Արմեն Հայաստանցի | Կարմիր բերԵՏ

Արմեն Օհանյան


կադր 1 – դուբլ 1

«Տեսագրում եմ»,- ասում է ձայնը` առանց պատկերի: Մենք տեսնում ենք քեզ մի քիչ մոլորված` ասես չէիր սպասում: Ձեռքով ողջույնի նշան ես անում ու կաշկանդված հարցնում`«խոսե՞մ»:
– Հա, կարող ես արդեն: Կպատմե՞ս` ով է մեր հերթական հաղորդման հերոսը, ինչ հիվանդություն ունի:
– Խնամակալս: Միակ հարազատս, որ կենդանի է…
Թուքդ կուլ ես տալիս: Անպատկեր ձայնն օգնության է հասնում.
– Ձեզ հետ «Հիվանդատեսն» է: Ինչպես միշտ, գնում ենք հազվադեպ հիվանդություններից տառապող մարդկանց տեսակցելու եւ տանում մեր հովանավորի տրամադրած ամոքիչ նվերը` СССР պաղպաղակ:
Դու բարձրացնում ես ձեռքիդ տոպրակը, որի վրա գրված է СССР եւ, հուզմունքդ հաղթահարած, ասում.
– СССР պաղպաղակ. մահվան պես սառը, կյանքի պես քաղցր:
Վերջին խոսքը դեռ բերանիդ` մի տատիկ թիկունքից մոտենում է ու, «բալես, մի նկարի… մի նկարի» կանչելով, սկսում քաշքշել տոպրակդ: Դու շփոթված հրում գցում ես հարձակվողին: Մենք նրա անկման ականատեսն ենք: Պատկերը շեղվում, դառնում է անկանոն` կտրուկ թպրտացող: Փամփլիկ, կարճ մատներով անծանոթ ձեռքը հայտնվում է կադրի մեջ, բռնում մայթեզրին բարեհաջող վայրէջք կատարած պառավի թեւատակից: Դու էլ, քո հերթին, կռանում, հետեւից գրկում ես ընկածին ու ոտքի հանում: Մազերը ճեփ-ճերմակ են ու խառնիխուռն: Մեջ ընկած ձեռքի թմբլիկ մատները հմուտ շարժումներով շտկում են տատիկի վարսերը: Նա, կանգնելուն պես, ազատվում է քո գրկից, նայում մեզ ու մրմնջում.
– Մի նկարի, բալես… լավ չի, մի նկարի:
– Տատ, ի՞նչ ես անում,- հարցնում է անպատկերը:
Պառավը, առանց պատասխանելու, շրջվում է քո կողմը, բացի բութերից` բոլոր մատները բռնցքում ու բթահարում կուրծքդ:
-Դու մարդ չես, գել ու գազան ես: Քեզ մեր չի բերել, մոր կաթ կերածը կյանքի քաղցրությունը չի կտրի:
– Այ տատ, ինչե՞ր ես խոսում:
Նա շեշտակի շրջվում է ու հեռանում:
– Հե~յ, էդ ո՞ւր:
– Ես` կարճ ճամփով, դու` երկարով: Ալալոս-գալալոս…
– Տատ, արածդ քեզ դո՞ւր եկավ. տեսագրությունս փչացրիր… Բա քե՞զ ինչ եղավ, դու ինչի՞ գույնդ գցեցիր, տատի՞ց վախեցար: Թու, ես քո, նորից պիտի գրվի:

կադր 1 – դուբլ 2

«Տեսագրում եմ»,- ասում է անպատկեր ծանոթ ձայնը: Մենք կրկին տեսնում ենք քեզ, ասում ես` «ողջույն», լայն ժպտում ու ցույց տալիս ատամներդ:
– Սուր ժանիքներ ունես, քո՞նն են: Մոռացա՞ր, որ «Հիվանդատեսն» ենք նկարում, ոչ թե «32 ատամը»:
– Իմն են: Սա էլ իմ տատի շնորքն է,- ասում ես ու ավելի լայն ժպտում: – Փոքր ժամանակ, ատամներս փոխելիս, խրատել է. ընկած ատամը բռիս մեջ պինդ պահած` ասում էի` «Գնա-գնա, գառան ատամ, արի-արի, գելի ատամ» ու շպրտում հեռու:
– Կպատմե՞ս, թե ուր ենք գնում, չլինի՞ տատիդ տուն, – հարցնում է նույն ձայնը` ծաղրական երանգով:
– Սպասիր, մի տատին մարսենք, հետո…
Պատկերը թրթռում է քրքիջի ռիթմով:«Նորից»:

կադր 1 – դուբլ 3

«Տեսագրում եմ»: Մենք տեսնում ենք քեզ: Արագ բարեւում ես, շեշտակի շրջվում ու առաջ ընթանում: Պատմելիս մեկումեջ հետ-հետ ես նայում, ասես ստուգում ես` դեռ հետեւո՞ւմ ենք քեզ, թե՞ հետ ենք ընկել:
– Կխոսե՞ս հիվանդի եւ իր ախտորոշման մասին:
– Խնամակալս ինձ հանդիպած ամենաբարի մարդն է: Դերերը փոխվել են. հիմա ես եմ խնամողը: Ամեն ինչով իրեն եմ պարտական: Կյանքում ամենից շատ ինքն է ինձ սիրել, ոչ մի բան չի խնայել: Հազար տեսակ հիվանդություն ունի, բոլորն ասեմ` ժամեր կքաշի: Հիմնականում մարմնի ցավեր էին, բայց էս վերջինը` հոգու. կլինիկական լիկանտրոպիա են ախտորոշել:
– Ի՞նչ-ի՞նչ:
– Հոգեխանգարմունք է, էլի: Իրեն թվում է, որ գայլ է:
– Ցավում եմ:
– Անկողնային է, ոտքերը վաղուց են թուլացել, չի քայլում, լուսնահաչ է տալիս, հարեւանները բողոքում են, բայց բժիշկները թույլ են տվել տանը պահել:
– Վաղո՞ւց:
– Սովետի փլուզումից սկսած:
– Հին գայլ է… Կներես, անհաջող կատակ էր, կկտրեմ հետո, եթեր չի գնա:
– Չէ: էսօրվա պես հիշում եմ. հեռուստացույցով պատի քանդվելն էինք նայում, կաթվածահար եղավ, դրանից հետո լեզուն բացվեց, բայց էլ չի քայլում: Հասանք:
Ուսով հրում ես ծանր երկաթե դուռը: Միջանցքի մթության վերջում երեւում է հեռուստաէկրանի կապույտ լույսը, եւ գայլի բարձր ոռնոց է գալիս:
Շրջվում ես մեր կողմ ու արդարանում.
– Լավ չի լսում, ձայնը միշտ ամենաբարձրի վրա է պահում: Սա գնաց սառնարան:
Սենյակ չմտած` գոռում ես.
– Մենակ չեմ:

կադր 2 – դուբլ 1

Մենք տեսնում ենք մի մեծ մահճակալ, դիմացն էլ` մի մեծ էկրան: Հիվանդը վերմակը քաշել է գլխին ու տակից կանչում է. «Սպասեք` մարդ դառնամ»: Դու նստում ես անկողնուն ու երկու ձեռքով մոտենալու նշան անում: Ձեռքերդ սահում են վերմակի տակ ու քիչ անց նույն տեղից դուրս գալիս` իրենց հետ բերելով եւս երկուսն ու հեռակառավարման վահանակը: Քոնոնք վերցնում են վահանակը, իջեցնում հեռուստացույցից եկող ոռնոցը: Սպիտակ սավանին մնում են ուրիշի ձեռքերը` խոշոր, մազմզոտ, ծռմռված, երկար ու չխնամված մատներով, կրծած եղունգներով: Մենք երկար հետեւում ենք անշարժացած ձեռքերին: Բարձր ես ասում, երեւի, որ լսի. «Ես էլ էս ձեռքերում եմ մարդ դարձել»: Նրանք պոկվում են սավանից, գտնում, գրկում, սեղմում վիզդ ու, շոշափելով, հասնում գլխիդ: Բոլոր մատները, բացի բութերից, դանդաղ խաղում են մազերիդ հետ, իսկ բութերը շոյում են սուր ականջներիդ ծայրերը: Թիակից վեր` ուսուգլխով մտնում ես վերմակի տակ, որը թեթեւակի բարձրանում-իջնում է: Անկողնային խոսակցությունը չի հասկացվում: Քիչ անց վերմակի գոգավորությունը ձեւափոխվում է, եւ մահճակալի վերեւում հայտնվում է ճակատն ու հոնքերը ծածկող թասակը: Քիթուբերանը չի հանում վերմակի տակից, որ ամուր բռնել է ծուռտիկ մատներով: Մենակ չռված աչքերն են երեւում: Ամբողջ տարածքը լցրել են իրենց սառած հայացքով: Մենք քարացած նայում ենք մեծ-մեծ աչքերին ու նկատում, որ դրանք մեղրագույն են, արտասովոր գեղեցիկ:
– Չփոխես, թող մնա վայրի բնությունը,- խնդրում է խնամակալդ,- իմ մասին է:
Վայրի բնության ալիքով գայլի ոռնոցն ընդհատվել է: Հեռուստաէկրանին գայլամայրը կաթ է տալիս ձագերին:
– Մեզ է՞լ ցույց կտան:
– Հա: Հիմա տեսագրվում ենք, որ հետո ցույց տան:
– Վայրի բնության ալիքո՞վ:
– Չէ, հանրայինով` «Հիվանդատես»-ով: Դե արի մոտս, հագցնեմ, որ բոլորը քեզ սիրուն տեսնեն:
Բարձրացնում ես վերմակը` տակը փոքրամարմին մի արարած է կուչ եկել: Շապիկին ծիծաղաշարժ գայլուկներ են պատկերված: Դու գրկում ես նրան, թեթեւ` ասես բմբուլ լինի: Տեղափոխում, նստացնում ես բազմոցին: Արձակում ես գիշերանոցի կոճակները, ձեռքերդ դնում ես քրտնած փորին ու սկսում շոյել ստամոքսի մասում:
– Գայլիս սոված եմ թողել:
– Չէ, ախորժակ չունեմ:
– Ուրեմն իսկական չես, իսկականը միշտ սոված է, ախորժակը` տեղը: Սրտիդ ուզածը բերել եմ` СССР պաղպաղակ:
– Հա~, մահվան պես սառը, կյանքի պես քաղցր…
– Սառնարանում է: Կուտե՞ս:
– Ինձ էլ տար դիր սառնարան, Լենինի պես, որ հետ գամ, տեսնեմ ինձնից հետո-ն:
– Քեզնից հետո ջրհեղեղ կլինի: Աշխարհի սառույցը կհալվի, բոլորիս տակով կանի:
Գլուխդ շրջում ես մեր կողմը, թուքդ կուլ տալիս, օդը խոր ներս ես քաշում, աջ ձեռքով` շոյում դեմքը, ձախով` թեւից արմունկ ընկած հատվածը: Մատներդ երկար են, խնամված ու ճկուն:
– Էս աչքերդ են, որ ինձ լավ տեսնեն, էս` ձեռքերդ, որ ինձ լավ գրկեն, էս էլ` բերանդ, որ ինձ հեշտ կուլ տաս… Գայլս, մեռնեմ կյանքիդ, էլ չեմ դիմանում, կուլ տուր` պրծնեմ:
Գլուխդ դնում ես բարակ ազդրերի արանքն ու անշարժանում: Պատկերը շատ մոտ է: Մեր աչքերի առաջ մի պահ խնամակալիդ սպիտակ վարտիքին է` վրան մեզի հետքեր ու գլխիդ կեսը: Երեւում է, որ նեղվում է, վիզը դեպի վեր ծռում, աչքերը փակում ու սկսում ցածրաձայն վնգստալ:
Ինչ-որ մեկը բարձրացնում է հեռուստացույցի ձայնն ու ստիպում մեզ նայել գայլերի մասին պատմող հաղորդման շարունակությունը: Կովերը գրոհում են գայլին: Հեռուստաէկրանից մեզ հավաստիացնում են, որ ականատես ենք բնության մեջ հազվադեպ հանդիպող երեւույթի, երբ որսը նախահարձակ է լինում գիշատչի վրա: Խեղճացած գայլն իրեն կորցրել է, չգիտի, որ կողմ փախչի: Խնամակալդ վնգստոցը կտրում է ու մարդկային լեզվով` կարգադրում.
– Շուռ տուր` աչքս չտեսնի… Չեմ ուզում, որ ուրիշներն էլ տեսնեն, ինձ խոհանոց տար` սովածացա. տես, որ իսկական եմ:
Դու ինքնուրույն ոտքի ես ելնում, գրկում ես նրան, ինքն էլ փաթաթվում է քեզ:
– Հե~յ, էդ ո՞ւր:
– Ինքն ուրիշների մոտ չի ուտում: Մենակ ինձ է թողնում, որ կերակրեմ:
– Ախր զգուշացրեցի էլ. հովանավորի պարտադիր պահանջն է, որ պաղպաղակը լիզելու պահը պիտի ցույց տանք:
– Դու ձեւն ասա, ես ինքս էդ պահերը կտեսագրեմ:

կադր X – դուբլ X

«Տեսագրում եմ»,- ասում է քո ձայնը` առանց պատկերիդ: Սահող տողով անընդմեջ գրվում է` «Առանց մեկնաբանության»: Հեռուստաաշտարակի ֆոնին կանգնած է անճանաչելիորեն փոխված տատիկը: Հագին զինվորական համազգեստ է, ճեփ-ճերմակ մազերը հավաքել է թեք դրած կարմիր բերետի հետեւը, վզից որսորդական հրացան է կախել, երկու ձեռքով` մի մեծ կացին պահել: Պատկերն ուղեկցվում է կարմիր բերետավորի երգեցիկ ձայնով.
«Ալալոս – գալալոս,
Ալալոս – գալալոս,
Գելը կապեմ երկու բթով,
Երկու բթով, երկու մատով,
СССР սառը-սառը,
Սառուց կապած քաղցր կաթով,
Գելի ճամփեն մոլոր անեմ,
Գելի ատամ խմոր անեմ,
Ոտները թուլ,
Ականջը խուլ…»:
Վահանակը բռնած ծանոթ ձեռքը մտնում է կադր, անջատում հեռուստացույցը, ու մենք էլ ոչինչ չենք տեսնում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *