Աշոտ Ալեքսանյան | ՍՐՃԱՐԱՆ «ՀԱՆԴԻՊՈՒՄ»

Աշոտ Ալեքսանյան

Աղջիկը շատ էր ուզում դուր գալ տղային և դրա համար շարունակ իր արդուզարդին էր հետևում, այլև հագուկապին:
Ավելին, նա ցանկանում էր օր առաջ տղային ամուսնական առագաստի ոստայնը ներքաշել, մանավանդ որ սրտում վախ կար, որ տղան մեծ շրջապատ ուներ, ակտիվ մարդկային շփումների հակում, երիտասարդ աղջիկների հետ էլ, անգամ իր ներկայությամբ, սեթևեթանքներ էր անում ու չէր զլանում, կատակի տալու պես, մեկին կամ մյուսին հաճոյանալու ցույցեր անելուց: Տանջվում էր, գիշերները չէր քնում, հմայական աղոթքներ էր մրմնջում տղայի սիրտը առընդմիշտ գրավելու համար: Տղան, թեև անտարբեր չէր աղջկա հմայքների՝ նիստուկացի, խոսքուզրույցի թեմաների հանդեպ, սակայն ապագային միտված հեռահար հաշվարկներ էր մտմտում՝ համատեղ կյանքի ահագնացող հեռանկարից դիտված: Նա ցանկանում էր աղջկան հնարավորինս համակողմանի ճանաչել՝ մինչև ուղնուծուծը, հետագայում ո՛չ մի պարագայում չհիասթափվելու ու թերահաշվարկը կանխավ բացառելու նպատակով: Սերը, իհարկե, կարևոր բաղկացուցիչ է նաև ընտանիք կազմելու համար, սակայն այն, ինչպես ցանկացած բնազդային հակում, ժամանակի ընթացքում սառչելու, անգամ իր հակադրությանը վերածվելու անկառավարելի հատկություն ունի: Տղային գլխավորապես մտատանջում էր համատեղ կյանքը դասավորելու քայլերի հաջորդականությունը, այլև ողջ համակազմը. աշխատանք, շրջապատ, երեխաներ, կյանքի բարեկեցիկ պայմաններ, բավարարվածության զգացում: Արդեն երեք ամիս է ինչ իրենք հանդիպում էին, ամեն ինչ կարծես կարգին էր. սերը կար, փոխադարձ համակրանքը՝ նույնպես, ընդհանուր հետաքրքրությունների ու զրուցելու թեմաների շրջանակը ևս կարծես առկա էր, բայց վերջնական վճիռ կայացնելու համարձակությունը ոչ մի կերպ միս ու արյուն չէր դառնում՝ օդում առկախված հարցահարաբերական նշանի հանգույն: Եվ վերջնական վճիռ կայացնելուց առաջ տղան որոշեց փորձել աղջկա հավատարմությունը և, ընկերների խորհուրդով, մի արհեստական ծուղակ լարեց նրա առաջ:

Չուզողության կամ մեկ այլ պատրվակով ոմն ոք աղջկա ականջին փսփսաց, որ Արմենը, այդպես էին տղային անվանակոչում, ուրիշ-ուրիշ աղջիկների հետ է սիրային կապերի մեջ եղել ու դեռ շարունակում է գաղտնի տեսակցել ինչ-որ մեկին: Աննան, այդպես էր աղջկա անունը, մի պահ մտածմունքների մեջ ընկավ, բայց անմիջապես էլ որոշեց ստուգել Արմենի անկեղծությունը:
– Չար լեզուները պնդում են, որ դու ամենևին էլ ընտանիք կազմելու մտադրություն չունես, քանի որ այնքան ես քարշ եկել տարազան ու տարաբնույթ աղջիկների հետ, որ առանձին վերցրած կոնկրետ մեկի հետ կյանքդ կապելու հեռահար նպատակը քեզ պետք է որ խորթ լինի: Ի՞նչ կասես, միայն անկեղծորեն:
– Լավ է, որ ինքդ ես ասում, որ քո այդ հիշատակած լեզուները չար են, դրանով կարծես ամեն ինչ ասված է, հետևաբար մեկնաբանություններն ավելնորդ են:
– Սակայն չար լեզուները երբեմն նաև ճշմարտությունն են բարբառում, այնպես չէ, որ չարամիտ մարդը ընդունակ չէ իրականությունը պարզաջրելու:
– Բայց Յագոյի նախադեպը կարծես հակառակն է գուժում ու ամեն ինչ իր տեղը դնում. չարախոսները, սովորաբար, իրականությունը խեղելու նպատակ են հետապնդում, այլապես նրանց բարեխոսներ կանվանեին: Կարծում եմ այդպիսիք կոնկրետ անուն էլ չեն ունենում, եթե ոչ՝ շատ շուտ կբացահայտվեին: Դե՛, ասա, անունն ի՞նչ է այդ ճշմարտախոսի:
– Յագոն ընդամենը գեղարվեստական կերպար է, որի մեջ նախապես խտացված են բացասական գույները, ես խոսում եմ ճշմարտության նախանձախնդիր, ազնիվ և ինձ, գուցե նաև քեզ բարի կամեցող անձնավորության մասին, որպիսիք, պետք է կարծել, դեռևս գոյություն ունեն երկրիս երեսին, եթե, իհարկե, բոլորը քեզ համար Յագո չեն:
– Եվ ինչ անհերքելի ապացուցողական նյութ է քեզ տրամադրել բարության այդ պատգամախոսը, կոնկրետ անուննե՞ր է տվել, լուսանկարնե՞ր է ի ցույց դրել կամ տեսալսողական վիդեո բոցե՞ր… Այնպիսի անհերքելի փաստեր, որ դու, առանց այլևայլի, հենց ուղղակի կարող ես դեմս դնել՝ առանց որ երկմտելու պարզ բամբասանքի զոհ դարձած լինելուդ մեջ: Ես երևի այսքանով կսահմանափակվեմ: Եթե փաստեր ունես, խնդրե՛մ, քայլը քոնն է: Բայց եթե որոշել ես ինձ պարզ ասած վիրավորել, ապա ես կարող եմ քեզանից վերջնականապես խրտնել, ավելի կոպիտ ասած՝ մեկընդմիշտ ձեռք քաշել քեզանից:
Աննան մի պահ ընկրկեց, բայց անմիջապես էլ վրա բերեց.
– Եթե իմ ձեռքին անհերքելի փաստեր լինեին, այս խոսակցությունն ընդհանրապես նախաբան անգամ չէր ունենա: Եվ հետո, միջմարդկային հարաբերություններում պարտադիր չէ, որպեսզի ամեն ինչ փաստերով ապացուցելի լինի: Նա, ում մեղադրում են ինչ-որ զանցանքի, անգամ հանցանքի մեջ, եթե իհարկե ազնիվ մարդ է, կարող է պարզապես ընդունել կամ չընդունել իրեն ուղղված մեղադրանքը, առանց որ դրա ապացուցման կարիքն ունենալու:
– Դե ե՛ս էլ, որպես ազնիվ մեկը, ասացի, որ չեմ ընդունում ինձ ուղղված մեղադրանքը, բայց ո՛չ թե այն առումով, որ ասվածը զրպարտություն է, այլ որ, եթե նույնիսկ ես այդպիսի վարք եմ դրսևորել, ապա դրանում որևէ մեղադրելու բան չկա: Մարդիկ շփումների մեջ են կայանում, ոմանք ավել, մյուսները պակաս…
– Այդ դեպքում ես ինչպե՞ս համոզված լինեմ, որ դու ինձ հետ չես վարվում իբրև քո հաճույքների հերթական օբյեկտի: Թե՞ այդ մասին էլ իրավունք չունեմ տեղեկանալու…
– Տեղեկանալ, իհարկե, կարո՛ղ ես: Բոլո՛րն էլ կարող են տեղեկանալ, բոլոր նրանք, ում դա անկեղծորեն հետաքրքրում է, նույնիսկ քո ենթադրած իմ այդ նախկին հոմանուհիները, եթե իհարկե այդպիսիք եղել են, մանավանդ ինչպես դու ես ասում՝ մեծ քանակով: Իսկ ի՞նչ կասես, եթե մի օր էլ ես քո հասցեին նման մեղադրանք շպրտեմ, հղում անելով որևէ չար լեզվի ասածներին: Հավանաբար փաստեր կպահանջես, այնպես չէ՞: Թե՞ անկեղծորեն կընդունես կամ չես ընդունի բարեկամաբար ասված ճշմարտությունը:
– Գիտե՞ս, եթե ես հիմքեր կամ կասկածներ չունենայի, ապա այս խոսակցությունը չէի սկսի: Բավական է հիշել միայն, որ անգամ իմ ներկայությամբ, ինչպե՞ս ես սեթևեթում քո աշխատակցուհիների հետ, անգամ պատահական մատուցողուհիների, երբ լինում է, որ մեկ-մեկ միասին սուրճ ենք խմում այս կամ այն սրճարանում: Դու բոլորին այն նույն սիրագորովությամբ ու կաշվից դուրս եկող անթաքույց կտղանքով ես վերաբերվում, որքան որ ինձ հետ, նույնիսկ ավելին քան ինձ հետ: Սա՞ ինչ պակաս հիմք է քո մասին դատելու համար:
– Դե որ դու ինձ այդպես ես տեսնում, էլ ինչու՞ ես ձգտում պահպանելու մեր միությունը, թե՞ կարծում ես, որ ես կտրուկ պետք է փոխեմ իմ էությունը, կենսակերպը ու մարդկանց հետ իմ շփումների եղանակը: Իսկ եթե դա հնարավոր չէ՞: Կամ առնվազն կարճաժամկետ առումով հնարավոր չէ՞: Դե եթե դու այդքան խանդոտ ես, գուցե արժե միառժամանակ բաժանվենք իրարից, այս ընթացքում երկուսս էլ կճշտենք իրար հետ համատեղ կյանք վարելու մեր իրական հնարավորությունները: Ես կառաջարկեի մեկ շաբաթ իրար չտեսնենք, հետաքրքիր կլինի իմանալ, թե արդյո՞ք մեկ շաբաթ հետո այս խոսակցությունը շարունակություն կունենա՞, թե՞ ոչ: Ըստ այդմ էլ կկողմնորոշվենք՝ այսկողմ կամ այնկողմ: Համաձա՞յն ես:
– Համաձայն եմ: Մեկ շաբաթից կհանդիպենք, եթե, իհարկե, մինչև այդ դու ինձ մոռացած չլինես:
– Դե ուրեմն եկ բջջայիններից ջնջենք մեկս մյուսի հեռախոսահամարները, մանավանդ որ երկուսս էլ անգիր չենք հիշում թվերը: Նաև մեկ շաբաթ ֆեյսբուք չմտնենք: Լա՞վ: Դե ուրեմն, ուղիղ մեկ շաբաթից այս նույն սրճարանում: Ես գնացի՝ առանց հրաժեշտ տալու:
– Ես էլ:
Ու բաժանվեցին:
………………………………………………………
Հանդիպումը տեղի ունեցավ, ինչպես որոշ ֆիլմերում է լինում, մեր երկու հերոսների կյանքի մայրամուտին: Հազիվ ճանաչեցին միմյանց: Երկուսով փորձեցին հիշել, թե ինչու՞ այն ժամանակ իրենք չհանդիպեցին, ինչպես որ պայմանավորվել էին՝ բաժանումից մեկ շաբաթ անց:
Նախ խոսեց Արմենը, ով արդեն ծերունազարդ էր ու ձեռնափայտին ապավինած.
– Որքան հիշում եմ, զուտ հանգամանքների բերումով ես պարզապես չկարողացա ներկայանալ այդ հանդիպմանը, կարծեմ մորաքրոջս թաղմանն էի գնացել Թիֆլիս: Դե դու երևի գիտես, թե Վրաստանում այդ արարողությունը քանի օր է տևում, համարյա մի ամբողջ շաբաթ: Հեռախոսիդ թիվն էլ հակառակի պես ջնջել էի ու ոչինչ հնարավոր չէր անել: Քեզ ճանաչող ուրիշ ծանոթ էլ չունեի, որ նրանից համարդ իմանայի: Բայց ասա՛, որ դու ներկայացար ժամադրությանը, այո՞: Եվ ի՞նչ մտածեցիր չգալուս պատճառների մասին: Երևի թե, որ դու ճիշտ էիր, որ ես անվստահելի ու հաճույքների հետևից ընկած մեկն էի:
– Ճիշտն ասած, իմ դեպքում էլ հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես էլ, չնայած մեծ ցանկությանս, չկարողացա ներկայանալ ժամադրավայր: Բայց, անկեղծորեն ասած, այս ընթացքում ինձ միշտ էլ թվացել է, որ դու պե՛տք է որ եկած լինեիր ինձ հետ հանդիպման, բայց հետո հասկացա, որ այդպես էլ չես եկել, այլապես, նույն քաղաքում ապրելով, մեծ ցանկության դեպքում, երևի թե հնարավոր կլիներ, թեկուզ ոստիկանական ծառայություններին դիմելով, գտնել ինձ: Այս մտատանջությունը իմ ողջ կյանքում հետապնդել է ինձ. ինչու՞ չեկար, կամ եթե եկար, ինչու՞ փորձ չարեցիր ինձ փնտրելու: Եվ եթե մեր այն մեկ շաբաթով բաժանման էքսպերիմենտը չլիներ, մի՞թե հնարավոր կլիներ, որպեսզի մենք համատեղ մի կյանք միասին ապրեինք, այսօրվա պես, իրար կողք-կողքի: Սարսափելի է անգամ մտածել, որ գուցե նույնիսկ սիրող ամուսիններ լինեինք ու իրարից անբաժան: Հիմա ես չգիտեմ, ճի՞շտ էր արդյոք, որ մեր ճանապարհները տարամիտվեցին, թե՞ մենք, այնուամենայնիվ, կարող էինք համատեղ երջանիկ կյանքով ապրել: Չէ՞ որ համատեղ կյանքը շատ հաճախ ընտելացնում է մարդկանց և նույնիսկ սեր արթնացնում միմյանց հանդեպ: Իմ կյանքում գոնե այդպես է եղել:
– Գիտե՞ս, դա այդքան էլ այդպես չէ, որ ես ընդհանրապես չեմ եկել այդ սրճարան: Մեր նշանակված ժամադրությանը դեռ մի քառորդ ժամ էր մնացել, ես զանգեցի Արամին, ընկերոջս, ու խնդրեցի բոլոր գործերը թողնի ու անմիջապես ներկայանա ժամադրավայր:
– Ուզում ես ասել, որ նա եկա՞վ…
– Այո՛, եկավ: Բայց երկար սպասելուց հետո ինձ հետ զանգեց Թիֆլիս ու ասաց, որ դու այդպես էլ չես ներկայացել սրճարան: Ցավալին այն է, որ հետո ես իմացա, որ կամ ե՛ս լավ չէի բացատրել, կամ ինքն էր խառնել սրճարանի վայրը, դե գիտես այն ժամանակ Երևանում սրճարանների բում էր, իրար կողք-կողքի ծվարած, այնպես որ անուններն անգամ երբեմն դժվար էր մտապահել: Ինչևէ, ցավոք, քեզ հետ իմ կապը շարունակելու իմ այդ վերջին ջանքը ապարդյուն անցավ: Իմ ու Արամի միջև անհասկացողությունը մեր համատեղ կյանքի հնարավորությանը վերջ դրեց:
– Դժվար է հավատալ, բայց չհավատալ չեմ կարող, կարող եմ ասել, որ նույնիսկ չեմ ուզում: Համենայնդեպս այդպես ավելի ռոմանտիկ է հնչում. հանգամանքների զոհ: Մանավանդ որ քո այդ արարքի նման մի բան էլ ես արեցի. պայմանավորված ժամադրությունից քառորդ ժամ էլ չանցած՝ պայուսակումս հայտնաբերեցի մեր հանդիպավայր նշանակված սրճարանի այցեքարտը, վրան էլ մեծ-մեծ տառերով գրված՝ ՀԱՆԴԻՊՈՒՄ, և չդիմացա, ու մի ինչ-որ անորոշ անհանգստությունից դրդված՝ անմիջապես էլ զանգեցի սրճարանի համարով, ապա մատուցողուհիներից մեկին խնդրեցի իմ անունից մոտենալ քեզ – անունդ ասացի ու նկարագրեցի քո ողջ կերպարանքը, ինքն էլ կրկնեց ու ասաց, որ անպայման կհաղորդի իմ չներկայանալու մասին – խնդրեցի նաև, համենայնդեպս, քեզ տալ հեռախոսիս համարը… Մի կես ժամից ինձ հետ զանգեց ու ասաց, որ ոչ մի կերպ չի կարողանում քեզ գտնել: Ու այսպես ամեն ինչ վերջացավ:
– Նախորդ ասածիցդ կարելի էր հասկանալ, որ դու ամուսնացել ես մի տղամարդու հետ, որին չես սիրել, բայց հետո աստիճանաբար, գրավվել ես նրանով ու շատից-քչից երջանիկ ընտանիք կազմել: Նաև հասկացա, որ ամուսինդ այլևս չկա: Այդպե՞ս է:
– Հա, նա մահացավ մի քանի տարի առաջ, ամերիկաներում, ու չհասցրեց ինձ համար էլ գրին քարդ դասավորել: Մահացավ օտարության մեջ, փող աշխատելու ու ընտանիքը Լոս տեղափոխելու բաղձանքին չհասած: Հետո նրա դին բերեցին ու թաղեցին Երևանում: Մեր երկու երեխաները, փառք աստծո, ողջ և առողջ են, իրենց հոգսերի հետևից ընկած, ինչպես բոլորը: Իսկ քո կյանքն ինչպե՞ս դասավորվեց…
– Դե իսկ ես սիրահարվեցի մի աղջկա, ամուսնացա, երեխաներ ունեցանք, քառասուն տարի ապրեցինք փոփոխական հաջողություններով, մանր-մունր անհասկացողություններ, դավաճանություններ էլ եղան, բայց դե համատեղ ապրեցինք, իսկ վերջերս էլ ամուսնալուծվեցինք՝ առանց աղմուկ-աղաղակի: Հիմա նա տղայիս ընտանիքի հետ է ապրում: Աղջիկս էլ Ռուսաստան հարս գնաց: Մնացել եմ մենակ, ինչպես ինձ նման շատ-շատերը: Մեկ-մեկ հիշում եմ մեր չկայացած հանդիպումը ու մտածում, որ երբեք չես իմանա, թե ինչից ինչ դուրս կգա: Ո՛չ սիրելն է հավերժական, ո՛չ էլ համակերպումը: Եվ միայն փոխադարձ զիջումն է, որ կարող է այդպիսին համարվել ու նաև երեխաների հանդեպ սիրուց ստացած համատեղ բավարարվածությունը: Իսկ ընդհանրապես մարդս շատ հաճախ խուսափում է իրեն բաժին հանված երջանկախոստում դիպվածից և աներևույթ տեսլականների մեջ է իրեն պարտադրել ցանկանում, շատից ընկնում է ու քչին էլ չի հասնում: Մարդու բնույթն է այդպիսին. ավելիի ձգտումը հալումաշ է անում նրա առաձգական հոգին:
– Ոչ ոք չի կարող ասել, թե արդյո՞ք ինքը ճիշտ է ապրել իր կյանքը, արդյո՞ք ճիշտ ընտրություն է կատարել իր կողակցի, իր շրջապատի, մասնագիտության և ընդհանրապես իրեն համակած հետաքրքրությունների առումով: Կան որ իրենց ողջ կյանքն ապրում են և միայն ամենավերջում անդրադառնում են իրենց անցած ուղուն, մտածելով, որ ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել: Եվ որ այդ նույն հանգամանքները ոչ միայն խանգարող, այլև բարեբաստիկ կարող էին լինել, նայած ով ինչ է հասկանում երջանկություն կամ համակերպում ասելով: Չէ՞ որ մենք շատ բաների հետ ենք համակերպվում, և՛ լավ և՛ վատ, և՛ անբարոյականության և՛ բախտի թևերին ճախրելու սովորության և՛ հանգամանքների բարեբաստիկ դասավորության, կյանքի դառնության ու քաղցրության և՛ ի վերջո մահվան հետ: Այդ ամենի մեջ մենք նաև սեր ենք դնում ու երջանկավետության զգացում: Մենք՝ մարդիկս, այր ու կին, ընտանեսեր ու աչքը դուրս, մենակյաց ու շրջապատի գերի:
– Այո՛, հանգամանքները շատ հաճախ իրենց քմահաճ խաղն են պարտադրում մեզ, բայց չմոռանամք, որ մենք ևս գերի ենք մեր ներքին կարգուկանոնի, ոմանք ավելի սիրառատ են, ոմանք ավելի քմահաճ, ոմանք ինքնապարտադրվող տեսակի, իսկ ոմանք էլ կրավորական, աշխարհին անհաղորդ և վերջապես՝ աշխարհաթող:
– Ընտանիք կազմելն էլ հանգամանքների ու առանձին մարդու ներքին կարգուկանոնի միախառնուրդ է, և այդ երկուսի փոխներթափանցման արդյունք… Ավա՜ղ, մենք հաճախ հապաղում ենք կամ շատ ենք շտապում մեր երջանկությանը տիրանալու ճանապարհին: Եվ երբեք չգիտես, թե քո մեջ բացահայտված առաջին լուրջ զգացմունքը առաջին իսկ զուգընկերոջ հանդեպ արժե՞ արդյոք արհեստական փորձությունների ենթարկել, գիտափորձեր դնել, թե՞ պետք է պարզապես գլխովին հորձանքի գիրկն ընկնել և համատեղ կյանքի վայրիվերումներին անձնատուր՝ ներփակվել քեզ բաժին հանված երջանկախոստում համակերպումի անքննելիության ջրերում:
– Միգուցե մենք, հանգամանքների բերումով բաժանվածներս, տարակայացյալներս, ավելի երջանիկ ենք եղել մեր այս կարգավիճակում, քան թե կարող էինք լինել տեղի չունեցած համատեղ կյանքի ընթացքում: Մենք ժամանակ առ ժամանակ մտորել ենք միմյանց մասին ու երջանկավետ երազանքներին տրվել, փոխանակ իրարից կշտանալու արդյունքում՝ աստիճանաբար սառչելու:

Այո՜, երջակությունը, իր անժամանակ ու անակնկալ հայտնությամբ, մեզ ցնցակաթվածի է հասցնում՝ հենց որ այցելում է մեզ: Այն կամ կա, երբ մենք անպատրաստ ենք կամ խուսանավում ենք նրան ընդունելու, իսկ երբ պատրաստ ենք՝ այն լիուլի տարրալուծված է լինում ձանձրալի առօրեականության, որ է՝ մեզ բաժին հանված իրականության պղտոր ջրերում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *