Այլերեն – հայերեն բացատրական բառարան 1.0

hayleren-bw

Այլերեն բառն ինքնին այլերեն է, կազմված է այլ + երեն միավորներից: Այլերեն եմ անվանում այն բառեն ու արտահայտությունները որոնք ստեղծվում են հայերենի և/կամ հայաֆիկացված օտար լեզուների իրական միավորների հիման վրա, բայց լեզվի բառակազմական ընդունված կանոնների ակնհայտ խախտմամբ կամ հայերեն բառին այլընտրանքային իմաստ հաղորդելով: Կոչված են սահմանել, մեկնաբանել, հեգնել որևէ ժամանակակից սոցիալական խումբ, դիպված, հասկացություն, երևույթ և այլն: Իմաստաբանական տվյալ շատ նեղ, նոր, նախադեպ չունեցող ենթատեքստից դուրս կարող են անիմաստ և անօգտագործելի լինել: Այլերենի բառամթերքի աղբյուրը սոցիալական ցանցերն են, բանավոր հաղորդակցության լեզուն, ժամանակակից գրականությունը, մամուլը, ապաշնորհ հռետորների ելույթները, երեխաների թոթովանքը: Այլերեն բառերը կարող են ի հայտ գալ ինչպես կանխամտածված, այնպես էլ ինքնաբուխ և լեզվի սայթաքման կամ ուղղագրական սխալի արդյունքում: Հնարավոր է նաև օտար լեզվում առկա նմանատիպ բառամթերքի տրամաբանական թարգմանությունը: Այլերեն շատ բառեր ապագայում կարող են դիտարկվել իբրև նորաբանություններ և ներառվել պաշտոնական բառակազմում: Բառարանը գտնվում է ակտիվ թարմացման փուլում, նոր բառերի առաջարկները ողջունվում են:

Այլերեն բառամթերքի հավաքարար և ակադեմիական մեկնաբանությունների հեղինակ՝ Կարեն Անտաշյան:


անսերժություն – [ան + սերժ/հավերժ + ություն]  Իշխանական բուրգի և հարակից արոտավայրերի մասնակիցներն այս հասկացությունն ընկալում են կարոտախտի ելևէջներով և վերագրում այն (իրենց ընկալմամբ) պոստապոկալիպտիկ ժամանակներին, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հետևաբար նաև վերջիններս, ամբողջությամբ կկորցնեն իրենց քաղաքատնտեսական ազդեցությունը: Ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցողների կողմից ընկալվում է իբրև ուտոպիստական (գերագնահատված լավատեսական) մի ժամանակաշրջան, որից առաջ և հետո չի տարածվում ՍՍ-ի ֆորմալ և ոչ ֆորմալ իշխանությունը:

բաստուրմատոր – [բաստուրմա + մաստուրբատոր] Հայկական արտադրության հիպոթետիկ մաստուրբատոր: Կարող է կիրառվել հետսովետական հայկական սփյուռքի այն ներկայացուցիչների հանդեպ, ովքեր հայկական ինքնությունը և դրա պահպանումը խիստ ասոցացնում են բաստուրմայի և հարակից ապրանքների կանոնավոր ձեռք բերման և սպառման գործընթացի հետ:

բարեփողություն – [բարեփոխ/փող + ություն] Հիմնականում օգտագործվում է հարկային մարմինների, ոստիկանության, բանկերի կամ պետական, բյուրոկտարական  այլ համակագերի այն քանակա-որակական դինամիկան նկարագրելու համար, որոնց արդյունքում նշված համակարգերը դառնում են ավելի քաղաքակիրթ փաթեթավորմամբ և ենթակառուցվածքներով (օրինակ մեկ պատուհանի սկզբունքով սպասարկող… կին բարետես ոստիկանները… պարզեցված հարկով հարկվելու մասին… կտեղեկացվեն էլեկտրոնային համակարգով), բայց ըստ էության և/կամ հանրային ընկալման մեջ շարունակում են համարվել նույն կեղեքիչ մեքենաները:

գույնզգեղ – [գույնզգույն + տգեղ]  Կիրառելի է անճաշակի մեջ չափազանցված պաթետիկ ճոխությունը նկարագրելու համար: Բնորոշվում է ինտերիերի ձևավորման մեջ, հագուկապում, կենսակերպում հայկական ռաբիզի, արաբաարևելյան պսեվդոռոկոկո ոսկեզօծի ու բոտեկսային գլամուռի վտանգավոր համադրությամբ: Պատահում են քրիստոնեական ռեկվիզիտի ակտիվ շահարկմամբ գույնզգեղի ծանր դեպքեր:

դեգեներալ – [դեգեներատ + գեներալ] Կիրառվում է այն բարձրաստիճան զինվորականներին նկարագրելու համար, ովքեր մարտի դաշտում քիչ թե շատ հաջողված զինվորական կարիերայից հետո հետպատերազմյան շրջանում հիմնականում ՊՆ-ից քերած միջոցներով դեգրադացան մինչև կալվածատիրական ձեռներցությունն ու համամասնական քաղաքականությունը: Աչքի են ընկնում պատերազմի բովով անցած և բազմաթիվ դժվարություններ տեսած (բարբարոս) տեսքով, անողոք հայերենով և իռացիոնալ-ագրեսիվ հանրային պահվածքով: Խրախուսում են մատաղ սերնդի հիտլերյուգենտյան ոճով ռազմահայրենասիրական դաստիարակությունն իրենց հովանու ներքո ու վաղ ֆեոդալական իրավահարաբերությունները:

ծուլամորթ – [ծույլ + թուլամորթ] Աշխատանքային գործունեության հանդեպ զրոյական մոտիվացիա ունեցող անձ: Սեզոնային գույներից նախընտրում է սևը, աշխարհայացքներից՝ գողափիլիսիսոփայական դեդուկցիան: Ունի ժամկետանց մանր-սպառողական վարկ և փչացած սեղանատամներ: Ներքին համոզվածություն ունի, որ ֆինանսական որոշակի բարեկեցության հասած անձանց մեծ մասը դրան հասել են իրենց համար ստորացուցիչ պայմաններում, իսկ մնացած հարգարժանները՝ կպցրել են (տես՝ կպցնել):

Այլերենի համահավաք բառարանը տեսեք այստեղ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *