Միգել դե Ունամունո | Ասա՛ ինձ, ծո՛վ

Միգել դե Ունամունոն

Միգել դե Ունամունո ի Խուգո (իսպաներեն` Miguel de Unamuno, 1864, սեպտեմբերի 29, Բիլբաո – 1936, դեկտեմբերի 31, Սալամանկա), իսպանացի արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, փիլիսոփա, հասարակական գործիչ, «98»-ի սերնդի հայտնի ներկայացուցիչ։ Ծագումով` բասկ:

 

Քնել հուշերի մոռացության մեջ,
մոռացության հուշերի մեջ,
և որ մայրական արգանդում ես կորեմ,
ինչպես չծնված են կորում:
Դու՛, իմ օրհնյալ անցած գալիք,
հավերժական վաղը երեկվա մեջ,
դու՛, որ արդեն հավերժացել ես,
ի՛մ մայր, ի՛մ դուստր, ի՛մ կին:

 

***
Լռի՛ր, սիրտ, հենց քո վշտերն են,
որոնց մասին պետք չէ խոսել,
թող որ դրանք փտեն քո ներսում, թող քեզ ախտահարի
ներսիդ ցավը, բայց ոչ հալվեները,
ոչ էլ մյուս մարդկանց տների խաղաղությունը`
իրենց հաստատակամ ճիչով:
Քո այդ գանգատով եսասերի պես արտահայտում ես
Ոչ ավել ոչ պակաս, եթե ոչ մեծամտությունդ:
Երբեք քո ցավը չբաժանես մարդկության համընդհանուր ցավից,
փնտրիր մտերիմ ընկերոջ, որի մեջ արմատավորված է
եղբայրությունը, որով քեզ կապում է եղբորդ,
նա, ով լայնախոհ է դարձնում միտքը և ոչ նեղացնում.
ճգնավոր և կենդանի լինելը միշտ էլ զուր է,
միայն համընդհանուր ցավն է մեզ սրբացնում:

 

***
Ասա՛ ինձ, ծո՛վ, ի˚նչ ես ասում, ի˚նչ ես ասում, ասա՛ ինձ:
Բայց միայն թե չասես.
«Քո երգերը քո տարբեր ծովերի խոռի հետ մեկ ձայն է,
որ երգելով հառաչում է», քանի որ այդ հառաչանքը մեզ ազատում է
ճակատագրից և նրա տված ցավերից,
մեր բախտի մակընթացությունների ներքո
գաղտնիքի գաղտնիքն է մեզ ճնշում:
Մեր բախտի անարդարությունը հաստատում է,
մեղքը լռում է և մեզ համար պատիժ սահմանում,
կյանքը, որ ծնունդ է տալիս, նրան չի ներում,
այս անսահման անարդարությունն է, գիտե հենց պատիժը,
որ այսպես իմ երգը քո երգի հետ համահունչ է դառնում
և ուրեմն ինձ մի՛ ասա այն, ինչ ես քեզ չեմ ասում:

***
Լսի՛ր աղոթքս, դու՛, Աստվա՛ծ, որ գոյություն չունես,
դու՛, որի համար ոչինչ են իմ գանգատները,
Դու՛, որ խեղճերին երբեք չես լքում`
առանց խաբկանքի մխիթարության: Չընդդիմանաս

այլ փարատի՛ր մեր խնդրանքին ու մեր տենչը:
Որքան ավելի ես հեռանում մտքիցս,
այնքան ավելի շատ հուշ և խաղաղ խորհուրդներ ես տալիս,
որոնցով տխուր գիշերներին ննջեցնում ես ինձ:

Որքա՜ն մեծ ես դու, ի՛մ Աստված: Այնքա՜ն մեծ,
որքան` Միտքը: Իրականությունը չափազանց անձուկ է, որքան էլ որ ձգվի`

որպեսզի քեզ իր մեջ առնի:
Ես տառապում եմ քո ափին,
Գոյություն չունեցող Աստված, քանի որ եթե գոյություն ունենայիր,
ես նույնպես իսկապես գոյություն կունենայի:

 

***
Մեռնել երազելով`, այո՛, երբ ավելի շատ ես երազում մեռնել,
մահը դառնում է երազանք. մի պատուհան`
դեպի դատարկությունը: Եվ չերազելը` նիրվանա,
որը ժամանակը դարձնում է հավերժ և վերջապես տիրում նրան:

Ապրել այսօրվա կյանքը երեկվա դրոշի տակ`
այն տարրալուծելով վաղվա մեջ,
ապրել` շղթայված` դժկամությունը
գուցե դա՞ է ապրելը, դա՞ է մեզ սովորեցնում:

Մահվան մասին երազելը ժամանակ սպանելը չէ՞,
Երազանքով ապրելը` կյանքը սպանել չէ՞,
Եվ ուրեմն ինչո՞ւ այդքան ջանք թափել:

սովորել այն, ինչ վերջում և վերջին կետում մոռացվում է`
ուշադիր զննելով անողոք երկինքը
ամայի երկինքը` հավերժական երազանքի:

 

***
Ես գնում եմ այստեղից, այլևս չեմ ուզում լսել
սեփական ձայնիս արձագանքը, որ հնչում է ամբողջ ուժով,
միայն խոստովանահայր չկա, եթե մեղք գործեմ
և եթե քաջություն ունենամ ապաշխարել…

Օ՜, տխուր մենություն, որ խաբեությամբ
հավատացրել ես մարդուն, թե նրա ընկերն ես`
շարժվելով հայելիների միջով, օ՜ դու՛, ճգնավո՛ր:
Ես շարունակ մեռնում էի` մինչև այն օրը,
Երբ հայելիների հայելու մեջ տեսա ինձ` ինքս ինձ օտար,
և այդժամ հասկացա, որ չէի ապրում:

 

Թարգմանությունը իսպաներենից՝  Ռուզաննա Պետրոսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *