Դորոթի Փարքեր | Զանգ

Դորոթի Փարքեր

Դորոթի Փարքերը (1893թ. օգոստոսի22 – 1967թ. հունիսի 7) ամերիկացի բանաստեղծուհի է, պատմվածների հեղինակ և սատիրիստ, ով առավելապես հայտնի է իր սրամտությամբ, դիտողություններով և 20-րդ դարի քաղաքական կյանքի թույլ կողմերի քննադատությամբ:
Բարդ և կոնֆլիկտային մանկություն ունենալով հանդերձ՝ Փարքերը շատ կարճ ժամանակամիջոցում գրական մեծ փառքի արժանացավ: Նրա ստեղծագործությունները տպագրվում էին Նյու Յորքերում և նա դարձավ Ալգոնկինյան կլոր սեղանի հիմնադիր անդամներից մեկը: Գրական խմբակի դադարեցումից հետո մեկնեց Հոլիվուդ՝ սցենարներ գրելու: Այստեղ նրա հաջողությունները, այդ թվում նաև Աքադեմի Ավորդսում նրա թեկնածության առաջադրումը, կասեցվեցին, երբ նա ներգրավվեց ձախակողմյան քաղաքականության մեջ, որի պատճառով էլ հայտվեց հոլիվուդյան սև ցուցակում:
Իր տաղանդը արհամարհելով, նա փչացրեց իր հեղինակությունը և «սրամիտ դատողություններ» անողի համբավ ձեռք բերեց:
Փարքերը իր օրերի պիեսներից շատերի համար գրական ոգեշնչում էր: Այս գործերի շարքում էին «Լիլի Մալոնը» Ֆիլիպ Բարրի «Տիեզերք Հյուրանոց»-ում (1932), «Մերի Հիլիարդը» (ում դեր խաղաց Ռութ Գորդոնը), Ջորջ Օփենհեյմերի «Այսօր այստեղ»-ում (1932), «Պաուլա Ուարթոնը» Գորդոնի 1944-ի «Գրեթե 21» պիեսում (բեմադրված Ջորջ Ս. Կոֆմանի կողմից):

Խնդրում եմ, Աստվա՛ծ իմ, թող նա զանգի ինձ: Տե՛ր Աստված, թող զանգի: Քեզնից ուրիշ ոչինչ էլ չեմ խնդրի, իսկապես չեմ խնդրի: Ախր Քեզ համար դա չնչին բան է, Տե՛ր, չնչին բան:Միայն թող նա զանգի: Խնդրում եմ, Աստվա՛ծ իմ, խնդրում եմ:
Եթե այսքան շատ չմտածեմ, գուցե հեռախոսը զանգի: Երբեմն այդպես է լինում: Եթե կարողանայի ուրիշ բանի մասին մտածել: Եթե միայն կարողանայի: Գուցե եթե հինգ անգամ հաշվեմ մինչև հինգ հարյուրը, հեռախոսը զանգի: Դանդաղ կհաշվեմ: Խարդախություն չեմ անի: Ու եթե այն զանգի, երբ երեք հարյուրին հասնեմ, կանգ չեմ առնի. զանգին չեմ պատասխանի, մինչև չհասնեմ հինգ հարյուրին:Հինգ, տասը, տասնհինգ, քսան, քսանհինգ, երեսուն, երեսունհինգ, քառասուն, քառասունհինգ, հիսուն…. Օ՜հ, խնդրում եմ, զանգի՛ր, խնդրում եմ:
Վերջին անգամ եմ նայում ժամացույցին: Էլ չեմ նայի: Յոթն անց տաս է: Նա ասաց, որ ժամը հինգին կզանգի: «Հինգին կզանգեմ քեզ, սիրելի՛ս»: Այո, հենց այդ ժամանակ ինձ «սիրելիս» ասաց, հենց այդ ժամանակ: Կարծեմ երկու անգամ ասաց «սիրելիս», իսկ երկրորդ անգամ «սիրելիս» ասաց, երբ հրաժեշտ էր տալիս: «Ցտեսություն, սիրելի՛ս»: Զբաղված էր, աշխատասենյակում չէր կարող հետս երկար խոսել, բայց երկու անգամ ինձ «սիրելիս» ասաց: Կարծում եմ դեմ չէր լինի, եթե ես զանգեի իրեն: Բայց պետք չէ, նրանց դա դուր չի գալիս: Երբ զանգում ես, կարծում են՝ մտածում ես իրենց մասին ու ցանկանում, ու սկսում են չհավանել քեզ: Բայց երեք օր է՝ հետը չեմ խոսել, երեք օր: Միայն հարցրել եմ, թե ինչպես է. այդպես նրան բոլորն էլ զանգում են: Նա դեմ չէր լինի: Չէր մտածի, թե անհանգստացնում եմ իրեն: «Չէ, իհարկե չես անհանգստացնում»,-ասաց: Ու ասաց, որ կզանգի ինձ: Կարող էր և չասել: Նրան չէի էլ խնդրել, իրոք չէի խնդրել: Վստահ եմ, չէի խնդրել: Չեմ կարծում, թե կխոստանար, որ կզանգի ու չէր զանգի: Օ՜, Աստվա՛ծ իմ, թող զանգի, թող զանգի:
«Հինգին կզանգեմ քեզ, սիրելի՛ս»: «Ցտեսություն, սիրելի՛ս»: Զբաղված էր ու շտապում էր, բայց նա մարդկանց ներկայությամբ ինձ երկու անգամ «սիրելիս» ասաց: Ասաց, ասաց, հիշում եմ: Նույնիսկ եթե էլ չհանդիպենք, նա ասաց: Օ՜հ, բայց դա այնքանը քիչ է: Դա դեռ բավական չէ: Ոչ մի բանն էլ բավական չէ, եթե էլ չտեսնեմ նրան: Խնդրում եմ, թող էլի հանդիպենք, Աստվա՛ծ իմ: Խնդրում եմ, այնքան եմ ուզում տեսնել նրան: Ինձ լավ կպահեմ, ինձ ավելի լավ կպահեմ, եթե թույլ տաս կրկին հանդիպեմ նրան: Եթե նա զանգի ինձ: Օ՜հ, թո’ղ նա ինձ զանգի հիմա:
Ա՛հ, թող իմ աղոթքը Քեզ անկարևոր չթվա: Դու վերևում ես՝ ծեր ու ալեհեր, շրջապատված հրեշտակներով ու երկնակամարում սահող աստղերով: Ու ես աղոթքս Քեզ եմ ուղղում՝ խնդրելով, որ նա զանգի ինձ: Ա՛խ, մի՛ ծիծաղիր ինձ վրա: Կարծում եմ, Դու չգիտես՝ ինչ եմ զգում: Դու այնքան ապահով ես, Քո գահին բազմած, իսկ ներքևում կապույտ շրջապտույտ է: Քեզ ոչ ոք չի կարող դիպչել, ոչ ոք չի կարող իր ձեռքերում ճմլել Քո սիրտը: Սա է տառապանքը, Տե՛ր, սա սարսափելի տառապանք է: Կօգնե՞ս ինձ: Ի սեր Քո որդու, օգնի՛ր ինձ: Դու ասել ես, որ կանես նրա անունից Քեզ խնդրած ամեն բան: Օ՜հ, Աստված, քո միակ սիրելի որդու՝ Հիսուս Քրիստոսի, մեր տիրոջ անունից թող նա զանգի ինձ:
Վերջ: Այսպես չպետք է լինի: Լսի՛ր: Ենթադրենք երիսատարդը աղջկան ասում է, որ կզանգի, ու հետո ինչ-որ բան է տեղի ունենում, ու նա չի զանգում: Այնքան էլ սարսափելի չէ, այնպես չէ՞: Տեսնես հենց այս պահին ի՞նչ է կատարվում աշխարհում: Ա՛հ, ինչի՞ս է պետք իմանամ, թե ինչ է կատարվում աշխարհում: Ինչո՞ւ չի զանգում այդ հեռախոսը, ինչո՞ւ, ինչո՞ւ: Չե՞ս կարող զանգել ինչ է, չե՞ս կարող: Դու անիծված,այլանդակ, փայլփլուն իր: Կմեռնես, որ զանգես, հա՞: Կմեռնե՞ս: Անիծյալ լինես, պատից կպոկեմ լարերդ ու քեզ փշուր-փշուր կանեմ: Գրողը քեզ տանի:
Չէ, չէ, չէ: Վերջ: Պիտի ուրիշ բանի մասին մտածեմ: Այդպես էլ կանեմ: Ժամացույցը մյուս սենյակ կտանեմ: Այդպես էլ ժամին չեմ նայի: Եթե որոշեմ նայել ժամին, ստիպված կլինեմ ննջասենյակ գնալ ու կստացվի, որ ուրիշ բան եմ անում: Գուցե մինչ նորից նայեմ ժամացույցին, նա զանգի ինձ: Եթե զանգի, հետը շատ քնքուշ կխոսեմ: Եթե ասի, որ երեկոյան չենք կարող հանդիպել, կասեմ. «Ոչինչ, սիրելի՛ս, ամեն ինչ կարգին է»: Կլինեմ այնպիսին, ինչպիսին էի, երբ առաջին անգամ հանդիպեցի նրան: Գուցե նորից դուր գամ նրան: Սկզբում միշտ էլ քնքուշ էի: Օ՜հ, այնքան հեշտ է մարդկանց հանդեպ քնքուշ լինել, քանի դեռ չեք սիրում նրանց:
Կարծում եմ ես նրան դեռ դուր եմ գալիս…գոնե մի քիչ: Նա ինձ այսօր երկու անգամ «սիրելիս» չէր ասի, եթե դեռ չհավաներ ինձ: Ամեն ինչ դեռ կորած չէ, եթե նրան գոնե մի քիչ դուր եմ գալիս, նույնիսկ եթե շատ, շատ քիչ: Գիտես, եթե նա զանգի ինձ, քեզնից ուրիշ էլ ոչինչ չեմ խնդրի: Նրա հետ քնքուշ կլինեմ, ուրախ, կլինեմ այնպիսին, ինչպիսին առաջ էի, և այդ ժամանակ նա ինձ նորից կսիրի: Ու ես էլ երբեք Քեզնից ոչինչ չեմ խնդրի: Խնդրում եմ, Տե՛ր, թող նա զանգի ինձ, խնդրում եմ:
Դու ինձ պատժում ես, քանի որ լավ չե՞մ պահել ինձ, Տե՛ր: Բարկացե՞լ ես: Ախր այնքան վատ մարդիկ կան, հո միայն ինձ չես պատժելու: Բացի այդ, ինձ այդքան էլ վատ չեմ պահել: Ոչ մեկին չեմ վիրավորել, Տե՛ր: Մարդիկ իրենց վատ են պահում, եթե վիրավորում են ինչ-որ մեկին: Գիտես, որ այնքան էլ վատ չեմ պահել ինձ, չէ՞: Ուրեմն թող նա զանգի ինձ հիմա:
Եթե նա ինձ չզանգի, կմտածեմ, թե Աստված բարկացել է ինձ վրա: Հինգ անգամ կհաշվեմ մինչև հինգ հարյուրը, ու եթե նա ինձ չզանգի, կկարծեմ, թե Աստված էլ երբեք ինձ չի օգնի: Դա նշան է: Հինգ, տասը, տասնհինգ, քսան, քսանհինգ, երեսուն, երեսունհինգ, քառասուն, քառասունհինգ, հիսուն, հիսունհինգ… Ինձ վատ եմ պահել, գիտեմ, որ վատ եմ պահել: Լավ, թող դժոխք ընկնեմ: Կարծում ես՝ վախեցնում ես ինձ Քո դժոխքով, չէ՞: Կարծում ես Քո դժոխքն ավելի վատ է, քան ի՞մը:
Ես չպետք է, չպետք է զանգեմ նրան: Ենթադրենք քիչ ուշ կզանգի, դա հիստերիայի մեջ ընկնելու պատճառ չէ: Գուցե նա չի էլ զանգելու, գուցե ուղիղ այստեղ է գալու՝ առանց զանգելու: Նա կբարկանա, երբ տեսնի, որ լացել եմ: Նրանց դուր չի գալիս, երբ լաց ենք լինում: Նա երբեք լաց չի լինում: Երանի մի օր իմ պատճառով լաց լիներ: Լաց լիներ, ընկներ հատակին, սիրտը ճմլվեր և ցավեր: Երանի սատանայի պես տանջեի նրան:
Նա չի ուզում, որ ես տառապեմ: Կարծում եմ՝ չգիտի էլ՝ ինչ եմ զգում իր հանդեպ: Երանի առանց իմ ասելու գլխի ընկներ զգացմունքներիս մասին: Նրանց դուր չի գալիս, երբ պատմում ես զգացմունքներիդ մասին, այն մասին, որ իրենց պատճառով լաց ես եղել: Նրանց դուր չի գալիս, երբ ասում ես, որ դժբախտ ես նրանց պատճառով: Եթե պատմես, կկարծեն պահանջկոտ ես ու սեփականատեր, ու կսկսեն էլ չսիրել քեզ: Կսկսեն չսիրել քեզ, երբ ասես այն, ինչ մտածում ես: Միշտ պետք է մի քիչ խաղաս: Օ՛հ, ես կարծում եմ դա մեր դեպքը չէ, կարծում եմ այնքան լավ է, որ կարող եմ ասել ինչ եմ զգում: Կարծում եմ դու երբևէ չես կարողանա: Դրանից լավ բան չկա: Ա՜խ, եթե միայն զանգեր, չէի ասի, որ տխրել եմ իր պատճառով: Նրանք չեն սիրում տխուր մարդկանց: Ես այնքան քնքուշ, այնքան ուրախ կլինեմ, նա պարզապես չի կարող չսիրել ինձ: Եթե միայն զանգի, ինձ, միայն զանգի:
Գուցե հենց այդպես էլ անի: Գուցե վեր կենա ու առանց զանգելու այստեղ գա: Երևի հիմա արդեն ճանապարհին է: Գուցե ինչ-որ բան է պատահել: Չէ, նրան ոչինչ չի կարող պատահել: Չեմ էլ կարող նման բան պատկերացնել: Չեմ կարող պատկերացնել, որ անշարժ ընկել ու մահացել է: Երանի մահացած լիներ: Սարսափելի ցանկություն է…հիանալի ցանկություն: Եթե մահացած լիներ, միայն իմը կլիներ:Եթե մահացած լիներ, չէի մտածի այսօրվա մասին, չէի մտածի վերջին մի քանի շաբաթների մասին: Միայն լավ ժամանակները կհիշեի: Ամեն ինչ լավ կլիներ: Երանի մահացած լիներ, երանի:
Հիմարություն է: Հիմարություն է ցանկանալ, որ մարդիկ մեռնեն, միայն որովհետև իրենց խոստացած պահին չեն զանգում: Գուցե ժամացույցն է առաջ ընկել: Վստահ չեմ, որ ճիշտ է: Գուցե նա ամենևին էլ չի ուշանում: Ինչ պատճառով էլ ասես կարող էր մի քիչ ուշանալ: Գուցե ստիպված է եղել մնալ գրասենյակում: Գուցե գնացել է տուն, որ այնտեղից զանգի, ու ինչ-որ մեկը նրան հյուր է եկել: Նա չի սիրում մարդկանց ներկայությամբ զանգել ինձ: Գուցե փոքր-ինչ մտահոգ է, որ ստիպել է ինձ սպասել: Երաևի կարծելէ՝ ես իրեն կզանգեմ: Կարող է և զանգել:
Ես չպետք է, չպետք է զանգեմ նրան: Խնդրում եմ, Տե՛ր Աստված, թույլ մի տուր, որ զանգեմ նրան: Գիտեմ, Տե՛ր, Դու էլ գիտես, որ եթե հետաքրքրեի նրան, կզանգեր, անկախ նրանից, թե ուր է և ինչքան մարդ կա նրա կողքին: Խնդրում եմ, Տե՛ր, այնպես արա, որ հասկանամ դա: Չեմ ասում, թե ինձ համար հեշտ կլինի: Բայց Դու աշխարհն ես ստեղծել: Այնպես արա, որ հասկանամ, Տե՛ր: Թույլ մի՛ տուր, որ հույսեր փայփայեմ: Թույլ մի՛տուր պատրանքներով ապրեմ: Խնդրում եմ, թույլ մի՛ տուր, Տե՛ր Աստված, խնդրում եմ:
Ես նրան չեմ զանգի, էլ երբեք չեմ զանգի նրան: Թող այրվի դժոխքում: Պետք չէ, որ ինձ ուժ տաս, ես ուժ ունեմ:Եթե ցանկանար, կհասներ ինձ: Գիտի, թե որտեղ եմ, գիտի, որ սպասում եմ իրեն: Նա համոզված է, որ սիրում եմ իրեն: Տեսնես ինչո՞ւ են ատում քեզ, երբ համոզվում են, որ սիրում ես իրենց: Կարծում եմ հրաշալի է, երբ համոզված ես, որ մեկը սիրում է քեզ:
Կարելի է շատ հեշտ վերցնել ու զանգել նրան: Գուցե դա այնքան էլ մեծ հիմարություն չլինի: Գուցե դեմ չլինի ու նրան դա դուր գա: Գուցե նա փորձում էր կապվել ինձ հետ: Երբեմն մարդիկ փորձում են կապվել իրար հետ հեռախոսով, սակայն ոչ մեկը չի վերցնում լսափողը: Սա ինձ մխիթարելու համար չէ, որ ասում եմ, երբեմն իսկապես այդպես է լինում, Տե՛ր: Օ՜հ, Աստվա՛ծ, ինձ հեռու պահիր հեռախոսից, հեռու: Թույլ մի՛ տուր, որ կորցնեմ հպարտությանս վերջին փշրանքները: Դրա կարիքը դեռ կունենամ: Դա այն ամենն է, ինչ ունեմ:
Օ՛հ, ինչի՞ս է պետք հպարտությունը. այն ոչինչ է, եթե նրա հետ չեմ խոսելու: Նման հպարտությունն այնքան հիմար, անիմաստ ու չնչին բան է: Իրական հպարտությունը, մեծ հպարտությունը հպարտ չլինել է: Սա չեմ ասում, պարզապես որովհետև ուզում եմ զանգել նրան, ո՛չ: Դա է ճշմարտությունը, գիտեմ դա է: Ես պետք է ուժեղ լինեմ: Պետք է հպարտությունիցս վեր կանգնեմ:
Խնդրում եմ, Տե՛ր, թույլ մի՛ տուր, որ զանգեմ նրան: Խնդրում եմ:
Հպարտությունը դրա հետ ի՞նչ կապ ունի: Ախր մանրուք է, չարժե դրա պատճառով իրար անցնել: Գուցե նրան լավ չեմ հասկացել: Գուցե ասել է, որ ժամը հինգին ես զանգեմ իրեն: «Զանգի՛ր ինձ հինգին, սիրելի՛ս»: Գուցե այսպես է ասել, շատ հնարավոր է: Երևի լավ չեմ լսել: «Զանգի՛ր ինձ հինգին, սիրելի՛ս»: Գրեթե համոզված եմ, որ այդպես ասաց: Աստվա՛ծ իմ, թույլ մի՛ տուր, որ ինքս ինձ խաբեմ, խնդրում եմ, թույլ մի՛ տուր:
Պետք է մի ուրիշ բանի մասին մտածեմ: Ուղղակի պիտի հանգիստ նստեմ: Եթե միայն կարողանայի հանգիստ նստել, եթե միայն կարողանայի: Գուցե կարողանամ կարդալ: Բոլոր գրքերը իրար քնքշորեն, անկեղծորեն սիրող սիրող մարդկանց մասին են: Ինչի՞ համար են գրում դրա մասին: Մի՞թե չգիտեն, որ դա սուտ է, անիծյալ սուտ: Ինչո՞ւ են խոսում այդ մասին, եթե գիտեն, որ ցավ է պատճառում: Անիծվեն, անիծվեն նրանք:
Չեմ զանգի: Պիտի հանգստանամ: Անհանգստանալու պատճառ չունեմ: Ենթադրենք ես նրան այնքան էլ լավ չեմ ճանաչում: Ենթադրենք նրա կյանքում ուրիշը կա: Այդ դեպքում պարզապես կզանգեմ ու կասեմ. «Աստված սիրես, քեզ ի՞նչ է եղել»: Հենց այդպես էլ կանեմ ու չեմ էլ մտածի այդ մասին: Ինչո՞ւ չեմ կարող լինել բնական, ինչպես միշտ. միայն որովհետև սիրո՞ւմ եմ նրան: Անկեղծ եմ ասում՝ կարող եմ: Կզանգեմ նրան: Հետը հաճելի, ուրախ ձայնով կխոսեմ: Ախ, չեմ կարող, Տե՛ր: Թույլ մի՛ տուր, որ զանգեմ նրան, թույլ մի՛ տուր, թույլ մի՛ տուր:
Տե՛ր, մի՞թե այնպես չես անի, որ զանգի ինձ: Խնդրում եմ գթասի՛րտ եղիր: Պարտադիր չէ նոր հենց հիմա ինձ զանգի, բայց թող շուտ զանգի: Ես հինգ անգամ կհաշվեմ մինչև հինգ հարյուրը: Դադաղ կհաշվեմ ու ազնիվ կլինեմ: Եթե դրանից հետո էլ չզանգի ինձ, ես կզանգեմ: Կանեմ դա: Ա՜խ, խնդրում եմ, Տե՛ր Աստված, օրհնյալ Հայր Երկնային, թող նա մինչ այդ զանգի ինձ: Խնդրում եմ, Տե՛ր, խնդրում եմ:
Հինգ, տասը, տասնհինգ, քսան, քսանհինգ, երեսուն, երեսունհինգ…

Թարգմանություն անգլերենից՝ Արուս Պարազյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *