Սիրված երգերը հայերեն | Աշնան տերևները

Նա լքեց իր ընթերցողներին ուղիղ 40 տարի առաջ: Իր ժամանակի սերունդը մեկընդմիշտ հիշեց նրա անունը «Փոքրիկ դրախտի զավակները», «Մշուշների առափնյակը» ֆիլմերի տիտրերում: Մինչև 40-ական թվականները նա հայտնի էր որպես փողոցի պոետ, երգեհոնիկ նվագող, այնուհետև՝ կաբարեի երգիչ, սյուրռեալիստական շարժման մասնակից, օրվա թեմայով գրված սկետչների և անեկդոտների հեղինակ, բայց հետո այդ անունը ներառվեց յուրաքանչյուր դասագրքում. խոսքն, իհարկե, Ժակ Պրևերի մասին է:
Հայտնի կոմպոզիտոր Ժոզեֆ Կոսման Ժ. Պրևերի բանաստեղծություններով գրել է ավելի քան 80 երգ, ամենահայտնիներից են «Աշնան տերևները», «Բարբարա», «Երեխաներ, որոնք սիրում են իրար» և այլն: Կոսմայի երաժշտությունը Պրևերին համաշխարհային փառք է բերում: Իսկ Կոսման այն երաժիշտն էր, որ մասնակցություն է ունեցել Մարսել Մարսոյի մնջախաղային համարները ստեղծելու գործում, իր ներդրումն ունի նաև Ռոլան Պետիի բալետային համարներում: Կինոյում սկսել է աշխատել 1935 թվականից, գրել է երաժշտություն ավելի քան 100 ֆիլմերի համար: Նա յուրահատուկ մելոդիկ երաժիշտ էր, և ինչպես գրում են նրա մասին՝ Մոցարտի «հոգևոր որդին»: Կոսման 1945 թվականին գրում է մի երաժշտություն՝ «Ժամադրություն» բալետի համար, որի նկարիչ-դեկորատորը մեծն Պիկասոն էր: Լսելով այն՝ ռեժիսոր Մարսել Կառնեն այնքան է զմայլվում, որ գրում է սցենար՝ «Գիշերվա դարպասները» վերնագրով: Այս ֆիլմի համար Կոսման իր երաժտությունը վերածում է երգի՝ վերցնելով Ժակ Պրևերի «Աշնան տերևները» (Les Feuilles mortes) բանաստեղծությունը, իսկ այն Պրևերն արդեն հրատարակել էր «Խոսքեր» (Paroles, 1946) ժողովածուում:
Կինոնկարում որպես գլխավոր դերակատարներ Կառնեն ցանկանում էր ներգրավել ժան Գաբենին և Մարլեն Դիդրիխին, բայց այդպես չի լինում, և հանդես են գալիս Իվ Մոնտանը և Նատալի Նատիեն, մի խոսքով՝ ֆիլմը տապալվում է: Եվ հանկարծ այս չստացված գլուխգործոցի բեկորների կողքին անսպասելի աճում էր մի ծաղիկ, և դա «Աշնան տերևներն» էր: Այն ժամանակի հետ ունեցավ իր ստանդարտ ձևը անգլերեն լեզվով՝ «Autumn Leaves» (Աշնան տերևները) վերանագրով:
Չնայած այս ամենի՝ Իվ Մոնտանը չի եղել այս երգի առաջին կատարողը, ոչ էլ՝ երկրորդը, երրորդը՝ գո՞ւցե: Ֆիլմում նա երգում էր ցածր ձայնով և առանց բառերի: Առաջինն այն կատարել են Ժակ Դուեն և Կորա Վոկերը, որոնց անուններն այս երգի հետ կապված ոչ մի տեղ հիշատակված չեն: Առաջին անգամ այն ձայնագրել է Ջուլիետ Գրեկոն, որը երգի համար տեսահոլովակ էր նկարահանել, և հնարավոր է, որ այն առաջինն էր այդ տեսակի մեջ. Գրեկոն երգում էր աշնանային բնանկարի և թափվող տերևների ֆոնի վրա: Կարճ ասած՝ երգը երգվում է ոչ պակաս 600 կատարողների կողմից տարբեր երկրներից: Եվ դա այն պահից, երբ 1948 թվականին Իվ Մոնտանն իր համերգների երգացանկին ավելացնում է «Աշնան տերևները»: Այդ ցուցակին նայելիս գլուխդ պտտվում է. Էդիտ Պիաֆ, Շարլ Ազնավուր, Ժան Սաբլոն, Դալիդա, Ռիշար Անտոնի, Դեմիս Ռուսոս և շատ ու շատ ուրիշներ: Նոր գործիքավորմամբ այն կատարում են նաև Իգգի Փոփն ու Էրիկ Քլեփթընը, Դյուք Էլլինգթընը, Մայլզ Դեյվիսը, Նեթ Քինգ Քոուլը, Ստեֆան Գրապելլին, Չեթ Բեյքերը, վերջերս նաև՝ Անդրեա Բոչելլին:
Ինչո՞ւ, ո՞րն է այս երգի գաղտնիքը. դա հանելուկ է, որ մինչ օրս պատասխան չունի:

ԺԱԿ ՊՐԵՎԵՐ

Աշնան տերևները

Օ՜, ես այնքան կուզեի, որ դու հիշեիր
Երջանիկ օրերն այն, երբ մենք ընկերներ էինք,
Այն ժամանակ կյանքն ավելի գեղեցիկ էր,
Իսկ արևն՝ այսօրվանից ավելի այրող:
Աշնան տերևները կուտակվում են,
Դու տեսնում ես, ես չեմ մոռացել…
Աշնան տերևները կուտակվում են,
Հիշողություններն ու ափսոսանքը՝ նույնպես,
Եվ հյուսիսային քամին դրանք քշում է
Մոռացության գիշերը ցուրտ:
Դու տեսնում ես, ես չեմ մոռացել
Երգն այն, որ ինձ երգում էիր:

ԿՐԿՆԵՐԳ
Դա մի երգ է, որ նման է մեզ.
Դու, որ սիրում էիր ինձ,
Ես, որ սիրում էի քեզ:
Եվ մենք երկուսով ապրում էինք միասին՝
Դու՝ ինձ սիրելով, ես՝ սիրելով քեզ:
Բայց կյանքը բաժանում է նրանց, ովքեր սիրում են իրար
Այնքան հանդարտորեն, այնքան անաղմուկ:
Եվ ծովը սրբում տանում է ավազի վրայից
Բաժանված սիրահարների ոտնահետքերը:
Աշնան տերևները կուտակվում են,
Հիշողություններն ու ափսոսանքը՝ նույնպես:
Բայց իմ լուռ ու հավատարիմ սերը
Միշտ ժպտում ու շնորհակալ է կյանքին:
Ես քեզ այնքան էի սիրում, դու այնքան գեղեցիկ էիր,
Ինչպե՞ս ես ուզում, որ մոռանամ քեզ:
Այն ժամանակ կյանքն ավելի գեղեցիկ էր,
Իսկ արևն՝ այսօրվանից ավելի այրող,
Դու իմ ամենաքնքուշ ընկերն էիր,
Բայց ինձ մնում է միայն ափսոսալ,
Եվ երգը, որ ինձ երգում էիր,
Մի՜շտ, մի՜շտ կհնչի իմ ականջներում:

ԿՐԿՆԵՐԳ
Դա մի երգ է, որ նման է մեզ.
Դու, որ սիրում էիր ինձ,
Ես, որ սիրում էի քեզ:
Եվ մենք երկուսով ապրում էինք միասին՝
Դու՝ ինձ սիրելով, ես՝ սիրելով քեզ:
Բայց կյանքը բաժանում է նրանց, ովքեր սիրում են իրար
Այնքան հանդարտորեն, այնքան անաղմուկ:
Եվ ծովը սրբում տանում է ավազի վրայից
Բաժանված սիրահարների ոտնահետքերը:

Տեքստը գրեց և  ֆրանսերենից երգը թարգմանեց Քրիստինե Դադյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *