Արմինե Պետրոսյան | Թարսի բան

Արմինե Պետրոսյան

Ուշանում են: Էհ, թող ուշանան: Թեյը կխմի, մինչև կբարեհաճեն ժամանել:
Մեջների պարապը ինքն է, չէ՞, բա, դե ինքը կարող է հայելու առաջ երեք ժամ չկոտրատվել (Մանեի պես) կամ էլ անգրաֆիկ չֆռֆռալ (Արփիի պես), իսկ նրանք, է՜, նրանք խիստ զբաղվածներն են:
-Ես եմ պարապը, բա՜, ես եմ:
Բարձրաձայն հնչած խոսքը մի պահ զարմացրեց սուրճի գավաթներով բեռնված մատուցողին, բայց բերանը տարակուսած ծռմռելուց հետո, նա արագ առաջ գնաց դեպի հաջորդ սեղանը:
Լենան «հետո ի՞նչ» հայացքով նայեց մատուցողի հետևից, կտրուկ շուռ եկավ դեպի պատուհանը և ագահ ումպերով մենամարտի դուրս եկավ բաժակի հետ:
Գաղափարակիցներ: Բա, իրենք գաղափարակիցնե՜ր են: Արդեն երեք տարի է, կցմցում են գաղափարներն իրար ու դրանցից կցագաղափարներ սարքում:
Չէ՛, սերունդների տարբերությունը ոնց էլ չլինի, երևում է: Իրենց սերունդը պարտաճանաչ էր, գիտեր խոսքի գինը: Երկու սերունդ: Բերանով ասե՞լ է, ախր, երկու տասնամյակի տարբերությունը մեծ բան է:
Էհ, էս ամենը ուրիշ օր էսպես չէր ազդի: Թարսի բան է: Ոնց թարս սկսվում է, էնպես էլ թարս գնում է: Ինչի՞ պիտի երեկ էդ անտեր ձայնագրության ֆայլը գցեր խմբագրելիք գրքի ֆոլդերի մեջ (պահո՜, իբր թե ոչ ոքի դա չի հետաքրքրի), որ էս առավոտ թոռնիկը դպրոցական միջոցառման համար ոտանավոր փնտրելիս չխոթվեր իր համակարգիչ…իր ֆայլեր…Հովհ. Գրիգորենցի «Ժամանակավրեպ մայրեր» … ու տեսներ…
Սյո՜ւ: Թեյը աղմուկով էր կուլ գնացել: Կողքի սեղանի նստածներն իրեն էին նայում:
Հա, ի՞նչ է եղել, որ: Թարսի բան է, չէ՞, թարսի բան: Քիչ է՝ պառավում է (ծիծաղելի ես, հիսուն տարեկան ես, հլա քեզնից անգամ ուզում ես թաքցնել, ախր, ոչ թե –ում ես, այլ՝ -ել ես) հիմա էլ էս հազար ու մի թարսությունները:
Էհ, ջահելություն: Ժամանակը չգնահատեց՝ կարիերա, կուրիերա:
Հիմա պիտի երեսուն տարեկանների հետ ընկերություն աներ, նոր հասկանար ամուսնական հաճույքների բազմազանության իմաստը: Թո՛ւ: Լավ, էլի, գոնե հիմա մի՛ հիշեցրու: Կորե՛ք, գնացե՛ք, չեմ ուզում:
«xxx.info… այստեղ լիքը հետաքրքիր խորհուրդներ կան, անգամ լավ ռոլիկներ կան, անպայման կնայես»:
«Մանե՛, ոչուփուչ լինես բիձա ամուսնուդ հետ: Բիձա՞, իմ թայն է: Չէ՜, որ ասում եմ՝ պառավել ես, չես հավատում»: Լենան թեյի վերջին կումն էր անում:
….
-Բարև, Լե՛ն: Ինչպե՞ս ես:
-Լավ եմ, Մա՛նս: Դու քեզնից ասա: Ինչո՞ւ ուշացար: Բա Արփին ո՞ւր է:
-Արփին զանգեց, ասաց՝ ավելի ուշ կգա: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ցույցը շարունակվում է: Արփին ասում էր՝ ոնց որ երկխոսության հիմքեր են ստեղծվել:
-Հա, դե, լավ է: Մեզ վրա չի ազդում, բայց որ հոդացավ չունենայի, ինքս էլ սիրով կմասնակցեի ցույցին:
Ստանա՞լ ամբիոնի վարիչի պաշտոն, թե՞ չստանալ: Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ:
-Ես էլ կգնայի, բայց ժամանակս չի հերիքում, սիդիիս ձայնագրումը շատ ժամանակ է խլում: Ինչ անեմ, ես էլ արվեստով մարդկանց կօգնեմ: Բայց Արփին գիտի, որ իրենց հետ ենք: ՖԲ-ով հետևում եմ, լայքերը, քոմենթներն անպակաս են իմ կողմից:
-Հա, ես ուսանողներիս էլ ակնարկներով հասկացնում եմ Արփիենց բռնած գործի կարևորությունը: Չեմ պարտադրում, բայց իրենք պիտի հասկանան, որ եթե այսօր չգործեցին, կորցնելու են իրենց վաղը:
-Այո, իհարկե: Բայց ի՜նչ հոգնած եմ: Դեվինը սպանում է: Երեք ժամ է, փորձեր էինք անում, ինքը չէր էլ հոգնել:
-Սիմպո է Դեվինը: Արթուրը չի՞ խանդում:
-Լեն, գիտես՝ անընդհատ բողոքում էի Արթուրիցս, թե շատ խանդոտ է, բայց էս վերջերում փոխվել է: Ինքն առաջարկեց, որ Դեվին Օլիվերի հետ դուետ ունենամ: Ինքը կարողացավ համաձայնագիր կնքել: Հա, հասկանում եմ՝ պրոդյուսերս է, բայց որպես ամուսին՝ կարող էր, չէ՞, ասենք՝ ոչ թե Դեվին Օլիվերի, այլ, ասենք՝ Կիարա Մալվեստիտիի հետ դուետ կազմակերպել:
-Հա, Ման, ճիշտ ես, կամ ուզում է քեզ սիրաշահելու համար հակախանդոտական քայլեր անել, կամ էլ որպես պրոդյուսեր՝ գտել է, որ հենց այդ դուետն է քեզ պետք:
«Էհ, Լենա, հազար անգամ մտածել եմ: Մի կամ էլ կա: Այո՛: Կամ էլ դադարել է ինձ խանդել: Դադարել է ուշադրություն դարձնել»:
-Հա, Լեն ջան, երևի ասածդ տարբերակներից մեկն է, կամ էլ մի քանիսը՝ միասին:
-Մանե ջան, բա էն մյուս պրոյեկտը՝ Արսինայի հետ կնքածը, ի՞նչ ընթացքի մեջ է:
-Շատ բուռն: Որպես Արսինայի պրոդյուսեր՝ ջանք ու եռանդ չի խնայում նրան գովազդելու համար, հետը ահագին աշխատանք է տանում:
-Հա, Արսինան դեռ շատ ջահել է: Ինչքան հաց ու պանիր ուտի, որ քեզ հասնի:
«Այո, ջահել է: Թարմ, երիտասարդ: Արսինայի տարիքին էր, երբ Արթուրին հանդիպեց: Նոր բացվող ծաղկի հոտը գրավեց հմուտ արվեստագետին: Արթուրն էր ասում. «Երիտասարդ մարմնի գեղագիտությունը ոչ մի տարիք չունի»»:
Մանեն թույլ ժպտաց, վերցրեց գդալն ու սկսեց մտորելով խառնել թեյը:
Երեք ընկերուհիներին միացնող օղակներից մեկն էլ թեյն էր: «Թեյախումներովս մի հովանոցի տակ ենք հավաքվել». սիրում էին կատակով նշել ընկերուհիները:
-Լեն, երեկ գնացել էի անալիզներ տալու:
-Ինչ-որ լուրջ բա՞ն կար:
-Չէ՛, ուղղակի վերջին ամիսներին թույլ էի ինձ զգում, ոնց որ կենարար հեղուկներս միջիցս հոսել, գնացել էին:
-Այ աղջի՛կ, դու էլ հո չասացիր: Վե՞րջը:
-Ոչ մի բան: Բժիշկը տեղը տեղին քննեց ու ասաց՝ գերհոգնածությունից է: Մի քանի վիտամին նշանակեց, ասաց…
-Տեղը տեղին քննե՞ց, հլա թող Արթուրը լսի քեզ, տես, թե ինչ կանի բժշկիդ:
Լենայի ծիծաղը պոռթկաց՝ ցրվելով սրճարանով մեկ:
Մանեի արձագանքը թույլ կիսաժպիտն էր:
«Էհ, Լեն, առաջ անգամ բժիշկները մերկ մարմինս զննելիս շփոթվում էին կամ փորձում լկտիանալ, իսկ երեկ …ամեն ինչ պրոֆեսիոնալի մեջ էր:
Ես կորցնում եմ գրավչությունս: Արթուրն էլ ինձ չի խանդում: Ո՞ւմ է պետք թառամող մարմինս: Արթուրս: Նրա շրջապատում միշտ թարմն ու գեղեցիկն է:
Շատ հեշտ կլինի քեզ փոխարինող գտնելը, Մանե: Կամ խաղից լրիվ դուրս կգաս կամ կնստես պահեստայինների նստարանին»:
-Ման, էսօր մի տեսակ ես: Ինչ-որ բա՞ն կա, որ չես ասում:
-Չէ, Լենս: Բան չկա: Լեն, դու ինձ քանի՞ տարեկան կտայիր:
Այս անգամ Լենայի ծիծաղը ոչ թե պոռթկաց, այլ պայթեց:
-Այ աղջիկ, տարիքային դեպրեսիայի մե՞ջ ես:
-Չէ՛, ի՞նչ ես ասում: Ինձ չգիտե՞ս: Ուղղակի մտքովս անցավ: Այն օրը մեր խմբի անդամներով խաղ էինք խաղում, ամեն մեկս իր տարիքը պիտի ասեր, մի քանիսին, որ ես ավելին կտայի, պարզվեց, որ բավական ջահել են:
-Հա՜, պարզ է:
«Ես էլ երեսուն եմ:
Թիթիզ ժպիտ:
Ոնց կարող է մոռանալ Դեվինի զարմացական հայացքը:
-Դեվի՛ն, զարմացա՞ր:
-Ճիշտն ասած՝ հա: Մտածում էի՝ քառասունին մոտ ես: Բայց հա՜-մար-յա՜ տարեկիցներ ենք:
Թարսի բան էր: Ինչո՞ւ էդ խաղին մասնկացեց: Այո՛, հենց այդ խաղն էլ մեղավորն է: Իր այս օրերի քնած ցերեկների ու անքուն գիշերների պատճառն է: Բա, թարսի բանը էլ ո՞նց կլինի»:
-Բարև, իմ հայ ժողովրդին:
Լենան ու Մանեն անակնկալի եկան սթափեցնող ողջույնից. հայտնի սմայլիկի հայացքով իրենց էր նայում Արփին:
-Չէի՞ք սպասում: «Արդեն չգալ չէի կարող: Ու ես եկա»:
-Բարև, Արփ, երևում է գործերը լավ են:
-Հա, երևում է հայությունը ապահով ապագայի կերտման ճանապարհին է,-միացավ Լենան:
-Իհարկե, լավ են, դեռ ավելի լավ են լինելու: Եթե մարդը անասունից տարբերվում է, ապա չի կարող չպայքարել իր բնական ազատությունների համար: Պայքա՛ր փտած համակարգների դեմ: Պայքա՛ր նեխած ավանդույթների դեմ: Պայքա՛ր կեղծի ու անազնիվ երևույթների դեմ:
-Կեցցես:
-Մենք կեցցենք, բայց դուք արդեն որերորդ անգամ պատճառներ եք հնարում ու չեք միանում երթերին: Դրա մասին ի՞նչ կասեք:
-Հաջորդներին կփորձենք բացը լրացնել:
-Տեսնեմ, տեսնեմ:
-Դե, ավելի մանրամասն պատմիր: Առաջին ձեռքից ինֆորմացիա ստանալը մի այլ տեսակի առավելություն է:
Ընկերուհիները քրքջացին: Արփիի ոգևորված խոսքն սկսեց լցնել ունկնդիրների ականջները:
….
-Լեն, դու Մանեի ասածը վերջը փորձեցի՞ր:
Արփիի հարցը անժամանակ ու անտեղի էր:
-Չէ, Արփ, եսիմ, ժամանակ չի եղել: Համ էլ ոնց որ չտրամադրվեմ:
-Էդ կեղծ ձևերին վերջ տուր, հորս արև: Ոնց որ տասնութ-քսան տարեկան աղջիկ լինես: Գիտես, չէ՞, թե ոնց եմ զզվում էդ ձևավորներից: Դրանց հետ քնելուց քսան տարեկան տղան ի՞նչ պիտի հասկանա: Ախր դրանք են, որ էդ խեղճ տղաների երևակայությունը էդ աստիճանի աղքատացնում են: Մի մասը սանձարձակ ձևիստներն են, մյուսն էլ՝ կոմպլեքսավորված միանձնուհիները: Կեղծ, կեղծ ու երիցս կեղծ:
Եթե ես չլինեի, Առնոն էլ իր տարեկիցների պես դժբախտ էր լինելու: Հա՛, հենց դժբախտ, հետն էլ ՝խաբված: Բա խաբված չեն մի՞թե էն մարդիկ, ում սխալ պատկերացում են կազմել տալիս էն կյանքի մասին, որ ամենակարևորն է մարդու կյանքում: Լե՛ն, մի ժպտա, համ էլ ամենակարևորն է: Դու ուղղակի շատ չես խորացել էդ ուղղությամբ, շատ բաներ չգիտես: Հենց սեռական կյանքն է մարդու ճակատագրի որոշողը: Սխալ պատկերացումներ ունեցար, սաղ կյանքդ ուրիշներն են քո փոխարեն ապրելու:
Չկա էն ազատությունն ու անկեղծությունը իրենց մեջ: Երևի պիտի երրորդ տասնամյակին հասնեն, որ անկողնում ոչ պոռնոհերոսուհի խաղան, ոչ էլ՝ ստրկուհի:
Պիտի կարողանաս լինել քեզ նման, լինել անկեղծ: Տրվես ամբողջովին: Անես էն, ինչ էդ պահին ուզում ես, ոչ թե էն, ինչը մտածում ես, թե քեզ իբր սեքսուալ կդարձնի, իբր եսիմինչի կամ եսիմում կվերածի: Մարդ պիտի ապրի Իր պես, Իր կյանքով. Ոչ ոք չպիտի թելադրի իր ուզած մոդելը: Դու ես քո երկրի, քո կյանքի, ճակատագրի ու քո սեքսի տերը:
«Ի՞նչ կմտածեր Սամվելն իմ ու ընկերուհիներիս մասին, եթե լսեր այս ամենը»: Լենան տարակուսած ժպտում էր:
-Հիմա թող շներն հաչեն, թե էս գրանտակերը քսան տարեկան տղայի կյանքն է քայքայում, թքած ունեմ: Փոխարենը՝ գիտեմ՝ Առնոն երջանիկ է: Հետո եթե մենք բաժանվենք էլ, ինքն արդեն ապրել է իրական կյանքով, երբեք կեղծին չի խաբվի: Ես գիտեմ՝ ինքը շնորհակալ կլինի ինձնից այն ճանաչողության ու օրերի համար, որ իր հասակակիցները երբեք չէին կարող տալ:
Արփին բորբոքված էր երևում: Մեջը կուտակված լավան ելք էր գտել ու բլբլթալով դուրս էր հորդում:
«Դու Մանեի ասածը վերջը փորձեցի՞ր»: Մանեի ասածը: Գրողի ծոցը գնար Մանեի ասածը:
Դին Մարթինի «Sway»-ը, իր անֆիգուրա մարմիննն ու կամերան: Հա՜, հա՜, հա՜: Թո՛ւ, թո՛ւ:
«Դուք հմայիչ եք: Անկրկնելի եք: Երբեք չմոռանաք այդ մասին»:
Դե, իհարկե, հմայիչ եմ: Բիմ, բիմ, բիմ՝ ուսերը կտրուկ առաջուհետ: Լավ է: Վատ չէ: Կտրուկ չէր: Չէ՛: Շատ կտրուկ չէր: Երևի:
«Կարևորը ձեզ վստահ զգաք »:
«When marimba rhythms…», գլուխը առաջ: Հայացքը վագրի նման: Վագրի՞: Ինչ-որ գազանի, էլի: Ստացվո՞ւմ է: Երևի:
«Վագր ու կատու միաժամանակ: Չմոռանաք»:
Նազանքով, Լենա, նազանքով: Ստացվում է: Մի՛ բարդույթավորվիր: Մի՛ մտածիր:
«Ձեր մարմինն անթերի է»:
Ցելյուլիտի ու ճարպի հաստ շերտերը: Չէ՛, դրանք չեն երևում: Երևի: Երևի հիմա աչքը այլ տեղերում է:
«Կարևորը ճիշտ մատուցման ձևն է»:
Մի տեսակ չի ստացվում: Էն ռոլիկի աղջիկը էսպես չէր անում… ոնց որ:
Դեմքի խեղճուկրակ ժպիտը իրեն էր նայում դիմացի հայելուց: Էլ չէր կարող: Ինքնահամոզմունքը վերջին ու վճռական հարվածն էր ստացել:
Ցույց մի՛ տուր: Թող Սամվելը չտեսնի: Եթե, իհարկե, դեռ չի տեսել: Հա-հա-հա:
Սավանը կփրկի: Կարելի է դեմքին քաշել:
Ձեռքը գցել էր սավանին, երբ Սամվելն անջատեց տեսախցիկը: Մոտեցավ կնոջը: Գրգռված չէր: Ջերմ ժպտում էր:
Կարեկցող ժպիտ կար դեմքին, հա՛, հենց կարեկցող: Խղճուկ ես, Լենա՛: Ծիծաղելի դուրս եկար: Թո՛ւ:
«Կյա՛նքս, քեզ շատ եմ սիրում: Դու միշտ, ցանկացած դեպքում ինձ համար ամենան ես: Միշտ հիշիր »:
Գրկեց: Համբույրների տաքությունը փորձում էր ծածկել Լենայի սառած մարմնի հիասթափությունը:
Աճարա՛կ կին: Հի՜-հի՜-հի՜: Խղճուկ ես: Անշնորհ: Գցելու ապրանք: Բա քո մարմի՞նն էլ է մարմին, էն ռոլիկի աղջկա՞նն էլ: Դու գնա Նաբոկով վերլուծիր, Միլլերի գործերի քարոզն արա ուսանողներիդ: Դու միայն դա կարող ես անել: Դու դասախոս ես: Դասախոսը կին չէ՞: Դու՝ չէ՛:
«Գուցե էնքան էլ վատ չի ստացվել: Հա, էլի, գուցե ինչպես միշտ, ինձ թերագնհատել եմ: Նայել է պետք: Լավ, տեսախցիկից կջնջեմ, բայց մինչ այդ կգցեմ համակարգիչ: Հենց ազատ եղա, կնայեմ»:
Բա՛, թարսի բանը ոնց է լինում: Բա, պիտի գցեիր, որ նախքան քո նայելը թոռնուհիդ նայեր: Բա պիտի օր ծերության խայտառակ լինեիր, չէ՞: Թարսի բան ասիր, պրծա՞ր:
-Հա, հենց էդպես, ես թքած ունեմ բոլոր անինքնասերների կարծիքների վրա,-Արփին դեռ չէր հանդարտվել,-ուղղակի զարմանում եմ, որ չնայած ամեն ինչին՝ էդ ապուշ կարծիքները դեռ ազդում են վրաս: Վկա երեկվա թարս օրը: ՀՀԿ-ականներից մի տանը մնացած ո՜նց էր հարձակվել վրաս, Հովհաննու Հայտնությունը գլխիս կարդաց: Շիլաշփոթ էր, չկարողացա նորմալ պատասխանել, երևի դրա համար էլ մեջս մնաց: Դե, թարսի բանը ոնց է լինում: Ոչինչ, մի օր երեսին կասեմ ու լա՜վ կհանգստանամ:
Ընկերուհիները ժպտացին: Նրանք արդեն գիտեին իրենց հաջորդ քայլը:
-Մատուցո՛ղ, երեք բաժակ թեյ:

Share Button

4 Կարծիք

  • Gay says:

    Անհաս, արհեստական գործ է: Շատ է աշխատել վրան, բայց արդյունք չկա:

  • Mari Galstyan says:

    Մի քիչ խառն ա գրված, ստիպված երկու անգամ եմ կարդացել, բայց սպասումներսարդարացան: Կերպարներն ստացված էին, հատկապես Լենային կերպարը լիովին զգալ էր տալիս ապրումները: Քաղաքական, սոցիալական թեմաները, շատ կոմպլեքսներ, կարծրատիպեր կոտրող մտքերը պատմվածքի որակն ավելի էին բարձրացնում: Կարեվոր թեմաներ էին շոշափված, մանր դետալները մեծ հարցերի բարձրացման առիթ էին դառնում: Շնորհակալությունն հեղինակին:

  • Armine says:

    Գայ, էդ հեղինակի կո՞ղքն էիր նստել, որ իմացար, թե ինչքան է աշխատել վրան: Գո՞ւցե կես ժամվա մեջ գրել, ուղարկել է:

  • Arsen says:

    Ընտիր ա: Արփին վերջն ա սպանում ա: Հավես պատմություն ա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *