ՍԱԼՄԱՆ ՌՈՒՇԴԻ | կեսգիշերի զավակը

2008-ի ամռանը Բուքերյան մրցանակի 40 ամյակի առթիվ որոշվեց շնորհել հատուկ մրցանակ «Բուքերների բուքեր» (Booker of Bookers): Հաղթողը պետք է որոշվեր ընթերցողների ինտերնետ-քվեարկությամբ: Երբևէ մրցանակի արժանացած բոլոր վեպերից պետք է ընտրվեր լավագույնը: Մրցանակակիր դարձավ Սալման Ռուշդիի «Կեսգիշերի զավակները» վեպը: Ջ. Մ. Կուձեի «Անպատվություն» և Փիթեր Քերիի «Օսկար և Լյուսինդա»  վեպերը  2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին: 1993-ին Բուքերի 20 ամյակի առթիվ շնորհված նույնատիպ մրցանակի ժամանակ նույնպես հաղթեց Սալման Ռուշդիի «Կեսգիշերի զավակները» վեպը:

Ռուշդիի դեպքը բոլոր հարթությունների վրա եւ ամենատարաբնույթ փոխակերպություններն ապրելուց հետո, մնում է միաժամանակ ամենազավեշտականն ու ողբերգականը: Ինչպես Ջեյմս Ջոյսի «Ուլիսը», Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ» վեպը, թերեւս, ամենաշահարկված ու ամենաքիչ ընթերցված գրքերից մեկն է: Լինելով արեւելյան անորսալի ծալքերով հարուստ ավանդույթի եւ միաժամանակ Ռաբլեի, Լորենս Սթերնի եւ Ջոնաթան Սվիֆթի ժառանգորդը, նա արժանացավ Արեւելքի կույր ատելությանն ու Արեւմուտքի ներողամիտ պաշտպանությանն ու քամահրանքին, ինչպես նաեւ՝ տեղ-տեղ պեծկլտացող հիացմունքին:

Միլան Կունդերան իր «Այն օրը, երբ Պանուրգը չի կարողանա ծիծաղեցնել» հրաշալի էսսեում գրում էր. «Կեսգիշերվա զավակները» վեպի լույս ընծայմամբ, որն այն ժամանակ (1980) միահամուռ հիացմունք առաջացրեց, ոչ ոք անգլոսաքսոնյան գրական աշխարհում արդեն չէր կասկածում, որ Ռուշդին այժմեականության ամենաօժտված վիպագիրներից մեկն է: «Սատանայական բանաստեղծություններ» վեպը, որն անգլերեն տպագրվել էր 1988 թվականի սեպտեմբերին, հարուցեց այնպիսի հետաքրքրություն, ինչին որ արժանանում են շատ մեծ գրողները: Գիրքը մեծարանքների արժանացավ, սակայն ոչ ոք չէր էլ կարող ենթադրել, թե ինչպիսի փոթորիկ էր այն հարուցելու մի քանի ամիս անց, երբ Իրանի ղեկավար Իմամ Խոմեյնին Ռուշդիին մահվան կդատապարտի աստվածանարգության համար եւ նրա հետքերով կուղարկի վարձու մարդասպաններին. այդ որսի վերջը չի երեւում»:

Դեպքերն ու իրադարձությունները զարգացան լատինաամերիկյան վեպին արժանի «Մոգական ռեալիզմի» գունագեղ երեւակայությամբ ու վայրիվերումներով: Նույնիսկ ֆետվան վերացնելուց հետո, վերջերս, երբ 60-ամյա Ռուշդիին Ասպետի կոչում շնորհվեց, իսլամական աշխարհում սկսեցին այրել Եղիսաբեթ Երկրորդի խրտվիլակները, ծայրահեղականները հարյուր հիսուն հազար դոլար են խոստանում գրողին կյանքից զրկելու համար, իսկ Այաթոլա Հոմեյնին ջանում է վերահաստատել ֆետվան:

Սալման Ռուշդիի դեպքում, ինչպես ասում էր ռուս գրականագետներից մեկը, «Արեւելքն ու Արեւմուտքը մի սրվակում են»: Նա ծնվել է Բոմբեյում, իսկ կրթությունը ստացել Քեմբրիջում: Հանրահայտ գրողը զարմանահրաշ արձակ է գրում, պատմելով մշակույթների փոխգոյակցության նրբագույն խնդիրների մասին ժամանակակից աշխարհում: Աներեւակայելի էրուդիցիան գրողին թույլատրում է պատումի հյուսվածքի մեջ մտցնել պատմական, կրոնական եւ մոգոնած գործող անձանց:

Վերոնշյալ էսսեում Մ. Կունդերան գրում էր. «Այնպես, ինչպես իրանական իսլամը հեռանում էր այն ժամանակ կրոնական զսպվածությունից, դեպի մարտնչող աստվածապետության կողմը, այդպես էլ վեպի պատմությունը, Ռուշդիի հետ, Թոմաս Մաննի մեղմ պրոֆեսորական ժպիտից անցնում էր դեպի անսանձ երեւակայություն, որ ներշնչանք էր քաղում կրկին հայտնաբերած ռաբլեական հումորի ակունքից: Ծայրահեղության հասցրած հակադրությունները հանդիպեցին»:

Վերջերս մոսկովյան «Ամֆորա» հրատարակությունը լույս ընծայեց Սալման Ռուշդիի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը` «Ամոթը»: Այս գրքի հիմքում ընկած են Պակիստանի նորագույն պատմության իրադարձությունները, սակայն ինքը՝ հեղինակը, անվանում է այն յուրակերպ հեքիաթ: Եթե մեր կյանքից վտարենք ամոթը, պնդում է գրողը, կմնա լոկ սանձարձակ լպիրշությունը:

Իսկ «Լիմբուս պրեսս» հրատարակչությունը ձեռնարկել է Սալման Ռուշդիի երկերի քառահատոր տպագրումը` «Կեսգիշերվա զավակները» (2005թ.), «Հարունը եւ պատմությունների ծովը (2006թ.), «Մավրի վերջին հոգոցը» (2006թ.) եւ «Աշխարհը նրա ոտքերի տակ» (2007թ.):

«Կեսգիշերվա զավակները» վեպը, որը գրվել է 1981 թվականին, անգլիագիր հնդիկ Սալման Ռուշդիին արժանացրեց ամենամեծ փառքին (Բուքերյան մրցանակի հետ)։ 1993 թվականին 25 տարվա ընթացքում Բուքերի արժանացած գրքերի մեջ այն լավագույնը ճանաչվեց: Հենց «Կեսգիշերվա զավակները», այլ ոչ թե աղմկահարույց «Սատանայական բանաստեղծությունները», մտան «Գարդիանի» կազմած լավագույն գրքերի ցուցակի մեջ:

Բազմապլան, ֆանտաստիկ, «մոգական» շարադրանքն ընդգրկում է Հնդկաստանի (մասամբ էլ Պակիստանի) պատմությունը, 1910-ից մինչեւ 1976 թվականը: Վառ ու անպաճույճ ներկայացված քաղաքական իրադարձությունները չեն սպառում վեպի արտասովոր իրականությունը: Ողբերգազավեշտական ու բախտախնդիր ճակատագիրը Սալեմ Սինայի, ով ծնվել է Հնդկաստանի անկախության կեսգիշերին, դառնում է աշխարհի ամենահինավուրց ու հանելուկային քաղաքակրթություններից մեկի այլաբանությունը:

«Հարունը եւ պատմությունների ծովը» նրբին եւ խորունկ մի գործ է, որն իր մեջ է ներառել «Հազար ու մի գիշերվա» հմայքն ու նրբությունը, ինչպես նաեւ «Ալիսան հրաշքների աշխարհումի» պարադոքսալ հումորը:

«Իմ ամենապայծառ գիրքը ես գրեցի իմ կյանքի ամենածանր պահին»,- այդպես է ասել Ռուշդին այդ վեպի մասին, չէ՞ որ «Հարունը եւ պատմությունների ծովը» հեղինակի առաջին գիրքն էր, որ լույս տեսավ այն բանից հետո, երբ վերացրին գրողի վրա դրված տխրահռչակ ֆետվան:

Դուք դեռեւս իմաստուն տղայի հետ չե՞ք թռչել դեպի անտեսանելի լուսինը եւ չե՞ք սանձել հեքիաթային թռչունին: Ուրեմն, փութացեք:

2007-ին նախատեսված «Աշխարհը նրա ոտքերի տակ» վեպը դեռեւս չի տպագրվել, իսկ «Մավրի վերջին հոգոցը» վեպի մասին երկար չխոսելու համար մեջբերենք մի հատված.

«Քիչ բան կա՞, քնքուշ տիկնայք, որ կարելի է մեխերով գամել: Ասենք, դրոշը` կայմին: Սակայն ոչ այնքան երկար (թեպետ եւ բազում դրոշներով գունազարդված) կյանքից հետո ես մնացի բնավ առանց թեզիսների: Ինքը կյանքը ինչո՞վ խաչելություն չէ:

Երբ հոգուն վրա է հասնում, երբ քեզ առաջ քշող օդը գրեթե սպառվելու վրա է, խոստովանության ճիշտ ժամն է, թող որ դա լինի կտակ, մերձիմահ (ոչ այդքան ազատ) կամք` «Վերջին շունչ» բալագանը: Ահա «Այստեղ ես կանգնած կամ նստած եմի» բացատրությունը, բնապատկերին գամված ինքնամերկացումներով եւ կարմիր ամրոցի բանալիները գրպանումս` ահա այդ կարճատեւ դադարի բացատրությունը վերջնական կապիտուլյացիայից առաջ:

Հետեւաբար հարկ է երգել երգը վերջի այն ամենի մասին, որ գոյություն ուներ եւ չէր կարող այլեւս գոյություն ունենալ, այն մասին, ինչը լավ էր, եւ ինչը` վատ: Հրաժեշտի հոգոց արձակել առ կատարյալ աշխարհը, նրա ետքից արցունք թափել, ինչպես եւ գոչել հրաժեշտի «Ուռան», ըմբոշխնել վերջին թունալի-սկանդալային խոսքուզրույցը (վիդեոյի բացակայության պատճառով հարկ կլինի բավարարվել բառերով), մի քանի անբարեհունչ հոգեհանգստյան մեղեդիներ նվագել: Լսեք մավրի պատմությունը, աղմկով եւ ցասումով լի: Ցանկանո՞ւմ եք: Եթե նույնիսկ չեք էլ ցանկանում: Իսկ մինչ այդ, այստեղ տվեք պղպեղը»:

Share Button

2 Կարծիք

  • Garush haryants says:

    Im anaxmuk kartsikov, Markesic heto hamashxarhayin grakanutyan akanji tak u mej axmkoghnveric lavaguynn e Salman Rushdin, chem hishum, te na arjanace?l e Nobelyani, te? voch, bayc nuynakerp arje xarxlel naev Cristoneutyan nerashxaehe, Erkrord Galstyan ushacman patcharnere parzelu hamar:

  • Aram says:

    Հոդվածում? թե Էսսեյում ??սխալմամբ նշվում է, որ «Աշխարհը նրա ոտքերի տակ» վեպը դեռևս չի տպագրվել, այն տպագրվել է
    2008թ-ին Ամֆորա հրատարակչությամբ, ինչպես նաև արդեն լույս է տեսել են “Շալիմար Ծաղրածուն” և “Ֆլորենցիաըի կախարդուհին” վեպերը…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *