Անուշ Մարգարյան | Արևային անձրևաթիկա

Անուշ Մարգարյան

-------------------------. (1)Մի անգամ այնպես պատահեց, որ արևն իր շողիկները խճճեց և այնքան հուսահատվեց, որ սկսեց աղիողորմ անձրևել:
– Հապա մի վեր նայե՛ք, արևային անձրևաթիկայի դասաժամն է,- առվակից դուրս ցատկեց մի փոքրիկ գորտ ու մնացած գորտերի հետ ուրախ-ուրախ կռկռոցով սկսեցին անձրևաթիկայի դասը:
– 2 ճլմփոց անգամ 3 ճլմփոց հավասար է 6 ուժգին ճլմփոց, 6 ճլմփոց գումարած 506 ուժգին ճլմփոց հավասար է մի մեծ առվակ:
Եվ այսպես շարունակ: Բայց արի ու տես, որ արևն իր ճառագայթներն այնպես էր խճճել, որ լացը չէր զսպում, և ողջ դասացուցակը խառնվել էր իրար: Այդպես էլ արևային անձրևաթիկայի դասաժամը երկարեց, ու մի մեծ լճակ գոյացավ:
«Այս ի՞նչ տարօրինակ դասաժամ է, շուտով բոլորը ջրասույզ կլինեն»,- մտածեց արևագործ աղջիկը, հետո հագավ իր գունավոր լողակաթևերն ու ճլմփոցով սուզվեց լճակի խորքը:
– Ընկեր ձկնե՛ր, հարգելի խեցգետինն՛եր ու կռկռան գորտե՛ր, արևը ողջ դասացուցակը խառնել է իրար, եթե մի հնար չգտնենք, շուտով բոլորս ու նաև մեր ցամաքային ընկերները փորձանքի մեջ կհայտնվենք,- ասաց նա ու չնկատեց, թե ինչպես մեկ վայրկյանում բոլորն իրենց պոչը քաշեցին ու շփոթված պուկ փախան այս ու այն կողմ: Փոքրիկ արևագործը լճակից դուրս ցատկեց, նստեց ամպիկի ավտոբուսը, որ 5 անիվ ուներ և հրթիռի արագությամբ սլացավ արևի դպրոց: Հենց որ տեղ հասավ, կարեկցանքով նայեց արևի ծվեն-ծվեն եղած ճառագայթներին ու որոշեց ամեն գնով օգնել նրան:
– Ձերդ պայծառափայլությու՛ն,- չափից դուրս հարգալից տոնով սկսեց արևագործ աղջիկը,- բավական է անձրևեք, ներքևում իսկական քաոս է, ողջ դասացուցակը խառնվել է իրար: Այսպես որ գնա, բոլորս շուտով ջրասույզ կլինենք:
– Ախր ի՞նչ կարող եմ անել,-աղիողորմ գանգատվեց արևը,- ո՜ղջ ճառագայթներս խճճվել են, ինչքան փորձեցի ուղղել, միևնու՛յնն է, ջանքերս ապարդյուն են:
Արևագործն ի սրտե խղճաց արևին, խճճված ճառագայթները հարդարեց ու գեղեցիկ հյուսեր արեց: Իսկ հետո ճարպիկ ցատկով կախվեց նրա ոսկեշող հյուսերից և այնպես ծիծաղեց, որ ամպրոպային տրամադրությունն իսկույն չքվեց ու անձրևաթիկայի դասաժամն ի վերջո ավարտվեց:
– Վե՛րջ,- զվարթ բացականչեց աղջիկը և դեղատոմս նշանակեց,- եթե նորից կխճճվեն ճառագայթները՝ տխրությունը գլուխկոնծի շուռ կտաք, ա՜յ այսպես, որ դասացուցակը նորից չխախտվի,- շարունակեց աղջիկն և գլուխկոնծի տվեց: Ու քանի որ անձրևաթիկայի դասաժամից անմիջապես հետո ծիածանափայլության դասն էր, արևագործն արևին հրաժեշտ տվեց ու յոթնագույն կամարով սահեց ներքև: Իսկ ներքևում նրան սպասում էին մտերիմ ընկերների ծիածանագույն գրկախառնություններն ու համբույրները: Իսկ ավելի ուշ սկսվեց աստղազարդության դասաժամը, ու հարազատ առվակի եզրին արևագործ աղջիկն իր պոչավոր ընկերների հետ փայլփլուն աստղերով զարդարեցին երկինքն ու ամեն մեկի մեջ մի նվիրական երազանք պահեցին:

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *