Իրանական ժամանակակից կարճ բանաստեղծություն

Իրանական պոեզիա

Մանուչեհր Աթաշի

Կրակի երգեր

– Ցու՞րտ է տունդ.
մի արև եմ ծրարում, փոստում քեզ
համար
բառի մէջ մի աստղիկ դիր
ու առաքիր իմ երկինքը
շատ եմ մութ:

Մասուդ Աբդոլռեզայի

Զուլալ

Գալիս եմ անձրեւումից շարունակ
ու թափվում մթագնած երկրին
այդ պահին
ծովն է ընկղմվում
զուլալիս մեջ:

Մահմուդ Ֆալաքի

Կորած շշունջներ

Գիշերվայ կեսին
ծիծաղիդ ձայնն էր լսվում
պատուհանը բացեցի
ձիւն էր գալիս:

Ղոդսի Ղազիփուր

***

Մեր հանդիպումը
ինչպես ջուրն ու լուսինը
ի՜նչ հեռու
ի՜նչ միահյուսված…

Քուրոշ Համեխանի

Վարդաջուր

Մայրս
բացեց պայուսակը
որ թագցնի
թաց թաշկինակը
այն թաշկինակը,
որ արթնանում էր
ամեն սգո ժամանակ
եւ վարդաջուր էր բուրում…

Քամի

Քամին
լռություն է ցանում
արի
ոչինչը հնձենք

Սոհրաբ Սեփեհրի

***
Մայրս
դանակը
չլվաց ջրավազանում
կը վիրավորվեր լուսինը:

Եադոլլահ Ռոյաի
Ծովային

Ծովն է ցայտում շարունակ
լերկ ժայռերին ծովափի
ծովն է ցայտում շարունակ
ափին, քարացած այս երգի…
…երանի քար լինեի:

***
Քեզ հետ գարունը
մի խենթ է
որ ծառն է մագլցում
ու գնում է
մինչեւ… քամի
քամու հետ
ես ծառից
ընկնում եմ
վեր:

Բիժան Ջալալի

***
Քո պարզության դեմ
ի՜նչ անմիտ են մեր խոսքերը
երկի՜նք
եւ անհունիդ դէմ
ինչ նեղ է
մեր սիրտը:

Ծառը

Ծառը այն տօնն է
որին արարել են
երկինքն ու
երկիրը։

Գիշեր

Գիշերր մեր փակ աչքերն է
երբ հոգու
ճրագազարդ տոնն ենք հայում:

Թարգմանեց` Ռազմիկ Ամիրխանեանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *