ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ | Սպիտակ թուղթ, կարմիր խնձոր

Գրողի համար գրիչը ձեռքն առնելը սուրբ գործ է: Հոգեպես և ֆիզիկապես պատրաստ սրբագործության` նստել եմ սպիտակ թղթի առջև: Վերջապես կարող եմ ժամանակը միայն ինձ համար ծառայեցնել. տանը ժամանակավորապես մարդ չկա, ճաշը եփված է, շուրջս` ամեն բան կարգավորված: Իսկական կատարելություն: Այսպես համարյա չի լինում, սա ուղղակի նվեր է, պարգևատրում. ոչ ոք ինձ չի կանչում, ոչ ոք քաղցած չէ, ոչինչ ինձնից չեն ուզում՝ աշխատելու համար իսկական իդեալական պայմաններ: Գրիչը ձեռքիս` աչքերս սևեռել եմ թղթին ու սպասում եմ, որ ահա, հիմա կընդհատվի այս հրաշքը: Գրելու համար նման խիստ նպաստավոր վիճակի անսովորությունից հուզված եմ, ինչն էլ խանգարում է. հստակ լսում եմ սրտիս հանդիսավոր բաբախյունը, զարկերն էլ ունկնդրումիս համընթաց՝ արագանում են: Վերջին ամիսներին շատ բաներ են կուտակվել ներսումս, որոնց հնարավորություն չեմ տվել համակարգվելու կամ գոնե հերթականությամբ դուրս գալու լույս աշխարհ` թղթի վրա: Ասում են` կուտակումներն ավելի են հասունացնում թեման ու ավելի պայթյունալի է դառնում դուրս հորդումը: Բայց հիմա այդ դեպքը չէ: Բացի այդ, արտաքին աշխարհի ուսումնասիրության կուտակումները, թեկուզ կաթիլ-կաթիլ, միշտ էլ հետս են ու երբեք էլ չեմ իմանում, թե որ դրվագը երբ կարող է ծնունդ առնել: Դա կարող է լինել, ասենք, մի երկու տարի առաջ տպավորված որևէ արտահայտություն, մեքենայի ընթացքից տեսած մի պատկեր, սրճարանում հպանցիկ լսած մի խոսք… Ժամանակի ընթացքում դրանք մարմին են առնում ու երբ գալիս է ծնվելու պահը` գալիս են, ու նախօրոք չես իմանում` ինչ տեսք ունեն, ինչպես որ չենք իմանում մեր երեխաներին` ծնվելուց առաջ: Բայց հիմա ուրիշ է, ամեն բան խառնվել է, իրար հերթ չեն տալիս, երևի շատ եմ ուշացրել, դե, ժամանակն անցնելիս էլ ծնունդը բարդ է լինում` երեխան դժվար է ծնվում:
Մարդը, որպես կանոն, աշխատում է չհիշել կամ գոնե շուտ մոռանալ տանջալի ապրումները, տհաճ իրադարձություները, որոնք մնացել են անցյալում: Մա՛րդը, բայց ո՛չ գրողը: Այնքան ժամանակ դա հանգիստ չի տա, մինչև չպարպվի, չփոխանցվի այդ ամենը գրին: Միայն դրանից հետո նա կարող է ազատվել իրեն հանգիստ չտվող հույզերից: Այդպես է:
Չգիտեմ` ինչպես վարվել այս չտեսնված նպաստավոր պայմանների հետ, որ մի քիչ երկար ձգվեն: Հենց այս միտքն էլ ինձ տագնապի մեջ է գցում, վախենում եմ կիսատ կմնա… Կինը երևի չպետք է գրող լինի: Ստո՛պ, տղամա՛րդ-գրողներ, սա բոլորովին այն չէ, ինչ դուք եք մտածում: Ասածս այն է, որ կինը շարունակ ձգտում է` ամեն բան մաքուր լինի, տեղը տեղին, և դա հաճախ խանգարում է, որ նա ամբողջությամբ կարողանա նվիրվել իր գրողական աշխատանքին: Բացի այդ, նա փորձում է նույն կոկիկությունը, համակարգվածությունը բերել նաև այս խիստ կարևոր դաշտը, այսինքն` ի մի բերել այստեղ-այնտեղ գրված ձեռագրերը, մաքրագրել, չթողնել չխմբագրված, ու երբ իր ուզածով չի հասցնում անել այդ ամենը, ընկնում է անհանգստության, սթրեսի մեջ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ նրա ստեղծագործական ընթացքի վրա: (Եվ խնդրեմ, այստեղից հնարավոր է առաջ գա «գրողական բլոկ»): Հիմա պարզորոշ լսում եմ ձեր անհամաձայնությունը, թե` ինչ է` կոկիկ տղամարդ չի՞ լինում կամ… Լա՛վ, լա՛վ, դա կարևոր չէ, որովհետև ես պետք է օգտվեմ այս իդեալական նպաստավոր պայմաններից` պատմվածքս գրեմ: Ահա:
Այս լռությունը, իսկապես, անսովոր է: Հասկացա՝ հեռուստացույցն է անջատված: Սովորաբար այն միացվում է օրվա մեջ մեկ անգամ` առավոտյան և անջատվում մեկ անգամ` գիշերը: Պարզապես հիմա սկեսուրս տանը չէ: Գուցե ցա՞ծր միացնեմ, հենց այնպես, որպես պատրանք, թե՝ տանը մարդ կա… Հազիվ մենակ եմ, պատմվածք գրելու համար նպաստավոր պայմաններում, իսկ մտքովս ինչ հիմար բաներ ասես, որ չեն անցնում: Բակում նույնպես լռություն է, շատ կասկածելի է: Ասես բոլորը նստել են պատմվածք գրելու: Ոչ մի խաղացող երեխա չկա: Կամ էլ բոլորը խոսքները մեկ են արել, որ ինձ չխանգարեն՝ պատմվածքիս համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար: Երեկ էր. չորրորդ հարկի փոքրիկ Կարոն այնպես գոռաց` մա՛մ, որ շենքի բոլոր մամաները (այդ թվում նաև ես) վախեցած դեպի պատուհանները նետվեցինք: Մտածեցի՝ վերջ, ընկել-արյունլվիկ է եղել կամ կատաղած շուն է հարձակվել վրան, իսկ նա`«փող գցի՝ մառոժնի առնեմ»: Բայց հիմա կատարյալ լռություն է, ու ես շուտով ահա կգրեմ առաջին նախադասությունը: Դժվարը առաջինն է, հետո արդեն կգնա…
– Կարմիր խնձո՜ր: Կարմիր խնձո՜ր:
Վերջապես ձայն եկավ, թեթևացած ժպտացի: Ձայնն, իհարկե, ինձ կխանգարի, բայց խոստովանեմ՝ դրան սպասում էի: Չգիտեմ` ինչու: Չէ, ես ոչ մի կարմիր խնձորի չէի սպասում: Այնուամենայնիվ, մոտենում եմ պատուհանին, տեսնեմ` ում կարմիր խնձորն է: Հավանաբար ուրիշներն էլ են մոտեցել նման հարցադրումով, որովհետև պատուհաններից բավականին մարդկանց գլուխներ էին դուրս եկել, մի քանիսը ժպտում էին: Համենայն դեպս պարզեցի, որ դա մեկինը չէ, երևի մի ողջ գյուղի, ես կասեի` ամբողջ շրջանի կարմիր խնձորն է` դատելով մեքենայի թափքի պարունակած խնձորի քանակից: Պատուհանն ամուր փակեցի, հետո եկա, նստեցի գրասեղանիս առջև: Գրիչս չկար, որտե՞ղ թողեցի: Նորից հետ գնացի պատուհանի մոտ: Պատուհանի գոգին էր, վերցրեցի, բերեցի: Գրիչս նորից ձեռքս առա` որպես հոսանքի աղբյուր: Վե՛րջ: Էլ չեմ շարժվի ոչ մի տեղ:
Կարմիր խնձո՛ր: Տեսնես ինչու՞ հենց խնձորն է ամուսնական առաջին գիշերվա խորհրդանիշը: Դե, պարզ է, ժողովուրդն է ընտրել, բայց ինչո՞ւ հենց կարմիր խնձորը և ոչ թե ասենք` կարմիր ձմերուկը կամ կարմիր պոմիդորը:Հավանաբար աստվածաշնչյան պատմությունից է խնձորը ձեռք բերել իր հեգեմոն նշանակությունը: Հետագայում էլ, իհարկե, առիթ ունեցավ ճակատագրական դառնալու, երբ դարձավ «կռվախնձոր» ու սկիզբ դրեց տրոյական պատերազմին: Բայց ինչո՞ւ հենց խնձորը, չէ՞ որ Եդեմը պետք է որ լիքը լիներ տարբեր պտուղներով… Ես կասեի` դեղձի թավշե հմայքը, տանձի բարեկազմությունը կամ օրինակ` սալորի զսպվածությունը կամ սեխի ռոմանտիկ բույրը ամենևին չեն զիջում պարզունակ կլոր խնձորին: Ճաշակին ընկերուհի չկա: Երբ առաջին անգամ դեղձ եմ ճաշակել, հաստատ զգացել եմ նրա անհատականությունը. մինչև հիմա ամեն անգամ փշաքաղվում եմ նրա հետ շփվելիս: Հետաքրքիր է, եթե խնձորի փոխարեն դեղձ լիներ, Եվան դարձյա՞լ կաներ մեղսագործություն: Եթե ես Եվան լինեի, Աստված, երևի, ինձ համար ծիրանի ծառ տնկեր. գուցե գնայի մեղսագործության: Եվան, հավանաբար, խնձորասեր է եղել: Համենայն դեպս, եթե դիտարկելու լինենք որպես մրգերի նախասկիզբ, խնձորին բոլորովին էլ պատիվ չի բերում, որ հենց նա՛ դարձավ գայթակղության պատճառը, հենց նրա՛ պատճառով մարդն արտաքսվեց Եդեմից, հետևաբար և` ողջ մարդկությունը: Ա՛խ, Եդե՛մ…
Թերևս արժի հրաժարվել և ընդհանրապես չուտել այդ չարաբաստիկ պտուղը: Տեսնես ի՞նչ արժի այն միրգը, որի պատճառով մարդկությունը զրկվեց Եդեմից: Այդ հարցը պարզելու վճռականությամբ գրիչը ձեռքիս` մոտեցա պատուհանին: Հենց այդ ժամանակ բաց պատուհաններից մեկից հարցրին.
– Ի՞նչ արժի խնձորը:
– 700 դրամ՝ շաքար-շրխկան խնձոր, էլ շակալադ պետք չի՛:
Հապա մի դրա՛ն տեսեք, դրա օձի լեզվին, ո՜նց է գայթակղում մարդկանց: Երևի օձն էլ է այդպես արել: Խնձորը պետք է որ գնահատվեր ամենաէժանը, ես կասեի` մարդկությունը պետք է ընդհա՛նրապես փող չտա այդ չարաբաստիկ պտղին, որի համար Աստված աքսորեց մեզ Երկիր, բայց փոխարենն ավելի է թանկանում, աբսո՛ւրդ: Շոկոլադ-խնձո՛ր: Ես խնձորը շատ լավ տարբերում եմ շոկոլադից, չեմ գայթակղվի, ես իմ նախնուհու պես թույլ չեմ: Խնձոր առնող չը՛-կա՛: Պատուհանը սկզբունքորեն փակեցի ու վերադարձա տեղս: Ո՛չ մի խնձոր: Ուրիշ միրգ լիներ` կառնեի: Գրի՞չս ուր է: Խնդրեմ, ինչ-որ չափով խնձորն ինձ էլ գայթակղեց. երևի թողել եմ պատուհանի գոգին: Նորից գնում եմ պատուհանի մոտ, վերցնում ու վերադառնում: Խնձորի տերը դեռ իր կարմրաթուշների չտեսնված գովքն էր անում: Քանի հոգի արդեն խմբվել էին ցածում խնձորի համար: Իսկ ես ամուր եմ, չեմ գայթակղվում: Ես Եվան չեմ, բարոյապես կայուն եմ ու պետք է հիմա գրեմ իմ պատմվածքը: Ճիշտ է, քիչ մնաց երկու անգամ կորցնեմ գրիչս: Տես է, փորձում է գայթակղությամբ գրիչը ձեռքիցս առնել: Այդ էր պակաս: Չի’ հաջողվի: Միևնույն է, գրելու եմ: Փորձում եմ կենտրոնանալ այն կուտակված պաշարի վրա, որ տարերային վխտում է ներսումս ու սպասում, որ ընթացք տամ իրեն: Դարձյալ խնձորներն են աչքիս առջև՝ կարմիր, նույնիսկ կանաչ ու դեղին: Տեսնես դրանցից որ մեկը սահուն վերածվեց անմահական խնձորի՝ որպես ավանդությունների ու հեքիաթների պարտադիր բաղկացուցիչ տարր: Անմահական խնձորի համար չե՞ն ստիպված եղել հազար ու մի փորձությունների գնալ, յոթ սար ու յոթ ծով անցնել, դևերի ու վիշապների գլուխ կտրել: Ա՛յ քեզ խնձորամոլություն: Հեքիաթների վերջում էլ, չգիտես ինչ ձևով, երկնքից ընկնում է երեք խնձոր` մեկ` պատմողին, մեկ՝ ասողին, մեկ՝ լսողին. դա էլ երևի որպես պարգևատրություն համբերության համար կամ եթե Աստված չանի` ընկնի գլխին, սթափվեն, հեքիաթի աշխարհից հետ գան իրականություն:
Ինչ-որ շատ մտածեցի խնձորի մասին: Խնձոր, հա’ խնձոր: Կարծեմ խոսքը պետք է գնար մարդու մասին` որպես գրական զննումների ու որոնումների առարկայի: Իսկ ժամանակն այնպե՜ս արագ է թռչում:
Լսվում է դռան զանգը: Խնդրեմ` վերջ: Երևում է` գրելու համար նպաստավոր-իդեալական պայմաններն ինձ համար չեն: Ինչ արած, ուրեմն պիտի աշխատեմ հին, փորձված ձևերով` ինքս ինձնից կողոպտած կարևոր պահերի արանքներում կամ պարզապես քնի հաշվին ու հետո զարմանամ, թե ինչպես հաջողվեց… Գողացված պահեր են` թանկ, դիֆիցիտ: Բայց հիմա, ամեն դեպքում, այդքան հեշտորեն չեմ հանձնվի, դեռ կփորձեմ շարունակել նստած մնալ իմ սենյակում՝ թղթիս առջև, մի փոքր էլ դիմադրել. սպիտակ թուղթն ընդդեմ կարմիր խնձորի: Այդպես էլ արեցի: Աղջիկս, հուրախություն ինձ, ըմբռնումով մոտեցավ աշխատելուս փաստին. չանհանգստացրեց ինձ, նույնիսկ հետս չխոսեց: Միայն 20-30 րոպե հետո, երբ մտքերս կարծես թե ամբողջանում էին թեմայի շուրջ, երբ սպիտակներն արդեն լիովին պատրաստ էին վճռական հաղթական գրոհին, կամացուկ դուռը բացվեց.
-Մա՛մ, խնձոր ունե՞նք…

Share Button

6 Կարծիք

  • Մարի Բաբյան says:

    Իրոք որ գրողը (ուհին) <><> ուներ,որոնք,կարծում եմ ,իրար էին խառնվել:Երևի ինձ վերջում երեք խնձոր պետք է տային համբերությանս համար: Չեմ ուզում վատ բաներ գրել,առավել ևս,որ հեղինակի միայն էս գործն եմ կարդացել,բայց ամեն ինչ շատ պարզ էր գրված, առանց որևէ փակագծի…Կամ էլ ես չհասկացա…

  • Մարի Բաբյան says:

    Իրոք որ գրողը (ուհին) ներսում վխտացող կուտակված պաշարներ ուներ,որոքն,կարծում եմ ,իրար էին խառնվել:Երևի ինձ վերջում երեք խնձոր պետք է տային համբերությանս համար: Չեմ ուզում վատ բաներ գրել,առավել ևս,որ հեղինակի միայն էս գործն եմ կարդացել,բայց ամեն ինչ շատ պարզ էր գրված, առանց որևէ փակագծի…Կամ էլ ես չհասկացա…

  • Ashot Alexanian says:

    Լավն էր խնձորը

  • Տաթեւ says:

    Շատ եմ գնահատում իրերի մեջ խորանալու գրողի աչքը՝ շարադրված պարզ լեզվով, եւ հումորը. այս ամենը տեսա այս պատմվածքում: Ընտի՜ր էր

  • anna says:

    Քաղաքակրթության պատմության ճանապարհ կար նշմարվող՝ դիպուկ հումորով շաղախված… Հեչ պետք չի բարդ-բարդ նախադասություններ գրել՝ դա ցույց տալու համար: Գերազանց գործ է:

  • karine says:

    kardacvec mi shnchov u mets hachuyqov!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *