Մայա Էնջըլոու | Բաժանման նախերգանք

Մայա Էնջըլոու (1928-2014): Ամերիկացի բանաստեղծ, քաղաքացիական ակտիվիստ, առաջին աֆրոամերիկացի կին գրողներից, ում բանաստեղծություններն ու ինքնակենսագրական գրքերը դարձել են բեսթսելլեր և բազմաթիվ մրցանակների արժանացել։

 

 

Հոկտեմբերի վերջ

Աշնան տերևները
զգուշորեն
տարածում են փոքրիկ մահերի
զրնգուն ձայնը,
և երկինքը՝ հագեցած
շառագույն մայրամուտներով,
վարդագույն արշալույսներով,
անդադար փոթորկվում է
մոխրագույնի սարդոստայնում ու
անմխիթար սև դառնում։

Միայն սիրահարներն են
աշնան մեջ տեսնում
վերջաբանների ավարտի ազդանշան,
աղաղակող ահազանգ՝ զգուշացնելու
բոլոր նրանց, ովքեր չեն գիտակցում,
որ մենք դադար ենք առնում՝
պարզապես
նորից սկսելու
համար:

 

Երբ մոտս ես գալիս

Երբ մոտս ես գալիս` անկոչ,
Հրապուրում
Սենյակներ անցած-գնացած,
Ուր հուշերը ստում են.

Առաջարկում տանիք` ինչպես երեխային,
Հավաքույթներ հաշված օրերի,
Ցոլքեր գողացված համբույրների,
Զարդարանքներ փոխ առնված սերերի,
Շտեմարաններ գաղտնի խոսքերի,

ԱՐՏԱՍՎՈՒՄ ԵՄ։

 

Բաժանման նախերգանք

Կողքիդ մեկնված՝
մերկ մարմինս
դիմադրում է մերձությանդ։
Բայց հենց դո՛ւ ես
հետ նահանջում։
Մի բան է պարզ՝
կորցնելու վախն ահավոր
բավարար չէ
փախչող սերը
հետ պահելու։

 

Մասնատվածները

Մենք մեռնում ենք՝
մեր մութ թաքստոցներ ներս թողնելով Կապույտ Մորուքներին`
մեր վեր պարզած վզերը խեղդողներին,
Խեղդողներ, որոնց ոչ պետքն է, ոչ էլ
ուզում են իմանալ, որ
ՄԱՀԸ ՄԵՐ ՄԵՋ Է։

Մենք աղոթում ենք՝
հավատալով ատամների հետևում պահված քաղցր ստերին,
մինչև գետին գլուխ խոնարհելով օտար աստվածներին,
Աստվածներ, որոնք ոչ գիտեն, ոչ էլ
ուզում են իմանալ, որ
ԴԺՈԽՔԸ ՄԵՐ ՄԵՋ Է։

Մենք սիրում ենք՝
ծածկելով մերկությունը ձեռնոցապատ ձեռքերով,
խեղելով շուրթերը մեր կրքոտ համբույրներով,
Համբույրներ, որոնք ոչ զգում են, ոչ էլ
ուզում են զգալ՝ թե արդյոք
ՍԵՐԸ ՄԵՐ ՄԵՋ Է։

 

Կանխագուշակություն

Եթե իմանայի, որ սիրտը
կոտրվում է դանդաղ՝ մասնատելով իրեն
տառապանքի անճանաչելի
բեկորների,

Եթե իմանայի, որ սիրտը հոսում է՝
գռեհկորեն փսլինք թողնելով
օտար մարդկանց կահավորված
ճաշասենյակներում,

Եթե իմանայի, որ մենությունը
շնչահեղձ է անում, թուլացնում մկանները
ու ստիպում, որ լեզուն
քիմքին կպնի,

Եթե իմանայի, որ մենակությունը
խոց է դառնում՝ մարմնի շուրջ
գալարվելով չարագուշակ ու գեղեցիկ
սպիով,

Եթե իմանայի, մեկ է՝ կսիրեի
քեզ, գոռոզ տեսքդ ու գեղեցկությունդ մեծամիտ,
սրամիտ դեմքդ խոշոր
և իմացությունդ քաղցր
հաճույքների,

Բայց հեռվից։
Ամբողջովին ու ամբողջությամբ կթողնեի քեզ
վայելքների համար նրանց, ովքեր
պահանջում են շատ և հոգում քիչ։

 

Խրատ

Ու էլի մեռնում եմ։
Երակները պայթում են՝ բացվելով
Քնած երեխայի
Փոքրիկ բռունցքների նման։
Հին հողաթմբերի հիշողությունը,
Փտող մարմինն ու որդերն ինձ
Հետ չեն համոզում։ Տարիներն
Ու ցուրտ պարտությունը խոր
Հետքեր են թողնում դեմքիս,
Մթագնում աչքերս, բայց մեկ է՝
Էլի եմ մեռնում,
Որովհետև սիրում եմ ապրել։

 

Սնափառություն

Տո՛ւր ձեռքդ։

Թո՛ղ, որ
առաջնորդեմ ու հետևեմ քեզ
բանաստեղծությունների այս տարափից անդին։

Ուրիշների՛ն թող մնան
հուզախառն բառերի
գաղտնիքներն
ու սերը՝ սիրո
կորստյան։

Իսկ ինձ՝
Տո՛ւր ձեռքդ։

 

Հետաքրքիր է

Առօրեականության
նեկտարով հարբած՝
օրն
իր ուղին է հարթում
տարիների միջով,
որ հայտնվի
գիշերվա կացարանում՝
քնելու ու այլևս երբեք
չերևալու։

Ե՞ս ավելի քիչ
մեռած կլինեմ` որ
գրել եմ այս տողերը,
թե՞ դու ավելի շատ՝ որ
կարդում ես դրանք
այսքան տարիներ անց։

Թարգմանությունը անգլերենից՝ Նարինե Թերզյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *