Արայիկ Մանուկյան | Աբդոն

Արայիկ Մանուկյան(Կինոպատում)

Առավոտ ծեգին անապատի սիրահար արեւը՝ հեզորեն շոյելով ամպերի կտորտանքները, անսանձ գուրգուրանքով փարվում էր խանձված հողաշերտերին:
Գոգավորությունների անհարթ գագաթները երեսառած խաղ էին անում լույսի ցոլարձակումների հետ:
Արեւի խարկումից գունաթափ փշերն իրենց աննշմար ստվերներում պահ էին տալիս կանաչավուն մողեսներին, որ ջերմից անշարժանում ու ծեփվում էին տաք քարակտորներին:
Թույլ քամին ավազախառն հողաթմբերի սպիտակ փոշին դեպի բլրակների գագաթներն էր հանում: Տեղ-տեղ անձրեւաջրերից գոյացած փոսորակների հայելիներն ալիքվում էին, ու անթարթ հայացքի ներքո թվում էր, թե անապատը շարժվում է:
Քարքարոտ երկու մեծ բլուրների միջնամասում հսկայական ճերմակ, սրածայր վրաններով ու կավածեփ տներով աշիրեթապետի ահռելի կալվածքն էր, ուր ապրում էր նրա բազմանդամ գերդաստանը:
Ամեն օր, երբ առավոտվա հեռու-հեռուներից լսվում էին գառների մայունները, Աբդոն անշտապ դուրս էր գալիս արեւից խամրած իր սպիտակավուն վրանից, ու մոտ երկու ժամ անապատը կտրող քարքարոտ ճանապարհով քայլում էր դեպի հորիզոնի ամպակույտերի տակ ծվարած կավե տանիքները:
Այնտեղ, անապատից դեպի հարավ-արեւելք, մոտակա գյուղերի սահմաններից մոտ երեք հազար ոտնաչափ այն կողմ աշիրեթապետի տոհմական արոտներն էին, ուր կենում էին հարյուրավոր կովեր, այծեր, գառների, ոչխարների սուրուներ:
Տասներեք տարեկան Աբդոն աշիրեթապետի տասնութ զավակներից միջնեկների շարքում էր: Գերդաստանի կարգով նրան էր տրված առավոտ կանուխ, երբ լույսն ու մութը դեռ սիրախաղի մեջ էին, հասնել աշիրեթապետի գառնարածներին ու կթվորներին, ու այծերի առավոտվա թարմ կթած կաթը հասցնել իր տասնյոթ եղբայրներին ու տասներկու քույրերին:
Աբդոյի բոլոր եղբայրներն ու քույրերն էլ, բացի ամենափոքրերից, որ առանձին խնամքի էին տրված, իրենց պարտականություններն ունեին, որ կարգված էին աշիրեթապետի անբեկանելի հրամաններով:
Աբդոն սովոր էր անապատի երկար, միապաղաղ ճանապարհին: Աբդոն գնում էր ձեռքն իր սիրուն ավանակի մեջքին, մտքում իր հավատարիմ ավանակի հետ զրույցի բռնված: Գառնարածներն ու կթվորները, որ հիմնականում Աբդոյի ազգակիցներն էին՝ արաբներ ու մի քանի քուրդ, սիրում էին Աբդոյին, ու երբ Աբդոն հասնում էր արոտներին, կաթի հսկայական ամաններն արդեն պատրաստ էին ավանակին բեռնելու համար:
Կեսօրին, երբ արեւն ընդհուպ մոտենում էր վրանների տանիքներին, քամին հեռուների խուլ ձայների հետ նաեւ անապատի կրակն էր բերում դեպի ճերմակ, սրածայր վրաններն ու կավածեփ միահարկ տները, ու տապը վրաններում ավելի էր սաստկանում:
Աշիրեթապետի ահռելի վրանը՝ կալվածքի կենտրոնում մեծ, անթարթ աչքի էր նման, որ նայում էր անապատի անսահմանությանն ու չնշմարվող հեռուներին:
Աշիրաթապետը դանդաղ, կարծես մտքերը երկար կշռադատելով, անհանգիստ ու ծանրաքայլ գնում-գալիս էր տոթ վրանի ներսում: Խոժոռ հայացքը երբեմն-երբեմն հառում էր դեպի անապատի կողմը, թեպետ դիմացը վրանի թույլ քամուց օրօրվող պատն էր, որից կախված մուգ կանաչ մետաքսի վրա իր մեծ գերդաստանի սեւ-սպիտակ, մաշված փոքրիկ լուսանկարն էր՝ հին, փայտե շրջանակի մեջ, ոսկեգույն մետաքսով երիզված:
Աշիրեթապետը, որ իմաստուն, զուսպ, հավասարակշիռ մարդ էր, հանկարծ ջղաձիգ մի շարժումով շրջվեց ու ձայնեց իր օգնականին, որ արդեն քսանհինգ տարի հավատարմորեն ծառայում էր կալվածքում.
-Ֆարե~ս.
Օգնականն անմիջապես ներս մտավ, գլուխ տվեց ու անձայն կանգնեց իր իմաստուն տիրոջ առաջ: Աշիրեթապետը հայացքը կախ շարունակում էր քայլել ու կարծես չնկատեց ներս մտածին: Ֆարեսը սովորականի պես սպասում էր առաջնորդի հրամանին, բայց հասցրեց զգալ, որ աշիրեթապետը շատ անհանգիստ էր, պահվածքն էլ ամեն օրվա պես չէր: Այո, Ֆարեսն այդպես նրան երբեք չէր տեսել: Նրանք բազում փորձությունների միջով էին անցել, բայց Ֆարեսն իր տիրոջը երբեք այդպես չէր տեսել: Ինչ որ բան է՞ր պատահել: Ինչի՞ մասին էր այդպես անհանգիստ մտածում աշիրեթապետը:
Հանկարծ աշիրեթապետն ուղիղ նայեց Ֆարեսի աչքերին: Լարվեց, բերանը ձգվեց մի փոքր, կարծես վճիռ արտաբերելու շեմին էր: Արդյո՞ք պիտի կայացնի վճիռը: Արդյո՞ք ժամանակն է: Արդյո՞ք ճիշտ է վարվում: Հայացքից երեւում էր, որ հոգին փոթորկվում էր, ներսը տակնուվրա էր լինում, մտքերը ցրվում էին անապատի խորքերի մեջ:
-Ֆարես,-ասաց ցեղապետը,- ինձ մոտ կանչիր Աբդոյին ու Սամրաին: Շուտ կանչիր: Վերադարձել է՞ Աբդոն: Հասկացա՞ր,-ֆարես,-մի վայրկյանի մեջ նորից կրկնեց աշիրեթապետը՝ լարված, շփոթված, ջղային:
Ի՞նչ էր պատահել: Ֆարեսը մի պահ հապաղեց, ուզում էր հարց տալ ցեղապետին, բայց չհամարձակվեց ու շտապ դուրս եկավ վրանից: Քրտնել էր՝ տոթից, թե՝ պահի անորոշությունից:
Ի՞նչ կարող էր պատահած լինել Աբդոյի ու Սամրաի հետ,- մտածեց ֆարեսը: Նրանք աշիրեթապետի սիրելիներից էին՝ խոհեմ, խոնարհ, համեստ, աշխատող: Զուսպ էին, երբեք ոչ մի վատ բան չէին արել: Նրանց ձայնը ոչ ոք չէր լսել: Բարկացա՞ծ էր, արդյոք. աշիրեթապետը: Ինչո՞ւ: Ֆարեսը չկարողացավ հասկանալ:
Րոպեներ անց Աբդոն ու Սամրան Ֆարեսի ուղեկցությամբ մտան աշիրեթապետի մոտ, թեթեւ գլուխ տվեցին ու կանգնեցին նրա առաջ: Աբդոն սեւ, խոշոր, նշաձեւ աչքերով, ունքերն աչքերի երկարությամբ՝ հավասար, թուխ մաշկն արեւից ու անապատից ավելի խանձված: Աբդոյի մազերը սեւ, պինդ սեւ մազեր էին՝ ճակատին խռնված: Երկար, սպիտակ հագուստն ու կարմրագույն փաթթոցն ավելի էին ընդգծում սեւ աչքերն ու արեւից խանձված մաշկը:
Սամրան էլ թուխ էր, գեղեցիկ, ընդգծված դիմագծերով, մի քիչ հաստ շուրթերով: Երկար մազերի մի փոքրիկ փունջն էլ միշտ փաթթոցի տակից դուրսպրծած էր լայն ճակատի վրա: Նրան իր թուխ լինելու համար էին հենց Սամրա կոչել: Քույր ու եղբայր լուռ կանգնած էին աշիրեթապետի առջեւ:
Օգնականն ուզում էր գլուխ տալ ու հեռանալ:
-Մնա, Ֆարես:
Աշիարեթապետը շարունակում էր քայլել: Ձեռքերը մեջքին անհանգիստ շարժելով լուռ քայլում էր վրանի ներսում: Լռությունը երկարում էր: Աբդոն ու Սամրան անթարթ աչքերով նայում էին նրան: Իրենց գերադաստանի ղեկավարի հետ այս հանդիպմանը չէին սպասում: Ի՞նչ պիտի ասեր իրենց աշիրեթապետը: Իրենք խելոք, անտրտունջ իրենց գործին էին: Աբդոն, թեեւ տասներեք տարեկան էր, բայց իր ծառայությանն էր:
Ամեն օր անապատի ավազաթմբերի միջով կտրում, անցնում էր հսկայական ճանապարհը: Քարերն ու սպիտակավուն, սրածայր կոշտուկները երբեմն վնասում էին ոտքերը, արեւը խանձում էր մաշկը: Հեշտ չէր:
Սամրան էլ խնամում էր իր ավելի փոքր քույրերին: Սամրան էլ տասներեք տարեկան էր, բայց իր բազմաթիվ քույրերի ու եղբայրների համար մոր նման էր: Նրանք Սամրաին շատ էին սիրում:
Աբդոն ու Սամրան չգիտեին իրենց անելիքն ու սպասում էին աշիրեթապետի խոսքին: Ֆարեսն էլ շփոթված էր: Լավ էր ճանաչում իր տիրոջը, գիտեր, որ նա ինչ որ բան ունի ասելու:
Աշիրեթապետը միանգամից շրջվեց ու առանց մտածելու հարցրեց Աբդոյին.
-Դու ինձ սիրում ե՞ս, Աբդո:
Աբդոն լռության մեջ հանկարծակիի եկավ: Չսիրելու պատճառ չուներ: Իրենց մեծ գերդաստանում ինքը բոլորին սիրում էր, ինքը բոլորի նկատմամբ հոգատար էր, գործն էլ միշտ անում էր սիրով ու ժամանակին: Երբեք չէր տրտնջացել:
-Աբդո, -առանց պատասխանի սպասելու ասաց աշիրաթապետը,- դու գիտե՞ս, որ դու հայ ես, Աբդո, դու արաբ չես, դու իմ զավակը չես, իմ արյունը չես, դու մեր գերդաստանից չես ու Սամրան քո քույրը չի, Աբդո: Սամրան էլ հայ է, արաբ չէ, իմ աղջիկը չէ: Դուք հայեր եք Աբդո:
Աշիրեթապետը սա ասաց շատ արագ, առանց դադարի, շտապ, թեեւ ինքը միշտ խոսում էր դանդաղ, երկար դադարներով: Այդպես երբեք չէր խոսել: Ասաց ու նայեց Աբդոյի դեմքին, հետո հայացքը հառեց վրանի մետաքսազօծ պատի շրջանակված լուսանկարին, որի հնության ծալքերը սպիների էին նման:
Ֆարեսը, որ գիտեր այս գերդաստանի բոլոր գաղտնիքները, այլայլվեց: Ֆարեսն ամեն ինչի սպասում էր, բայց երբեք չէր մտածի, որ ցեղապետը կարող է այդ մասին խոսել: Այդ մասին խոսելն արգելված էր կալվածքում: Այդ մասին գիտեին միայն աշիրեթապետն ու Ֆարեսը, ու երեք կին աշիրեթապետի հսկայական գերդաստանից: Գիտեր նաեւ աշիրեթապետի կրտսեր եղբայրը, բայց նրանցից ոչ մեկը երբեք համարձակություն չէր ունեցել խախտել այդ մասին խոսելու արգելքը: Եթե որեւէ մեկն այդ մասին խոսեր, պատիժն անդառնալի կլիներ: Լռության ուխտը գերդաստանում պատվախնդրության հարց էր:
Աբդոն շփոթված էր, Աբդոն չէր հասկանում ինչ է կատարվում, ինչի մասին է խոսում աշիրեթապետը: Աբդոն չգիտեր, ովքեր են հայերը, ինքը երբեք հայ չէր տեսել: Ինքը մեծացել էր անապատի ճերմակ վրանների ու կավածեփ տների մեջ: Իր գնացած ճանապարհը միայն դեպի արոտներն էին, իր ճանաչած մարդիկ իր արաբ եղբայրներն էին, քուրդ ծանոթները:
Աբդոն Սամրաին շատ էր սիրում: Սամրան իր քույրն էր, իր տասներկու քույրերից մեկը: Ինչպե՞ս Սամրան իր քույրը չէ: Ի՞նչ էր ասում աշիրեթապետը:
Սամրան էլ լուռ էր: Գլուխը կախ, կիսաշեղ, աչքի տակով նայում էր Աբդոյին: Այդ խոշոր աչքերը գրեթե չէին երեւում:
-Դուք հայեր եք, Աբդո: Դուք հայեր եք, Սամրա,-կրկնեց աշիրեթապետը: Դուք չգիտեք ովքեր են հայերը: Տասնմեկ տարի առաջ, 15 թվին, այս կողմերում մեծ աղետ էր: Մեր հարեւան թուրքերը հարյուր հազարավոր ձեր հայերի բերեցին այս կողմերը: Բերեցին անապատ: Դուք դեռ չգիտեք, թե ինչ է 15 թիվը: Դուք այդ ժամանակ մեկ տարեկան էիք: Ձեր հայերին թուրքերը բերում էին մեր անապատը, իրիկնամուտին սպանում էին, լցնում ավազափոսերի մեջ ու գիշերադեմին հեռանում:
Քեզ բերել էին Ուրֆայից, Աբդո: Ձեր քարավանի մարդկանց բոլորին սպանել էին: Հարյուրներով մարդիկ էին՝ կանայք, երեխաներ: Գիտեմ Աբդո, այդ անունը քեզ ոչինչ չի ասում:
Այդ օրը Ֆարեսը վերադառնում էր արոտներից: Գիշերով էր ճանապարհ ընկել, որ թուրքերի զինվորականների հետ չհանդիպեր: Իրիկնամուտի մոտ թուրքերն անապատ էին բերել հայերի հերթական խմբաքանակը: Նրանք բոլորին սպանել էին, լցրել ավազափոսերի մեջ ու գիշերադեմին հեռացել: Անապատի լռության մեջ Ֆարեսը ձայներ էր լսել: Կարծել էր, թե քամիների խուլ ձայներն են, որ միշտ կան անապատում, բայց գնալով ձայնը երեխայի լացի ձայնի էր նմանվել: Երբ մոտեցել էր ճանապարհի եզրի ավազաթմբերին, ավազափոսի մեջ գտել էր ոտքերը նախշազարդ, ճերմակ սավանով ամուր կապված մի երեխայի ու ավազափոսի մոտ կողքանց պառկած մի թուխ փոքրիկի, որ կոշտ քարը դեպի բերանն էր տանում լաց լինում: Ֆարեսը երեխաներին շտապ բերել էր մեզ մոտ: Այդ երեխաները դուք էիք, Աբդո: Դու ու Սամրան: Պարզ էր, որ դուք հայեր եք: Ձեր ոտքերին կոշտ թելերով փոքրիկ լաթերի կտորներ էին փաթաթված: Այդ կտորների մեջ գրված էր մեկ թիվը ու ինչ որ նշաններ էին: Ամեն ինչ հուշում էր, որ դրանք ձեր մասին ինչ որ բան են ասում: Մենք ձեզ կոչեցինք Աբդո ու Սամրա: Երեք տարի անց, ես գտա մի հայի, որ փրկվել էր թուրքերի ջարդից ու ծվարել անապատի մոտի գյուղերից մեկում: Խնդրեցի նայել կտորների վրայի նշաններին: Նա ասաց, որ դրանք հայերեն տառեր են ու որ այդտեղ գրված են անուններ. Մինաս, Ծաղկանույշ: Քո անունը Մինաս է Աբդո, քո անունը Ծաղկանույշ՝ Սամրա: Դուք այն ժամանակ մեկ տարեկան էիք:
Ֆարեսը կարծես քարից մարդ լիներ: Ամբողջ ժամանակ անշարժ կանգնել ու կարկամած լսում էր: Տասնմեկ տարի առաջվա գիշերային անապատի խուլ ոռնոցն ու երեխայի լացի ձայնը կարծես նորից էր լսում: Աբդոյի խոշոր աչքերն ու Սամրաի արցունքախառը, ավազոտ թուխ այտերը աչքի առաջ էին: Սպիտակ ասեղնագործ, զարդանախշ սավանը, որով կապված էր Աբդոն, գիշերվա խավարի մեջ անգամ պարզորոշ նշմարվում էր: Ինքն այս շրջադարձին չէր սպասում: Ինչո՞ւ: Ի՞նչ էր պատահել: Ինչո՞ւ էր աշիրեթապետը որոշել այս մասին հայտնել Աբդոյին ու Սամրաին:
Աշիրեթապետը շարունակում էր լուռ քայլել՝ նայելով վրանի գորգապատ հատակին : Մոտեցավ մեծ, ձվաձեւ սեղանին, որ նույնպես ծածկված էր ոսկեգույն մետաքսով, վերցրեց կավե ամանով ջուրը: Աբդոն ու Սամրան սեւեռուն հայացքներով նայում էին աշիրեթապետին: Աբդոյի սեւ, խոշոր աչքերը սառն էին, անթարթ: Սամրան անհաղորդ էր:
-Սա իմ գերդաստանի մեծ գաղտնիքն էր, Մինաս,-Աբդոյին դիմեց աշիրեթապետը: Մինասը մի պահ կարծես սթափվեց, բայց չարձագանքեց: Անունին սովոր չէր: Դեռ ուզում էր հասկանալ կատարվածը:

-Այդ օրվանից մեկ շաբաթ հետո,- շարունակեց աշիրեթապետը,- մեր տուն եկավ մի թուրք ու ինձ հետ հանդիպում խնդրեց: Նա ասաց, որ օրեր առաջ եղել է այս կողմերում, տեսել է, որ մի մարդ անապատից երեխաների է բերել դեպի այս վրանները, եւ ուզում է պատմել այդ երեխաների պատմությունը: Թուրքը զինվորական էր: Նա պատմեց, որ ինքն է հայերի քարավաններից մեկը Ուրֆայից դեպի անապատ ուղեկցել: Ամբողջ ճանապարհին մի կին, որ ոչ մի վայրկյան չի հեռացել իր կողքից, իրեն անվերջ խնդրել, աղերսել է, որ իր փոքրիկ տղային չսպանեն: Թուրքն ասաց, որ ինքը որոշել է փրկել այդ երեխային: Ինքը ոչ մի հայի չի սպանել: Ինքն Ուրֆայում է ծառայել, շատ հայերի է ճանաչել: Ապրել է այդ կնոջ թաղում, ճանաչել է այդ կնոջ ամուսնուն, թեեւ նրան քարավանի մեջ չի տեսել: Բայց ասաց, որ չի պատկերացրել, թե ինչպես կարող է նրա երեխային փրկել, ու ամբողջ ճանապարհին միջոցներ է փնտրել: Ինքն այդ կնոջը ոչինչ չի ասել, երեխայի հետ անընդհատ հրել է դեպի քարավանը, քանի որ ինքն էլ միշտ այլ զինվորականների հսկողության տակ է եղել:
Թուրքերն այդ օրը նաեւ Էրզրումից են անապատի այդ հատված հայերի բերել: Զինվորականն ասաց, որ երբ իրենց կանգառի հրաման է տրվել, կարգադրվել է հավաքել բոլոր տղամարդկանց, որոնց, սովորաբար, առաջինն էին սպանում, ու քշել դեպի մոտակա բլուրի ստորոտը: Այդ պահին ինքը նկատել է, որ Էրզրումի հայերից երիտասարդ մի կին՝ դեմքով դեպի ավազաթումբը ամուր պառկած, ձեռքերով աննկատ փորում է ավազահողը: Երբ գնդակահարող զինվորները գնացել են դեպի բլուրի ստորոտի տակ լցված տղամարդկանց կույտերը, ինքը տեսել է, որ այդ կինն իր երեխային մտցնում է իր ձեռքով փորած փոսի մեջ ու ծածկում ավազով: Երբ սկսվել են անկանոն կրակոցները, ինքը հասկացել է, որ այդ պահին միայն կարող է փրկել այն կնոջ երեխային, ով ամբողջ ճանապարհին իրեն աղերսել էր չսպանել իր երեխային:
Թուրքն ասաց, որ ինքն աղմուկ-աղաղակի ու խառնաշփոթի մեջ մոր ձեռքից խլել է սպիտակ սավանով ոտքերից պինդ փաթաթված երեխային ու գլխիվայր բռնած վազել դեպի այն ավազաթումբը, որտեղ էրզրումցի կինն իր երեխային էր պահել: Ուրֆացի կինը ուժասպառ ընկել է գետնին, հավանաբար կորցրել է գիտակցությունը, մտածելով, որ ինքը, միեւնույն է, թուրք է ու սպանելու է իր երեխային:
Իսկ Էրզրումցի կինը, որ նկատել է, թե ինչպես է ինչ որ երեխայի գլխիվայր բռնած թուրք զինվորականը մոտենում իրեն, կարծել է, թե թուրքը մոտենում է իր երեխային էլ խլելու ու ճչալով պինդ պառկել է ավազաթմբի վրա:
Թուրքն ասաց, որ ինքը հրացանի փողով կարողացել է ավազաթումբը գրկած կնոջը դեն շպրտել ավազաթմբի վրայից՝ կրակելով նրա ոտքին՝ կասկածի տեղիք չտալու համար ու իր մոտ գտնվող երեխային խցկել է այդ փոքրիկ փոսի մեջ:
Գիշերվան մոտ, հեռանալու պահին, երբ բոլոր մեռելներն արդեն ավազափոսերի մեջ էին շպրտված ու ծածկված էին անապատի գորշ ավազահողով, ինքը կարողացել է մի քանի րոպե դադար տալ դեպի մեր կողմերը եկող ճանապարհի մի մեծ հողաբլուրի հետեւում, որ փորձի այդ երեխաներին հանել ավազափոսից, որ շնչահեղձ չլինեն, ու տեսել է, թե ինչպես է երեխաներից մեկը դուրս գալիս փոսից պառկում քարքարոտ հողին՝ կողքից կողք շրջվելով: Վախենում էր, որ հեռացող թուրք զինվորականները, որ թեեւ հեռու էին, կլսեն երեխայի լացի ձայնը ու ետ կգան եւ հանկարծ տեսնում է, որ դիմացից մի մարդ մոտենում այդ ավազաթմբին, հանում փոսի մեջ մնացած երեխային ու երկուսին միասին տանում դեպի սպիտակ վրանները:
Վրանի սրածայր գագաթի տակ նորից լռություն տիրեց: Աշիրեթապետը նորից անձայն քայլում էր, բայց դեմքի լարվածությունը չկար, հոգին կարծես խաղաղվել էր: Հանկարծ թեթեւակի ժպտաց, նայեց երեխաներին ու ասաց.
-Դուք պիտի ամուսնանաք, պիտի շարունակեք ձեր ցեղը: Ձեզ սպանել են հարյուր հազարներով, դուք պիտի ամուսնանաք, դուք շատ զավակներ պիտի ունենաք Մինաս: Ծաղկանույշ, դու շատ երեխաներ պիտի ունենաս: Լավ մարդիկ են հայերը: Հիմա մեր կողմերում շատ հայեր կան, որ այս տարածքներում մնացին 15 ից հետո: Նրանք բոլորն էլ աշխատող, արարող մարդիկ են: Ես կարող էի ձեզ չպատմել այս պատմությունը, բայց ես ուզում եմ, որ դուք ձեր ազգի հետ լինեք: Դուք հայ եք ծնվել Մինաս, Ծաղկանույշ: Դուք չեք կարող արաբ լինել: Դուք չեք կարող արաբ ապրել:
Աշիրեթապետը կարծես խոսքն ավարտեց: Նա ոչինչ չհարցրեց Մինասին կամ Ծաղկանույշին, նրանց պատասխանին չսպասեց ու շրջվեց դեպի Ֆարեսը.
-Ֆարես, գնա մոտակա գյուղերը: Դեպի Հալեպ տանող ճանապարհի գյուղերում շատ հայեր կան: Հարցրու, փնտրիր հայերի քահանային, խնդրիր, բեր, որ Մինասին ու Ծաղկանույշին ամուսնացնի:
Ֆարեսը նայեց աշիրեթապետին:
-Հենց հիմա գնա, Ֆարես, հենց հիմա, հենց հիմա մենք պիտի Մինասին ու Ծաղկանույշին պսակենք: Նրանք շատ երեխաներ պիտի ունենան: Ես Մինասին ու Ծաղկանույշին ազատ արձակելու հրաման եմ տալու: Նրանք պիտի ինքնուրույն ապրեն: Պիտի ստեղծեն իրենց օջախը: Պիտի հայերեն սովորեն: Ասա, որ մեծ սեղաններ բացեն: Ասա, որ ավանակները բեռնեն:
Ֆարեսը կարծես խառնել էր ժամանակները, շփոթված էր: Չգիտեր ուրախ է, թե տխուր: Չէր հասկանում աշիրեթապետի այս որոշման պատճառները: Կարծես ոչինչ չէր հասկանում կատարվածից: Դուրս եկավ աշիրեթապետի մյուս օգնականների մոտ, ասաց, որ ալյուր, միս, բրինձ, յուղ, շաքար ու էլի ինչ որ բաներ պատրաստեն՝ ավանակներին բեռնելու համար: Լուրն արագ տարածվեց աշիրեթապետի կալվածքում: Կատարվածին չէին հավատում: Բոլորն ուզում էին տեսնել Աբդոյին ու Սամրաին: Նրանք կարծես երկնքից էին ընկել, կարծես այդ գերդաստանի անդամները չէին եղել, բոլորն ուզում էին նայել նրանց աչքերին: Մինասն ու Ծաղկանույշը լուռ էին: Նրանք նստել էին կալվածքի մեծ վրաններից մեկում, որտեղ բոլոր երեխաներն էին, իրենք քույրերն ու եղբայրները:
Իրիկնամուտին հայ քահանան արաբախոս մի հայի ու ֆարեսի ուղեկցությամբ մտավ աշիրեթապետի վրանը: Ֆարեսը գլուխ տվեց ու հեռացավ: Աշիրեթապետն ու քահանան մի քանի խոսք փոխանակեցին արաբախոս հայի միջոցով՝ կանգնած աշիրեթապետի գերդաստանի լուսանկարի առաջ: Հետո նրանք դուրս եկան վրանից ու քայլեցին դեպի աշիրեթապետի կալվածքի հանդիսությունների վրանը, որտեղ ողջ գերդաստանը՝ Մինասի ու Ծաղկանույշի հետ ճոխ սեղանների շուրջ սպասում էր աշիրեթապետին:
-Օրհնիր այս սեղանները, տեր հայր,- ասաց աշիրեթապետը:
Քահանան հայերեն աղոթք ասաց, հետո բոլորը նստեցին ու սպասում էին աշիրեթապետի խոսքին:
-Ես փրկել եմ այս երեխաներին, տեր հայր,- ասաց աշիրեթապետը եւ տասնմեկ տարի ես նրանց պահել եմ իմ զավակների պես: Ես կարող էի նրանց պահել այնքան, որքան Տերը կամենար: Նրանք կարող էին մշտապես ապրել իմ գերդաստանում: Նրանք ազնիվ են ու խոհեմ: Իմ գերդաստանում բոլորը սիրում են նրանց: Բայց իմ խիղճն այլեւս հանգիստ չէր ինքն իր հետ: Այս գաղտնիքն ամեն օր անապատի քամիների հետ գալիս էր դեպի ինձ: Անապատի բոլոր ձայներն ինձ համար լացի ձայներ էին, երեխայի լացի ձայներ, ու արդեն տասնմեկ տարի այդ ձայներն ինձ հանգիստ չէին տալիս: Ես ամեն օր նայում էի նրանց հայի աչքերին ու ամեն օր նրանց հայի անուններն իմ մտքում էին: Ամուսնացրու նրանց տեր հայր ձեր հայերի ծեսերով, որ նրանք հայ երեխաներ ունենան:
Քահանան օրհնում էր Մինասի ու Ծաղկանույշի պսակը: Քահանայի երգի ձայնը դուրս էր գալիս սպիտակ վրանի պատերից ու տարածվում անապատի մթնշաղի մեջ:
Երբ քահանան ավարտեց ծեսը, աշիրեթապետը մոտեցավ ֆարեսին, որ աշիրեթապետի վրանից բերել էր մետաքսազօծ փայտե մեծ շրջանակով աշիրեթապետի գերդաստանի սեւ-սպիտակ, մաշված լուսանկարը:
-Այս լուսանկարը մեր գերդաստանի հետ կապ չունի: Սա Մինասի գերդաստանի լուսանկարն է: Այս լուսանկարը գտանք, երբ քանդեցինք սպիտակ, նախշազարդ սավանի կապը, որով մինչեւ թեւատակերը ամուր փաթաթված էր Մինասը: Այն Մինասի մեջքին էր:
Ես տասնմեկ տարի նայել եմ այս լուսանկարին: Նայել եմ այս մարդկանց աչքերին: Ես անընդհատ խոսել եմ նրանց հետ: Այս լուսանկարը Մինասի միակ ունեցվածքն է իր գերդաստանից մնացած:
Հետո աշիրեթապետը քանդեց մետաքսե մի կապոց, որի մեջ սպիտակ, ասեղնագործ սավանն էր ու երկու փոքրիկ լաթեր, որոնց վրա հայերեն տառերով գրված էր 1, Մինաս, Ուրֆա, ծն. 1914, 1, Ծաղկանուշ, Էրզրում, ծն. 1914:
-Սրանք այն սրբություններն են, որոնց վրա պիտի կառուցեք ձեր ընտանիքը Մինաս: Սրանք ձեր մայրերից մնացած հիշատակներն են:
Քահանան մոտեցավ Մինասին ու Ծաղկանույշին, խնդրեց, որ նրանք իրենց ձեռքն առնեն սպիտակ սավանն ու փոքրիկ, սպիտակ կտորները ու քահանայի արծաթե խաչը սահեց սպիտակ զարդանախշ կտորին մեղմորեն հպվելով: Քահանայի խոսքի հնչյունները ճրագների լույսի հետ գնում էին դեպի անապատի խորքերը: Շուտով լուսանալու էր ու անապատի հեռուներից լսվելու էին Մինասին հարազատ գառների մայունները:
Մինասն ու Ծաղկանույշն ապրեցին դեպի Հալեպ տանող ճանապարհի գյուղերից մեկում, հայ ջաղացպանի տան հարեւանությամբ, իրենց փոքրիկ փայտաշեն տանը, որ աշիրեթապետի նվերն էր: Մինասը միայնակ ջաղացպանի մոտ ծառայության մտավ: Գյուղում նաեւ Ուրֆացի հայերի ու ասորիների ընտանիքներ կային, որոնց հետ երեկոների զովին խմբվում էին կարճահասակ ծառերի ստվերների տակ ու ամեն մեկն իր պատմությունն էր պատմում: Մինասն ու Ծաղկանույշը հայերեն չէին խոսում ու ուշ երեկոներին, երբ վառվում էին ճրագները, Մինասն ու Ծաղկանույշը նստում էին ջաղացպանի կողքին ու միասին կրկնում հայերեն տառերը: Հետո ջաղացպանը Ուրֆացի մի վարժապետի գտավ, ով կանոնավոր հայերեն էր սովորեցնում Մինասին ու Ծաղկանույշին: Ուրֆացի բոլոր հայ ընտանիքներին Մինասն անհամբեր ցույց էր տալիս իր գերդաստանի մեծ լուսանկարը՝ հույսով, որ որեւէ բան կիմանա իր նախնիների մասին: Մինասն ու Ծաղկանույշը հինգ երեխա ունեցան:
Երեւանյան բարձրահարկի փոքրիկ բնակարանի խոհանոցի սեղանին վառվում էր Ծննդյան գիրվա ծիրանին տվող մոմը: Խարբերդցի շառավիղի հարսը՝ ուրախ-զվարթ, իր պատրաստած ուտեստներն էր դնում սեղանին: Պատուհանից երեւում էին օտարանուն հայտնի հյուրանոցի կարմիր նեոնային լուսագրերը, ու խարբերդցի հարսը հիշում էր իր հայրիկին, որ գրիչը պիջակի ծոցագրպանում քայլում էր Հալեպի փողոցներով, հատիկ, հատիկ կարդում փողոցների պատերին փակցված տպագիր հայատառ հայտարարություններն ու իր գրիչով ուղղում բոլոր տառասխալները:
Ծննդյան գիշերվան մնացել էր երեք-չորս ժամ: Փոքրիկ Լիլիթը՝ սեւաչ, կատարյալ մի գեղեցկուհի, պատուհանից նայում էր գիշերային Երեւանի լույսերին ու հարցնում հորը.
-Հայրիկ, դուն Հալեպ կասեիր, որ կաղանդ պապին Հայաստանեն կուգա: Հիմա պիտի գա՞ կաղանդ պապին:
Հայրը, Մինասը, Աբդոյի Մկրտիչ որդու տղան էր…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *