ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ | Ուղեցույց խելագարի համար

atabekyan1

Օրերն անցնում են` հրաշք չկա:
Տե՛ր, ինչ անտեր են հող ու երկինք,
ու սպասումը թաս է ճաքած,
ու դեռ ոչինչ է ծորում գետին…

***

Ծղոտե մարդը վառեց լուցկին:
… Ինչ գեղեցիկ են,-
երբ ճրթճրթոցը խուլ է
ու ցավի աղաղակը` ներս,-
նայվում հեռավոր մայրամուտները:

***
Ցավը` բութ ու շատակեր,
լավը` սակավիկ,-
Արարիչը շտապեց.-
ադամակավից
ուրիշ բան էր թրծելու,
ստացվեցի ես`
վրիպած ու վարանոտ…
Ե. Չարենցի պես:

***
Մի տխուր բան ասա:
Ավարտական դասարանցու լացը
ժամանակավրեպ է,
դու տխուր բան ասա,
դիցուք`
սեր,
ընկերություն,
հայրենիք,
ճաղատացող ոզնի –
անցյալ կամ անցնող բաներ,
կամ լինելիք բաներ,
որ մերը չեն լինի
կամ եղել են արդեն – չենք իմացել,
ինչպես ընդհատված երազում
քոնն է լինում քոնը չեղած կինը…

***
Մանկությունը բակ է,
քարե գահ է` քաղցր թթենու տակ,
գրաֆիկից ընկած աքլորականչ
ու մոշենի անկեզ,
որից աստծու ամեն շարքային օր
խոսք է խոսում Աստված
կամ էլ Պապս,-
ինչպես երկուսին էլ տեսա,-
փոքր-մոքր,
ճաղատ,
գլխներին` աստղափոշի,
երկուսն էլ գրել-կարդալուց հեռու,
երկուսն էլ` բանավոր աստված…
Ու հիմա չեմ հիշում` որն էր
ինձ հեքիաթ պատմում, որ քնեմ
(կրկնվող ճոճքի պես օրերում
ստույգը առասպելն է միայն).
Աստված ինձ ըստ իր պատկերի,
Պապս` իր նման հորինեց,-
երևի,-
որ մի քիչ մանկության,
մի քիչ էլ մարդու եմ նման…

***

Ասա, որ գիտես,
բայց ոչ մի հարցի մի պատասխանիր.
մի թիթեռ հապաղեց,
և աշխարհն ուրիշ է անդարձ,
իսկ Փարվանա օրիորդը
հղիության հինգերորդ ամսում
դեռ փորձում է պարզել`
գիշերն ո՞վ բացեց ննջարանի դուռը…

***

Դու անվերջ հեռանում ես,
ուրեմն բաց թող դռները
ու կտուրը ա՛ռ,
որ հեռանալիս գլուխդ չխփես.
կապտուկով չեն թողնում նույնիսկ դրախտ,
էլ ի՜նչ խոսենք
ավելի անձանձրույթ վայրերի մասին:

***

Քեզ ամեն առավոտ հիշեցրու,
որ Չարենցը մեռավ բանտում,
որ Բակունցը սպանվեց`
վերջին ծխախոտը կիսատ,
ու Թումանյանը չհասավ Բեռլին,
և ընդհանրապես ոչ մեկը տեղ չհասավ`
ոչ Մեծարենցը քսանամյա,
ոչ Մ. Սարյանը փառապսակ,
ոչ էլ Կոմիտասը սահմանազանց,
միայն Հավերժական Հրեան
(որ հայ է` ասում են)
ճամփին է դեռ…
Քեզ ամեն առավոտ հիշեցրու,
որ սպասումն է հասցնում տեղ
ու քեզաչափ մի փոս ընտրիր ճամփակեսին:

***
Մասը ամբողջի հիշողությունն է –
հիսուն ու երեք տարի առաջ
ես Մեծ Տիգրանի երկրի չափ էի,
հիմա – պարզ է, չէ՞,-
բայց մասն ամբողջի հիշողությունն է,
ու մասնատում է անճանաչելին
չափակարկինը երկրաչափների,
որ լավ ճանաչեն
կամ հակառակը,-
ուր Ուիտմենի խոտն էր կանաչել
հիմա քաղաքն է,
որտեղ քաղաքն էր,
հիմա փռված է
քաղաքի պատճենն անընթեռնելի,-
կամ հակառակը,
նայած`
կնայես դեմից թե պոչից
անհիշողություն մաս-մաս ամբողջին…

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *