Օսիպ Մանդելշտամ | Բառ և մշակույթ

Օսիպ Մանդելշտամ

Խոտը Պետերբուրգյան փողոցներում  [1]` առաջին փախուստները կուսական անտառի, որը կծածկի արդի քաղաքների տեղը: Այդ վառ, քնքուշ կանաչը՝ իր թարմությամբ արտասովոր, պատկանում է նոր ոգեշունչ բնությանը: Հիրավի Պետերբուրգն աշխարհի ամենառաջատար քաղաքն է: Ո՛չ մետրոպոլիտենով, ո՛չ երկնաքերներով չի չափվում փախուստն արդիության՝ արագությունը, այլ զվարթ խոտով, որը վերընձյուղվում է քաղաքային քարերի տակից:

Մեր արյունը, մեր երաժշտությունը, մեր պետականությունը` այդ ամենը կգտնեն իրենց շարունակությունը նոր բնության` Փսիքեա-բնության քնքուշ կեցության մեջ: Ոգու այդ անմարդ թագավորության մեջ յուրաքանչյուր ծառ կլինի անտառային հավերժահարս, և յուրաքանչյուր երևույթ կխոսի իր փոխակերպության մասին:
Կանգնեցնե՞լ: Ինչո՞ւ: Ո՞վ կկանգնեցնի արեգակը, երբ այն ճնճղուկի կառասարքով հայրենի տուն է սլանում` համակված փափագով վերադարձի: Ավելի լավ չէ՞ արդյոք նրան ներբողանքով պարգևատրել, քան թե ողորմություն աղերսել նրանից:

Բայց ոչինչ էլ նա չէր հասկանում
Ե՛վ թույլ, և՛ երկչոտ էր ինչպես մանուկ,
Օտար մարդիկ նրա համար ցանցով
Որսում էին գազաներ ու ձուկ …  [2]

Շնորհակալություն ձեզ, «օտար մարդիկ»` հին աշխարհի նկատմամբ սրտառուչ հոգատարության, քնքուշ խնամակալության համար, որն արդեն «այս աշխարհից չէ», որն ամբողջովին տրվել է գալիք կերպափոխության սպասմանն ու նախապատրաստմանը.

Cum subit illius tristissima noctis imago,
Quae mihi supremum tempus in urbe fuit,
Cum repeto noctem, qua tot mihi cara reliquit,
Labitur ex oculis nunc quoque gutta meis:

«Երբ մոտենում է տխրագույն պատկերն այն [մութ] գիշերի,
Այն, որ ունեցա ի ժամս վերջին ես [մեծ] Քաղաքում,
Երբ վերհիշում եմ այն գիշերը, որ թողել է ինձ թանկ ամեն-ամեն բան,-
Հիմա էլ անգամ աչքերս ի վար արցունք է հոսում»  [3]
(թարգմ. լատ.` Ալբերտ Ստեփանյանի)

* * *
Այո, հին աշխարհն «այս աշխարհից չէ», սակայն այն կենդանի է ավելի, քան երբևէ: Մշակույթը դարձել է ռազմական ճամբար  [4]. մենք ոչ թե ուտելիք, այլ հացկերույթ, ոչ թե սենյակ, այլ խուց, ոչ թե հագուստ, այլ հանդերձանք ունենք: Վերջապես մենք ձեռք ենք բերել ներքին ազատություն, իսկական ներքին զվարթնություն: Կավե սափորներից ջուրը խմում ենք հանց գինի, և արեգակին ավելի հաճելի է վանական ճաշասենյակում, քան ռեստորանում: Խնձորներ, հաց, կարտոֆիլ` այժմ հագեցնում են ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր սովը: Ժամանակակիցը չգիտի միայն ֆիզիկական սովը, միայն հոգևոր սնունդը: Նրա համար և՛ բառն է մարմին, և՛ հասարակ հացը` զվարթնություն ու խորհուրդ:

* * *
Բոլոր մյուս տարբերություններն ու հակադրությունները գունաթափվում են այժմ բառերի բարեկամների և թշնամիների տարբաժանված մարդկանց առջև  [5]: Ճիշտ ոչխարներ և այծեր: Ես զգում եմ բառերի թշնամիներից եկող գրեթե ֆիզիկապես անմաքուր այծային ոգին: Այստեղ միանգամայն տեղին է ամենայն լուրջ տարաձայնության դեպքում վերջինն ի հայտ եկող փաստարկը. իմ հակառակորդը գարշահոտում է:
Պետականության աշխարհիկացման գործընթացը կանգ չառավ պետությունից եկեղեցու տարանջատմամբ, ինչպես դա հասկանում էր ֆրանսիական հեղափոխությունը: Սոցիալական շրջաբեկումն առավել խոր աշխարհիկացման հանգեցրեց:
Նկատվում է նոր փոխհարաբերությունների օրգանական տեսակ, որը պետությունը շաղկապում է մշակույթի հետ այնպես, ինչպես կալվածատեր իշխանները կապված էին վանքերին: Իշխանները վանքերը պահում էին խորհրդի համար: Դրանով ամեն ինչ ասված է: Մշակութային արժեքների նկատմամբ պետության արտարկվածությունը (внеположность) նրան ամբողջությամբ կախվածության մեջ է դնում մշակույթից: Մշակութային արժեքները զարդարում են պետականությունը, նրան երանգ, ձև և, եթե ուզում եք, անգամ սեռ են հաղորդում: Պետական կառույցների, դամբարանների, դարպասների վրա արված գրառումները ապահովագրում են պետությանը ժամանակի կործանումից:
Պոեզիան գութան է, որը ժամանակն այնպես է փխրում, որ ժամանակի խորքային շերտերը, նրա սևահողը հայտնվում են վերևում: Բայց լինում են այնպիսի ժամանակներ, երբ մարդկությունը, չբավարարվելով ներկայով, թախծելով, ինչպես մաճկալ, տենչում է ժամանակների խոպանը: Հեղափոխությունն արվեստում անխուսափելիորեն հանգեցնում է կլասիցիզմի: Ոչ թե որովհետև Դավիդը հավաքեց Ռոբեսպիերի հունձքը, այլ որովհետև այդպես է ուզում հողը  [6]:
Հաճախ ենք ստիպված լինում լսել. դա լավ է, բայց դա երեկվա օրն էր: Իսկ ես ասում եմ. երեկվա օրը դեռ չի ծնվել: Այն դեռ չի եղել ստույգիվ: Ես կրկին ձգտում եմ Օվիդիուսին, Պուշկինին, Կատուլլուսին, և ինձ չեն բավարարում պատմական Օվիդիուսը, Պուշկինը, Կատուլլուսը:
Զարմանալի է, իրոք, որ բոլորը պոետներով են ընկնում և ոչ մի կերպ նրանցից չեն պոկվում: Թվում է` կարդացիր և վերջ: Հաղթահարեցիր, ինչպես այժմ են ասում: Ոչ մի նման բան: Կատուլլուսի արծաթյա փողը  [7].

Ad claras Asiae volemus urbes  [8]

տանջում և անհանգստացնում է ավելի ուժգին, քան ցանկացած ֆուտուրիստական առեղծված: Դա ռուսերենով չկա: Բայց չէ՞ որ դա պետք է լինի ռուսերենով: Ես վերցրի լատինական բանաստեղծությունները, որովհետև ռուս ընթերցողների կողմից դրանք ակնհայտորեն ընկալվում են իբրև հարկադրության կատեգորիա. հրամայականը նրանցում ավելի համոզիչ է հնչում: Բայց դա ամենայն պոեզիայի հատկությունն է, քանի որ այն դասական է: Այն ընդունվում է ինչպես մի բան, որը պետք է լինի, այլ ոչ թե մի բան, որն արդեն եղել է:
Այսու` դեռ չի եղել և ոչ մի պոետ: Մենք ազատ ենք հիշողությունների բեռից: Փոխարենը՝ որքան ուրախալի նախազգացումներ. Պուշկին, Օվիդիուս, Հոմերոս: Երբ սիրեկանը լռության մեջ խճճվում է քնքուշ անունների մեջ և հանկարծ հիշում, որ դա արդեն եղել է՝ և՛ բառերը, և՛ վարսերը, և՛ աքաղաղը, որը կանչեց պատուհանի տակ, աղաղակել է արդեն Օվիդիուսի եռատողերում, կրկնության խորագույն ուրախությունը պարառում է նրան, գլխապտույտ ուրախությունը`

Հանց մութ ջուր, ես խմում եմ օդը պղտորված,
Ժամանակը հերկված է գութանով, և վարդը հող է եղել  [9]:

Այդպես և պոետը չի վախենում կրկնություններից և հեշտությամբ հարբում է դասական գինուց:
Այն, ինչ ստույգ է մի պոետի վերաբերյալ, ստույգ է և մյուս բոլորի վերաբերյալ: Հարկ չկա ստեղծել ինչ-որ դպրոցներ: Հարկ չկա հնարել սեփական պոետիկա  [10]:

* * *
Բառի կյանքում հերոսական դարաշրջան է սկսվել: Բառը մարմին է և հաց: Այն կիսում է հացի և մարմնի ճակատագիրը` տառապանքը: Մարդիկ քաղցած են: Ավելի քաղցած է պետությունը: Բայց ավելի քաղցած մի բան էլ կա` ժամանակը: Ժամանակն ուզում է խժռել պետությունը [11]: Հանց շեփորականչ է հնչում սպառնալիքը` խզմզված Դերժավինի կողմից քարե տախտակին [12]: Ո՞վ կբարձրացնի բառը և ցույց կտա ժամանակին: Չկա ոչինչ ավելի սոված, քան լեոնտևյան բյուզանդական պետությունը [13]. այն սոված մարդուց էլ սարսափելի է: Կարեկցանքն առ բառը մերժող մշակույթը արդի պոետի հասարակական ուղին և սխրագործությունն է:

Ում մեջ սիրտ կա, ժամանա՛կ, նա պետք է լսի,
Թե ինչպես է խորտակվում նավը քո… [14]

Մի՛ պահանջեք պոեզիայից բացառապես իրայնություն (вещность), կոնկրետություն, նյութականություն: Դա նույն այդ հեղափոխական քաղցն է: Թովմասի կասկածանքը: Ի՞նչ կարիք կա մատներով շոշափել: Իսկ գլխավորը` ինչո՞ւ բառը նույնացնել իրին, առարկային, որը նա նշանակում է:
Մի՞թե իրը բառի տիրակալն է [15]: Բառը Փսիքեան է: Կենդանի բառը չի նշանակում իրը, այլ ազատորեն ընտրում է, կարծես ապաստանի համար, այս կամ այն առարկայական նշանակությունը, իրայնությունը, թանկագին մարմինը: Եվ իրի շուրջ բառը թափառում է ազատորեն, ինչպես հոգին` լքված, բայց չմոռացված մամնի [16]:
Այն, ինչ ասված է իրայնության մասին, քիչ այլ է հնչում պատկերավորության դեպքում.

Prends l՛éloquence et tords-lui son cou! [17]

Գրի՛ր անպատկեր բանաստեղծություններ, եթե կարող ես, եթե ի վիճակի ես: Կույրը կճանաչի թանկագին դեմքը` տեսունակ մատներով հազիվ դիպչելով նրան, և ուրախության, ճանաչման իսկական ուրախության արցունքները դուրս կհորդեն աչքերից նրա երկար բաժանումից հետո: Բանաստեղծությունը կենդանի է ներքին պատկերով, ձևի այն հնչուն կաղապարով, որն ազդարարում է գրված բանաստեղծությունը: Ոչ մի բառ դեռ չկա, իսկ բանաստեղծությունն արդեն հնչում է: Այդ ներքին պատկերն է հնչում, այդ նրան է բանաստեղծի ունկը շոշափում:

Եվ քաղցր է մեզ համար սոսկ ակնթարթը ճանաչման [18]:

Այժմ ընթանում է կարծես տարխոսության (глоссолалии) [19] երևույթը: Սրբազան մոլեգնության մեջ պոետները խոսում են բոլոր ժամանակների, բոլոր մշակույթների լեզվով: Անհնարին ոչինչ չկա: Ինչպես մեռնողի սենյակն է բաց բոլորի համար, այդպես և հին աշխարհի դուռն է կրնկի վրա բացված ամբոխի առջև: Հանկարծ ամեն ինչ ընդհանուր սեփականություն դարձավ: Գնացեք և վերցրեք: Ամեն ինչ մատչելի է՝ բոլոր բավիղները, բոլոր գաղտնարանները, բոլոր անձեռնմխելի մուտքերը: Բառը դարձել է ոչ թե յոթփողանի, այլ հազարփողանի սրինգ, որ վերակենդանանում է միանգամից բոլոր դարերի շնչառությամբ: Տարխոսության մեջ ամենաապշեցուցիչն այն է, որ խոսողը չգիտի լեզուն, որով խոսում է: Նա խոսում է բացարձակապես անհայտ լեզվով: Ե՛վ բոլորին, և՛ նրան թվում է, թե ինքը խոսում է հունարեն կամ քաղդեերեն [20]: Խորագիտությանը (эрудиция) բոլորովին հակառակ մի բան: Արդի բանաստեղծությունը՝ իր ողջ բարդությամբ և ներքին հափշտակվածությամբ (исхищренность) հանդերձ, միամիտ է.

Ecoutez la chanson grise… [21]

Ժամանակակից համադրական պոետն ինձ համար ոչ թե Վերհարն է, այլ մշակույթի ինչ-որ Վերլեն: Նրա համար հին աշխարհի ողջ դժվարությունը նույն պուշկինյան սրինգն է [22]: Նրանում երգում են գաղափարները, գիտական համակարգերը, պետական տեսությունները նույնքան ճշգրիտ, որքան իր նախորդների մեջ երգում էին սոխակներն ու վարդերը: Ո՞վ է ասել, որ հեղափոխության պատճառը սովն է միջմոլորակային տարածություններում [23]: Պետք է ցորենը շաղ տալ եթերում [24]:

1921

Թարգմանությունը ռուսերենից և ծանոթագրությունները` Թոնդրակի

(ըստ` О. Э. Мандельштам, Слово и культура: Статьи. — М.: Советский писатель, 1987, сс. 39-43):

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԲԱՌ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ – Առաջին անգամ հրատարակվել է «Дракон» ալմանախում (Альм, стихов. Изд. Цеха поэтов. Пб., 1921, вып. 1 (май), с. 73 — 78), ապա վերահրատարակվել «Искусство» (Батум, 1921, 20 июня /сообщ. А. Е. Парнисом/) թերթում և «Цех поэтов» ալմանախում (Берлин, 1922, кн. 1, с. 81 — 89):
Թարգմանությունը կատարել ենք Օ. Մանդելշտամի համանուն ժողովածուից (О. Э. Мандельштам, Слово и культура: Статьи. — М.: Советский писатель, 1987, сс. 39-43): Ծանոթագրությունները կազմելիս ևս օգտվել ենք վերոհիշյալ և մի շարք այլ հրատարակությունների ծանոթագրություններից:
[1] Խոտը Պետերբուրգյան փողոցներում – Սալարկի արանքներում աճող խոտը (քաղաքային տնտեսության բարձիթողիության արդյունքում) Պետերբուրգի բնակիչները կարող էին տեսնել 1918 թ. ամառվանից սկսած:
[2] «Բայց ոչինչ էլ նա չէր հասկանում…» — հատված Ա. Ս. Պուշկինի «Գնչուներ» պոեմից (ծեր գնչուի պատմությունը Օվիդիուսի մասին): Բնագրում մեջբերված քառյակի «понимал» («հասկանալ») բառի փոխարեն առկա է «разумел» («ըմբռնել») որն, ամենայն հավանականությամբ, արդյունք է Մանդելշտամի հիշողությամբ արված մեջբերման.
«Не разумел он ничего,
И слаб и робок был, как дети;
Чужие люди за него
Зверей и рыб ловили в сети». (А. Пушкин, Собрание сочинений в 10 томах. Т. 3, М.: Государственное издательство художественной литературы, 1960, с. 161):
[3] Cum subit illius… gutta meis. – Լատիներեն այս մեջբերումն արված է Պուբլիուս Օվիդիուս Նազոնի էլեգիաներից («Հեծեծանքներ», գիրք 1, էլեգիա 3, տողեր 1-4): Թարգմանության համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում պրոֆ. Ալբերտ Ստեփանյանին, որ հանձն առավ հատվածի բնագրային թարգմանությունը:
[4] «Մշակույթը դարձել է ռազմական ճամբար…» — Ալմանախի մեջ այս հատվածն այլ է` «Մշակույթը եկեղեցի է դարձել: Տեղի է ունեցել եկեղեցի-մշակույթի առանձնացումը պետությունից: Բարձրաշխարհիկ կյանքն այլևս մեզ չի վերաբերում…»: Իսկ «մշակույթի տարանջատումը պետությունից»-ի իրականացումը կարող է թվալ 1919 թ. Պետրոգրադում և Մոսկվայում «Արվեստի տների» հիմնումը: Մանդելշտամը Պետրոգրադ էր վերադարձել Ղրիմից Անդրկովկասով՝ հոդվածը գրելուց ոչ շատ առաջ: Հարցը քննարկման թեմա էր նաև մամուլի էջերում (Տե՛ս Л. Сабанеев, Отделение искусства от государства // Знамя. М., 1920. № 1 (3)):
[5] … այժմ բառերի բարեկամների և թշնամիների տարբաժանված – Սույն պատկերը «բառը ժխտող ժամանակակից […] պետության» պատկերի հետ միասին առնչակցվում է «Պետություն և ռիթմ» հոդվածի «մեր դարաշրջանի հակաբանասիրական բնույթ» և «բանասիրական դավաճանություն» մոտիվների հետ (Տե՛ս О. Э. Мандельштам, Собрание сочинений в 4 томах, Том 1, Стихотворения. Проза. Сост. и коммент. П.Нерлера и А.Никитаева, Москва, Арт-Бизнес-Центр, 1999 с. 208-211):
[6] … որովհետև Դավիդը հավաքեց Ռոբեսպիերի հունձքը – Նկատի ունի ֆրանսիացի նկարիչ Ժակ-Լուի Դավիդին (Jacques-Louis David, 1748-1825), որը Կոնվենտի անդամ էր և քվեարկեց արքայի մահապատժի օգտին: Ռոբեսպիերի ընկերն էր և տերմիդորյան հեղաշրջումից հետո ձերբակալվեց ու բանտարկվեց: Ավելի ուշ Նապոլեոն Բոնապարտի արտոնյալ նկարիչն էր:
[7] «Կատուլլուսի արծաթյա փողը…» — հմմտ. Օ. Մանդելշտամի «Հայաստան» շարքի (1930) բանաստեղծություններից վեցերորդի հետ` «Հավիտյան դեպի Ասիայի արծաթյա շեփորները թռչող…», տե՛ս Օսիպ Մանդելշտամ, Բանաստեղծություններ և արձակ /Ռուս. թարգմ.` Հ. Բեյլերյանը/, Ե., Նաիրի, 2012, էջ 136:
[8] Ad claras Asiae volemus urbes – Բառացի` «Մենք ձգտում ենք Ասիայի հայտնի քաղաքներին» (լատ.., Կատուլլուս, XLVI: 6):
[9] «Հանց մութ ջուր, ես խմում եմ օդը պղտորված…» — հատված Օ. Մանդելշտամի «Քույրեր` ծանրություն և քնքշանք, ձեր նշանները միատեսակ են» (1920) բանաստեղծությունից (Տե՛ս О. Э. Мандельштам, Собрание сочинений в 4 томах, Том 1, Стихотворения. Проза. Сост. и коммент. П.Нерлера и А.Никитаева, Москва, Арт-Бизнес-Центр, 1999 с. 142-143):
[10] «Հարկ չկա հնարել սեփական պոետիկա» – Այդուհետ ալմանախում հաջորդում է առանձին ենթագլուխ. «[Խոսքի, շարժման և ձևի նկատմամբ կիրառվող վերլուծական մեթոդը լիովին օրինաչափ և հմուտ վարժաձև է]: Վերջին ժամանակներս ավերումներն արվում էին արվեստի զուտ ձևական նախադրյալներով: Անկումը, փտումը, նեխումը. այդ ամենը դեռ décadense է: Բայց դեկադենտները քրիստոնյա նկարիչներ էին, իրենց տեսակով` վերջին քրիստոնեական տառապյալները: Փտումի երաժշտությունը նրանց համար հարության երաժտություն էր: Բոդլերի Charogne*-ը քրիստոնեական վհատության բարձր օրինակ է: Բոլորովին այլ է ձևի գիտակցաբար ոչնչացումը: Ցավ չունեցող սուպրեմատիզմ: Երևույթների դեմքի ժխտում: Հաշվարկված ինքնասպանություն՝ հանուն հետաքրքրության: Կարելի է ընտրել, կարելի է և դասավորել. կարծես թե փորձարկվում է ձևը, իսկ իրականում նեխում և փտում է հոգին (ընդսմին` հիշատակելով Բոդլերին՝ ես ցանկացա հիշեցնել նրա նշանակությունն իբրև ճգնավորի` martyre** բառի քրիստոնեական բացարձակ իմաստով»:
* Լեշ (ֆրանս.)- խոսքը Շ. Բոդլերի «Լեշը» (1843) բանաստեղծության մասին է:
** Մարտիրոս, նահատակ (ֆրանս.) – տե՛ս Շ. Բոդլերի «Մարտիրոսուհին» (1843) բանաստեղծությունը: Տե՛ս Շառլ Բոդլեր, Չարի ծաղիկներ: [Բանաստեղծ., պեոմներ] /Ֆրանս. թարգմ., առաջաբանը և ծանոթագր.` Հ. Բախչինյանի/, Ե., Երևանի համալսարանի հրատարակչություն, 1990, էջ 40 և 120:
Սուպրեմատիզմ (լատ.՝ supremus – բարձրագույն) – ավանգարդիստական արվեստի ուղղություն։ Ծագել է 1910-ական թվականների առաջին կեսին Ռուսաստանում։ Հիմնադիրն է Կազիմիր Մալևիչը։ Այն ենթադրում էր «գույնի գերազանցությունը գեղարվեստական գործի այլ հատկանիշների նկատմամբ», իսկ «ճշմարտությունն արվեստում ինքնին գույնի զգացական ազդեցությունն է»: Մալևիչի դիպուկ ձևակերպմամաբ՝ «Ինքնին առարկան նրա (սուպրեմատիստի – Ծ.թ.) համար անիմաստ է, գիտակցող մտքի գաղափարները՝ անարժեք: Զգացմունքը վճռական գործոն է, … և այսպիսով արվեստը հանգում է ոչ-առարկայական պատկերման՝ սուպրեմատիզմի» (Տե՛ս Հ. Ռիդ, Արդի նկարչության համառոտ պատմություն, Ե. Սարգիս Խաչենց, 2002, էջ 146-147):
[11] Ժամանակն ուզում է խժռել պետությունը – Հավանաբար Մանդելշտամը նկատի ուներ «պետության մահացման»՝ դասական մարքսիզմի կանխադրույթը, որն ակտուալացնում է Լենինն իր «Պետություն և հեղափոխություն» աշխատության մեջ (հրատարակված 1918 թ.):
[12] «Հանց շեփորականչ է հնչում սպառնալիքը` խզմզված Դերժավինի կողմից քարե տախտակին» – Նկատի ունի Գ. Ռ. Դերժավինի «Նեխվածության մասին» (1816) անավարտ բանաստեղծությունը: Այդ բանաստեղծության ինքնագիրը` գրված քարե տախտակին, պահպանվում է Ռուսական գրականության ինստիտուտում (Պուշկինյան տուն):
[13] Կոնստանտին Լեոնտև (Константин Николаевич Леонтьев, 1831-1891) – ռուս դիվանագետ, կրոնական մտածող, փիլիսոփա, գրող, գրական քննադատ, հրապարակախոս, ուշ շրջանում հարել է սլավոնաֆիլներին: Լեոնտևյան ակնարկումները առկա են Օ. Մանդելշտամի «Բառ և մշակույթ» (1921), «Բառի բնույթի մասին» (1922), «Ժամանակի աղմուկը» (1925), «Եգիպտական դրոշմանիշ» (1928) ծրագրային ստեղծագործություններում: Իսկ ընդհանուր առմամբ` Օ. Մանդելշտամի ստեղծագործության արմատական համակարգում ծածուկ առկա է լեոնտևյան շերտը:
[14] «Ում մեջ սիրտ կա, ժամանա՛կ, պետք է լսի…» — Օ. Մանդելշտամի «Ազատության մթնշաղ…» (Сумерки свободы, 1918) բանաստեղծությունից (Տե՛ս О. Э. Мандельштам, Собрание сочинений в 4 томах, Том 1, Стихотворения. Проза. Сост. и коммент. П.Нерлера и А.Никитаева, Москва, Арт-Бизнес-Центр, 1999 с. 135-136):
[15] «Մի՞թե իրը բառի տիրակալն է» — հմմտ.` «Բառը` ստեղծված մի իրից մյուսը գնալու համար, ըստ էության իսկապես ենթակա է տեղափոխման և ազատ է: Ուրեմն այն կարող է անցնել ոչ միայն մի ընկալվող իրից մի այլ ընկալվող իրի, այլև ընկալվող իրից այդ իրի մասին հիշողությանը..»: (Ա. Բերգսոն, Մետաֆիզիկայի ներածություն, Ստեղծարար էվոլյուցիա /Ֆրանս. թարգմ.` Ա. Մուրադյան/, Ե., Սարգիս Խաչենց հրատարակչություն, 2003, էջ 215):
[16] Բառը Փսիքեան է: Կենդանի բառը չի նշանակում իրը, այլ ազատորեն ընտրում է, կարծես ապաստանի համար, այս կամ այն առարկայական նշանակությունը, իրայնությունը, թանկագին մարմինը: Եվ իրի շուրջ բառը թափառում է ազատորեն, ինչպես հոգին` լքված, բայց չմոռացված մամնի: – Մոտիվային ընդհանրություններ ունի «Երբ Փսիքեա-կյանքը իջանում է ստվերների մոտ…» (1920) բանաստեղծության հետ: Փսիքեան մարդու հոգու մարմնավորումն է, պատկերվում էր թիթեռի թևերով աղջնակի տեսքով:
[17] Prends Veloquence et tords lui son cou! – Բառացիորեն` «Հեռացրո՛ւ պերճախոսությունը և պարանոցը նրա ոլորի՛ր» (ֆրանս.., Պոլ Վեռլենի «Art poétique» բանաստեղծությունից):
[18] «Եվ քաղցր է մեզ համար սոսկ ակնթարթը ճանաչման» — Օ. Մանդելշտամի «Tristia» (1918) բանաստեղծությունից:
[19] Տարխոսության (глоссолалия) – հին հուն. γλῶσσα (glossa) «լեզու» և λᾰλέω (lalia) «դատարկախոսություն, թոթովանք, բլբլոց»): Նկատի ունի Նոր Կտակարանի (Ավետարան) Գործք բաժնի հետևյալ տեքստը. «Երբ Պենտեկոստէի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն՝ սաստիկ հողմից եկած ձայնի նման. եւ լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին: Եւ նրանց երեւացին բաժանուած լեզուներ, նման բոցեղէն լեզուների, որոնք եվ նստեցին նրանցից յուրաքանչիւրի վրայ: Եւ բոլորը լցուեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խօսել ուրիշ լեզուներով, ինչպէս որ Սուրբ Հոգին նրանց խօսել էր տալիս» (Գործք 2:1-4):
1) Երևույթ, երբ խոսողը արտաբերում է անիմաստ խոսքեր և բառակապակցություններ, որոնք սովորաբար պահպանում են խոսքի լոկ ինչ-ինչ նշանները (թափն ու ռիթմը, վանկերի կառույցը, տարբեր ձայների հանդիպող հարաբերական հաճախականությունը): Հանդիպում է հոգեկան հիվանդների մոտ:
2) Հնագույն որոշ կրոնների (շումերների) և քրիստոնեական առանձին աղանդների կրոնական պաշտամունքների տարր: Հաճախ (հատկապես աղանդավորների մոտ) խոսողը խորապես համոզված է, որ նա խոսում է իրապես գոյություն ունեցող լեզվով:
3) Տարխոսությունը նշանակում է նաև ձայների և բառերի զանազան զուգորդումները, որոնք կորցրել են իմաստները, ինչպես, օրինակ, հանդիպում են հմայախոսությունների, ժողովրդական երգերի կրկներգերի, մանկական խաղերի, երգերի և այլնի մեջ: Այն հանդիպում է և գեղարվեստական գրականության մեջ. ֆուտուրիսների վաղ շրջանի ստեղծագործություններում առաջադրվել էր իբրև գեղարվեստական ստեղծագործության եղանակ, հատկապես Վելմիր Խլեբնիկովի ստեղծագործություններում: Ջազի մեջ տարածված է համանման մի եղանակ` սքեթը, որը վոկալ իմպրովիզացիոն երգեցողությունն է, երբ ձայնն օգտագործվում է երաժշտական գործիքը նմանակելու համար, իսկ երգեցողությունը զուրկ է բառային իմաստավորված ծածկույթից:
[20] … քաղդեերեն – Քաղդեացիները սեմական անասնապահ ցեղեր են, որոնք, ենթադրաբար, կա՛մ արամեական, կա՛մ էլ (որ ավելի քիչ հավանական է) հարավարաբական ծագում ունեն: Մ. թ. ա. VIII դարի II կեսին և մ. թ. ա. VII դարում բազմիցս նվաճել են Բաբելոնը: Իսկ արդեն մ. թ. ա. 626-538 թթ. հիմնել են Բաբելոնի քաղդեական դինաստիան ու Նոր Բաբելոնական թագավորությունը: Անտիկ աշխարհում քաղդեացիներին անվանել են բաբելական ծագում ունեցող քրմերին կամ գուշակներին: Հիշատակվում են Հին Կտակարանում:
[21] Ecoutez la chanson grise… (ֆրանս) – «Լսե՛ք երգն այս աղոտ…» — Պ. Վերլենի “Ecoutez la chanson bien douce” (բառացի` «Լսե՛ք քնքուշ երգը…») և «Art poétique» («Rien de plus cher que la chanson grise…» — «Աղոտ երգից թանկ բան չկա…») բանաստեղծությունների բաղարկությունն է:
[22] պուշկինյան սրինգն է – Նկատի ունի Պուշկինի «Մուսա» բանաստեղծության «սրինգը»: Ստորև տալիս ենք բանաստեղծության առաջին երկու տողերը.
Պատանությանս օրերին նա ինձ սիրել
Եվ յոթփողանի սրինգ է հանձնել:
(В младенчестве моем она меня любила
И семиствольную цевницу мне вручила):
Տե՛ս А. С. Пушкин. Собрание сочинений в 10 томах. Т. 1, М.: Государственное издательство художественной литературы, 1959, с. 135.
[23] Ո՞վ է ասել, որ հեղափոխության պատճառը սովն է…: – Հետազոտողները կարծում են, որ այս պատկերն (ինչպես նաև «Իսկ երկինքը գալիքով է հղի…» (1923) բանաստեղծության «հուռթի եթերի ցորենով» պատկերը) արտացոլում է Գ. Գուրջիևի ուսմունքի ազդեցությունը, մասնավորապես Լուսնի և Երկրի վրա օրգանական կյանքի միջև «տիեզերական կոնֆլիկտ»-ի մասին պատկերացումը: Ըստ Կ. Տարանովսկու՝ «Այս պատկերը սերում է Գ. Ի. Գուրջիևի միստիկական իմաստասիրություից, որը հավատում էր, որ Երկրի վրա օրգանական կյանքը սնում է Լուսինն ու մյուս երկնային մարմինները, որ պատերազմներն ու հեղափոխություններն առաջացել են միջմոլորակային ազդեցությունների արդյունքում, մասնավորապես, որ դրանք պայմանավորված են Լուսնի վրայի սովով» (К. Ф. Тарановский, О поэзии и поэтике. М., 2000, с. 18, 36):
Այլ հրատարակություններում նախադասությունը սկսվում է «Ասում են…» ձևակերպումով՝ «Ո՞վ է ասել…»-ի փոխարեն:
[24] «Պետք է ցորենը շաղ տալ եթերում» – հմմտ.` Օ. Մանդելշտամի «Իսկ երկինքը գալիքով է հղի…» (1923) բանաստեղծության «Իսկ երկինքը գալիքով է հղի` կուշտ եթերի ցորենով…» տողերի հետ (Տե՛ս О. Э. Мандельштам, Собрание сочинений в 4 томах, Том 2, Стихотворения. Проза. Сост. и коммент. П.Нерлера и А.Никитаева, Москва, Арт-Бизнес-Центр, 1993 с. 48-49):
Այնուհետև ալմանախում այդ տողին հաջորդում է «Դասական պոեզիան հեղափոխության պոեզիան է» ամփոփիչ տողը:

Share Button

2 Կարծիք

  • Նախորդ դարի ամենաանկաշառ ու ազնիւ Ձայներից մէկը հսկայատաղանդ. ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄ:

    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ հրաշալի թարգմանութեան համար:

    …մի փոքրիկ վրիպում միայն նկատեցի (ըստ իս), պարտքս եմ համարում տեղեկացնել.
    «…յոթփողանի, այլ հազարփողանի տավիղ…» արտայայտութեան մէջ, կարծում եմ կամ փողն է լար լինելու, կամ տաւիղը՝ ասենք, սրինգ…. Եթէ տաւիղ է՝ ուրեմն — եօթնաղի կամ եօթալար կամ, այլաբանօրէն-գեղեցիկ եօթնարփեան տաւիղ: Ճշտէք, խնդրեմ, եւ շտկէք:

  • Թոնդրակ says:

    Անչափ շնորհակալություն ի տեղի արված դիտողության համար 🙂
    Իրոք պետք է լինի՝ «…յոթփողանի, այլ հազարփողանի սրինգ…»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *