Լաո Ցզի | Դաո Դե Ցզին

Դաո Դե Ցզին

[հատված 1]

1
ԴԱՈՆ, որ կարող Է բառերով արտահայտվել, մշտական ԴԱՈՆ չէ։ Անունը, որ կարող է անվանվել, մշտական անուն չէ։ Անանունը սկիզբն է երկնքի և երկրի, անուն կրողը մայրն է բոլոր իրերի: Կրքերից ազատը տեսնում է հրաշալի գաղտնիքը (ԴԱՈՆ), իսկ ով կրքեր ունի, տեսնում է նրան վերջին ձևի մեջ։ Նրանք երկուսն էլ նույն ծագումն ունեն, բայց տարբեր անուններով։ Նրանք միասին կոչվում են խորագույն։ Անցումը մի խորագույնից դեպի մյուսը — դարբասն է բոլոր հրաշալիքների։

2
Երբ աշխարհում բոլորն իմանում են, որ գեղեցիկը գեղեցիկ է, հայտնվում է տգեղը։ Երբ բոլորն իմանում են, որ բարին բարի է, չարն է առաջանում։ Այդ պատճառով գոյն ու չգոյը ծնում են միմյանց, դժվարն ու դյուրինը իրար են ստեղծում, միմյանց հետ կապված են կարճն ու երկարը, բարձրն ու ցածրը որոշվում են միմյանցով, ձայները ձուլվելով դառնում են ներդաշնակ, նախորդն ու հաջորդը հետևում են միմյանց։ Իմաստունը գործում է անգործությամբ, նա սովորեցնում է ուսմունքը լռությամբ, կոչելով իրերի փոփոխությունը՝ ինքը չի կատարում դա, ստեղծելով չի տիրում իր ստեղծածին, առաջացնում է շարժում՝ անշարժությամբ, ինչ-որ բան ավարտելով՝ չի հպարտանում։ Քանի որ չի հպարտանում՝ նրա արժանիքները չեն նետվում մի կողմ։

3
Եթե չհարգեն իմաստուններին, ժողովրդի մեջ վեճեր չեն լինի։ Եթե չգնահատեն հազվագյուտ իրերը, մարդկանց մեջ գողեր չեն լինի։ Եթե ցույց չտրվեն նախանձը շարժող բաներ, մարդկանց սրտերը չեն հուզվի։ Կատարյալ իմաստունը երկիրը կառավարելով հպատակների սրտերը դատարկում է, ստամոքսները՝ լցնում։ Նա թուլացնում է մարդկանց կամքը, իսկ ոսկորն՝ ամրացնում։ Նա ձգտում է այն բանին, որ մարդկանց մեջ չլինեն գիտելիքներ ու կրքեր, իսկ գիտելիք ունեցողը չէր հանդգնի գործել։ Անգործության իրագործումը միշտ հանգիստ է բերում։

4
ԴԱՈՆ դատարկ է, բայց կիրառման մեջ՝ անսպառ։ 0, ամենախոր։ Նա թվում է նախահայրը բոլոր իրերի։ Եթե բթացնեն նրա ներթափանցությունը, ազատեն նրան անկարգությունից, չափավորեն նրա փայլը, նմանեցնեն նրան փոշեհատիկի, նա կթվա պարզորոշ գոյություն ունեցող։ Ես չգիտեմ՝ ում ծնունդն է, (ես միայն գիտեմ, որ) նա նախորդում է երկնային տիրակալին։

5
Երկինքն ու երկիրը մարդասիրությամբ չեն լցված և թույլ են տալիս բոլոր էակներին սեփական կյանքով ապրելու։ Կատարյալ իմաստունը մարդասիրությամբ չի լցված և Ժողովրդին թույլ է տալիս սեփական կյանքով ապրելու։ Մի՞թե տարածությունը երկնքի և երկրի միջև նման չէ դարբնի փուքսին։ Ինչքան շատ է նրա մեջ դատարկությունը, այնքան ավելի երկար է նա գործում։ Ինչքան շատ է նրա մեջ դատարկությունը, քամին նրա միջից այնքան շատ է ելնում։ Նա, ով շատ է խոսում, միշտ ենթարկվում է անհաջողության, դրա համար ավելի լավ է չափը պահպանել։

6
Անսահման են կերպարանափոխությունները (ԴԱՈՅԻ)։ (ԴԱՈՆ) ամենախոր դարբասն է ծնունդի։ Ամենախոր դարբասը ծնունդի արմատն է երկնքի և երկրի։ (Նա) գոյություն ունի ինչպես անվերջանալի թել, և անսպառ է նրա գործողությանը։

7
Երկինքն ու երկիրը հավերժական են։ Երկինքն ու երկիրը հավերժական են, քանի-որ գոյություն ունեն ոչ իրենց համար։ Ահա թե ինչու են նրանք հավերժական։ Կատարյալ իմաստունն իր ետևում է թողնում մյուսներին, ինչի շնորհիվ նա միշտ առջևում է։ Նա իր կյանքն անտեսում է և դրանով էլ պահպանվում է նրա կյանքը։ Արդյոք պատճառն այն չէ՞, որ նա անտեսում է սեփական (շահերը)։ Ընդհակառակը, նա համաձայն սեփական (շահերի) է գործում։

8
Բարձր առաքինությունը նման է ջրի։ Ջուրը բոլոր էակներին օգուտ է բերում և չի պայքարում նրանց դեմ։ Նա գտնվում է այնտեղ, ուր մարդիկ չէին ցանկանա լինել։ Այդ պատճառով նա նման է ԴԱՈՅԻ։ (Բարձր բարությամբ օժտված մարդը, ինչպես ջուր) պետք է մոտ գտնվի հողին։ Նրա սիրտը պետք է հետևի ներքին մղմանը, մարդկանց հետ պետք է լինի բարեկամական, խոսքերի մեջ անկեղծ, (երկրի) կառավարման մեջ հետևողական, գործերի մեջ պետք է ելնի հնարավորությունից, գործողության մեջ պետք է հաշվի առնի Ժամանակը։ Քանի-որ (նա), ինչպես ջուրը, չի պայքարում իրերի դեմ, ապա (նա) սխալներ չի գործում։

9
Ավելի լավ է ոչինչ չանել, քան ձգտել ինչ-որ բան լցնելուն։ Եթե (ինչ-որ) սուր բանից երկար օգտվենք, ապա սրությունը երկար չի պահպանվի։ Եթե դահլիճը լցված է ոսկով և հասպիսով, ապա ոչ ոք չի կարող նրանց հսկել։ Եթե ազնվականները և հարուստները ի հայտ են բերում ամբարտավանություն, ապա նրանք դժբախտություն են բերում իրենց վրա։ Երբ գործն արված է, մարդը մի կողմ է քաշվում։ Դրանում է օրենքը երկնային ԴԱՈՅԻ։

10
Եթե հոգին ու մարմինը միասնական լինեն, կարելի՞ է պահպանել այն։ Եթե հոգին փափուկ դարձնենք, կարելի՞ է անկիրք լինել ինչպես նորածինը։ Եթե հայեցողությունը մաքուր լինի, հնարավո՞ր կլինեն մոլորությունները։ Կարելի է սիրել ժողովրդին և կառավարել երկիրը՝ չդիմելով իմացության։ Հնարավոր է իրագործումն անգործության՝ եթե ըմբռնվեն փոխհարաբերությունները բնության մեջ։ Ստեղծել և դաստիարակել (գոյություն ունեցողը), ստեղծել՝ չտիրելով ստեղծածին, շարժման մեջ դնել չդիմելով որևէ ջանքի, ղեկավարել՝ ինքն իրեն ղեկավար չկարծելով — ահա ինչն է կոչվում խորագույն Դէ։

11
Երեսուն անվաձողեր միանում են իրար մեկ անվաթոփի մեջ (ստեղծելով անիվ), բայց անիվի գործածությունը կախված է անվաձողերի միջև եղած դատարկությունից։ Կավից են պատրաստվում անոթները, բայց անոթների գործածությունը կախված է նրանց դատարկությունից։ Դռներ ու պատուհաններ են արվում տուն սարքելու համար, բայց տան գործածությունը կախված է նրա դատարկությունից։ Ահա ինչու (ինչ֊որ բանի) օգտակարությունը կախված է նրա դատարկությունից։

12
Հինգ գույները բթացնում են տեսողությունր։ Հինգ հնչյունները բթացնում են լսողությունը։ Համի հինգ զգացողությունները բթացնում են ճաշակելիքը։ Արագ ընթացքը և որսորդությունը ալեկոծում են սիրտը։ Թանկարժեք իրերը ստիպում են մարդուն հանցանք գործելու։ Դրա համար կատարյալ իմաստունը ձգտում է կյանքը հագեցած դարձնել և ոչ թե ունենալ գեղեցիկ իրեր։ Նա hրաժարվում է վերջինից և սահմանափակվում առաջինով։

13
Փառքն ու խայտառակությունը նման են վախին։ Անվանիությունը նման է կյանքում մեծ դժբախտության։ Ի՞նչ է նշանակում՝ փառքն ու խայտառակությունը նման են վախին։ Դա նշանակում է՝ ստորոտի մարդիկ փառքը վախով են ձեռք բերում և նույնպես վախով են կորցնում այն։ Դա էլ հենց սա է՝ փառքն ու խայտառակությունը նման են վախին։ Ի՞նչ է նշանակում՝ անվանիությունը նման է կյանքում մեծ դժբախտության։ Դա նշանակում է ես մեծ դժբախտություն ունեմ, որովհետև դողում եմ ինձ վրա։ Եթե չդողամ ինձ վրա, ինձ հետ չի պատահի դժբախտություն։ Դրա համար էլ ազնվականը ինքնազոհ կերպով ծառայելով մարդկանց, կարող է ապրել նրանց մեջ։ Մարդասերը, ինքնազոհ կերպով ծառայելով մարդկանց, կարող է գտնվել նրանց մեջ։

14
Նայում եմ նրան և չեմ տեսնում, դրա համար էլ նրան անտեսանելի եմ անվանում։ Լսում եմ նրան և չեմ լսում, դրա համար էլ նրան անլսելի եմ անվանում։ Փորձում եմ բռնել նրան և նրան չեմ հասնում, դրա համար էլ նրան փոքրագույն եմ անվանում։ Պետք է ձգտել նրա ակունքն իմանալ, քանի-որ նա եզակի է։ նրա վերևը լուսավորված չէ, նրա ներքևը մթնած չէ։ Այն անվերջ է և չի կարող անվանվել։ Այն նորից վերադառնում է չգոյության։ Դրա համար նրան անվանում են աղոտ ու մշուշոտ։ Հանդիպում եմ նրան և՝ դեմքը չեմ տեսնում, գնում եմ նրա ետևից և չեմ տեսնում թիկունքը նրա։ Հետևելով հին ԴԱՈՅԻՆ, գոյություն ունեցողին տիրանալու համար, կարելի է ճանաչել հին սկիզբը։ Դա կոչվում է ԴԱՈՅԻ սկզբունք։

15
Անցյալում նրանք, ովքեր ընդունակ էին գիտության, ճանաչում էին փոքրագույն և նրբագույն իրերը։ Բայց մյուսներին նրանց խորքն անհայտ է։ Քանի որ նա անհայտ է, ես ազատ եմ (նրա) նկարագիրը տալու, նրանք երկչոտ էին, կարծես ձմռանը հոսանքն էին կտրում, նրանք անվճռական էին, կարծես վախենում էին հարևաններից, նրանք կարևոր էին, ինչպես հյուրեր, նրանք զգույշ էին, կարծես անցնում էին հալչող սառույցի վրայով, նրանք հասարակ էին, ինչպես անմշակ փայտը, նրանք անընդգրկելի էին, ինչպես դաշտը, նրանք անթափանց էին, ինչպես պղտոր ջուրը։ Այդ նրանք էին, ովքեր պահպանելով հանգստությունը, կեղտոտը դարձնում էին մաքուր։ Այդ նրանք էին, ովքեր մշտական շարժումը հանգիստ դարձնելու իրենց ունակությամբ նպաստում էին կյանքին։ Նրանք պահպանում էին ԴԱՈՆ և չէին ցանկանում ավելին։ Ավելին չցանկանալով նրանք սահմանափակվում էին եղածով և չէին ստեղծում նորը։

[հատված 2]

Թարգմանությունը՝ Հենրիկ Էդոյանի

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *