ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Նամակ Նոյին

 

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

ԵՍ ԴԵՌ ՉԵՄ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՐԿԻՐՍ

Ես դեռ չեմ վերադարձել երկիրս, թափառում եմ արյանս բաց երակներով։

Շուշի քաղաք, մրաքարեր,
այսօր թռչունը կբարձրանա ավերակների վրայից,
նա կվերապրի սկիզբը հրդեհի,
նա չի տեսնի ոչինչ
ավերակներից, օշինդրից բացի,
նա կթևածի կորուստների մեջ բարձր երկնքի։

Մի երեխա նայեց հրդեհի խորքից,
ձուլվելով մոր քնքշանքին,
մենակ, պատառոտված քամու մեջ,
ես ազատ էի մեռնելու համար։
Տեսնում եմ հիմա Արցախի խաչված թթենին,
գամված ափերից հոսում է ավիշը
սիրո – եղբայրության
և ձուլվում հազարավոր տերևների խշշոցին։
Աստվածային բարձրախոսը մեր ծիծաղը
փոխում է հեկեկոցի։

Ես դեռ չեմ վերադարձել երկիրս,
թափառում եմ արյանս բաց երակներով,
տեսնում հրդեհը հինավուրց հողի։
Ես դեռ չեմ վերադարձել,
եթե վերադառնամ` չեմ գտնի ինքս ինձ,
կտեսնեմ լռությունը սփռված Երկրի,
դռան ծանր փականքը գրանիտե,
թթենիների մետաքսը կանաչ,
որով հողը գործում է ծիսական իր հագուստը
և չունի փույթը ապրողի։

Շուշի քաղաքի ավերակների միջից
անթարթ նայող եղեռնի ծաղիկ,
սրբիր արցունքդ հույսի,
անմահության փշուրը համտեսելով։

Ես դեռ վերադառնում եմ Արցախ երկիրս,
թափառում արյանս բաց երակներով,
տեսնում հրդեհը հինավուրց հողի,
կտրուկ ճիչը արթնացող քաղաքների,
և թանձր սկիզբը միայնակ բաղեղի,
որ ստվեր է դառնում օրեցօր
և ծածկում սկիզբ ու ավարտ։

ՈՍԿԻՆ
Տատս՝ Արուսյակ Քրիստափորի Հարությունյանն ասում էր.
– Տեսնու՞մ ես բարձունքը Շուշիի,
այն կանաչ հարթակում մենք չափ էինք
գցում ձիերը և դուրս գալիս
երկնին
ընդառաջ։

1920 թվին
ազերի–թուրքերը քաղաքը վառեցին
և սրի քաշեցին հայերին։

Տատս ասում էր.
– Այդ սարահարթում բազմաթիվ
ծաղիկներ կային, որ հիմա անհետացել են մարդկանց հետ միասին։

Հրկիզված քաղաքում, ամեն հայ տան մոտ,
մկնաբնի մեծության փոսեր կային՝
ազերի-թուրքերը շամփուրով փնտրել էին հայերի ոսկին։

1995 թ.։
Բարձրավանդակը հիմա ծփում է նոր ձայներով,
պատմական հողը մեր ոտքի տակ է, նա զգում է մեր խոսքը, քայլը,
ձայնակցում է ծառը՝ թթենին։

Տատս ասում էր.
– Ես միշտ հավատու՛մ եմ,
որ մի օր մենք ետ կգանք
մեր հողին ընդառաջ։

1996 թ.։
Հիմա ես հասկանում եմ տատիս խոսքը այլ կերպ՝
ոսկին, որ փնտրում էին ելուզակները
անհնար էր գտնել՝

այն մեր մե՛ջ էր՝ հոգու՛ մեջ,
և դա մեր ի՛ղձն էր՝
ապրել հազարամյակների մեր երկրում։

ԵՐԿԱԿԻ ԵՐԱԶ ԵՎ ԿԻՍԱԼՈՒՍԻՆ
Կեսգիշերին արթնացա մղձավանջից.
հորմոնով գիրացած, ցուլի պես լեցուն,
ծանր դեմքը Դեմիրելի,
ինչպես պատմական Հայաստանի
կորած հողերի քարտեզ,
լցվում էր կացնահարված հայ կյանքի արյունով
ն թեքվում վրաս։

Հեռվում, Մուշի
և Արդահանի տարածքում կանգնած ծառերից
կախված էին հազարավոր դանակներ,
որ հասունանում էին ցեղասպանության համար,
տերևի պես խշշում` կոտորեք հայերին։
Եվ ինձ մոտեցող թուրք սպաների համազգեստի վրա
հայ երեխաների ոսկորներից սարքած կոճակները
չարագուշակ լույս էին տալիս, ինչպես ֆոսֆոր։

Ես քնած էի Համիլթոնում,
Ափ-Սթեյթ Նյու Յորքի համալսարանական փոքրիկ քաղաքում,
ուր ամեն ոք լցված էր բարեկեցության,
բայց նան մահվան գաղտնի ցանկությամբ,
և ծնվողի ճիչը այնքան հազվադեպ էր,
որ փոխարենը երկնքով անցնող թռչուններն էին ճչում,
հեռու չվելով հասարակական կյանքի սառնամանիքից։

Ո՞վ է Լեոն, ինչու՞ եմ այստեղ,
հանկարծ հիշեցի, որ Ֆուլբրայթի պատճառով
հայտնվել եմ ԱՄՆ-ում
և ապրում եմ Գանդիի հայրենիքը մեկնած
ամերիկացի պրոֆեսորի տանը,
որի սենյակները վարձած հինգ ուսանողները
տակնուվրա էին արել ամեն ինչ և չքվել,
թողնելով բազմաճիչ բույրը օծանելիքի
և մեկ էլ շորեր՝ անթեք, անկոճակ։
Այդ տունը հիշեցնում էր աքսորի ճամփան բռնած
հայի սենյակ, երբ սրագլուխ օսմանցին հրացանը ձեռքին,
Տիգրանակերտում ուղեկցում էր կանանց և երեխաներին դեպի մահ։

Իսկ հասարակագետ ամերիկացի պրոֆեսորը հեռու էր,
նա որոշել էր Գանդիի գրքերով աշխարհը վերափոխել,
ոտաբոբիկ թափառում էր Կալկաթայի արևոտ փողոցներով
և գտնում, որ Հնդկաստանում հայտնվելով՝ փրկում է աշխարհը և իրեն։

Եվ հանկարծ թուրք մարդասպանները դարձան երեք հոգի.
էնվերը, Օզալը և Քեմալը
բարձրաձայն վիճում էին Ղարաբաղի մասին
արյունից տարուբերվող խոհանոցի անկյունում։
Նրանք առաջ շարժվեցին, և նրանց ոտնահետքերը
լի էին կացնահարված մարմնի փտող,
զարհուրելի քաղցրահամ հոտով։
Ես հարցրի Էնվերին՝
ինչպե՞ս կարող է ազգդ սպանել երկու միլիոն հայ,
և դու՛, անթերի հագնված, հայտնվել ես այստեղ։
Նրա դեմքին ցավի կամ խղճմտանքի և ոչ մի նշույլ,
ոչ մի պատասխան, բայց աջ ձեռքի դանդաղ շարժումով
չալմայի տակից հանեց հին մի յաթաղան
և փորձեց հարվածել դեմքիս,
որից ես կրկին արթնացա։

Իսկապես, տունը հեղեղված էր արյունով,
ուր ամեն ինչ լողում էր մարդասպանների ուղղությամբ,
հայտարարություններ, վերնագրեր թուրքական թերթերից.
«Պատմությունը հոյակապ ապրանք է,
որ կարելի է խեղաթյուրել աջ ու ձախ,
Եթե զորք ունես և տարածք»։
Եվրոպական թերթերի արձագանքն այլ էր.
«Թուրքիան ցանկանում է մտնել եվրոպական շուկա,
բայց չի խոստովանի, որ սպանել է երկու միլիոն հայ,
սրի քաշել հարյուր հազարավոր հույների, քրդերի
և շարունակում է առ այսօր իր բնաջնջումը ազգերի»։

Եվ մակընթացության վրա բարձրացող արյան
տեսա ազերի–թուրքերի կողմից հրկիզված
հայկական տների շարքը Շուշիում,
և սև խոռոչները ասես մոխրացած քթանցք լինեին։
Եվ հանկարծ հատակը ճռռոցով ճայթեց,
և դուրս շատրվանեց արյունը հալածված ազգերի,
Օզալի խոզի պես հաստ մատները
տարուբերվում էին կարմիր մակերեսին ասես սպիտակ ուտիճ,
և փոքրիկ մի բեմ կար կարծրացող արյան անկյունում,
ուր մի քաղաքագետ սենատոր պայմանագիր էր կնքում
իր չկայացած խղճի ն թշվառ ժողովրդի հետ,
խաբելով շքեղ դռան մոտ սպասող մուրացկաններին,
ընթացքում կարդալով Քեմալ փաշայի ցեղասպան գիրքը ոսկեզօծ։

Ես փորձեցի ձեռքերս շարժել,
բայց կոտորածներից ծնված մարդակերպ ցեխն ու մոխիրը
զմռսել էին ձեռքս ու շուրթերս,
և Լեոյի մոռացված տան ամեն անկյունում
տարօրինակ մոխիր կար, որ թափառում էր սենյակից սենյակ,
ասես պատմության մոռացված ուրվական։

ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄԸ ԱՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Նորից հրասայլեր,
Սև, ծեր մարմինն իրենց
հենած անհույս դեմքին
ապագայի,
որ չի խոսում մեզ հետ
արդեն քանի տարի…

Դժգույն ներկված հրասայլեր,
գարնան ածիլված երես,
փողոցների բացվող հորիզոնը պայտած է հիմա
զինվորների վեր ելնող ծխախոտի ծխով։

Թեքվում եմ ցայտաղբյուրի լեռնամրմուր ջրին,
երեք շինելապատ ստվեր միաձուլվում–
պառկում են կողքիս,
Նրանց ինքնաշարժերը փայլում են
ամբողջատիրական երկրի կարծրությամբ,
և զենքի փողը սառն է՝ ինչպես ձկան աչք։
Իսկ օրը մթնում է արագ, և այս մղձավանջը
հիշեցնում է սն– սպիտակ, բայց անիրական մի ֆիլմ,
ուր մարդկանց, ինչպես կարկատած
և սնամեջ պուպրիկների՝
պարետային ժամը քշում է տուն,
թողնելով ֆոսֆորը բռնության,
գամած սապոգից ծնվող կայծում
որպես լույսի հյուլե նշան։

Այսօր պարետային ժամի երրորդ օրն է,
և ամեն ոք պետք է բարոյագետ լինի և սանրված,
ամեն ոք պարտավոր է կարճացնել եղունգները
ըմբոստության,
ամեն ոք պետք է երազ տեսնի նույն գույնով
և ուղղությամբ,
ամեն ոք պարտավոր է հարգել տառը պետության,
որ հեռվում է, մշուշոտ ստեպներից այն կողմ,
միայն կարմիր լույսն է հղում մեզ
որպես սիրո նշան,
կիկլոպի պես միաչքանի իր աշտարակից,
ն մեկ էլ կոչերը նոյեմբերյան,
որ սառը օդի մեջ մերկանալով համատարած
փուշ են ու ժանիք,
և կարող են սվին դառնալ, եթե փորձես ծաղրել։

Բանտամերձ պատերի վրա՝ եղունգի
և դաշույնի հետքեր,
իսկ տանջվածի արյունը շտապ չորացրել են
քաղաքական աղոթքի հաշվենկատ շնչով
և Թուրքիայից լսվող ոռնոցով։

Այստեղ, ուր ընկած մարմին կար՝
տարօրինակ թռչուն է հայտնվել, որ անշտապ
կտցում է մեզ համար աննկատ փշրանքներ,
իսկ դրսի ծառերը ինձ նկատելով
հապճեպ ցրվում են փողոցն ի վեր,
թաքցնելով սաղարթը դաժանացող ցրտի թնքի մեջ,
ասես իմ հերթն է զոհաբերման։

ՆԱՄԱԿ ՆՈՅԻՆ ԿԱՄ ՀՈՒՅՍԻ ԱՀԱԳՆԱՑՈՒՄ
Այսօր ծնվեց տարօրինակ մի պատմություն.
երեկ ինձ այցի եկավ Նոյն ինքը,
լաստանավ արարող նույն դեմքը,
ժամը 4-ն էր, ցույցից հետո ծնվող
մայրամուտը
ամեն ինչ պարուրել էր մառախուղով:
– Նո՛յ, – ասացի, – նիհա՛ր ես, ծարավի՛,
բայց ես հույսով լեցուն, չնայած ջրհեղեղը
նոր էր սկսվում,

և ջրի վրա արդեն տմբտմբում էին
գաղափարներ, քաղաքներ, հավաքույթներ,
անտուն մարդկանց հառաչանքի փղձկուն տոպրակներ,
Հիմալայների պես ցցուն, բյուրոկրատական սեղաններ,
ցեղասպանությամբ կնքված թուրքական յաթաղաններ,
հարգարժան դատավորների կեղծամներ,
ուր փող կար և գերեզմանի որդ,
ստալինյան գնդակահարություններից լայն բացված
աչքեր,
որոնք ոչինչ չեն տեսնում, բացի մարդասպանի
ճտքավոր կոշիկներից,
ողջ աշխարհը թամբել էր ջրհեղեղը ինչպես ձի
(միակ փրկվելու միջոցը անհուն մեղքերից հետո)
և շարժվում էր անհայտ Արարատի ուղղությամբ,
բայց ես դեռ նստած եմ Նոյի տապանից
սարքած սեղանի մոտ,
որ Նոյը իսկույն ճանաչեց որպես իրենը
և կոչ արեց շտապ ճանապարհվել:

Ա
Նոյի տապանի գերանից սարքած սեղանի վրա
թղթեր, թանաքով գրված հաստ տողեր,
գրառումներ, որ համարյա ծխի մեջ են,
դառը, ցաքուցրիվ մտածումներ,
Արցախի մասին պատկերացումներ:
Ահա թե ինչ կարող է բարբարոսը անել-
գրում է թերթը և տպում լուսանկար,
ուր մոխրացած մարմինն ու փայտը
իրարից հազիվ կտարբերես:
Դրսում` միևնույն է,
իշխանությունն ունի իր ուղին և ուժը,
արագ սուրացող մեքենաներն ու գույժը,
բողոքները բավարարվում են երգով
և բողոք-ցույցով.
չնայած նախամարդ-քոչվորի և մեծ պետությունների գործարանը
աշխատում է օր ու գիշեր (նապալմն է հարգի)
և փույթը չունի բողոքի,
որ շուտով կցրվի անձրևոտ փողոցով տուն:

Բ
Համարյա կիսարթուն` զգում եմ արևը,
զգում եմ վարագույրների քաղցր,
փոշեհամ բույրը, ուր կարող ես խճճվել,
թե երկար նայես դրսի թոհուբոհին,
և տան զգացումը մոռանաս:
Հիմա փողոցով անցնում է ինչ-որ նվագախումբ,
աներևույթ վերքի վիրակապը
կարծես քանդվում է,
որովհետև վերքը դեռ արնահոսում է,
որովհետև ցեղասպանությունը դեռ տևում է
և ձգվում-հասնում մեր օրերը,
և վիրավոր կատվի համար լաց լինող թրքուհին
չի ուզում լսել
իր թուրք նախնիների կողմից խոշտանգված
միլիոնավոր հայերի մասին,
և ամեն ինչ բարեհաջող է այս աշխարհում,
և միայն Ջոնն է,
որ անվերջ աղմկում է մեր ներսում`
չունենալով ելք ու մուտք:

Գ
Թանաքով գրված հաստ տողեր,
նրանք ծնվում են, մտնում երկինք,
համարյա ծխի և ավերման մեջ գրառումներ,
զգում եմ հինավուրց արևը,
Չարը և Բարին գոտեմարտում են,
բակում հոգնած մի Աստված
ինչ-որ բան է բաժանում երեխաներին
և ժպտում.
ներս է մտնում ուղերձ բերող մարդը,
և ամեն շարժում նշան է, իմաստ և սպասում,
ինչպես սպիտակ զարկերակը,
որ ձեռքիդ մեջ է, պատմության
և հենց մեր մեջ:
Հիմա` անհուսության միջից տրոփող այս ձայնը,
որ լույս-տրոփյուն է
ամեն պահ իմաստավորող-մահացող…

Դ
Բայց ի՜նչ անակնկալ այցելություն.
ա՛հ, տառապած իմ Նոյ,
վար իջիր վաղուց ճաք տված գերաններից,
միակ ուղևորն եմ քո տապանի:
Բառերն անկարող են հիմա Փրկիչ արարել,
թող Նոյը առաջանա և կաղնու փայտից նավ սարքի
(կարո՞ղ ես, խոհանոցիս և տեսիլքիս ընկեր)
և ճանապարհ ընկնի,
նա՛յ, նա՛յ, նա՛յ, նա՛յ
(սպասիր, հոգիս, ե՞րգ է սա, թե պար),
ո՛չ, թող Նոյը իմանա, թե ում էր փրկում
և Ստամբուլ մտնի շքեղ առևտրի համար,
բայց նախքան այցը թող տեսնի
հայերի ոսկորների ֆոսֆորը Դեր Զորում
և մյուս ցեղասպան անապատներում,
թող թերթ առնի և կարդա Արցախի մասին,
թող մտնի դեղատուն և սարսափը մեղմող դեղ առնի,
Նո՛յ, խնդրում եմ կծես այս նարինջը,
որ հայը երբեք չի տեսնում,
Նո՛յ, ո՞նց է աշխատում սիրտը
Երևանից Բոստոն երթուղում,
Նո՛յ, ինձ մի թող այս աշխարհի խելագնացորում,
քո նոր տապանիդ վրա ես տոմս ունեմ
Արարատից մինչև Գրանդ Քենյոն մեկնելու,
Նո՛յ, կծիր այս ծիրանը, որ քեզ կտա
ուժը մեր հողի,
գնա՛ կաբարե, փրկածդ մարմինների
հրաշքը օրհնելու,
Նո՛յ, հույս չկա ոչ Լեռան, ոչ ջրի,
ոչ էլ գազանների,
իսկ մարդիկ թաքնվել են իրենց
լավ կողպված տներում,
միայն աղոթքս է դանդաղ ծավալվում,
միակ ցանկությունս էէ շարժվել անհայտում:
Նո՛յ, իմ բարի քաղաքական գործիչ,
ես հույս չունեի քո այցի,
թույլ տուր հրաժեշտ տալ հարազատներիս,
Արարատը մոտենում է, իսկ ջուրը բարձրանում,
ջրերից այն կողմ ոչինչ չեմ տեսնում,
բայց ես տրամադիր եմ ապրելու,
ես պետք է հասնեմ Լեռան մյուս կողմը,
որից այն կողմ` էլ ոչ մի լեռ:
Նո՛յ, ես հրում եմ քո Տապանը ղարաբաղյան ամուր
իմ ուսերով դեպի բաց ջրեր,
դեպի Ջրհեղեղը Նոր Սիրո…

Ե
Նո՛յ, խնդիրը ջուրն է, նրա շատությունը
և իմ մեկնակը դեպի վերջին հավերժություն,
բայց դու երկար ճանապարհ ունես անցնելու,
ինքս կանգնած եմ քո լաստաշեմին :
Ֆեդըրլ Բիլդինգի հսկա դահլիճում,
ուր եկել էր, որ բյուրոկրատ դարձած
հրեշտակների ձեռքից
ստանամ իմ անխոնջ Սոշըլ Սիքյուրիթին,
հենց նոր անցավ երեխաների մի խումբ`
թեթևակի իրար կապված ձեռքերով.
նրանց ուղեկցող կնոջ հետ միասին,
որ ժպտուն էր, հանց Մարիամ Աստվածածին,
բայց կապկպել էր նրանց, որ չփախչեն,
մենք միայն նրանց կվերցնենք մեզ հետ, Նո՛յ,
լաստի վրա ճամփորդելու
(պարանով գերան կկապենք, բայց ոչ` ձեռքեր)
Նո՛յ, սնունդ և փափուկ բարձեր մեզ պետք չեն,
չնայած երկուսիս ուղին լի է վտանգներով,
կսնվենք միայն երեխա-գազանների հայացքով,
որ շուտ են զգում մարդու բարի-չար լինելը,
և թռչուն կդառնան` եթե նեղացնենք:
Նո՛յ, իմ ձեռնարկումը նույնքան իրական է,
որքան քո արարումը ազգերի,
մեր լաստը կդառնա նոր մայրցամաք,
ուր ամեն ոք կունենա
երջանկության դրամատնային հաշիվ
և անմահության կանխավճար,
մենք երգեր կգրենք, ծովի, արևի
և տապանված-կորած-մոլորած մարդու մասին,
մենք իրական կլինենք ինչպես ոչ ոք,
երեկոյան օդը ոչ մի ակնարկ չի ունենա
կորստի մասին,
մահակալած աղավնին կբերի <>,
նաև հանդեսն իմ սիրելի, միշտ իրական իմ <>-ը`
վերջին լուրերի հետ դիմացկուն իմ հողի,
իսկ աշխարհը փորձում է երես թեքել
հինավուրց ազգից,
որովհետև չունենք նավթի ոչ մի բիծ,
իսկ դա հիմնաքարն է չինական ռեստորանում ճաշող
նավթի ընկերակցության մեծափոր ջոջերի
(նրանք ճաշարան են մտնում և իսկույն հարցնում`
ի՞նչ նոր ճաշատեսակ ունենք մեզ համար):
Նո՛յ, ես կվերադառնամ հաղթահարելով հոգուս
մամռոտ գայթակղության ժայռերն ու օվկիանները,
կմտնեմ ամուր քայլերով ամեն ինչ սրբագործող
ջրհեղեղից հետո հսկա քաղաքների
գաղջ հյուրասենյակը
և մեռնող քավարանատիպ արվարձանները
(ուր խոհանոցը ռազմատենչ լուրերը
ընտանի դարձնելու միակ վայրն է):
Նո՛յ, մեր բիբլիական թռիչքը կճեղքի-կանցնի
ռադարների ճպռոտ աչքը
և բարձր անկումը մարդու Նիագար ջրվեժի:
Կանցնենք ամերիկյան դինամիկ
մարմինների միջով,
որ ոտի վրա կանգնած խառնածին պիցցա են
ուտում հապշտապ,
չնայած նստելու տեղ` ինչքան ուզես,
երբեմն կլսենք լվացք անող ջրահարսների ձայները,
որ երգում են բաժանության երգեր`
խառնելով իրենց ձայնը աղի ջրի ձայնին,
երբեմն Մեծարենցի հրեշտակները
մեզ կայցելեն, քսաներորդ դարի վերջում,
գարեջրից գիրացած, ինչպես օպերային երգիչներ,
և բիբլիական լեռան քաղցրությունը
մեզ կտանջի անվերջ,
չի թողնի քնենք գիշեր-ցերեկ,
և իրենց ծաղկունքը ետ պահած
Արցախի լեռնային ծաղիկները կսպասեն,
որ վտանգը գնա-անցնի,
ավա՜ղ, ուշ կլինի հետո:
Չափից շատ հիմա փաթթոցավոր ոտիկանական
շներ կան փողոցում,
երազիս նրանք պատառոտում էին
քրիստոնյա մի անօգ կնոջ, իսկ օրվա ընթացքում
հեռուստացույցի վերջին լուրերը ցույց տվին պահը
որպես իրողություն:
Նո՛յ, լաստի տակ ջրհեղեղը հանկարծ արտացոլեց
արյունոտ-կարմիր մի տարածք,
զգու՛յշ գնա,
հայկական վեց վիլայեթներն են սրանք
ցեղասպանության արյունով ներկված,
Նո՛յ, եթե կարող ես`
լաստովդ կանգնեցրու ժամանակը,
ես հրեշի ատամները պետք է հաշվեմ,
բայց սպասիր, Նո՛յ,
թունավոր մշուշը գնալով խտանում է,
իսկ փրկության Արարատը չեմ տեսնում,
գուցե սխալ տոմս են տվել Լևոն Թրավլում,
Նո՜յ, խնդրում եմ ծանոթ գտնես կյանքի
Ատլանտյան օվկիանոսում,
Նո՛յ, այս ամենին պետք է
վերջ տրվի ակնթարթում,
մեր լաստը հակառակ ուղղությամբ է գնում:
Տեսնում եմ հեռվում զինված ազգերի դոփապարը
փոքր ազգերի ոսկորներից սարքած պարահանդեսում,,
անկատար ժամանակն է փթթում այսօր
միակ ժամացույցիս փշրված թվացույցին:

Նո՛յ, մենք սխալ գործեցինք,
մետրոն ավելի հարմար էր նոր սար
գտնելու գործում,
Նո՛յ, եթե այսպես գնա, ես կլինեմ մենակ,
անկին, աներեխա,
սոսկ լաստի վրա` սովյալ գերեզմաններ,
որ կպահանջեն իրենց ափ հանել,
հակառակ դեպքում կլինենք նրանց գերին,
բայց Տապանը բախվում է հինավուրց Սարին
և ցրիվ գալիս հանց ճենապակին:

Զ
Ես արթնանում եմ ինչ-որ խուլ տան մեջ
(որտեղ` շուն, կատու և գժեր անվերջ):
Նրանք ձյուն են ուտում կերակրի փոխարեն,
համտեսում նաև սկյուռ-ծառ շարժում:
Սկյուռները շարժվում են կտրուկ, ճեպընթաց
(սրանք փրկվողներն են ջրհեղեղից` անկասկած)
և զսպելով իրենց շարժումը առաջ,
գաճաճ հերոսներ են դառնում սաղարթում:
Իսկ ծառը մեծ է, հազար ճյուղանի,
նա պատուհանիս մեջ դառնում է աղավնի,
մյուս մասը կաղնու (խեղճ մասը երևի)
սրբի պես կքվել է, որ լուռ աղոթի,
ավելի վեր կապույտ երկինքն է, ուր ապակին կարծես
պահում է կապույտը` թաշկինակներ անտես,
Շուտով արևի
խավարում կլինի,
և ողջ պատկերը
հօդս կցնդի:

Հետգրություն.-
Նո՛յ, եթե կարող ես Արցախը նույնպես
վերցրու լաստիդ վրա:
Նո՛յ, ես ղարաբաղցի եմ և հուսով եմ`
խնդրանքս չես մերժի,
որպես ապուպապերիս պապերից մեկը,
ես նկարդ տեսել եմ պապիս հին տան պատին,
կանաչ դրախտում` Շուշիում,
որ հիմա ազատության Տապանն է տիեզերքում,
չնայած ջրհեղեղը վաղուց է չքվել:
Նո՛յ, հիմա չափից շատ
պողպատի պսպղուն աթոռներ կան շուրջս,
որոնք կցում են էլեկտրական հոսանք
(փոխանակ հոսաանքը ուղարկեն Հայաստան),
և նստող մարդը դառնում է սոսկանք:
Նո՛յ, ինձ <> պետք չէ,
ես ի վիճակի եմ և առանց դրա
քարքարոտ-մարդատյաց հասարակությանը
կանաչապատել զվարթ թթենու շուքով:
Նո՛յ, ես քեզ զգուշացնում եմ,
ջրհեղեղից հետո ջուրը մտադիր են
փոքրիկ շշերով վաճառել Բրոդվեյի վրա,
որպես նոր թատերգակ
և ավետարանական հեքիաթի մասունք,
իսկ փրկածդ գազանների խրտվիլակը
աճուրդի կհանեն Սոթբիում:
Նո՛յ, հիմա աշխարհում հազար անգամ ավելի
մարդ կա, քան թե անցաթուղթ
(նոր ջրհեղեղ է սպասվում),
ավելի շատ բանտ, քան բնակելի շենքմ
ավելի շատ փուշ, քան վարդ,
ավելի շատ սելջուկատիպ արյունոտ յաթաղան,
քան եկեղեցի և խաչ,
ավելի շատ կարկատած ծակ գրպան, քան թե փող:
Նո՛յ, ես պետք է պահեմ ներաշխարհս անձեռնմխելի,
իսկ պայքարս Ցավի ծովերի հետ պիտի լինի
նույնքան իրական և բարի,
որքան այս ջրահետքը` լաստի պոչից կախված:

Է
Բայց հիմա Քլիվլընդի իմ նոր գրասենյակում շրջապատված եմ
բարձրաճակատ ամերիկացի պրոֆեսորներով,
որոնց համար անգլիական հին գրականությունից զատ
ուրիշ բան աշխարհում գոյություն չունի,
շրջապատված եմ անգլիացի սրբերի մասին
գրքերով և լատինագիր աղոթք-խնդրանքներով,
որոնք շատ կրավորական են գործում առ այսօր:
Շրջապատված եմ վաղ առավոտներով
և ձյան ֆոնի վրա ավելի սևացած
սևամորթ ծեր կանանց տանջված –
խորշոմած, բայց հպարտ դեմքերով:

Նո՛յ, մենք պետք է դիմանանք ազգի փորձությանը,
մեր սրտերում քանի՜-քանի՜ Տապաններ կան լողացող;
չնայած` հոգնած ծովերը նույն երազն են տեսնում-
փրկված մարդկությունը Արարատի գագաթին:

Ը
Նո՛յ, այս լաստը մերը չէ, բոլորինն է,
լաստի այս ձևը սիրո նշան է, զուսպ է և ամուր,
և սիրո ատլասը մեզ տանում է դժվար մի աշխարհ,
ուր քամին ու ժամանակը միասին են թափառում,
ձեռք-ձեռքի տված, ցնցելով
հողմացույցը դժբախտության:
Մերթ արագ ընթացք, մերթ` դադար,
Սարսելով հեռավոր քաղաքների
տանիքն ու պատուհանը,
ուր ամեն օր մեկը մյուսին բանտ է տանում,
գիշերը աղավնում պես ղունղունում են
ոստիկանական մեքենաները,
առավոտյան մառախուղը դաժան ժպիտի պես
տարածվում է բարձրահարկ շենքերի
գոտկատեղից ներքև:
Նո՛յ, լաստը կապողների մեջ ես տեսա
իմ հայ ընկերներին,
հիմա նրանք կռվում են Արցախում,
ինձ թվում է` լաստը հենց մենք ենք, որ կանք,
Նո՛յ, արագացրու լաստի ընթացքը,
հեռվում ռազմանավեր եմ տեսնում,
մեծ տերության երես առած զավակներն են սրանք
և ընդունակ են ամեն ինչի,
շրջիր ցռուկը օստ-էնդ և սպասիր,
մենք կարիք ունենք փրկության,
մեր լաստը ապահովագրել են միայն թռչուններն
ու բարձր ամպերը,
ուրիշ ոչ ոք չուզեց մեզ ճանաչել,
և Արարատը, որ միշտ մեր կողքին էր,
շարժվում էր մեզ հետ կամ էլ հայտնվում
հեռու-հեռուներում որպես միրաժ,
հանկարծ չէվեց-անհետացավ:
Փոխարենը հայտնվում է հիմա երազիս մեջ,
արյունոտ գագաթով, հյուծված-նիհարած կողերով,
մաքուր ճակատը ցեղասպանության
պատռվածքներով լեցուն,
պատռելով թաղանթը ոսկրացած կենսափորձի,
նա շարժվում է Փոքր Մհերի պես
Ագռավաքարից դուրս,
ես պառկում եմ լաստի վրա, ծովերի մեջտեղում
և երազում ծովից ծով Հայաստան:
Նո՛յ, եկ մեր լաստը դարձնենք նոր Մայրցամաք
(ես գիտեմ, ամեն տողս հետո կարձագանքվի
երկնային կաբարեում, կամ կպախարակվի
ստորերկրյա, մարմարե Ակադեմիաների
անկիրք և փոքրահետույք նստաշրջանում):
Նո՛յ, ժամանակ հնարողը ինքն է դարձել նրա գերին,
և լաստիդ վրա ամեն ինչ գնում է
Անհայտություն:

Թ
Նո՛յ, գրիր ինձ մի քանի տող
և վերցրու ինձ Քսանմեկերորդ Դարի
անձնակազմի համար,
հիշեցրո՛ւ, որ ես դեռ կամ Մասիսի սառած
փեշերի մոտ,
հիշեցրո՛ւ, որ դեռ կարող եմ քեզ հետ ճամփա ընկնել
ատոմային ջրհեղեղից հետո,
Հասցես, –
Ջրհեղեղի փրկիչ – կենտրոն` Արարատ,
Քլիվլընդում մի պահ հայտնված,
անանձնագիր-անգրինքարտ
(որի համար երեք ամիս աշտարակ-բանտ)
Արտեմ Հարությունյան,
Ց՛պահա՛նջ…

ՋՐՀԵՂԵՂԻՑ ՏԵՏՈ
Անձրն՝ ծանր,
ինչպես թուջե դեմքի (ստալինյան տարիներից հետո)
շարունակություն, որ որոշել էր
հանկարծ խոստովանել,
իր անպաշտպան, քողարկված կյանքի
հրեշավոր թշվառությունը։
Վարագույրի հետեում թաքնված,
որ անտես մնանք հարնանի աչքից,
տեսանք ոնց է ջրաշիթը
հանկարծ դառնում հզորացող հոսանք,
և փողոց հանում նոր ժամանակների դատի առաջ,
մեղքերով քողարկված ամեն մահճակալ
և թշնամանքով լեցուն թղթակույտեր
(որտեղ մարդը մատնում է իր նմանին),
ասես Ահեղ Դատարանի
տարօրինակ պոռթկումն էր մեր առաջ։
0՜, դա ջրհեղեղ էր,
բոլոր ժամանակներից՝ ամենաքաղաքականն ու անմարդկայինը,
բայց նան մաքրող– կազդուրիչը,
Նոյի ժամանակներից մնացած մի բեկոր,
որ բազում իրեր դուրս հանեց փողոց՝
կարապի պես տանելով
իրենց տերերի անամոթ նիստ ու կացը,
գաղտնի մղումներն ու ցանկությունը,
Նրանց քաղաքական անզորությունն ու բռնիչների հզորությունը։
Նայելով ծանր վարագույրի հետևից
(տոտալիտար երկրում գաղտնի վարագույրն է իշխում),
այս ամենը անշուշտ,
կարելի է համակարգի բերել.
չոր ժամանակների մեղքերը
հիմա ջրի երես են ելնում
խնդրառուի քրքրված կոշիկներ,
ագահ մարդու հոգնած օձի կաշվից

սարքած գոտիներ, գաղտնի ոստիկանության խիտ մատնություններ,
պչրուհու խայտաբղետ, սայթաքուն ներքնաշորեր,
ցեցի երազած, ծակծկված, անցյալ արյունահեղ պատերազմից մնացած,
բայց խնամքով պահված տաբատներ, և ինքը՝ փայտե պահարանը դուրս սահեց
նրբանցք,
ուրախ, որ կարող է անտառ վերադառնալ։
Բայց մի՛ք վախենա,
վախեցած քաղաքացիներ,
որ ինձ պես մտել եք
վարագույրի հետև
(բռնակալ ժամանակներում նաև վարագույրն է փրկում),
տեսե՛ք,
անձրևի մարող
հեկեկոցին համընթաց
ջուրը սկսեց իջնել։
Ինչ– որ մեկի աղոթքը
հրթիռի պես սլացավ երկինք,
մենք նկուղ իջանք,
որ տեսնենք գինու տակառները
հո չեն փչացել ջրհեղեղից։
Բայց ամեն ինչ տեղում էր.
մենք երկար զննեցինք
անծանոթ– տարօրինակ նախշը,
որ ջուրը թողել էր
ներքնահարկի դեռ թաց հատակին,
որպես ջրհեղեղից մնացած պատվիրան.
մի՛ ծախեք իրար, անգամ եթե դրսում
բռնակալության ցուրտն է իշխում,
որովհետն վաղ թե ուշ, գարնան կայտառ եղանակին համընթաց,
բիբլիական ջրհեղեղն է հայտնվում,
որ ջրի երես կհանի ամեն հանցանք,
և ձեր մեջ դժոխքը կարթնանա։

ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈԻԹՅՈՒՆ
Մի մարդ կորավ
հագուստիս տակ, ծալքերում,
դուրս եկա զբոսնելու,
նա մեկնեց շուրջերկրյա ճանպարհորդության,
և մինչ ես շվարած թափառում էի
մեծ քաղաքի ձվաձև պուրակներում,
ուր եղանակը ջայլամի պես
թուխս էր նստել ծառերի վրա հ
և հասունացնում էր անհայտ մի մանուկ,
որ գուցե կորած ես-իս մի մասն էր,
և որին կորցրել եմ երեք հազար տարի առաջ,
և որ հետ կգա հինգշաբթի օրը
իր շուրջերկրյա ճանապարհորդությունից հետո,
ձեռքին՝ ճամպրուկը կայարանների
և թարմ փունջը թերթերի,
թաշկինակը միշտ պատրաստ,
ինչպես կանչ և նշան՝

որ մենք դեռ սպասում ենք
լռակյաց Արարչի հեկեկոցին…

ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄՐՈՏ ՀՐԵՇՏԱԿԸ
Տանս մրոտ անկյունում կախված է
խիտ մետաքսից սարքած հրեշտակի մի կերպ,
որ ճաք է տվել շրջափակման մրից,
փրկվել է վառարանի ծխացող երախից,
մրոտել է անբնական դեմքը, թևերից մեկը,
որի վրա աստղեր կային երկնային։
Այսօր վառել եմ հին կոշիկներս,
Քրոջս աղջկա խունացած տիկնիկը, տրցակը
անցած տարվա հրատապ թերթերի,
որ հիմա ստերի աճյուն և դամբարան
են ծայրեծայր,
շորերի մի խուրձ, որ ճչում էին վառվելիս
մանկությանս վառվռուն գույներով
և կուլ գնում վառարանի անտարբեր մռռոցին,
կախված անկյունի ժանգոտ մեխից,
տարօրինակ, դատարկ հայացքով, ասես ներսում
ամեն ինչ բարարեհաջող է և նույնն է ակնկալում
մեզնից,
հրեշտակր զարմանալի կանաչ Դիլիջանն է երազում
հիմա,
նայում է այս ամենին վերից,
պտտվում է թույլ, միջանցիկ քամիներից
և բարեկեցություն խոստանում իր դեղին
կմախքով,
որին հավատացողները կծկվել են
ցրտի սենյակում։

Եվ ոտքի կանգնելով ասացի նրան`
Հրեշտակ, տուր ինձ տուն եղբայրության
և գաղտնի թոշակի մեծ գումար,
տուր ինձ շքամուտքի խորհրդավոր մթության
մաքրությունը,
ուր աստվածները իրար են հրմշտում
ինչ– որ բան ասելու համար
և հետո հրաժարվում ժամանակավորի հետ բանակցել։
Հրեշտա՛կ, ես ձմռան ոխերիմ թշնամին եմ հիմա,
Որովհետև ազերի–թուրքերի շրջափակած Երևանում
3 միլիոն մարդ փռշտում է միանգամից
և մետրոյից դուրս թափվում արևի թույլ շողին
ընդառաջ,
խնդրելով ջերմություն և բոքոն,
և աչքս անվերջ վառելիք է փնտրում,
անգամ երկնքում ամպերը դարձնելով տաք գոլորշու
փաթիլ կամ գուլպա,
հրեշտա՛կ, դու եղել ես Հայաստանում,
սև հացի կողքին հանգստացել և տեսել նրանից ծնվող սև
մայրամուտը,
եթե կարող ես ջերմացրու այս քարքարոտ
բարձրավանդակի վրա սփռված երկիրը,
արթնացրու իմ մեջ սեր և կարեկցանք,
ապահովիր դրամով կաթվածահար պառավի ձեռքը,
որ փորձում է հերթը խախտելով առաջ ընկնել,
հացի խանութի պատից կառչելով ինչպես ուրվական,
հրեշտա՛կ, տար ինձ առաջ՝
դեպի կարծեցյալ բարեկեցության կիսաքանդ պողոտան,
հրեշտա՛կ, մեկ ու կես միլիոն հայ
թուրքական յաթաղանի
զոհ դարձան։
Դա 1915 թվին էր,
դու սովորաբար այդ օրերին նայում էիր հակառակ
ուղղությամբ
(գոնե հիմա մեղքերդ քավիր),
և Փարիզն ու Լոնդոնը լրատվական միջոցների անկյունում
այդ օրերին փոքրիկ հաղորդագրություն
տպեցին այդ մասին,
եթե կարող ես ապահովիր նավթով
ողջ Արցախը,
հրեշտա՛կ, երեկ թերթերի կույտի մեջ տեսա
սպանված ազատամարտիկի մոր մոխրագույն
դեմքը,
հրեշտա՛կ՝ այսօր ցուրտ է, օրը՝ անտանելի,
գուլպայիս մեկը ծակ, մյուսի բուրդը բզկտված,
աղը ձյան վրա՝ ողբացյալ,
գրպանս՝ դատարկ, բայց ամուր թելերով
կարված,
եթե կարող ես հետաձգիր տոկոսներ տալս,
դրսում, նավթի հերթում ես դասական գրողի կեցվածքով
ուրույն տեղս ունեմ նոյեմբերի վերջից մինչև
մարտ։
Մենք երկար մաքառեցինք այս ուղու համար,
դեռ տաք է «Մակարով» ատրճանակի ծանր փողը,
հունվարի քառատրոփ ծանր սիրտը
Հանրապետության պողոտայի դիմաց
աշխատում է էժանագին օղու հրամանով
և ցախ հավաքողներ քշում պուրակներն
ի վեր,
որ շուտով թփուտ առ թփուտ կածիլվեն
մինչև ամառ,
անբնական կացնով ցրտահարվածի,
և նորից հունվարի սիրտը
հանրապետության պորտալարի մոտ
ընկած տերևի
սառցե արձաններ է կանգնեցնում,
միկրոֆոնը տալով հերթական ընդդիմության
կասկածելի թթխմորի պես
ուռչող տղերքին,
որոնց բանկի հաշիվը մնում է անբացատրելի։

Հրեշտակ– փրկիչ՝ ամանորի ծաղր,
հրեշտակ– սրբիչ՝ ցամաքած մարմնի,
հրեշտակ–պուպրիկ՝ հանգչող զառամյալի,
հիմա նայում եմ քեզ որպես մաքուր ոչինչ, ո
րին ճզմել է կյանքի մամլիչը,
մի կողմդ՝ մաշված,
մի կողմդ՝ շտկված.
կոշիկներդ՝ ծակ,
մազերդ՝ թափված,
ցեխը փողոցի՝
աչք–ունքիդ գամված,
որպես հարցաքննված մարմնի
նշան և վարկած,
գիպսե թևը՝ կտրուկ ոլորված,
հրեշտա՛կ–ընկեր՝ վերջնագիծ հասած,
տուր ինձ փրկության թևդ
մրոտված…

Share Button

4 Կարծիք

  • Նելլ says:

    🙁 ….ություն

  • artyomik says:

    kekhc u patir barbajanq

  • Ռուզան says:

    Ավելի վատ, որ գրելու շնորհք ունեցողը ողորմելի ճորտի մտածողություն ունի

  • նանե says:

    Կարդալով մեկնաբանությունները, հասկանում եմ, որ սխալ էր բոլորին գրաճանաչ դարձնելը: Նրանք պետք է կարդալ սովորեին, ովքեր կարդացածը կհասկանային:
    Հոյակապ է, շատ տպավորիչ, ճիշտ է, շատ մռայլ, բայց հասկանալով, որ գրել է միգուցե իննսունականներին, Հայաստանից այդ թվերին մեկնածմարդու կողմից, դատելով բովանդակությունից, ուրեմն մռայլ գույները հասկանալի են:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *