Հայոց լեզու | Ժամանակակից գրողները հայերենի մասին

տառեր

Խաչիկ Մանուկյան

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
Ռուբեն Հովսեփյանին

Զատիկի ձու է հայերենը՝
Որդան կարմիրով վերուստ ներկված,
Վրան՝ լույս-կամար երկնի վեմը՝
Իր աստվածավառ խորանը բաց։

Կարմիրը գույնն է մարդոց արյան,
Ու ձուն՝ խորհուրդը ողջ աշխարհի,
Ով ուրանա այս լեզուն բուրյան՝
Ոռնալո՛վ պիտի ապաշխարի:

Հակոբ Մովսես

Հայոց լեզու

Ասում եմ՝ ահա մարմինս միակ, ասում եմ՝ ահա
արյունս արդար,–
Ձեռքս դնում եմ բառերիդ մաքուր զոհասեղանին,
աչքերս փակում
Եվ սպասում եմ, որ հիմա կիջնի բո
Եվ մի իրիկուն իջնում էր սարից, ով երդվեցյալ Էր
հավիտենաբար,
Ով իր նիզակը նետում էր հեռու, նետն էր արձակում,
Եվ պսպղում էր նրա ուսից կախ տապար ու վահան,
սակր ու լայնալիճ։

Եվ մի իրիկուն կանգնել էր իմ դեմ, ով որ Ամենա
Զինապարտն էր իր հայրենի հողի և պապանձված էր
նրա տեսիլքից։
Ո՞վ ես, ասացի ես զմայլական, ես եմ, ասաց նա,
Եվ ես ասացի՝ ախ, ճանաչեցի,
Միակ Որսորդն ես դու այս սարերի, և նա նայեց ինձ։

Ինձ տարավ իր հետ գագաթները իր
անվախճանության, ուր ժամանակը արձագանքն էր
իր զնգան ճիչերի և չէր սպառվում,
Ուր փարախներն էին բյուրամյակների և զորանոցներն
անվախճան լույսի։
Այբ՝ ասում էր նա, և աղավնին էր իջնում լուսաթև և
ուսին թառում։
Բեն՝ ասում էր նա, և բազկին բազմած անվրեպ բազեն
ելնում էր որսի։

Գևորգ Թումանյան

Հայերենը ինձ համար
ամենահուսալի ճանապարհորդական
գործակալությունն է
իմ միակ փոխադրամիջոցը
դեպի վեր ու վար
դեպի ներս ու դուրս
առ Աստված
իմ արկածների խիզախումների ասպարեզը
իմ ցնծուն-թախծոտ վերելք-վայրէջքների լեռը
իմ կինը իմ որդին

ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

Իմ պատուհանից ցնծությունն ասես
Գարնան քնքշանքով մեղմ թափանցեց ներս.
Առաջին անգամ մանկիկն իմ խնդուն
Դպրոցից եկել, ա տառն է սերտում:
Ա տառն է գրում մանրիկ մատներով,
Տառեր է շարում խնամքով, սիրով:
Մաշտոցն է այդպես մանկան պես մի օր
Հրճվել իր գյուտով` հրա՜շք, լուսավո՜ր:
Քանի՜ սերունդներ ա տառով զնգուն
Զգացել են այս հրճվանքը մաքուր:
Այն վեհ է` ինչպես ժպիտը մանկան,
Մոր գգվանքի պես միշտ նվիրական,
Նման ծլվլուն ծիծառի կանչին,
Հայրենի հողի կենարար շնչին:
Ամեն օջախի կրակն է անշեջ,
Ամե’ն հարկի տակ, ամե’ն սրտի մեջ,
Մեր ժողովրդի ոգին հրկիզուն
Եվ երկու բառով` մայրենի լեզու:

Աշոտ Գաբրիելյան

ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ

1.
Հավերժ
Մահվան սահմանին…
Ովքեր պիտի լիզեն
Իմ մարմինը
Քո վերքերից…
Կաթող թարախ
Արյան տեսիլքում…

2.
Վերքը վերապրում է
Լեզվի վրա.
Հայոց լեզվի…

Էդվարդ Միլիտոնյան

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ

Մեր ոգու երկաթն է քայքայվում ժանգից,
ժարգոնն է պատել կոկորդը հողի,
Խեղճ մուրացկանից մինչև օրենսգիր Խ
ոսում են ոճով օրենքով գողի։

Հայկազյան հսկա, ահեղ բառարան,
Բուդդայի նման նայում ես վերից,
Դու չե՞ս ամաչում մեր այս բամբառակ
Լեգվակռվից ու քֆուրքյաֆարից։

Ռոբերտ Եսայան

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

Ես հայացքների մոմե՜ր եմ վառում
խորաններում
խղճի։
Զրահապատ լեռների ոգուց
բուսնում են
տառերը հույսի…
Անհայտության աղն են լիզում
բառերը,
ոգու պարիսպների մեջ խրվում են
հնչյունները՝
դառնալով
կայծքարե երազանք ու միտք,
տիեզերահաղորդ
մի շնչառությո՜ւն…
Մայրենի լեզու
եւ… խորա՜ն խղճի…

Արմեն Մարտիրոսյան

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Խարխուլ ու ճաքճքած խրճիթում իր գեղջկուհուն գրկած՝
խաղաղ քնել է շինականը,
և արքան թագուհու հետ քնել է ապարանքում,
և հայացքների, դեմքերի, մաշկի ճառագայթը
ճերմակ սավանի պես փռվել է անկողնում,
որից գիշերը լուսավորվել է կատարելապես։
Եվ շինականը գեղջկուհուն
ճանաչում է ծանոթ ճառագայթից,
և արքան թագուհուն ճանաչում է։
«Եթե ես արու զավակ ունենամ,
ասում է շինականը,–
նա անպայման զինվոր կդառնա»։
«Եթե ես արու զավակ ունենամ,–
ասում է թագավորը,-
նա անպայման զորավար կդառնա»։
Եվ ապագա զինվորն ու զորավարը
նրանց հետ ննջում են գիշերվա մեջ։
Իսկ տանիքից բարձր, աստղանկար հեռվում
բնակվում է մեկը, որ մշտապես արթուն է,
նա ամուր գոցում է դարպասը քաղաքի
և խարխուլ խրճիթի դռները փակում է՝
հազար ու մի գողի և հարամու դիմաց,
և իբրև պահապան հրեշտակ այցելում է
իր վերմակի տակ հանգիստ քնածներին։
– Դու որտե՞ղ կուզեիր ննջել, բարեկամս,
որտե՞ղ է գիշերը անուշ ու մեղմահոս։
– Մեր լեզվի փափուկ վերմակի տակ,
այնտեղ թագուհուս ես կճանաչեմ հայացքի,
դեմքի, մաշկի ճառագայթից,-
նույն բանը ասում են գեղջուկ ու թագավոր։

Կարեն Անտաշյան

Մայրենի լեզվի մասին

Լեզուն սինթետիկ աշխարհում հիշողության նշանագրման, հաղորդության և մեկնության նույնքան հզոր ամբար է, որքան գեները` բնականում: Այն գեների պես խնամքով կուտակում ու պահպանում է իր ծագման պահից իրեն շնորհված բոլոր բնածին որակներն ու ամեն վերածնվելուց հետո ձեռք բերած բոլոր փոքրիկ խեղումները, որ իր ինքնության մասն են դառնում: Հայերենը հնագույն կենդանի լեզուներից մեկը լինելով՝ ամենաբազմաշերտերից է այս առումով: Այն փառահեղ լեզու է, ինձ համար՝ իսկական պաշտանմունքի առարկա, ժամանակի մեջ մեծ ճամփորդության անսպառ ծով: Պետք է մայրենի լեզվին տիրապետել այն աստիճան, որ դու ի վերջո կարողանաս խոսել ինքդ քեզ և ոչ թե ինքը` իրեն, այսինքն ուրիշներին քո բերանով:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *