Լուսինե Վայաչյան | Բալագոյե. հեղինակի առաջին գիրքը

Խոպոպներն ուսերին ու մեծ-մեծ կանաչ աչքերին գցած` Լուսինե Վայաչյանը հոկտեմբերի 3-ին ուշադիր հոգատարությամբ, հերթով մակագրեց ու իր ընկերներին ու ընկերների ընկերներին բաժանեց իր առաջին տպագիր գրքի ավելի քան 80 օրինակ:

«Շնորհակալ եմ բոլորիցդ, որ եկել եք»,- խոսքը կարճ կապեց Լուսինեն: Այստեղ` «Նարեկացի» արվեստի միության սրահներից մեկում, «Բալագոյե» (մերձմոսկովյան քաղաք (նաև կայարան) գրքի շնորհանդեսին նա այնքան բաց ու անկեղծ չէ, որքան նույն այդ գրքում, որտեղ իր կյանքի պատմության մի մասն է գրել:

«Ես հուզվում եմ, որ շատ մարդ ա լինում,- արդեն հետո սրճարանում նստած, երբ եկել էր իր գրքի ու իր զգացողությունների մասին խոսելու, խոստովանում է Լուսինեն: – Առավել ևս, երբ բոլորի ուշադրության կենտրոնում ես եմ»:

«Բալագոյե»-ն 40-ամյա Լուսինե Վայաչյանի առաջին տպագրված գիրքն է. «Ինքը թաքուն գիրք ա, թաքուն բաների մասին ա, իմ համար եմ գրե, որ ցավս անցնի, բայց ես էդ թաքուն գիրքը տվել եմ ուրիշներին, որ կարդան, հուզվեն»:

Իր կենսագրությունը Լուսինեն սկսել է այսպես. «Միայնակ կին եմ (կի՞ն) և մայր։ Անտուն ու անտաղանդ, անդեմ ու անկյանք, առանց ներկայի ու ապագայի, լավի ու վատի, չարի ու բարու, մեղքի և թողության՝ բավականին տարօրինակ ու պրիմիտիվ գավառական էակ եմ»:

Շատ անկեղծ է. «Գրում եմ գիշեր-ցերեկ, ամեն ինչի մասին՝ առանց գնահատական տալու, առանց լավի կամ վատի։ Որոշ բաներ ստացվում են, ընկերս գովում է, ասում է՝ գրականություն է, ու ես այդ դեպքերում նայում եմ հայելու մեջ ու ինքս ինձ գոհ ժպտում, որովհետև ինձ թվում է, թե ես վերջապես գտել եմ կյանքում իմ տեղը, իմ խորշը, որտեղ ես ինձ լավ եմ զգում ու ինչ-որ պիտանի բան եմ անում, որը կարող է դառնալ գրականություն, եթե չմեռնի, եթե ընդունի ինձ ծնած, բայց այսքան տարի օտար եղած հայ հասարակությունը»։

Ու անկեղծանալիս ոչինչ չի թաքցնում. «Երբեմն էլ քննադատում է, ու ես սկսում եմ ինձ թափ տալ, մոռանալ գովեստներն ու տքնել՝ գրականություն կերտելով, որը չափազանց բաց է, բացում է իմ աշխարհի դռներն ու հրավիրում ապրել ինձ հետ միասին իմ կյանքը։ Միգուցե մեկնումեկն իմ մեջ տեսնի իր մասնիկը, որն ստիպված է եղել ինձ նման թաքցնել, և ուրախանա, որ ես խոսում եմ իր լեզվով» (հատված հեղինակի ինքնակենսագրությունից)։

Լուսինեի գիրքը հրապարակվել է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի հովանավորությամբ: Հակոբյանը որոշել է ֆինանսավորել գրքի տպագրությունը` «Ինքնագիր» գրական հանդեսում կարդալով Վայաչյանի գրքի առաջին հատվածը` «Բալագոյե»-ն:

Հատվածը կարդալուց հետո Հակոբյանը մի հոդված էր գրել իր տպավորությունների մասին, որում ժամանակակից գրականությունը փակուղու առջև էր տեսնում. «Եվ ահավասիկ, հասանք այն բանին, որ այսօր այնքան գրողներ կան, որոնց ոչ մեկը չի ուզում կարդալ»:

Պատճառը, ըստ Հակոբյանի, այն է, որ չկան գրողներ, ովքեր «ազատագրված են նախապաշարումներեն և կաշկանդումներեն և կարող են ներկայանալ իրենց մարմնով, իրենց մարմնական, ֆիզիկական և մտավոր զգացումներով»:

«Եվ երբ որ ես, պատահաբար, շնորհիվ Վիոլետի (Վիոլետ Գրիգորյան, «Ինքնագիր» գրական հանդեսի խմբագիր, բանաստեղծ)` շնորհակալ եմ, այդ ժուռնալը տվավ, ու հանկարծ ես տեսա այդ աղջկան, «Բալագոյե» պատմվածքի վրա: Ես տեսա, որ գոյություն ունի մարդ մը, որ իր մարմնի հետ և իր հոգու հետ և իր հարաբերությունների հետ ուրիշ է»,- գրել է Հակոբյանը:

Գեղանկարիչը հետաքրքիր գնահատական էր տվել. «Այդ աղջիկն ունի փողոցի լեզու, բայց գրում է կենդանի լեզվով: Այսօր ես կրնամ ըսել, որ մեր ժողովրդի գրականությունը չէ մեռած, և լեզուն կրնա վերակենդանանալ»:

«Բալագոյե»-ն գրված է խոսակցական լեզվով, այսպես կոչված` Երևանի բարբառով, որը հայերենի ու հայերենացված ռուսերենի խառնուրդ է, համեմված Ղափանի բարբառով, որը Լուսինեի ծննդավայրն է: «Ընդեղ, ստեղ, ֆեն, գրեչկա, տրուսիկ, կամերա, ռոզիսկ, պոլկա» և այլ ոչ այնքան հայերեն, ոչ այնքան ռուսերեն բառեր, որոնք սակայն մեղեդային են:

Արվեստաբան Նազարեթ Կարոյանն ասում է, թե Լուսինեի գրած ամեն մի հատվածն ընթերցողին կլանում է, ինչը բնատուր տաղանդի շնորհիվ է. «Նրա գրականությունը հոսում է առվակի նման: Նրա ասելիքը դառնում է բառ, բառը` տեքստ, իսկ տեքստը` ճանապարհ դեպի նրա ներաշխարհը»:

«Լեզուն, ինչպես և թեման, անբռնազբոսիկ է: Նա ստեղծում է գրականություն մի լեզվով, որով խոսում է, ինչը կարծում եմ, մեր գրականության ամենակարևոր խնդիրներից մեկն է, հաղթահարել գրական ու խոսակցական լեզուների տարբերությունը»:

Լուսինեն պատմում է, որ Ռուսաստանում 13 տարի ապրելուց հետո Հայաստան վերադառնալով` «փակվել» էր: Կորցնելով որդուն ու Ռուսաստանի մյուս հարազատ մարդկանց` նա կորցրել էր նաև սիրելու ունակությունը:

«Ընկերոջս`Վահանի հետ ինտերնետով խոսում էինք, իրար նամակներ էինք գրում, մի օր էլ ասեց` գրի, ես էլ գրեցի, լիշ բը ձեռ քաշի ինձանից: Էն էլ ասեց` լավն ա, ու տենց ծնվեց իմ առաջին «Խի եմ ես սենց աննորմալ» պատմվածքը»:

«Դուրս եկել էր գրելը, կայֆ էի ստանում, դե, ես էլ կայֆարիկ մարդ եմ: Մեկ էլ տենամ` հեռուստացույցով ցույց են տալիս, թե բժիշկների անփութության պատճառով քանի նորածին ա մահացել, հիշեցի էրեխուս մասին, որին նույն ձևի էի կորցրել, ու ուզեցի գրեմ դրա մասին»,- «Բալագոյե»-ի նախապատմությունն է անում Լուսինեն:

Որոշում է ու սկսում է. Կայարանից, որտեղ իրեն ձերբակալում են, կալանավայրից, որտեղ պահում են, մինչև հեպատիտ ու հարազատների կորուստ:

Լուսինեն մանրամասն ու անկեղծ ներկայացնում է, թե ինչպես էր չորացնում իր ներքնազգեստը բանտում, ինչպես էր բուժում հեպատիտը ու պայքարում աբորտ չանելու, իր խոսքերով` մարդասպանություն չգործելու համար, ու, ի վերջո, ինչպես էր կախվածության մեջ ընկել թմրանյութերից ու ազատվել այդ կախվածությունից:

«Բալագոյե»-ն Լուսինեի կյանքի 3 տարվա մասին է, որի մասին առաջին դեմքով պատմելիս, հեղինակը մեկ վերադառնում է մանկություն, մեկ հիշում է պատանեկությունը, մեկ էլ դառնում իր ներկային:

Գրքի առանձնահատկությունն այն է, որ Լուսինեն քաջություն է ունեցել առաջին դեմքով ամենայն անկեղծությամբ պատմել ամեն ինչ` իր մտքերից, վախերից ու ապրումներից մինչև կախվածությունը հերոինից:

«Սլավիկը (Լուսինեին հերոին վաճառողը) այլ կերպ էր վերաբերվում, քան մնացածներին: Գդալը, որի մեջ սարքում էր իր դեղը, պահում էր գրպանում, ես էլ ինձ հետ իմն էի տանում, կարմիր, էսթետիկ դիզայնով ինսուլինկայի հետ միասին: Մեկ էլ` ինձ երբեք չէր սրսկում, վախենում էր հանկարծ վարակի»,- իրեն հերոին մատակարարող երիտասարդի` իր խոսքերով ասած` բարությունն է նկարագրում Լուսինեն գրքի վերջին` «Սիստեմա» գլխում:

Գրականագետ Վարդան Ջալոյանը Լուսինեի գրականությունը գնահատում է, քանի որ այն, ինքն իր հետ երկխոսություն լինելով հանդերձ, մարդկանց համար է ու նվիրված է սիրելի մարդկանց: «Շատ կարևոր է, երբ գրքի սկզբում կամ վերջում մարդը նշում է, թե ինչի համար է ինքը գրում, ինչի համար է ինքը կարիք զգացել այդ գիրքը գրելու»:

«Անկեղծ է այնքանով, որ ինքն իր առաջ բաց է, չես կարող կեղծել ինքդ քո առաջ, եթե ինքդ քեզ կեղծես, դա ինքնաթունավորման նման մի բան է: Այս գիրքը ինքնամաքրման պրոցես է, թերապիայի մի ձև,- նշում է գրականագետը: – Սա գրականության գոյության նոր ձև է, ոչ միայն իր կյանքն է, իր ապրելու ձևը, այլ նաև այսօրվա հայ գրականության ապրելու ձևն է»:

Սառա Խոջոյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *