենը կտրվել է: Արի՛, շենի խելառ ջահել-ահելի երախից խեղճ Ռուբենին փրկիր: Ապարատների խուցը, վերևի մասում, խրամատի դիտահանի երկու փոքր պատուհան ուներ. «Ռուբեն՝ ռամկա, Ռուբեն՝ շունը քաքի քո ցույց տված կինոյի վրա, Ռուբե՜ն…..»: Ծով, դիմացկուն Ռուբենին, որ այնուամենայնիվ համբերությունից հանում են՝ հիշում է ռուսերեն շիտակ, ճակատից բերված խոսքերը՝ «…նու կա՛, կյեբենի մածերի, շուն-շան որդիք. ես չեմ հո շինել ձեր կինոն: Տաս րոպե շունչ առեք, սոսինձ քսենք, էլի՛ ձեր Բոբբին նայեք….»:

Մատոն Ռուբենենց թաղի ջահել է, համարյա հարևան, երկուսն էլ մեղվապահ: Հարկ է նրան խնդրանքի ուղարկել: Աղվես Ռուբենը լավ գիտի, որ շունը յուղոտ պարկ չի ունենա: Մատոն, որ տարվա այս օրը մեղրի է եկել, ուրեմն հիվանդի, Երևան ուղարկելու, կամ՝ Մարտակերտ-Ստեփանակերտ պետքական մարդու համար է , չէ չի ասելու:

-Ռուբեն դայի, մի բանի եմ եկել, էն աստվածը, սրտներս դզիր: Հոգեպահուստի մարդ ես, թե դու մեր հարային հասնես, – հարևանցի քծնեց Մատոն:

-Հը՜, ի՞նչ կա, ա՞ղդ է պակաս, մաղդ: Երկարը ո՞նց ա, բան ունի՞ խմելու, թե հավայի օր ա խռիկ տալիս,- Ռուբենը՝ 412 «Մոսկվիչի» վարորդի դուռն էր քանդել, առանց շուռ գալ հարցրեց:

-Դուդրուխնն էլ ասես արաղ գտնի՝ չկարա՞: Ունի, մաման բոստանում էլ թաղի՝ ման ա գալու գտնի:

-Ի՞նչ ա եղել, ասա, թե մեղրաքամին ես եկել՝ ես ուրիշի չեմ տալիս: Կարծեմ, ձեզ էլ ունեք, ինչ ա եղել:

-Ամաններիդ տակ, ինչ կա-չկա, տու՛ր, էսօր որոշել ենք խոզուկով փորձենք: Ուտել-խմելու խեղճ ենք, գիտես, Ռուբեն դայի,- արդեն վստահ, որ համոզել է, ուրախացավ Մատոն…

Երեքուկես շիշ արաղ կար: Ծխող Երանի բոստանը ծածուկ անցան անշշուկ. Արամը` Մատոյի ընկերը, իր տատի խոզուկ վարունգները մեկումեջ արեց: Հաջորդ օրը տատը կռիվ-դավը գցեց հարևանուհի Արփենի գլխին. «…տերը մեռած ուլերդ պահի, թե չէ ոտները Գուրգենին ասելու եմ ջարդի….»: Միամիտ անշառ, փեշը ուշունցով լիքը տատը, ինքն էլ էր համոզ, որը ուլերը վարունգի պարարտ թաղերը մեկումեջ արել՝ մատղաշ խուզուկը ջոկել են:

Վարունգ-մեղրը մի բան չէին: Չոր, առանց մազա, խելապատառ հարբեցին, զղջացին ու իրենք իրենց պախարակեցին: Եկան, Մատոյի եղբոր Կարենի նորակառույց տան երկրորդ հարկի անմեխ շարած հատակին փռած չոր կարպետի վրա պառկեցին: Մատոն Աղվես Ռուբենին՝ ուշունց-ուշու՜նց, գլխացավից տապտապում էր:

Տոչոր խումհարը կարող է մեղմել միայն գոմշի շաբաթական մածունը, մեկ էլ՝ Կարենի թափով մտնելը.

-Մատո, էս ի՞նչ եք անում: Երկրից դուք տեղյա՞կ եք: Էսքան հրացան-փամփուշտ, էդ հալին, դուք ո՞նց եք քարշ տալու քերծեր: Արա՛, մարդ էլ ձեր վրա հու՜յս դնի,- տիրոջ, ավագի դիրքից բարկացավ Կարենը: Արամին անհարմար էր, որովհետև Կարենը նրան կշտամբել չէր ուզում: Ուսանող է, հոր ընկերը, ազգական: Եղբոր վրա թույնը շատ է: Մատոն, առհասարակ, իբրև տան կրտսեր, միշտ տուժված էր: Դռանն ինչ գործ լինի՝ Մատո, դե քեզ տեսնենք, ձեռքդ ա՛ռ: Ուրախ գործում՝ ետին պլան: «Սա հյուր ա, էս մյուսը՝ քեզանից տարիքով ա, մի երրորդի փորձը քոնից մեծ ա…»: Կարենը՝ Մատոյի մանուկ-դեռահաս կյանքին՝ մեծի, սիրված ավագի իրավունքով տուժել, ետ է պահել: Քիչ-միչ կակղել է, երբ Մատոյի կզակին տեղ-տեղ աղվամազ է ծիլ տվել: Կարենը, հետո պսակվել, որսկան Մանվելի ոսկեսիրտ աղջիկ Անահիտի հետ, դուստրեր են ունեցել: Մատո աղվամազ մորուքը հոպար է դարձել, իր զարմուհի նախշուն աղջնակներին գորովանքով ման է տվել, շոկոլադ առել, կերակրել, շոր է փոխել: Այդ ժամանակվանից Կարենը ակամա մեղմել է ավագի իր խիստ պահվածքը:

Լուր է եկել Մարտակերտից՝ վաղը զորքը մտնելու է գյուղ: Երեկ՝ Վանքն էր: Մի չորս-հինգ հոգու կալանել, տարել են: Զորքը մտնում է զենք որոնելու պատրվակով: Շենը շրջապատում, ելումուտը փակում են: Ինչ որ առաջադեմ, անուն հանած մարդկանց անձնագիր ստուգում, կոպիտ զրույց ունենում, հարցուփորձ անում: Այսքան կցկտուր տեղեկություն: Հայտնի էլ չէ՝ ում են տարել, ուր են տարել: Հարց է նաև. ինչո՞ւ Առաջաձորը թողած, սկզբից մտել են Վանք: Մի խոսքով, վաղն առավոտ ծագեծագ, հարկ է գյուղից դուրս գալ, ունեցած ինքնաշեն զենքերը, որսորդական-բան՝ ծածուկ հանել քերծերը: Կարենն ասաց՝ հրամանատարը ծրագիր ունի զենքերը հանելու: Առավոտ կանուխ, կամ գիշերը՝ շենից դեպի սարերը պիտի դուրս գան բոլոր այն տղամարդիկ, ովքեր ինչ որ կերպ, այս քանի տարում մշուշի են տվել ազատագրական երևույթներում:

-Հիմա, պապան վաթսունն անց մարդ ա, թուրքերի հանդեպ էլ ուր ասես խոսել, ուշունց է տվել, մնո՞ւմ է տանը, թե տանում ենք մեզ հետ,- խումհարից ընդարմացած, վիրավոր տրամադրությամբ եղբորը հարցրեց Մատոն:

-Ինձանից լինի՝ դուրս կգա, էն օրը չտեսա՞ր Կիչանի ճանապարհին Ահարոնի, Ջիվանի գլխին ինչ խաղ բերեցին: Ահարոնը ի՞նչ տարիք ուներ, մի քանի տարով Ալեքսանից փոքր: Դուրս գալ է պետք. թե ո՞նց ենք նրան համոզելու- դա ա կրակը…

Հայրը՝ չափազանց խռպոտ, խաղաղ խոսվածքով, հոտավետ ծխելիքը միշտ շուրթերին, տնտեսագետ Ալեքսանը, պարթև լինելու համար՝ շենացիներից իսկույն Դուդրուխ փոթն է ստացել: Դուդրուխի համար Մատո վերջնեկ որդին մի ուրիշ սեր էր: Ընկերության մեջ հացով, ինքնաբավ, հեղինակություն ունեցող հոր ու մոր՝ Գյուլաթաղից հարս եկած, խոնարհ, ձեռը թեթև բուժքույր, չխոսկան Անժելի համար Մատոն ուրիշ կերպ էր մեծանում. ծնողների, ավագ եղբոր, քույրերի, ազգականների հավաք սիրո բերկրալի շողքի տակ:

Ալեքսանին խռպոտ ձայնը առավել պատկառելի էր հնչում գյուղում: Իսկական գրասենյակի նիստուկացի սովոր, ծանրակշիռ արտահայտվող մարդ. գործը, հաշիվ-հաշվառքը, նախահաշիվը՝ կազմած են, կարելի էր արդեն մի թողլու հոգս անել: Նստել, շշերով արաղ բերել, տալ՝ առօրյա հաջողությունները մի լավ նշել: Արաղից ո՞վ չի մոտիկ: Շենի մարդամեջ, հարգված միջոցառումը՝ լավ ուտել-խմելն էր, խնջույքի որակն ու համն էլ շշերի քանակը: Մատոյի մայրը՝ Անժելը, ամուսնու համապատկերի մի քանդակն էր: Համբերատար, լռակյաց, կնճռոտ հարցերը անաղմուկ լուծող կինը, շատ խմելու համար, վերջերս ամուսնուն համարձակվել էր նախատել: Թարսի պես էլ այդ տարին այնքա՜ն բերրի էր, արաղն այնքան առատ էր: Անժելնն ասաց՝ «…աղջկատեր եք, Ալեքսան. մինչև նորքաշ, մինչև մայիս, նոր թութը աչքի ընկնելը՝ էս երկու քսանլիտրանոցը քե՛զ, հենց աստվա՜ծ կսիրես, էս մեկը դեն եմ դնելու: Ասի ու մի օր, ամուսնու աչքից թաքուն, կնիկ հալով իջեցնի ներքնահարկ, քսանլիտրանոց ահարկու բալոնը ամբարի ցորենի հեղեղի մեջ պահ տա: «Էս էլ՝ հոգեպահուստը: Տղադ հրեեե՜ն աղջկա ետևից արդեն ծուկ-ծուկ է անում, Նունիկը՝ Երևան ուսանողուհի, Իրիկը՝ հասել- բսել է. բալոնի մասին լեզու չթրջես, տղապետ ա, հյուրատեր ենք…»:

Եկա՜վ, մայիսը դուրս եկավ: Տնտեսագետը, կոլեկտիվով հանդերձ, շատ էին արաղի պակասից բողոքում: «Սրան խնդրենք, էս մեկի վզին դնենք, մեկ ուրիշից առնենք….»: Մի օր կեսօրից հետո, դեպիրիկուն, անհատ նախիրը արոտից որ տան ճամփա բռնեց, «Արարատն» էլ, կարծես, «Սպարտակին» Մոսկվա հաղթել էր, Ալեքսանն ինքն իրեն ասաց՝ «շա՞տ եմ ապրելու, արաղն իմ տանը՝ ես մի բաժակ բանի կարո՜՞տ»: Դատարկ բալոններից մեկը ջուր է լցնում, ամբարի պաղ ցորենի միջինի հետ տեղերը փոխում: Մի շիշ սիրտն ուզել է կեսօրահացի համար հետը վերցնելու համար՝ իր ձեռնատեղից շիշը լցնելու է, առավոտը կամաց թերթում փաթաթելու ու իր հետ վերցրելու է գործի: Անժելը, հարևանի հետ, ձեռքերը գոգնոցի տակ, անտեղյակ, զարմացած գովում է,- «…մեր Ալեքսանից չի. սարեր շուռ գան՝ տան տղապետը ձեռ չի տա…»:

Մատոն՝ աշխատասեր, շիտակ, ձեռնբաց, հոգի մտնող ջահել է: Վերջին ունեցած սիգարեթը՝ կտա քեզ: Մայրը՝ Անժելը, աստծո սիրուն համեստ կին, անհույս հիվանդացավ: Մատոն կոտրվել էր. ինչքան փորձում էր ցույց չտալ, մեկ է՝ ձայնը դողդոջ, երեսկահատը՝ մռայլ, տունուդուրս անելու նրա պահվածքը մատնում էին: Սահմռկելի է քաղցկեղը՝ մարդուն տրված: Ծանր տաժանքն առ կորուստ կեղեքում էր նաև հարազատների հոգին: Մատոն այդ օրերին չէր ապրում, ճիգ էր անում մոր ծանր վիճակից ինքնիրեն շեղելու …

Պատանին մոր մահից հետո, իսկույն տարիք առավ, հասունացավ: Թաղմանը, ավագները՝ լուռ, ցավի հետ արդեն հաշտ, թարմ գերեզմանափոսի մոտ կանգնած, սուս արցունք էին թափում: Նայում էին դագաղում պառկած ճերմակահեր մոր մոմե լռությանը՝ լուռ արտասվում: Մատոն գժվել էր: Հասուն պատանին չէր դիմանում…

Բանակը՝ շրջապատում է այգաբացին: Շենը պաղ շունչ է առնում: Թումբի դարիվեր բացատից, ուր նոր գերեզմանատունն է, երևում է Ցեխծյորի հեռու երթուդարձը: Ճանապարհը, Ցեխծյորի կամուրջից հետո, առնում է Ստեփանակերտի մայրուղու երթը: Թումբի քոլոտից բացվող համայնապատկերի մեջ, գլխավոր խճուղին, իր ճամփաբաժաններով, ձգվում է դեպի Քոլատակ, Կիչան, Չլդրան, Վանք-Նարեշտար: Անցուդարձը՝ բռանդ մեջ է: Ճոթերի թաղում, արևածագի ծերին, Շալիկո Աբոն մեքենան տաքացնելու համար լիցք է տալիս: Մխոցների ալարկոտ հերթագան՝ հեռու-հեռվանցի արձագանք է փռում ամենուր:

Նախօրեի իրիկնամուտին, Վաճառի ֆերմայի հերթապահությունն ընկել էր Մատոյի խմբին: Մատոն է, Արամը, Եսայան Վալիկը, Մողես Աբելը, Օմոն Սաշան ու Ծիպլի Վլադիկը: Իրիկնակիթը վերջանում, տարածքը, շները, խոտի դեզերը, դեպի Ծմակուհող բացվող հեթանոս ձորը՝ մինչև լուսաբաց հաձնվում է հերթապահ խմբին: Ավագն ու տարիքովը՝ Եսայան Վալիկն է: Հատուկ, կանխավ զանգում է՝ «մի-մի շիշ արաղ վերցե՛ք»: Մատոն, միջի պուճուր հալով, խաղաքարտի հոգը պիտի տանի: Մի տեղից պետք է գտնել, թե չէ գիշերը դժվար կլուսանար: Արժեզուրկ խորհրդային փող՝ բոլորի գրպանում կա. Սեկան գիշերապահի ցանկալի զբաղմունքն է:

Օմոն Սաշիկը՝ փոթ անունը ստացել է մորաքրոջ թուրք ամուսնու պատճառով: Ասեկոսեներ կային, թե նրա՝ երիտասարդ Օմոնի ընտանիքը, մանավանդ հայրը՝ հավերժ ջարդված, իրենց բակում մեռյալ կանգուն, սովխոզի բեռնակրի վարորդը, բաքվեցի քենակալ թուրքի հետ կապեր ունի: Իբր եղած-չեղածը, շենի անցուդարձը՝ իսկույն մատնում է ազերի խոպանչուն, թուրք օմոնականի ծախու դավաճան է: Դրա համար, կեսլուրջ-կեսկատակ, բազկապինդ ջահել Սաշիկին՝ իր անունով կոչող չկար. Օմոն: «Օմո՛ն, մի փամփուշտ տու՛ր: Օմո՛ն, ջուրը գնալու հերթը քոնն է»: Հետագայում, «Օմոն» տասնութամյա Սաշան՝ հմուտ, քաջսիրտ մարտիկ է դարձել: Խաչենի վրա, ձախափնյա դիրքերում, հինգ-վեց հոգի տղա շենից, Պասկա Արեգը, Ցոլակ Մհերիկը, Մասնագետ Վահագը, ընկել են հակառակորդի թեժ, անզուսպ կրակի տակ: Թուրքը՝ ականանետ էր լիցք տվել, տանկն էր գողեգող դուրս գալիս մի քանի հարյուր քայլից շառաչուն զարկում, գնդացիրը լկտի սանրում էր կավե բլուրները: Տղաները խրամատում բատարկվել՝ գլուխ բարձրացնել չկար: Չորսբոլոր մահվան մրմռուն, մշուշոտ ակնկալիք էր: Կռիվը՝ կռիվ, մահը՝ մահ, առաջաձորցին հո՜ իր մասխարա խայթոցներից ձեռ չի քաշելու: Մասնագետ Վահագը՝ փոշեթաթախ, հուսաբեկ, այլասեր մի ժպիտ երեսին, վեր կենա, թե՝ «…Օմո՛ն, հենց ապրես, սրանից էլ մարդ նեղը չի ընկնի, ասա՛, տեսնենք, ձերոնք ի՜նչ ալիքով են դուրս գալիս բաքվեցի խոպանչու հետ, խոսենք, խնդրենք, էս զուլումին մի քիչ դադար տա թուրքը: Ախր կռիվն էլ հո՜ մի օրվա չի…»: Ահավոր պահին հռհռոցը բռնում է խրամատը: Բարեսիրտ Օմոնը՝ փնթի, ալարկոտ ծուխը ներքաշում, ըմբռնումով ժպտում է:

Հերթապահությունն, ուրեմն, ավարտվում է ծագի հետ: Գիշերվա կանգնելուց, քարտ խաղալուց թմրած, հռշնած՝ քա շում, հավաքում են երկփողանիները, պատրոնտաշ, ուսապարկ, տարուբերվելով քայլում դեպի շեն: Վաճառի ֆերմայից մինչև Թումբ, ուր պիտի առժամանակ պատսպարվեին, պիտի ակնածեին դեպի Ցեխձորի կողմերը: Խճուղու երկայնքով, մի հինգ հա ր յուր քա յլ հեռու. ավտոշարասյան փոշի կա՞ արդյոք բարձրացած, բանակի զորամասերը թաքուն սլանու՞մ են դեպի գյուղ, թե չէ: Շեն իջնող չկա, որովհետև վտանգը մեծ է: Վաղօրոք պատրաստվել էին՝ զենքեր, զինամթերք տանել դեպի սարերը:

-Էս տարոս փողը՝ նայի՛ր, Արամ, գլխներիս հարամ չդառնա: Մենք մի քանի անգամ սեկայից խե՞ր ենք տեսել: Էս ա, ուր որա, շարասյունը ներքևներից կհռնդա դեպի մեզ: Ասում են՝ հատուկ օպերացիա ա: Անձնագիր են ստուգում, անունն էլ՝ «կալցո»,-ոտի վրա, կիսաքուն խոսեց Մատոն:

– Հիսունինը ռուբլին էլ մի բա՞ն է, երկու շիշ,- խնդաց Արամը:

-Առաջ գնա, պառկենք քոլոտում: Էս ա, մերոնք լրիվ էստեղ են: Հեռադիտակը՝ կա, մեկ-մեկ անցնել ա պետք դեպի գետը: Աչքերս փակվում են: Էդ քարտ խաղալուն՝ գոնե մի քանի ժամ աչք հուպ տայինք: Սիրտս վատ բան ա գուշակում, մի բան չպատահի մերոնց,- քնկոտ, ծուխ ներքաշեց, քրթմնջաց Մատոն:

– Լսե՞լ եք Հոսանի Աբեթն ինչ ա ասել արթուն մնալու մասին,- զրույցին խառնվեց Եսայանը: Նա մի բանի վրա որ լեզու թռցրեց, ուրեմն պատրաստվիր փռթկալու:

-Հը՛, Եսայան, ասա՛: Ասելու ես, գիտեմ, առավոտ-առավոտ մի քիչ լիցք տուր մեզ,- աշխույժ փորձեց լարվել, բաճկոնում փաթաթված Մատոն:

– Նախանցյալ անգամ ընկել էի Աբեթի խմբի հետ հերթապահության: Գավոն է, Սասունը, Կոնգո Սուրենը, Գեներալ Օզիկը, Դոմինո Վազոկը: Քարտը թողե՞ց քնենք, ասա՜: Հենց էն ա՝ մեկն ու մեկը երկուական ժամով դրսում, ծխուկը բռան մեջ, ժամապահ ա նստում: Նստում ա, չգիտես՛, կուչ եկած մրափում ա, թե նայում ա: Թուրքը հանկարծ Վաճառի ձորը չկտրի՝ գա մեզ մորթոտի: Խայտառակ կդառնայինք,- իրեն հատուկ, կատակը լուրջ բանի փոխարեն, սկսեց Եսայանը:

– Դու՝ Աբեթինը ասա: Հոսանի տղան ա, չէ՜՞…լեզուն թրջում ա՝ ծիծաղ ա,- անհամբեր մեջ մտավ Մատոն:

-Տանուլ ա տվել փողերը: Ցոլակի հետ զույգ էր նստած: Լույսը բացվել էր, ուր որա պիտի տուն ցրվեինք: Իրենք երկուսով՝ տանուլ տվածի լեղին չեն ուզում մատնել, մենք էլ, ավելորդ վիճակը չբարդացնելու համար, ձեն չենք հանում, – շարունակեց Եսայան Վալիկը,- մեկ էլ՝ լուռ-լռության միջից, էս Աբեթը ճմլկոտեց, թե՝ «…..թու՜՜, թքած անքուն լինելու վրա, իսկի անքուն լինելուց վատ բան կա՞: Անքուն տղամադը, կամ՝ կիսաքուն կնիկը- նույն բանն են…»: Յամա՜նը եկել, տարել ա: Քո ի՜նչն եմ ասել, Աբե՛թ: Էդ մի անգամն էր, որ ընկա Ճոթերի թաղի իրենց խմբի հետ, – ասաց նա,- ամսից շատ ա՝ չկան: Իրենք-իրենք են հերթապահության գալիս: Առանձին պետություն են: Մերը՝ մենք են, մի խումբ ենք դառել:

Թումբի գերեզմանատան քոլոտում, ուր առավոտ ծագին պառկել, որը՝ ննջում, որը՝ ծխում էր, հանկարծ Էլչի հեռու ճանապարհի մատույցներում, ուր Խաչենի կամուրջը կեռման է տալիս դեպի Գանձասար, մերկ փոշու ամպ բարձրացավ:

-Եկա՜ն, էն ա երևացի՜ն, ձեր մերը ք….- հեռադիտակը աչքերին, խոտի ծղանը բերանում` շշնջաց Մատոն:

Ամառվա մաքուր, պաղ երանելի առավոտը զինքը տալիս էր արեգակին: Չորս-հինգ լեռան կապերով, շենի տղամարդիկ, ուսապարկի մեջ ուտելիք, որսորդական, բերդյանկա մեջքներին, հանդիպակաց լեռների բովով, իրենց տվեցին անտառին:

Հրամանատարը՝ չկար: Բնավորություն ուներ գաղտնի մնալ: Անելիքին հասու էր միայն նեղ մի խումբ: Ուրեմն եղած-չեղած զենք-զինամթերքը պիտի հանվեր գյուղից, պահ տալու ապահով տեղ, որպեսզի բանակայինները չգտնեին: Տղամարդիկ, որոնք դեպի Հայադ հին լքված գյուղի կողմերը, որը՝ Տակատաթաղի կապով դեպի Ճիլոտ էին տալիս իրենց: Փոլի ժողովուրդը, Ավդալի աղբյուրն ի վեր, պիտի բարձրանար դեպի Միրումանց սար: Ղուզե թաղի ընտրությունը մեծ էր. Կոթաքարի սալատակ զառիվերը տանում է դեպի Խասիխութի անծայր ծմակը, կամ՝ Պնածոր, Պետինկապով դեպի Ճոխտակ Ծովի հարթերը:

Շռռանի մոտերքին, չգիտես որտեղից, Մատոյի խմբին միացավ անտառապահ Սուրենի ուսանող որդի Միհրանը:

– Միհրան ախպեր, ոնց որ գիշերը չես քնել: Ձեր թաղից ո՞նց ես հասել մեր կողմեր, խամացած ոչխարն է մեկ էլ իր հորիշը կորցնում,- կատակեց Մատոն,- ինչ նորություն, ինչ շարժ կար ձեր թաղում, մտե՞լ են արդեն…

– Չգիտեմ, ես ձեր թաղում եմ գիշերել, էս կողմերին ձեն-ծպտուն չկա, ամեն օրվա պես, բայց գյուղսովետի մոտ, Մողես Մուրադն ասաց, բանակայինների հետ, քաղաքացիականով մարդիկ էլ կան, – փախուստի քրտինքը սրբելով՝ հևեց Միհրանը:

– Հա, գլխի ընկա, էլի սիլի-բիլի անելու, հոտոտանքի ես գալիս գիշերները մեր թաղ: Այ ես քո…Էսօր մեզ հետ ես, պարկիդ մեջ տափաշիշ բան չկա՞, հերդ՝ Սուրենը արաղի ուստա ա,-անքուն խոնջանքից ետ շրջվեց շինծու ժպիտի միջից խոսեց Մատոն…

-Երանի՜ քեզ, մարդու սրտում արյուն ա սառել, դու լակելուդ մասին ես մտածում,- լուրջ-լուրջ, երկյուղած, քրթմնջաց նա,- էն ա Թելյան Վաղոյի խալխն ա ետևից գալիս, տանով-տեղով, հարսուփեսա, աներձագ, Ստեփանակերտի հյուր, ուսապարկով, պայուսակով. ոնց որ էլ ետ տուն չեն գալու, տներդ շինվի՛…

Մատոն շվվացրեց դեպի ետ՝ պատասխան եկավ: Որոշեցին շունչ առնել, սպասել նրանց, թեպետ մեծ-մեծ խմբերն իսկի հարմար չէին: Երկինքը դղրդաց ուղղաթիռի հռնդոցից: Լարումը մեղմեց Միհրանի ասած վերահաս խումբը: Վաղոյի խալխը հասավ իրենց: Տանը թողել էին պառավներին, մնացածը՝ կնիկ արմատ, երեխա, փեսա, հյուր՝ ուտել-խմելիքով, ամեն ինչով, տվել անտառին:

Մատոյի սիրտը քաղցրեց: Կրծքում պահած միտքը, որ այս է՝ Հասմիկն էլ կլինի հետները՝ թռցրեցին օրվա անքնությունը, գյուղում մնացած հարազատների նեղության երկյուղը: Մատոն միշտ փնտրում էր Հասմիկին: Ամաչկոտ մի ընկրկում լեզուն միշտ կապում էր, հայացքը փախցնում՝ որպես թե մտքերն ուրիշ տեղ են:

– Ժողովու՛րդ, բարձրանանք Սրվանց ծովի կողմերը: Խաչերի աղբյուրը մոտերքն են. ջուր լցնենք ամանները, դադար առնենք, արդեն հոգնած կլինենք, միգուցե մի-մի բաժակ բան էլ խմենք…

– Հա՛, Մարտիկ, միս ենք վերցրել: Երեկ Ենոքը խոզ էր մորթել. դռան խորովածը մեզ չեկավ: Էս զուլալ ծմակն իսկական կրակ անելու տեղ ա,- խորհուրդ տվեց Վաղոյի մարտակերտցի փեսան:

Պնածորի հաճարենու անտառը Մատոյի խմբին կտրել էր աշխարհից: Մեկ-մեկ ուղղաթիռի հռնդոցն էր Խաչենի հովտից զարկվում քարափներին, արձագանք տալիս: Հասմիկը լուռ էր: Ստեփանակերտից իրենց տուն եկած ազգականուհի Վարսիկը, ամեն ինչին անհաղորդ, Մատոյի հետ ծանոթացավ, դարձան հարյուր տարվա ընկեր: Հի-հի՜, հա-հա՜-Հասմիկին դուր չէր գալիս: Կբարձրանան, տեղ կհասնեն, տղաները փայտ կժողովեն, ուսապարկերը կդնեն, կնստեն, կհանգստանան: Մի երակը գյուղում էր: Ի՜նչ եղավ, բանակը մտա՞վ, մնացած ահել մարդիկ ի՜նչ եղան: Հասմիկին տեսնելով՝ Մատոն մոռացել էր, որ հայրը իրեն չլսեց, մնաց տանը: Մատոյի մտքում կար՝ խորոված անեն: Քաշած արաղը հաստատ կսրտեպնդի, կփորձի կատակել:

– Ի՞նչ ես մտածում, մեր տղա,- մեծավարի դիմեց նա Արամին:

– Սիրտս լավ բան չի գուշակում, մերոնցից տեղեկություն չունեմ, բաժան-բաժան, ամեն մեկս մեզ համար, գլուխ վերցրել, տնից դուրս ենք եկել,-ասաց նա:

-Ձերոնք պիտի ապահով տեղ լինեն: Աշոտը Կոթաքարն ի վեր պիտի բարձրանար, կարծեմ: Ամեն ինչ լավ ա լինելու,- ասաց նա,- ի՞նչ պիտի անեն, Վանքում մի քանի հոգու բռնել, ոնց-որ բաց են թողել: Հիմա ի՞նչ անենք, սուգ ենք անելու: Տեղ ենք հասել, է՜ս ա…

Հասան Ջրակնի մեծ անտառը: Մի երկու հարյուր քայլ հեռու, դեպի Ճոխտակ Ծով, ձորի մեջ աղբյուր կա: Մարդու աչքից հեռու, խունացած խաշամի միջից լուռ հորդացող, ակնաշող, սառնաբեր, հոգեթով ջուրը վար է սուրում դեպի Վաճառ գետակը: Տապուռ կացած, տիղմոտ, զիլ գետակը շունչ առնում, հանդարտվում է Խաչենի հովտում, ուր ձուկը ցատկ է անում, կրկին աննկատ ճողփյունով սրատում ջուրը: Վաճառը, տիրոջ հալով, ողողում է մայր գետը, քշում իր հետ, դեպի Առանի ծարավ տափերը, անհուն տարիների փայլքը:

Հուլիսի անտառում քունքաշ օրվա խոնջանքը ջերմացավ: Մատոն փայտի գնաց, խաշամը ետ-ետ արեց: Մարտակերտցի փեսան, աներձագի հետ, ջուր բերեց մոտակա աղբյուրից: Աղջիկները սեթևեթում, երեխաները խակ տզզան են համտեսում: Ու՝գյուղից լուր չկար: Խորովածի բույրը՝ վտանգավոր շաղ եկավ մոտակա անտառում: Խուռներամի սիրտը, ահով լեցուն, սպասում էր համտեսելու:

– Արի՛ գնանք էստեղից,- Արամի ականջին թեքվեց, մտմտաց Միհրանը: Նրա ասածում արդեն վաղուցվա որոշման երանգ կար:

-Ու՞ր, տեղ կա գնալու:

-Ու՜ր աչքդ կտրում է: Ռուսաստան թեկուզ: Սիրտս վատ բան ա գուշակում, էս խմորը շատ ջուր ա տանելու,-

-Մերոնց թողնենք՝ ո՞նց գնանք: Էսքան չարչարված, թողնենք, ու՞ր գնանք:

Խորովածը՝ խորոված, բոլորի ցավոտ ուշքումիտք գյուղում էր. ի՜նչ է կատարվում, մարդ բռնեցին, թե չէ: Արամը եղբորից էր մտահոգ. ուր է կորել, ո՜ր ճամփով է բարձրացել քերծերը: Մատոն՝ Հասմիկիի հետ էր, խելքը կորցրել էր: Իրար հետ չէին խոսում, բայց ինքն ընկել էր մի քաղցր երանության մեջ: Հա՜ պատրաստ էր որսալ նրա հայացքը, հետո դրա վրա անավարտ, երջանկավետ մի վեպ էր հյուսելու: Նվաղկոտ սիրտը ծաղկել էր: Ինքն իրեն համոզել էր. հայրը կգնա, եղբոր վերքուտուրքին տեր կլինի, մինչև իրենք կիջնեն լեռներից տուն: Շան որդի բանակայինը հո՜ չի եկել վրան խփելու…

Հաց փռեցին հին խաշամի, փարթամ պտերների արանքում: Խորովածը տխլենի շշերից դուրս քաշեցին, արաղի շիշ հայտնվեց: Քաղցը ձուլվեց անտառի շուշանե մաքրությանը: Ամառվա տոթը համեղ երակ բացեց ճաշելու: Սուլոցի ձայն թռավ անորոշ կողմից: Զուսպ աղմուկի միջից քչերը լսեցին: Մատոն, էլի ոմանք, ցատկեցին դեպի ծառաբնին դեմ տված հրացանները: Ձեռք թափ տալով, Մատոն, անխոս, բոլորին նշան արեց լռելու: Կարապետի խամհատի կողմերից է, մտածեցին: Պատասխան սույլը՝ անարձագանք խրվեց հանդիպակաց անտառի խորքը:

Խութի մոտերքից հեռվանցի շշուկներ սողոսկեցին անտառը: Բոլորը միասին տապ արեցին: Հացը ընդմիջվեց: Մատոն, սարն իմացողի հմտությամբ կռահեց, որ շեղված խումբ է, հարկ չկա տապրկուն տալու:

– Է՜ հե՜յ, է՜հեեեյ, ո՜վ եք…..- կրծքից խուլ, քիչ-միչ շինծու նմանակելով իր պապին, կանչեց նա անծանոթներին:

Ձայների անընթեռնելի ժխորը դադարեց: Անտառում ելևեջող բամբ արձագանքները լռվեցին:

– Եկե՛ք, տեսնենք ով եք,- խռպոտ ձևականությամբ ու արհամարհելի վախով որոտաց Մատոն:

Հաճարենիներն անց, արևկա բացատում, տեսիլքի նման էացան Գող Ծերտիկի, նույն իր՝ Ծատուրյան Վարդանի ու Ծըլթ Արմենի՝ անասնապահ Սուրենի որդու՝ սփրթնած, ահաբեկ դեմքերը:

– Մատո, գիժ բան ես, ասում էի՝ ելնեմ մի հաճարենի, թե չէ կկրակես: Հեռվից խորովածի հոտ էինք առել, իմացա, որ մերոնք են, կամ ծմակուհողցի մեկնումեկը: Մեղրեցի զոքանչս էլ, պարզվում ա, սիրում ա ինձ: Սոված փրթվեցինք,- զուսպ կատակեց Վարդանը,- մի բան տվե՛ք ուտենք…

– Տեղ արե՛ք՝ մի տեղ նստեք: Դուք շենից պատմեք, ի՞նչ կա, վիճակը ո՞նց ա, – շտապեց Մատոն:

– Ես ու Արմենը կանուխ ենք Կապն ի վեր ծլկել: Կարոյի Բենիկի տան մոտերքից «բէտէէռ»-ները, որ մտան, մենք ասել ենք բարձրանանք Փուլուսանց Շեն: Շնաղբյուրի մոտ շունչ առնենք, զինքներս տանք ծմակին,- վազքից ընդարմացած պատմեց, խորովածի կտորը կծեց, չփչփացրեց, արաղին նայեց Վարդանը:

– Անցուդարձը ո՞նց էր, գոնե մի կես ժամ չեք նստե՞լ Փափախքարի կողմերը:

– Ձեն-ծպտուն չկա, ամեն մեկը մի տեղով ճղել, փախել ա: Որոնք՝ խումբ-խումբ, որը՝ թվանք-մվանք ուսին, ուր աչքը կտրի: Դե վերկալե՛ք, մի-մի խմենք: Քանիսն եք թո՞ղ արել մինչև մեզ, – աճապարանքից հանգստացած խոսեց, ոգևորվեց Ծերտիկը: Վարդանը՝ Արամից աչքերը տատամսոտ փախցնում էր, շուտ հա՜ շուտ ուզում, որ նորից բաժակ լցնեն: Կասկածելի էր:

Վարդանը թաղի դերասան-մասխարաչիներից է: Ուշունցատու, խեղկատակ, անսանձ խուլիգան: Կռվի վետերան, խոզաբույծ Արմենակի կրտսեր որդին է: Ավագ երկու որդիները ապրում են Ղափան, Երևան: Այդ օրը գյուղամեջ, ակումբում, թե բիլիարդի շուրջը ինքը չկա՝ շատերը շուտ են տուն գնում, իմաստ չկար, օրն ուրեմն մռայլ էր անցնելու: Ավագ դպրոցականը նրանից է ուշունց սովորում, քարտի մեջ բլեֆն իմանում ինչ է: Վարդանը Լուսե թաղամասի քիչ բռնված գողերից մեկն է: Անուն հանած գող է, բայց մի կարգին օրգանի ռեխն էլ չի ընկել: Նստած չկա: Երևան ծնվեր-մեծանար, կիրթ, ճաշակով շրջապատ ունենար, նրանից միգուցե տաղանդավոր դերասան դուրս գար: Ճկուն-ճարպիկ Արմենակը մի օր կնոջ Սոփիկի հետ նստել-զրուցել է, եկել ծնողական որոշման, թե՝ «…տան երկրորդ հարկը բե՛ր կիսենք, կտակենք Սլավիկին ու Վաչիկին: Ներքնահարկը ձևակերպենք Վարդանի վրա: Գյուղում է ապրում, տնտեսություն ունի, ցածր է, հարմար կլինի..»: Մի պաղ դեպիրիկուն, երբ հայրը բաց պատշգամբին կռները թիկնած, զգուշավոր, խանդաղատալով, Վարդանի ականջն է գցել՝ գժությունը տվել է որդու երակին: Մի քիչ էլ արաղ էր խմել, ձեռնատեղից լինգը վերցրել է կատաղած, թե՝ «…այ հե՛ր, շնորհակալ եմ. ներքևի հարկն ի՞մն է, ես գիտեմ, իմ սեփականությունը, ես իմ փայը քանդում եմ.»: Ու, ինքնասիրությունը ցնցված, սկսել է լինգի թակ տալ տան պատերին:

Մոսկվիչի ղեկին, երկար ճանապարհից խոնջահար Վարդանը՝ Մեղրի զոքանչի տնից ետ է վերադառնում: Մեքենան հա՛ արգելակում է դարպասի դիմաց, ղեկի կողմից դուռը դեռ կիսաբաց, մինուճար որդի, ութամյա Սպարտակն այլայլված վրա է տալիս, թե՝ «…պապա, խոճկորը, ինչ ա էստեղից գնացել ես՝ էդ գիշերվանից չկա…»: «Ո՞նց չկա, ա՛յ խոխա, խոճկորն էլ հո շաշ թողլի չի, որ վիզը ոլորես կոխես գոմդ՝ ձեն-ձուն չհանի: Պա՜յ ես քո…, ուրեմն՝ կերել են արդեն». փնթփնթաց ճանապարհից բեզար հայրը:

Գիշերը հոգնած, նվաստացած լինելուց՝ շուռումուռ եկավ, դուրսուդուռ արեց, մի կարգին աչք չփակեց: Գալարվում էր տեղաշորում, սուտ-մուտ, հենց այնպես փարվում կնոջ բաց լանջին, մինչև կլուսանար, խոճկորի հարցը թաղամիջում մաքրեր:

Ծագը նոր անցած, անհատ նախիրը, հանդ քշելու համար, թաղեցիք անասունն իմի են անում: Մի թռուցիկ քաղաքական հավաք է տեղի ունենում, մեծամասամբ թոշակառու անասնատերերի միջև: Բանիմացը՝ հին դասատու, ամենահարգ Աղաբաբյան Վիգենն է: Չորս կողմից՝ «Աղաբաբյան, բա՜ Հարավսլավիայի հարցը ոնց ա լուծվելու, բա Օլբրայթը, բա՜Թանսու Չիլլերը… արա՜, ո՞նց ա էն գեշ կնոջ անունը, դոշին էլ միշտ մի վարդ-թիթեռ դնող ա: Ինչ որա…»…

Վարդանը, բերում է անասունը հավաքատեղի, բարիլուս բոլորին: Կողք է քաշում իրենց թաղի խոճկորի կասկածյալներին, առավոտ-առավոտ խնդիրը որ լուծի…

– Ջագա՛ Մանվել, -կտրուկ խոսեց նա:

– Էշիդ էլի ոնց որ չու են ասել, էդ ի՜՞նչ խոսելու ձև ա,- աղվեսացավ վաստակաշատ գող Ջագան:

– էս թաղում երեք գող կա. ես էմ, դու էս, մեկ էլ էս հարիֆը՝ Չախմուր Մարտունը: Մարգարիտի տղա Լևոնից առած, երկու ամսական խոճկորս, ես էստեղից ճամփա եմ ընկնում Մեղրի՝ տափը ծակում, կորչում ա: Իմ ապրանքն ա՝ ուրեմն ես չեմ գողացել, ինձ հանեցի ցուցակից: Չախմուրը, կնիկը հիվանդ, տարել է Մարտակերտ, մի շաբաթ ա բժշկի մաղարիչա անում, էսօր ա միայն տուն եկել: Նրան էլ հանեցի՛: Մնացիր դու: Հանի՛ր խոճկորս…

– Վարդան, էնպես ա ստացվում, որ դուք բարձրացել եք սար, բանակայի՞ն չեք տեսել Կապի կողմերում,- նեղսիրտ հարցրեց Արամը,- ետ չեք նայե՞լ, շառուշուռ չկա՞ր մեր թաղում:

– Որ չասեմ՝ հետո վատամարդ եմ լինելու: Քեզ շատ եմ հարգում, չեմ կարալու թաքցնեմ, -արաղի հերթական բաժակից սրտոտ՝ խոսեց Վարդանը,- ես ու Ծըլթը, Շնաղբյուրի ցրտնոտը բարձրացել, ուր որա պիտի հասնեինք Եշլատեղ: Քրքջոցի ձեն եկավ, թաք կացանք կածանի երեսին: Մի ջղանի կար, մեզ պատռելով գցեցինք դեմի փոշոտ շվաքը: Շունչներս պահում էինք, աստված-աստվա՜ծ, որ հետները շուն չլինի՝ մեզ հոտոտի: Նկատեցինք, որ վերևից, թամփ-թրախկ, ռուսերեն խոսող մարդիկ են իջնում: Վա՜յ, արա՛. քաշեցի Ծըլթին, ցաքոտը պատռելով, խրտնած ջորու նման, զինքներս գցեցինք շվաքը: Եկա՜ն, սապոգ գայթելով, քար շրխկացնելով, մեզ անցան: Առջևից՝ ախպերդ էր գլուխը կախ, ձեռքերը ետևին: Ի՞նչ պիտի անեն, երեխա ա,- քաջալերեց նա,- Աշոտ ախպերդ, կարծեմ, իսկի քսան տարեկան էլ չկա, ի՞նչ պիտի անեն նրան, արա՛: Ռոստով-Շուշի՞, երեխա չես հո: Կտանեն ներքև՝ շեն, անձնագիր-բան կստուգեն, բաց թողնեն…

Չորսկողմ սիրտ էին տալիս: Օրվա տաք արկածը փոխվեց անդուր տաղտուկի: Թուրքերը Առաջաձորի վրա ատամ ունեին: Վայը եկել է՝ Աշոտն ընկնի նրանց ձեռքը: Բանակային ռուսները, սովորաբար, աչքառու հայերին հանձնում էին Ադրբեջանի ուժայինների դատաստանին: Աշոտը գիժ ու խիզախ էր, բոլորը գիտեին: Բոլորը հիշում են՝ ոնց է գիշերը մտել անասնապահ թուրքի վրան, անխնդիրք, ինքնագլուխ, վառելափայտ գրկել-բերել հերթապահ թվանքավորների համար: Ընկերները կատակով Ազրայիլ են դրել անունը: Եղկելի մտքերը Արամի հոգին պղտորեցին:

– Դե քիթդ մի կախի՛ր, Աշոտը ինչի՞ տեր ա, որ բռնեն: Թե փանտազյոր Վարդանի՞ն չես ծանոթ,- հենց այնպես խոսեց Մատոն:

– Աստված տա՛: Թո՛ղ ես քոռ լինեմ: Շատ հնարավոր ա՝ աչքիս ա թվացել, բայց հինգ մետրի վրա ես Ազրայիլին չեմ ճանաչու՞մ: Թե գիտե՜ք մենք դաղդաղ չեղանք: Ձեն հանեինք՝ մեր ձեռքերն էլ կոլորեին, կիջեցնեին շեն,- միամիտ արդարացավ Վարդանը:

Հասմիկը լուռ էր: Հազիվ լսելի ձայնով, Լուսինի հետ, ժամանակ առ ժամանակ, ինչ որ խոսք էր փոխանակում. աղջկական հոգսեր, ուսանող լինելու հեռակա մտքեր, քնքուշ քույրական կարեկցանք: Անզոր, մտահոգ մթնոլորտը, հուլիսյան տոթի հետ, ճնշում էր շուրջը: Գյուղից արդեն վատ լուր է եկել: Ով գիտի՜, տանը մնացածները ինչ են ձեռնարկել, ի՜նչ անցուդարձ կա գյուղամիջում: Բարձրաթև անտառի խախուտ մենությունը պարուրել էր Հասմիկին: Միգուցե սփոփանքից անհարմար էր, որ իր եղբայրը գոնե խմբի հետ էր, իսկ Արամինը՝ անտարբեր, զորացրվելու օրերը հաշվող, Վոլոգոդշչինայից ծառայության կանչված բանակայինը իջեցրել է՝ գյուղ պարզաբանումներ անելու:

Մատոն Ազրայիլի դասարանցին է: Անտառի կղզյակը նրա համար դարձել էր հոգու թիթեռի կյանք ունեցող եզերք: Նրա մեջ դեռ երեխան էր խաղում, կրծքի տակ գգվում տաք, իրական զգացումի ի չիք լինող մի երազ: Առավոտից երկարող տագնապը, առնական կեցվածքի հմայքը, կրկին, հանուն իր երազի, շենի ապավեն քերծերին դիրքավորվելու, մարտնչելու մտքերը խառնվել իրար, առինքնել էին Հասմիկի ներկայությունը: Ամենը մի հյուսքով, իսկական են սարքել վաղուցվա ջերմ, անհասանելի իղձերը:

Հուսադրող բան չկար: Տաղտամ մթնոլորտը ապրումների մեջ դրեց բոլորին: Շինական մարդու ոտք թակած ճամփով ետ վերադառնալը վտանգավոր էր, որովհետև Վարդանի պատմածով, Ազրայիլ Աշոտին զինվորականները կալանավորել են Փուլուսի գոմերի մոտ: Ուրեմն կանխավ տեղեկություն են ունեցել՝ ուր պիտի բարձրանան: Առաջաձորի տղամարդիկ պատսպարվելու էին հենց գյուղի թիկունքը շրջափակող անանցնելի քերծերին, հետո դեպի Չլդրան, Կոճողոտ ձգվող անտառում: Վարդանի գույժը քանդեց բոլորի տրամադրությունը, իրազեկեց նաև, որ կողմից է ժամանել խորհրդային զինվորը, ինչ ծուղակ է սարքել իրենց իսկ տան մեջ: Վանքի օրինակով դժվար էր անձերի վրա կենտրոնանալ: Եկած զինվորի համար միևնույն էր դիմացինն ով է: Կասկածյալին տանում էին նախնական կալանքի, հետո՝ հանձնում են ադրբեջանական իրավասությանը: Միամիտ մարդն ընկնում է Շուշվա տխրահռչակ բանտ: Ինչ տանջանքների միջով է մարդ անցնում, կենդանի կմնար, կամ՝ լավագույն դեպքում, հանկարծակի հայտնված միջնորդի միջոցով, փրկագնի դիմաց, կես մարմին դառած կազատեին՝ աստծուն էր միայն հայտնի:

Վերադարձի բոլոր արահետները՝ պինդ զինված, շրջապատին անհաղորդ, պաշպանության նախարարի զորացրման հրամանագրին սպասող, ալարկոտ բանակայինի հսկողության տակ էր: Ստեփանակերտցի հյուրը՝ ավագը՝ Հասմիկի լուռումունջ, անտառի գայլ Կարո եղբայրը, մարտակերտցի փեսան, բանիմաց, երջանիկ Մատոն, յոթպորտ դաշնակ Գոքոն, հուսահատ, տխրադեմ Արամը՝ իրենց միջից երկու հետախույզ պիտի ուղարկեին Ծմակուհողի կողմերը: Վաճառն ու խոզի ֆերման անց, Մամքանի եկեղեցու դիմաց, ուր իրար թիկունքի շար են բռնել Ծմակուհողի տները, ծածուկ պետք է տեղեկանալ շենի անցուդարձին: Նպատակը. հո՜ Ծմակահող էլ չի հայտարարված անձնագրային ռեժիմ: Գյուղում խորհրդային զինվոր չեղավ, հետախույզ գնացածը՝ էլեկտրիկ Օբիկի տնից զանգելու էր Առաջաձոր: Մանրամասն տեղեկանա ամեն ինչից, գնացող-եկողից, բռնված-ազատվածից, խաբարբզիկ-լեզվանիկից: Դու ասա՝ հեռախոսակապ լինի, կտրած չլինեն: Ու՝ մի երկու ժամ հետո, ետ գալուց, օրը շուռ եկած կլինի Թարխանաբերդի կողմը, դեպի արևամուտ: Պնածորի գորշ, հյուրընկալ, խոնավ անտառում՝ պետք է անշշուկ, անտեղյակ, անկրակ գիշերել, կամ՝ հավաքվել, շարժվել դեպի տուն: Դաշնակ Գոքոն ու լուռումունջ Կարոն ընտրվեցին՝ գնալու հետախուզման:

Սրտառուչ տեսարան է լեռան կատարից գյուղ լսելը. «Խաչախոռ տափը ձի է մտե՜՜լ, հա՜յ-հարայ, տերը մեռնի՜՜, մի նայող չկա, մեջքի սեռը կոտրի՜ի». մեկը կանչում է: Խոպանչի Շուրիկը, հարևան-ծանոթ շուրջը հավաքել, տարեկան, չաղլիկ, կարմիր-կածոռ խոզն ուր որ է գետնին կգցի, դանակը վզովը կքաշի, բաժին-բաժին կանեն: Որբևայրի, հին պահեստապետ, աչքը շուռ Մանիկի, կերած-խմած որձակը՝ իր շարունակ կանչով, հոգի հանեց: Գառնաքարից հաշվապահ Վանիկի տուն՝ ոնց որ խնամխոս եկան: Թոշակառու Սերգին սարից, Դոդոշ Ռաֆիկի մեքենայով, խոտը տուն հասցրեց: Կինը, վարորդի համար, աղմուկ-աղաղակով, հաց է դրել սեղան: Ստեփանակերտից ուսանողուհի, շիմշաթ աղջկերք են եկել Տուչի Արմենի տուն. նոր Սիբիրից զորացրված Սուրիկը, մագնիտոֆոնը դրել է պատշգամբին, ձայնը հուպ տվել մինչև քերծերը.

Детство, детство, ты куда бежишь,
Детство, детство, ты куда спешишь?
Не наигрался я еще с тобой,
Детство, детство, ты куда? Постой.

Լորին ծաղիկ է տվել, մեղուն առատ նեկտարից հարբել՝ յոթ սիրտ առել: Սարը խոտհարքի բույր է բռնել, գետի կանաչ-կապույտ հովտում, գարու կայտառ արտը հասկահանել՝ միջի կակաչը թառամել է: Ավետիսենք՝ ահել-ջահել, շենամիջի արևշատ բոստանում, վաղահաս լուբու մարգեր են քաշում, ծիր անում, հա՜ քաշում: Մի շաբաթ ուշացան՝ բերքը ձմռան բերան կընկնի: Տուն-պատշգամբ՝ անմարդ, հեռախոսն ինքն-իրեն ուտում է: Ծմակուհողից Գոքոն Ավիտիսենց գյուղամիջի տան 2-48 համարը հավաքում, իբր անցուդարձն իմանալու՝ ապարդյուն: Ընկալուչ բարձրացնող չկա…

– Ամեն Սիմոնի տուն էլ, ջանքուջափա դնում, հեռախոս են քաշում: Սրանցը գզիրն ա, հեռախոսը սրանց ինչի՞ն ա պետք: Հիմա երևի բոստան մտած, իրար ուտում են,- թափառելուց հոգնած ու կատաղած, ընկալուչը աջ ձեռքին, նույն ձեռքի ցուցամատով համար շուռ տվեց նա:

– Ստեփանյան Կառլենի տուն զանգի՛ր, նրա կինը ներքին թաղում էլ խոզ քռավ գա՝ ինքն իր տան մեջ գիտի,- լուրջ-լուրջ կատակեց Հասմիկի եղբայր Կարոն,- ժամանակ չունենք, Օբիկն էլ, էս ա, մի շիշ արաղ ա դնում սեղանին,- ժպտադեմ, լկտի մտերմությամբ, աչքով արեց նա ծմակուհողցի էլեկտրիկ հյուրընկալ տանտիրոջը:

Կառլենի կին Արփիկը փոստի օրինակելի աշխատող է: Հեռախոսով ասաց՝ գյուղամեջ չի դուրս եկել, անցուդարձը շատ է: Ծխող Երանիկը նոր, իրենց տան մոտով, սիգարեթը բերանին, ուշունց տալով անցնում, անիծում էր, թե իր փեսա՝ «Գարականագետ Բաբկենը ի՞նչ մեղքի տեր ա, որ բռնեն տանեն, էսօր-էգուց վաթսուն տարեկան մարդ ա…»: Արփիկն ասաց Գրականագետի մասին միայն գիտի ու մեկ էլ՝ անձնագրային ռեժիմին, խորհրդային բանակայինի հետ, ազերիներ էլ կան: Սրխավենդից են, թե մեր շենի հին մաղձոտ թուրքերն են՝ ասել չի կարող: Օրն ուր որ է կիրիկնանա, վերևի թաղամաս բարձրացած զինվորական ավտոմեքենաները ետ են մեկնելու: Միգուցե արդեն ստուգումները վերջացրել, գյուղից հեռանում են: Ազրայիլ Աշոտի բռնվելուց, ասաց, լուր չունի: Երեխա-կնիկ արմատ՝ տներում են, վախենում են բակ դուրս գալ:

Հոգնած, կոտրատված՝ տղաները հրաժեշտ տվեցին հյուրասեր Օբիկին: Ետկեսօրը աշխուժանում է. հասնեն Ջհուդի աղբյուր, փորձեն հարայ տալ աշխարհից կտրված, տարակուսանքի, սպասումի գերության մեջ ընկած ընկերներին: Ճանապարհը կարճեն՝ դառնան իրեն խնայած:

Որ Մատոն թև առել, խանդաղատում է առավոտվանից, ի տես իր անհաս սիրուն՝ կշալակի զինամթերքով մեծ ուսապարկը, միփողանի տասներկու տրամաչափի որսորդականը կլարի իննանոց կոտորակով, քերծատակի շամբուտը կսանրի-անցնի դեպի Պետու Կապը: Այստեղ հանգիստ կառնեն, արդեն գյուղ հասնելը՝ երկու անգամ երկու է: Պետու կապի տկողնոտում, Ծմակուհող գնացած ընկերների տված նշանով՝ կմիանան իրար, կնստեն՝ ինքը, Արամը, դաշնակ Գոքոն, Կարոն, ստեփանակերտցի հյուրը, Միհրանը, գող Վարդանը, Ծըլթ Աշոտը, Հասմիկը, Վարսիկն ու երեխաները: Գյուղի այս կողմի վրա՝ Կոթաքարի լեռը ծածկ է անում, իրիկնաժամը ուշ է վրա հասնում: Կարելի է հանդարտ իջնել Վաճառի ֆերմա, ուր եռուզեռ կա. սպասել, մինչև պետքական անցուդարձ կսկսվի: Ամեն դեպքում, վերին թաղամասից խճուղին գալիս մտնում է ուղիղ ֆերմայի բակ: Կսպասեն եկողի, կիմանան գյուղում ինչն ինչոց է, կշարժվեն առաջ:

Արեգակը փարվել էր Թախտասարի թիկունքին, Խաչենի հովիտը հետզհետե մթնժոռում էր: Թումբի գերեզմանատան կավախիճ ոլորանում երևաց Նասիմի Խորենի տնքտնքան տրակտորը՝ կիսաթափքի մեջ դատարկ ու զրնգան, պատեպատ զարկող մեծ-մեծ կաթնամաններով: Իրիկնակիթ պիտի լինի՝ ամանները պռնկեպռունկ լցվի՝ ուղարկվի կաթնարտադրամաս: Խորենը Նասիմի մականունը ստացել է թուրքերի հետ ավելորդ շփվելու համար: Թուրքերեն խոսում է: Մի ժամանակ հետաքրքիր բաներ էր պատմում ստորին վայրերում ապրող թուրքերի նիստուկացից, անասնալեզու իմանալու իր հմտությունից, աղջիկ-կին արմատի հետ ունեցած գաղտագողի կապից: Հիմա տրակտորի ղեկին, կաթը տանում-բերում է, հետն էլ՝ սեփական տնտեսությանը մի բանով կցան լինում:

Թումբի հեռու կեռմանում, Տրակտորի խլացուցիչը գորշ բուրմունք փչեց դեպի երկինք: Վայրկյաններ անց էր միայն անասնագոմի պատի տակ բեզար նստածներին հասնում մեքենայի հռնդյունի շրխկան արձագանքը: Սպասումն արդեն կարգին կեղեքել էր նրանց: Մատոն ծխուկից ծխուկ սիգարեթ էր վառում, բոլորին սիրտ տալիս.

-Խորենին, որ ոչինչ չի շեղել, ղեկին նստած մարմանդ գալիս է իր գործին, ուրեմն ամեն ինչ վերջացել է: Տա՛ աստված, խաղաղ լինի ամեն ինչ,- ինքնիրեն, համոզ մտմտաց Մատոն:

Նասիմի Խորենի տրակտորի երկա՜ր-ճոռոմ ընթացքը ջղաձգեց բոլորին: Քաղց, հոգնածություն, խաղք- չքացան՝ լսելու եկողից՝ գյուղում տեղի ունեցած օրվա անցքը: Մեքենան արգելակեց նրանց դիմաց: Նասիմին վերջին մի քանի անգամ պինդ, իրար ետևից սեղմեց գազի ոտնակը, հռնդյունի հնչեղ որոտի մեջ՝ գլխով ողջունեց բոլորին: Նրա դեմքին քարացած, կնճռոտ ժպիտ կար: Փորձում էր մատնելու չտալ ոչ մի անհաճո երանգ, թեև բոլորի, հատկապես Մատոյի հետ ունեցած երբեմնի ընկերությունը, ինչքան էլ մեջտեղ տարիքի ճեղք կար, միայն ազնվություն էր թողել իրար միջև:

-Տնաշեններ, էս որտեղի՞ց, երկիրը քշած տարան, դուք նոր եք երևում: Ժողովուրդն արդեն իջել է սարերից:- տրակտորի անդուռ խցից, կռներով ղեկը աքցանած, դրդռոցի մեջ ծիծաղելով խայթեց, հարցումի սպասեց Խորենը:

– Հը՛, Խորեն, ի՞նչ կա, դու ասա, զորքը գնա՞ց,- համարյա միաբերան վրա հասան բոլորը:

– Մեր թաղից ի՞նչ խաբար կա: Բանակը լրիվ դու՞րս ա եկել շենից, թե դեռ մնանք էստեղ,- բոլորին սաստեց ու խոսեց Մատոն:

– Հանգիստ գնացե՛ք տուն: Շուտ են ռադները քաշել: Արդեն մի երկու-երեք ժամ ա,- ասաց Նասիմին, սին հուպ տալով գազի ոտնակը:

– Մա՞րդ են բռնել, Խորեն, քանի հոգի են ռեխն ընկել,- Մատոն փորձեց վերջապես խոսեցնել Խորենին:

– Հա՛, դե տարան: Իմ լսածով, ինչքան տեղյակ եմ, ութ հոգու տարել են,- ծոր տալով՝ ցավեց Խորենը,- ինչքան գյուղսովետ, մեծահասակ մարդ՝ Ցաննի Արմեն, Շահբարյան Ահարոն, խառնվեցին, հնար չկար, տարան: Թե ու՞ր՝ իմացող չկա: Ոնց որ Աղդամ…

– Բա Աշոտին չկարացա՞ն մի բան անել, ետ պահել, լակոտ տարիք,- համարյա լացակումած մեջ մտավ Արամը:

– Աշոտ չկա մեջները: Ախպորդ բռնելու մասին բան չեմ լսել: Ինչքան գյուղսովետ Էդիկից իմացա՝ ութ հոգի են. Գրականագետ Բաբկենն ա, Ծիպլի Սամվելը, Շեկյան Վալերիկը, Թումբի Հրաչիկը: Առուշանանց, անունն ի՜նչ ա, Վազգենի տղան՝ Նորիկը, մեկ էլ՝ Գագան, Քոչունց Գագիկը,- հաշվառեց Նասիմին:

Արամի հոգին խաղաղվեց, քար ընկավ սրտից, միաժամանակ ցնցվեցին բոլորը:

-Եղավ յոթ հոգի, բա ասու՜մ ես ութ, Խորեն,- տարակուսեց Մատոն:

–  Բաբկենը, Սամվելը, Վալոն, Հրաչիկը, Նորիկը, Գագան, Սեյրանը:

– Հը՞, յոթ: Բա ասում ես Էդիկն ասաց՝ ութ հոգի:

– Լավ ա ասեմ, քան թաքցնեմ: Լավ ա՝ ուրիշից լսեիր. Մատո ախպե՛ր, հորդ Ալեքսանին էլ են տարել: Ինչքան աղաչանք-պաղատանք արեցին, ասացին՝ մարդու տարիքին նայեն, առողջությունը վատ՝ չնայեցին, տարան…

Երկինքը մթնեց: Թումբի լանջից շենի լույսերն են ծիկրակում, իսկ հեռու՜-հեռվում, իրիկնահովի մեջ, ճերմակին է տալիս Ցեխծյորի մեծ ճանապարհը, ձգվում, բռան մեջ է անում Խաչենի հովտի բարձունքները….

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *