ԱՐԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ | Չարենց

Արամ Պետրոսեան
Իմ պէս տղայ էր…
մի քիչ կամակոր…
ներսում լոյս ունէր…
կապոյտ…
ծիրանի ծիր անծիր…
եւ արեան կարմիրն էր բո’րբ
կաթում նրա գրչածայրից…

Նաիրեան երազներ էր հեղում
տեղին-անտեղին՝
վարանոտ հայեացքի ծայրով
խե’թ
նայելով իր սերմանած բառուբանի
տիտանական աճին…

Չմարսուած օրերի դառը թուքը
մատների ծայրին՝
էյջաշրջումներ էր անում
եւ ամէն էջի՝
պողպատէ ձեռքի դրոշմը զարկում
իբրեւ շտամպ,
չարութեամբ նայելով աչքերի մէջ հէ’նց
դարի…

Եւ յառնում էր նրա սթափ հայեացքի տակ,
քանդուող անցեալի փլատակներից ելնելով,
ուրուականը փլուզուող կապիտալի.
եւ մուժիկի քայլերի պէս ծանր ու մեծ,
զուռնայի զըռռոցի՞ թէ պօեզի’ պէս անհեթեթ՝
առաջ էր շարժւում ու տանում իր հետ
թափօր մի խառնածին-խուռներամ՝
արեւներից խելագարուած ամբոխների
եւ իրենց արիւնով ներկուած սուինների’, դրօշների’…

Յետո’յ. պատերազմում էր նա մեր փոքրկութեան
ու գաւառական նիստուկացի,
ռսի շքանշանը դօշներին՝
ազգային ազատատենչ գործիչների դէմ.
եւ շառաչուն յամբի մտրակով էր
դաղում քամակը
մեր կորաքամակ, խեղճ տէրտէրների
եւ ջարդուխուրդ անում մեր
դարաւոր քնկոտութիւնն ու
առհասարակ ամէն թերացում, բացթողում…

Բաց տողերի արանքում իսկ –
առաջնորդի աչքից թաքուն –
մտքեր ու յոյզեր էր հեղում ահագին,
որ գանգրահեր պատանին մի օր գա’ր ու կարդար,
ծանէ’ր իւրովի,
վերծանէր…

Եւ իզուր էր փորձում պարզեցնել հաշիւը.
լաւ գիտէր, որ ի’նքն էլ սխալ է,
սխալական աւելի,
քան որեւէ մէկն իր հանճարեղ ցեղից.
գիտէր, որ չա’ր է, չա’ր…
ու չարութեամբ էր իր սէրը
թափում անսէրացած աշխարհի
չքմեղ ուսերին…

Նա արեւի տենչ էր ժառանգել Աւիկից
ու տերեանական թախիծ մի բուռ, նաեւ
անմահ Նարեկացւոյ հաւիկից
մի քանի փետուր…

Չէ’. լա’ւ գիտէր, որ վատն է, վա’տը՝
ու ցաւի լուռ տաժանքով էր
յուռթի աճած շվերն էտում
մեր բեղ-մօրուսի
եւ պողպատի հալոցքաջրով ջրջնկում
արիւնաքամ հորիզոնները գալիքի…

…գո՜րշ ռեալութեան քմծիծաղն էր այնուհետեւ
խելագարեցնում՝
անբաւարարութեան նոպաների ատրճանակը
ճարճատիւնով պարպում քունքին.
զի պողպատը կարծր դուրս եկաւ սպասուածից՝
եւ փշրո’ւմ էր, ճզմում մատների արանքում շատ հանգիստ
թէ’ զգացմունք եւ այլ թուլութիւններ մարդկային,
թէ’ ողնաշարեր յօդախախտում ազգերի՝
ջախջախելով կողերը պատմութեան…

Եւ ահա մի օր, վերջին ուժերը ժողուելով,
մեռնող արեւի լոյսից խռոված՝
գրեց իր պատուոյ քարերին.
«Դու դարբնի կռանդ զարկեցիր
մի նոր կեանք դարբնելու յոյսով,
այնինչ եւ ի’նքդ պառկեցիր
խաւարում՝ արեւի լոյսով…»

Միտքը սթափ էր, բարի’ այս անգամ.
սիրտը չար չէ’ր այլեւս, այլ անյիշաչար…
Եւ ճիգ արեց, ճի’գ, ճի’գ.
ուզեց իր անո’ւնը գէթ յիշել…

«Քո հոգու, մտքի խռովքը
ո՞ւր կորաւ, կարսեցի’ մեծ պօէտ.
ահա’, քո նաիրեան ցնորքն էլ
կորաւ պողպատի, թուջի հետ…»

Միտքը սթափ էր, յօժար.
երեսուն արծաթի վարձն էր եկել իր ոտքով.
բայց չա’ր չէր բնաւ, չար չէ’ր, այլ անյիշաչար…

«Եւ ո՞ւր չի կորել մեր ուժը,
որտե՜ղ չենք կորցրել անդարձ…
մի տեղ Վասակն ու Մերուժը
մի տեղ Պետրոսը Գետադարձ…»

Էլ ուժ չմնաց, ուժ չկա’ր էլ.
ե’տ ընկաւ…
եւ երբ գանգրահեր պատանին
ժպտաց մշուշոտ հեռուից –
ուզեց իր անունը յիշե’լ…

Եւ չարի աչքերին նայելով՝
վերջին կաթիլով արեան
իր բանտի սառը պատին
գրեց ԵՂԻՇԷ…

2011.01.22

© Արամ Պետրոսեան

Share Button

20 Կարծիք

  • Անի says:

    դասական ուղղագրութիւնը ողջունելի է:)

  • Չարեկացի says:

    Բարեւներ սիրելի գրանիշեցիներ…առաջի հերթին ուզում ներողություն խնդրել իմ հայերենի համար, քանի որ այդ քան լավ դեռ չեմ գրում եւ հավանական է որ քերական եւ բառափաշարական 🙂 սխալներ կհայտնվեն: Եկրորդ հերթին ուզում եմ մեծագույն շնորհակալություն հայտել այս ակումբի գոյության համար, Կարեն Անտաշյանին եւ բոլոր մյուսներին որ առողջ եւ կենդանի են պահում հայոց լեզուն:

    Ճիշտն ասած ուզում եմ այս բանաստեղծություննը օգտագործել որպեսի լույս բերել մի հարց որը ինձ շատ է մտահոքել այս վերջի տարին: Սա ուղղգրության հարցն է:

    Մինչեւ շարունակ եմ, շատ արագ (եւ կարճ) ուզում եմ իմ կենսագրություն պատմել: Ես ծնվել եմ Երեւանում, բայց հենց ութ տարեկան դառա տեղափոխվեցի Լօս Անգելես իմ ծնողների հետ: Երեւանում ես գնացել եմ առաջի դասարան եւ եկրորդ դասարանի առաջի կեսը: Դրա շնորհիվ ես կարողացել եմ այս վերջի երեք տարին աշխատել վերակագնացել իմ մայրենի լեզուն քանի որ մինչ դեռ ինձ ոչ հետաքրքրում էր հայերեն լեզուն ոչ ել առհասարկ հայկական մշակույթը (ես հիմա 27 տարեկան եմ):

    Այս վերջի տարին իմ մոտ նոր հայտնեցավ ուղղագրունթյան հարցը: Մինչ դեռ երբ այստեղ հայերեն հրատարակած գիրք էի բացում միշտ ենթադրում էի որ այդպես գրելը կապված էր արեւմտահայերենի հետ: Բայց երբ իմացա որ Թումանյանը, Տերյանը, Չարենցը, եւ բոլոր մեր գրականությունը, համ արեւելք համ արեւմութք, նույն ուղղագրությունով էր գրում իմ համար շատ ավելի լուրջ այս հարցը դառավ: Չհաշված որ ավելի մոտիկ է գրաբարին եւ հետո ել կապված է քաղաքական հարցերի հետ, սփյուռքին եւ հայաստանին բաժանում է, եւ այլն…Եւ ես հիմա գտնվում եմ այս հարցի մեջտեղը զուգահեռ ընթացկում աշխատելով զարգացնել իմ մայրենի լեզուն:

    Գիտեմ որ հայաստանում կան որոշ գրողներ (հենց այս բանաստեղծը օրինակ), լեզվաբաններ, պատմաբաններ, մտավորականներ, եւ ուրիշներ որ պնդում են վերդառնալ ավանդական ուղղագրության, եւ կան ուրիշները որ դեմ են, կամ համարում են այդպես բան անել անիմաստ, կամ շատերից լսում ես որ պետկա այդ քան մեծ քանակի գրականություն նորից տպել, եւ ուրիշ պաճառներ վերադառնալու դեմ:

    Ինձ շատ հետաքրքիր է այս նոր, տաղանդավոր, սերունդի կարցիքը այս հարցի շուրջ որպեսի բանաստեղծները, եւ մտավորականեր: Մեկ-մեկ մտածում եմ ինչ լավ կլնի որ սփյուռքից հրավիրեն որոշ գրողներ, լեզվաբաններ, եւ մտավորականներ, եւ հայաստանի գրողների, մտավորականների հետ նստեն մի շափաթ կամ մի ամիս կամ ինչ քան որ պետկ է եւ ինչ որ լուծում գթնեն այս հարցին, միգուց է ընդանրապես նոր ուղղագրություն ստեղծեն որ դասականի եւ սովետականի խարնորդ է: Ճիշտ է ես սովետական ուղղագրությեւնով եմ գրում բայց պատրաստ եմ ավանդականին անցնեմ եթե ըզգամ որ անհրաժեշ է: Չգիտեմ, երեվի սա շատ պրիմիտիվ մախտանք է?

    Ինձ շատ հետաքրքիր է ձեր, համ գրողների համ ընթերցողների, կարծիքը:

    Շնորհակալ եմ:

  • LUNA says:

    PASHDOUM EM CHARENTSIN.

  • Lilia Khachatryan says:

    Չարենցին արժանի մեծ ու պատկերավոր կտավ է սա… թերևս Բրավո’… խոսուն էր ամեն տառ ու բառ, ու հոսուն էր մաքուր ջրի նման, հուզում էր, տանում իր հետ…

    Չարենցին արժանի մեծ ու պատկերավոր կտավ է սա… թերևս Բրավո’… խոսուն էր ամեն տառ ու բառ, ու հոսուն էր մաքուր ջրի նման, հուզում էր, տանում իր հետ…

  • Սրբուհի Գրիգորյան says:

    Այս բանաստեղծությունն իսկական հրաշք է: Չարենցն է սկզբից մինչեւ վերջ: Տեսնում եմ նրան` չար ու բարի, խենթ ու խելառ, լսում եմ ձիերի դոփյունը…Սիրեցի այս բանաստեղծությունը, կկարդամ ամեն օր` օրս նաեւ Չարենցով իմաստավորելու:
    Արամ, Դուք հանճարեղ մտքեր ունեք, դարբնել եք Չարենցին արժանի բանստեղծություն: Շնորհակալություն:

  • Նանո says:

    Որպեսզի իրավունք վերապահես ինքդ քեզ վերլուծել այս բանաստեղծությունը, պիտի գրականագետ լինես կամ մասնագիտությանը շատ մոտիկ մարդ, որովհետև Չարենցն այն մեծություններից է, որոնք չեն քննարկվում, բայց քանի որ նա գրում էր իր ազգի համար, իսկ ես նրանցից մեկն եմ ուրեմն………..Բանաստեղծն արտացոլում էր ժամանակաշրջանը, դա անում էր հերոսաբար, վարպետորեն և անկախ վերաբերմունքից` շատ սիրելով իր ազգ: Նա հզոր ալիք էր, որ լվաց և երկար ժամանակ հայ գրականությունը մաքուր պահեց միջակություններից, նոր շունչ հաղորդեց մեր լեզվին, բոց դարձավ և այրվեց այդ իսկ խարույկի մեջ:
    Շատ քիչ բանաստեղծների է տրված ժողովրդական ցավը ամբողջովին սեփականը դարձնելու ձիրքը, հոգեբանական ծանրությունը սրտի վրա վերցնելու ուժը…կեցցես Արամ , այս բանաստեղծությունը շատ է համապատասխանում պատանի Չարենցի կենսագրությանը, խառնվածքին,խենթ երազներին, անհանգիստ տարերքին..որը հնչում է և’ իբրև պատմություն, և’ կենսագրություն, և’ ժողովրդական ցավի երգ, և’ ամբողջ սերունդի երազների գերող մեղեդի..
    ..շնորհակալություն Արամ ջան, թող ստեղծագործական ձեր աշխարհը ավելի կատարելագործվի ))

  • Վանա Նայադ says:

    Չա՞ր էր գանգրահեր պատանին…այո՛, քանզի ուղիղ նայեց Չարի աչքի մեջ, ու ըստ խոսքի՝ «Ատեցե՛ք չարն», անարգե՛ց այն. «… փշրո’ւմ էր, ճզմում մատների արանքում շատ հանգիստ
    թէ’ զգացմունք եւ այլ թուլութիւններ մարդկային,
    թէ’ ողնաշարեր յօդախախտում ազգերի՝
    ջախջախելով կողերը պատմութեան…
    «…եւ ջարդուխուրդ անում մեր
    դարաւոր քնկոտութիւնն ու
    առհասարակ ամէն թերացում, բացթողում…»
    …Ու չներեց Չարը, պատերազմի ձեռնոց նետեց, եւ նա, մունետիկն արեւի, դեն նետեց սքեմն իր ծիրանի, եւ հագնելով թուջէ զրահ՝ «պողպատէ ձեռքի դրոշմը զարկելով իբրեւ շտամպ», ծանրաքայլ իջավ հատակը մուժիկների՝ մինչեւ ծնկները ցեխի մեջ, ու քանզի «խնդալու, լալու պատճառ չիք»,
    «առաջ էր շարժւում ու տանում իր հետ
    թափօր մի խառնածին-խուռներամ՝
    արեւներից խելագարուած ամբոխների
    եւ իրենց արիւնով ներկուած սուինների’, դրօշների’…»

    Գիտեր գինը՝ երեսուն քոռ կոպեկ չարժեր, ու… չէր ուզում խմել այդ թասը…
    Սակայն չեղավ նրբանկատ Տերյան (չնայած հոգին էր էմալէ), չեկավ պուրակը Ավիկի (չնայած արե՜ւ էր կանչում), չգնաց անգամ ճգնելու…անձավը Նարեկի: Այլ վերցրեց, ասելով. «սա է արյունըս հրէ, խմե՛ք», ու յարի ծաղկի մեջ տեսավ…փշէ պսակ:
    Եւ Վիրապում անլույս, զեռուններին դարձյալ ճզմելով, հիվանդ ու խելագար բայց այլեւս «անչա՛ր, անյիշաչար», ու նաիրյան իր երազներին Հավատարիմ, .կարոտների ձայնով երգեց էլի իր… արնագույն, կապույտ, ոսկէ ծիրանին:

    Արամ, շնորհակալ եմ, որ զգացի Չարենցին…քո գրչածայրով:)

  • LUCY HAYRAPETYAN says:

    DJVAR E XOSEL CHARENTSI MASIN … ARAVEL EVS NRA VOGHOV… SHNORHAKAL EM NRA HARATEV NERKAYUTYUN@ EVS MEK ANGAM ZGALU HAMAR…HRASHALI ER…

  • Սիրելի Չարեկացի,

    կարդալով գրուածը՝ քո կեանքի պատմութեամբ եւ ուղղագրութեան հարցի նկատմամբ հետաքրքրուածութեամբ, անչափ ուրախացայ՝ ազնիւ-հայրենասէր վերաբերմունքի եւ ճիշտ ուղղագրութեան անցնելու պատրաստակամութեան համար:

    Հարցը բաւականին խորն է ու բարդ. այն սպառելու ակնկալիքը չունեմ, բայց վաղուց պատրաստած մի էջում՝ կարճ-կոնկրետ տուել եմ գլխաւոր առաւելութիւնները մաշտոցեան դասական ուղղագրութեան, ի տարբերութիւն արհեստականօրէն՝ մեր ժողովրդի ու լուրջ մտաւորականութեան գերագոյն մասի կամքին հակառակ, մեր վիզը փաթաթուած սովետական ուղղագրութիւնը, որը ակնյայտօրէն հետապնդում էր քաղաքական նպատակներ:

    Դիտիր այս էջը՝ իր բոլոր մեկնաբանութիւններով հանդերձ եւ, կարծում եմ, աւելի պարզ կը դառնայ հարցը.
    http://www.facebook.com/notes/արամ-պետրոսեան/պիտի-վերադառնալ-մաշտոցեան-դասական-ուղղագրութեան/152468918107441

  • Պաշտում եմ Աստուծոյն ու սիրում Չարենցին 😉

  • Արմինե Գաբրիելյան says:

    Անկեղծ ասած՝ ինձ համար խորթ է Չարենցին նվիրված բանաստեղծությունը կամ հենց Չարենցին, Սեւակին կամ Մաթեւոսյանին կարդալ դասական ուղղագրությամբ:Իսկ Դուրյանը,Մեծարենցը, Թեքեյանը գեղեցիկ են հնչում կամ գրվում արեւմտահայերեն՚:Ես չեմ կարծում, թե ուղղագրությունը պատնեշ է կարդալ եւ սիրել մեր դասականներին՝ հայ ժողովրդի քաղաքական երկու հատվածների գրականության երախտավորներին:Այդպիսով կպահպանենք երկուսն էլ՝ արեւմտահայ եւ արեւելահայ գրական լեզուները:

  • Շնորհակալ եմ, Լիլիա ջան…. ամէնից կարեւորը, կարծում եմ, որ յուզել է ու տարել ~ իր հետ )

  • Սրբուհի ջան, յուզուեցի քո բառերից…… սիրեցի~ր բանաստեղծութիւնս.. կը կարդաս ամէ’ն օր …. Ո՞ տայր զպարգեւս, առաւել քան սա ~

    Շնորհակալ եմ ի սրտէ:

  • Հրաշալի խօսքեր էին՝ հակիրճ ու ընդգրկուն….Չարենցին այդպէս խորութեամբ ընկալող Նանո ջան, քո դրական կարծիքն անչափ կարեւորւում է ինձ համար եւ կատարեալի ձգտելու մղում…
    Շնորհակալ եմ նոյնպէս:)

  • Անահիտ ջան, դու թափանցել ես տողերի մէջ ու դուրս բերել չասուածը, այն սոսինձը, որ չի երեւում, բայց կապում է իրար ու ամբողջացնում պատկերը՝ շղթայ-շղթայ, հէ’նց դրանով իսկ՝ դառնալով թարգմանը բեկ-բեկ մտքերի, որ հռնդալից ու հակասական դարի պաստառի վրայ նետուող արկերի կը նմանին…
    Եւ ինչո՞վ է յա’տկապէս գրաւիչ քո մեկնութիւնը…. …..դու ի’նքդ բանաստեղծել ես՝ իմ տողերն ի սիրտ. ե’ւ գեղեցիկ, ե’ւ ոգով:

    Շնորհակալ ու պարտական եմ քեզ, Վանայ Նայեադ 😉

  • Ե’ս եմ շնորհակալ, հրաշալի Լուսի…

  • Սիրելի Արմինէ,
    ո’չ թէ արեւմտահայերէնի կամ արեւելահայերէնի խնդիրն է, այլ 15 դարեր շարունակ լիարժէքօրէն բաւարարած (ողջ հայութեան համար) ու դարձեալ այս մէկ դարը լիարժէքօրէն բաւարարող (սփիւռքի գերակշիռ մասի համար) մաշտոցեան՝ ըստ իս, միա’կ անաղարտ ու կատարեալ հայերէնի ուղղագրութեան խնդիրն է:
    Լաւ, սովետական շրջանի Չարենցն ու Մաթեւոսեանը կամ Սեւակը (որը շա՛տ էր դէմ աղաւաղուած նոր ուղղագրութեանը եւ դասական ուղղագրութեան վերականգնման կոչ էր անում՝ մահից առաջ…) ճարահատեալ գրել են սովետների պարտադրած ուղղագրութեամբ, որը հայերին իրենց հին ժառանգութիւնից կտրելու եւ հետզհետէ մէկ՝ իբր սովետական ժողովրդի մէջ լուծելու քաղաքական նպատակն էր հետապնդում (չէ՞ որ սա արդիական է նաեւ այսօր, երբ գրէթէ պարտադրւում է սլաւոնական ուսուցում….) ..բա ի՞նչ ասենք Թումանեանի, Իսահակեանի, Րաֆֆու, Պռոշեանի, Սունդուկեանի եւ տասիներորդ դարի գրէթէ բոլոր՝ դասական ուղղագրութեամբ գրած հեղինակների մասին… է՛լ չեմ ասում՝ Նարեկացու, Խորենացու եւ միջնադարեան մեր ողջ ժառանգութեան մասին, որ, բնականաբար, աւելի ճիշտ կը լինէր մաշտոցեան ուղղագրութեամբ՝ թէ՛ բնագիրը, թէ՛ փոխադրութիւնը արեւելահայերէնի կամ արեւմտահայերէնի:

    Հարցը բաւականին խորն է ու բարդ. այն սպառելու ակնկալիքը չունեմ, բայց վաղուց պատրաստած մի էջում՝ կարճ-կոնկրետ տուել եմ գլխաւոր առաւելութիւնները մաշտոցեան դասական ուղղագրութեան, ի տարբերութիւն արհեստականօրէն՝ մեր ժողովրդի ու լուրջ մտաւորականութեան գերագոյն մասի կամքին հակառակ, մեր վիզը փաթաթուած սովետական ուղղագրութիւնը:

    Դիտիր, խնդրեմ, այս էջը՝ իր բոլոր մեկնաբանութիւններով հանդերձ եւ, կարծում եմ, աւելի պարզ կը դառնայ ասածս.
    http://www.facebook.com/notes/արամ-պետրոսեան/պիտի-վերադառնալ-մաշտոցեան-դասական-ուղղագրութեան/152468918107441

    Ի դէպ, սխալ կարծիք է, որ ուղղագրութիւնը փոխելով՝ արեւմտահայ եւ արեւելահայ գրական լեզուներից մէկը կորցնում ենք… ընդհակառակը, երկո՛ւսն էլ պահպանւում են, այն էլ՝ միեւնոյն ՃԻ’ՇՏ եւ ԿԱՏԱՐԵԱԼ մաշտոցեան ուղղագրութեամբ, ուստի՝ բոլորի համար հաւասար եւ մէկընդմիշտ ընկալելի եւ ընդունելի… մի՞թէ սա վատ է. ընդամենը մէ’կ չնչին քայլ (ինչպիսին արուեց երկու անգամ՝ 1922 եւ 1940 թուերին)՝ եւ մեր ժողովուրդը աւելի հաախմբուած եւ փոխհասկացող կը լինի:

    Շնորհակալութիւն, Արմինէ ջան, մեկնաբանութեան համար: Լեզուի եւ ուղղագրութեան մտահոգութիւններն անչափ արդիական ու կարեւոր են այսօր:

  • Արմինե Գաբրիելյան says:

    Հարգարժա՛ն ԱՊՕ,
    Շնորհակալություն պատասխանելու համար:
    Լավ, ընդունենք՝ համաձայն եմ միասնական, այն է՝ մաշտոցյան ուղղագրությանն անցնելուն: Ես, Դուք, գրանիշցիները վաղն եւեթ կգրենք դասական ուղղագրությամբ՝ միանգամայն ճիշտ եւ բնավ առանց շփոթի:Մտավախություն չունե՞ք արդյոք, որ մի հսկայական բանակ դուրս կմնա գրագետ գրելու ուղուց,ինչպես եղավ անցյալ դարի քսանական թվականներին:
    Այն այնքան էլ դյուրին չէ, ինչպես համոզված եք Դուք: Իմ տասնամյա համեստ մանկավարժական փորձն ապացուցում է հակառակը:
    Իմ խորին համոզմամբ՝ այսօր ոչ թե խնդիր ունենք միասնական ուղղագրությամբ գրելու, այլ գրագետ ու անսխալ գրելու առհասարակ, հայեցի ու անաղարտ խոսելու,մայրենին գեղեցիկ ու մաքրամաքուր պահպանելու եւ փոխանցելու մեր զավակներին:
    Շնորհակալություն:

  • Դա, այդքան բարդ խնդիր չէ, իրականում, որքան ներկայացւում է մաշտոցեան հայերէն ուղղագրութիւնը վերականգնելուն դէմ անձանց կողմից: Լոկ պետական մակարդակի միջամտութիւն է հարկաւոր (իսկ դրան հասնել է պէտք) եւ, վստահ եմ, ընդամենը երկու-երեք տարիների հետեւողական համապատասխան աշխատանք: Դա շատ աւելի հեշտ գործընթաց կունենայ, քան նախորդ երկու ”չարեփոխութիւնները”, քանի որ վերադարձ է միասնական եւ ճշմարիտ ուղղագրութեանը, որը յայտնի եւ հասկանալի է գրէթէ բոլորին… ես որեւէ հայ չգիտեմ, որ մաշտոցեան ուղղագրութեամբ գիրք կարդայ ու չհասկանայ իմաստը գրուածի: Իսկ այս քայլը կամուրջ է հայութեան արհեստականօրէն երկփեղկուած երկու հատուածների միջեւ,, շատ տարաձայնութիւնների հարթում…. Ինչո՞ւ ախր օր առաջ դուրս չմղենք այդ յիմար սեպը մեր հրաշալի լեզուի ոսկեղնիք գիր ու գրականութիւնից, որպէսզի հայ մարդը երբէք չտատանուի կարդալ մեր ազգի այս կամ այն բաժնին պատկանող գիր-գրականուիւնը՝ լոկ ”անհասկանալի ու օտարոտ” ուղղագրութեան պատճառով….

    Մեսրոպեան ուղղագրութիւնը ե՛ւ ճիշտ է, ե՛ւ գեղեցիկ, ե՛ւ բնական, ե՛ւ հարազատ մեր լեզուի ներքին տրամաբանութեանը… էլ ինչի՞ մասին է խօսքը… չդրսեւորե՞նք այնքան քաջութիւն՝ ճշմարիտը, ազգահաւաքը, գեղեցիկը վերադարձնելու համար:

    Սա է իմ ՀԱՒԱՏԱՄՔԸ բոլոր ազգային, մշակութային, հոգեւոր հարցերում, սիրելի Արմինէ:

    Շնորհակալութիւն քո ազնիւ, սրտացաւ վերաբերմունքի համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *