Դավիթ Ավետիսյան | Համզան

Երիտասարդ տարիներիս իմ ընկերների մեծ մասը տարիքն առած, կյանքի ճանապարհ անցած մարդիկ էին, նրանք իմ ավագ խորհրդատուներն էին: Իմ հաջողությունների համար ես պարտական եմ նաև նրանց: Նրանցից մեկը Արմեն Գարուշիչն էր, ով թեև կարգին կրթություն չէր ստացել, սակայն կյանքի խորագետ էր ու լավ փիլիսոփա: Մի առիթով ինձ ասաց, որ ռեստորան գնալիս կամ տաքսի նստելիս նախ ճշտեմ մատուցողի կամ վարորդի անունը, խոսքեր շռայլեմ նրանց հասցեին: Չէ՞ որ երկուսին էլ քո կյանքն ու առողջությունն ես վստահում: Ես նրա խորհրդին տարիներ ի վեր հետևում եմ: Գերմանիայի Թյուրինգեն քաղաքում էի, տաքսի նստեցի, չգիտես ինչու՝ ռուսերենով փորձեցի ճշտել վարորդի անունը: Նա ռուսերեն հասկանում էր (հավանաբար Արևելյան Գերմանիայից էր): Ինձ ասաց իր անունը` Համզա:
Նրա անունն ինձ զարմացրեց: Ղեկին նստածը տիպիկ գերմանացի էր` կապույտին տվող աչքերով, նիհարավուն կազմվածքով, քիչ դեղնած դեմքով, մարմնին նայելիս կարելի էր ասել, որ բարձր հասակ ունի: Դեմքը տխուր էր ու մտահոգ: Ճանապարհը երկար էր, որոշեցի նրա հետ զրույցի բռնվել: Բնականաբար առաջին հարցը վերաբերեց անվանը:
– Դուք գերմանացու դեմք ունեք, ինչո՞ւ է ձեր անունը Համզա:
Նրա դեմքը մթնեց.
– Երկար պատմություն է։
Հետաքրքրությունս շարժվեց, զգացի, որ անսովոր մի դիպվածի հետ գործ ունեմ։
– Այնուհանդերձ,- ասացի,- ցանկալի է իմանալ։
– Փորձեմ կարճ պատմել: Իրոք, մերոնք տոհմիկ գերմանացիներ են, կաթոլիկ: Տատիկս` Ֆրաու Յիտան, խոր քրիստոնյա էր: Եկեղեցու պատարագները բաց չէր թողնում: Ինձ էլ էր հետը տանում: Ես երգում էի եկեղեցու երգչախմբում: Դպրոցից հետո վարորդական դասընթացը ավարտեցի: Սկսեցի տաքսի վարել ու այդպես մինչև այսօր: Գործատուն ինձնից գոհ էր, կարողանում էի մարդկանց հետ շփվել, հաճախորդներ շատ ունեի, վարձատրությունն էլ վատ չէր: Տատիկս ինձ հորդորում էր ամուսնանալ, ընտանիք կազմել: Մայրս թեկնածուներ էր որոնում: Սակայն ոչ մեկն իմ սրտով չէր, չէր ստացվում ու չէր ստացվում: Արդեն երեսուն տարեկան էի: Աշնանային օր էր, սովորականի նման մտա գրասենյակ` պատվերներ ստանալու: Երբ ներս մտա, տեսա մի աղջկա, որը, ինչպես հետո պարզվեց, մեզ մոտ նոր էր աշխատանքի ընդունվել: Պատվերներն էր համակարգում: Իմ գործատու Սամուելն ինձ ծանոթացրեց նրա հետ: Անունը Ֆաթիմա էր: Նրա փարթամ մազերը դուրս էին թափվել գլխաշորի տակից: «Բանտարկված գեղեցկություն», մտածեցի ես: Աչքերը խոշոր էին, սև ու փայլուն, բոցավառվում էին անապատի արևի նման, շուրթերը հաստ էին, բայց նրբագեղ: Աչքերի և շուրթերի դաշնությունն ընդգծում էին այն գերբնական ուժը, որը կարող է մագնիսի նման իրեն ձգել ցանկացած տղամարդու: Ես բացառություն չէի: Ֆաթիման ընդամենը տասնինը տարեկան էր: Սլացիկ հասակ ուներ:
Հետո նա ընդհատեց իր պատմությունը, ինձ թվաց, թե նրբանկատորեն ուզում էր ճշտել՝ ցանկություն ունե՞մ լսելու շարունակությունը: Ես խախտեցի լռությունը:
– Համզա՛, ինչու ընդհատեցիր, շարունակիր,- ասացի:
Համզան շարունակեց.
– Դե, ինչ ասեմ, ես մինչև ականջներս սիրահարվեցի այդ աղջկան: Գործատեր Սամուելը դա նկատել էր և կեսկատակ, կեսլուրջ ասաց. «Պարո՛ն Յորգեն, այնպես արա՝ աշխատանքդ չկորցնես»: Իրոք, աչքիս աշխատանքը չէր գալիս, առիթ էի փնտրում, որ մտնեմ գրասենյակ և տեսնեմ Ֆաթիմային: Ժամանակի ընթացքում մտերմացա նրա հետ: Սկսեցինք հանդիպել: Զգում էի, որ նա էլ իմ նկատմամբ անտարբեր չէ: Հանդիպում էինք: Նրան սիրո խոստովանություն արեցի, իսկ հետո` ամուսնության առաջարկ: Նա ասաց, որ ինքն էլ է համակրում ինձ, բայց ամուսնանալ չի կարող, լուրջ խոչընդոտ կա. ինքը մուսուլման է, և հարազատները թույլ չեն տա, որ ամուսնանա քրիստոնյայի հետ: Եվ որպես ելք առաջարկեց, որ ես իսլամ ընդունեմ: Երբ տնեցիներն այդ մասին իմացան, ուղղակի ասացին, որ այդ դեպքում ես իրենց համար գոյություն չունեմ: Տատս իմ զանգերին չէր պատասխանում: Նույնիսկ պատվիրել էր, որ իր մահվան դեպքում թաղմանը չմասնակցեմ: Ծնողներս այդպես էլ արեցին, նրա մահվան մասին ինձ չտեղեկացրին: Հիմա ես հաճախակի ծաղիկներ եմ տանում նրա գերեզմանին ու չգիտեմ, թե գոնե այն աշխարհում նա ինձ ներե՞լ է, թե՞ ոչ: Սրտիս վրա մի մեծ խոց մնաց… Սիրո համար փակ ճանապարհներ չկան: Ես համաձայնեցի իսլամ ընդունել: Այդ նպատակով գնացի Ստամբուլ, որտեղ Ֆաթիմայի եղբայրը` Մուստաֆան, ինձ տարավ մզկիթ, և իսլամի բոլոր կանոններով մուսուլման դարձա: Անունս էլ փոխեցին: Չգիտես ինչու՝ մոլլան ինձ անվանակոչեց Համզա: Այնուհետև ես ու Ֆաթիման ամուսնացանք: Ես շատ երջանիկ էի:
Համզան նորից ընդհատեց պատմությունը: Այս անգամ նրա աչքերում արցունքներ նկատեցի: Անտեղի համարեցի պնդել, որ շարունակի պատմությունը: Որոշ ժամանակ մենք լուռ էինք, ամեն մեկս մեր մտքերի հետ: Հետո Համզան խախտեց լռությունը.
– Ամուսնության սկզբում մենք երջանիկ էինք: Երկու երեխա ունեցանք: Հետո սկսեցին խնդիրներ առաջանալ: Մեր մշակույթների տարբերությունը սկսեց զգացնել տալ: Ֆաթիման վերցրեց երեխաներին և գնաց Ստամբուլ: Ես մենակ մնացի: Որոշ ժամանակ անց ես գնացի նրանց ետևից, բայց իզուր: Նա ինձ չընդունեց: Մուստաֆայի հետ վիճաբանություններ ունեցա, բանը հասավ ծեծկռտուքի: Ֆաթիման անցավ եղբոր կողմը: Ինձ ուրիշ բան չէր մնում, քան վերադառնալ հայրենիք: Մինչև այսօր ո՛չ Ֆաթիմայից, ո՛չ երեխաներից որևէ լուր չունեմ:
– Համզա, չե՞ս ուզում նախկին անունդ վերականգնել:
– Չէ, ինչի՞ համար, Ֆաթիմայի սիրուց մնացած իմ միակ հիշատակն է:
– Իսկ կրո՞նդ:
– Չէ, դա էլ չեմ արել, ես գնալով այդ կրոնի հավատավորը դարձա, մզկիթ եմ հաճախում, աղոթում՝ ինչպես մնացած մուսուլմանները, Ղուրանի գաղափարներն ինձ դուր են գալիս: Եվ հետո էլ՝ կրոնները միմյանցից տարբերվում են միայն դեկորացիաներով:
– Համզա՛, իսկ ո՞րն էր քո և Ֆաթիմայի բաժանման հիմնական պատճառը:
– Նա պնդում էր, որ այս երկրում հնարավոր չէ երեխաներին իսկական մուսուլման դաստիարակել, ինձ առաջարկում էր բնակություն հաստատել Թուրքիայում: Չհամաձայնեցի: Գերմանիան ես շատ եմ սիրում: Ամեն մեկը ազատ է կրոնն ընտրելու հարցում, բայց հայրենիքը մեկն է, նրանից չի կարելի հրաժարվել: Ո՞վ է մեզ իրավունք տվել, որ մենք երեխաներին այս կամ այն կրոնի հավատավոր դարձնենք: Մարդը կրոնը պետք է ընտրի հասուն տարիքում, երբ հասկանում է դրա իմաստը, երբ այդ են թելադրում նրա սիրտն ու հոգին: Եվ հետո ազգությունը, կրոնը և հայրենիքը չի կարելի նույն հարթության վրա դնել:
Համզայի հետ կարելի էր համաձայնել, կարելի էր վիճել, բայց դա էր նրա համոզմունքը:
– Իսկ դու ի՞նչ ազգ ես, – հարցրեց Համզան:
– Ես հայ եմ:
– Հայերին լավ եմ ճանաչում, գործունյա մարդիկ են, իմ գործատուն, պարոն Սամուելն էլ է հայ, լավ մարդ է: Երկար տարիներ նրա մոտ եմ աշխատում, ամենադժվար պահերին միշտ էլ իմ կողքին է եղել:
Արդեն տեղ էի հասնում: Վճարեցի, ցտեսություն ասացի, սակայն նրա տխուր հայացքն ու աչքերից թափվող արցունքները մնացին իմ հիշողության դարակներում:

Share Button

7 Կարծիք

  • Հ. Հովհաննիսյան says:

    Դ. Ավետիսյանը նկատում և գրական երկի նյութ է դարձնում շատ հաճախ սովորական, աննշան թվացող դեպքեր, երևույթներ, որոնք, սակայն, իրականում մարդկային հոգու նրբերանգների դրսևորումներ են: Սերը, գեղեցիկը, հավատարմությունը չեն վրիպում նրա աչքից: Մանկությունից ջերմեռանդ կաթոլիկ դաստիարակված Համզոն հանուն սիրո կրոնափոխ է դառնում, փոխում է իր անունը, սակայն տարբեր մշակույթների պատկանող անձանց միջև ծագած հազար ու մի տարաձայնությունների պատճառով բաժանվում է սիրելի կնոջից:Թվում է, թե գերմանացի երիտասարդը ունեցել է հիասթափվելու, դառնանալու հիմնավոր պատճառներ, սակայն գեղեցիկ սիրո հուշը նա իր սրտում պահպանում է, հավատարիմ է մնում իր զգացմունքին՝ իր սիրուն,և այստեղ բոլորովին էլ կրոնը չէ կարևորը:Կրոնական տարբերությունները անզոր են մարդկային ամենագեղեցիկ զգացմունքի՝ սիրո առջև: Հազրոն այն մարդկանցից է, ում համար թանկ է սիրո հուշը, ով չի չարանում, ով հավատարմությունը արատ չի համարում: Հեղինակը Հազրոյին ներկայացնում է որպես շատ սովորական առօրյայով ապրող տաքսիստի, ում հոգում, սակայն, հարատևում է սերը:
    Պատմվածքը ստացվել է, ասելիքը հասնում է ընթերցողին, Դ. Ավետիսյանի փոքրածավալ արձակ էջերը իրական կյանքի պատառիկների գեղարվեստական հետաքրքիր արտացոլումներ են:

  • Ռ.Ավետիսյան says:

    Դ.Ավետիսյանի «Համզան» նովելում մարդկային ճակատագրի հուզիչ մի դրվագ է պատկերված` հոգեբանական համոզիչ վարպետությամբ: Նովելի, որ նույնն է թե երկխոսության հերոսը` Յորգեն-Համզան, ակամա ճակատագրական երկընտրանքի առաջ է հայտնվում: Եվ նա, մի կողմ թողնելով քրիստոնեական պատգամներն ու ազգային ավանդույթները, գնում է սիրո հետևից: Երևի այդ զոհաբերությունները քիչ էին գեղատեսիլ մուսուլմանուհուն: Ու հերոսի առջև դրվում է նաև հայրենիքը լքելու խնդիրը: Գերմանացին չի գնում այդ քայլին: Ու երկուստեք անափ սիրո վրա կայացած ընտանիքը, ուր արդեն զույգ երեխաներ կային, քայքայվում է:
    Կարծում եմ նովելի ամենալավ հատվածն, այնուամենայնիվ, բաժանումից հետո Համզայի ապրումներն են. նրա մեջ այնքան խորն է արմատներ գցել Ֆաթիմայի սերը, որ նա ոչ միայն վրեժի մասին չի մտածում, այլև չի ուզում վերստին վերադառնալ իր գերմանական անվանն ու քրիստոնեական կրոնին, քանի որ իր թուրքական անունն ու կրոնը հիշեցնում են իր սիրած կնոջը, որից ֆիզիկական բաժանումը գրեթե ոչինչ չի փոխել նրա հոգում` նույն նվիրումը, նույն հոգեկան սպառումը նրա համար: Մեզ` հայերիս համար, ցավալի է, որ մուսուլմանական հավատն ու այն կրողները հաճախ ավելի հավատարիմ են իրենց կրոնին ու բարքերին, այն կարողանում են պարտադրել նաև ուրիշներին: Սակայն այս մի քանի էջանոց գործում երկխոսության վրա կառուցված իրողությունները այնքան արագ են առաջ սլանում, որ տեղ չեն թողնում նման դատողությունների համար, ու թեև նովելում հընթացս շոշոփվում են նաև այլ կարևոր հարցեր` հայրենիքի, սիրո, հավատի, թեև հերոսը ի վերջո հայրենիքը գերադասում է սիրուց, այնուամենայնիվ գործի հիմնական ընդգծումը սերն է, որը Համզայի միակ արդարացումն է ու մխիթարանքը:
    Երկը ընթերցվում է հետաքրքրությամբ` խորապես հուզելով յուրաքանչյուրի:

  • Տաթևիկ says:

    Շատ տպավորիչ պատմություն էր:Իրականության արտացոլանքն ու հեգնանքը ստիպում է մեզ մտածել այս ամենի շուրջ,,,,Շնորհակալություն պ. Ավետիսյան

  • Կարինե Գրիգորյան says:

    Հրաշալի պատմություն էր,,,այնքան հուզիչ էր,, Այս պատմությունը հազարավոր իրական դեպքերի վառ արդյունքն էր

  • Սուրեն says:

    Մի շնչով ընթերցեցի,,,,դինամիկ և այսքան խորիմաստ պատմություն վաղուց չէի ընթերցել

  • Ա. Եփրեմյան says:

    Շատ գեղեցիկ ու տպավորիչ պատմություն էր՝ սիրո, պայքարի ու մարդկային փոխհարաբերությունների մասին…

  • Տիգրանուհի Հ. says:

    Կյանքի սովորական թվացող դիպվածից, հերթական զրույցից ծնված պայքարի ու հիասթափության հավերժական թվացող պատմություն:
    Հ.Գ. Քանի պատմվածքներ կգրվեին, եթե շատերը լսածն այսպես վերարտադրել կարողանային՝ պարզ, բայց ոչ պարզունակ՝ մատչելի, հետաքրքիր …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *