Սոնա Տոնականյան |Սև մատիտների կրկեսում

 Սոնա Տոնականյան

  /կինոսցենար/

                            ԿԵՐՊԱՐՆԵՐ`

Քահանա- մոտ 35 տարեկան, բարձրահասակ, նիհար, եռանդուն, թեթևայտմորույսով, խոշորուփայլունաչքերով, անընդհատզննողհայացքով: Ձայնիցածրտոնայնությամբ:

Կատու– սևկատու, կանաչաչքերով:

Երեխայի մայր– մոտ 35-40 տարեկան, միջինհասակի, գիրուկ, համակրելիարտաքինով, փոքրկապտավունաչքերով, հաստլիկթևերով, նրբանկատուհամեստբնավորությամբ:

Պճնված տիկին– մոտ 40 տարեկան, բարձրահասակ, հաստլիկ մարմնով, չափից շատ կոսմետիկա և զարդեր է օգտագործում, նունիսկ տնային պայմաններում: Խոսքի մեջ անհասկանալի ակցենտ կա` բաղաձայն հնչյունները փափկացնող, խոսելու ընթացքում հայացքն արագ տեղափոխում է մի կետից մյուսը, կրծքավանդակով շնչում, ձայնից ավելի նկատելի է ժեստերը:

Երեխա– մոտ 5-6 տարեկան տղա, նիհար, խոշոր աչքերով, սպիտակ մաշկով, շարժումներն արտահայտիչ են, նրան վազելիս կամ արագ քայլելիս քիչ ենք տեսնում:

Մայոր Վան– մոտ 30 -35 տարեկան, բարձրահասակ, հետաքրքիր կազմվածքով, արտահայտիչ ժեստերով, խորը հայացքով:

Մյուս կերպարները միջանցիկ դերեր են, յուրաքանչյուր տեսարանի սկզբում նշվում է գործող անձիք:

Հաճախ հանդիպում ենք նաև մասայական տեսարանի:

                                                                 Տեսարան 1

Էքստ`. փողոց, ցերեկ

Անձ` քահանա

  Մայթեզրով քայլողի միայն ոտքերն են երևում: Ճանապարհով անցնում են մեքենաներ, ոտքերն անցնում են փողոցն ու շարունակում քայլել, հասնում են ջերմոցի դռանն ու  կանգ  առնում: Սքեմի թևքերով ձեռքերը բացում են ջերմոցի դուռը:

     Տեսարան 2

Էքստ`.ջերմոց, ցերեկ

Անձ` քահանա

  Ջերմոցում բազմատեսակ ծաղիկներ են, քահանան անցնում է շարքերով, առանձին-առանձին ուշադրություն դարձնում որոշ ծաղիկների, վերցնում է ցնցուղը, մեծ դույլից ջուր լցնում ցնցուղի մեջ, ջրում ծաղիկները:

      Տեսարան 3

Էքստ`. փողոց, ցերեկ

Անձիք` քահանա և կատու

 Երևում են ոտքերը, ամայի ճանապարհով քայլում են, հետո քայլերը շարունակվում են հին փողոցի մայթից, փողոցում մի քանի ծառեր կան և շատ քիչ անցուդարձ: Քայլերը հասնում են եկեղեցու բակ, որտեղ պոլիէթիլենային դատարկ տոպրակներ են ընկած: Քահանան հավաքում է դրանք և մոտենում եկեղեցուց բավականին հեռու գտնվող աղբամանին: Աղբամանը ծառերի տակ է, քահանան տոպրակները գցելով աղբամանի մեջ, նկատում է դողացող սև կատվին: Քահանան մոտենում է կատվին, ծունր իջնում և սկսում շոյել հիվանդ կենդանուն: Քահանան կատվին գրկած առաջ է քայլում, հասնելով ցայտաղբյուրի մոտ, կատվին ջուր է խմեցնում :

                                                       Տեսարան 4   

Էքստ`.եկեղեցու բակ, ցերեկ

Անձիք` քահանա և կին

Մի կին է քահանային մոտենում:

                                                       Կին

Օրհնեցե’ք, տեր հայր…

                                                                                 Քահանա

Աստված Ձեզ պահապան:

        Տեսարան 5

Ինտ`. խուց

Անձիք` քահանա և կատու

Քահանան զննում է շուրջը, այնուհետև մտնում  մութ սենյակ` խուց, սկսում է մեկ-մեկ վառել մոմեր: Սենյակում թղթեր են, գրքեր, փայտե աթոռ, թախտ և փոքրիկ սեղան ու դարակներ, որոնց վրա մոմերն ու թղթեր են … անկյունի դարակներից մեկի վրա մոմերի հետ մի թափանցիկ տարրա է, որի մեջ սև մատիտներ են: Քահանան կատվին թողնում է թախտի վրա, ինքը դուրս է գալիս: Կատուն զննող հայացքով սկսում է նայել շուրջը, քիչ անց ներս է մտնում քահանան փոքր ամանով կաթը ձեռքին: Կատուն հրաժարվում է  խմել կաթից, հոտոտում է, լպստում ամանի շրթները, սակայն ի վերջո լակում է:

        Տեսարան 6

Ինտ`.եկեղեցի, առավոտ

Անձիք` քահանա, աղջիկ, հավատացյալներ եկեղեցում

  Եկեղեցում ավարտվում է պատարագը, ժողովուրդը ցրվում է: Մի քանի հոգի մնում են եկեղեցում, քահանան խորանի մոտից նայում է մի աղջկա, ով գլխաշորը գլխին աղոթում է: Քահանայի ուշադրությունը գրավում են աղջկա ձեռքերը: Կատուն գալիս է, քսմսվում քահանայի սքեմին, քահանան բացում է խուց տանող դուռը և կատվին ներս ուղարկում, փակում է դուռն ու շարունակում նայել աղջկա ձեռքերին, այնուհետև եկեղեցում մնացածների ձեռքերին է նայում, ապա դարձյալ` աղջկա ձեռքերին: Քահանայի հետաքրքրությունն ստիպում է կամաց-կամաց մոտենալ աղջկան:  Աղջիկը նկատում է քահանայի տարօրինակ պահվածքը, արագ խաչակնքվում է ու եկեղեցուց դուրս գալիս: Քահանան մի փոքր հիասթափված մոտենում է խուցի դռանը:

    Տեսարան 7

Էքստ`. փողոց, ինտ.` խանութ, էքստ` հարևանի տան բակ

Անձիք` քահանա, մայր, խանութում մարդիկ

Քահանան քայլում է, այնուհետև մտնում խանութ, մթերք գնում և տոպրակը ձեռքին հասնում  մի տան: Բակի դռնից նայում է ներս, մայրը երեխային նստեցրել է ճոճաթոռին և մրգեր է ուտեցնում: Քահանան թակում է դուռը: Երեխայի մայրը, բացում է դուռը նայելով քահանային առանց որևէ բան ասելու գնում է և բանալի բերում. քահանան վերցնում է բանալին, փորձում է հեռանալ, երկու քայլ անելուց հետո ետ է շրջվում:

Քահանա

Ո՞նց է:

Մայր

Սոված է…

Քահանան քայլում է դեպի հարևան տուն:

Տեսարան 8

Ինտ`. խոհանոց, ցերեկ

Անձիք` քահանա, կատու

  Քահանան խոհանոցում ձվածեղ է պատրաստում, միացնում է հեռուստացույցը, ռիթմիկ երաժշտություն: Քահանան խոհանոցում աշխատելով դանդաղ պարային շարժումներ է անում, մի ափսեի մեջ հաց է մանրում և 2 կտոր պանիր դնում սեղանի տակ: Կատուն մոտենում է և սկսում ուտել, քահանան էլ ուտում է ձվածեղը և կանաչի:  Զանգում է հեռախոսը, քահանան խոհանոցից դուրս է գալիս:

Քահանայի ձայն

Լսում եմ:

  Լսվում է կատվի ուտելու ճպճոցը: Կատուն բարձրանում է սեղանին ու սկսում հոտոտել սեղանին դրված քահանայի բաժինը: Ներս է մտնում քահանան, դռան մոտ կանգնում, նայում կատվին: Կատուն վախենում է, բայց տեղից չի շարժվում: Մի քանի վայրկյան լուռ նայելուց հետո քահանան մոտենում և սեղանից իջեցնում է կատվին, հավաքում է սեղանը, բացում ծորակը, լվանում ափսեն, խոհանոցի պահարանից ինչ-որ տուփ վերցնում ու դուրս գալիս խոհանոցից, նրա ետևից դուրս է գալիս նաև կատուն:

Տեսարան 9

Ինտ`.հյուրասենյակ, ցերեկ

Անձիք` քահանա, կատու

Քահանան ակվարիումի մոտ  կերակրում է ձկներին, կատուն դռան մոտի ծաղկամանի արանքում կուչ է եկել, նայում է ձկներին: Քահանան ձկներին կերակրելուց հետո սեղանի վրայից վերցնում է Աստվածաշունչը, նստում դռան  մյուս կողմում և սկսում կարդալ:

Տեսարան 10

Էքստ`.քաղաքը տաքսու միջից, ցերեկ

Անձիք` քահանա, կատու, տաքսու վարորդ

   Ճանապարհն է, քաղաքի փողոցներով սլանում է տաքսի ավտոմեքենան: Քահանան նստած է ետևի նստարանին, լսվում է ռադիոյի ձայնը.  «Ոստիկանությունը գումարը գտել է մոտակա աղբամանի միջից, իսկ հանցագործին բռնել դեռ չի հաջողվել: Հիշեցնենք, որ գործով սկսվել է հետաքննություն…»: Տաքսու վարորդի հեռախոսին զանգում են, անջատում է ռադիոն ու բարձր ձայնով պատասխանում. քահանան մեքենայի պատուհանից դուրս է նայում փողոցի անցուդարձին:

Տաքսու վարորդ

Ալո… բարև ցավդ տանեմ, հա գնացի… հեչ ասեցին՝ լրիվ ձեռի գործ ա, սպասում եմ կիրակի գա, տանեմ մոտը, թող ոնց պետքն ա նայի… չէ, չէ ուրիշ խնդիր չկար:

   Անջատում է հեռախոսը, դարձյալ միացնում ռադիոն` «Եվրոպական խորհուրդը հրաժարվել է դեռևս մեկնաբանություններ տալ, ինչն էլ իր հերթին կասկածի տեղիք է տվել»: Դարձյալ զանգում է հեռախոսը:

Տաքսու վարորդ

Հա մամ… նորմալ, դու ո՞նց ես… հա արդեն 2 ժամա ա աշխատում եմ… Լավա ա, մամ  ջան, գիշերն 38  աստիճան ջերմություն ուներ, առավոտն արդեն լավ էր, խաղող ու ձու էր ուզում, գնացի խանութից բերեցի, կերավ, մի քիչ առաջ զանգեցի, հաստատ լավ էր…

  Քահանան ուշադիր նայում է տաքսու վարորդի ձեռքերին, թե ինչպես է ղեկը շարժում, ռադիոն միացնում կամ անջատում: Հասնում են եկեղեցու մոտ: Քահանան վճարում և իջնում է:

Տաքսու վարորդ

Հա մամ ջան, պասաժիր էի իջեցնում… ես ի՞նչ իմանամ՝ասում էր, զոնտիկն ա փչացել:

Տեսարան 11

Էքստ`.եկեղեցու բակ, ցերեկ

Անձ` քահանա, մայր, երեխա, կատու:

Եկեղեցու բակում քահանային է մոտենում հարևանուհին` երեխայի հետ: Քահանան գրկում է երեխային և միասին գնում են դեպի եկեղեցի:

Մայր

Ոչ ոք ինձ հույս չտվեց, անգամ բժիշկները մի լուսավոր կետ չթողեցին, շատ եմ վախենում… ես չգիտեմ ինչ անել:

                                                 Քահանա

Քո մեջ փնտրիր լույսը:

Մայր

Տեր հայր, ախր ես ուզում էի երեխայիս դպրոցականի շորեր վերցնեի, ես ամեն ինչ շատ լավ պատկերացնում էի: Նա կմեծանար ու համակրելի երիտասարդ կդառնար, պատկերացնում եք ինչքան գեղեցիկ տղամարդ էր լինելու: Դպրոցը կավարտեր, իհարկե բանակ էլ կգնար, կամուսնանար և ես տատիկ կդառնայի: Բայց հիմա ստիպված եմ հաշտվել, որ մի քանի ամսից իմ որդին չի լինելու…

Նրանք քայլում են դեպի եկեղեցի: Երեխան բռնում է քահանայի մատը, քահանան նայում է ու ժպտում:

Քահանա

Տե’ս, ինչ ուժեղ է սեղմում, այս ուժի մեջ շատ կյանք կա, իսկ դու հավատում ես բժիշկներին, քո որդու ուժին հավատա…

Տեսարան 12

Ինտ`. եկեղեցի, ցերեկ

Անձ` քահանա, երեխա, մայր, կատու, հավատցյալներ

  Եկեղեցու ներսում մարդիկ աղոթում են: Կինը ևս սկսում է աղոթել: Քահանային են մոտենում մի քանի հոգի, քահանան ողջունում է նրանց երեխային գրկած: Կինը շարունակում է աղոթել, քահանան երեխայի հետ մտնում է իր խուց, կատուն այնտեղ է: Երեխային իջեցնում է և փորձում հավաքել թափթփված տարածքը: Երեխան ու կատուն սկսում են խաղալ, լսվում է երեխայի բարձր ծիծաղի ձայնը:

Տեսարան 13

Էքստ`. Եկեղեցու բակ, ցերեկ

Անձիք` քահանա, երեխա, մայր:

Եկեղեցու դռան մոտ քահանան, մայրն ու երեխան կանգնած են. Քահանան գրկում է երեխային, տալիս մորը:

Քահանա

Մենք արդեն բարեկամացել ենք, քեզ պետք է խնդրեմ հաճախ գաք  եկեղեցի, եթե չբերես էլ ինքը քեզ կպարտադրի…

Մայր

Շատ շնորհակալություն: Մենք հաճախ կգանք… Ցտեսություն:

Քահանա

Աստված ձեզ հետ:

Տեսարան 14

Ինտ`. Խուց, ցերեկ

Անձիք` քահանա, կատու

  Քահանան  խցում է,  կատուն անկյունում կաթ է ուտում: Քահանան սկսում է սև մատիտներով նկարել: Նա արագ-արագ սկսում է երեխայի ձեռքեր նկարել…  նկարելու ընթացքում դողում է ու անընդհատ ջուր է խմում և խաղող ուտում: Կատուն գալիս է նրա ոտքերի մոտ: Նա շարունակում է նկարել, քրտնում է ամբողջ դեմքը, աշխատանքը կիսատ թողած դուրս է գալիս խցից:

Տեսարան 15

Ինտ`. եկեղեցի, ցերեկ

Անձիք` քահանա, հավատացյալներ:

Նա կանգնած է եկեղեցու անկյունում, նայում է աղոթող մարդկանց և դեպի խորանն ուղղված հայացքներին: Նրա ուշադրությունը գրավում է մի աղջիկ, ով նստած աղոթում էր և քիչ անց որոշում է ծունր իջնել ու այդ դիրքով է սկսում աղոթել, քթքթացող ձայն է լսվում: Հայացքով սկսում է փնտրել ձայնի աղբյուրը, նրանից մի քիչ առաջ  նստարանին նստած երիտասարդը լուռ արևածաղկի սերմեր է կեղևազրկում: Քահանան նայում է նրան, նա անուշադիր է: Քահանան զննում է նրա ձեռքերը, դրանց պարունակությունը, երիտասարդը «քաղաքավարությամբ» կլեպները հավաքում է ափի մեջ: Բայց ահա մի քանի հատիկ ընկնում են, երիտասարդը չի փորձում անգամ բարձրացնել, մի քանի վայրկյան նայելուց հետո քահանան է մոտենում երիտասարդին, սքեմի փեշերը հատակին քսելով իջնում է և հավաքում ընկած հատիկները, երիտասարդը չի հասկանում, թե ինչի համար է քահանան իր առջև ծնկել: Քահանան բարձրանում է և արևածաղկի սերմերի կեղևները տալիս է երիտասարդին: Նա կանգնում է, լուռ նայում քահանային, ապա նրա ձեռքի պարունակությանը և անմիջապես հեռանում եկեղեցուց, քահանայի ձեռքում թողնելով կեղևները:

Տեսարան 16

Ինտ`. Խուց, ցերեկ

Անձիք` քահանա, կատու

  Քահանան խցում նկարում է ձեռքեր: Մյուս կտավի վրա երեխայի ձեռքերի անավարտ նկարն է, կատուն այդ  անավարտ կտավի եռոտանու մոտ է կուչ է եկել: Քահանան շարունակում է նկարել: Նա, նկարելու ընթացքում մի քանի անգամ հիշում է երիտասարդին, թե ինչպես չվերցրեց իր ձեռքից կեղևները: Նկարն արագ ավարտում է կեղևները կպցնում է նկարի վրա, կատուն նայում է մլավում:

Քահանա

Բա էսպես էլ է լինում… դուրդ չեկա՞վ:

  Քահանան նայում է խցի պատուհանից դուրս, փոքրիկ պատուհան է մի թեթև արևի շող է ներս ընկել: Քահանան նստում է չոր բազմոցին, կատվին կանչում է իր մոտ:

                                                          Քահանա

Արի, արի… մի քիչ էլ վերևում նստիր, ամբողջ օրը էդտեղ ես… (կատուն գալիս և նստում է քահանայի ծնկին):

Քահանա

Դու էլ ես համաձայն չէ՞, մարդիկ տարօրինակ երևույթներ են (կատուն մլավում է)…

Չկա մեկը, ում հարցնես ինչ ես ուզում և կարողանա միանգամից պատասխանել, գիտես դա նրանից է, որ կամ շատ բան է ուզում, չգիտի որ մեկն ասի, կամ էլ ընդհանրապես ոչինչ չի ուզում… Մարդկանց երբեմն թվում է, թե եթե քահանա ես, ուրեմն Աստված ես. գալիս մեղքից են հարցնում, դրախտից, դժոխքից են խոսում, կարծես ես պետք է ապահովագրեմ դրախտ ու դժոխք ընկնելը: (կատուն դարձյալ մլավում է) ծիծաղում ես, ձերը լավ չէ՞, ոչ Աստված ունեք, ոչ եկեղեցի, ոչ մեղք եք գործում… (կատուն ագրեսիվ մլավում է, քահանան ծիծաղում է) երևի ուզում էիր ասել Աստված բոլորինն է, լավ-լավ հասկացա… (ցույց է տալիս վերջին նկարը), հիմա ի՞նչը  չես հավանում:  Թե՞ դուք էլ եք մեղք գործում…

Տեսարան 18

Ինտ`. ավտոբուս, ցերեկ

Անձիք` քահանա, կատու, ավտոբուսում մարդիկ

  Քահանանավտոբուսովտունէգնում, կատուննրա  գրկինէ, ավտոբուսիուղևորներըզարմացածնայումենմեկքահանային, մեկնրագրկիկատվին:

Շշուկներ

Տեսնեսկատվինեկեղեցիէլէտանու՞մ: Ինչլավփիսոէ: Կատունչարիխորհուրդունի… տես, թեինչովենզբաղվումքահանաները… զգո՞ւմեսինչուշադիրուհոգատարէկատվինկատմամբ:  Չլինի՞Աստվածաշնչումգրվածէ, որքահանանպետքէկատումանտաիրհետ… (հեգնանքով)…ախպերդուչգիտեսորհիմաքահանաներնօլիգարխներեն, դեէսմարդնէլչիհասցրելփողհավաքիախրանիկպահի, կատուէպահում, ո՞ւմինչգործ…

Մի երեխա սկսում է շոյել կատվին, քահանան ժպտում է երեխային:

                                                           Ձայնն ավտոբուսի ետևից

Վարորդ, պահանջում ենք իջեցնել այս քահանայի զգեստով սատանային, այո’,  նա չար է և իր հետ չարք է ման տալիս:

Վարորդը կանգնեցնում է ավտոբուսը:

  Վարորդ

Եթե մարդ կատու ունի, ուրեմն սատանա՞ է, իմ երեխաներն էլ են տանը կատու պահում:  Ինչ է, քահանան մարդ չի, իրավունք չունի կատու ունենալու:

Քահանան ամբողջ ընթացքում զարմացած նայում է ուղևորներին ու շոյում իր կատվին: Կանգառում կանգնում է ավտոբուսը, քահանան վճարում է և իջնում կատվի հետ քայլում: 

Տեսարան 19

ԻԷքստ`. այգի, ցերեկ

Անձիք` քահանա, կատու

  Քահանան ու կատուն նստարանին նստած են:

Քահանա

Իմ վրա բարկացար, որ ասացի՝ Աստված չունեք… մարդիկ քեզ չարիքի տեղ էին դրել, թող մի բան ասեիր… (կատուն մլավում է), չնայած ճիշտ ես ինձ էլ սատանայի տեղ դրին, ի՞նչ ասեի… (կատուն դարձյալ մլավում է) հա, հա… մեկը գալիս Աստծո տեղ է դնում, մյուսը սատանայի, զարմանալին էն է, որ ոչ ոք մարդու տեղ չի դնում… (կատուն մլավում է) Գիտեմ, գիտեմ քեզ շատ սիրողներ էլ կան, երևի` ինձ էլ…

 Տեսարան 20

Էքստ`. փողոց, ցերեկ, ինտ.` սուպերմարկետ

Անձիք` քահանա, կատու, Անվտանգության աշխատող, Տղա1, Տղա2

  Քահանան ու կատուն հասնում են սուպերմարկետի մոտ, քահանան ուզում է ներս մտնել, կատուն մլավում է:

Քահանա

Ի՞նչ եղավ, արի գնանք մի քանի բան վերցնենք, արագ դուրս կգանք:

Կատուն մլավում է դռնից քիչ հեռու կանգնում:

Չես ուզում գալ, մի արի… սպասիր էստեղ, ես շուտ դուրս կգամ:

Կատուն պատի մոտ նստում է, քահանան ներս է մտնում: Քահանան սուպերմարկետում փոքրիկ զամբյուղով անցնում է շարքերի արանքներով. ձու է վերցնում, կարագ, պանիր, ձուկ և դուրս է գալիս: Նայում է պատի տակ, կատուն չկա:

Քահանա

Ես եկա, ու՞ր ես: Հե~յ… (սկսում է փնտրել), ո՞ւր ես: Պահմտոցի ես խաղո՞ւմ: Ապա դուրս արի:

Ուսին ինչ-որ ձեռք է իջնում: Քահանան ետ է նայում, սուպերմարկետի անվտանգության աշխատողն է:

Անվտանգության աշխատող

Ինչ-որ բա՞ն եք փնտրում, պարոն քահանա…

Քահանա

Կատուս այստեղ էր, հիմա չկա…

                                                           Անվտանգության աշխատող

Կատու՞դ: Փաստորեն քոնն էր, հա՞… ես էլ մտածեցի բոմժ կատու է, երկու երեխա եկան տվեցի իրենց… Այ էն կողմ գնացին, վազի` կհասցնես…

Քահանան խառնվում է, շփոթվում, տոպրակը ձեռքին սկսում է վազել: Քահանան առանց փողոցը համապատասխան տեղից անցնելու մեքենաների արանքով անցնում է ու մյուս մայթով վազում է, հեռվում երկու տղա է տեսնում, մոտենում է տղաներին, շնչահեղձ կանգնում:

                                                 Քահանա

Բարև երիտասարդներ:

Տղա 1

Բարև:

                                                          Քահանա

Գիտե՞ք ես այդ կատվի բարեկամն եմ, շփոթմունք է եղել, որ էն մարդը ձեզ է տվել:

Տղա 2

Կատվի բարեկա՞մը :

Քահանա

Խնդրում եմ վերադարձրեք … (կատուն մլավում է՝ ձգվելով դեպի քահանան)

Տղա 1

Լավ-լավ տալիս ենք, բայց մի բան ասեմ էլի, քահանաները լավ կանեն կատու պահելու տեղ խաչ պահեն…

Կատուն գալիս է քահանայի մոտ, քահանան գրկում է նրան: Երկար մնում նույն դիրքով, նայում է հեռացող տղաներին, որոնց ոչինչ չկարողացավ պատասխանել:

Քահանա

Տեսար, պետք է գայիր… մարդկանցից պետք չի նեղանալ, հաճախ նրանք խոսում են բաներ, որ իրենք էլ չգիտեն ինչի համար են ասում… իսկ երեխաներն ինձ խորհուրդ տվեցին խաչ պահել, այ քեզ բան… (կատուն մլավում է), բա ես ոնց էի վախեցել, ինձ թվաց՝ քեզ էլ չեմ տեսնելու:

Քահանան մի ձեռքին տոպրակը, մյուսով կատվին գրկած գնում է, հասնում է հարևանի տան մոտ: Բակի դուռը կիսաբաց է, քահանան ներս է նայում, երեխայիմայրը մեծ-մեծ հազարի թերթիկներ է կտրատում: Մեծ թասի մեջ ջուր է լցված, հազարն էլ այդ ջրի մեջ է: Կինը ամեն թերթիկ հանելուց, իրեն է թրջում և շուրջը: Քահանան նայում է նրան`ուշադրության  դարձնելով կնոջ հաստլիկ ձեռքերին:

Տեսարան 21

Էքստ`. Քահանայի տան բակ, ցերեկ

Անձիք` քահանա, կատու

Քահանան բացում է իր բակ տանող դուռը. այստեղ նուրբ ծաղիկներ են, կատվին նստեցնում է այգու ծառերից կախված ճոճքին, ինքը վերցնում է ցնցուղն ու սկսում ջրել ծաղիկները. կատուն նայում է քահանայի ձեռքերին:

Տեսարան 22

Ինտ`.Եկեղեցի, ցերեկ

Անձիք` քահանա, կատու, երեխա, մայր

Քահանան կատվի հետ մտնում է եկեղեցի, մայրը երեխային նստեցրել է նստարանին, ինքը ծունր իջած աղոթում է: Քահանային տեսնելով՝ երեխան անմիջապես իջնում է նստարանից և վազում: Քահանան գրկում է երեխային, կատուն քայլում է դեպի խուց տանող դուռը: Երեխայի մայրը մոտենում է քահանային:

Մայր

Օրհնեցեք, տեր հայր:

Տեսարան 23

Ինտ`. Խուց, ցերեկ

Անձիք` քահանա, կատու

Կատուն դռան արանքից մտնում է խուց.  թախտի մոտ ընկած է եռոտանին, այնպես որ ուղղահայց գիծ է առաջացել, հատակինսևմատիտներենթափված, կատուն բարձրանում է թախտի վրա, այնուհետև եռոտանու ոտքի վրայով սկսում է քայլել, թաթերովմատիտներնէդասավորումմիգծիվրա, քահանան երեխային գրկած ներս է մտնում, երեխան զարմացած նայում է կատվին: Քահանան նկատում է իր նկարած երեխայի ձեռքերը և անմիջապես կտավը շուռ է տալիս: Քահանան կատվին նկատելով:

Քահանա

Կեցցես, բարեկամ, լավ էլ ճկուն ես…որ ուզես կրկեսում կարող ես աշխատել:

Երեխան կլանված շարունակում է նայել կատվի ոգևորված շարժումներին: Քահանան երեխային ուշադիր նայում է :

Քահանա

Եղբայր, մի օր քեզ կրկես կտանեմ…

Կատուն այլևս չի ցուցադրում իր համարը նայում է քահանային:

Քահանա

Լավ, մի տխրի, քեզ էլ կտանեմ:

Քահանան երեխային դուրս է տանում, կատուն սկսում է ավելի արագ պտույտներ անել եռոտանու ոտքի վրա, այնուհետև  թաթերին հենված նազանքով քայլում է մատիտներիգծի վրայով: Քահանան մենակ ներս է գալիս, ուղղում ընկած եռոտանին, որի վրա կատուն կրկեսային  համար էր ցուցադրում:  Քահանան սկսում է նկարել, նա նկարում է երեխայիմոր` հազար մանրող կնոջ ձեռքերը: Կատուն հեռվից հետևում է քահանայի աշխատանքին:

Քահանա

Ինչ կասես, լավ է՞  ստացվել:

Կատուն անմեղ ու խոշոր աչքերով նայում է քահանային: Բացվում է խցի դուռը:

Քահանա

(դեպի դուռը նայելով) Հասկացա գալիս եմ, (կատվին) եղբայր, ես հիմա արարողակարգի եմ, կներես ստիպված ես մենակ մնալ…

Կատուն մլավում է, նայում եռոտանուն… քահանան հին դիրքով թեքում է եռոտանին:

Քահանա

Վտանգավոր շարժումներ չանես, ոնց որ երեխա լինես… Երեխաներն էլ են սիրում օդի մեջ պտույտներ անել:

Տեսարան 24

Ինտ`. Խուց, ցերեկ

Անձ` կատու

Կատուն միայնակ կրկեսային համարներ  է անում եռոտանու օգնությամբ…

Տեսարան 25

Էքստ`. այգի, ցերեկ

Անձիք` քահանա, կատու, մայր, երեխա

Կատուն և քահանան այգու նստարանին նստած են: Մոտենում է կինը երեխային գրկած:

Մայր

Օրհնեցեք, տեր հայր:

Քահանա

Աստված օրհնի, (օրհնում է նաև երեխային) ո՞նց ես երիտասարդ (երեխան ոչինչ չի պատասխանում) քահանան նրբորեն շոյում է գլուխը:

Մայր

Տեր հայր, դուք միշտ կատվի հետ եք:

Քահանան ոչինչ չի ասում, կատուն ինքը հեռանում է:

Քահանա

(ցույց տալով նստարանը)  Նստեք, տիկին:

Նրանք նստում են, կատուն հեռանում է մի փոքր, բայց նորից վերադառնում է, քահանայի սքեմի փեշերի մոտ տեղավորվում:

Մայր

Տեր հայր, ես հավատում եմ, որ իմ որդին երկար է ապրելու, բայց ես ուզում եմ կնքել նրան:

                                                                  Քահանա

Հրաշալի գաղափար է, իսկ հիմա ես կասեմ ինչ է պետք: Բարեկամ, քրիստոնյա ես դառնալու …(երեխայի ձեռքը ափի մեջ պահելով/):

Կատուն բարձրանում է ծառը, ճկուն քայլում ճյուղերի վրաով, այնուհետև պտույտներ անում, հեռվում քահանան, կինն ու երեխան են…

Մայր

Դե լավ, տեր հայր, ցտեսություն, փաստորեն պայմանավորվեցինք՝ ուրբաթ օրը կնքում ենք երեխային:

        Քահանան

(ժպիտով նայում է կնոջն ու երեխային) Ես ոգևորված եմ ձեր քայլով, շատ գովելի է…

   Քահանան նկատում է երեխայի բարակ ձեռքերը մոր վզին փաթաթված, բավականին երկար նայում, այնուհետև մոր հաստլիկ ձեռքերին է նայում:

          Քահանա

Հաջողություն ձեզ, Աստված պահապան լինի…

  Կինն ու երեխան հեռանում են, քահանան գրկում է կատվին

         Քահանա

(ձայնելով կնոջ ետևից) Տիկին, (մոտենալով) ես երեխային խոստացել եմ կրկես տանել, եթե դեմ չեք, այսօր երեկոյան ես արդեն տոմսեր առել եմ…

Մայր

Կրկե՞ս:

Տեսարան 26

Էքստ`. այգի, ցերեկ

Անձիք` քահանա, կատու, աղջիկ, տղա

Քահանան և կատուն պառկել են այգում, արևը շողում է երկնքում, նրանցից քիչ հեռու զբոսնում  է երիտասարդ զույգ: Աղջիկը նկատում է պառկած քահանային և կատվին, զարմացած նայում, այնուհետև տղային է ցույց տալիս, նրանք մի փոքր մոտենում են:

Աղջիկ

Տեսնես ինչ է պատահել, կարող է վատ է զգում իրեն, արի գնանք օգնենք:

      Տղան միայն քահանային է նկատում, մոտենում է:

Տղա

Ներեցեք, ինչ-որ բան է պատահե՞լ:

Քահանան բարձրանում է պառկած տեղից, նայում երիտասարդին, ապա ընկերուհուն:

        Աղջիկ

Դուք ինչ-որ բան եք մտածու՞մ:

Տղան նկատում է կատվին, բռնում ընկերուհու ձեռքից ու մի քայլ հետ գնում:

 Քահանա

Պարզապես մտածում եմ, թե ինչ մեծ նվեր է արել Աստված մարդկանց, թույլ տալով ապրել այս զարմանալի երկնքի տակ:

Տղան տարօրինակ հայացքով մերթ քահանայի ժպտացող դեմքին է նայում, մերթ կատվին: Նա ընկերուհու հետ առանց որևէ բան ասելու հեռանում է քահանայի մոտից:

                                                                   Աղջիկ

Ինչ հետաքրքիր էր, չէ՞… տեսա՞ր կատու ուներ, շատ սիրունիկն էր:

     Տղա

Կատուները գեշ չեն լինում:

 

Տեսարան 27

Էքստ`. քահանայի տան բակ, ցերեկ

Անձիք` քահանա, կատու, պճնված տիկին

Քահանան տան բակում ալյումինե խոշոր կաթսայի մեջ լողացնում է կատվին, նրա սքեմի փեշերը խոնավացել, կրծքավանդակին և մորուքին փրփուրներ կան, կատուն ամբողջովին փրփուրի մեջ է: Բակի դռան մոտ մի տաքսի է կանգնում, տաքսուց իջնում է  բավականին գեր, գեղեցկադեմ «շքեղ» տիկին՝ գլխարկով, հովանոցով, խոշոր պայուսակով և ճանապարհորդական ճամպրուկով,  ձեռքին՝ թղթի կտոր: Մի պահ խորը շունչ է քաշում, նայում է շուրջը, ապա թարմացնում շրթներկը և թակում քահանայի կիսաբաց բակի դուռը, քահանան գլուխը թեքում է:

Պճնված տիկին

Հե~յ, ո՞վ կա:

                                                 Քահանա

Համեցեք:

Տիկինը դռներից քարշ է տալիս պայուսակը, քահանան մոտենում է, խոնավ ձեռքերով օգնում է, տիկինը զարմանում է, որ իրեն դիմավորողը քահանա է:

                                                                Պճնված   տիկին

Ներողություն, իսկ տանտերերը տա՞նը չեն:

                                                                 Քահանա

Ես եմ տանտերը:

                                                               Պճնված  տիկին

Իսկ ինձ թվաց՝ դուք քահանա եք:

                                                                 Քահանա

Այդպես էլ կա:

                                                                 Պճնված տիկին

(զարմացած հայացք գցելով), Իսկ վաղու՞ց է, ինչ ապրում եք այստեղ:

                                                              Քահանա

Մոտավորապես յոթ հարյուր  տարի:

                                                              Պճնված տիկին

Տարօրինակ է, այստեղ չորս տարի առաջ մի տղամարդու եմ հանդիպել… չեք պատկերացնի, ինչպիսի շքեղ արտաքինով: Նա շատ գեղեցիկ գլխարկ էր կրում… Դուք միայն պետք է տեսնեիք նրան, ինչպիսի կատարելություն` նրա ճարմանդները, նույնիսկ ձեռնափայտերը, միշտ դասական հագնված, դիվանագետ պահվածք ուներ անգամ տանը, մի գավաթ սուրճ էր վերցնում…

Տիկինը շարունակում է պատմել, քահանան նկատում է, որ կատվին մենակ է թողել, մոտենում է և շարունակում իր գործը, տիկինը ևս հետևում է քահանայի քայլերին, բայց նա չի նկատում, որ քահանան կատու է լողացնում, նա հայացքը երկինք հառած հիացած պատմում է:

Պճնված տիկին

Այո, այդ մի գավաթ սուրճը, նրա անբաժան մասն էր, նստում էր դաշնամուրի մոտ,  գլանակ էր ծխում: Գիտեք, պարոն քահանա, նա ամբողջ կյանքում երազել էր դաշնամուր նվագել իմանար, բայց ինչպես կասեիք դուք` Աստված չէր կամեցել, փոխարենը կամեցել էր, որ պոետ լինի: Նա հիանալի բանաստեղծություններ էր գրում, ես նրա բանաստեղծություններն ավելի շատ էի հավանում, քան Պուշկինի գրվածքները, իսկ նա զարմանալիորեն հավանում էր իմ երաժշտությունը:

Տեսարան 28

Ինտ`.հյուրասենյակ, ցերեկ

Անձիք` պճնված տիկին, պարոն

Քահանան պատկերացնում է: Մեծ պատուհանի տակ դրված է դաշնամուր, մի մարդ դասական հագնված, գլխարկով նստած սուրճ է խմում և ծխում, դաշնամուրի վրա շատ թերթեր են, սենյակը լցվել է գլանակից բարձրացող ծխով, ահա դաշնամուրին է մոտենում տիկինը, նույն կերպ չափազանց զարդարված, հին ֆրանսիական ոճով լայնեզր շրջազգեստ հագած: Նստում է դաշնամուրի մոտ և սկսում իր հաստլիկ ձեռքերով իբր նվագել, այսինքն դաշնամուրից դուրս են պրծում նոտաներ, որոնք ոչինչով իրար հետ չեն կապվում, իսկ տղամարդը միանգամից սկսում է գրել: Քահանայի պատկերացումն ավարտվում է:

                                                          Տեսարան 29

Էքստ`. քահանայի բակ, ցերեկ

Անձիք` քահանա, կատու, պճնված տիկին

    Քահանան ջրի միջից հանում է կատվին և սկսում չորացնել խոնավ մարմինը, տիկինն այդ ընթացքում ինչ-որ տողեր է ասմունքում:

Պճնված տիկին

Դուք պայծառ եք, քան արև,

Եվ շքեղ եք, քան լուսին,

Դուք երազ եք, իմ արև,

Թույլ տվեք հպվել Ձեր ուսին…

Տիկինը նկատելով կատվին, անմիջապես կորցնում է պաթետիկ ոգևորվածությունն ու գոռում:

                                                                  Պճնված տիկին

Աաաա,  գրողը տանի, ես վախենում եմ այս զզվելի փափկամորթներից:

                                                                 Քահանա

Ի՞նչ կա վախենալու տիկին, նա փափկամորթ չէ.  կաթնասուն է` մեզ նման…

Տիկինը շարունակում է բարձր ձայնով գոռալ:

Հանգստացեք տիկին և ասացեք՝ ի՞նչով կարող եմ օգնել ձեզ:

                                                                Պճնված տիկին

 (բարկացած) Ի՞նչ կա չհասկանալու, ես եկել եմ այս տան պարոնի հետ հանդիպման…

Քահանա

Ես կյանքում բանաստեղծութուններ չեմ գրել…

                                                               Պճնված տիկին

 (հեգնանքով) Իհարկե` չէիք կարող դուք լինել, բայց խնդրեմ, ահա հասցեն… Ինքներդ համոզվեք:

  Քահանային է մեկնում ձեռքի թղթի կտորը, քահանան նայում է և ժպտում:

                                                                 Քահանա

Տիկին, 45-ը կողքի մուտքն է:

                                                              Պճնված տիկին

Ա~խ, այդպես… փաստորեն սխալվել եմ, իսկ ինձ չէի՞ք ուղեկցի:

  Քահանան կատվին թողնում է սրբիչի մեջ փաթաթած, վերցնում տիկնոջ ճանապարհորդական պայուսակը և ուղեկցում կողքի մուտք, բացելով բակի դուռը երևում է հազարներ կտրատող գիրուկ հարևանուհին, ով խոնավ ձեռքով բարձրացնում է մազերը ճակատից: Տիկինը, բակի դռան արանքից հովհարով և ժպիտով նայում է գոգնոցավոր կնոջը, ում ձեռքին դանակ է: Քահանան ճամպրուկը դնելով կնոջ ոտքերի մոտ, հեռանում է:

Տեսարան 30

Էքստ`. քաղաք. երկինք, գիշեր

Անձիք` մայր, որդի

Երեխային գրկած մայրը նստել է տանիքում: Մայր ու որդի աստղերին են նայում:

                                                            Տեսարան 31

Ինտ`. Խուց, ցերեկ

Անձիք` քահանա, կատու

  Քահանան խցում նկարում է, կատուն թախտին քնել է, խցի փոքր քառակուսի պատուհանից մի քանի աստղեր են երևում: Քահանան երեխայի ձեռքերի հետ մոր ձեռքերն է նկարել, այնպես որ փոքրիկ ձեռքերը մոր ափի մեջ են: Քահանան սկսում է խորը շնչել-արտաշնչել, նորից քրտնում է դեմքը, սկսում է արագ-արագ նկարել, քրտնում են նաև ձեռքերը: Կտավում երեխայի ձեռքերն են մոր ափի մեջ:

Տեսարան  32

Ինտ`. Կրկեսի մուտք, ցերեկ

Անձիք` քահանա, կատու, տոմսի հսկիչ, հանդիսատես

Կրկեսի մուտքի մոտ, մի տիկին տոմսերն է ստուգում, բավականին հերթ է գոյացել, հերթում է նաև քահանան ՝ գրկած երեխային, մյուս ձեռքում որովայնի հատվածում սեղմել է կատվին: Քահանան տոմսեր ստուգող կնոջն է տալիս 3 տոմս, տիկինը զարմացած նայում է քահանային, երեխային և  կատվին, ճղում է 2 տոմսերը, այնուհետև մի պահ սպասում,  նայում է կատվին, դողացող ձեռքով ճղում է նաև հաջորդ տոմսը: Կատուն, երեխան և քահանան նստում են կրկեսի 3-րդ շարքում: Կատուն անհանգիստ է:

Քահանա

Քեզ մարդավարի կպահես:

                                                          Տեսարան 33

Ինտ`. Կրկեսի դահլիճ, ցերեկ

Անձիք` քահանա, կատու, հանդիսկան, Մայոր Վան

  Հանդիսասրահը լեփ-լեցուն է: Բացվում է վարագույրը, հնչում են ծափահարություններ, ինչ-որ համար է ցուցադրվում: Մի աղջիկ օղակների միջից արագ պտույտներ է անում: Կատուն ուղիղ նստում է նստարանին և կլանված նայում է ընթացքին: Երեխայի դեմքին ևս ժպիտ է հայտնվում, քահանան մեկ նայում է երեխային, մեկ կատվին: Նա նույնպես ժպտում է, կամացուկ կատվին մոտենալով:

Քահանա      

Կարծես քո շարժումներից էլ ունի հա՞:

Կատուն շարունակում է նույն կերպ հետևել ընթացքին:  Համարի ավարտից հետո բոլորը բարձր ծափահարում են, աղջիկը հանդիսատեսին մի քանի քայլ մոտենում է ու խոնարհվում, կատուն բարձրանում է թաթերի վրա: Ներկայացվում է հաջորդ համարը:

Ներկայացնողի ձայնը

Մեկ տարի ընդմիջումից հետո մեր շոուն դարձյալ կներկայացնի իր ամենասիրված համարներից մեկը. հավատարիմ հանդիսատեսը իհարկե կհիշի «Ձեռնոցով Դանոյի և իր բարեկամի փորձությունները» ֆանտաստիկ խաղը, որը ցավոք Դանոյի մահվանից հետո դեռ ոչ ոք չի համարձակվել ներկայացնել, բայց ահա մեր համարձակը` Մայոր Վանը:

Բեմահարթակ է գալիս նիհար, բարձրահասակ, մի փոքր այտմորուսով, գլխարկով և ձեռնոցով Վանը: Բոլորը ծափահարում են, քահանան ու երեխան ևս, կատուն ամբողջ ընթացքում անհանգիստ է, անմիջապես կանգնում է նստարանին և ուշադիր նայում Վանին, հատկապես նրա ձեռնոցին… Վանը խոնարհվում է հանդիսատեսին: Կատուն շարունակում է նայել, ինչ-որ մեկը Վանի համար փայտե ձողեր է շարում օղակների մեջ:

Վան

Բերեք իմ լավագույն բարեկամին:

Երկու հսկա առյուծ կողք-կողքի քայլում են, նրանց ուսերին կանգնած է թագավորական համազգեստ հագած կատուն, առյուծները կատվին մոտեցնում են Վանին, Վանն էլ իր հերթին է մոտենում: Քահանայի մոտից կատուն ագրեսիվ մլավում է, քահանան մոտենում է կատվին:

Քահանա

Խնդրեմ, ձերոնցից է, քեզ հանգիստ պահի, կարողանաք նայել:

Կատուն էլ ավելի է բորբոքվում, թռչում է բեմահարթակի մոտ ու սկսում ագրեսիվ մլավել:  Նրան ոչ ոք ուշադրություն չի դարձնում, միայն քահանան անհանգիստ նայում է. բայցևայնպես չի կարող մոտենալ: Կատուն հանգստանում է: բեմահարթակում, կարմրավուն կատուն օղակների ու փայտե ձողերի արանքով ըստ Վանի հրահանգի պտույտներ է անում: Բեմահարթակից բարձր կատվին նկատում է Մայոր Վանն ու հիշում:

Տեսարան 34 /Մայոր Վանի հիշողություն/

Ինտ`. Կրկեսի դահլիճ, ցերեկ

Անձիք`հանդիսկաններ,Կատվի տեր

Հանդիսատեսըծափահարումէ, բեմումէՎանինմանհագնված, բայցավելիլիքըևցածրահասակմարդը, նաժպտումէհանդիսատեսինևհրահանգում:

Կատվի տերը

Բերեք այստեղ արքային:

Մի գեղեցկուհի դուրս է գալիս, փռում է կարմիր գորգ, այնուհետև ձեռքի կախարդական փայտիկով շարժում է անում, դուրս են գալիս երկու հսկա առյուծ, նրանց ուսին արքայական հագնված կատուն է, բոլորը ծափահարում են:

Տեսարան 35

Ինտ`. Կրկեսի դահլիճ, ցերեկ

Անձիք` քահանա, կատու, հանդիսկաններ, Մայոր Վան

Շարունակվում են Վանի հրահանգները բեմում: Հանդիսատեսը ամեն հաջողված շարժումի համար ծափահարում է: Կատուն արենայի բարձր կլորավուն եզրով պտույտներ է անում, այնպես որ, թե՛ Վանը, թե՛ կարմրավուն կատուն և թե՛ հանդիսատեսն արդեն նկատում են նրան: Այնուհետև կատուն արենա է մտնում, մոտենում Վանին անմիջապես հարձակվում կարմրավուն կատվի վրա: Հանդիսատեսը ուշադրությունը սրած նայում է, Վանը ոտք-ոտք ետ է գնում, այնուհետև քարացած դահլիճին հրահանգում է ծափահարել: Կարմրավուն կատուն մոտենում է առյուծներին, քահանայի բարեկամ կատուն բարձրանում է ձողի վրա ու սկսում շատ ավելի արագ շարժումներ անել, հանդիսատեսը ավելի բարձր է ծիծաղում: Վանը չի կողմնորոշվում ինչ անել, մոտենում է և քահանայի կատվին հրահանգներ անում, կատուն արհամարհում է Վանին, սակայն այդ վարմունքը Վանը որպես հումոր է դիտարկում  և հանդիսատեսը ծիծաղում է: Կատուն բարձրանում է արենայի կենտրոնում դրված ձողի վրայով, հանդիսատեսն սկսում է ոտնկայս ծափահարել, նա բարձրից արագ պտույտներ է կատարում, կարմրավուն կատուն մի կողմ է քաշվել: Համարն ավարտվում է, Վանը խոնարհվում է հանդիսատեսին, քահանան երեխային գրկած ապշահար նայում է իր բարեկամին, ով դեռ վերևում է, վերևից վայելում է հանդիսատեսի ծափերը, նա հեռանում է մարդկանց աչքից, արենայում մնում է միայն Վանը: Չսպասելով` ծափերն ավարտվի, Վանը փորձում է իջեցնել կատվին, սակայն նա այնտեղ չէ և ահա մոտենում է մուտք տանող անկյունում կուչ եկած կարմրավուն կատվին, գրկում և գլուխ է տալիս  հանդիսատեսին:

Տեսարան 36

Ինտ`. Կրկեսի դահլիճ, ցերեկ

Անձիք` քահանա, կատու, հսկիչ, աղջիկ, մայրո Վան

   Հանդիսատեսը հեռանում է դահլիճից, քահանան գրկում է երեխային և սպասում, որ կատուն գա: Դատարկ դահլիճում մնում է միայն քահանան երեխային գրկած, կատուն չի գալիս: Լսվում է հսկիչի ձայն. «Տեր հայր, չե՞ք ուզում դուրս գալ, արդեն ուշ է…»: Քահանան չի լսում և մոտենում է դեպի կուլիսներ, կողքի տանում վարագույրը, այստեղ մի աղջիկ օղակներն է դասավորում, քահանան լուռ նայում է օղակների արանքները, աղջիկը հարցական հայացքով երկար նայում է քահանային, երեխան քահանայի գրկից ժպտում է աղջկան, աղջիկն էլ է ժպտում…

Քահանա

(աղջկան նկատելով) Իմ կատվին չեք տեսե՞լ:

  Աղջիկը պարզապես նայում է, չհասկանալով քահանային…

Քահանա

Այն կատուն, որ հանդիսականի միջից դուրս եկավ և վերջին համարը ցուցադրեց:

Աղջիկ

/ծիծաղելով/ Ահ, փաստորեն դա Վանի կատուն չի եղել: Գիտեք այդ մարդը այ, այն սենյակում պետք է լինի, ինձ թվում է հենց նրա մոտ է…

   Քահանան գնում է դեպի աղջկա ցույց տված սենյակը, աղջիկը շարունակում է ժպիտով նայել երեխային, երեխան փոքրիկ թաթիկով ցտեսության նշան է անում: Քահանան թակում է սենյակի դուռը և բացում` հայելու դիմաց նստած է Մայոր Վանը:  Վանը ետ չնայելով նկատում է, որ մարդ է մտել սենյակ:

Վան

Ասացի ոչ ոք թող չգա, ինձ ծափերն էլ բավական են:

  Գոռալու աստիճան բարձր հնչում է վերջին բառը, երեխան վախից լաց է լինում, քահանան գրկում ամուր սեղմած երեխային փորձում է հանգստացնել: Վանը ոտքի է կանգնում:

Վան

Մի լացիր փոքրիկ, Տեր հայր, խնդրում եմ հեռացեք, ինչո՞ւ եք եկել:

Քահանա

Ես պարզապես ուզում էի իմ կատվին տանել…

Վան

Ձեր կատվի՞ն: Նիկին Ձե՞ր կատուն է…

Քահանա

Նիկի՞ն: Գիտեք ես նրա անունը չգիտեմ, դե այս ընթացքում միշտ էլ նրա հետ խոսելուց բարեկամ եմ ասել, անգամ մտքովս չէր անցել…

Վան

Տեր հայր, Նիկին չի կարող լինել ձեր կատուն…

Քահանան խոսքը դադարեցնելով սկսում է զննել Վանի ձեռքերը:

Վան

Նիկին մեր կրկեսի կատուն է եղել, պարզապես բավական ժամանակ է անհետացել էր, սակայն վերադարձավ, ինչի համար մենք շատ ուրախ ենք:

   Քահանան երկար լռում է, երեխային ամուր սեղմում կրծքին…

Քահանա

Այնուամենայնիվ, եթե իմ բարեկամին տեսնեք ասեք, որ ես նրան միշտ սպասում եմ:

   Քահանան տխրում է, նայում երեխային և հեռանում սենյակից, Մայոր Վանը լուռ է:

Տեսարան 37

Էքստ `. փողոց, ցերեկ

Անձիք` քահանա, երեխա

Փողոցում քահանան քայլում է երեխային գրկած: Երեխային փոքրիկ թևերով գրկել է քահանայի պարանոցը:

Քահանա

Ո՞նց էր, դուրդ եկա՞վ…

Երեխան լուռ է, քահանան ոչինչ էլ չի ուզում լսել,  շարունակում է քայլել:

Տեսարան 38

Էքստ`. հարևան տան բակ, ցերեկ

Անձինք` քահանա, երեխա, մայր

Բացվում է տաքսու դուռը, իջնում է քահանան երեխային գրկած, դուրս է գալիս երեխայի մայրը, քահանան երեխային տալիս է մորը: Մայրը գրկում է, ժպիտով երեխային:

Մայր

Հը՞ն… Դուրդ եկա՞վ կրկեսը:

Քահանա

Կարծում եմ այո` ամբողջ ընթացքում ուշադիր նայում էր…

Մայր

Տեր հայր, շատ շնորհակալ եմ, որ իմ երեխային էսքան ժամանակ եք տրամադրում, ես չեմ կարողանում հաճախ այցելել եկեղեցի, բայց հավատացեք ես գիշերները չեմ քնում, երեխայի  մոտ նստած աղոթում եմ մինչև լույսը բացվի, և ամեն բացվող լույսի հետ Աստծուն շնորհակալ եմ լինում…

Քահանա

Խնայեք Ձեզ, գիշերները հանգստանալու համար են:

Մայր

Բայց ես ուզում եմ շատ-շատ աղոթել, միայն թե հասնի…

Քահանա

Եթե աղոթքը երկարում է, նշանակում է ոչ թե հավատը, այլ ցանկությունն է մեծ, իսկ դու միայն պետք է հավատաս: Հաջողություն:

Մայր

Մինչ նոր հանդիպում:

Երեխան թաթիկով հաջողություն է անում:

Տեսարան 39

Էքստ `. փողոց, ցերեկ

Անձիք` քահանա, մարդ, կատու

Քահանան քայլում է մայթեզրով, ճանապարհին փոքրիկ ծաղիկներ են աճած, նա երեք ծաղիկ է քաղում և շարունակում քայլել: Հասնում է եկեղեցու բակ: Մոտենում է մի մարդ:

Մարդ

Օրհնեցեք, տեր հայրը:

Քահանա

Աստված օրհնի…

Մարդն հեռանում է քահանան մոտենում է եկեղեցու դռանը, բացում է դուռը, կատուն փաթաթվում է նրա ոտքերին, քահանան անմիջապես ներքև է նայում, տխուր դեմքին ժպիտ է հայտնվում, գրկում է կատվին:

Քահանա

Նիկի…պարզվեց սա քո բեմական անունն է բարեկամ, այս ինչ արեցիր դու, ես հպարատանում էի քեզանով, դու մեծ արտիստ ես, ահա վերցրու սրանք քոնն են… (կատվին է մեկնում ձեռքի ծաղիկները)…

Քահանան կատվի հետ մտնում է խուց, այստեղ դեռ ընկած է այն աթոռը, որի վրա կատուն համար էր ցուցադրում, քահանան նայում է աթոռին, ապա կատվին, ժպտում է…

Քահանա

Սա էլ քո համեստ կրկեսն է, չնայած ես որոշել եմ քեզ կրկես տանել,քո տեղն այնտեղ է:

  Քահանան սկսում է նկարել, կատուն ուտում է անկյունում իր համար հատկացված պանրը:  Քահանան նկարելու հետ միաժամանակ խոսում է:

Քահանա

Գիտե՞ս դու յուրահատուկ կերպար ես, անպայման պիտի կրկես գնաս, այս մարդը… (Ցույց է տալիս իր նկարը), ում ձեռքերն հիմա նկարում եմ, հիանալի արտիստ է, հենց նրա մոտ էլ կանցնես աշխատանքի, ես վստահ եմ քեզ կվերցնեն: Հասկանում ես, քեզ ամբողջ քաղաքը կսիրի և վերջապես չես լինի միայն իմ բարեկամը:

Կատուն գլուխը բարձրացնում է և կտավում տեսնում մայոր Վանի ձեռքերը, խորը մռռում է, բարձրանում փայտե թախտին, երկար նայում ձեռքերի նկարին, քահանան մի կողմ է քաշվում, ընկնում է եռոտանին, կատուն դուրս է գալիս…

Տեսարան 40

Ինտ`. խուց, ցերեկ

Անձ` քահանա

Քահանան միայնակ նստած է խցում, հեռախոսով երաժշտություն է միացնում, նրա դիմաց թերթեր են, կտավներ, ինչ-որ նկարնր է առանձնացնում, պատուհանի մոտից մի նկար հանում, դրա փոխարեն մեկ ուրիշը փակցնում: Սպիտակ կտավն ամրացնում է եռոտանուն և սկսում նկարել, քիչ աշխատելուց հետո նկարը ծածկում է և դուրս գալիս խցից:

Տեսարան 41

Էքստ`. տանիք, երեկո

Անձիք` քահանա, կատու

Քահանան ու կատուն նստած են տանիքում: Քահանան խնձոր է ուտում, կատուն քայլում է թիթեղների եզրերով:  Քահանան փորձում է մի ուրիշ խնձոր ևս վերցնել, սակայն թափվում են վազի մեջի մնացած խնձորները, կատուն թաթիկներով խնձորները գլորելով շրջանաձև շարում է, քահանան նայում է իր բարեկամի դասավորած խնձորներին և վերցնում երեք խնձոր ու ափերի մեջ մեկ գցում մյուսը բռնում, այնպես ինչպես կրկեսում գնդիկները:

Տեսարան 42

Ինտ`. Հյուրասենյակ գիշեր

Անձիք` քահանա, կատու

  Ժամացույցը ցույց է տալիս  2:45, քահանան Աստվածաշունչ է կարդում: Ոտքերի մոտ կատուն է` բաց աչքերով: Քահանան փակում է Աստվածաշունչը:

Քահանա

Դու ինչո՞ւ չես քնում:

  Կատուն ավելի է մոտենում քահանայի ոտքերին:

Քահանա

Դու պիտի քնես, հիմա ինչ կասեմ, չես հակաճառի, վաղը ես կգնամ կրկես, կպայմանավորվեմ Վանի հետ, ես շատ եմ սիրում կրկեսը, քեզ ամեն առավոտ կտանեմ փորձերի, երեկոները կգամ քո ետևից, եկեղեցում առանձնապես անելիք չունես, իսկ ազատ օրերին կգաս եկեղեցի…(կատուն հեռանում է ոտքերի մոտից, բազմոցին կուչ գալիս, ձևացնում, թե քնել է), հավատա, այդպես ավելի հետաքրքիր կլինի… Ես քո մասին քիչ բան գիտեմ, սակայն դու արդեն ապացուցել ես, որ դերասան ես եղել, հիմա մնում է քո գործով զբաղվես… (քահանան նկատելով, որ կատուն բազմոցին է), և մի ձևացրու, թե քնել ես, ես գիտեմ մինչև ես չքնեմ, դու չես քնի… Իսկ հիմա կարող ես քնել, ես էլ եմ քնելու: Բարի գիշեր, չմոռանաս աղոթել:

Տեսարան 43

Ինտ`. խանութ, ցերեկ

Անձիք` քահանա, Մայր, պճնված տիկին, խանութում մարդիկ

Խանութում հերթով կանգնել են մարդիկ, ովքեր վճարում են իրենց առևտրի համար: Քահանան զամբյուղի մեջ մի հաց, մի քիչ կարագ և կանաչի, մոտենում է մարդկանց հերթին, նրանից այն կողմ երկու խոշոր անվասայլակներով հարևանուհիներն են, երեխայի մայրը, ում սայլակում շատ մթերքներ կան, նաև հազար և այն զարդարված տիկինը: Նրանք ամբողջ մթերքով մոտենում են հերթին, որտեղ է նաև քահանան, նրանք ժպտում են քահանային, քահանան ևս ժպտում է:

Մայր

Օրհնեցեք, տեր հայր:

Քահանա

Աստված օրհնի: (Քահանան ձեռքը դնում է կանանց գլխներին):

պճնված տիկին

Դուք ինձ հիշո՞ւմ եք…

Քահանա

Այո, իհարկե` որ շփոթել էիք բնակարանը:

Մայր

Ի՞նչ, շփոթել ես եղբորդ տունը:

Քահանա

Եղբո՞ր տունը….

Մայր

Այո, նա իմ ամուսնու քույրն է… Ամուսինս շուտ մահացավ, բայց քույրը մեզ փնտրել ու գտել է, հիմա միասին ենք ապրում:

   Քահանան զարմացած նայում է կանանց…

Քահանա

Երբ սուտն ընտանիքի ներսում է ապրում, աշխարհը ստի վրա է հիմնվում…

պճնված տիկին

Այս քահանաների հետ մի բան չխոսես, անմիջապես Աստվածաշնչից են մեջբերում անում:

Քահանա

Սուրբ գրքում, պարզապես գրած է. «Մի՛, ստիր»: Այն պարոնը, ում մասին պատմում էիք, Ձեր…

         պճնված տիկին  

Տեր հայր, ես իմ եղբոր տանն եմ ապրում…

  Կանայք միմյանց են նայում, քահանան իր համեստ վճարումն անում է և դուրս գալիս, կանայք իրենց մթերքը դատարկում են:

Տեսարան 44

Ինտ`. խուց, ցերեկ

Անձիք` քահանա, կատու

Քահանան և կատուն խցում են:

Քահանա

Այսօր Մայոր Վանի հետ եմ հանդիպլու:

Կատուն մլավում է:

Քահանա

Դու մի խառնվիր, նա քեզ կօգնի, շատ հայտնի կդառնաս, քեզ նրա կողքին փայլուն ապագա է սպասվում: Դե, մի բան ասա:

Կատուն հեռանում է դեպի դուռը, ուզում է բացել հեռանալ, բայց չի կարողանում:

Քահանա

Դու ինչ էլ անես, ես վստահ եմ, որ կրկեսից ես… Ու դու կրկես ես մտնելու:

Տեսարան 45

էքստ`. քհանայի տան բակ ցերեկ

Անձիք` քահանա, կատու

Քահանան աշխարհիկ հագուստով տան աստիճաններից իջնում է, թևին գցել է սքեմը: Կատուն բակի ծառի տակ ընկած մրգերով է խաղում: Քահանան ծորակից ջուր է լցնում փոքր տաշտի մեջ, տաշտը դնում է փայտի նստարանին, լվացքի փոշի ավելացնում և սկսում լվանալ սքեմը, սպիտակ փրփուրների միջից երևում է սքեմի սև գույնը, կատուն նկատում է քահանայի խոնավ ձեռքերն ու ճանկերով հողի վրա խազեր է գծում: Քահանան քթի տակ ինչ-որ երգ է երգում և լվացքի պարանին փռում սքեմը, մոտենում կատվին, նստում ծառի տակ: Կատուն շարունակում է հողին խազեր գծել, իսկ քահանան մրգերն ափում խաղում է:

Տեսարան 46

Ինտ`. խուց, ցերեկ

Անձիք` քահանա, կատու, Մայոր Վան

Քահանան և Մայոր Վանը եկեղեցի են մտնում, քայլում դեպի խուցը: Մայոր Վանը խաչակնքում է: Քահանան բացում է խցի դուռը, Վանն անմիջապես նայում է նկարներին:

Վան

Դո՞ւք եք նկարել:

Քահանան գլխի դրական շարժում է անում: Վանը նստում է թախտին, կատուն դռնից ներս է մտնում: Վանն անմիջապես կանգնում է:

Վան

Նիկի, երեկ չհասցրցի անգամ քեզ շնորհակալություն հայտնել, այդ ի~նչ արեցիր… ինչպես միշտ դու բոլորին զարմացրիր…

  Կատուն եռոտանու մոտ նստում է:  

Վան

Նիկի, որքա~ն ժամանակ է քեզանից ոչ ոք ոչինչ չգիտեր:

Քահանան երկար նայում է, մերթ կատվին, մերթ Վանին: Կատուն ոչ մի «պատասխան» չի տալիս: 

Վան

Նիկի, քեզ մի պահիր այնպես, կարծես թշնամիներ լինենք, դու ավելի ակտիվ ես եղել, մենք մի ժամանակ ընկերներ էինք, շատ լավ ընկերներ: Նիկի, հիշում ես ամեն երեկո բարձրանում էիր կրկեսի տանիք ու օղակների միջով թռնում: Նիկի, այդ ժամանակ ինձ թվում էր, թե մի քիչ էլ կրկեսի շենքը բարձր լիներ, դու լուսնի միջով էլ կթռնեիր:

Ինչ նրա տեր մահացավ, Նիկին մեր կյանքից անհետացավ (քահանային):

Կատուն վերջին արտահայտության վրա դեպի անկյունն է գնում, հեռանում Վանից ու քահանայից: Քահանան մոտենում գրկում է կատվին:

Քահանա

Քո մասին այսքան դրական կարծիք լսելուց հետո գոնե քեզ մարդավարի պահի:

  Կատուն սուր մլավում է…

Վան

Նիկի, ես եկել եմ քեզ տանելու քո աշխարհ:

  Կատուն հեռանում է խցից:

Քահանա

Բարեկամս, առանց քո ցանկության ոչ մի տեղ չեմ թողնի (կատվին) , կներեք (Մայոր Վանին)…

Տեսարան 47

էքստ`. հարևանի տան բակ, ցերեկ

Անձիք` քահանա, կատու, մայր, երեխա, պճնված տիկին

Քահանան թակում է հարևանի դուռը: Դուռը բացում է երեխայի մայրը, իսկ պատուհանից նայում է պճնված տիկինը:

Մայր

Օրհնեցեք, տեր հայր:

Քահանա

Աստված օգնական…

Մայր

Համեցեք…

Քահանա

Ես տղայի համար շոկոլադ եմ բերել, կարելի՞ է նրան տեսնել…

Քահանան տուփը տալիս է երեխայի մորը, կատուն բակի դռանը, քահանայից մի քիչ հեռու կանգնել է:

                   Մայր

Համեցեք, միայն թե… (նայելով կատվին)…

Քահանա

Անհոգ, տիկին, նա ինձ այստեղ կսպասի…

Մայր

Հասկանում եք, ամուսնուս քույրը, չի սիրում փափկամորթներին…

Տեսարան 48

էքստ`. հարևանի տան բակ, ցերեկ

Անձինք` քահանա, կատու, մայր, երեխա, պճնված տիկին

   Այգում փոքրիկ սեղան է, սեղանի վրա կանաչ ամանով կանաչ խնձորներ են: Մի աթոռ դատարկ է, մի աթոռին նստել է քահանան, մյուսին պճնված տիկինը, ով հովհարով է զբաղվում՝ խուսափելով քահանայի հայացքից: Կանաչ սուրճի բաժակաների մեջ սուրճ է լցված, քահանան ըմպում է սրճից: Գալիս է մայրը երեխային գրկած:

Մայր

Մենք հյուր ունենք, տե’ս, Տեր Հայրը քեզ համար շոկոլադ է բերել…

  Մայրը շոկոլադի տուփը սեղանի վրայից վերցնում է, բացում. մի կտոր երեխային տալիս, երեխան ամբողջ տուփն է վերցնում, միջի շոկոլադի սալիկները սեղանին լցնում, իր փոքր ձեռքով մի սալիկ տալիս է պճնված տիկնոջը: Տիկինը սուրճի հետ ուտում է շոկոլադի կտորը, մի կտոր տալիս է մորը, մայրը ժպտում է, երեխան դեպի քահանան է ձգվում, քահանան գրկում է երեխային, մայրը սալիկները տուփի  մեջ տալիս է երեխային, երեխան երկու հատ շոկոլադի սալիկ է տալիս քահանային, քահանան ժպտում է և վերցնում երեխայի փոքրիկ ափից սալիկները: Երեխան խոշոր ու լայն բացված աչքերով նայում է քահանային, քահանան ուտում է մի սալիկը:

Մայր

Տեր հայր, նրան կրկեսը դուր էր եկել… Գիշերն այնքան հանգիստ էր քնել ու քնի մեջ էլ անվերջ ժպտում էր…

Քահանա

Իմ բարեկամ կատուն կրկեսի դերասան է եղել, մենք միասին պարզեցինք:

  Պճնված տիկինը հենված աթոռին սուրճն է խմում…

Պճնված տիկին

Կատուն դերասա՞ն, ես կասեի վարժեցված կենդանի է, ընդամենը հրահանգներ է կատարում, դերասանները առանձնահատուկ տաղանդի տեր մարդիկ են, և հիշե’ք` միայն մարդիկ…

Մայր

Մենք որոշել ենք մյուս շաբաթ էլ կրկես գնանք…

  Քահանան լռում է, նայում շուրջը, ապա երեխային…

Քահանա

Փաստորեն քեզ դուր է եկել կրկեսը:

                                                 Պճնված տիկին

Պատկերացնում եք, եթե կրկեսը դուր է եկել, ապա ինչ հրաշալի կլինի, եթե երեխային օպերա տանենք:

Քահանա

Հըն, եղբայր ի՞նչ կասես… Թող տիկինը քեզ օպերա տանի, իսկ ես` կրկես… Ուրախ էի տեսնել քեզ, լավ մնա… Ցտեսություն (կանանց):

Երեխան ժպտում է, քահանան վեր է կենում, երեխային մորը տալիս, շոկոլադի սալիկը վերցնում է և դուրս գալիս բակից:

 Տեսարան 49

Ինտ`. Եկեղեցի, խուց ցերեկ

Անձիք` քահանա, կատու, կին

   Քահանան կատվի հետ խուց է մտնում, ձեռքին թղթեր ու սև մատիտներ, եկեղեցում մի կին է մոտենում, քահանան ձեռքը կնոջ գլխին է դնում, ինչ-որ բան ասում հեռանում, նրա հետևից գնում է կատուն, կինը նայում է կատվին մոտենում ու սկսում է շոյել: Կատուն և կինը նստում են եկեղեցու նստարանին, քահանան մի քանի անգամ գնում  գալիս է, նկարչական պարագաներ է տեղափոխում, կատուն սկսում է մոտենալ կնոջը, գլուխը դնում է նրա գրկին, փակում աչքերը, տիկինը շոյում է:

Կին

Տեր հայր, ձեր կատուն  զարմանալի ու խելացի կենդանի է:

Քահանա

 (ժպիտով) Դերասան է, դերասան…

   Կատուն իջնում է կնոջ գրկից և մտնում է խուց:

Տեսարան 50

Ինտ `. Մայոր Վանի սենյակ, ցերեկ

Անձ` Մայոր Վան

Մեծ սենյակ է, 2 մեծ պատուհաններով: Պահարաններ են, հայելիներ, թափթփված հագուստ և գունավոր այլ իրեր: Մայոր Վանը տարբեր շորերը հագնում, հայելու դեմ ինչ-որ շարժումներ անում: Այնուհետև խոնարհվում դեպի հայելին: Հնչում է հեռախոսի զանգի ձայնը:

Մայոր Վան

Այո, լսում եմ… Ոչ, չեմ կարող… Ես պայմանավորվել եմ քահանայի հետ, պետք է գնամ համոզեմ, որ Նիկիին վերադարձնի: Այո, այո… Դանոյի Նիկին… Չե՞ս հավատում, լավ ամեն ինչ կպատմեմ, երբ հանդիպենք, առայժմ…

Տեսարան 51

Ինտ`. խուց, ցերեկ

Անձինք` քահանա, կատու

  Քահանան խցում նկարում է: Կատուն նստած է թախտին…

Քահանա

Անծանոթ կնոջ հետ ի՞նչ էիք խոսում:

  Կատուն նայում է քահանային:

Քահանա

Այնպես էիր լսում, ոնց որ վաղեմի բարեկամներ լինեիք… Բա տիկինը ոնց որ, իր տան մեջ էր քեզ մեծացրել:

Կատուն իջնում է թախտից, փորձում է դուրս գալ:

Քահանա

Դու մի նեղացիր, չեմ ասում մի շփվի ուրիշների հետ, այդ տիկինը մի ժամանակ պնդում էր, որ Աստված չկա` հիմա հենց հավատ ունեցավ` Աստծուն գտավ:

Քահանան նկարների միջից հանում է մի նկար, կնոջ ձեռքեր են, մոտեցնում է իր նկարածին:

Քահանա

Տե’ս, այդ կնոջ ձեռքերն են, ինչքան բան է փոխվել չէ՞: Չնայած` ընդամենը երկու տարի է անցել:

Տեսարան 52

էքստ`. փողոց, ցերեկ

Անձիք` քահանա, կատու, տղա

Քահանան և կատուն քայլում են:

Քահանա

Ասեցի չէ՞, մեր բարեկամին կրկեսը դուր է եկել: Ի՞նչ կասես մի անգամ էլ չգնանք:

Կատուն կանգնում է:

Քահանա

Շատ համառն ես, հա… Ինչ վատ կլիներ, որ հիմա կրկեսում լինեիր…

Փողոցից գնդակը գլորվելով գալիս է քահանայի և կատվի մոտ, կատուն սկսում է խաղալ գնդակով: Մի տղա գալիս է գնդակի հետևից:

Տղա

Տես է, ինչ կատու է, կարողանում  է մեծ գնդակով խաղալ:

Քահանա

Կատուն դերասան է:

Տղա

Բայց մենք ֆուտբոլ ենք խաղում, պետք է գնդակը տանեմ:

Քահանա

(Մի պահ մտածելով) Իսկ ձեր թիմում մի խաղացողի ժամանկավոր չե՞ք ընդունի:

Տեսարան 53

էքստ`. փողոց, ֆուտբոլի դաշտ, ցերեկ

Անձիք` քահանա, կատու, տղաներ

Քահանան 10-12 տարեկան տղաների հետ ֆուտբոլ է խաղում: Կատուն հետևում է քահանայի խաղին:

Տեսարան 54

Ինտ`. խոհանոց, ցերեկ

Անձիք` քահանա, կատու

  Կատուն ու քահանան նստած են խոհանոցի հատակին:  Կատուն պանիր է ուտում: Քահանան ափսեի մեջ տապակած կարտոֆիլ, մի կտոր պանիր կատվի ամանից վերցնում ու իր ամանի մեջ է դնում:

Քահանա

Այդպես էլ չկարողացա քեզ սովորեցնել, որ ճաշելիս, նախաճաշելիս կամ ընթրելիս սեղանի մոտ են նստում:

Կատուն նայում է քահանային:

Քահանա

Չնայած այսպես էլ հարմար է:

Քահանան բացում է սառնարանի դուռն ու երշիկ հանում, կատվին տալիս նաև իրեն վերցնում… 

Քահանա

Ի դեպ մոռացել էի, վերցրու սա քոնն է… Մեր հարևանի երեխան է տվել:

Քահանան շոկոլադի սալիկը մեկնում է կատվին: Դնում ափսեի մոտ: Կատուն նայում է շոկոլադին:

Քահանա

Այո, այո… ես էլ եմ մտածում այդ մասին, արժի նրա համար ինչ-որ հետաքրքրիր բան մտածել… Վաղը ձեր արտիստներից մեկին պետք է հանդիպեմ, համառութուն չանես, եթե համակերպվեն մեր պայմաններին, դու կրկեսում աշխատանքի կանցնես…

  Կատուն խոհանոցից դուրս է գալիս:

Քահանա

Մարդկանցից էլ համառն ես, հա…

Տեսարան 55

Ինտ `. եկեղեցի ցերեկ

Անձիք` քահանա, կատու, մայոր Վան, հավատացյալներ

Եկեղեցին մարդաշատ է, արարողակարգի ավարտն է: Մարդիկ կամաց-կամաց հեռանում են, մնում են կանայք` քահանայի հարևանուհիները: Քահանան մոտենում նրանց, ինչ-որ բան է ասում, կանայք ևս հեռանում են: Ներս է մտնում Մայոր Վանը, մոտենում քահանային, կատուն խցից դուրս է գալիս:

Մայոր Վան

Ողջույն Նիկի, ինչպե՞ս ես:

Կատուն դարձյալ խուց է մտնում:

Մայոր Վան

Օրհնեցեք, տեր հայր:

Քահանա

Աստված օրհնի, եթե դեմ չես մենք դրսում խոսենք:

Տեսարան 56

էքստ`. փողոց, աստիճաններ ցերեկ

Անձիք` քահանա, Մայոր Վան

  Մայոր Վանն ու քահանան քարե աստիճանների վրա նստած են:

Քահանա

Ինձ համար պարզ է, որ իմ բարեկամը կրկեսից է, խնդրում եմ Ձեզ պատմեք նրա մասին: Այնուհետև մեր բուն թեմային կանցնենք:

Մայոր Վան

Դանիել Հարենցը կամ նույն ինքը Ձեռնոցով Դանոն մեր կրկեսի դեմքերից էր, տաղանդավոր արտիստ էր, բայց ոչ ոք չգիտե, թե ինչպես նա մահացավ, այո հենց կրկեսում` իր համարի ցուցադրման ժամանակ… Նա նաև իմ և Նիկիի ուսուցիչն է եղել: Նա Նիկիին շատ էր սիրում, ինձ էլ…

Քահանա

Ես ուզում եմ կատվին տանեք կրկես, բայց մի պայմանով, նա կշարունակի ապրել ինձ հետ, ես նրան ամեն օր կբերեմ ձեզ մոտ ու օրվա վերջին կգամ նրա ետևից: Պարզապես շատ համառն է, չեմ հասկանում՝ ինչու, բաց չի ուզում, եթե կարողանաք օգնել ինձ…

Մայոր Վան

Նիկին առաջ էլ այդպիսին էր, տաղանդավոր և համառ: Ես համաձայն եմ, ի վերջո նա արտիստ է և միևնույնն է՝ մի օր կվերադառնա իր գործին: Այսպես ասեմ Տեր Հայր, նրա եկեղեցին էլ իր կրկեսն է:

Տեսարան 57

Ինտ`. ծուց, ցերեկ

Անձիք` քահանա, կատու

  Քահանան ու կատուն խցում են: Նայում են նկարած ձեռքերին… Կտավում ծեր կնոջ ձեռքեր են:

Քահանա

Հիշո՞ւմ ես այս տատիկին, ի~նչ բարի կին էր: Անձրևին թրջվում էինք, մեզ տուն հրավիրեց և անձրևանոց տվեց  /կատուն մլավում է/:  Հա, ճիշտ ես, լավ էլ համով գաթա էր թխել:  Բարեկամս ես քո մասին արդեն ահագին բան գիտեմ…

  Կատունմիանգամիցնստումէետևիթաթերիվրա: Քահանանխնամքովթաքցնումէկտավը:

Տեսարան 58

Ինտ`. Խուց, եկեղեցի, ցերեկ

Անձիք` քահանա, կատու, մայր

Քահանան և կատուն խցից դուրս են գալիս, քայլում եկեղեցու միջով: Քահանան նկատում է նստարանի վրա նստած կնոջը` երեխայի մայրն աղոթում է: Քահանան կանգնում է, կատուն ևս, նրանք նայում են կնոջը, աղոթքի ավարտից հետո կինը մոտենում է քահանային: Գլուխ է տալիս քահանան ձեռքը գլխին է դնում:

Քահանա

Տխուր եք, ինչու՞:

Մայր

Այսօր հիվանդանոց էի տարել որդուս, դարձյալ ոչ մի հույս չտվեցին:

  Կինը դուրս է գալիս եկեղեցուց:

                                                           Քահանա

(ժպիտը դեմքին)  Հավատացյալ…

Քահանան մոմեր է վերցնում և վառում, խաչակնքվում և դուրս գալիս եկեղեցուց, կատուն հետևում է նրան:

Տեսարան 59

էքստ`. այգի, ցերեկ

Անձինք` քահանա, կատու

   Քահանան և կատուն այգում են: Քահանան ծառից ծառ պարաններ է ամրացնում, պարանների վրա օղակներ է դասավորում, կատուն հետևում է նրա աշխատանքին, քահանան ամեն ինչ ավարտելուց հետո ստուգում է լարերի ապահովությունը:

Քահանա

Բարեկամս, դե զարմացրու ինձ…

  Կատուն բերանով պահած մի երկարավուն փայտիկ մոտենում է քահանային: Քահանան վերցնում է կապած պարանների ձախ կողմում և փայտիկի շարժով կատվին ցուցում տալիս, կատուն բարձրանում է լարերին, քայլում լարերով, քահանայի հրահանգով անցնում օղակների միջով, պտույտներ անում, ապա նորից քայլում լարերով:  Քահանան ժպտում է:

Տեսարան 60

Ինտ`. խոհանոց, ցերեկ

Անձինք` քահանա, կատու, պճնված տիկին

Քահանան մածուն է ուտում, կատուն` պանիր:  Քահանան երաժշտություն է միացրել, տակտին համապատասխան ոտքը հատակին է խփում, իսկ կատուն պոչն է շարժում: Լսվում է դռան զանգը: Քահանան բացում է դուռը, հարևան տանն հանգրվանած պճնված տիկինն է, մեծ ափսեով կանաչ խնձոր է բերել:

Պճնված տիկին

Տեր հայր, այսօր մի մարդ էր եկել, Ձեզ էր հարցնում: Անունը Մայոր Վան էր:

Տիկինը ափսով խնձրները տանում է խոհանոց, այնտեղ նկատում կատվին և արագ դուրս գալիս, նրա ետևից դուրս է գալիս նաև կատուն:

Քահանա

Շնորհակալ եմ, խնձորների համար:

Պճնված տիկին

Ի դեպ, նա ձեր կատվին էլ էր ճանաչում…

Քահանա

Կատուն դերասան է, նրան բոլորն էլ ճանաչում են:

Տեսարան 61

էքստ`. քահանայի տան բակ, այգի ցերեկ

Անձիք` քահանա, կատու, մայր, որդի, պճնված տիկին, մարդիկ, Մայոր Վան

 Քահանան ու կատուն աստիճաններից իջնում են:

Քահանա

Բարեկամ, ուշանում ես, արի…

Կատուն բերանով ինչ-որ տոպրակ է բերում: Քահանան վերցնում է տոպրակը, միջից հանում իր սքեմը, հագնում և քայլում են դեպի այգի: Քահանան և կատուն այգում պարանների ու օղակների համարն են ցուցադրում, հավաքված են մարդիկ, երեխաներ ու մեծեր:  Հարևանուհիները ևս այդտեղ են, Մայրը երեխային գրկած հետևում է քահանայի և կատվի ցուցադրած համարին: Երեխան ժպտում է, մայրը նայում է երեխային և ինքն էլ ժպտում: Քահանան հեռախոսով երաժշտություն է միացնում և իրենց համարը ցուցադրվում է երաժշտության հետ: Բոլորը ծափահարում են, հեռվից հավաքված մարդկանց է մոտենում Մայոր Վանը. նա երկար հետևում է քահանայի և կատվի կրկեսին: Բարկանում է, սակայն ոչինչ չի ասում: Համարի վերջում բոլորը գնում են, երեխային գրկած հարևանուհին մոտենում է քահանային: Մայոր Վանը հեռանում է:

Տեսարան 62

Ինտ`. Հյուրասենյակ, ցերեկ

Անձ` Մայոր Վան

ՄայորՎանըհեռուստացույցէնայում, լուրերեն

Լուրերի հաղորդավարուհին էկրանից

Մեր քաղաքի դեմքերը հաղորդման առաջին հորիզոնականում քահանան է: Այս մարդն իր բնավորությամբ չի դադարում զարմացնել քաղաքացիներին, նա բարի է, օգնում է բոլորին, իսկ այժմ էլ կարելի է ասել կրկես է բացել, ահա տեսեք…

   Քահանան և կատուն իրենց համարն են ցուցադրում, հավաքված մարդիկ ժպտադեմ կանգնել ու նայում են… Մայոր Վանը տեղից վեր է կենում, քայլում սենյակի երկայնքով, հեռուստացույցի ձայնը լսվում է…

Ուրախ եղեք և ուրախացրեք մարդկանց, մեր մյուս հաղորդումը հուսանք կբացահայտի ձեզ համար նոր դեմքեր…

Տեսարան 63

էքստ`. քահանայի տան բակ, ցերեկ

Անձիք` քահանա, Մայոր Վան

  Քահանան լվացվում է դրսի ծորակից, վերցնում ցնցուղն ու սկսում է ծաղիկները ջրել: Գլուխը բարձրացնում է և նկատում Մայոր Վանը՝ հոգևորականի զգեստով ձեռքին խաչ պահած: Քահանան քարացած նայում է…

Մայոր Վան

Հը՞ն, Տեր հայր, ի՞նչ կասեք,  ինձ չի՞ սազում:

Քահանա

Բայց  Դուք քահանա չեք:

Մայոր Վան

Իսկ դուք կրկեսի արտի՞ստ եք:

  Լռություն:  

                                                             Քահանա

Ես չեմ ուզեցել նեղացնել ձեզ, ընդամենը իմ բարեկամին դուր է գալիս կրկեսի աշխարհը, սակայն չի ցանկանում կրկես վերադառնալ, մտածեցի…

Մայոր Վան

Տեր հայր, ինչպե՞ս կվերաբերվեիք, եթե ծաղրածուն կրկեսում մարդկանց մկրտեր:

Քահանա

Փոքրիկ այգի է, մարդիկ էլ զվարճանում են… ի՞նչ,  դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եք ասում:

Մայոր Վան

Իսկ դո՞ւք, դուք հասկանում եք՝ ի՞նչ եք անում:

  Քահանան երկար նայում է Վանի աչքերի մեջ, ապա մոտենում ու հագից հանում քահանայի սքեմը: Վանը մերկ է մնում… Նայում է քահանային և մեկիկ-մեկիկ հավաքելով ծաղիկները անընդհատ կրկնում…

Մայոր Վան

Տեր հայր, Դուք գողացել եք իմ դերը: Իսկ ես կզրկեմ ձեզ ձեր դերից:

  Քահանան քարացած նայում է…

Տեսարան 64

Կատուն տանիքից նայում է Քահանային ու Մայոր Վանին:

Տեսարան 65

Ինտ`. խուց, եկեղեցի, ցերեկ

Անձինք` քահանա, կատու, Մայոր Վան

Կատուն և քահանան խցում են, քահանան նկարներն է դասավորում, կատուն նայում է քահանային, քահանան լուռ է, մի թերթ ու մատիտների տուփ է դնում կատվի մոտ: Քահանան բացում է խցի դուռը և ներս նայում դեպի եկեղեցի: Մայոր Վանն այնտեղ է: Քահանան կատվին պանիր է տալիս, փակում խցի դուռն ու գնում դեպի Մայոր Վանը:

Քահանա

Ես գիտեի, որ  կգաք…

Մայոր Վան

Եկել եմ Նիկիին տանելու…

Քահանա

Կատուն չի գա ձեզ հետ…

Մայոր Վան

Իսկ ես կտանեմ… Չհամարձակվեք արգելել, մենք ընկերներ ենք եղել:

Քահանա

Մենք էլ ենք ընկերներ, թող նա ընտրի, թե որտեղ է ուզում մնալ:

Կատուն խցի դռնից նայում է, Մայոր Վանը նկատում է, վազելով գնում դեպի կատուն…

Մայոր Վան

Նիկի, Նիկի… սպասիր Նիկի…

Կատուն խուց է մտնում, Վանը ետևից, իսկ Վանի ետևից դեպի խուց է քայլում քահանան… Կատուն խցում թախտի տակ է մտնում, Վանը պառկում խցի հատակին ու փորձում համոզել կատվին: Քահանան եռոտանու մոտ կանգնած նայում է…

Մայոր Վան

Նիկի հիշո՞ւմ ես մենք նման էինք իրար… Դու Մայորն էիր, իսկ ես Վանիկը, հետո դու դարձար Նիկի, իսկ ես Մայոր Վան, Նիկի հիշո՞ւմ ես մենք ինչ էինք սիրում, ես մինչև հիմա էլ պանիր եմ սիրում, կարծում եմ դու էլ…

Քահանա

Սիրում է` սիրում…

Մայոր Վան

Նիկի, ես գիտեմ, որ դու չես մոռացել կրկեսի տանիքը, քո օղակները, ամեն երեկո մենք անցնում էինք օղակների միջով, Նիկի ոչ մի քահանա չգիտի, դու ինչ երաժշտություն ես սիրում… տես…

  Մայոր Վանն սկսում է երգել…

Դե, դե… դուրս արի, Նիկի… Նիկի, դու էսքան ժամանակ քահանայի հետ ապրելով պետք է ներողամտություն սովորեիր…

  Մայոր Վանը նայում է շուրջն ու նկատում քահանայի նկարած ձեռքերը…

Մայոր Վան

Ինչի՞ համար եք միայն ձեռքեր նկարում…

Քահանա

Պարզապես նախասիրություն է, ես մարդկանց ձեռքերով եմ ճանաչում ու հիշում, ինչն իմ մեջ տպավորվում է` թղթին եմ հանձնում:

Մայոր Վան

Չե՞ք կարծում, որ ձեր նախասիրությունն ուրիշ անուն ունի` խիրոմանտիա… և դուք` քահանաներդ դեմ եք գուշակություններին…

Քահանա

Պարոն, ուշքի եկեք կամ հեռացեք այստեղից…

Մայոր Վան

Իհարկե կհեռանամ… Նիկի, պատրաստվիր, շուտով մենք միասին աշխարհն ենք ցնցելու…

Տեսարան 66

Ինտ`. Հարևանի տուն, ցերեկ

Անձիք` պճնված տիկին, մայր, քահանա

Երեխայի մայրը օորոցային է երգում: Պճնված տիկինը  ռադիո է լսում և շպարվում:

Ձայնն ռադիոյից

Այսպիսով խիրոմանտիայի մեջ կասկածվող քահանային կարգալույծ արեցին:

Պճնված տիկին

Կարգալույծ անելն ի՞նչ է:

Մայր

Էլ քահանա չի, հասարակ մարդ է:

Պճնված տիկին

Քահանա ժամանակ էլ հասարակ մարդ էր:

  Թակում են դուռը, մայրը բացում է, քահանան է առանց սքեմի:

Քահանան

Ողջույն, իմ բարեկամին չեք տեսե՞լ:

Մայր

Ներս համեցեք, տեր հայր…

Քահանա

Արեն է անունս, ես այլևս տեր հայր չեմ…

                  Մայր

Ես լավ լուր ունեմ, իմ որդին բուժվում է:

Քահանա

Կատուն այս կողմերում չի երևացել…

Պճնված տիկին

Ի~նչ գեղեցիկ անուն ունեք…

Քահանա

Ցտեսություն…

Փակում  է բակի դուռը:

Տեսարան 67

էքստ`. փողոց, ցերեկ

Անձ` կատու

Տկարացած կատուն աղբանոցի մոտ պառկած է: Կանաչ գույնի փոքրիկ գնդիկ է գլորելով հասնում նրա թաթերի մոտ, հետո երկրորդը, երրորդը… գնդիկները արդեն ապաքինված երեխան է գլորում

 

 

                                                                           Վերջ

Share Button

2 Կարծիք

  • Ա. Թորոսյան says:

    թափթփված է գրված, բայց հետաքրքիր էր… Ավելորդ բաներ շատ նկատեցի, բայց այսքան երիտասարդ հեղինակի համար դրանք շտկելի են: Քեզ հաջող ապագա է սպասվում, ամուր կառչիր բռնածդ ուղուց:

  • Анаида Асатрян says:

    Սիրունիկ և շատ խորը հայացքով աղջիկ ես: Քեզ նման հայուհիներով պետք է հպարտանանք: Որքա~ն խորհրդավոր և խորիմաստ ես գրում: Նրբիկ, ճաշակով գործ էր, շատ հավանեցի, սակայն ինձ թվում է այս ստեղծագործությունը ի սկզբանե պատմվածք է եղել, այնուհետև ադապտացվել է և դարձվել սցենար, մեծ հաճույքով պատմվածքն էլ կկարդայի: Ինչպիսի նուրբ և թեթև գիծ, որը գծում է մի ողջ ճակատագրական ճառագայթ` երբևէ վերջ չունեցող… Եվ, որքան կուզենամ, որ մի օր հեռուստատեսությամբ այսպիսի սցենարներով նկարահանված ֆիլմեր ցուցադրվեն և ոչ տաղտկալի և միօրինակ սերիալներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *