ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ | Հայերենի ուղղագրության հարցը

Պետք է հաշվեհարդարի ենթարկել այս հարցը:

Հարցը ներկայումս գործածվող տարբեր ուղղագրությունների վերացման պահանջն է, միայն մեկ ուղղագրության տիեզերական կիրառության կարիքը հայերենում:

Ուղղագրության հարցին չպիտի խառնել ում-հայերենի արևելահայերենի և կը-հայերենի արևմտահայերենի խնդիրները: Ուղղագրական և գրական ու բարբառային հարցերը տարբեր բնագավառներ են այս խնդրում: Ուղղագրությունը լեզվի հնչյունների նշանագրային, գրական արձանագրության, հնչույթային ձայների և ձայնակապակցությունների հնչական արժեքի պատկերային գնահատման բանաձևումը և օրինակարգումն է, և չպիտի շփոթել բարբառների արտասանական, ոճային և ձևային տարբերությունների հետ:

Հայերենի ուղղագրության փոփոխության հարցը չստեղծվեց 1922 թվականին, երբ Հայաստանում կիրառվեց ներկայումս այնտեղ գործածվող ուղղագրաձևը, ծանոթª նոր ուղղագրություն անունով: Աշխարհաբար հայերենի ուղղագրության խնդիրը առաջացավ հենց աշխարհաբարի գրական ծնունդով: Բնական է, որ աշխարհաբարը չէր կարող բոլոր դեպքերում հետևել գրաբարի ուղղագրական կանոններին. և չհետևեց. այդտեղից էլ սկսվեց ուղղագրության հարցը: Պատմական իրականություն է, որ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է միայն 36 տառ. տարբեր ժամանակներում մուտք են գործել «օ», «ֆ», «ու», «և» տառերը. այդպիսով հայերեն այբուբենի տառերի քանակը դարձել է 40: Ուստի այսօրվա 40 տառ գործածող հին ուղղագրությունըª մեսրոպյան 36 տառ գործածող ուղղագրության հետ նույնը չէ: Այսօրվա հին ուղղագրությունը մեսրոպյան ուղղագրություն չէ:

Ուղղագրության հարցը թեժացավ 19-դարի վերջին տասնամյակից, որ շարունակվեց մինչև 20-րդ դարի առաջին քառորդը. սկսվեցին ուղղագրական խոտորումներ: Ոմանք սկսեցին զեղչել բառավերջի չհնչող «յ» տառը: Ոմանք սկսեցին բառամիջի «ու» տառը, որ «վ» էր հնչում գրել «վ», նույնիսկ «ւ»: Բառամիջում և բառավերջում շատացավ «օ» տառի գործածությունը աշխարհաբարյան այնպիսի բառերում, որ մատենագրական անցյալ չունեին: Դա լինելով պատմական իրականությունը իրապաշտորեն պիտի մոտենալ հետագա զարգացումներին: Դրանք, տարաբախտաբար , իրարամերժ սևեռումների առարկա դառնալով, միգոտել են կուսակցական, քաղաքական անհարկի նախապաշարումներով, և հրապարակագրական միտումնավոր քարոզչությունների տարափի տակ գունավորվել են անհարազատ ստվերներով, հեռացել են գրավոր-լեզվական, ուղղագրական հարց լինելուց:

Արդարև, աննախապաշար մոտեցումը արդի հայերենի ուղղագրության հարցին ժամանակի հրատապ պահանջն է այլևս:

Նայենք համայնապատկերին: Հայաստանում միահամուռ գործածության մեջ է նոր ուղղագրությունը, որ 1922 թվականի հիմնական փոփոխությունից հետո, ապա ժամանակի ընթացքում ևս մի շարք փոփոխություններից հետո, վերջնական օրինակարգում ստացավ 1940 թվականին: 1991 թվականի անկախության հռչակումից հետո եղել են աննշան սպրդումներ Հայաստանում, սփյուռքյան ներդրմամբ: Սփյուռքում գործածության մեջ է… են… այսպես ասած ուղղագրությունների մի խառնիճաղանջ, անհատների կամայական գործածությամբ: Այդ այսպես կոչված «ուղղագրությունները» թեև հիմնականում հետևում են հին ուղղագրության օրենքներին, սակայն գործածությամբ, մանրամասնությունների մեջ, ծնունդ են տվել այնպիսի զարմանազանությունների, որ ստեղծված պատկերը գերազանցորեն ողբալի է: Սա զավեշտական ամբաստանություն չէ, այլ, դժբախտաբար, ճշգրիտ հաստատում:

Սփյուռքում եթե մի հայ համայնք մամուլ ունի, այդ դեպքում մամուլը ուղղագրության առաջնորդի մի ինքնակոչ դերով հաճախ ունի, և երբեմն էլ չունի, ուղղագրական ընդհանուր և հաստատուն օրենքներ: Սակայն ի°նչ էլ որ է ուղղագրության վիճակը հայ մամուլի, տվյալ մի համայնքում, նույն համայնքի անհատ մտավորականները որոշ դեպքերում հետևում, իսկ երբեմն էլ չեն հետևում իրենց համայնքի մամուլի ուղղագրությանը: Սփյուռահայ այն համայնքներում, ուր մեկից ավելի թերթեր ու պարբերականներ կան, ուղղագրության ընդհանուր դրությունը ավելի վատ է. «ուղղագրությունները» տարբերվում են մինչև անգամ տպարանից տպարան: Որոշ թերթերում նկատելի են ուղղագրական տարբերություններª հոդվածից հոդված… արդյունքը, տարբեր սրբագրողների, կամ նույնիսկ տարբեր գրաշարների նախասիրությունների…: Այո, նախասիրությունների, և դժբախտություն է դա. դա ցույց է տալիս անտիրություն, որբություն… որբությունը մեր մայրենիքի… սփյուռքում:

Հատ-հատ օրինակներ բերելու հարկ չկա, որովհետև եղածը, համաճարակի սփռվածությամբ, մեր աչքերի առաջն է ամենուրեք: Այնուամենայնիվ, գուցե տեղին է հավաքական անուններով նշել ուղղագրական խոտորումների իրականությունը սփյուռքում: Այսպես.

– Հյունագրություն, վևագրություն, ուագրություն հին ուղղագրությամբ. օր. փորւած, փորված, փորուած: Նոր ուղղագրությամբª փորված:

– Յիագրություն, հոյագրություն հին ուղղագրությամբ. օր. յետևեալ, հետևեալ. նոր ուղղագրությամբª հետևյալ:

– Էագրություն, եչագրություն. օր. երբէք, երբեք: Նոր ուղղագրությամբª երբեք:

Տակավին որոշ բառերի տարբեր ուղղագրություններ հին ուղղագրությամբ. օր. մեկը գրում է տարւայ, մյուսըª տարուայ. մեկը հեքիաթ է պատմում, մյուսը հեքեաթով է զմայլվում. ամեն է թե ամէն, «ողջ» թե «եկեղեցական»ª թող այդպես լինի, այլևս մարդ անկարող է ջոկել: Իսկ ինչ վերաբերում է հատուկ և միջազգային աշխարհագրական ու գիտական անունների և բառերի ուղղագրությանը, որոնք հաճախ օտար բառեր են, և տառադարձվում են, ընդհանուր հին օրենքների բռնաբարումն ու աղճատումը սփյուռքում այլևս հասել է բացարձակ վայրագության:

Պետք է վերջ տալ լեզվաղարտության այս բարբարոս արշավին սփյուռքում, հանուն մեր անաղարտ մայրենիքի ուղղագրության, հանուն մեր կուչ եկող մայրենիքի տարածմանը սփյուռքում, որ աստիճանաբար դառնում է ավելի հուսահատեցնող:

Ուղղագրական համազգային միանմանությունը միշտ էլ ցանկալի է եղել բոլորի համար, ուր էլ որ եղել է: Այնուամենայնիվ, սփյուռքում հարցը ժամանակի ընթացքում դրվելով ու լքվելով եկել հասել է այսօրվա թնջուկին: Ոմանց էլ հասցրել է անտրամաբանական ծայրահեղությունների:

Ինչպե°ս պիտի լուծել:

Պիտի լուծել իրականության ըմբռնումով, քննելով, ուսումնասիրելով, տրամաբանելով, ազգային շահեր ու կարելիություններ նժարելով ու եզրակացնելով: Այլապես եթե տարվենք նախապաշարումների տենդով ու մոլեռանդությամբ, ծայրահեղություններով ու կամակորությամբ, այնպես որ չկարողանանք նշմարել ուրիշ որևէ ճառագայթ, այդ դեպքում մեր տքնությունը լինելու է ապարդյուն:

Հայերենի ուղղագրության համահայկական միանմանությունը, միասնությունը ստեղծելու, ավելի ճիշտª միանմանությունը, միասնությունը վերականգնելու համար, բնականաբար, պետք է ընդունենք այսօրվա իրականության փաստը: Եղած իրականության արժևորումով կիրառել եղած երկու ուղղագրություններից մեկը միայն, որոնք գործածության մեջ են ներկայումս: Ճիշտ չի լինի տարվել եղածները համադրելու առաջադրությամբ, որով կստեղծվի մի երրորդ, թե քանիերո՞րդ ուղղագրություն« որով ոչ մի բան հրատարակված չէ: Ուղղագրության խնդիրներում լավ է լինել պահպանողական, քան թե նորարարական: Երանի թե 1922 թվականին ուղղագրության բարեփոխում չլիներ: Եղածը մնար ու կանոնակարգվեր, առաջացած խոտորումները սրբագրելով ու պետականորեն ամրագրվելով: Երանի թե… Բայց արվել է… և մենք այսօրվա իրականության մեջ ենք ապրում: Դեռևս 1913 թվականին երբ տոնվում էր հայոց տառերի գյուտի 1500-ամյակը և տպագրության 400-ամյակը, մի հանձնախումբ է կյանքի կոչվում հայերենի ուղղագրությունը մշակելու համար: Պարզ է, որ ուղղագրության խնդիրը համայնավարների ստեղծածը չէ: Հայաստանի առաջին հանրապետությունը ուղղակի ժամանակ չունեցավ այդ խնդրով զբաղվելու: Այնուհետև նախասովետական նույն հայ լեզվաբանները հարցը լուծեցին ժամանակի պետական ամենազորավոր լծակների միջոցով: Խնդրի լուծման մեջ ամենազորավոր դերը խաղաց Մանուկ Աբեղյանը:

Ընդհանուր հարցի այդօրինակ առաջադրումը նախատեսում է հարմարագույն ուղղագրության կիրառումը արդի հայերենի համար, մեր այսօրվա գրական հայերենի համար, առանց սկզբնական կողմնակցությանª հին ուղղագրության, թե նոր ուղղագրության նկատմամբ: Ազգային ու հասարակական մեր ընթացիկ պայմաններում մեր մայրենիքի ուղղագրության միասնությունը, տիեզերական ծավալով, ներկայի ու ապագայի տեսանկույնից կշռած, շատ ավելի կարևոր ու կենսական է, շատ ավելի ճակատագրական նշանակություն ունի, քան թե ուրիշ նկատառումներ: Քան թե հին ուղղագրության վերականգնումը, կամ թե նոր ուղղագրության պահպանումը, թե համադրումը հնի հետ: Քան թե նոր ուղղագրության ստեղծման պարագաները ու գործադրման պայմանները, ձևերը: Քան թե հին ուղղագրության անփոփոխ շարունակման ոմանց կողավերությունը: Քան թե հին ուղղագրության սրբացումը և մեսրոպյան ու մաշտոցյան անվանումները, որ պատմականորեն ճիշտ չէ. «օ», «ու», «և», «ֆ» տառերի որդեգրությամբ, կամ մի շարք կապական ու մակբայական բառերի վերջի անհունչ «յ» տառի զեղչումը, օրինակ հիմայ, հիմա. ինչպես նաև «ի» տառով վերջացող բառերի հոլովման դեպքում «ի» տառի փոփոխումը «ւ» տառի, որ ոմանք «ու» են գրում, արդեն, հին ուղղագրությունը օտարել են մեսրոպյան ու մաշտոցյան ուղղագրությունից: Այս հիմնական իրականությունը անկարելի է գերագնահատել, չափազանցել: Այսօրվա մեր հայրենիքի իՆքնիշխան պետականությունը, իր գունագեղ դժվարություններով ու ջանքերով, անկարողություններով ու իրագործումներով, անճարակություններով և մասամբ նորին… Սփյուռված հայության հարաբերության կարևորությունը հայրենիքի հետ… Սփյուռահայության ուծացման դեմ այս քամող պայքարի հուսացվո՞ղ հաջողությունը, այսօրվա կյանքի ու աշխարհի խոյացող վազքի պողպատյա օրենքով, գերազանցաբար, կախում ունեն մեր ներկայի ու ապագայի պարագաներից, պահանջներից, մեր կարելիություններից, որոնք ձևակերպում են, սահմանում են մեր ցանկությունները: Մեր առաքինությունը պիտի լինի շարժվել դրանց իրապաշտ տրամաբանությամբ, քան թե հուզականությամբ, և դաª հօգուտ համազգային գերակա շահերի:

Ավանդական ուղղագրությունը, դարերի ընթացքում, կրել է փոփոխություններ, և դա զարմանալի չէ, ո°չ էլ ցավալի կամ զղջալի: Կյանքը, լեզուն և գրականությունը իրենց պահանջներն են դրել, ու ժողովուրդը ժամանակի ընթացքում հարթել է խորտուբորտությունները: Դարերի ընթացքում զուրկ լինելով վերահսկող ու պահապան կենտրոնական մի հեղինակության հովանավորությունից, որը պարտադրությամբ նույնիսկ արգելելու էր ուղղագրական խոտորումներ. մյուս կողմից մեր ազգային վիճակի, պատմական, աշխարհագրական և այլ գործոնների ազդեցության տակ, հին ուղղագրության օրենքները ենթարկվել են նաև ավերումների: Զարտուղիություններ են ստեղծվել նոր օրենքների մասնակի ու քմահաճ կիրառումով, որոնք երբեմն կիրառվել են, լրացնելու հին ուղղագրության ներգո, կամ ներծին պակասությունները աշխարհաբարի և արդի հայերենի գրության պարագաներում: Այդ բնույթի օրինակներից են հյունագրությունը, ինչպես նաև որոշ հատուկ անունների կարճացված ձևում անվան վերջում «ոյ-ի» փոխարեն «օ» գրելը, հին ուղղագրության մեջ, որը սակայն հոլովման դեպքում փոխվում է «ոյ-ի», օր. Կարօ, Կարոյի, Կարօն կամ Կարոն:

Նման աստանդական իբրթե բարեփոխությունները բացի այն որ արմատապես չեն բուժել վերքը, այլ ստեղծել են անհեթեթություններ. քանի որ նման փոփոխությունները չեն ուսումնասիրվել ուղղագրական ընդհանուր բարեփոխությունների մի ամբողջական ծավալում: Հաճախ սիրում ենք ակնարկել, մանավանդ օտարալեզու բարեկամների, թե հայերենի ուղղագրությունը զուտ և կատարյալ ձայնական-հնչական համակարգ ունի, ծանրաբեռնված չէ հավելյալ, չարտասանվող կամ ձայնափոխ տառերով. այդուհանդերձ իրականությունը տարբեր է:

Արդի հայերենի համար հին ուղղագրության դժվարություններից, իսկապես պակասություններից են.

– Դժվարությունը «յ» տառի, որ բառասկզբում հնչում է «հ» օր.` յայտնել« և ոչմի օրենք չունի թե ինչու°. իսկ ձայնավորներից հետո, երկձայն տառակապակցություններում հնչում է «եը» օր.` յայտնել. (հատկանշական է, որ նույն բառում նույն տառը տարբեր հնչյուններ ունի հին ուղղագրությամբ): Իսկ որոշ բառերի վերջում, այդ նույն «յ» տառը, «ա-ից» ու «ո-ից» հետո համր է, չի հնչում օր.` տղայ« երեկոյ: Այդպիսով արդի հայերենում բառասկզբային դիրքում «հ» տառի հետ նույնահունչ դառնալով, և բառավեջում գրվելով ու չարտասանվելով դարձել է ուղղագրական դժվարություն: Մենք իսկապես բնորոշաբար չգիտենք, թե «յ» տառը Մեսրոպ Մաշտոցի օրոք ինչպես էր հչվում, այլ միայն ենթադրում ենք:

– Դժվարությունը բառամիջյան «ո» և «օ» տառերի: Մաշտոցը «օ» տառը չի ստեծել և չի գործածել: «Ո» տառը բառավերջում չի գրվել. իսկ չգիտենք, թե Մաշտոցի օրոք «ո» տառը բառասկզբում և բառամիջում ինչպես էր հնչվում: Արդի հայերենում բառամիջյան «ո» և «օ» տառերը նույնաձայն են դարձել, դարձել են ուղղագրական դժվարություն: Նախապես եղած օրենքի խախտումով, որ «օ» տառը փոխարինում էր «աւ» տառակապակցությանը փակ վանկում, ընթացիկ հին ուղղագրության մեջ «օ» տառի գործածությունը չունի ոչ մի օրենք: Դա է դժվարությունը:

– Դժվարությունը «ե» և «է» տառերի. իսկապես չգիտենք թե Մաշտոցի ժամանակ «ե» տառի հիմնական հնչույթը ինչ է եղել. բառասկզբում և բառամիջում ինչպես է հնչել. ձայնավորներից առաջ ինչպես է հնչել. ինչպես է տարբելվել «է» տառից: Արդի հայերենում բառամիջում «ե» և «է» տառերը նույնաձայն են դարձել, դարձել են ուղղագրական դժվարություն: «Ա» տառից առաջ, և Մաշտոցի չստեղծած «օ» տառից առաջ, «ե» տառը դարձել է կիսաձայն «եը», և միանալով ձայնավոր «ա» և «օ» տառերին կազմել է այդ տառակապակցությունների երկձայնները: Օր. Դաւթեան, եօթն:

– Դժվարությունը «վ», «ւ» և «ու» տառերի. «վ» և «ւ» տառերը նույնաձայն են դարձել. «ու» տառը բառամիջյան բաղաձայնից հետո և ձայնավորից առաջ «վ» է հնչում: «Վ» տառը գրվում է միայն բառերի սկզբում, իսկ բառամիջում և բառավերջում միայն «ո» տառից հետո: «Ւ» տառը գրվում է միայն բառամիջում ու վերջում, պայմանով որ «ո» տառին չհաջորդի: Այդպիսով ունենում ենք երեք տառանիշ նույն հնչյունի համար, այդպիսի պայմաններով. և իսկապես չգիտենք, թե Մաշտոցի օրոք «ւ» տառը ինչ հնչույթ ուներ, «ու» տառը երկբարբա՞ռ էր, ի՞նչ հնչույթ ուներ, իսկ այբուբենում չկար: Նոր ուղղագրության մեջ այս դժվարությունը հարթվել է. բոլոր դեպքերում գրվում է «վ» այդ հնչույթի համար:

Նոր ուղղագրության ամբողջ տարբերությունը հին ուղղագրությունիցª «ե», «է», «ո», «օ» ձայնավորների, «յ» կիսաձայնի, «վ», «ւ» , «ու» այս վերջինը բաց վանկում տառերի, ապաª «եա», «եօ», «իւ», «ոյ» երկբարբառների գործածության մեջ է: Նոր ուղղագրությունը վերացրել է դրանց հարուցած դժվարությունները, կանոնակարգել է դրանց ուղղագրությունը: Պետք է ի մտի ունենալ, որ նոր ուղղագրությունը գործածվում, և գործածական է միայն ու միայն աշխարհաբարի համար. երբեք գրաբարի:

Դասական հայերենում «ե» և «է», «ո» և «օ» ձայնավորների «օ-ի» դասական գրելաձևը եղել է «աւ», մի նշան վերևում, որ կոչվում էրª պատիվ, «յ» կիսաձայնի, «վ», «ւ», «ու» բաղաձայնների «ու» տառը բաղաձայնի և ձայնավորի միջև, որ «վ» է հնչում ձայնական արժեքը, հնչույթը, տարբեր է եղել դրանց ներկա հնչույթից, ըստ մեր ներկայի արտասանության, հնչումի: Դրանց դասական հնչույթները ունեցել են իրենց յուրահատկությունները, որոնցով տարբերակվում էին «ե» և «է» տառերը, «ո» և «օ» «աւ» տառերը, բառասկզբային «յ» և «հ» տառերը, «վ», «ւ», «ու» բաղաձայնի և ձայնավորի միջև, որ «վ» է հնչում տառերը: Թե ի°նչ են եղել այդ տարբերությունները, այժմ չենք կարող ստուգապես ասել, լեզվաբանական համեմատություններով միայն կարողանում ենք ենթադրել: Արդարև, մեր ներկա հնչումով եղած տարբերությունները վերացել են, և որպես հետևանք, դրանք, այդ նույնահունչ տառերը, ուղղագրական դժվարություն են առաջացնում հին ուղղագրության մեջ: Նոր ուղղագրությունը իսկապես վերացրել է գրաբարից ծագում առած հին ուղղագրությունից արդի հայերենին փոխանցված այդ դժվարությունները, կապված հիշյալ տառերի ուղղագրության հետ:

Նոր ուղղագրության մեջ հիշյալ տառերի գործածությունը կանոնակարգվել է այսպես.

– «Ե» տառը բառասկզբում բաղաձայնից առաջ հնչում է «եէ», օր. երեկո: Բառամիջում և բառավերջում միշտ և անփոփոխ գրվում է «ե», որպես «է» հնչույթի տառանիշ:

– «Ո» տառը բառասկզբում բաղաձայնից առաջ հնչում է «վո», օր. ոտ: Բառամիջում և բառավերջում միշտ և անփոփոխ գրվում է «ո», որպես «օ» հնչույթի տառանիշ: Մեսրոպ Մաշտոցը «ո» տառը ստեղծել է «օ» հնչույթի համար:

– Միշտ և անփոփոխ երբ հնչում ենք «վ», գրում ենք «վ»: Ուստի «ւ», «ու» տառերի «վ» հնչող լծորդային գործածության դժվարությունը վերացվել է:

– Միշտ և անփոփոխ գրվում և հնչում է «հ» այդ հնչույթի համար: Բառասկզբի «յ» տառն էլ, որ «հ» է հնչում, գրվում է «հ»:

– Իսկ «յ» տառը վերագտել ու հաստատվել է իր կիսաձայնային հնչույթում եը: Իսկ բառավերջում չհնչող «յ» տառը չի էլ գրվում:

Երկձայների, կամ երկբարբառների ուղղագրությունը, ինչպես ասվեց վերում,օրինակարգվել է նոր ուղղագրության մեջ. «յ» կիսաձայնը միանգամայն և ընդմիշտ ստանձնել է «եը» կիսաձայնի ձայնարժեքը: Ուստի նոր ուղղագրության մեջ այդպես էլ կիրառվում է երկձայների կազմության ժամանակ:

– «Այ» երկձայնը հին ու նոր ուղղագրություններում նույնն է, գրվում է նույն տառակապակցությամբ:

– «Եա» երկձայնը նոր ուղղագրությունում դարձել է «յա»: Նոր ուղղագրությունում «յ» կիսաձայն տառի հնչույթը «եը» է, և ձայնավոր հնչյունների հետ երկձայն է կազմում. ուստիª «յա» երկձայնը: Բացի այդ, «յա» երկբարբառի հնչույթը ճիշտ հակահնչույթն է «այ» երկբարբառի, ուստի տրամաբանական է, որ տառակապակցությամբ էլ հակառակը գրվի. «այ-ի» հակահնչումըª «յա»: Սակայն կարևոր է և այն, որ «յա» երկբարբառը արդեն գոյություն ունի հին ուղղագրությունում. դա առաջանում է անկախաբար: Օր. հայաստանեան, երբ վանկատում ենք, լինում է հա-յաս-տա-նեան միշտ մեկ բաղաձայնը անցնում է հաջորդ վանկին. երկրորդ վանկում այդ «յա» երկբարբառն է, որ անկախաբար առաջանում է: Բայց նույն բառում «–նեան» վանկում, նույն հնչույթով երկբարբառը գրվում է «եա» տառակապակցությամբ. նույն հնչութը հին ուղղագրությամբ երկու կերպ է գրվում նույն բառում: Այդ երկվությունը նոր ուղղագրությամբ վերացվում է: Նոր ուղղագրությամբ գրում ենք հայաստանյան, վանկատում ենք հա-յաս-տա-նյան: «Յա» նույն տառակապակցությունը նույն երկձայն հնչույթի համար: Օրինակներ. ծառայաբար, զգայացունց, երեկոյացավ:

– «Ոյ» երկձայնը հին ուղղագրությունում երկու հնչույթ ունի. ձայնավորից առաջ հնչում է «ոյ» «օյ», օր. գոյական: Իսկ բաղաձայնից առաջª հնչում է «ույ», օր. լոյս: Նույն երկձայն տառակապակցությունը տարբեր ձայնարժեքով, տարբեր հնչույթներով: Այդ երկվությունը վերացվել է նոր ուղղագրության մեջ: Երբ հնչվում է «ոյ», այդպես էլ գրվում է, օր. գոյական: Երբ հնչվում է «ույ», այդպես էլ գրվում է, օր. լույս:

– Հին ուղղագրության մեջ «իւ» տառակապակցությունը բաց վանկում հնչում է «իվ», իսկ փակ վանկում հնչում է «յու»: Արդարև, հին ուղղագրության մեջ «յու» երկձայն գոյանում է ինքնաբերաբար, օր. գոյութիւն, վանկատում ենքª գո-յու-թիւն. երկրորդ վանկում «յու» երկձայնը «յու» տառակապակցությամբ, իսկ երրորդ վանկում նույն «յու» երկձայնը «իւ» տառակապակցությամբ: Միաժամանակ «յու» երկձայնը հակահնչույթն է «ույ» երկձայնի, ուստի տրամաբանական է որ տառակապակցությամբ էլ հակառակը գրվի, «ույ-ի» հակառակըª «յու»: Նոր ուղղագրության մեջ երբ հնչում է «իվ» հենց այդպես էլ գրվում է: Իսկ «յու» հնչույթի համար էլ հենց այդպես էլ գրվում է «յու»: Օրինակ. հայություն, կայունություն:

– Հին ուղղագրության «եօ» երկձայնը նոր ուղղագրությունում գրվում է «յո»: Կիսաձայն «յ» բաղաձայնը «ո» ձայնավորի հետ կազմել է «յո» երկձայնը: Բացի այդ, «յո» երկձայնը հնչույթով հակահնչույթն է «ոյ» հնչույթի. ուստի տրամաբանական է որ «ոյ» տառակապակցության հակառակ տառակապակցությամբ էլ գրվիª «յո»: Երկձայն «յո» տառակապակցությունը առաջանում է նաև հին ուղղագրությունում ինքնաբերաբար, օր. հայորդի, երբ վանկատում ենքª հա-յոր-դի. երկրորդ վանկում «յո» երկձայնը հին ուղղագրության մեջ առաջացել է ինքնաբերաբար: Օրինակներ. տղայոց, նայող, խնայող, հմայող:

Երկձայների հնչույթային և նույնի հակառակ հնչութային տառակապակցության գրելաձևային հակադրությունը նոր ուղղագրության մեջ, ինչպես տեսանք, ամրորեն ու տրամաբանորեն հաստատված է բոլոր երկձայների դեպքում:

Դրանք են ահա եղած տարբերությունները հին ու նոր ուղղագրությունների: Այդ տարբերությունների օրինակարգությամբ ու հաստատումով են ուղղագրական դժվարությունները վերացել նոր ուղղագրության մեջ:

Արդարև, ներկա մեր ազգային ու պետական կարելիությունների, հարմարությունների, արդի հայերենի ուղղագրական արտահայտչականության, ինչպես նաև մեր այսօրվա հնչաբանական լրիվության տեսակետից, վերի սեղմ քննարկումի ու համեմատության դիտակետից ելնելով, պարզվում է, որ նոր ուղղագրությունը նախընտրելի է արդի հայերենի համար:

Նոր ուղղագրության դեմ վաղուց ի վեր շղթայազերծված և վերջերս վերստին աղմկվող սփյուռքյան մի փոքրամասնության պայքարը անտեղի է ու ժամանակավրեպ: ժամանակին եղած մտահոգությունները, թե արդի հայերենը նոր ուղղագրության հետևանքով կկտրվի գրաբարից, որը կենսատու աղբյուրն է նրա, արդեն փարատված են, և որևէ հիմք չունեն: Նոր ուղղագրությունը արդեն ավելի քան ութսունամյա գործածությամբ անցել է փորձնական շրջանից ու համորեն ամրացել է: Արդի հայերենը հիմա էլ իր սննդառուի անքակտելի երակներով կապված է գրաբարի հետ. բազմաթիվ են գրաբարյան այնպիսի բառեր ու բառակապակցություններ, դարձվածքներ, որ վերահառնելով գրաբարյան դարավոր անգործածությունից նոր փայլ են առել արդի հայերենում, նոր ուղղագրությամբ:

Ոչ թե միայն ուղղագրական, այլ, իսկապես, հայագիտական բոլոր բնագավառներում, Հայաստանը այն անժխտելի կենտրոնն է, որի առաջնորդությանը հետևում է ամբողջ գիտական աշխարհը: Հայ սփյուռքը, նաև, պետք է խելացիությամբ հետևի հայրենիքի առաջնորդությանը, և ի պահանջել հարկին, իր ևս արժանավոր նպաստը մուծի մայր հայրենիքի զարգացման ու շքեղացման վեհ գործի մեջ, ինչպես անում է հայրենասիրաբար: Ուղղագրության խնդրում սփյուռքի մի փոքրամասնության ներկա ընթացքը տրամաբանական ու գործնական չէ: Ի վերջո, փոքրամասնությունը չի կարող ապօրինացնել մեծամասնությանը: Համազգային նման քվեարկությունը խնդիրը չի վճռահատի հօգուտ փոքրամասնության: Եվ վերջապես սփյուռված հայաստանահայ հավաքականությունը, որ գրում է նոր ուղղագրությամբ, որակով ու համրանքով էլ փոքրամասնություն չէ այսօրվա սփյուռքում: Այն մտայնությունը, թե հին ուղղագրությունը պետք է վերականգնել ու վերադառնալ նրան, անգործնական է: Այդ մտայնությունը դեմ պիտի լինի «օ», «ու», «և», «ֆ» տառերի որդեգրմանը մեսրոպյան այբուբենում, մի բան, որ միջնադարյան պահպանողականությունը հանդուրժեց: Այդ մտայնությունը պիտի դեմ լինի փոքրատառերի գործածությանը, և պնդի, որ մեսրոպյան երկաթագիր գործածենք մեր գրություններում: ժամանակին նույն հետադիմական մտայնությունը դեմ էր աշխարհաբարին. սակայն անկարող եղավ դիմադրելու բարձրացող, առինքնող ալիքին: Կան նաև խզված բացականչություններ, որ պահանջում են հին ու նոր ուղղագրությունները համադրել, փոխադարձաբար զիջումներ անելով… և դա ի°նչ է նշանակում… նշանակում է երրորդ , թե՞ քանիերորդ ուղղագրություն« որով ոչ մի գիրք ու գրություն ցարդ հրատարակված չէ: Այն հսկայական ու ահռելի չափերի գրականությունը, քանակով ու որակով, որ լույս են տեսել նոր ուղղագրությամբ, ինչպե՞ս կարելի կլինի փոխարինել վերատպագրումներով… և ինչի՞ համար: Հին ուղղագրությունը մեսրոպյան չէ: Ուղղագրությունը վերջապես սրբություն չէ: Սրբությունը ժողովուրդն է իր հայրենիքով, մշակույթով: Մենք սփյուռքում պետք է շարժվենք խոհեմությամբ, այլև իրատեսությամբ, լայնամտությամբ. պետք է տրամաբանենք, ընդունենք: Ազգային շահը պիտի նկատի ունենանք: Պետք է գործնականում դառնանք մեկ ազգ, մեկ մշակույթ, որ շատերն են հորջորջում, բայց պնդում են իրենց նախասիրած տարբերակի վրա: Ուղղագրության խնդրում պետք է հետևենք հայրենիքին:

Սփյուռքում ի՞նչ քանակությամբ մարդ է գործում ու իր ապրուստը աշխատում հայերենով: Սփյուռքում ի՞նչ հաստատություններ ու արխիվներ պետք ունեն վերադասավորման կամ վերակազմության, եթե նոր ուղղագրությունը կիրառեն: Եվ հարկ էլ չկա նման վերադասավորման ու վերակազմության սփյուռքում : Կարող են դրանք նույնությամբ պահպանել: Ի՞նչ է սփյուռահայության դպրոցական աշակերտության համրանքը հայրենիքի նույն համրանքի հետ համեմատած: Սփյուռահայ աշակերտության այսօրվա սերունդը ինչքանո՞վ է ճիշտ ուղղագրությամբ հայերեն գրում, կամ ինչքա՞ն է հայերեն գրում. նույնիսկ մեր ամենափառաբանված ամերիկահայ, իրանահայ ու լիբանանահայ համայնքներում… Սփյուռահայ դպրոցներում հայերեն առարկաների թվանշանը նույնիսկ հաշվի չի առնվում դպրոցական քննություններում, և չի էլ արտացոլվում դպրոցական վիճակացույց վկայականներում: Ինչքա՞ն է հայ մտավորականության որակն ու քանակը սփյուռքում, որ այնպես տիրապետում է հին ուղղագրության օրենքներին. դա երևում է հրատարակություններից, մամուլից: Սա թերագնահատում չէ սփյուռյան արժանավորների: Բայց երևակայել ուղղագրական փոփոխություն հայրենիքում… Ի՜նչ անհասանելի ծավալի վերադասավորման ու վերակազմության անելի առջև պիտի կանգնի ամբողջ ժողովուրդը, երկիրն ու պետությունը, որ իր արդի լեզվով ու ուղղագրությամբ է իր օրավուր կյանքի ետևից վազում… Մոլեգինների վերջին նորույթ քաջագործությունն էլ այն է, որ նոր ուղղագրությունը հին ուղղագրության փոխելու համար հիմնադրամ ստեղծելու շահարկությամբ դրամատնային հաշիվ են բացել ամերիկյան մի ի՜նչոր դրամատնում… Նպատակ ունեն դրամը օգտագործել այդ համրանք չունեցող մոլեգինների ճանապարհածախսի և այլնի՞ համար… ասում ենª Հայաստանում կաշառակերությունը տարածված է, ուստի դրամով ու կաշառքով կարելի է պետական, ակադեմական և ուսումնական ղեկավարությանը թեքել ի նպաստ հին ուղղագրության վերականգնման… Ինչի՜ հետևից են… Միջազգային ու ազգային այս ժամանակներում ի՜նչ պահ են ուզում որսալ… Լավագույն մաղթանքներով ու ցանկություններով էլ, որ նայում ենք ապագա քսանհինգամյա գալիքին, ի՜նչ է լինելու սփյուռահայության հայերենագիտական վիճակը… Քանի՜ թերթ ու պարբերական կմնա սփյուռքում… Ամերիկահայությունը, իրանահայությունը, լիբանանահայությունը ի՜նչ որակ ու քանակ կներկայացնեն…

Պարզ ու հայտնի է, որ հայրենիքը ուղղագրության հարց ու դժվարություն չունի: Հայրենիքը մեկ ազգ, մեկ մշակույթ է:Հայսփյուռն է որ ուղղագրության դժվարություն ունի, և պիտի հարթի այդ դժվարությունը հայրենիքի օգնությամբ: Մոլեգին մի փոքրանմասնություն ոչ թե միայն չի ուզում հայրենիքի օգնությամբ իր դժվարությունը վերացնել, այլև ուզում է հայրենիքին նույն դժվարության մեջ գցել: Տեղին է, որ սփյուռահայ մամուլը հարցի մի ընդհանուր քննարկում բանա իր էջերում, առանց քաղաքական և կուսակցական խտրականության. մի ընդհանուր քննարկում կատարվի, մասնակից դառնան մտավորականության ամենալայն շրջանակները, նրանք, ովքեր ուղղագրության մասին գիտական իմացություն ունեն: Եվ մանավանդ հույժ ցանկալի է, որ օրինակ, մի երկամյա ժամանակամիջոց սահմանելով, եղած ընդհանուր կարծիքները համատեղել, եզրակացնել ու շարժվել… շարժվել դեպի նոր ուղղագրություն:

Գլենդել, Կալիֆորնիա, 2009-02-17:

Այս ուսումնասիրությունը զեկուցվել է Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության հասարակական դռնբաց նիստում, Գլենդելի Հանրային Գրադարանում, 2006 սեպտեմբերի 7-ին:

© Գրիշ Դավթյան

Share Button

1 Կարծիք

  • Իրականում բուն ուղղագրութեան տարբերութիւնը մօտաւորապէս 5%-ն է կազմում հայերէն բառերի ամբողջութեան ի շնորհիւ Մանուկ Աբեղեանի խիստ պահպանողական ջանքերին։ Ստեղծելով հայերէն բառերի ամբողջական բառացուցակ, եւ ներմուծելով այս ցանկը SQL Server բազայում, այնուհետեւ լեզուաբանական շարահիւսական համեմատութիւններ կատարելուց յետոյ. պարզուեց թէ ուղղագրութեան բուն դժուարութիւնների հարցը (եթէ այդպիսի բան կայ) ոչ թէ նշուած մի քանի մեքենայաբար տառափոխարկման հարցերն են այլ հէնց բաղաձայնների եւ «օ» տառով կազմուած բառերի ճշգրիտ ուղղագրութիւնը։ Այսինքն՝ ամէն դէպքում խնդիրը միեւնոյնն է, ուղղագրութեան բուն հարցը բարբառայինի հնչիւնաբանական հարցն է՝ նոյնիսկ եթէ քննարկենք միայն արեւելահայերէն լեզուն։ Իսկ Մանուկեանի տառափոխարկումների գործողութեան հարցում դժուարութեան ոչ մի հարց կայ, այսինքն՝ երկու ուղղագրութիւններն էլ հիմնականում նոյն դժուարութիւնները ունեն։
    Հեղինակը յայտարարում է թէ հին ուղղագրութեամբ գրականութեան ծաւալ չկայ, այս առումով հետաքրքիր է հետեւեալ Մլախասեանցի թուայնացուած ամբողջ բառարանը՝

    http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=6

    Իսկ եթէ նկատի առնենք իմ ստեղծած Հայերէն լեզուի Ուղղագրիչը (եւ երկու ուղղագրութիւնների տարբերակներով) ապա վերանում է նաեւ ուղղագրութեան դժուարութիւն կոչեցեալը։
    Վերջապէս յայտնեմ որ պահպանողականութեան լքման սահմանագիծ գծելը եթէ խիստ չդիմադրենք, ապա՝ մեր այսօրուայ «օտարալիզ»ների գործողութիւնները մեղմ ասած միայն սիրուն «կարծիք»ներ կ՚լինէին եւ ոչ թէ քրէական կամ դաւաճանական արարքներ հայրենեաց սրբութիւնների դէմ։

    Եզրակացութիւն – Ուղղագրութիւնների հարց գոյութիւն չունի, երկու ուղղագրութիւններն էլ պէտք է խստօրէն պահպանուեն։ Նաեւ պէտք է պահպանուեն մեր բոլոր բարբառները, առանց բացառութեամբ։

    Հայ ազգը հազարաւոր դարեր ապրել եւ գոյատեւել է իր բազմազանութեամբ։ Ժամն է որ մենք գլխի գանք ու հասկանանք որ բազմազանութիւնը բնութեան դիմադրողականութեան հզօրագոյն նախադրեալն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *