Լիլիթ Կարապետյան | Բանաստեղծություն երեք գործողությամբ

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Վաղուց գրվել է կեսարների քաղաքի պատմությունը ու մրցակից պատմիչներն ավարտել են խոսքը փառաբանումով: Ժամանակն է ետ նայել համոզվելու նրանց ազնվության իսկությանը, վերաշարադրել դեպքերը, որ սպրդել են ուշադրությունից կամ դեն նետվել իբրև ավելորդ մանրամասն՝ ինչպես էր խափշիկ տղան շրջմոլիկի պես անցորդներից գումար մուրում ճանապարհ ընկնելուց առաջ: Տղան հեռանում էր մի երկրից, ուր միայնակ մեծացրել էր նրան երիտասարդ մայրը, որ երկար տարիներ տառապում էր երկրին բնորոշ մոռացկոտության ախտանիշներով: Տղան թողնում էր երկարակյաց ծերունիների երկիրը, որոնք վերանորոգում են կավակերտ տանիքները անձրևաջրերից պաշտպանվելու համար: Առավոտյան թանապուր ուտելուց հետո թիկն են տալիս խոտի դեզին և ծխում են մինչև ամպերը հասնող ծխամորճը: Բանաստեղծություն են արտասանում լեռնականների երկիրը պաշտպանած զորավարի մասին, որովհետև ամեն ծխի անդամ հարսանիք անելուց առաջ բարձրանում էր մեծ զորավարի գերեզմանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու:
Տղան փնտրում էր իր հորը, ով դարձել էր ծովակալ, երջանկացրել էր բազմաթիվ կանանց, ամուսնացել էր չորս անգամ՝ կնքվելով իբրև բոլոր կանանց ամուսին, որ բազմաթիվ երեխաներ ուներ, սակայն միայն մեկն էր արու զավակ և խափշիկ: Իր բոլոր անհաջողությունները թողնելով յոթ բլուրներից այնկողմ՝ ծովակալը հեռացել էր ցամաքից, իրեն հանձնել ալիքների կամքին, ուրացել էր իր լեզուն ու բոլոր հետաքրքրասեր հարցերին պատասխանում էր ծովի լեզվով, այո՛, ես որդի ունեմ և նա թուխ է, ինչպես իր մայրը, ում գնել եմ լիալուսնի գիշերը՝ գարնանային մի օր գրազ գալուց հետո, դեպի Հռոմ տանող ճանապարհի պանդոկից: Ծովակալի որդուն հարիր չէր սովից ու ծարավից ընկճվել: Նա, ինչպես ընդունված էր շրջմոլիկ երիտասարդների մոտ, անդամագրվեց Կույրերի լեգեոնին: Խափշիկը սև կտորով փակեց իր աչքերը և արկածի փնտրումով սուրաց շեփորի ձայնի ուղղությամբ: Կույրերի զորախումբը հավաքագրվել էր հովիվների ապստամբությունից հետո վերահաս վտանգը կանխելու համար: Ծերունիները պատմում էին, երբ լեգեոնի զորականները լսում էին հովիվների սրնգի ձայնը, մրրիկի նման հարձակվում էին, անխնա կոտորում ու թալանում նրանց, լսել էին, որ քաղաքի կառավարիչը հորդորում էր հեռու մնալ արոտավայրերից , որպեսզի ծերունիներին չշփոթեն հովիվների հետ:
Տղան չէր տեսնում բաց երկնքի տակ տարածվող ստրկավաճառական շուկաները, որ օր օրի փթթում էին՝ ներգրավելով նորանոր տարածքներ: Կույրերի լեգեոնի հրամանատարը կանգնեցրեց շարասյունը հանգիստ առնելու համար: Հրամանատարը քանդեց աչքերի փաթաթանը փարթամ մարմնով, մերկ ստրկուհիներ գնելու համար, որոնք մտրակի վերահաս հարվածից վախեցած, բարձր ճիչերով պար էին բռնում, օրորում էին կոնքերը, ձեռքերով ալիքներ էին անում, որ կախարդեն շփոթված գնորդին: Տղան թեև ինքնակամ էր անդամագրվել, սակայն ազատությունը ոսկու գին արժեցավ, որովհետև ճանապարհները բաժանվում էին: Նա դիմեց մի ճոպանագործի, իրեն արհեստ սովորեցնելու, սակայն վարպետը մերժեց խափշիկին, որը տարօրինակ տեսք ուներ իր աշակերտների կողքին: Ճոպանագործը խորհուրդ տվեց նրան ապաստան գտնել փիլիսոփայի մոտ: Փիլիսոփան ճանաչում էր մի վտարանդի քաղաքագլխի, որ մեծամտություն էր ունեցել հայտարարել՝ ես Հռոմը աղյուսից վերածեցի մարմարի: Բարկացած կեսարը աքսորել էր նրան հարավ, զրկել էր նրան տիտղոսներից և այժմ նա մանրախճով սալարկված փողոցներ էր կառուցում գոյությունը պահպանելու համար: Եթե երբեմնի քաղաքագլուխը ուշադիր լիներ, կնկատեր իր քաղաքացուն՝ ստոիկ Սենեկային: Նա կամարաթռիչք ճեմասրահով քայլելով սովորեցնում էր աշակերտներին՝ գործերի մեծությունն այնքան չափերը չեն, որքան պատեհաժամությունը: Խափշիկ տղան հավատաց նրան: Փիլիսոփայի մեջ նա փնտրում էր իր հորը, որն, ի տարբերություն, Սենեկայի նախընտրում էր կանանց: Քաղաքի կառավարիչը և այլ զորականներ առաջարկել էին գինարբուքի ժամանակ կենակցել երիտասարդ տղաների հետ, սակայն փիլիսոփան հրաժարվել էր՝ նրանք իմ որդիներն են , ասել էր նա:
Ծովակալը իր ամբողջ ունեցվածքը կտակել էր խափշիկ տղային, սակայն իր կանայք, կտակի հաջորդ գիշերը, որոշել էին մատնեծաղիկով թունավորել նրան: Դավադրությունը բացահայտելուց հետո, բարկացած ծովակալը վաճառել էր իր կանանց ստրկության և միայնակ ուղևորվել Հռոմ՝ որդուն փնտրելու:
Ամայության մեջ դեպի հավերժական քաղաք էր շարժվում պատգարակում կիսապառկած մի կին, ում վեց ջլապինդ տղամարդիկ, որ քրտնել էին արևի ջերմությունից, ուսերին դրած նրան տանում էին դեպի երազանքի քաղաքը: Կինը բարձրացրեց վարագույրը՝ համոզվելու համար՝ որքան ճանապարհ է մնացել. նա հրամայեց կարգադրիչին կանգ առնել հանգստանալու և դիտելու ճամփեզրին տեղադրված սյուները, որոնց վրա նշվում էին հռոմեական մղոնները: Կինը բարձրացրեց դեմքի սև քողը և շոշափեց որովայնը, շուտով դեպի արևի լույսը կգա օգոստոսափառ մանուկը: Նա կծնվի Կարակալայի բաղնիքի մոտ, ինչպես գուշակել է ծեր կինը, և մի հարուստ սենատոր կորդեգրի նրան՝ մեծ ապագայի խոստումով՝ իրականացնելով ազնվատոհմիկ մոր երազանքը, որ փախել է իր երկրի ավանդույթներից: Տղայի հայրը մի սովորական լումայափոխ էր՝ շարքային վաշխառու, որ սպանվեց պարտատերերի կողմից՝ նախքան լուսաբացի աքլորականչը: Սպանված տղամարդու բարեկամները դատարանում պահանջում էին ծնվելուց հետո երեխային հանձնել իրենց, սակայն կնոջը հաջողվեց թաքնվել դատարանից, իսկ լիալուսնի գիշերը կաշառել սահմանապահին և ուղևորվել Հռոմ: Հռոմի բաղնիքից շատ հեռու կինը թիկնազորով սենատորների նկատեց, որոնք ստոլա հագած հպարտ կանանց ուղեկցությամբ գնում էին կրկես՝ ներկայացում դիտելու: Առաջին գործողության բացումը ազդարարվեց սաբինուհիների հափշտակման տեսարանով, այնուհետև խաղասպարեզ մենամարտի ելան կրկեսամարտիկները, և կինն ամբոխի միջից գոռաց՝ թող ապրեն ուժեղները և մեռնեն թույլերը: Երկրորդում բաց թողեցին վայրի ու քաղցած կենդանիների: Հանկարծահաս քչփչոցը վերածվեց համատարած աղմուկի: Որտե˚ղ է տիրակալը: Մի˚թե ստահոդ լուրերը ճիշտ են, արմեններին թագադրած կեսարը կործանել է քաղաքը, խաչել է քրիստոնյաների, մեղքի զգացումից խնդրել է հավատարիմ ծառային օգնել իրեն ինքնասպան լինել բացականչելով՝ ինչպիսի հանճարեղ դերասան է մեռնում:
Երրորդ գործողության ժամանակ ցուցադրեցին դրվագներ մարտակառքերի վարած հաղթական պատերազմներից: Կինը շոշափեց որովայնը և ցավ զգաց: Նա չհասավ բաղնիք, ոչ մի սենատոր չորդեգրեց տղային, որ ծնվել էր ամայության մեջ՝ ջրաբաշխիչ ավազանի մոտ: Մայրը դրեց նրան պատգարակին, աչքահուլունք կախեց պարանոցից չար ուժերից պաշտպանելու համար և ասում են՝ տղային վիճակված էր մեծ հռետոր դառնալ, որ ճառ պիտի արտասաներ ամենաբարձր ամբիոններից: Կինը երազեց ներս մտնել երանելի դարպասներից, անցնել կեսարների քաղաքի զարդարուն ջրավազանների և հոյակերտ ծառուղիների ու պուրակների միջով:
Ես քայլում եմ բանաստեղծի ոտնահետքերով՝ մշուշում թողած հայրենի երկիրը, ուր պատանիները արտասանում են հատվածներ նրա գրած տասներկու երգերից և ասում են, ով ցանկանում է քնարերգու կամ ողբերգակ դառնալ, պետք է գոնե մեկ անգամ հանդիպի նրա հետ: Հռոմի բանաստեղծը «Իլիականից» առավել կարևոր մի բան է ստեղծել: Մինչև իր մահը շփվել է ազնվապետական վերնախավի հետ, եղբորը կորցրել է երբեմնի Տրոյայի մոտակայքում և այդ օրվանից ի վեր ականջներում լսում է միևնույն խուլ թնդյունը: Բանաստեղծի մասին լեգենդը պատմում է, որ նա այնքան բարձրահասակ և ամրակազմ էր, որ զորավարները պատիվ էին համարում նրա հետ թրով մրցել: Մի անգամ նրան շրջապատել է քառասուն ավազակներից կազմված հորսակախումբը՝ գողանալու բանաստեղծի ոսկեկուռ կրծքազարդը, սակայն ավազակապետը ճանաչել է սիրելի բանաստեղծին և վերադարձրել գողոնը:
Ամբողջ կյանքում նա, աշխատելով նույն երկի վրա, չի կարողանում ավարտել: Պատվիրում է ոչնչացնել այն, սակայն կեսարը, հակառակ բարեկամ բանաստեղծի կամքի, հրատարակում է երկը՝ ի լուր հանրության: Զորավարի հայրը անձամբ ճանաչում է Կատոյին, որդին Ցինա է ընթերցում, նախապատվությունը տալիս է Կալվուսին, իսկ առհասարակ զորավարը բանաստեղծություն կարդում է բարձրաձայն: Շատ պատերազմներ է մղել զորավարը: Խնջույքների ժամանակ սովորաբար տղամարդկանց ցուցադրում, իսկ կանանցից թաքցնում է մարմնի մարտական սպիերը, թեև մեկ անգամ հակառակորդին հանձնվել է առանց թիկնոցի և զրկվել իր տարածքներից: Նա ոչ մի ժողովրդի պատերազմ չի հայտարարում առանց կեսարի թույլտվության: Ռազմական փառքը բազմապատկելու ձգտումով բարբարոսական առաջնորդներին ստիպում է հավատարմության երդում տալ Վրեժխնդիր Մարսի տաճարում: Բարկության պահին զորավարը նվաստացնում է ազնվատոհմիկ գերիներին, մահապատժի է ենթարկում, մարմինը թողնում է առանց թաղումի: Ստորադասները նրան դիմում են՝ օ՜բարի ու արդար տեր, թեև նա չի խուսափել այնպիսի մի մարդու դավադրությունից, որ սովորաբար կնիքներ է կեղծում: Եվ ահա զորավարը լսում է բանաստեղծություն ծովամարտում զոհված իր որդու մասին և ուշաթափվում հենց կանանց աչքի առջև: Այդ օրվանից բանաստեղծի համբավը հասնում է մինչև Սատրահի ստորջրյա հոսանքները, և այլ պոետներ իրենց երգերում հիշում են նրան իբրև փոթորկահույզ ժամանակների հռչակավոր բանաստեղծ:
Այստեղ է պատմիչը, որ գրիչը ձեռքն է առել, ես գրում եմ ծիրանի հագած բանաստեղծների, երկրում կռվող զորավարների, աշխարհի տարբեր ծեգերից դեպի կեսարների քաղաք ուղևորվող հերոսների պատմությունը. բոլոր հերոսները գնում են Հռոմ, Հռոմը կրակի բոցերի մեջ էր:

2017թ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *