Արմեն Պետրոսյան | Դեֆիցիտը հաղթահարող հայի կերպարը

Արմեն Պետրոսյան

Բազմաթիվ անեկդոտներ սկսվում են այսպես՝ «Հայը, ռուսը, վրացին, ադրբեջանցին…», որոնք ընկնում են դժվար իրադրության մեջ և աշխատում դուրս գալ ըստ իրենց շնորհների:

Այժմ պատկերացնենք, որ հասարակության մեջ ինչ-որ բան, շատ անհրաժեշտ բան, իսկապես, պակասում է, չկա: Մեզ առավել մոտ ու հեշտ հասկանալին էներգիայի՝ էլեկտրականության, գազի, նավթի, բենզինի դեֆիցիտն է: Ինչպիսի՞ լուծումներ կլինեն:
Հայկական մոդել
Հայը ճարում է վառելիքը՝ հայտնի կամ անհայտ, հնարավոր կամ անհնարին բոլոր ձևերով: Վառարան է սարքում տանը, կտրում է հարևանի կամ հասարակական այգու, անտառի ծառերը, Սևանի սիգը փոխում ադրբեջանական նավթով և այլն: Ակումուլյատոր է դնում և ընտանյոք հանդերձ դիտում «Պոլե չուդեսը»՝ ծիծաղելով անվառարան ու անակումուլյատոր հարևանի վրա:
Ադրբեջանական մոդել
Ադրբեջանցին ոչինչ չի անում, բայց նրա փոխարեն մտածում է առաջնորդը: Լուծումը հայտնի է՝ փնտրել բավարար չափով թույլ մի հարևան հանրություն և սեփական ժողովրդին կազմակերպելով գնալ ու նրանցից խլել ունեցվածքը:
Վրացական մոդել
Վրացին առաջնորդ չի ճանաչում, որին անառարկելիորեն ենթարկվի և որն իր փոխարեն մտածի: Լուծումը՝ դեֆիցիտի վերաբաշխումն է գողության ճանապարհով: Գողանում են բոլորը՝ իրարից ու վերաբաշխում:
Ռուսական մոդել
Ռուսը վերցնում է կացինը և գնում շրջկոմի քարտուղարի տուն՝ «Տուր, – ասում է, – ինձ նավթ, թե չէ գլուխդ կկտրեմ և Վանյային կդնեմ քո փոխարեն՝ նա քեզանից ավելի գանգրահեր է»:
Արևմտյան մոդել
Իշխանությունները չեն բավարարում՝ ժողովուրդը գնում է ընտրությունների և այլ իշխանություն ընտրում: Այս մոդելը մեզանում չի գործում և դեռ երկար չի գործելու՝ ընտրվելու են միայն եղածները:
Իհարկե, այս մոդելները կան բոլոր ազգերի մեջ, բայց առավել բնութագրական են հենց այս ազգերին: Դա են վկայում և՛ բանահյուսությունը, և՛ ազգագրությունը, և՛ պատմությունը: Հայերը՝ կառուցող, շինարար, ընդհուպ մինչև «շինիչ» ազգ են, դեֆիցիտի բնածին հաղթահարողներ: Եվ իզուր չէ, որ սովետական բանակի որոշ (շինարարական) վաշտերում դեֆիցիտ հաղթահարելու գծով մի հայ սերժանտ էր լինում (գոնե այդպես էր մեր կայազորում և այդպիսին էր տողերիս հեղինակի բանակային պաշտոնը): Հայերին հաղթողները հայերին տարել են իրենց երկրները, որ կառուցեն իրենց քաղաքները: Հայկական էպոսում էլ Սանասարն ու Բաղդասարը քաղաք են հիմնում անտեր ու անմշակ «Սև սարում»:
Թյուրքական ցեղերի պատմությունը բավական հայտնի է: Թուրքը լավ հարևան է մինչև շեյխ-ուլ-իսլամի՝ քեզ վրա հարձակվելու հրամանը: Հիանալի է ադրբեջանական էպոսը՝ «Քյոռօղլին», ուր գործողությունները ծավալվում են պատմական Հայաստանում, որը որոշ ադրբեջանաթուրք «քյոռօղլիագետների» լեզվով կոչվում է «Հարավային-Արևմտյան Ադրբեջան», իսկ կերպարները կրկնում են հայկական էպոսի կերպարները (այսինքն՝ նույնիսկ էպոսի հիմքը հայրենիքի հետ յուրացված է հայերից):
Վրացական էպիկական բանահյուսության հերոսները ազնիվ ավազակներ են՝ Ռոբին Հուդի տիպի, հասարակական արտադրության բաշխման սխալներն ուղղողներ: Բնութագրական է, որ «օրենքով գողերի» գլխաքանակով վրացիները և վրաստանցիները մեր աշխարհում զբաղեցնում են առաջին տեղը բոլորի մեջ, և նրանց ազգային շարժման նշանավոր առաջնորդ Ջաբա Իոսելիանին էլ մինչ այդ նշանավոր «օրենքով գող» է եղել:
Ռուսների պատմությունը սքանչելի է Ստեպան Ռազինի, Պյոտր Բոլոտնիկովի և Եմելյան Պուգաչովի ապստամբություններով, որոնք պսակվեցին լենինյան արշալույսով՝ երջանկացնելով նաև հարևան ազգերին:
Ո՞րն է լավը: Ո՞ր մոդելը: Բազում են ինգնագովության մոլուցքով վարակված «շինարար, ստեղծագործ հայերի» հայ կողմնակիցները, հատկապես հաջողված կամ ձախողված բանաստեղծների շրջանում: Բայց ո՞վ է հաջողության հասել: Նայեք վերոհիշյալ ազգերի տարածքային-քաղաքական-մշակութային կացությանը: Այսպես որ շարունակվի, «արարիչ» հայերին մի օր ամբողջովին կտանեն հարևանները՝ իրենց տներում ռուսական վառարաններ և ակումուլյատորներ դնելու: Փառք աստծու, որ շրջակա երկրներում նավթ դեռ շատ կա, իսկ ներկայումս հայերն իրենք են փախչում այլ երկրներ՝ այնտեղ առաջարկելու իրենց վառարանաշինական տաղանդը:
Իսկ ամենավատը, ըստ նույն որակավորման մտածողների, ռուսական մոդելն է: Նրանք սպանեցին իրենց թագավորին և, ընդհանրապես, այդ մոդելը նվազագույն քանակի պոեզիա է պարունակում: Կա կացին և ռայկոմ, չկա մտքի թռիչք:
Իսկ ո՞րն է հայի, ավելի շուտ՝ հայ տղամարդու ամենամեծ երջանկությունը: Բոլորովին էլ ոչ գեղեցիկ «նանարները» ինչպես նորմալ ազգերի մոտ: Ո՛չ, հազար անգամ ո՛չ, թեև հայ տղամարդը դեմ չի գլուխ գովելու համար մեկ-երկու սիրային արկած ունենալուն: Հայ տղամարդուն պետք է տուն, և նա իր ողջ կյանքն ու եռանդը կտա իր տունը վերակառուցելուն: Մանրահատակը փոխել, պատշգամբը «շուշաբանդել», թթվի լավ քար ճարել, «ռեմոնտ» անել և այլն, բայց ամենակարևորը, օ՜, ամենաչքնաղը՝ տան ներքին միջնորմների վերատեղադրումն է: Ամեն 27 քառակուսի մետրանոց բնակարան հնարավոր է վերածել 72 մետրանոցի, պետք է միայն համապատասխան քանակությամբ հայոց շինարար ոգի: Տվեք հային անմիջնորմ մի բնակարան, և նրան այլևս ոչինչ պետք չէ այս և հաջորդ կյանքերում հավերժական երջանկության համար: Ես չեմ հավատում, որ կա միջնորմների այդ «իկեբանան» հայի պես հասկացող ու գնահատող որևէ այլ ազգ: Բա «չուլանների» ու «չերդակների» հզոր ռոմանտիկա՞ն: Բա «կաֆե՞լը»: Բառերն այստեղ ավելորդ են:
Այսինքն՝ հայերը հակված են վերափոխելու, զարգացնելու հասարակական կառույցի իրենց սեփական հատվածը՝ ընտանիքի տարածքը: Իսկ հասարակական տարածքի հերն անիծած, մանավանդ՝ հարևանի: Այսպիսով, հայի ամենամեծ երազանքն է՝ անմիջնորմ մի բնակարան և միջնորմների դեֆիցիտ, որ նա կարողանա հաղթահարել: Ես հիշում եմ Նիկիտա Միխալկովի ֆիլմերից մեկը, որտեղ գնացքում կովկասցի (թերևս՝ հայ) ուղևորը Մոսկվայից արտասահմանյան մի ունիտազ էր գնել և գնացքով տուն տեղափոխվելիս՝ քնում էր դա գրկած: Ի՞նչ փույթ, թե այդպիսով նա բացահայտում էր իր ազգի՝ պետական գաղտնիք հանդիսացող իսկական դեմքը: Այո, ինչպես ասել է մեծ մտածողը, «միլիոնով բռակ ենք տվել»:
Ինչպես ցույց է տալիս տողերիս հեղինակի կեղծանունը (Ա. Ռոսյան), նրա տոհմի հիմնադիրը պետք է որ ռուս եղած լինի, կարծում եմ՝ Ե. Պուգաչովի սերունդներից: Ի միջի այլոց, ինչպես որ Պուգաչովի Եմելյան անունն է ցույց տալիս նրա հայկական ծագումը (հմմտ. Աբելյան, Առաքելյան ևն): Բայց ինչպիսի՜ ոչ հայկական կենսագրություն: Իրոք, հանճարը ազգություն չի ճանաչում: Ինչևէ, ես ամբողջովին ողորմածիկին եմ քաշել: Չեմ սիրում միջնորմ տեղափոխել և ինձ խորթ է «չուլան» կառուցելու և այնտեղ թթու պահելու միստիկական խորհուրդը:
Մանկությանս ընկերներից մեկն ասում էր՝ «Չկան վատ ծնողներ, կան վատ երեխաներ, որոնք վատ են դաստիարակում իրենց ծնողներին»: Նա հիմա մոսկովյան ֆինանսական մագնատներից է, իսկ դո՞ւք: Չուզողին չեն տալիս: Մինչև գառը լաց չլինի, ոչխարը նրան կուրծք չի տա: Նույնիսկ թղթախաղում է ասվում՝ «թուղթն արցունք է սիրում»: Պետք է ուզել: Հայ տղամարդ, մինչև քո սիրուհին չուզի, դու նրան օծանելիք կառնե՞ս: Իսկ հայ կինը կտրվի՞, եթե բազում խնդրանքներից հետո տղամարդը կամրջից ցած նետվելու երեք-չորս փորձ չանի:
Չկա մի քանի միլիոն դոլար էլեկտրականության դիմաց վճարելու համա՞ր: Չէ՞ որ դա ծիծաղելի է: Բա ո՞ւր է դեֆիցիտը հաղթահարող հայի կերպարը: Ո՞ւր են հայ նախկին շինարար-սերժանտներն, ի վերջո: Թե՞ սխալ մարդիկ, ոչ իսկականն հայեր են նստած վերևներում: Ո՛չ: Միանգամայն ճիշտ հայեր են, խոշոր շինարար-միջնորմագործներ, ինչպես ցույց է տալիս նրանց մենատնային շինարարական եռանդն ու տաղանդը: Պետք է ուզել: Եվ նրանք կճարեն: Եվ նրանք կտան: Ես հավատում եմ դրան:

Տպագրվել է «Նորաթերթ» թերթում, 1999, N 28 (հուլիսի 30):
Հոդվածը գրվել է ավելի վաղ, 1990-ականների սկզբին, «ցրտի ու մթի տարիներին», երբ էլեկտրականություն չկար: Իր ժամանակին այն չտպագրվեց՝ երևի քաղաքական պահ կար: Ինչևէ, կարծում եմ՝ շատ բան չի փոխվել, և էլեկտրականության փոխարեն կարող է այլ առարկա կամ երևույթ լինել:

* * *
Մի հիանալի անեկդոտ կա. էլեկտրիկ Օնոյին հարցնում են՝ «Ծո, Օնո, տոկեն վախենա՞ս գը», կամ՝ «տոկ սիրե՞ս գը»: Պատասխան՝ «Չէ, զզվիմ գը»: Ես, որ մինչև հիշյալ տարիները, ի տարբերություն իմ ազգակիցների և ինչպես վայել է Պուգաչովի իսկական ժառանգին, աշխարհում ամենից շատ սիրում էի կանանց ու խմել, հանկարծ հասկացա, որ սկսել եմ բոլորից շատ սիրել էլեկտրականությունը: Մի բան, որ դեֆիցիտ էր: Գուցե դա իմ երակներով հոսող հայկական արյան կանչն էր: Հայտնի բան է՝ սերը երջանկություն է: Իսկ իսկական երջանկությունը սիրո ճիշտ բաշխման մեջ է: Բայց ո՞նց բաշխես դեֆիցիտը՝ բոլորին չի հերիքում: Ինչի՞ նման է, ես սիրում էլեկտրականություն, նա՝ Օնոյին, Օնոն՝ հարևանի կին Լուսիկին: Արդյունքում՝ համատարած դժբախտություն, այլ կերպ՝ հայի բախտ: Իսկ հայի երջանկությունը դեֆիցիտի հաղթահարման մեջ է:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *