Արտաշես Շահբազյան | Անդունդը

Արտաշես ՇահբազյանՆերսես Հարությունյանի եւ Մարինե Հովհաննիսյանի պսակադրությունը տեղի ունեցավ 1995 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Այդ ժամանակ, թեեւ դեռ տարածված չէր ամուսնության արարողությունները եկեղեցական կարգով կատարելու ծեսը, սակայն դա Ներսեսի վճիռն էր, եւ որեւէ մեկն այդ ցանկությանը հակառակվելու իմաստ չտեսավ: 1991 թվականից սկսած Ներսեսը մի քանի անգամ մեկնել էր Լեհաստան, ամեն հերթական դեպքում ավելի երկար ժամանակահատված անցկացնելով այդ երկրում: Կարելի էր գլխի ընկնել, որ եկեղեցական արարողակարգով պսակադրության գաղափարը Ներսեսի մեջ արմատավորվել էր Լեհաստանում: Լեհաստանը թեեւ նույնպես անաստվածության նախկին ճամբարի երկրներից էր, սակայն տեղի կյանքի վրա կաթոլիկությունը բավականին ազդեցություն ուներ: Երեւույթը պայմանավորված էր մասնավորապես այն հանգամանքով, որ քրիստոնեկան հավատքի այս ուղղության հեղինակավոր առաջնորդն, այդ տարիներին, ազգությամբ լեհ Հովհաննես Պողոս երկրորդ պապն էր: Այն նույն Պապը, ով գլխավոր ներշնչողն ու հովանավորը դարձավ համայնավարական ռեժիմի դեմ լեհ ժողովրդավարների գլխավորած ըմբոստացման, ինչն էլ , ի վերջո ավարտվեց օտար ուժի պարտադրած համակարգի կործանմամբ:
Օրը շաբաթ էր, Ներսեսի եւ Մարինեի պսակադրությանը զուգահեռ, եկեղեցու կիսախավար անկյունում, փոքրիկ ավազանի մեջ, երեխայի էին մկրտում: Սրահում խռնված մարդկանց մեկ մասն էլ եկեղեցի էր այցելել շաբաթօրյա մոմավառության եւ աղոթքի համար: Մոմերի թրթռուն լույսը տարածվել էր խորհրդավոր կիսախավարի վրա, ուրվագծելով շարժվող տարակերպ ստվերներ, օդում տարածված խնկահոտը ավելի էր խորացնում այլաշխարհային իրականության զգացողությունը, սրբապատկերների գունատ դեմքերի անժպիտ հայացքներն ասես սեւեռված էին քահանայի կամքին ենթակա ամուսնացող զույգի վրա: Մարինեի ուշադրությունը, սակայն սպիտակ աղավնու հետ էր, որն անհանգիստ թեւաբախումներով պտույտներ էր տալիս տաճարի կամարների շուրջ: Հավանաբար ուխտավորները աղավնուն բաց էին թողել եկեղեցու բակում, բայց թռչունը մարդկանց հոծ բազմությունից շփոթված, երկինք սլանալու փոխարեն եկեղեցի էր մտել: Անսովոր եռուզեռից վախվորած կենդանին, գլուխն այս ու այն կողմ դարձնելով, պտտվում էր գմբեթի ներքո, բայց թափանցող լույսի հետքով ազատության հասնելու ելքը չգտնելով վայրէջք էր կատարում լուսամուտագոգերին, մարմարյա սյուների անկյուններին, սրբատաշ քիվերի եւ լուսատիտիկների պես առկայծող լամպերով ջահի վրա, ապա չհասցնելով հանգստություն տալ թեւերին կրկին օդ էր բարձրանում՝ խրտչած մոմերի հրդեհից, ստվերանման էակների չդադարող ելումուտից, մկրտվող երեխայի լացից, եւ այն խուլ աղմուկից, որի վրա տարածվում էր հոգեւորականների միալար ու երգեցիկ աղոթքը: Մարինեն տարված էր կարծես իր ներսում թեւածող աղավնիով, եւ քահանան երկրորդ անգամ հնչեցրեց ցկյանս ամուսնական ուխտին հավատարմության մասին հարցը, իսկ Ներսեսը արմունկով բոթեց հարսնացուի կողը:
Երբ պսակադրության մասնակիցները խոնարհ խաչակնքումներով հատեցին եկեղեցու շեմը, պարզվեց որ բարկ անձրեւ է մաղում, թեեւ օրը տաք էր եւ օդի մեջ փայլկտում էին աշնանային արեւի գծած արծաթափայլ ստվերները:
Եկեղեցու բակում մրմունջների խուլ բզզոցին փոխարինել էին մուրացկանների պարտադրող աղերսները, խճողված մեքենաների հիստերիկ ազդանշանները եւ ոչ հեռվում կամուրջն անցած ու ոստիկանության կենդանի արգելապատնեշի հետ բախված ցուցարարների բացականչությունները: Հարսանեկան արարողության մասնակիցները մի պահ շփոթված հետեւում էին անզիջում դիմակայությանը, սակայն Ներսեսը բոլորին սթափեցնելով դեպի մեքենաները հրավիրեց եւ տեղի ունեցող ամեն բան մնաց ետեւում: Այնուամենայնիվ այդ օրվա հիշողությունների պատառիկներ որպես Մարինեի մտապատկերում մնալու էին եկեղեցում անհանգիստ թեւածող աղավնին, ոստիկանության հետ ընդհարված ամբոխից առանձնացող արյունոտ գլխով պատանին եւ մարտադաշտի դրոշի նման աջ ու ձախ նետվող պաստառը, որի վրա պարզորոշ կարդացվում էր անձրեւից թանաքագույն դարձած <այլեւս> բառը:
Ներսեսը Լեհաստան մեկնեց հաջորդ տարվա ապրիլին, երբ Մարինեն արդեն չորս ամիս կրծքի տակ կրում էր իրենց որդուն:
Ուղիղ մեկ տարի անց, երբ ակնհայտ դարձավ, որ անհնար է կանխագուշակել, թե Ներսեսը երբ կվերադառնա, Մարինեն գիրկն առավ ալերգիայի կարմիր ցանից տանջվող երեխային եւ հեռացավ հայրական տուն:
Մարինեն ամուսնու օջախի օտարության համար չմեղադրեց սկեսրոջը, խմիչքի հետ սեր ունեցող տագորը եւ կամ իրեն, այլ ստեղծված սառնությունը բացատրեց կամուրջի բացակայությամբ, որ իրեն կապելու էր այս տան հետ:
Ներսեսի հաջորդ վերադարձը տեղի ունեցավ 2010 թվականի ձմռանը: Վերադարձավ այնպես, ինչպես մեկնել էր՝ առանց երկար-բարակ խոսքերի եւ այնքան սովորական, կարծես մի քանի օրով էր բացակայել: Նա բնակարան վարձեց, խոստանալով կարճ ժամանակում սեփական կացարան գնել ու կահավորել այն: Իհարկե Մարինեի հարազատները ընդգծված սառնությամբ դիմավորեցին Ներսեսին, բայց գերադասելի էր ընդունել ակնկալվող շարունակությունը, քան հաշտվել կենդանի ամուսնու գոյության պայմաններում՝ մերձավորի հավերժական մենակության եւ նրա երեխայի անհայրության հեռանկարի հետ: Առավել անհանդուրժող եղավ Արսենը, ով ոչ մի կերպ չուզեց բնականոն հարաբերություն հաստատել անծանոթ հոր հետ:
Անգամ վարձու բնակարան տեղափոխվելու ժամանակ նա չհետեւեց մորը ու շարունակեց ապրել պապ ու տատի եւ փոքր քեռու ընտանիքի հետ:
Նյարդային պատանու վարքը շատ չմտահոգեց հորը, նա մշտական մեղմ ժպիտը դեմքին մեկնաբանեց, որ որդուն վերադարձնելիք պարտքեր ունի եւ այդ պայմանով իր ու զավակի հարաբերությունները ժամանակը կհարթի:
Երկարատեւ բացակայած ամուսնու հետ հաստատվելով վարձակալված բնակարանում Մարինեն այն զգացողությունն էր ապրում, կարծես, սիրային գաղտնի կապն էր հաստատել օտար տղամարդու հետ:
Միաժամանակ հասկանում էր, որ արտառոց զգացողությունները անսովոր իրավիճակի հետեւանք են եւ համատեղ գոյակցությանը վարժվելու հետ կանհետանան: Մանավանդ երբ իրենց կմիանա այդ կապի առհավատչյա եւ դրա իրավունքն արդարացնող ընդհանուր զավակը:
Ներսեսի համար հստակ էր անելիքը: Կարճ ժամանակ անց, բարեկեցիկ արվարձանում, նա ընդարձակ բնակարան գնեց, վերանորոգում սկսեց այնտեղ եւ զուգահեռաբար, հագուստ ու համակարգիչ գնեց Արսենի համար՝ չմոռանալով մոր միջոցով երեխային մշտապես գրպանի մանրադրամ ուղարկել: 2011թվականի հունվարի 1-ին բնակարանամուտ տոնեցին վերանորոգված ու կահավորված տան մեջ: Բնակարանամուտի խնջույքին ներկա եղան երկու կողմի մերձավորները, իսկ Արսենն այդ օրը տեղափոխվեց իր հարմարավետ սենյակը, ուր կար այն ամենը ինչի մասին միայն երազել կարող էր:
Իհարկե ողջ այս ընթացքում Ներսեսը խորհրդակցում էր կնոջ հետ եւ ըստ էության սեփական բնակարանի կահավորանքը համապատասխանում էր կնոջ ճաշակին՝ բացառությամբ, իհարկե Արսենի սենյակի: Համատեղ կյանքը կազմակերպելու հոգսերին հետամուտ Մարինեն կարծես բացահայտում էր ամուսնու կերպարը եւ հայտնագործում բնավորության գծեր, որոնք հայտնություն էին իր համար: Օրինակ պարզվեց, որ Ներսեսը հանդարտ խառնվածք ունի, ցածրախոս է, խուսափում է աղմկոտ իրարանցումից, չի հայհոյում: Մարինեն հիմա կարծես բացատրություն գտավ այն հարցին, թե այս տարիների ընթացքում ինչու այդքան քիչ է ամուսինը զանգահարել:
Մարինեն հասկացավ նաեւ, որ հավանաբար երբեք էլ չի իմանա որքանով են իրականությանը համապատասխանում այն շշուկները, թե Ներսեսի վերադարձը իրականում փախուստ էր մի կնոջից, որի հետ կապված էր եղել տարիներ շարունակ: Ըստ հակասական լուրերի հարբեցող այդ կինն իրենից մեծ էր ինը տարով, նախապես ամուսնացած էր եղել եւ այդ ամուսնության արդյունքում ուներ թույլ ոտքերով, հաշմանդամ երեխա: Եւ իբրեւ թե չհանդուրժելով հարբեցող կնոջ կենցաղը, Ներսեսը բազմիցս փորձել էր հեռանալ, սակայն կինը նրան մոտն էր պահել սպառնալով, թե ոստիկանությանը կտեղեկացնի զուգակցի առեւտրական գործերի ստվերային կողմերի մասին: Երկար փորձերից հետո, ի վերջո, Ներսեսը պարզապես փախուստ էր տվել կացության իրավունք շնորհած երկրից: Այս պատմությունները որոշ տարբերություններով հասնում էին Մարինեի ականջին, բայց քանի-որ դրանք փաստելու հնարավորություն չկար, հետեւաբար խոսակցությունները որքան հավաստի, նույնքան էլ անիրական կարող էին լինել: Փորձել պարզաբանել դրանք Ներսեսի հետ, կնշանակեր հայտնվել ճակատագրական վճիռներ կայացնելու եւ կամ արժանապատվությունը նսեմացնող իրողությունները հանդուրժելու երկընտրանքի առջեւ: Մարինեն եզրակացրեց, որ Ներսեսի առանձին ապրած տասնհինգ տարիները իրենց ընդհանուր կենսագրությանը մաս չեն կազմում, հետեւաբար իրեն չեն վերաբերում: Բայց վանելով այն ինչն իրեն չէր պատկանում Մարինեն չէր կարողանում տարիների բացը լցնել ինչ-որ բանով: Այդպիսով շարունակում էր պահպանվել իր ու Ներսեսի արանքում եղած չգոյության անդունդը: Համատեղ կյանքը, ամուսնական մերձեցումը ժամանակի ընթացքում մարեցին ներքին լարվածությունը, սովորական դարձածը վերածելով սովորույթի: Այդուհանդերձ անդունդը հայտնվում էր ամեն պահի, երբ զբաղված չէին ընդհանուր գործով եւ անգամ այն ժամանակ, երբ միասին գտնվում էին չորս պատերի մեջ: Իսկ երբ մարում էին լուսամփոփը եւ ամուսինները մեջքով էին շրջվում միմյանց անդունդը սողոսկում էր նույնիսկ ամուսնական անկողին:
Մարինեն փորձեց բաց տարածությունը լցնել Ներսեսի բացակայության շրջանում իր ու Արսենի կյանքի տարիների պատմություններով: Նա գունեղ մանրամասններով ներկայացնում էր, թե ինչպես Արսենը սկսեց քայլել ու արտաբերեց առաջին բառերը, ինչպես նրան տարավ առաջին դասարան, ինչպես ինքը, հորական ընտանիքի վրա բեռ չդառնալու համար, անել ժամանակներում, վարսահարդարություն սովորեց ու այցելում էր ամենատարբեր կանանց տներ եւ երբեմն հոգնած տուն էր վերադառնում ուշ գիշերով: Մարինեն ձգտում էր վերհիշել տասնհինգ տարիների բոլոր կարեւոր ու անկարեւոր անցուդարձերը, դրանցով լցնելու համար իր եւ ամուսնու միջեւ եղած անդունդի բոլոր խոռոչները: Այդ պատմությունները, որ ըստ էության Ներսեսի ընտանիքի կենսագրությունն էին կազմում, չէին դառնում, սակայն ամուսնու սեփականությունը: Նա դրանք ունկնդրում էր լուռ համբերատարությամբ, ավելի շուտ զարմանքով, քան հետաքրքրությամբ՝ հերթապահ անհույզ կիսաժպիտով: Ինչ-որ պահի, երբ Ներսեսին թվում էր, թե կինն ավարտեց խոսքը, ինքն էր սկսում պատմել Լեհաստանի տպավորություններից, այնտեղի մարդկանցից՝ կյանքի առանձնահատկություններից: Մարինեն տարակուսում էր այդպիսի պահերին, կարծես շոշափելով այն անջրպետը, որ հսկա սառցաշերտի պես ամրորեն պահպանում էր բաժանող տարածությունը:
Ներսեսը շատախոս չէր: Տանը եղած ժամանակ նա սիրում էր հորից մնացած փայտամշակման մանր գործիքներով մարմնամարզիկներ հիշեցնող փայտե մարդուկներ տաշել: Թեւերն ու ոտքերը ծիծաղելիորեն այս ու այն կողմ պարզած մարդուկները նա փորձեց վաճառել վերնիսաժում, սակայն այդ գործն անարդյունք նկատելով, խնամքով շարում էր դրանք զգեստապահարանի գլխին:
Զբաղմունքից ձանձրանալով, երեկոյան, երբ անակնկալ հայտնված զեփյուռը ծխանման աղջամուղջի մեջ տարուբերում էր ծառերի կատարները, Ներսեսը սիրում էր գարեջրի թիթեղյա տուփերով ու ապխտած մանրաձկան ցելոֆանե փաթեթներով տեղափոխվել պատշգամբ, եւ դրանք վայելելու հետ հետեւել ներքեւի անցուդարձին՝ խաղացող երեխաների աղմուկին ու տաղավարներում, սեղանի խաղերի շուրջ խռնված մարդկանց:
Մարինեն, երբեմն ակնարկում էր բակի տղամարդկանց միանալու մասին, սակայն Ներսեսի համար այդ ամենը անիմաստ ու անհասկանալի ժամավաճառություն էր: Առեւտրական բորսայում բնակարանների վաճառքով զբաղվելը թեեւ նույնպես բավարարություն չէր բերում անկայուն եկամուտների պատճառով, բայց նա այս գործին հարմարվել էր՝ ավելի լավ աշխատանքի ակնկալիք չունենալով:
Կարելի էր եզրակացնել, որ Ներսեսը չէր ձգտում մարդկային լայն շփումների: Նա այսքան բացակայությունից հետո մոր ու եղբոր ընտանիքի հետ նույնպես տեսնվում էր հազվադեպ՝ հիմնականում ընտանեկան կամ ընդհանուր տոների օրերին: Թեեւ վերադարձից հետո մանրամասնորեն հետաքրքրվել էր գրեթե մեկ տարի իր հայրական տանը Մարինեի անցկացրած կյանքի մասին, սակայն այդպես էլ որեւէ վերաբերմունք չարտահայտեց: Հայտնի չեղավ հարազատների հետ շփումների սակավությունը հենց վերաբերմունքի դրսեւորում էր, թե պարզապես բնավորության գիծ:
Երբ տարիների կուտակված դժգոհությունը մարեց Մարինեի եղբայրների մեջ, նրանք փորձեր ձեռնարկեցին սերտացնելու հարաբերությունները փեսայի հետ: Ավագ եղբայրը նույնիսկ առաջարկեց իր առանձնատան կողքի բերքառատ այգով հողամասը գնել՝ օգտվելով այն էժան գնով շուտափույթ վաճառելու ընձեռված առիթից:
Ներսեսը, սակայն հրաժարվեց կարճ պատասխանելով, թե ավելորդ պարտականություններ իրեն հարկավոր չեն:
Մարինեի հարազատության հետ նրա հարաբերությունները մնացին հավուր պատշաճիության սահմաններում:
Տարիների բացը լրացնելու եւ ամուսնական կապի ամբողջությունը գոյացնելու մեկ հնարավորություն էլ Մարինեն համարեց երկրորդ երեխա ունենալու գաղափարը, որին Ներսեսն արձագանքեց ուսերի անորոշ թոթվումով:
2011 թվականի հոկտեմբերի 14 -ի երեկոյան Մարինեն դուրս եկավ պատշգամբ եւ Ներսեսին հայտնեց, որ այլեւս չի ցանկանում ապրել նրա հետ:
Ներսեսը այնպիսի հանգստությամբ շարունակեց խմել գարեջուրն ու ծամել ապխտած մանրաձուկը, կարծես սովորականի պես կինն իրեն սուրճ էր առաջարկում:
2011 թվականի նոյեմբերի 14 -ին, առաջին ատյանի վարչական դատարանում, տեղի ունեցավ Մարինեի ու Ներսեսի բաժանման դատաքննությունը: Քննությունը կարճ տեւեց, քանի-որ ամուսինը հայցվոր կնոջ պահանջի նկատմամբ արտահայտեց հարգանք ու ըմբռնում: Հարցեր չառաջացան նաեւ գույքային խնդրին անդրադարձի ժամանակ, քանի-որ Ներսեսն ի սկզբանե հայտարարեց, որ սեփական հագուստից ու փայտամշակման գործիքներից բացի, ընդհանուր գույքի նկատմամբ այլ պահանջ չունի:
Դատավարության օրը լուսաբացից մանր անձրեւ էր մաղում: Այնքան մանր, որ կարծես ոչ թե անձրեւ էր գալիս, այլ օդը թաթախված էր խոնավության մեջ: Ողջ օրը երկիրը ստվերված էր գորշ, ծանր ամպերով:
Դատարանից դուրս գալուց հետո ներկաները դեռ մի պահ խռնված մնացին շենքի առջեւ, կարծես հստակեցնելու համար հետագա անելիքը: Ներսեսը մոտեցավ Մարինեին եւ խնդրեց հրաժեշտի խոսքեր փոխանցել որդուն, ով այդպես էլ չհայտնվեց դատարանում: Պարզվեց, որ արդեն այդ գիշեր Ներսեսը ինքնաթիռով մեկնելու էր Կիեւ, որտեղից էլ անցնելու էր Լեհաստան:
-Գնո՞ւմ ես,- ավելի շուտ հարցնելու համար հարցրեց Մարինեն, հայացքով ուղեկցելով փողոցը կտրող կաղ շանը, որին, պոչի տակ մռութը խոթած, հետապնդում էր ցեղակից արուն:
-Մնամ ի՞նչ անեմ, – պատասխանեց Ներսեսը ու մի պահ լռելուց հետո ավելացրեց ,- Մարինե՛ առաջվա պես ես քեզ փող կուղարկեմ, եթե Արսենին էլ ինչ-որ բան պետք լինի, իմ էլեկտրոնային հասցեն գիտես՝ տեղյակ պահիր:
-Ներսես մենք էլ երբեք չենք միանա,- ասաց Մարինեն, փոքր-ինչ բարձր դիրքից առաջին անգամ նկատելով Ներսեսի գլխին կպած թաց մազերի տակ գոյացող ճաղատը:
-Գիտեմ, – նույն հանդարտությամբ պատասխանեց Ներսեսը, – բայց ձեր նկատմամբ պարտականություններ ունեմ:
Հեռանալիս քիչ մնաց Ներսեսի ցեխոտված կոշիկը սահեր ջրափոսի մեջ, ուր թեւատարած ճոճվում էր ագռավի ձագի անշունչ մարմինը: Մարինեն ցանկացավ զգուշացնող կանչ արձակել, բայց կանչը գունդուկծիկ եղավ, խցանվեց կոկորդում: Հեռացող Ներսեսի ետեւից, ավտոմեքենաների արձակած ծխի հետ, ցնդում էր այսքան կարճ տեւած միացման ժամանակը: Որպես մտատեսիլ հայտնված ծանոթ անդունդը լցվում էր 15 տարիների ապրած կյանքով, որը հենց այդ պահից սկսել էր շարունակվել: Այն իրականությամբ, որում ներկա էր նաեւ Ներսեսը՝ որպես հիշողություն:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *