Արտակ Համբարձումյան

Արտակ Ֆեդյայի Համբարձումյանը ծնվել է 1969 թ.-ի հունիսի 17-ին՝ Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ ուսուցչի ընտանիքում: 1976 թ.-ին ընդունվել է տեղի միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 1986 թ.-ին: Մասնագիտական կրթություն է ստացել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ավարտելով ստոմատոլոգիական ֆակուլտետը (1986-1994 թթ.): Ուսումնառության տարիներին՝ 1988-1990 թթ., ծառայել է խորհրդային բանակում: Բուհն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Արտաշատի ստոմատոլոգիական պոլիկլինիկայում՝ որպես բժիշկ-ստոմատոլոգ: Եղել է Հայաստանի գրողների միության և ‹‹Հայ գրականության բարեկամներ›› միության անդամ 1997 թ.-ից:
Զոհվել է 2001 թ.-ի փետրվարի 12-ին ավտովթարից:
Բանաստեղծի հիշատակը վառ պահելու համար ստեղծվել են ‹‹Կապուտաչյա առասպել›› տեսաֆիլմը, մի շարք ռադիո և հեռուստահաղորդումներ: Արտակ Համբարձումյանին կենդանության օրոք բարձր են գնահատել Համո Սահյանը, Վահագն Դավթյանը, իսկ ետմահու՝ գրականագետ Դավիթ Գասպարյանը և ուրիշներ:

Կենդանության օրոք տպագրվել են`
‹‹… Ու արտասվել մազերիդ մեջ›› (1996 թ.) և ‹‹Երկնքից այն կողմ›› (1998 թ.) ժողովածուները: Արժանացել է ՀԳՄ սահմանած Պարույր Սևակի անվան(1999թ.) և Հայաստանի գրողների միության ‹‹Նոր-Դար›› ամսագրի հատուկ մրցանակներին: Ներկայումս բանաստեղծի ծննդավայրի միջնակարգ դպրոցը և Շահումյան գյուղի փողոցներից մեկը անվանակոչված են իր անունով: 2001 թ.-ից գործում է նաև ՀԳՄ սահմանված Արտակ Համբարձումյանի անվան գրական մրցաանակաբաշխություն:
Գրողի մահից հետո տպագրվել է`
‹‹Սպասիր ինձ, Տե′ր…›› ժողովածուն (2003թ.)՝ կազմված գիտական հրատարակության սկզբունքներով: 2009 թ.-ին ժողովածուն վերահրատարակվել է բարեփոխված տեսքով: Հետմահու հրատարակվել են ‹‹Քարե վարդ›› (2003 թ.) և ‹‹Ես դեռ գալու եմ…›› (2004 թ.) ժողովածուները: 2005 թ.-ին լույս է տեսել Արտակ Համբարձումյանին նվիրված ‹‹Երկնասույզ երկիր›› գիրքը:

«Նոր-Դար» ամսագրի հատուկ մրցանակին արժանացել է 1997թ-ին:

Բանաստեղծի հրապարակումները մամուլում`
«Նոր-Դար» գրական-գեղարվեստական ամսագիր, Գրական թերթ, Նարցիս գրական-գեղարվեստական, մշակութային ամսագիր, «Հայոց լեզու և Գրականություն”, Հայաստանի Հանրապետություն օրաթերթ, “Հայաստան” հասարակական, քաղաքական, մշակութային շաբաթաթերթ, Գրական մունետիկ հանդես, «Ուղեկից” ամսագիր, «Բրավո” ամսագիր, “Bollettario” հանդես, «Ազատ Արցախ” օրաթերթ, «Եթեր շաբաթաթերթ, «Ապագա բժիշկ” ամսաթերթ, «Հորիզոն” օրաթերթ, «Լուսապսակ” մանկապատանեկան ամսագիր, «Շողակն Արարատյան” թերթ, «Նոյյան Տապան”, «Արտաշատ”, «Ազդարար”, «Նավասարդ”, «Արարատ” ամսաթերթեր: Բանաստեղծի ստեղծագործությունները տպագրվել են տեղի և հանրապետական մամուլի բազմաթիվ պարբերականներում: Առանձին երկեր թարգմանվել են նաև իտալերեն՝ 2002 թ.-ի ‹‹BOLLETTARIO ›› հանդեսում:

Արտակ Համբարձումյանի հրապարակումները Գրանիշում

Share Button