ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ | Մահը որպես ապրելու առիթ ու ընտրության հնարավորություն` կենդանի խոզի ու ճամպրուկի միջև

Հայկ Համբարձումյան

...ո՞վ ես, ի վերջո:
-Մասնիկն եմ այն ուժի,
որ հավիտյան տենչում չարիք, բայց բարիք է գործում միայն

Գյոթե, Ֆաուստ

Ֆաուստից բերվող այս բնաբանով է բացվում Միխաիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը, որտեղ մեֆիստոֆելյան` մարդկանց կյանքը մահվան միջոցով, իսկ բարին չարի միջոցով արժևորել գնահատել տալու սատանայական, բայց խորքում կենսասիրական առաքելությունը շարունակում է բուլգակովյան Մեֆիստոֆելը` Վոլանդը: Նա իր շքախմբով անակնկալ հայտնվում է խորհրդային պետության մայրաքաղաքում, ապա անհավատ-անաստվածների միջավայ­րում սկսում են տեղի ունենալ աներևակայելի բաներ, որոնք ստիպում են մարդկանց հավատալ ոչ միայն չար ուժերի, այլև Աստծո, գոյությանը:
ճիշտ այսպես` շատ անսպասելի, Գուրգեն Խանջյանի արձակում ի մասնավորի նոր` «Ենոքի աչքը» վեպում է հայտնվում ոչ օրինական ծագմամբ գլխավոր հերոսը` Գրոֆոն ու սկսում տարբեր միջոցներով` աճպարարությամբ, թատերախաղով, սիրով, սպառնալիքներով մարդկանց համոզել հավատալու, որ մահը կա ու ոչ ոք այն չի հետաձգել, սակայն դրանից առաջ կա նաև կյանքը, որը պետք է հասցնես ապրել մինչ անխուսափելի վախճանը. «Չէ, սիրելիս,-ասաց` հեռացնելով շեփորը բերանից,-ես չէի գնա, ես այդ կտերը չեմ ուտում, դա ինձ համար չէ: Ես ապրել եմ ուզում, ես սիրում եմ կյանքը, ես լեցուն եմ կյանքով այնպես, որ իմ միջից կյանք է թափում, աչքերիցս, քթիցս, առնանդամիցս…Իսկ քո մեջ կյանքի փոխարեն արհեստական բաներ են լցոնված` մեղք, մարդասիրություն, ազգասիրություն, եսիմ էլ ընչասիրություն…»(էջ 131)[1]:
Արկածային-պիկարոյական վեպերի հերոսներին նմանվող Գրոֆոն, իր խորհրդավոր էությամբ, մարդկանց ճանաչողության ու նաև մեղքերի մղելու գործառույթներով մեֆիստոֆելյան կերպար է, ով շարժման մեջ է դնում այն ինչն անշարժ է, կենդանացնում վեպի մյուս կերպարներին` Արուսին, Խորենին, Գոռին, Ումային:
Մեֆիստոֆել-Վոլանդ-Գրոֆո կերպարային հաջորդականությունը հիմ­նավոր­վում է վեպի առաջին մասերում` Գրոֆոյի կերպարի խորհրդավո­րությամբ, ընգծված թատերայնությամբ, նաև Ենոքի ապակի աչքի հետ ունեցած առնչությամբ: Բուլգակովի վեպում ընդգծվում է Վոլանդի ձախ` արհեստական աչքը, որով նա նա­յում էր մարդկանց, երբ ցանկանում էր վախեցնել, իսկ Գուրգեն Խանջյանի վեպում այդպիսի իմաստային ծանրաբեռնվածություն ունի Ենոքի ապակե աչքը:
Ծերունի Ենոքն իր ամբողջ կերպարով` մահվանից վախով, մահվան մասին երկարաշունչ փիլիսոփա­յումներով, դատարկ ակնախոռոչով ու ապակե աչքով, մյուս հերոսներին հիշեցնում է մահվան մասին, իսկ հետագայում ապակե աչքի փոխանց­մամբ այդ գործառույթը փոխանցվում է Գրոֆոյին. «Մտածում եմ` մարդկային քաղաքա­կրթությունը երևի մահը գիտակցելու ճիգից է սկսվել, մահվան ահից է ծնվել ու զարգանում, կարելի է ասել` մահն է մարդուն մարդ սարքում, -խոսեց նա:-Տա՞մ պապիդ աչքը դնես, իմանաս, թե ապակյա աչքով ոնց է աշխարհը տեսնում,-հարցրեց»(էջ 121):
Վեպում մահվան հետ ուղիղ կամ անուղղակի առնչվող տեսարանների ու խորհրդածությունների առատությունը կրկին նպատակ ունի ոչ թե գովերգել այն, այլ իրացվում է, որպես ապրելու հիշեցում: Կյանքն անդրադարձվում է մահից, ազդակներ ստանում մահվան աշխարհից. «Եկա` մի քիչ թափ տամ Ձեզ, աշխուժացնեմ, թե չէ խրվել` մնացել եք կրկնությոնների ճահիճում, եկա կյանք ներարկեմ ձեր թմրած հյուսվածքներին…»,-խոստովանում է վեպի վերջում Գրոֆոն, ապա ավելացնում` «…Մահը լավ առիթ է, որպեսզի կյանքն ավելի եռանդուն խլրտա»(էջ 277):
Հեղինակը սահմանում վեպի թիրախ-թեման ու ուրվագծում խնդիրներն ու լուծման ճանապարհները, սակայն ամենինչ այդքան պարզ ու հեշտ չէ: Այլապես վեպը կսկսվեր ու կավարտվեր մեֆիստոֆելյան Գրոֆոյի ու նրա եղբոր` Գոռի սիրային արկածներով: Եվ ընդհակառակը, կյանքի շարժմանն ու խթանմանն ուղղված գրոֆոյական ձգտումները բախվում են վեպի գեղարվեստական տարածութ­յան մեջ սփռված, ներկային անցյալից նայող ու հերոսներին հանգիստ չտվող կմախքներին, որոնցից զերծ չէ նույնիսկ ամենակարող Գրոֆոն:

Կմախքներ զգեստապահարանում

Զգեստապահարան ու կահույքի այս տեսակի հետ ասոցացվող մի շարք հասկացություններ` մանկություն, թաքստոց, անկնկալ, անորոշ վախեր և իհարկե կմախքներ. Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը» վեպում յուրահատուկ քրոնոտոպի արժեք ստացած զգեստապահարանը միացնում է միմյանցից տարբեր, սակայն ճակատագրի անտես թելերով միմյանց կապված հերոսներին` անցյալ մեղքերով ու մեռյալների հանդեպ ունեցած մեղքի գիտակցությամբ. Ուման զղջում է, որ չմնաց ու չփրկեց Արթուրին, Գրաֆոն ցավում է ծանր մանկության համար, Ենոքը սպանած կենդանիներին է հիշում, Նարեն` տրամվայի դեպքը և այլն. «Ես էլ մտա զգեստապահարան ու այնտեղ քնեցի: Չէ սուտ եմ ասում, քնել չհաջողվեց, բայց գոնե նրանց ձայները չէի լսում: Դրանից հետո զգեստապահարանների հետ ընկեր ենք, այ սրա հետ էլ ենք արդեն ընկեր, հիմա կխմենք լիկյորը, կծխենք սիգարետը, ես կշոյեմ նրա փայտերը…Եվ այստեղ կմնան միայն բարի ոգիները…», -խոստովանում է Գրոֆոն(էջ 170):
Զգեստապահարանի հետ իմաստաբանական նույն դաշտում են գտնվում անցյալի կմախքներով լցված ևս երկու քրոնոտոպ` Գոռի արհեստանոցն ու Գրոֆոյի թիֆլիսյան տան նկուղը, որոնք թեև վեպում ամբողջական իրացման չեն հասցվում, սակայն կատարում են իրենց երկու` իրար բացասող գործառույթները` խոչնդոտում են առաջընթացն ու միաժամանակ ազդակներ տալիս կյանքին, համենայնդեպս, այդպես են ընկալում դրանք հերոսները:
Այս պատճառով է, որ վեպի կերպարները չեն շտապում ազատվել կմախքներով լեցուն իրենց զգեստապահարաններից, այլ ներկայի ձանձրույթը փորձում են փարատել դրանցից եկող լուրերով, սակայն ամեն անգամ բախվում են կմախքներին. «…ձեռքերը մաքրեց` ուզեց դուրս գալ արհեստանոցից, սակայն նկարը կանչեց…Տարօրինակ է, սև-դեղին կենտրոնախույզ ոլորքների միջով իրեն էր նայում Ենոքը…Սիգարետից ծուխ առավ` հայացքը նորից բարձրացրեց նկարին…Հիմա էլ Ուման է նայում…Թեքվեց` սիգարետը հանգցրեց, դարձավ` այս անգամ Ջիվանն էր տխուր ժպտում…մարմնով սարսուռ անցավ, նկարակալը տարավ պատի տակ, ստվերների մեջ»(էջ 267):
Այս տեսանկյունից Գոռի կողմից կնոջը` Ումային վախեցնող զգեստապա­հարանի կոտրատումը բացառություն է, քանի-որ վերացնելով կնոջ անցյալի հիշեցումը` Գոռն ուժ չի գտնում այրել բորբոսնած ու մեռելներով լցված սեփական արհեստանոցը, ինչպես խորհուրդ է տալիս Գրոֆոն, իսկ վերջինս էլ ուժ չի գտնում այրել իր մանկության նկուղը` տեղ թողնելով մեռելների ուղարկած հաղորդագրութ­յունների համար:

Հաղորդագրություններ մեռելներից

Ընդհանրապես Գուրգեն Խանջյանի վեպերում մեռելներ հաճախ են հանդիպում և վեպից վեպ անցնելով` վերածվել են դիպաշարաստեղծ հիմնական հնարանքի: Որպես կանոն հերոսները, հաճախ ակամա, դառնում են մեռելների` ողջերին կյանքի կոչելու ծիսակարգի մասնակիցներ: Գուրգեն Խանջյանի նախորդ «Լուր չկա» վեպում ամենինչ սկսվում է վեպի գեղարվեստական ժամանակից դուրս կյանքն ինքնասպանությամբ ավարտած Դանդ Արշոյի նամակով, որն էլ միմյանց է մոտեցնում իրար հետ կապ չունեցող տարբեր կերպարների, նրանց միացնում սիրային, կենցաղային և այլ կապերով ու ստիպում կենդանանալ:
Իսկ ահա «Ենոքի աչքը» վեպում գործողությունները զարգանում են սկզբում կորած համարվող և ապա, ինչպես պարզվում է վերջում, վեպի գործողութ­յուններից առաջ արդեն մահացած Ջիվանի կորուստն ազդարարող հեռախոսազանգով: Ընդհանրապես հեռախոսազանգը հետևողա­կանորեն կիրառվում է Խանջյանի վեպերում, որպես դիպաշարի զարգացման խթան: Այդպես են սկսվում «Հիվանդանոց» ու «Լուր չկա» վեպերը և այդպես է սկսվում «Ենոքի աչքը»: Այլ բան, որ եթե նախորդ վեպերում հեռախոսազանգը հերոսներին հեռացնում է տանից, ապա այս դեպքում վերադարձնում է տուն, ինչը Խանջյանի արձակի համար թեմատիկ-աշխարհայացքային նոր զարգացում է, որը սկսվում է դեռևս «Մարդկանց տուն ուղարկիր» ժողովածուով ու համանուն վիպակով. ««Մարդկանց տուն ուղարկիր» վիպակում, որը ժողովածուի ասելիքային տարածքի կենտրոնն է, առավել հաճախադեպ է տուն-մահ նույնացումը, հերոսի գիտակցական ձգտումը դեպի տուն ենթագիտակցական ոլորտում անդրադարձվում է դեպի մահ, ավելի ճիշտ՝ մահից անդին ձգտումով: Սա թերևս այն պատճառով, որ մահվան գաղափարում հողին վերադառնալու խորհուրդը կա, իսկ հողն իր հերթին տան արքետիպն է կամ արքետիպային տուն է»,-գրում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը` «Մարդկանց տուն ուղարկելու ժամանակը» հոդվածում[2]: Այս վեպում թեև հերոսը` Գոռը դեպի մահը կամ դրանից անդին չի ձգտում, սակայն մահվան սպասումով տուն է վերադառնում ու հասնում պապի` Ենոքի մահվանը:
Մահվան շուրջ ծավալվող դիսկուրսը վեպում սկսվում է առաջին գլխում` ծովում խեղդվողի պատկեր-հաղորդագրությամբ և ավարտվում նախավերջին գլխում` գետում խեղդված հոր պատկեր-նամակով: Վեպի սկզբի մահվան սպասման և ավարտի` հեռախոսով ու նամակով հաղորդված, տեսողությամբ չարձանագրված մահվան միջև Ենոք պապի իրական ու տեսանելի մահն է:
Մահվան անընդհատ նույնիսկ շոշափելի առկայութ­յունը վեպում` հերոսներին հետապնդող ստվերների, ոգիների հիշատակությունների ձևով, որոշակի կիսաիրական մթնոլորտ է ստեղծում և առասպելաբանական ընթերցումների հնարավորություն տալիս:

Առասպելաբանական զուգորդումներ

Դժվար է հստակ ասել, թե հեղինակը գիտակցաբար առասպելական ինտերտեքստեր է իրացրել վեպում և ավելի հավանական է, որ առասպելաբանական մեկնության հնարավորություն տվող պատկերներն ու նշանները վեպ են մտել ակամա` վերարտադրվելով ենթագիտակցական զուգորդումների, վիպական տեքստերի մեջ ի սկզբանե առկա սեռաժանրային այդպիսի հնարավորությունների շնորհիվ: Այդուհանդերձ, սա, ըստ իս, չպետք է խանգարի քննադատին տեքստն ընթերցել նաև այս մեկնակետով:
Ըստ այդմ էլ` վեպում կարելի է տեսնել հայ հին գրականության մեջ իրացված մի քանի առասպելույթներ, որոնք ինչպես վեպում, այնպես էլ մատենագրության մեջ կապված են միմյանց: Այստեղ տարբեր ծավալներով իրացվում են երկվորյակների, հերոսի դիվական զորության, կենդանացնող շան առասպելներին բնորոշ տարրեր:
Նախ երկվորյակների առասպելի դեպքում առկա են հակադիր հատկանիշներ ունեցող, սակայն միմյանց հետ կապված ազգակից եղբայրներ, որոնք հին առասպելներում խորհրդանշում էին կեցության հակադիր սկզբունքները, դուալիս­տական աշխարհայացքը, իսկ ուշ շրջանի գրականության մեջ` մարդկային էության երկատվածությունը: Ըստ առասպելույթի ընդհանրական դիպա­շա­րային հարացույցի` հերոսները հանդես են գալիս միասին, ապա հակադվում են, երբեմն փոխարինում մեկը մյուսին, բաժանվում, առանձին կամ միասին ինչ-որ բան ստեղծում կամ հիմնում, բախվում, մենամարտում և այլն: Առասպելի ուշ գրական իրացումներում մեկի փոխարեն երկու հերոսների առկայությունը հնարավորություն է տալիս հեղինակներին առավել ամբողջական ներկայացնել հերոսի ներաշխարհի երկվությունը, խուսափել հոգեբանական խճողումներից, վեպի կոմպոզիցիան կառուցելիս ընդգծված ներկայացնել հակադիր աշխարհայացքների բախումը:
«Ենոքի աչքը» վեպի պարագայում ընդհանուր հորից ու տարբեր մայրերից սերող Գոռն ու Գրոֆոն դիպաշարի հանգույցներում հանդիպում են, բաժանվում, փոխվում դերերով, հակադրվում և այլն: Այս տեսանկյունից հետաքրքիր են զգեստապահարանում Գրոֆոյի և Ումայի հանդիպման, Երևան-Թբիլիսի գնացքում ու շանը զբոսանքի տանելիս եղբայրների դերերով փոխվելու պատկերները:
Երկվորյակների առասպելույթի տեսան­կյունից ուշագրավ է քննել նաև որդու կողմից հոր` Գրոֆոյի կողմից Ջիվանի ակամա սպանության միջադեպը, քանի-որ առասպելի շատ տարբերակնրում և հատկապես հայ վիպական բանահյուսության մեջ, երկվորյակների գործունեության մեկնարկը հոր սպանությունն է: Բավական է հիշել «Սասնա ծռեր» էպոսի առաջին ճյուղում Սանասար ու Բաղդասար երկվորյակների` իրենց հոր կամ հայրացուի` Սենեքերիմ թագավորի սպանության միջադեպը:
Երկվորյակների առասպելույթը դրսևորվում է նաև Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ ներկայացվող հայոց Երվանդ թագավորի ու նրա եղբայր Երվազի առասպելախառն պատմության մեջ, որի որոշ մոտիվներ արձագանքվում են Խանջյանի վեպում:
Երևանդ թագավորը Խորենացու «Պատմության» մեջ ներկայացվում է իր մշակութային-շինարարական գործունեությամբ, Արտաշես թագավորի հետ հակա­մար­տությամբ, առասպելական ծագման ու չար աչքի մասին պատմութ­յուններով. «Բայց ասում են Երվանդի մասին, թե հմայքով չար աչք ուներ, որի պատճառով արքունի սպասավորները սովորություն են ունեցել առավոտն արշալույսը բացվելիս որձաքար քարեր բռնել Երվանդի առաջ, որի հայացքի չարությունից այդ որձաքարերը, ասում են, պայթելիս են եղել»[3]-գրում է Պատմահայրը:
Չանդրադառնալով Երվանդ-Ենոք անունների հնչյունական նմանությանը` նշենք, որ Ենոք պապի ապակե աչքը առաջին հայացքից դիվական ոչինչ չունի: Ինչպես տեսանք, այն կրկին իրացվում է որպես հիշեցում կյանքի անցողիկության, սպասվող վախճանի մասին, սակայն միաժամանակ աչքը կորցնելու ողբերգությունը ձևավորում է հերոսի` կյանքին նայելու յուրահատուկ կերպը, որն արտահայտվում է սուր անկյուններից խուսափելու ձգտմամբ. «Ենոքն իր տան հողատարածքը շրջանաձև էր զատել աշխարհից. «Թող անկյուն-մանկյուն չլինի, դրսի անկյունը ուղեղի մեջ էլ ա անկյուն ստեղծում, թող պարզ լինի, աչքից փախնող տեղ չմնա», -մտածել էր նա»(էջ 41): Ենոքի կառուցած շրջանաձև հողամասը զարմանալիորեն զուգահեռվում է Երվանդ թագավորի կառուցած Երվանդակերտ դաստակերտին. «Ինձ քաղցր է պատմել նաև գեղեցիկ Երվանդակերտ դաստակերտի մասին, որ նույն Երվանդը շինեց գեղեցիկ և չքնաղ հորինվածքով: Որովհետև մեծ հովտի միջին մասը լցնում է բնակչությամբ և պայծառ շինություններով, լուսավոր, ինչպես աչքի բիբը, իսկ բնակչության շուրջը կազմում է ծաղկոցներ և բուրաստաններ, ինչպես բբի շուրջը աչքի մյուս բոլորակը»[4]-գրում է Խորենացին: Երկու դեպքում էլ տեսնում ենք քրոնոտոպի` հողամաս, դաստարկերտ, նույնակերպ` շրջանաձև կառուցում, այն տարբերությամբ, որ Խանջյանի վեպում հասկանալի են Ենոքի շարժառիթները, իսկ Խորենացին չի մեկնաբանում, թե ինչու է Երվանդակերտը համեմատում աչքի բիբի հետ, ընդորում` Երվանդի չար աչքի մասին պատմությունից անմիջապես առաջ:
Բացի այս, «Ենոքի աչքը» վեպում կարելի է տեսնել կենդանացնող շների առասպելների տարրեր, որոնք իրացվում են նաև Խորենացու պատմության մեջ` Երվանդի նախորդ թագավորի` Սանատրուկի մասին պատմող հատվածում: Սանատրուկ թագավորի անունը Խորենացին ստուգաբանում է որպես թագավորի Սանոտ անունով դայակին տուրք և պատմում է թագավորի մանկության ժամանակ պատահած մի միջադեպ, որի ժամանակ աստվածների կողմից ուղարկված մի կենդանի փրկում է բքի ժամանակ մոլորված դայակին ու ապագա թագավորին: Խորենացին առասպելին տրամաբանական մեկնաբանություն է տալիս` նշելով. «Բայց որքան մենք վերահասու եղանք, բանն այսպես է եղել. Փնտրող մարդկանց հետ եղել է մի սպիտակ շուն, որ պատահել է երեխային և դայակին»[5]:
Այս, ինչպես և հեղինակի նախորդ` «Լուր չկա» վեպում գլխավոր հերոսների հետ գրեթե հավասարաչափ գործում են շները, որոնք ունեն կենդանաց­նողի գործառույթ: Իհարկե, շները նաև անդրշիրիմյան աշխարհի դռների պահապաններն են, սակայն այստեղ Խալ անունով շունը վերադառնում է տիրոջ` Գոռի վերադարձի հետ, նպաստում նրա կենդանացմանը: Շնամարտի երկու տեսարաններն ուղղակիորեն զուգորդվում են մարդկային գոյության հետ, ցույց տալիս Խալի քաջությունը, պայքարելու կամքն ու դրանցով նվաճված ընտրության իրավունքը, ի հակադրություն վեպի գլխավոր հերոսի, ով չի կարողանում հաղթահարել վախերն ու ճիշտ ընտրություն կատարել ազատ` կենդանական ու քաղաքակիրթ` սահմանափակ գոյության միջև:

Ազատ խոզ, թե՞ քաղաքակիրթ ճամպրուկ

«…Հիշեց, որ կաշին խոզի է, թվաց, թե իր շոյանքից ճամպրուկը կամացուկ խռխռում է, մտածեց` երկու կյանք է սպառում կաշին, ավելի ճիշտ` երկու պատմություն. թավալվել է ցեխերի մեջ, քորվել` քսմսվելով ցանկապատերին, թրթռացել` քշելով վրան հավաքված ճանճերին, ճանկռվել մացառներից, ձաղկվել ճիպոտներով…Ապա` երկրորդ` քաղաքակիրթ պատմությունը` գնացքներ, ինքնաթիռներ, մեքենաներ, հյուրանոցներ, պահարաններ…»,-այս երկվությամբ է բացվում է «Ենոքի աչքը» վեպը և մինչև վերջ էլ հերոսներին տանջում է էկզիստենցիալ ընտրության, բարոյական արժեքների ու մարդկային ազատության հակադրության Խանջյանի արձակում մշտապես արծարծվող թեման:
Գրոֆոյի քարոզած լիարժեք կյանքը, ենթադրում է ազատություն, իսկ ազատությունը ոչ միշտ է համադրվում արժեքային համակարգեր ձևավորող գաղափարների ու ուսմունքների հետ: Գրոֆոն ամենինչ անում է «հանուն մարդու, այլ ոչ` հանուն մարդասիրության»(էջ 106): Մարդ և մարդասիրություն, ավելի լայն` կենդանի միս ու արյան և կրոնական, բարոյական վերացարկված գաղափարների ուղղակի կամ անուղղակի հակադրությունը վեպի գլխավոր խնդիրներից է:
Մեռած գաղափարների ու կյանքի հակադրություն-բախումը վեպում արտահայտվում է գերեզմանոցների տեսարանների ու կյանքն ու հաճույքները ներկայացնող պատկերների հակադրությամբ. պար ու խրախճանք, փողոցային աղջիկներ, խաղատուն, դիմակահանդես` մի կողմում, մյուս կողմում` այցեր գերեզմանատներ Երևանում ու Թիֆլիսում, թաղում ու հոգեհանգիստ:
Մեռած գաղափարների ու կենդանի գոյության հակադրությունը ծնունդ է տալիս, կամ ընդգծվում է այլ մասնավոր բախումներով: Հերոսի` Գոռի ներաշխարհում հակադրվում են Ումայի հետ չստացվող, սակայն հանգիստ ու սովորական կյանքն ու Նարեի հետ ակնկալվող նոր կյանքը: Ընդորում` Նարեի` բանասեր հարևանուհու կերպարով Խանջյանի արձակում հայտնվում է «սովորական» կինը, «սովորական» կանացի ձգտումներով ու երջանիկ լինելու ցանկությամբ, ի հակադրություն Խանջյանի արձակում ավանդական` ֆիզիկական որևէ արատ ու հոգեկան խնդիրներ ունեցող, տարօրինակ վարքով կանանց, որոնց լավագույն դրսևորումը Գոռի կին Ուման է:
Տեսանելի է հեղինակի ձգտումը` Նարեի կերպարին նույնպես հաղորդել կենդանացնողի գործառույթներ ու ծառայեցնել հիմնական թեմայի իրացմանը, սակայն նորության պատճառով է թերևս, որ կերպարը դուրս է մնում պատումից, ըստ իս պարզունակ է ու շինծու:
Ամեն դեպքում հերոսուհիներն ավելի ուժեղ ու կամային են քան նրանց միջև տարուբերվող, արցախյան ազատամարտում կռված Գոռը, քանի-որ ընտրություն են կատարում. Նարեն` քանի-որ սիրում է, իսկ Ուման` քանի-որ չի սիրում հիմնավորումներով: Իսկ Գոռը, հաղթահարելով վախերը, թեև ակամա մասնակցում է Գրոֆոյի թատերախաղերին, կռվի ու սիրային խաղերի մեջ ընկնում, սակայն իրականում այդպես էլ ինքնուրույն ընտրություն չի կատարում և չի շեղվում վեպի առաջին էջում կայացրած որոշումից. «Գոռը ձգեց բռնակն օղակած ձեռքի մկանները, ասես զգուշանալով, որ խռխռացող ճամպրուկը կարող է պոկվել` փախչել պուրակի ցեխոտ մացառների կողմը»(էջ 3):

[1] Խանջյան Գ., Ենոքի աչքը, Երևան, 2012:

[2] Արքմենիկ Նիկողոսյան, Գրառումներ ընթացքից, Երևան 2007 թ., Էջ` 11:

[3] Մովսես Խորենացի, Հայոց Պատմություն, Երևան, 1981, էջ 189:

[4] Նույն տեղում:

[5] Նույն տեղում`էջ 184:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *