Արման Թովմասյան | Այնտեղ ուր ոչ ոք չկա

Այնտեղ ուր ոչ ոք չկա,
Լինել, խելագարի պես լինել:
Դատարանները պիտի փակվեն,
Ու ես աչքեր կկախեմ պատից,
Թե իրավաբան են կամ օրենսդիր,
Չէ որ ես տեսել եմ բոլոր նրանց,
Որ ոսկրացած հույսով
Անվերջ գնացել են
Այն ոսկու տենդով,
Որ ի ծնե մոլորություն է,
Ամերիկյան երազանքից մեռել են
Հայրենիքում լքվածները,
Երջանկության մասին իմացել են նրանք,
Ովքեր երբեք չեն գտել,
Քանդել են նրանք,
Ովքեր երբևէ կառուցել են,
Մոլորվել են նրանք,
Ովքեր ճանապարհներ են գծել,
Մարել են նրանք,
Ովքեր մշուշով պայթել են,
Ու սայթաքել են նրանք,
Ովքեր մի օր սկսել են:
Դատողները պիտի փակվեն,
Ես չգիտեմ մի գետ,
Որ ծովում իր հունով է հոսում,
Չգիտեմ մի մանկատուն,
Ուր մանկություն է ապրում,
Չգիտեմ մի գագաթ,
Որ անդունդից չի ելնում,
Չգիտեմ մի կրոն,
Որ մարդու ընդվզումը հանդուրժում է,
Չգիտեմ մի կրակ,
Որ հավերժ վառվում է,
Ու չգիտեմ մի երազանք,
Որ մի օր մեռնում է:
Այնտեղ ուր ոչ ոք չկա,
Լինել, խելագարի պես լինել:

 

***

Քեզ կփրկեմ մի օր
Երբեք չգտած իմ սեր,
Նրբորեն կօծեմ ստվերներդ
Մշուշի աղի լույսով,
Մատներդ կշոյեմ
Բոլոր փոթորիկներով հրաժեշտի,
Նույն սեղանին կնստենք հացի,
Շուրթիդ կհպեմ մի գդալ քնքշություն,
Ու կտարածվի ջերմության ճիչը
Ամբողջ անկանգառ վազքից:
Քեզ կփրկեմ մի օր
Երբեք չստացված իմ սեր,
Իրար հետ կմրսենք ձմռան ցրտին,
Ու մեր բառերը հետքեր կթողնեն
Պատուհանի բոլոր բյուրեղներին,
Կխորտակվենք ժայռերի վերջին կոշտերին,
Իրար կսուզենք մի ափ հավատում,
Կարոտով մի բուռ կսպառենք իրար:
Քեզ կփրկեմ մի օր
Երբեք չուրացած իմ սեր,
Ինչպես գիշատիչ անկուշտ
Կխժռեմ բոլոր կասկածները,
Կներկեմ բոլոր կրքերը
Կրակից գզգզված կարմիրով,
Թևեր կլցնեմ բոլոր անկումներին
Ու կկախեմ առաստաղից,
Ինձ կծրարեմ մի գինու շշում
Ու ծովը կգցեմ,
Որ չփնտրես ինձ էլ,
Իմ սեր
Երբեք, երբեք:

 

***
Սերը մի գլանակ ժանտախտ է,
Որ ծխում ես որպես կամուրջ
Քո ու խելագարության միջև։
Այսօր ուրբաթ է,
Եվ բոլոր գործերը
Կիսատ են մնալու,
Մենք մի գավաթ գարեջուր կխմենք
Ու կհիշենք հարբած հավատների մասին,
Երբ ես մի պորտաբույծ տիրակալ եմ
Երբեք չտրված կղզու,
Ուր բոլոր մոլորված առագաստները
Կիսատություն են բերում։
Սերը մի գլանակ ժանտախտ է,
Որ ծխում է որպես կամուրջ
Քո ու խելագարության միջև։
Տանիքին ապրում են
Միայն աչքերը,
Որ աստղեր են որսում
Որպես անտարբեր կրկնություն
Իրար մի պատառ փորձածներին,
Երբեմն անվերջ բաժանում են
Մի բորբոսնած ափսոսանքը,
Ու բոլորը գտնում են իրար
Որպես ժամկետանց մի իր։
Սերը մի գլանակ ժանտախտ է,
Որի փտած մոխրամանը
Մի կամուրջ է
Քո ու գոյության միջև։
Մարդու սերնդին գարնան անեծքը
Տրված է ժառանգություն,
Իսկ ես քեզնից իմ բաժինն եմ ուզում
Մի վերջին անգամ խելագարվելու։

***

Պոետը մի պարկ քար է,
Մի ակնթարթ լռություն
Ու մի գավաթ սուրճի մրուր։
Երբ ընկերոջս ասացի,
Թե մի երկու բառ եմ լցնում թղթին,
Մի քանի թիվ հաշվեց շտապ,
Գումարեց, հանեց ու ասաց`
Բավ է, փող չկա։
Ես մի պահարան կախեցի պատից
Ու ամեն օր խնամքով բառերն էի արդուկում,
Դարսում բերանիս ամեն առավոտ,
Թեյի հետ ծամում
Կորած օրերի փշուրները։
Երբ ցուրտ էր լինում,
Ծածկում էի ինձ այն բառերով,
Որ շատ էին ծռմռվել
Սեր լինելու բեռից,
Ու նրանց գոլորշին
Տերևաթափ էր լինում
Ամենօրյա կրկնությամբ
Սառած պատուհաններին։
Երբ պտտվում էր տարին,
Նոր ժայռեր էին լցվում լեզվիս,
Ու թվում էր, թե Էվերեստը
Անմահության պատուհասն է,
Ում բառերի խելագարությունը
Երկինքն է ծակել։
Այսօր ընկերս կգա,
Մի նոր հաշվիչ կբերի ու կասի,
Թե որքան ծակ է բանաստեղծությունը,
Երբ պոետը մի պարկ քար է,
Մի ակնթարթ լռություն
Ու մի գավաթ սուրճի մրուր։

***

Չգիտեմ՝
Կրկնությունն եմ ատում ավելի,
Թե երբեք չփորձած խաղաղությունը:
Շուրջն անտառ է քաոսի,
Ուր հարցի ծառերը կոճղեր են թողել,
Իսկ ես միայն տնկել գիտեմ
Եվ ոչ կտրել,
Շուրջս մարմինն է բառերի,
Որոնք տրված պոռնիկի պես
Վերջին մերկությունն են ամոթով ծածկում,
Իսկ ես միայն քանդել գիտեմ
Եվ ոչ սքողել,
Շուրջս թևերն են կարկատում
Ու վանդակը քարշ են տալիս
Օդից կախված,
Իսկ ես միայն ցատկել գիտեմ
Եվ ոչ թռչել,
Շուրջս խառնուրդն է տիղմերի,
Որի գույնը նոր սոսինձն է
Հետք չտեսած հեռուների,
Իսկ ես միայն փնտրել գիտեմ
Եվ ոչ գտնել:
Չգիտեմ՝
Կրկնությունն եմ ատում ավելի,
Թե երբեք չփորձած խաղաղությունը:

 

***

Ու չիմացա երբեք,
Թե ինչպես են վերադառնում:
Երեկ աչքովս ընկավ
Քարտեզների մի խուրձ,
Որ հավաստում է,
Թե ես չափել եմ վաղուց
Ալպերից Տիբեթ մի անվերջություն,
Հնդկականից Սառուցյալ
Ջրեր եմ կտրել
Ու աշխարհի ետն ու առաջը
Իրար եմ գծել:
Ու չիմացա երբեք,
Թե ինչպես են վերադառնում:
Ճանապարհներին խաչված քայլերս
Ամեն երեկո փռվում են առաստաղիս,
Ու ցեխոտ ու թրջված հագուստով մեկը
Գտնում է իր կորցրած հանդիպումը,
Երբ չտրված պատասխանները
Թողնում են մի դուռ առանց մուտքի:
Ու չիմացա երբեք,
Թե ինչպես են վերադառնում:
Բարկացած հայհոյեցինք իրար
Երկու անծանոթ չստացված,
Չկիսեցինք ժպիտը մի պարզամիտ աղջկա,
Իսկ նա այնպես լրբի պես
Թողեց մի բուռ գգվանք ու գնաց:
Ու չիմացա երբեք,
Թե ինչպես են վերադառնում:
Վերջին ավտոբուսը սուլոցով անցավ,
Իսկ ես այնքան բառեր լքեցի
Նրա զույգ անիվի տակ,
Եվ ոչինչ չմնաց ինձ,
Քան մի մորեմերկ լռության հոտը,
Որով բուրում է դրժումը:
Այդպես էլ չիմացա,
Թե ինչպես են ետ դառնում,
Երբ կանգառում ուղևոր են թողնում
Ու անհրաժեշտ հեռանում:

 

***

Աշունը վերադարձի պատուհասն է,
Իսկ ես նրա սերտաճած արմատն եմ:
Օրեր են լինում,
Երբ քեզ ուզում եմ թեյի հետ ըմպել,
Մի փոքր խառնել ապուրին,
Դնել ծնկիս ինչպես քմահաճ կատվի,
Գրքում էջանշան թողնել կիսատ տողին,
Ոռոգել նարնջիս ծաղկած ծառը
Ու քեզ ցողել սենյակում
Որպես գիշերվա փոշի:
Աշունը վերադարձի պատուհասն է,
Իսկ ես նրա սերտաճած արմատն եմ:
Թվում է ճահճային անզգուշություն,
Երբ քեզ փորձում եմ գտնել,
Ու կործանված Տրոյան
Գոռում է՝ փախիր,
Ես անդունդի վերջին փյունիկն եմ.
Ում փետուրները ապրողի
Մի կյանք թրծված խավարն են,
Իսկ վերադարձող բոլոր գոյությունները
Իրենց ձուլված մի կտոր
Օտարություն են բերում:
Աշունը վերադարձի պատուհանն է,
Երբ ծառերը կորցնում են,
Գույներ են փշրում
Հառաչի բոլոր շերտերին,
Ու թվում է,
Թե ետ դարձը մի խուլ անձրև է,
Որի սերտաճած արմատը
Կախվել է սրտիս
Մի պատառ խշշացող կարոտի հետ:

 

***

Գուցե ես քեզ երբեք չեմ սիրել,
Բայց այնքան տհաճ է,
Երբ կրծքիս էլ ոչ ոք
Գլուխ չի կախում
Ու չի դժգոհում,
Թե շատ եմ ոսկրոտ,
Ոչ մեկ չի խանգարում,
Չի կործանում գիշերվա մելանխոլիան,
Որ բվի պես աչքերն է բացում
Դիմացի կիսափակ դռնից,
Կերակրիս անիմաստ աղ չի լցնում,
Որ մի պատառից թաքուն աղբը գցեմ,
Չի ժպտում իմ գունդուկծիկ հումորներից,
Թեև շատ եմ մռայլ ծաղրածուի համար,
Ոչ ոք չի խնդրում, որ գամ,
Ու չի գոռում, որ գնամ,
Գուցե ես քեզ երբեք չեմ սիրել,
Բայց ինչպես տհաճ է
Անպետք լինել այն պատերի մեջ,
Որտեղ որոնել են երջանկություն,
Երբ չեն վիճում բոլոր հետքերը չափելիս,
Թե սպասումը վնասակար քաղց է,
Չեն հայհոյում խենթանալու չափ,
Թե մեկի աչքերը շոյեցին հանկարծ
Քո ստվերը, որ հովանոց է իմ կրքերին,
Չեն համոզում միմյանց քնել կեսգիշերին
Ու մինչև լուսադեմ հաշվում,
Թե լուսինը քանի անգամ
Վեր թռավ գիշերային մղձավանջից,
Գուցե ես քեզ երբեք չեմ սիրել,
Բայց ես հագուստ եմ,
Որ մարմին չունի,
Ու չգիտեմ ինչպես կարկատել
Քո կորուստի ծակերը դատարկ:

 

***

Եթե կյանքը անդունդի ջրերին
Լողացող նավակ է,
Ես նրա հարբած վարորդն եմ։
Մենք բոլորս,
Որ կանք ու չենք լինի,
Կսիրենք ու կսպառվենք
Մի պարկ կարտոֆիլի պես
Որպես ձմեռվա պահուստ,
Առավոտյան զզվանքով կջարդենք
Հավերժ շտապող զարթուցիչը
Ու էլի կվազենք,
Մենք, որ կունենանք ոչինչ,
Կգտնենք ոչինչ,
Եվ խելացնոր դատարկությունը
Կկոչենք ընտրված ազատություն։
Եթե կյանքը փողոցում
Քարշ եկող հիվանդ շուն է,
Ես նրան հյուրընկալ
Ցեխոտ կամուրջն եմ։
Մենք բոլորս, որ ծնվել ենք
Ու մեռնում ենք ամեն օր,
Մեզ ողողում են բարձունքները,
Որտեղ բոլորը ուրվականներ են,
Ում երազները խեղդվել են
Նորը կորզելու պարանով։
Մեզ սոսնձել են
Մեր նմանների սարսափով,
Որով ապրել են
Մեր վայրենի նախնիները,
Որ չգիտեին
Ինչպես վարել այն նավը,
Որը երբեք կանգ չի առնում։
Եթե կյանքը տուփի
Վերջին պատառ բլիթն է,
Ես նրա մի գդալ քաղցրությունն եմ։

 

Share Button

3 Կարծիք

  • Լուսին says:

    Բառերը զորեղ են, երբ իրար հանդիպում են նորովի, բոլորովին անսպասելի պատկերներ ու գաղափարներ են ստեղծում և շարունակում ապրել նոր թափով,,,
    Ձեր տողերում կյանք կա,,,
    Շնորհակալ եմ այս շարքի համար,,,
    Ու անպայման սպասելու եմ նորերին
    🙂

  • Արման Թովմասյան says:

    Շնորհակալ եմ շատ:

  • Արման ջան յուրահատուկ և շատ գեղեցիկ ես գրում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *