Դաֆնա Դյու Մորյե | Տիկնիկը

ԴԱՖՆԱ ԴՅՈՒ ՄՈՐՅԵՆախաբան
Ներքոհիշյալ էջերը հայտնաբերվել են մի մաշված նոթատետրում` աղի ջրի ազդեցությունից թրջված ու գունաթափված: Նոթատետրը գտնվել է ժայռի ճեղքերի արանքում` Բեյում:
Դրանց սեփականատիրոջ հետքն այդպես էլ չի գտնվել, և նույնիսկ ամենամանրակրկիտ հետաքննությունը չի կարողացել պարզել նրա ինքնությունը: Կա՛մ թշվառ մարդը խեղդվել է այն վայրի մոտակայքում, որտեղ թաքցրել է նոթատետրը, և նրա մարմինը կորել է ծովում, կա՛մ էլ դեռ թափառում է աշխարհով մեկ` փորձելով մոռանալ ինքն իրեն ու իր ողբերգությունը:
Սույն պատմության որոշ էջեր այնքան են վնասվել, որ գրեթե ամբողջովին անընթեռնելի են: Այդ պատճառով առկա են շատ բացթողումներ, և պատմության մեծ մասը, այդ թվում` կտրուկ ու հիասթափեցնող վերջաբանը, հաջորդականությունից դուրս է:
Ես կետեր եմ դրել այն նախադասությունների միջև, որտեղ հնարավոր չի եղել վերծանել բառերը կամ տողերը: Արդյոք այս պատմության անհավանական ու սարսափելի իրադարձությունները ճշմարիտ են, թե այդ ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ հիվանդ բանականության արդյունք, մենք երբեք չենք իմանա: Այս էջերը հրապարակելու իմ միակ պատճառն է բավարարել իմ այն բազմաթիվ ընկերների խնդրանքները, որոնց հետաքրքրել է իմ բացահայտումը:
Ստորագրություն` Դոկտոր Է. Սթրոնգմեն
-Բեյ, Հարավային Անգլիա
***
Հետաքրքիր է` արդյո՞ք մարդը գիտակցում է սեփական խելագարությունը: Երբեմն մտածում եմ, որ ուղեղս փշրվում է: Չափազանց մեծ սարսափով է այն լցված, չափազանց մեծ հուսահատությամբ: Եվ ոչ ոք չկա: Ես երբեք այսքան աննկարագրելիորեն մենակ չեմ եղել: Ինչու՞ պետք է գրելն օգնի ինձ: … Ուղեղիս թույնը դատարկելու համար:
Քանզի ինձ թունավորել են: Ես կորցրել եմ քունս, չեմ կարողանում փակել աչքերս առանց այդ անիծյալ դեմքը տեսնելու… Եթե միայն դա երազ լիներ, հիվանդ երևակայության արդյունք, որի վրա կարելի էր ծիծաղել: Շատ հեշտ է ծիծաղել: Ո՞վ սեփական կողերն ու լեզուն չէր ջարդի ծիծաղելով: Եկեք ծիծաղենք, մինչև արյուն հոսի մեր աչքերից: Թերևս, զվարճալի է: Չէ՛, դատարկությունը ցավ է պատճառում, փլուզում է իմ ներսում ամեն ինչ:
Եթե ես հույս ունենայի, կհետևեի նրան մինչև աշխարհի ծայրը` անկախ նրա աղերսանքներից և իմ նկատմամբ տածած ատելությունից: Կսովորեցնեի նրան, թե ինչ է նշանակում սիրված լինել տղամարդու կողմից: Այո՛, տղամարդո՛ւ: Իսկ այդ գարշելի խարխուլ մարմինը դուրս կնետեի պատուհանից և կնայեի, թե ինչպես է հավիտյան անհետանում` իր ծամածռված ու չարախինդ բոսորագույն բերանով…
Կատաղի զգացում է ինձ պատել` ամբողջովին զրկելով ինձ մտածելու կարողությունից:
Ես ինքս ինձ եմ խաբում` ասելով, թե նա կգար ինձ մոտ: Ես չհետևեցի նրան, քանզի գիտակցում էի այդ քայլի անհուսությունը: Նա երբեք չէր սիրի ինձ: Նա երբեք չի սիրի և ո՛չ մի տղամարդու:
Երբեմն հաջողվում է այս ամենի մասին սառը դատել և խղճալ նրան: Նա այնքան բան է կորցնում, այնքա՜ն բան: Եվ ոչ ոք երբեք չի իմանա ճշմարտությունը: Ինչպիսի՞ն էր նրա կյանքը ինձնից առաջ: Ինչպիսի՞ն է այն հիմա:
Ռեբեկա, Ռեբեկա, երբ մտածում եմ քո մասին, հիշում եմ քո գունատ, լուրջ դեմքը, սրբի հիշեցնող լայն բացված մոլեռանդ աչքերդ, նեղ բերանդ, որ թաքցնում է փղոսկրի պես սուր ու սպիտակ ատամներդ, վայրի, մուգ, ասես էլեկտրականացված և անկառավարելի մազերիդ լուսապսակը: Քո գեղեցկությունն անգերազանցելի է: Կլինի՞ երբևէ մեկը, ով կճանաչի քո սիրտը, քո միտքը:
Ուժեղ, զուսպ ու անհոգի: Քանզի միայն անհոգին կարող էր անել այն, ինչ դու արեցիր: Իսկ քո այդ ճակատագրական լռությո՜ւնը… անանցանելի ճնշող լռությունը, որի հետևում կրակ է թաքնված, այո՛, անշեջ կրակ… Ինչե՜ր ասես, որ չեմ արել քեզ հետ իմ երազներում, Ռեբեկա:
Դու ճակատագրական կլինեիր ցանկացած տղամարդու համար: Անմար կայծ, որ լուսավորում է, կայծ, որ կրակ է բոցավառում:
Ի՞նչն եմ սիրել քո մեջ. Անտարբերությո՞ւնդ, թե՞ դրա տակ թաքնված ակնարկները:
Ես չափազանց շատ եմ սիրել քեզ, չափազանց շատ եմ ցանկացել քեզ, քո նկատմամբ չափազանց մեծ քնքշանք եմ տածել: Այժմ այդ ամենն ասես ոլորված արմատ լինի սրտիս մեջ, մահացու թույն` ուղեղումս: Դու ինձ խելագարության ես հասցրել: Դու ինձ այնպիսի սարսափ, այնպիսի կործանարար ատելություն ես ներշնչում, որ հավասարազոր է սիրուն: Դա ասես սրտխառնոց առաջացնող քաղց լինի: Եթե միայն կարողանայի հանգստանալ ու խաղաղվել մի պահ, միայն մի պահ…
Ուզում եմ պլան կազմել` ամսաթվերի պատշաճ հաջորդականությամբ:
Առաջին անգամ, կարծում եմ, Օլգայի արվեստանոցում էր: Հիշում եմ` ինչպես էր անձրևում: Անձրևը կեղտոտ շերտագծեր էր թողնում պատուհանի ապակու վրա: Սենյակը լի էր մարդկանցով, ովքեր զրուցում էին դաշնամուրի մոտ: Այնտեղ էր նաև Վորկին, և բոլորը համոզում էին նրան ինչ-որ բան երգել, իսկ Օլգան ծիծաղի ճիչեր էր արձակում:
Միշտ ատել եմ նրա զիլ, սուր ծիծաղը: Դու նստած էիր… Ռեբեկան նստած էր աթոռակի վրա` բուխարու մոտ: Ծալապատիկ նստած` նա նման էր էլֆի, փոքր տղայի:
Նա մեջքով դեպի ինձ էր նստած, փոքրիկ զվարճալի մորթե գլխարկ էր կրում: Հիշում եմ, որ այնքան զվարճալի էր նրա այդ դիրքը, որ ցանկացա տեսնել նրա դեմքը: Խնդրեցի Օլգային ներկայացնել ինձ:
_ Ռեբե՛կա, – ասաց նա, – Ռեբե՛կա, ցույց տուր քեզ: … շրջվելիս գլխից ցած գցելով գլխարկը: Նրա վարսերը դուրս հորդացին անկառավարելի հեղեղի պես, և նա լայնաբաց աչքերով ժպտաց ինձ` կծելով շրթունքը:
Հիշում եմ` ինչպես էի նստել նրա կողքին` հատակին, և խոսում ու խոսում էի: Կարևոր չէ` ինչի մասին. անհեթեթություն, ձանձրալի բաներ, իհարկե: Իսկ նա խոսում էր ցածրաձայն, մի տեսակ զուսպ խանդավառությամբ: Նա քիչ էր խոսում, ժպտում էր… մարգարեական, մոլեռանդ աչքերով, որ չափազանց շատ բան էին տեսնում, չափազանց շատ բան էին պահանջում: Դրանց հորձանուտում կարելի էր մոլորվել, կորցնել դիմադրելու ունակությունը: Ես ասես խեղդվելիս լինեի: Նրան տեսնելու պահից ի վեր ես դատապարտված էի: Թողնելով նրան և դուրս գալով` ես, ասես հարբած, քայլեցի առափնյա փողոցն ի վար: Դեմքերը շարժվում էին դեպի ինձ, ուսերը հրմշտում էին: Հիշողությանս մեջ պահպանվել են թաց մայթերի վրա արտացոլվող աղոտ լույսերը և երթևեկության խուլ աղմուկը, իսկ այդ ամենի մեջ` նրա աչքերը, նրա աննկարագրելի, անկառավարելի վարսերը, նրա տղայական բարեկազմ մարմինը… ողջ պատկերը պարզորոշվում է հիմա, ես պարզորոշ տեսնում եմ յուրաքանչյուր իրադարձություն, խաղի յուրաքանչյուր պահ: Ես վերադարձա Օլգայի արվեստանոց. նա այնտեղ էր:
Նա եկավ ուղիղ դեպի ինձ և երեխայի պես լուրջ հարցրեց. «Սիրո՞ւմ եք երաժշտություն»: Թե ինչու հարցրեց` ես չգիտեմ. դաշնամուրի մոտ ոչ ոք չկար: Ես կցկտուր պատասխան տվեցի: Ուշադրությունս գրավեց նրա մաշկի գույնը` գունատ, սրճագույն, ջրի պես մաքուր ու պարզ:
Նա շագանակագույն զգեստ էր կրում, ամենայն հավանականությամբ` թավիշ, իսկ պարանոցի շուրջը` կարմիր շարֆ:
Նրա պարանոցը կարապի վիզ էր հիշեցնում` երկար ու բարակ: Հիշում եմ` ինչպես մտքովս անցավ, թե որքան հեշտ կլիներ շարֆը ձգել ու խեղդել նրան: Պատկերացրեցի նրա մահամերձ դեմքը, շուրթերը, քննող հայացքը: Աչքերը հավանաբար սպիտակ կլինեին, սակայն նա չէր վախենա: Այս ամենը ուղեղումս ծագեց մի վայրկյանում, երբ նա խոսում էր ինձ հետ: Նրանից խոսքը քաշելը դժվար էր: Ըստ երևույթին, ջութակահար էր, որբ, ապրում էր միայնակ` Բլումսբըրիում:
Նա ասաց, որ, այո, ինքը շատ է ճանապարհորդել, հատկապես Հունգարիայում: Երեք տարի ապրել է Բուդապեշտում, երաժշտություն է ուսումնասիրել: Անգլիան նրան դուր չի գալիս, ցանկանում է վերադառնալ Բուդապեշտ: Այն միակ ու անկրկնելի քաղաքն է աշխարհում:
-Ռեբեկա, – բացականչեց ինչ-որ մեկը, և նա ուսի վրայով նայեց հյուրին ու ժպտաց: Որքա՜ն բան կարող եմ գրել Ռեբեկայի ժպիտի մասին: Այնքան պայծառ ու աշխույժ և, միևնույն ժամանակ, ո՛չ երկրային էր այն, ո՛չ հողեղեն: Նրա աչքերն անվերջ փոխակերպվում էին` ասես արծաթյա բռնակի ազդեցությամբ:
Այդ օրը նա շուտ գնաց, իսկ ես շտապեցի սենյակի մյուս ծայրը` Օլգային հարցուփորձ անելու նրա մասին: Ես այրվում էի ամեն ինչ իմանալու անհամբերությունից: Օլգան նույնպես շատ բան չասաց: «Նա Հունգարիայից է, – ասաց նա: – Ոչ ոք չգիտի` ովքեր են նրա ծնողները, ենթադրում եմ` հրեաներ: Վորկին է նրան այստեղ բերել: Փարիզում է գտել նրան` ռուսական սրճարաններից մեկում ջութակ նվագելիս: Ամեն դեպքում Վորկիի հետ ոչ մի կապ չունի, մենակ է ապրում: Վորկին ասում է, որ նա զարմանալի տաղանդի տեր է: Եթե միայն աշխատի իր վրա, նրան հավասարը չի լինի: Սակայն նա չի աշխատում, դա նրան, կարծես թե, չի էլ հետաքրքրում: Ես լսել եմ նրան Վորկիի տանը նվագելիս. ստիպել է ինձ ողջ մարմնով փշաքաղվել: Նա կանգնած էր սենյակի վերջում: Այնպիսի տեսք ուներ, ասես այլ մոլորակից լիներ` ցից-ցից մազերով, որ ասես մորթյա թուփ լինեին նրա գլխին: Ապա սկսեց նվագել: Նրա յուրաքանչյուր նոտա տարօրինակ էր, հոգեցունց: Ես երբեք նման բան չեմ լսել, դա անհնար է նկարագրել»:
Մեկ անգամ ևս ես հեռացա Օլգայի արվեստանոցից կատարյալ ցնորքի մեջ, որտեղ Ռեբեկայի դեմքը լողում էր աչքերիս առջև: Ես նույնպես լսեցի` ինչպես էր նա ջութակ նվագում. նա կանգնած էր ուղիղ ու հաստատուն, ինչպես երեխա, աչքերը` լայն բացած, շուրթերին` ժպիտ:
Հաջորդ երեկո նա պետք է նվագեր Վորկիի տանը, և ես գնացի նրան լսելու: Օլգան, իր ակնհայտ, մակերեսային կեղծավորությամբ հանդերձ, չէր չափազանցրել: Ես նստել էի թմրության մեջ, անկարող շարժվելու: Չգիտեմ` նա ինչ էր նվագում, սակայն այն կործանարար էր, ապշեցուցիչ: Ես միայն մի բան էի գիտակցում. ես ու Ռեբեկան միասին էինք` աշխարհից կտրված, հեռու, կորած, սուզված աննկարագրելի երանության մեջ: Մենք մագլցում էինք, ապա` թռչում ավելի ու ավելի բարձր:
Հանկարծ թվաց` ջութակը սկսեց ընդդիմանալ. նա դրանով ասես մերժում էր ինձ, իսկ ես փորձում էի համոզել նրան: Ապա հետևեց հնչյունների տարափ, համաձայնության ու մերժման խառնուրդ, նոտաների խառնաշփոթ, որում միաձուլվել էին ցանկությունը, քաղցրությունն ու անտանելի հաճույքը: Զգում էի` ինչպես էր սիրտս բաբախում` նման վիթխարի նավի հարվածների, և արյունը ցնցում էր քունքերս:
Իմ մի մասն էր Ռեբեկան, իմ հոգին: Չափազանց վեհ, չափազանց հրաշալի էր դա: Մենք հասել էինք գագաթնակետին, որից հեռու անհնար էր գնալ: Թվում էր` արևը կուրացնում էր աչքերս: Ես բարձրացրեցի հայացքս. Ռեբեկան ժպտում էր ինձ: Ջութակը լռեց սքանչելիորեն գեղեցիկ նոտայի վրա. ահա և վերջ:
Զգացմունքների առատությունից ուժասպառ եղած` հենվեցի բազմոցին. Չափազա՜նց հրաշալի էր դա, չափազա՜նց հրաշալի: Միայն երեք րոպե անց ես լիովին ուշքի եկա: Ասես ընկղմվել էի հավերժության մութ անդունդի մեջ և քնել, իսկ հիմա նորից արթնացել էի:
Ինձ ոչ ոք չէր նկատել. Վորկին խմիչքներ էր բաժանում, իսկ Ռեբեկան, դաշնամուրի մոտ նստած, ինչ-որ նոտաներ էր թերթում: Երբ նրան խնդրեցին նորից նվագել, նա հրաժարվեց` ասելով, որ հոգնած է: Հյուրերի աղերսանքներից հետո նա վերցրեց ջութակը և մեկ անգամ ևս նվագեց, այս անգամ` բավականին կարճ, բայց հաճելի ու մաքուր մի կտոր` նման մանկան աղոթքի:
Երեկոյան, ավելի ուշ, նա եկավ ու նստեց կողքիս: Մի քանի վայրկյան հուզմունքից չէի կարողանում խոսել: Ապա անիծեցի ինքս ինձ հիմարությանս համար և նայեցի նրա դեմքին:
«Ձեր երաժշտությունն ինձ հիանալի զգացողություններ պարգևեց, – ասացի: – Այն գեղեցիկ էր, արբեցնող: Ես երբեք դա չեմ մոռանա: Դուք հազվագյուտ, ո՛չ, վտանգավոր տաղանդի տեր եք»:
Որոշ ժամանակ նա լուռ մնաց, ապա խոսեց իր ցածր, զուսպ ձայնով. «Ձեզ համար էի նվագում: Ուզում էի տեսնել` ինչ բան է տղամարդու համար նվագելը»: Նրա խոսքերը շփոթության մեջ գցեցին ինձ. դրանք անբացատրելի էին: Նա չէր ստում, նրա աչքերն ուղիղ իմ աչքերի մեջ էին նայում: Ժպտում էր:
«Ի՞նչ նկատի ունեք, – հարցրեցի: – Մի՞թե երբեք ոչ մի տղամարդու համար չեք նվագել: Չեմ հասկանում: Մի՞թե Ձեր տաղանդը միայն ինքներդ Ձեզ հաճույք պատճառելու համար եք օգտագործում»:
«Հավանաբար, – դանդաղ ասաց նա: – Թերևս, այդպես է, չեմ կարող բացատրել»:
«Ուզում եմ նորից տեսնել Ձեզ, – ասացի ես: – Կցանկանայի Ձեզ առանձին տեսնել, որպեսզի հնարավոր լինի հանգիստ խոսել: Օլգայի արվեստանոցում Ձեզ տեսնելուց ի վեր ես Ձեր մասին եմ մտածում: Դուք դա գիտեիք, այնպես չէ՞: Այդ պատճառով էլ այսօր երեկոյան ինձ համար էիք նվագում, այո՞»:
Ես ցանկանում էի նրանից պատասխան կորզել, ստիպել նրան ասել` այո: Սակայն Ռեբեկան թոթովեց ուսերը` խուսափելով պատասխանից, ինչն ինձ համբերությունից հանում էր:
«Ես չգիտեմ, – ասաց նա, – չգիտեմ»: Ապա խնդրեցի նրա հասցեն, և նա չմերժեց: Ասաց, որ զբաղված է, չի կարողանա տեսնել ինձ մինչև շաբաթվա վերջ: Խնջույքը շուտով ավարտվեց, և նա անհետացավ:
Օրերը հավերժություն էին թվում: Ես չէի համբերում նրան տեսնել: Անդադար նրա մասին էի մտածում:
Ուրբաթ օրը, այլևս ի վիճակի չլինելով դիմանալ, գնացի նրա տուն: Ռեբեկան ապրում էր Բլումսբըրիում` մի տարօրինակ տան մեջ, որտեղ վարձակալել էր վերևի հարկը: Տունը ձանձրալի ու մռայլ տեսք ուներ: Տարօրինակ էր, որ նա կարող էր այդտեղ ապրել:
Նա ինքը բացեց դուռն ու ուղեկցեց ինձ դեպի մի մեծ, դատարկ սենյակ` նման արվեստանոցի, որտեղ վառվում էր նավթի վառարանը: Ինձ ապշեցրեց սենյակի մռայլությունը, սակայն նա, կարծես թե, ոչինչ էլ չէր նկատում: Նա հրավիրեց ինձ նստել մաշված բազկաթոռին:
«Այստեղ ես ջութակ եմ պարապում և սնվում, – ասաց Ռեբեկան: – Հրաշալի սենյակ է, չէ՞»: Ես չպատասխանեցի, իսկ նա գնաց դեպի պահարանը, խմիչքներ ու մի քանի հնացած թխվածքաբլիթ բերեց: Իր համար ոչինչ չվերցրեց:
Նա տարօրինակ էր, անհաղորդ, ասես ձանձրանում էր իմ ներկայությունից: Մեր զրույցը հարկադրված էր, երկար դադարներով: Ես անզոր էի ասել այն ամենը, ինչ ցանկանում էի: Որոշ ժամանակ նա նվագեց ինձ համար: Դրանք բոլորը դասական գործեր էին և նույնիսկ ամենահեռավոր կերպով նման չէին այն երաժշտությանը, որ այն երեկո նրա կատարմամբ լսել էի Վորկիի տանը:
Նախքան գնալս նա ցույց տվեց իր փոքրիկ բնակարանը: Այն բաղկացած էր փոքրիկ խցից, որ նա օգտագործում էր որպես խոհանոց, խղճուկ լոգարանից և ննջարանից, որի պարզ ու աղքատիկ կահավորումը միանձնուհու խուց էր հիշեցնում: Արվեստանոցից մեկ այլ սենյակ տանող դուռ կար, որը նա ցույց չտվեց: Սենյակն, ակնհայտորեն, բավականին մեծ էր: Դա կարելի էր ենթադրել սենյակի պատուհանից, որ ավելի ուշ տեսա փողոցից հենց այն ժամանակ, երբ Ռեբեկան ցած էր քաշում ծանր վարագույրները…
(Նշում` Այստեղ որոշ էջեր ամբողջությամբ անընթեռնելի են, կեղտոտված ու գունաթափված: Շարադրանքը շարունակվում է նախադասության կեսից: Բժիշկ Սթրոնգմեն)
… «Ոչ, ցուրտ չէ, – պնդեց նա: – Ես փորձել եմ Ձեզ բացատրել, որ ես ինչ-որ առումներով տարօրինակ եմ: Ինձ երբեք ոչ ոք դուր չի եկել, ես երբեք չեմ սիրահարվել: Մարդիկ ինձ միշտ ավելի շատ վանել են, քան գրավել»:
«Ձեր երաժշտությունն այլ բան է ասում, – ընդհատեցի նրան անհամբեր: – Դուք այնպես եք նվագում, ասես ամեն, ամեն բան գիտեք»:
Նրա անտարբերությունն ինձ խելագարության էր հասցնում: Դա բնական անտարբերություն չէր, այլ հաշվարկված: Մշտապես այն տպավորությունն էր ստեղծվում, որ նա ինչ-որ բան էր թաքցնում: Զգում էի, որ երբեք չէի կարողանալու բացահայտել նրա մտքերը. նա կա՛մ քնած մանուկ էր, դեռևս չբացված ծաղկի կոկոն, կա՛մ ստում էր ինձ ամեն ինչում, որի դեպքում ցանկացած տղամարդ կարող էր նրա սիրեկանը լինել, ցանկացած մեկը:
Կասկածներն ու խանդը տանջում էին ինձ, այլ տղամարդկանց մասին միտքը խելագարացնում էր: Իսկ նա չէր փարատում կասկածներս, այլ նայում էր ինձ իր ջրի պես մաքուր, խոշոր, գունատ աչքերով, և այդ պահերին ես կարող էի երդվել, որ նա անմեղ էր: Իսկ հետո՞, հետո՞: Մի հայացք, մի ժպիտ` և վերադառնում էին իմ տառապանքն ու թշվառությունը: Նա անտանելի էր, խուսափում էր ամեն ինչից, և, այնուամենայնիվ, հենց այս ճակատագրական զսպվածությունն էր, որ հալումաշ էր անում ու կոտրում ինձ, մինչև նրա նկատմամբ տածած սերս վերածվեց մոլուցքի, կործանարար ուժի:
Ես հարցուփորձ էի անում Օլգային, Վորկիին, բոլորին, ովքեր ճանաչում էին նրան: Ոչ ոք ոչինչ չգիտեր, ոչ ոք:
Մինչ գրում եմ, մոռանում եմ օրերն ու շաբաթները: Ոչինչ կարծես հաջորդականություն չունենա: Սա նման է մեռած տեղից հարություն առնելու, փոշուց ու մոխրից վերամարմնավորվելու, որ վերապրեմ իմ ողջ անիծյալ կյանքը, քանզի ի՞նչ էր իմ կյանքը Ռեբեկային սիրահարվելուց առաջ, որտե՞ղ էի ես, ո՞վ էի ես:
Ավելի լավ է գրեմ կիրակի օրվա մասին, այն կիրակիի, որ իսկապես վերջն էր, իսկ ես սխալմամբ կարծում էի, թե սկիզբն էր: Ես ասես մթության մեջ քայլող մեկը լինեի, ո՛չ, ես լույսի մեջ աչքերս խուփ քայլող, ոչինչ չտեսնող, միտումնավոր կուրացած մեկն էի:
Կիրակի էր` կեղծ, խաբուսիկ երջանկության օրը: Ես նրա բնակարան գնացի երեկոյան` մոտ ժամը ինին: Նա սպասում էր ինձ: Հագել էր բոսորագույն զգեստ` տարօրինակ, սատանայական հագուստ, որ միայն Ռեբեկան կարող էր կրել: Նա, կարծես, ոգևորված էր, ասես արբած, վազում էր սենյակով մեկ ինչպես էլֆ:
Ապա ծալապատիկ նստեց ոտքերիս մոտ և իր բարակ, թուխ ձեռքերը պարզեց դեպի վառարանը: Նա մանկաբար ծիծաղում էր` այդպիսով նմանվելով հերթական չարաճճիությունը պլանավորող աղջնակի:
Ապա միանգամայն անսպասելիորեն շրջվեց դեպի ինձ. դեմքը` գունատ, աչքերում` տարօրինակ փայլ: «Մի՞թե հնարավոր է այնքան շատ սիրել մեկին, որ նրան ցավեցնելն անբացատրելի հաճույք պատճառի: Նկատի ունեմ` հնարավո՞ր է ստիպել մեկին խանդել, և միաժամանակ, ցավ պատճառել ինքդ քեզ: Հաճույք ու ցավ, հաճույքի ու ցավի հավասար չափաբաժիններ, ինչպես փորձարկման ժամանակ: Հազվագյուտ զգացողություն է, չէ՞»:
Չնայած նրա խոսքերն ինձ շփոթության մեջ գցեցին, ես փորձեցի բացատրել նրան, թե ինչ է իրենից ներկայացնում սադիզմը: Նա, կարծես, հասկացավ և մի կամ երկու անգամ մտախոհ գլխով արեց:
Ապա կանգնեց և դանդաղ քայլեց դեպի այն դուռը, որ ես երբեք բաց չէի տեսել: Նա կանգնեց` ձեռքը դնելով դռան բռնակի վրա: Նա տարօրինակ կերպով գունատ էր, տարօրինակ, անկառավարելի վարսերի զանգվածը թափվում էր ուսերի վրա: «Ուզում եմ Ձեզ ծանոթացնել Ջուլիոյի հետ», – ասաց նա: Ես կանգնեցի և քայլեցի դեպի նա. գաղափար անգամ չունեի` ինչի մասին էր խոսում: Նա բռնեց ձեռքս ու բացեց դուռը: Մեր առջև բացվեց ցածր առաստաղով կլոր սենյակը, որի պատերն, ասես ցանկացած ձայն խլացնելու նպատակով, զարդարված էին թավշյա վարագույրներով, իսկ պատուհանը ծածկված էր երկար, հաստ վարագույրներով: Բուխարին թույլ վառվում էր, իսկ բուխարու կողքին դրված էր թախտ` ծածկված անփութորեն նետված բարձերով: Լույսի միակ աղբյուրը փոքրիկ գիշերալամպն էր, որի պատճառով սենյակն ընկղմված էր կիսախավարի մեջ:
Սենյակի միակ աթոռը շրջված էր դեպի թախտը: Ինչ-որ բան նստած էր աթոռին: Սիրտս լցվեց ահարկու, սառը զգացումով. ասես ուրվականի էի հանդիպել: «Սա ի՞նչ է», – շշնջացի ես:
Ռեբեկան վերցրեց լապտերն ու պահեց աթոռի վրա: «Սա Ջուլիոն է», – պատասխանեց նա մեղմորեն: Ես մոտեցա: Այն, ինչ տեսա, նման էր մոտ տասնվեց տարեկան տղայի` հագին բաճկոն, վերնաշապիկ ու ժիլետ` երկար իսպանական տաբատի հետ:
Նրա` մոխրի պես գունատ դեմքն ամենաչար բանն էր, որ երբևէ տեսել էի: Բերանն ասես արյունահոսող բոսորագույն վերք լիներ` հեշտամոլ ու անբարո: Քիթը բարակ էր, քթանցքերը` կորագծով, իսկ աչքերը` դաժան, փայլուն ու նեղ` դրանցում քարացած հետաքրքրասիրությամբ: Այդ աչքերը, որ ասես բազեի աչքեր լինեին, սարսուռ էին հաղորդում մարմնիդ: Հարթ, սև մազերը դեպի հետ էին սանրված` ցուցադրելով սպիտակ ճակատը:
Դա քմծիծաղը դեմքին զազրելի սատիր էր:
Հիասթափության տարօրինակ զգացում համակեց ինձ. անտեղյակության, լուռ կասկածամտության անօգնական զգացողություն:
Աթոռին նստածը տղա չէր: Տիկնիկ էր: Չափազանց նման կենդանի մարդու, վառ արտահայտված անազնիվ բնույթով, բայց` տիկնիկ:
Ընդամենը` տիկնիկ: Այդ աչքերի անհեթեթ հայացքը ուղղված էր դեպի ինձ, չար բերանը ծռմռված էր հիմար քմծիծաղից: Ես նայեցի Ռեբեկային. նա հետևում էր դեմքիս արտահայտությանը:
«Չեմ հասկանում, – ասացի ես, – ի՞նչ է այս ամենը նշանակում: Որտեղի՞ց եք ձեռք բերել այս նողկալի խաղալիքը: Սա ի՞նչ կատակ է»: Բառերս արտաբերվում էին կտրուկ, անհանգստություն ու սառնություն էր ինձ պատել: Հաջորդ վայրկյանին սենյակը սուզվեց մթության մեջ. նա անջատել էր լամպը: Ես զգացի նրա թևերը պարանոցիս շուրջը, իսկ շուրթերը` շուրթերիս վրա:
«Կուզե՞ք ասեմ, որ սիրում եմ Ձեզ, – շշնջաց նա, – կուզե՞ք»:
Ասես տաք ալիք հարվածեց ինձ, հատակը սկսեց երերալ ոտքերիս տակ: Նա սեղմվեց ինձ ու համբուրեց պարանոցս. ես զգում էի նրա մատները պարանոցիս հետևում: Նրա ձեռքերը սահեցին մարմնիս վրայով, և նա նորից համբուրեց ինձ: Դա խելագարություն էր, մահվան պես ավերիչ:
Չգիտեմ` որքան ժամանակ այդտեղ կանգնեցինք, ես ոչինչ չեմ հիշում` ոչ խոսքեր, ոչ մտքեր, ոչ երազանքներ, միայն` այդ մութ սենյակի լռությունը, բուխարու աղոտ կրակը, սրտիս զարկերը, ականջներումս լսվող հնչյունները և Ռեբեկան, Ռեբեկան… Ժամեր էին անցել, թե տարիներ` չեմ կարող ասել, բայց երբ գլուխս բարձրացրեցի, հայացքս հանդիպեց անիծյալ տիկնիկի աչքերին:
Թվում էր` դրանք խեթ-խեթ ու խորամանկ հայացքով ինձ էին նայում, մեկ հոնքը բարձր էր, իսկ արնագույն նենգ բերանը` ծռված: Ուզում էի ցատկել նրա վրա, ջարդուփշուր անել նրա անտանելի, քմծիծաղ տվող դեմքը, ոտնատակ անել նրա կեղտոտ մարմինը, որ այդքան նման էր մարդկային մարմնի: Ռեբեկան պետք է խենթ լիներ այդպիսի խաղալիք պահելու համար: Ո՞րն էր նա շարժառիթը, որտե՞ղ էր գտել այն: Սակայն նա չպատասխանեց իմ հարցերին:
«Արի այստեղ, – ասաց նա` ինձ քաշելով սենյակից դուրս և կրկին տանելով շլացնող լույսով ողողված դատարկ արվեստանոց: – Դու պետք է հեռանաս հիմա, – ասաց շնչակտուր, – բոլորովին մոռացել էի, որ արդեն ուշ է»: Ես փորձեցի կրկին գրկել նրան, ուզում էի նորից ու նորից համբուրել նրան. նա, անշուշտ, չէր ցանկանում, որ գնայի:
«Վա՛ղը, – ասաց նա` համբերությունից դուրս գալով, – վա՛ղը, խոստանում եմ: Միայն ո՛չ հիմա: Ես հոգնած ու շփոթված եմ: Չե՞ս տեսնում: Ինձ մենակ թող, միայն այս գիշեր: Ես ցնցված եմ, ես ոչինչ չեմ հասկանում»:
Նա անհամբերությամբ ոտքը խփեց հատակին: Նա հիվանդ տեսք ուներ: Դիմադրելն անօգուտ էր: Ես վերցրեցի իրերս ու գնացի: Ես քայլում ու քայլում էի, կարծում եմ` ողջ գիշեր:
Ես դիտեցի գորշ ու անարև արշալույսը, որ բացվեց Հեմպսթետ-Հիթի վրա: Մռայլ երկնքից թափվում էին անձրևի ծանր կաթիլները:
Մարմինս սառել էր, սակայն ուղեղս այրվում էր: Հերթական անգամ համոզվեցի, որ Ռեբեկան ստել էր ինձ. հենց ինձ համբուրելու պահից ես հասկացա, որ նա ստել էր: Քանի՞ սիրեկան էր նա ունեցել: Հի՞նգ, տա՞սը, քսա՞ն: Կամ մի՞թե կապ ուներ դրանց թիվը: Ես նրանց թվին չէի պատկանում: Ո՛չ, չէի պատկանում:
Չգիտեմ` ինչպես հայտնվեցի Քեմդեն Թաունի մոտակայքում: Փողոցներում դղրդում էին ավտոբուսները: Դեռ անձրևում էր: Կողքովս անկանոն գնում-գալիս էին անձրևանոցների տակ կռացած մարդիկ:
Ինչ-որ տեղ տաքսի գտա ու տուն գնացի: Առանց հանվելու մտա անկողինս ու քնեցի երկար քնով: Երբ արթնացա, նորից մութ էր. պետք է որ երեկոյան վեցի կողմերը լիներ: Հիշում եմ` ինչպես մեխանիկորեն լվացվեցի, ու քայլերս ինձ նորից տարան Բլումսբըրիի ուղղությամբ:
Հասա նրա բնակարանին ու զանգը տվեցի:
Նա, առանց մի բառ ասելու, ներս թողեց ինձ ու նստեց արվեստանոցում` նավթի վառարանի մոտ: Ասացի, որ ուզում էի նրա սիրեցյալը լինել: Նա չպատասխանեց: Նրա աչքերի տակ կարմիր օղակներ էին, իսկ շուրթերի շուրջը` կարմիր գծեր. ասես լաց էր եղել: Ես կռացա` նրան համբուրելու, բայց նա հրեց ինձ:
Ապա սկսեց արագ խոսել. «Դու պետք է մոռանաս անցած գիշերվա կատարվածը: Այսօր եմ միայն հասկանում, որ սխալ եմ գործել: Ես ինձ լավ չեմ զգում, չեմ քնել: Այս ամենն ինչ շատ է անհանգստացրել: Ինձ մենա՛կ թող»:
Ես փորձեցի նրան գիրկս առնել ու կոտրել նրա երկաթե սառնությունը: Նույն բանն էր, ինչ եթե մուրճով երկաթե պատին հարվածես: Ռեբեկան իր սառցե շուրթերով սառն ու անշարժ քարացել էր իմ գրկում: Ես հուսահատ բաց թողեցի նրան: Դրան հետևեց կասկածի ու տառապանքի ևս մեկ շաբաթ: Երբեմն նա լռության մեջ նստում էր ինձնից հեռու, երբեմն էլ կարող էի երդվել, որ սիրում էր ինձ: Իրեն դիպչել թույլ չէր տալիս, տրամադրություն չուներ` ասում էր: Ես պետք է սպասեի, մինչև նրա մոտ կրկին ցանկություն առաջանար: Պետք է սպասեի անորոշության ու տառապանքի մեջ: Նա այլևս չէր հիշատակում Ջուլիոյի մասին: Մենք այլևս երբեք չգնացինք այդ սենյակ: Ես հարցրեցի` ինչ էր արել դրա հետ: Ուզում էի իմանալ` ի վերջո, ինչ էր թաքնված այդ ամենի հետևում: Նա խուսափողական պատասխան էր տալիս և թեման փոխում: Անօգուտ էր նրան ճնշել: Նա ինձ կատաղության էր հասցնում, նա անտանելի էր:
Սակայն, անկախ ամեն ինչից, ես չէի կարող հեռու մնալ նրանից: Ես չէի կարող ապրել առանց նրա:
Երբեմն նա նուրբ ու քնքուշ կարող էր լինել: Նստում էր ոտքերիս մոտ, խոսում էր իր երաժշտության, իր ապագա ծրագրերի մասին: Նա միշտ փոխվում էր: Երբեք նույնը չէր:
Ես անհույս էի: Ես հայտնվել էի ծիծաղելի վիճակում, բայց ի՞նչ կարող էի անել: Նա ինձ համար խելագարություն, մոլուցք էր դարձել:
Ահա և հասա վերջին երեկոյին, եզրափակիչ երեկոյին: Այնուհետև` խորտակում, դատարկություն, դժոխային անդունդ ու հուսահատություն, կատարյալ անզորություն:
Թույլ տվեք պարզաբանել` երբ դա եղավ, ժամը քանիսին: Հավանաբար, ժամը ութն էր: Չեմ հիշում: Ես արդեն հեռանում էի նրա բնակարանից: Նա ուղեկցեց ինձ մինչև դուռը:
Հանկարծ փաթաթվեց ինձ ու սկսեց համբուրել… Պատկերացրեք չոր անապատում թափառող մարդկանց, ում մարմիններն այնպես են այլանդակվել արևից` նրանց վերածելով արևից խանձված ու չորացած, խեղված ու աղավաղված ահասարսուռ հրեշների: Եվ ահա նրանց ճանապարհին ջուր է հայտնվում:
Ես գիտեմ` դա ինչ է, քանզի ես էլ նրանցից մեկն եմ:
Կարող եք ծիծաղել այս համեմատությունների վրա, ինձ խելագար համարել: Բայց ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում:
Աշխարհում շատ կանայք կան, բայց դուք չե՛ք համբուրել Ռեբեկային, որտեղի՞ց իմանաք:
Հիմարներ, որ այդպես էլ քնած եք մնացել, գործի չեք դրել ձեր երևակայությունը…
(Նշում` Այստեղ տեքստն անընթեռնելի է, և հաջորդող էջի մեկ-քառորդը բաղկացած է կտրտված նախադասություններից ու կիսատ մտքերից: Գրվածքը շարունակվում է հետևյալ կերպ:)
Ավերիչ զգացողություն էր: Նա թույլ տվեց նորից ու նորից համբուրել իրեն: Ես նրա դեմքն առա ափերիս մեջ ու նայեցի նրա աչքերի մեջ:
«Ովքե՞ր են եղել քո սիրեկանները, – հարցրեցի: – Որքա՞ն հաճախ ես այսպես համբուրել նրանց: Ո՞վ է սովորեցրել քեզ այսպես համբուրվել: Ո՞վ էր առաջինը, ամենաառաջի՛նը: Ասա՛ ինձ»:
Աչքերիս առաջ ցասման մշուշ էր, ձեռքերս դողում էին:
«Երդվում եմ, որ դու առաջին տղամարդն ես, ում երբևէ համբուրել եմ: Երդվում եմ, որ քեզնից առաջ երբեք չի եղել ուրիշ տղամարդ: Երբե՛ք, երբե՛ք»:
Նա նայեց ուղիղ ինձ: Ձայնը վստահ էր: Ես տեսա, որ ճշմարտությունն էր ասում:
«Իսկ այժմ պետք է գնաս, – ասաց նա: – Վաղը կգաս. մենք այնքա՜ն բան կունենանք միմյանց պատմելու, այնքա՜ն բան»:
Նա ժպտաց ինձ: Նրա ինքնամփոփության սառցե պատի միջով ես կարողացա տեսնել թաքնված կրակը:
Հիշում եմ` ինչպես դուրս եկա նրա բնակարանից ու ճաշեցի ինչ-որ տեղ: Գլուխս այրվում էր: Այնպիսի տպավորություն էր, ասես աստվածների մեջ էի քայլում: Անհավատալի էր, որ Ռեբեկան կարող էր սիրել ինձ, որ ես կարող էի նման երջանկության արժանանալ: Ուզում էի գոռալ: Ուզում էի ցած նետել ինձ տանիքից:
Տուն գնացի, վեր ու վար արեցի սենյակով մեկ: Չէի կարող քնել, լարվածությունը մարմնիս յուրաքանչյուր նյարդի մեջ էր:
Կեսգիշեր էր. ես այլևս ի զորու չէի դիմանալ: Ես պետք է գնայի Ռեբեկայի մոտ, պե՛տք է գնայի: Զգում էի, որ իմ սերը նրա նկատմամբ այնքան ուժեղ էր, որ նա պետք է իմանար այդ մասին: Նա պետք է որ ինձ սպասելիս լինի: Նա կհասկանա, անպայման կհասկանա:
Չգիտեմ` ինչպես հասա նրա տուն: Մի քանի վայրկյան` և ես արդեն կանգնած էի փողոցում ու նայում էի նրա պատուհաններին:
Կիսաքնած գիշերային դռնապանին համոզեցի ներս թողնել ինձ, բարձրացա վեր և ականջ դրեցի նրա դռան մոտ. ներսից ոչ մի ձայն չէր լսվում: Ասես գերեզմանի մուտք լիներ:
Ձեռքս դրեցի բռնակի վրա ու դանդաղ պտտեցի այն: Ի զարմանս ինձ` դուռը կողպված չէր. հավանաբար իմ հեռանալուց հետո Ռեբեկան մոռացել էր բանալին պտտել:
Ես ներս քայլեցի. ամեն ինչ մթության մեջ էր: «Ռեբեկա, – կանչեցի կամացուկ, – Ռեբեկա»: Պատասխան չկար:
Նրա ննջարանի դուռը բաց էր, սակայն ներսում ոչ ոք չկար:
Ապա գնացի խոհանոց ու լոգարան. երկուսն էլ դատարկ են:
Ես հասկացա: Սառը, կպչուն սարսափը պատեց սիրտս:
Նայեցի մյուս սենյակի ուղղությամբ: Նրա` Ջուլիոյի սենյակի:
Գիտեի, որ Ռեբեկան այնտեղ էր, տիկնիկի` Ջուլիոյի հետ:
Ես շոշափելով հասա սենյակին ու հարվածեցի դռանը: Այն կողպված էր: Ոտքով հարվածեցի ու սկսեցի դուռը քերել եղունգներով: Դուռը տեղի տվեց ծանրությանս տակ: Ռեբեկան կատաղի ճիչ արձակեց ու վառեց լամպը:
Օ՜, Աստված իմ, ես երբեք չեմ մոռանա նրա աչքերը, այդ աչքերում փայլող պիղծ բերկրանքը և նրա մոխրագույն, մոխրագույն դեմքը:
Ես ամեն ինչ տեսա` սենյակը, թախտը, ես ամեն ինչ հասկացա: Ինձ համակեց մահացու սրտխառնոց, սարսափելի հուսահատություն:
Եվ ողջ ընթացքում նրա ստոր, կեղտոտ դեմքն ինձ էր նայում: Նրա աչքերն անկյանք, սառած հայացքով անթարթ ինձ էին նայում: Նրա խոնավ, արնագույն շուրթերը հեգնանք էին արտահայտում, հարթ, մուգ մազափնջերը կախված էին այտի վրա: Դա պտուտակներով աշխատող մեխանիզմ էր, դա կենդանի մարդ չէր, բայց գարշելի էր, զարհուրելի:
Ռեբեկան շրջվեց դեպի ինձ: Նրա ձայնն անտարբեր էր, հեռավոր, ոչ երկրային:
«Եվ դու սպասում էիր, որ կսիրե՞մ քեզ: Չե՞ս տեսնում, որ չեմ կարող, չեմ կարող: Ինչպե՞ս կարող եմ սիրել քեզ կամ մեկ այլ տղամարդու: Հեռացի՛ր, մենա՛կ թող ինձ: Ես ատում եմ քեզ: Ես ատում եմ ձեզ բոլորիդ: Դուք ինձ պետք չեք: Չե՛մ ուզում ձեզ»:
Սիրտս փշուր-փշուր եղավ: Ես շրջվեցի ու հեռացա: Վազեցի դեպի փողոց: Արցունքները հորդում էին աչքերիցս, ես բարձրաձայն հեծկլտում էի, բռունցքս թափահարում էի աստղերի ուղղությամբ…
Ահա և ամենը, այլևս ասելու, պատմելու ոչինչ չկա: Հաջորդ օրը գնացի նրա տուն, սակայն նա գնացել էր, երկուսն էլ գնացել էին: Ոչ ոք չգիտեր` որտեղ էր նա: Ես բոլորին հարցուփորձ արեցի, սակայն ոչ ոք ոչինչ չգիտեր:
Ամեն ինչ աղոտ է, անիմաստ: Ես այլևս չեմ տեսնի Ռեբեկային, ոչ ոք նրան նորից չի տեսնի: Ռեբեկան ու Ջուլիոն հավերժ միասին կլինեն: Օրեր ու գիշերներ կանցնեն, և ոչինչ: Նրանք կհետապնդեն ինձ: Ես հավերժ կկորցնեմ քունս: Ես անիծված եմ: Ես չգիտեմ` ինչ եմ ասում, ինչ եմ գրում: Ի՞նչ պետք է անեմ: Օ՜, Աստված իմ, ի՞նչ եմ անելու: Ես անզոր եմ ապրել, անզոր եմ հաղթահարել…

Թարգմանությունը անգլերենից` Լիլիթ Հովհաննիսյանի

Share Button

1 Կարծիք

  • Մանե says:

    Հրաշալի պատմվածք և նույնքան հրաշալի թարգմանություն: Տառապանքի այսչափ գեղեցիկ նկարագրությունը մարդու սրտի թելերին է դիպչում…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *